Ես կանգառում նստած՝ ծիածանին էի սպասում…

Քաղաքը շարժվելիս ինչ-որ տարօրինակ գույն էր ձեռք բերում: Կանգառի կիսաբաց տուփի մեջ՝ իմ մանկական աչքերով, հետևում էի շարժմանը, որը ստեղծում էին ավտոբուսների քյոմուր վարորդները, դեղնախտով հիվանդ տաքսիները, քիթ-մռութ արած տրոլեյբուսներն ու մարդիկ, մարդիկ, մարդիկ: Հա, անձրևը զարմանալիորեն արագացնում էր քաղաքի շարժումը, դարձնում ռադիոյի նման անհետ-սահող ու մուլտի պես՝ շուտ ավարտվող…

Երբ անձրևի մեջ արևային երակ մտավ՝ հետս մի տարօրինակ բան կատարվեց: Ես տեսա, որ տաքությունից ոգևորված ու լրիվ թրջված մարդիկ, ակամա, սկսեցին իրենց սեռը ցուցադրել: Չէ… Էն թվերին Սովետում սեքս չկար, իրենք էլ ոչ մի անպարկեշտ բան չէին անում: Ուղղակի շատ էին սեռային… Ոնց որ սեռական պատկանելիությունը նրանց ապրելու գերագույն նպատակը լիներ:

Հետո ջուրը բարձրացավ ու սկսեց խաղալ ոտքերիս հետ: Ու ես հասկացա, թե մոտավորապես որտեղ է գտնվում էդ ծիածան կոչվածը: Հենց հասկացա՝ Կոմիտաս փողոցի վրա աճած շենքերը ետ քաշվեցին, ու Քոչարի կամուրջը երևաց: Երևանյան ամառը կոշտ սանդալներիս մեջ՝ դեպի կամուրջը գնացի: Մեջս բզեզ էր թռվռում՝ էն հայտնի «Գործագործ» խաղի նման: Էդ խաղը խաղալու ժամանակ մեր հարևանի աղջիկը, տրվելով փոռիկավոր շրջազգեստի թռիչքին, ինձ համոզում էր, որ ինքը ժամանակին տղա է եղել, հետո ծիծածանի տակով անցել է ու… Աչքերս չորս եղած, գնդակի հետ միասին, պտտվում էին աղջկա շրջազգեստի շուրջբոլորը՝ որսալու նրա սպիտակ տրուսիկի թեթևակի առկայծումները: Գիտեի, որ խաբում է, չէի էլ ուզում աղջիկ դառնալ, բայց կամրջի վրա բացված ծիածանը, աչքեր չունենալով, ինձ աչքով էր անում:

…Սկզբում էդ գույնզգույն կորությունը ինձ քոսոտ-քնձռոտ թվաց: Ընդամենը երկու գույն ուներ. մեկը դեղին էր, մյուսը չտարբերեցի: Բայց երբ մոտեցա՝ ծիածանն իր երանգներն սկսեց հատ-հատ բացել: Կամուրջն էլ կանչող, տաք-թաց էր…

Հազիվ էի ոտքս դեպի կամուրջը տանող անցումի վրա դրել, երբ քաղաքը գունադիտակի նման շրջվեց: Շենքերը, վարդագույնը, լաչառ ծառերը, ականջներով լվացքի պարաններից կախված շներն ու երեխաները, բացբերան կամուրջներն ու ասֆալտը շը-շը՜խկ, խառնվում էին իրար, հետո՝ շը-շը՜խկ՝ բաժանվում, ծաղկատիպ պատկերն էին գծագրում:

Մտքիս մեջ քաղաքը պտտում, կամրջի վրայով քայլում էի: Ծիածանն էլ շա՜տ մոտ էր…. Շը-շը՜խկ, շը-շը՜խկ, շը-շը՜խկ, շը-շը՜խկ… Գույն, տրաքոց, հրավառություն, «Փինաչի», Գործագործի զգացողություն, “Դասերդ սովորի՝ թե չէ չես մեծանա”, շրջազգեստի օվկիանոսում ալեկոծվող տրուսիկ, “Կողմնակի անձանց մուտքն արգելվում է” ու… Շը-շըըըըըըըըըը՜խկ…

