Տիգրան Ալեքսանյան

Ծնված օրվանից ես լրտեսում եմ: Լրտեսել եմ մանկությունն ու պատանեկությունը, սալյարկայի վառարանն ու կերոսինը: Լրտեսել եմ մանկապարտեզը, դպրոցն ու «Ժողը»: Լրտեսել եմ Կոմիտասի բիսեդկի ու ռոմանոյի բուֆետի բլոտը: Լրտեսել եմ ռոք ակումբներն ու կարգին «օբյեկտները», դասերից թռնելն ու գերազանցիկությունը, վերջին լիկվիդն ու տնտեսագիտությունը: Լրտեսել եմ եվրոպաներն ու Ամասիա գյուղը, Լիլի, Անթվերպենի, Պրահայի համալսարաններն ու Ամասիայի մանկապարտեզը, դաշնամուրի դպրոցն ու գրադարանը: Ես լրտեսել եմ: Լրտեսել եմ բանկը, հաշվապահական գրասենյակը, ավտոմեքենաների վաճառքի սրահը, միջազգային բարեգործականը և անգործությունը, հենց էնպես աշխատանքից դուրս գալը ու բանկի պատմության մեջ ամենավատ աշխատակիցը լինելու երջանկությունը: Լրտեսել եմ հազարավոր կիլոմետրերով հարբած ու կեղտոտ ավտոստոպն ու Շտուտգարտից Փարիզ ձգվող ամենաարագ գնացքի վագոն-ռեստորանի գարեջուրը, Շումփհոնից Բանգկոկ ընթացող գնացքի զուգարանը, զուգարանակոնքը, զուգարանակոնքին նստած ֆլեմուհու կոնքը:  Լրտեսել եմ կոստյումն ու գունավոր անդրավարտիքը, սափրվածն ու մորուքը: Ես լրտեսել եմ: Լրտեսել եմ տարբեր տեսակի աղջիկների խորքերն ու տարբեր տեսակի տղաների` տարբեր տեսակի աղջիկների խորքերը լրտեսելու հաջող ու անհաջող փորձերը: Լրտեսել եմ դանակի հարվածը մեջքիս ու խումհարը վերակենդանացման բաժնում: Լրտեսել եմ ուրիշի ընկերուհու և մեր մի բուռ հայրենիքի հյուրընկալ գրկերը: Լրտեսել եմ կիթառը, դաշնամուրն ու շվիի բարձր օկտավան: Լրտեսել եմ Սարյանի այգու թափառականների օղու շիշը իմ շուրթերով: Իմ շուրթերով լրտեսել եմ արյունս ու բառերը: Նույն շուրթերով լրտեսել եմ աշխարհի խմիչքներն ու հետաքրքիր տարբեր միջոցներ` Աթայի հետ Թեհրանի երկնքում մեքենայով ճախրելիս: Լրտեսել եմ ստիրիական դիրնդլբալը, Պրահայում հարբելն ու Բեռլինում արթնանալը: Լրտեսել եմ պատահական գրական մրցանակը, իմ ու Դրիսի միզած ֆիլմի ցուցադրմանը սպասող լուրջ հայացքները և լուսանկարչական ցուցահանդեսի մասնակիցը լինելու չոր փաստը: Լրտեսել եմ: Լրտեսել եմ «Կարամազով եղբայները» բալետի ներկայացումից` հարբած լինելու և քթի տակ Վագներ նվնվալու պատճառով դուրս վռնդվելը և Ռուդոլֆինիումում Դվորժակի տարեդարձի փառատոնի բացման ժամանակ ամենաէժան տեղից` ոտքի վրայից, օրկեստրին 9-րդ սիմֆոնիան չափ տալը: Լրտեսել եմ տարբեր բաներ` արևի ջերմությունը սառը սենյակի պատուհանի ապակուն, կատվիս գռմռոցը գլխիս վրա, մորս գրիպի ցավը կաշվիս տակ, հորս ընկճվածությունը, ախպորս տղու ոտնաթաթերը բերանիս վրա, մյուսների երազանքները ինձ համար իրագործելը, փափուկ բարձը ու տաք տեղը, բաճկոնով սառնարան-զուգարան գնալը, ստելը, հարբուխի գինեբուժությունը, Աբովյանի քաղմասը, հայրենասիրությունը և իսկական հայրենասիրությունը, տարբեր տեսակի այլ սիրություններ, մոլորվելը քաղաքում, ուր ապրում եմ ու անտառում ուր մի օր կապրեմ: Լրտեսել եմ ծնողներիս դեմքերը` լիտվուհուս հետ կեսգիշերի հարբած այցին: Լրտեսել եմ ինձ անդավաճան մնալը, մյուսներին դավաճանելը: Լրտեսել եմ գազարի թարմ քամած հյութը և ուկրաինուհու հետ բուսակեր սեքսը, լեհից առած սեռավարակը, էկվադորուհու անկողինը, արաբի հետ չեխերով փոխանակվելը, ամերիկուհու վիզան մերժելը… ա~խ, աղջիկները…  Մի քանի բան էլ եմ լրտեսել, բայց չեմ ասի: Լրտեսել եմ նպատակասլաց պատանի տնտեսագետների դեմքերը նրանց համար 25 դրամի դիմաց սուրճ եփելիս, երբ իմանում եմ Յուրոփիան Մասթեր Ին Էքոնոմիքս օֆ Յուրոփիան Ինթեգրեյշնիս մասին: Լրտեսել եմ Պրահայի արվարձանների կարմիր կտուրների տակ տեղի ունեցողը, կատալոնական գյուղում ցեմենտից աստիճան շինելը ու Հռենոսի ափի փոքրիկ հողմաղացը: Լրտեսել եմ ինձ` հայելու առաջ խմբավարելիս: Լրտեսում եմ ինձ գրելու դաժան փորձեր անելիս:

Բնագրեր

պոեզիան պետք ա հասկանալ
զատելով այն գրականությունից
ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա
պոեզիան պետք ա հասկանալ առանց գրականության
ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա
պոեզիան պետք չի հասկանալ
ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

Հենց էն պահին, որ պիտի պրծնեի, մեր բակի շինարարությունը սկսվում ա: Սվետային ասում եմ` կներես, բայց պիտի զարթնեմ: Զարթնում եմ խումhարի, քրտինքի ու փոշու մեջ, մի հատ էլ բժժած...