Մեր Մասին
Սկզբունքներ
«Ինքնագիր» հանդեսն իր համար ձևակերպել է գրական տարբեր խնդիրներ, գրական քննարկումների և գրական միջավայրի ձևավորման ու կազմակերպման, գրական փոխանակումների իր տեսլականը: Առաջին տարիներին դա դեռ Սովետական շրջանից գործող ամբողջատիրական համակարգի և իներցիայով շարունակվող կամ նոր առաջացող գաղափարախոսական թելադրանքից անկախ գրականության ստեղծման ու տարածման խնդիրն էր (վիրտուալ տարածքն օգտագործելը այդ խնդիրը լուծեց, ու մեր նախորդ հանդես «Բնագիրը» դարձավ հայերեն առաջին առցանց գրական տարածքը): Տարիներ անց, երբ առաջացան գրական այլ անկախ տարածքներ, հանդեսը ձևակերպեց նոր պայմաններում իր գրական անկախությունը՝ սկզբունք ունենալով նաև շուկայական թելադրանքից ազատ տարածք մնալ ու տուրք չտալ ոչ ամբոխահաճո, ոչ էլիտար միտումներին:
Այսօր հանդեսը շարունակում է իրագործել գրականության մասին իր պատկերացումները՝ գրականության խնդիրը տեսնելով ոչ թե պարտադրված դիլեմայի առջև կողմնորոշվելը՝ քաղաքական զինվորագրում և գործիքայնացում, թե ապաքաղաքական հոգևոր գործունեություն, ինչը տարածված պրակտիկա է մեր օրերում, այլ գրականություն մտածելը`որպես սեփական, ինքնուրույն ու յուրահատուկ աշխարհի ստեղծում: Այդ աշխարհի քաղաքականությունը ստեղծում են հեղինակները, որը ոչ միայն պարզապես հակադրվում է քաղաքական համակարգին, այլ ինքն է սահմանում իր օրակարգը: Գրականությունը ոչ թե սպասարկում է հասարակական պահանջները, այլ ինքն է ստեղծում հասարակություն, ինչպես գիտությունները, քաղաքականությունն ու փիլիսոփայությունը, բայց ի տարբերություն ու ի լրացումն սրանց՝ հիշելով ու հիշեցնելով մարդու մասին ու փրկելով աշխարհը միանման ու միաչափ պարզունակությունից: Այս սկզբունքներով են թարգմանություններ արվում օտար հեղինակներից, այս դիրքորոշման շնորհիվ է, որ հանդեսը կարողանում է ընդգրկել ամենատարբեր գրություններ նաև փորձարարական այնպիսի գրողներից, որոնք հավակնում են իրենց գործերով մասնակցել գրականության այդ աշխարհաստեղծ առաքելությանը: Նաև` նույն գրական տարածքում համագործակցության ասպարեզ տալով արևմտահայերեն և արևելահայերեն գրող հայաստանցի և սփյուռքահայ հեղինակներին, որոնց միատեղված գրական ու թարգմանական գործունեությունն ապացուցում է, որ հայերենը նույնպես կարող է աշխարհ/ների ու կյանք/երի բազմազանության ու խորության գրական վկայություններից մեկը լինել:
Պատմություն
«Ինքնագիր» գրական ակումբն իր անունն ստացել է 2006 թ.` «Ինքնագիր» գրական հանդեսի անունից, բայց կազմակերպությունն էլ, անունն էլ ավելի հին պատմություն ունեն։
2001 թ. մի խումբ գրողների նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրներն էին Վիոլետ Գրիգորյանը և Վահրամ Մարտիրոսյանը։ 2002-ից Վիոլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ սկսվեցին շաբաթական գրական քննարկումներ` յուրաքանչյուր չորեքշաբթի: Սկզբում միայն «Բնագրի» նյութերն էին քննարկվում, հետագայում սահմաններն ընդլայնվեցին` ներառելով արվեստի և հասարակական այլ թեմաներ։
Այժմ Ինքնագիր գրական ակումբը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանում այլընտրանքային և ակտուալ արվեստի ներկայացուցիչներին արտահայտվել, քննարկումների միջոցով զարգացնել իրենց գաղափարները:
Այսուհանդերձ, Ակումբում ամենահաճախ քննարկվող նյութը գրականությունն է։
Ակումբի մշտական մասնակիցներն են ժամնակակից արվեստագետներ, փիլիսոփաներ, գրողներ, քննադատներ և այլն:
Մինչև այժմ ակումբը կազմակերպում է քննարկումներ և դասախոսություններ, որոնց մի մասի տեսագրությունները հասանելի են յութուբում (վերջին դասախոսություններից են Գրիգոր Պըլտեանի «Ինտրա. խենթություն և լեզու», Մարկ Նշանեանի «Ենթական» (1-ին մաս, 2-րդ մաս):
«Բնագիր» հանդեսը 2004 թ. իր վերջին՝ 9-րդ համարը հրատարակեց և փակվեց։
2005 թ. Վիոլետ Գրիգորյանը և Վահան Իշխանյանը հիմնադրեցին «Ինքնագիր» գրական հանդեսը, որ «Կենտրոն» հեռուստատեսությամբ Վիոլետի հեղինակային հաղորդման անունն էր։ Հաղորդումը փակեցին, բայց անունը փոխանցվեց հանդեսին։ 2001-ից գործում էր նաև Վիոլետի և Վահանի հիմնադրած «Ազատ խոսքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի ամենանշանակալից աշխատանքը 2004-ին հրատրակած Վահան Իշխանյանի և Ավետիս Բաբաջանյանի «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» ուսումնասիրությունն է՝ 2003-2004 թթ. քաղաքական հալածանքների վերաբերյալ։ 2005-ին կազմակերպությունը վերանվանվեց «Ինքնագիր» գրական ակումբ:
2008-ից «Ինքնագիր» հանդեսը հրատարկում է «Ինքնագիր» գրական ակումբը։ Միատեղվեցին գրական հանդեսը, գրական ծրագրերը և ակումբը։
Հրատարակություններ
Ինքնագիր գրական ակումբը տպագիր հրատարկել է.
