Շուշան Թամրազյան

Ծնվել եմ 1978-ին Երևանում գարնանը: Շենքը, շենքի բակը, դպրոցը՝ Ավանում. պատկերները դեղնավուն կանաչ էին: Մի լիճ կար, հիմա չկա: Գրել սկսել եմ բավական շուտ. թարգմանել սկսեցի պատահաբար: Տասնինը տարեկանում որոշեցի չհավատալ ոչ մի պատահականության և մեկնել: Մինչև 2007-ը ապրում էի Ֆրանսիայում: Սովորում էի: Ֆրանսիական ժամանակակից գրականություն, շարունակում գրել և թարգմանել հայերեն: Բայց ավելի հաճախ գնում կինո և կայարան: Երբ սկսեցի գրել ու տպվել նաև ֆրանսերեն, տեքստը ավելի քան երբևէ մարմին էր, որովհետև երևի վտանգված, հեղհեղուկ: Եվ Օտարը կար: Ընկերներս ծիծաղում էին. շատ էի սիրում քայլել ու մի քիչ աննպատակ: Հիմա ընկերներիս ու քաղաքների դեմքերը սերտաճել են իրար: Սիրում եմ քաղաքներ: Լողալ: Մրգեր: Զամբյուղով մարգարիտներ: Կինոսրահի մութը: Սիրում եմ տարածություններ: Սիրում եմ, երբ իջնում ես մինչև ցուրտ: Հավատում եմ մարմնի բացարձակ ներկային տարածության առաջ՝ մերկ, անպատնեշ, երբ դեմքերն ու մարմինները հորդում են ներս: Բայց դա այն վիճակն է, երբ լռում են բառերը, ամեն մի քայլը բանաստեղծություն է, այնպես որ երբեմն պետք է ընտրել` բանաստեղծությունը, թե քայլը: Հիմա աշխատում եմ Երևանում: Ավանը դեռ չի օպտիմալացվել. դեղնավուն կանաչ: Թեև արևը հանգիստ կարող է մայր մտնել դրախտի դռների առաջ Սուպեր-Սթար՝ նախկին Ունիվերսամ: Այս տեքստը գրել եմ Սեն-Նազեր քաղաքում: Առաջին անգամ տեսա օվկիանոսը: Տեքստը ոչնչի մասին է: Բայց պիտի որ մեջը տարածություններ լինեն. կուլ էի տալիս խորը-խորը մոխրագույնի հետ, հարբում: Երբ եկա Երևան, նորից հիշեցի տեքստը, մեջս տպելու ցանկություն առաջացավ, ավելի ճիշտ վերադարձնելու այնտեղ, որտեղից սկիզբ էր առել. բաց, շնչող տարածություն: Մտածեցի «Ինքնագրի» մասին: Ուրախացա (մի քիչ էլ զարմացա), երբ ընդունեցին:

Բնագրեր

Ու սիրել եմ աքաղաղականչ եռակի այն

մատնությունը,

երբ անդրադարձդ է ներսդ կողոպտում:

ՔԱՂԱՔ

Շուրջը բոլորը զարմացած նայում են ինձ. աստիճանաբար դանդաղող ժեստերիս, հետո երբ վերջապես ճանաչում են ուրվագիծը, մի պահ ապշում եւ անզոր ուսերն են թոթվում, թողնում-գնում: Չգիտեմ` ում հետ խոսել: Այստեղ...