ՄԻ ՔԻՉ ՊԱՏՄԵՄ ԳՐԱԾԻՍ ՄԱՍԻՆ

Արդեն շատ եմ պատմել, որ մեծ վեպ եմ գրում։ «Անձամբ ճանաչում եմ»-ը երկրորդ հատվածն ա էդ վեպից։ Ու քանի որ նախորդ հատվածը (Ինքնագիր, #1) Վիոլետին կարգին ջղայնացրեց, ուզում էի էս երկրորդ հատվածը ուրիշ տեղ տպեմ։ Տվեցի Նիկոլ Փաշինյանին, վերցրեց, ասեց իրիկունը կզանգեմ։Ու չզանգեց։ Արդեն պարզ էր որ վեպս էլի սխալ ա դուրս գալիս, բայց ուզում էի մանրամասները իմանամ, ինքս զանգեցի։»Գրածդ չեմ հասկանում», տխուր ձայնով ասեց Նիկոլ Փաշինյանը, «Օրինակ, Լենինն ի՞նչ ա նշանակում էդ տեքստում»։Պատասխանի երկու տարբերակ կար, ու քանի որ համարյա ջղայնացած էի, ընտրեցի առաջին տարբերակը՝ «Լենինը», ասեցի, «նշանակում ա հեղափոխություն»։Իսկ երկրորդ տարբերակն էն ա որ Լենինը մոդեռնիզմի հարազատ հայրիկն ա ու պոստմոդեռնիզմի նույնքան հարազատ պապիկը։

Անձամբ ճանաչում եմ

Ինձ ոչ մեկը չէր զգուշացրել որ Թիֆլիսն էդքան սիրուն ա, դրա համար էր երևի՝ երբ որ դեկտեմբերի շուտ վրա հասնող մութի միջով մտանք քաղաք՝ սիրտս սկսեց սովորականից արագ խփել։ Մենք մեր հյուրանոցի մենակ անունը գիտեինք, իսկ տեղը՝ մոտավորապես, ու որ առաջին պատահած անցորդից հարցրինք Ռուսթավելու պողոտայի ճանապարհը, էդ անցորդը հայ էր, ու որ արդեն Ռուսթավելու վրա առաջին պատահած տաքսու վարորդից հարցրինք Վերե Պալասի տեղը՝ էդ վարորդը էլի հայերեն խոսեց, ու ես հասկացա որ դեկտեմբերյան մութի միջով մենք ոչ թե Թիֆլիս ենք մտել, այլ ուղիղ իմ տեքստի մեջ։

Ես ինձ շատ շուտվանից եմ հիշում՝ երևի 3 տարեկանից։ Ու հստակ հիշում եմ որ լարված ինչ֊որ բան էի փնտրում։ Ինձ չէին ասել իմ փնտրածի անունն ինչ ա, բայց ասել էին որ փնտրեմ ու կգտնեմ։ Հետո տարիների հետ սպասման լարվածությունը թուլացավ, դրա համար էլ երբ որ էրեկ իրիկուն մութի միջով մտանք խաղաղ լուսավորված Թիֆլիս քաղաք ու սիրտս սկսեց վախենալու արագ խփել՝ ինձ սկզբում թվաց թե սիրտս քաղաքի անակնկալ գեղեցկությունից ա խփում, բայց հետո որ Քուռի առափնյակի վրա պատահած առաջին անցորդը հայ էր ու Ռուսթավելու պողոտայի վրա պատահած առաջին տաքսիստը էլի հայերեն խոսեց, ես հանկարծ գլխի ընկա որ 4×10 տարի սկզբում լարված, հետո ոչ էդքան լարված փնտրելուց հետո վերջապես գտել եմ փնտրածս, որ դեկտեմբերյան թեթև ցրտի մեջ խաղաղ շողշողացող էս քաղաքը ոչ թե Թիֆլիսն ա, այլ իմ սեփական տեքստը, ու ամենակարևորը՝ ես հասկացա որ սրանից հետո իմ ճանապարհին պատահած ամեն ինչն ա լինելու իմ սեփական տեքստը, մանավանդ որ մենք Մելիքիշվիլի փողոցի վրա ենք որ միակողմանի երթևեկություն ունի՝ որ մտար մտար, էլ չես կարող հետ դառնալ, անգամ եթե էնքան հիմար ես որ մտքովդ նման բան անցնի։