…Երբ կանգառ վերադարձա, անձրևը կտրվել էր…

Կոմիտասի շենքերը հավաքվել էին իրար գլուխ ու ձեռքերը արևին պարզած՝ չորանում էին: Բայց մի տեսակ ուրիշ էին: Անցումի վրա էլ ցուցանակ կար. «Կանգառը ներկված է»:

Հանկարծ զգացի, որ աչքերս շոշափուկներ ունեն: Մաշկի նման մի բան էր. առարկաներին դիպչելիս զգում էր դրանց նյութն ու որակը: Էդպես՝ աչքերով շրջապատը շոշափելով, դեպի կանգառ էի գնում, երբ հասկացա, որ քաղաքը հիմնականում իմաստավորվում է ցուցանակներով: Հենց հասկացա՝ աչքերս սկսեցին ինձ ուղղված, ըըըըմմմմ, թթվաշ հայացքները շոշափել:

Շը՜շըխկ, շը՜շըխկ… Իմ ուրիշության զգացումից սառած մեջքիս վրա սպիտակ ճանճեր քայլեցին: Զուգարան էի ուզում, շա՜տ… Բայց պահանջ չունեի…

Առաջինը՝ կարմիր լաչակով Կինը, մատը ինձ վրա տնկեց: Նա վառվող օղիով բաժակը կոկորդը լցրեց ու բերանից կարմիր վզկապներ թափելով՝ անձայն աղաղակեց. «Մայր հայրենիքն է կանչում»: Ակամա տատիկիս հիշեցի, որ նման շատակերներին կամ հարբեցողներին քաք-բողազ էր ասում: Ես էլ էի ուզում նրան նույն կերպ անվանել, երբ զգացի, որ աչքերիս շոշափուկները շրջապատի ճնշումներին չեն դիմանում:

Շըխկ… Իրոք բոլորը մի տեսակ, պլակատային հայացքով էին ինձ նայում: Նրանց աչքերի մեջ, խաղաթղթերի նման, խառնվում-դասավորվում էին.

Մեկ- գլուխը կախ,

Երկու- ափերով դեմքը ծածկած,

Երեք- օղուց կարմրաքիթ,

Չորս- ղումարբազ-անթրաշ…

Շը՜խկ, շը՜խկ, շը՜խկ…

Մի խոսքով, ինչքան փիս-փիս տղամարդկանց գրավյուր պաստառներ կային դրանց, աչքերիս երևացին: Վրաները ինչ ասես, որ գրված չէր՝ «Ամոթ», «Պրոտաբույծ», «Այսպիսինները մեր շարքում տեղ չունեն», «Կուսակցությունը տեսնում է ամեն ինչ», «Ընկերական դատ», «Վարորդը նաև հսկիչ է» ու… «Սպորտլոտո»:

Անցորդները, աչքները վրաս, էդ պաստառները պտտեցին-պտտեցին, բայց ինձ համահունչ պիտակ այդպես էլ չկարողացան գտնել… Մինչև մեկը չաղաղակեց.

-Ղզի՜՜՜՜կ…

…. Շը-շը՜խկ,  շը-շը՜խկ,  շը-շը՜խկ, շը-շը՜խկ… Երթևեկությունն ու ցուցանակները խաղաթղթերի նման կրկին խառնվեցին. գույն, տրաքոց, հրավառություն… «Քիթ կոկորդ, ականջ»… Գործագործի զգացողություն… «Սրան նայիր, վրան տղայի շնորհք չկա, նայիր, որ իր պես չլինես»: «Կար ու ձև»…Ինձ որոնող մի աներես շրջազգեստ, տրա-լյա-լյա, տրա-լյա-լյա, գալիս, հագնվել էր ուզում… «Տղերք, սրան թռցնում ենք… Ինքը էլ մեր հետ ֆուտբոլ չի խաղա»: Աչքերով ընկերներիս դեմքերն էի շոշափում… «Տրիկոտաժ», «Փառք ՍՄԿԿ-ին»…  Շը-շըըըըըըըըըը՜խկ…