«Ինքնագիր» գրական հանդեսի ինը համարներ` 9 Ինքնագիր (2018), 8 Ինքնագիր (2018), 7 Ինքնագիր (2016), 6 Ինքնագիր(2010), 5 ինքնագիր(2008), 4 ինքնագիր(2008), 3 ինքնագիր(2008), 2 Ինքնագիր(2007 ), 1 Ինքնագիր(2005)
Էմիլ Սիորան «Ծնված լինելու անհնարմարության մասին» գիրքը` Նունե Աբրահմյանի թարգմանությամբ և Մարկ Նշանեանի առաջաբանով ու խմբագրությամբ (2008),
Կարեն Ղարսլյան «Գրողի ծոցը» բանաստեղծությունների ժողովածուն (2010),
Վահան Իշխանյան «Անմազ» պատմվածքների ժողովածուն (2010),
Մորիս Բլանշոյ «Վիպումներ»` Մարկ Նշանեանի վերջաբանով ու թարգմանությամբ (2013),
Վահան Իշխանյան «Ովքեր են նրանք. Մուսուլման, հայախոս համշենցիները» մեդիա նախագիծը (2013), մեկ տարի անց այն հրատարկվել է գրքով,
Լուի Արագոն «Իռենի ճեղքը»՝ Նազենի Ղարիբյանի թարգմանությամբ(2015),
Քեթի Աքեր «Բղջախոհություն» Կարեն Ղարսլյանի թարգմանությամբ(2015),
Գրիգոր Պըլտեան «Ինչ որ չես տեսներ»(2016),
Կարեն Ղարսլյան «Ատերազմա»(2016),
Քրիստեան Բատիկեան «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» պատմվածքներ(2016),
Երկլեզու ժամանակակից արվեստի նախագիծ «Խոսող ծառը» ժամանակակից արվեստի հանդիսանք / The Talking Tree: a spectacle of contemporary art» հեղինակներ՝ Արման Գրիգորյան, Մանան Թորոսյան, Վահրամ Աղասյան, Վարդան Հարությունյան, Արամ Պաչյան, Վիոլետ Գրիգորյան, Հասմիկ Սիմոնան, Արմեն Հայաստանցի, խմբագրությամբ Վահան Իշխանանի,
Վահան Իշխանյան «Ռուսուլմանի նոթեր» խոհագրություններ (2017),
Մի գրքով Ֆրիդրիխ Նիցչէ «Դերաքրիստոսը», Մարկ Նշանեան «Ֆրիդրիխ Նիցչէ. Վասն ինքնիշխանութեան»(2017),
Մի գրքով Մորիս Բլանշոյ «գրականութիւնը եւ մահուան մեր իրաւունքը» Մարկ Նշանեան «գրական հանգանակ մը»(2018),
Քրիստեան Բատիկեան «Մետաղէ երազներ» վեպ(2018):
Կարլոս Վիտալե «Տանից դուրս» բանաստեղծություններ, Հասմիկ Ամիրաղյանի թարգմանությամբ(2019)
Միշել Ֆուկոյ «Սեռականութեան պատմութիւն (1 հատոր). Իմացութեան կամեցողութիւնը» Մարկ Նշանեանի թարգմանութեամբ/ Մարկ Նշանեան «Թարգամնութեան բովէն. Միշել Ֆուկոյի սեռային ենթական» (2019)
Ջորջօ Ագամբէն «Homo Sacer Գերիշխան տիրակալութիւնը եւ մերկ կեանք» Մարկ Նշեանեանի թարգմանութեամբ (2020)
Անգլերեն հրատարկել է
Deviation: Antology of Contemporary Literature(2008),
Makukachu: Antology of Contemporary Literature(2016).
«Ինքնագիր» կայքը գործում է 2008-ից, իսկ 2015-ից այն դարձել է առցանց գրական պարբերական` շաբաթական երկու կամ երեք թարմացմամբ: