Վահե Բուդումյան

Ինքնակենսագրություն (ծագումը `ԻՆՔՆ – հայ. ինքը + ԿԵՆՍ – հայ. կյանքս + ԳՐ – գրելա + ԹՅՈՒՆ – հայ. աղավաղված – թույն, ինքը կյանքս ,թույն գրելա)   Ոնց եմ ուզում գրել, որ ծնվել եմ Մալիի հարավ-արևմտյան գյուղերից մեկում, որտեղ ամբարները սուր կտուրներ ունեն, իսկ տանիքները հարթ են` հարմարեցված բերքը չորացնելու համար: Որ անցած տարի հորս հետ ընկերացել եմ: Փոխարենը գրում եմ, որ ծնվել եմ Երևանում` էրեբունու հիվանդանոցում, մաման ասում ա, որ երկրորդ հարկի կենտրոնական հիվանդասենյակներից մեկում, պապան` թե չորրորդ հարկում:   Պատճառն էլ էն չի, որ կենսագրությունս շահարկելը դարձել ա սովորություն, որ ով հոգուս մեջ չթքի, իրեն մի տեսակ անավարտ ու թերի կզգա, էն չի որ գծի միակ ՌԱՖ քշողի նման ինձ մենակ ու չհասկացված եմ զգում մարդկանց մեջ: Դե էդ էլ կա, բայց իրականում, Վահեն հավատում ա, որ իր կենսագրությունն արդեն վաղուց գրված ա ու շատ կարևոր տեղում ա պահվում: Բարձր առաստաղով քարտադարանում, որտեղ անթիվ անհամար կենսագրություններ են ու դրանց արանքում էլ լուսահոգի Բորխեսն ա քայլում` ձեռնափայտով ու փոքր կլոր ակնոցներով:   Հիմա, եթե ես գրեմ ինքնակենսագրական, կստացվի, որ ինչ որ մեկի հեղինակային իրավունքի նկատմամբ ոտնձգություն եմ անում: Կենսագրությունս մտավոր սեփականություն ա վերջիվերջո, աստվածային քոփիռայթ ու տենց բաներ:   Չգիտեմ, չգիտեմ: Գրում եմ, որ էս-էս դպրոցն եմ ավարտել, որ էս-էս ինստիտուտում եմ սովորել ու տենց բաներ, բայց հենց վերջակետը խփում եմ, սկսում եմ կասկածել, մատս գնում ա բեքսփեյսի վրա ու սեղմում-պահում: Ինչ արած: Ամեն դեպքում պատմվածքներս արդեն ինքնակենսագրություն ա էլի, ընկերոջս ասած` կամպռամատ ուրիշի ձեռքում կամ գրականությունը ստորություն ա ինքդ քո նկատմամբ:   Վերջում էլ ասեմ, որ երբ ինձ «կղերականները» մատ թափ տալով մեղադրում էին անձնականս արվեստի ու գրականության մեջ կոխելու համար, նույն ընկերս ասեց ` ո՞նց, բա որ անձնականդ ստեղ ցույց չտաս, էլ որտե՞ղ ցույց տաս:

Բնագրեր

Ծխում էր ու փորձում մոխիրը կտցնել ներքևի հարևանի լվացքի պարաններից կախված սպիտակեղենի շարքերի արանքով. չէր ստացվում: Մոխիրը փշրվում էր թաց լվացքին ու չորրորդ հարկից թափվում ներքև: Աշը հինգերորդում էր...