քիչ էր մնում լացեմ / էնքան անհամ էր / խնձորը որ առա / հետո հիշեցի որ / ուրիշ խնձոր / փաստորեն չկար / ու լաց էղա / սպիտակ ականջներով շան համար / որ շուկայի դռանը կանգնած էր

Էս իմ բանաստեղծությունն ա որ գրել եմ անցած տարի, այսինքն էն ժամանակ երբ որ ճամփորդելիս հետս դեռ ճամպրուկ էի վերցնում որ հյուրանոցը մի քիչ տան նման լինի։ Բանաստեղծությունն ու ճամպրուկը իրականում նույն նպատակին են ծառայում, ուղղակի առաջինը քաշ չունի, դրանով էլ ավելի հարմար ա։ Բայց տարօրինակն էն էր որ ես ոչ թե ճամպրուկը բանաստեղծությամբ փոխարինեցի կամ հակառակը, այլ էս տարի, կտրուկ ու միանգամից, հրաժարվեցի թե ճամպրուկներից թե բանաստեղծությունից։ Ամեն դեպքում էս տեքստը որ կարդում ես էնքան էլ բանաստեղծություն չի։ Չնայած ո՞վ գիտի։

Որ վերևում ասեցի «կտրուկ ու միանգամից», երևի բառացի պետք չի հասկանալ, որովհետև ցանկացած «կտրուկ ու միանգամից» սովորաբար նախապատմություն ա ունենում։ Տվյալ դեպքում նախապատմությունը Լենինի հետ ա կապված, ավելի ճիշտ՝ Արման Գրիգորյանի, որին Վլադիմիր Իլյիչն ասեց՝ «Ես համաձայն եմ ձեզ հետ, ընկեր Արման»։ Կամ դրա նման մի բան, հիմա լավ չեմ հիշում, եթե ունեք «Բնագրի» 8֊րդ համարը կարող եք բացել ու մեջբերումս ճշտել, բայց նախoրոք ասեմ որ ձեր արածը ոչ մի իմաստ չի ունենա, որովհետև կարևորը Լենինի արտասանած բառերը չէին այլ իրա ձայնը որ կրկնօրինակված չէր այլ բնագիր, իսկ ամենաանսպասելին էն էր որ էդ ձայնը դողում էր, ու երբ որ ես մոտ քաշեցի աթոռս հասկանալու համար թե էդ ձայնը ինչ պատճառով ա դողում, ինքը հազաց ու ասեց՝ «Ես նախանձում եմ ձեզ, ընկեր Մարինե»։
Երբ որ Լենինը հազաց ու ասեց՝ «Ես նախանձում եմ ձեզ, ընկեր Մարինե», դրա հետևանքը գլխի ընկնելը դժվար չէր, մանավանդ որ էդ հետևանքը շուտով սկսեց բառային կերպարանք առնել, բայց նախադասության պատճառը ես ահագին ուշացումով հասկացա, համարյա 1 տարի հետո՝ Ռուսթավելու պողոտայի վրա, Թիֆլիսում։

Հիմա մոտս բառարան չկա որ նայեմ տեսնեմ ոնց ա բացատրած հեղափոխություն բառը, ու ոչ էլ հիշում եմ ինչ էր նշանակում էդ բառի «հեղ» արմա՞տը… Էս տեքստը որ սկսեցի գրել ամենասկզբում դեռ մի քիչ նման էր տեքստի, իսկ հիմա ժամ առ ժամ աչքիս առաջ քայքայվում ա, բայց հետդարձի ճանապարհ չկա, պատուհանիս ապակուց էն կողմ դիմացի բազմահարկը վերից վար լայն ճաքած ա, հավանական ա՝ երկրաշարժից, բայց ոչ հյուրանոցի ներսում, ոչ պատուհանիս ապակուց էն կողմ իրարանցման ոչ մի նշան չկա, ուրեմն երկրաշարժը վաղուց ա էղել ու հիմա էս ճաքը քաղաքային պեյզաժի մի մասն ա։ Ու մտային պեյզաժի մի մասը։ Մտային պեյզաժ։ Գտա։ Վերջապես։ Երբ որ էրեկ իրիկուն մութի միջով մտանք Թիֆլիս քաղաք ու Ռուսթավելու պողոտայի վրա… Կներես, էդ էրեկ իրիկուն չէր, այլ արդեն 10 օր առաջ, ու հիմա պատուհանիս ապակուց էն կողմ ոչ թե վերից վար ճաքած բազմահարկն ա, այլ Չարենցի սրտաճմլիկ արձանը՝ ձյունի տակ թաղված Ծաղկաձորի ֆոնին։ Ու Թիֆլիսն արդեն իմ հիշողության մի մասն ա՝ անբաժանելի։ Ես ասում էի՝ էրեկ իրիկուն, որովհետև ուզում էի քիփ մոտեցնել շշմելու էն պահը, երբ որ առանց նախազգուշացնելու աչքերիս մեջ խրվեց Ռուսթավելու խաղաղ պողոտան՝ վառվող ստվարաթղթերի կողքին տաքացող մանրավաճառներով, ու սիրտս սկսեց աննորմալ խփել անհավատալի էն կռահումից որ Վլադիմիր Իլյիչի ասածը ոչ կատակ էր ոչ էլ հալյուցինացիա։ Ես էդ կռահումը 10 օր շարունակ պահեցի ներսումս ու ընդամենը 5 րոպե առաջ, Չարենցի սրտաճմլիկ արձանին նայելիս գտա դրա ձևակերպումը՝ մտային պեյզաժ։ Հեղափոխություն նշանակում ա մտային պեյզաժի փոփոխություն։

քիչ էր մնում լացեմ / էնքան անհամ էր / խնձորը որ կերա / հետո հանկարծ հասկացա որ / ուրիշ խնձոր / փաստորեն չկա / ու մենակ մի տարբերակ ա մնում՝ / էդ խնձորը / սարքել

Էս բանաստեղծությունը ես չեմ գրել, Լենինն ա գրել, ես փաստորեն գողացել էի։ Ոչ թե խնձորն էի գողացել, այլ բանաստեղծությունը, իսկ խնձորն ինքը փաստորեն նվիրել ա ինձ։ Ինքնակամ ա նվիրել, թե դեպքերի բերումով՝ կարևոր չի, կարևորը՝ խնձորը հիմա իմն ա, ու որ կծում եմ՝ էնքան շշմելու համ ունի, որ սկզբում գլխի էլ չէի ընկնում որ էդ կերածս խնձոր ա։

ՎԵՐՋԱԲԱՆ

Մի տարի էլ անցավ, էսօր 2006 թիվն ա արդեն, պատուհանիս ապակուց էն կողմ՝ երևանյան պեյզաժ. շենք, շենք, էլի շենք. կառուցված շենք, կառուցված շենք, չկառուցված շենք. երկաթ, բետոն, ձյուն, զիբիլ, շուն, մարդ։  Էս ի՞նչ ա՝ հարցրեց ֆրանսիացի բարեկամս, որ եկել էր Երևանում լուսանկարներ անելու։ Էս կկարողանա՞ս որ նկարես, ասեցի։ Էս վայ թե հեղափոխությունն ա։ Սովետական Միությունը քանդվեց, մնաց հեղափոխությունը։ Պերմանենտ։

Show Comments Hide Comments

2 thoughts on Անձամբ ճանաչում եմ

  1. Քննադատ says:

    Դու քո ժամանակվա իսկական դեմքն ես։ Անքամակ ու անգլուխ պետություն, էշ կառավարություն, կիսամեռ մշակույթ, մեռած գրականություն ու գրող, որը հոգեկան հիվանդից քիչ է տարբերվում։ Հերիք է օդ ցնցես, դու նույնքան գրող-բանաստեղծ ես, որքան ես ճապոնական կայսր։ Ամոթ է, քո ամեն մի այսպիսի ելույթը կեղտի բիծ է քո իսկ շորին։

  2. Arman says:

    10000000000000000%

Leave a Reply to Arman Cancel reply

Your email address will not be published.