Անընդհատ զուգարան էի ուզում, բայց պահանջ չունեի… Ի վերջո՝ շոգը խեղդեց…

…Ես նույն, բայց «ուրիշ» կանգառում նստած՝ ծիածանին էի սպասում…

Նույն, բայց ուրիշ քաղաքը, շարժվելիս, վատ գույն էր ձեռք բերում: Իմ մաշկային աչքերով, հետևում էի շարժմանը, որը ստեղծում էին ավտոբուսների՝ ինձ արհամարհող քյոմուր վարորդները, դեղնախտով հիվանդ, քթիս տակ հոտեր հանող տաքսիները, մռթնած, իմ առջև դռները չբացող տրոլեյբուսներն ու իմ տնազներն անող մարդիկ, ինձ չսիրող մարդիկ, իմ՝ ծիածանի հետ հարաբերության մասին իմացող մարդիկ…

Ու էսպես համարյա մի ամբողջ ամառ…

…Մինչև որ «Թաղման բյուրոյի» առաջ երևաց նա: Չգիտեմ ով էր, բայց գլխարկի տակից գզգզված մազերի ու մորուքի մեջ վառվող տոնածառային լույսերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Երկար թիկնոցով ու ձեռնափայտով էր՝ նման Անգլիայի թագուհուն կամ էլ…

-Ղզի՜՜՜՜կ…

Շը՜շխկ…  Ուրիշության զգացումից՝ մեջքիս վրա էլի սպիտակ ճանճեր քայլեցին: Արդեն սովոր էի, գլուխս կախ, դողէրոցքի ու զսպված լացի մեջ, ինձնից անկախ սկսեցի կանգառի պատին փակցված հայտարարությունները կարդալ.

«Գրքերը տեղափոխվել են ԺՈՂ-ի գետնանցում»

«Տնային կանչ»

«Կգնեմ շուն, մեկ-մեկ էլ՝ կատու»

«Իսկ դու ապահովագրվե՞լ ես»

… «Ղզիկը» կրկնվեց…

Բայց էդ փշոտ «գնդակով» ձայնը դեպի ինձ չէր թռչում: Երբ «Հացաբուլկեղենի» վրայից հայացքս բարձրացրեցի, ցերեկային շոգ-կրակի մեջ ծիածանն իր երկու գույնը բացեց: Ու ես տեսա նրան՝ տոնածառային լույսերը մազերի ու մորուքի մեջ, գավազանին հենված՝ տարածակա՜ն-տարածակա՜ ն… Այն պահին, երբ շրջվեցի, գլխարկը դեպի «Մետաղի ջարդոնի հանձման կետ» էր թռչում: Երկա՜ր թիկնոցը իր վրա նետված զանազան առարկաների լաքաներից ավելի ու ավելի էր արքայական ծիրանիի նմանվում: Իսկ նա՞… Նման էր մուշտակի սպասող վախեցած գազանիկի, ծառի, կատվի, «գործագործի» տարերքին տրված փոռիկավոր շրջազգեստով աղջնակի, չորացած ծխնելույզի, ղզիկի կամ «հոյակապ խրտվիլակի, որի վրա հարձակվում էին անուղեղ թռչունները»*:

Շըշըըըըըըըըը՜՜՜՜խկ…

…Հանկարծակի անձրևը լվաց փողոցային տղաների հայհոյանքները:

Երբ մոտեցա, ծնկաչոք պառկած էր «Թարմ ծաղիկները ներսում են» ցուցանակով ծաղկավաճառի խանութի առջև: Տոնածառային լույսերը դեռ առկայծում էին նրա խիտ բուսականության մեջ: Հետո դանդաղ բարձրացրեց իր բեթհովենյան գլուխը և աչքերի մաշկով աչքերս շոշափեց: Հայացքը կիսաջնջված էր, բայց ես նրա բիբերի մեջ հասցրեցի կարդալ իմ մանկության վերջին, բայց ամենակարևոր ցուցանակը.

«Աղբ չթափել»…

*Ժան Կոկտո- «Քննադատական պոեզիա I» գրքից

Show Comments Hide Comments

One thought on ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ԾԻԱԾԱՆ

  1. babgen Rostomian says:

    Հասարակության մեծ մասը իր սեռական անդամներով է մտածում, տրամադրվում և որոշում կայացնում, ոչ թե խելքով:

Leave a Reply to babgen Rostomian Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *