Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցել, որ բանակը մտցրել է Երևան քաղաքական հարցեր լուծելու համար։

ՀՔԾ֊ի հայտարարության մեջ ասված է, որ Հարությունյանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման» համար 2008 թվականի փետրվարի 23-ին մի գաղտնի հրաման է արձակել, որով բանակը  հանել է նախագահական ընտրությունների արդյունքերի դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների դեմ։ Գեներալ Հարությունյանը և «մյուս պաշտոնատար անձինք» մեղադրվում են այն բանում, որ խախտելով սահմանդրությունը զինված ուժերը օգտագործել են քաղաքական հարցերում։

Նախաքննական մարմինը պաշտպանության նախարարի այդ թիվ 0038 հրամանը որակել է «ակնհայտ ապօրինի»։ Հարցաքննության է կանչվել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Կարծես թե, որպես գերագույն գլխավոր հրամանատար նրա դեմ էլ է քրեական գործ հարուցվելու։

Նախաքննական մարմնի հայտարարության մեջ բացահայտ ակնարկ կա, որ 2008 թ. ընտրությունները կեղծվել են. «Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։ Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը»։

ՀՔԾ֊ի բառապաշարից օգտվելով, հարց ուղղենք քննչական մարմնին՝ արդյո՞ք նա պատրաստվում է հրապարակել «ակնհայտ ապօրինի» այն հրամանը, որով 1996թ. սեպտեմբերին քաղաքական հարցեր լուծելու համար բանակը Երևան մտցվեց ճնշելու համար նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը, և որն էլ հիմք դարձավ, որ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարի. «Եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ ձայներ հավաքած լիներ, բանակը չի ընդունելու նրան»։ Եթե այո, ՀՔԾ֊ն պատրաստվո՞ւմ է քրեական գործ հարուցել այդ կապակցությամբ և այն ժամանակվա գլխավոր հրամանատար Լևոն Տեր֊Պետրոսյանին կանչել հարցաքննության ու մեղադրանք առաջադրել։ Պաշտպանության նախարարը սպանված է, որ նրան էլ մեղադրանք առաջադրվեր։

1996 թ. սեպտեմբեր: Լուս. Ռուբեն Մանգասարյանի

1996 թ. նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը ստացել էր 51.75%, իսկ նրա հակառակորդ Վազգեն Մանուկյանը 41.29%։

2008-ի ընտրությունների պաշտոնական տվյալներով վարչապետ Սերժ Սարգսյանը ստացել էր 52.82%, իսկ նրա հակառակորդ Լևոն Տեր֊Պետրոսյանը 21.5%։

2 դեպքում էլ իշխանության թեկնածուները հռչակվեցին նախագահ՝ 1-ինում Լևոն Տեր֊Պետրոսյանը, ով պահպանեց նախագահի պաշտոնը, 2֊րդում Սերժ Սարգսյանը, ով վարչապետի պաշտոնից անցավ նախագահի պաշտոնին՝ փոխարնելով Ռոբերտ Քոչարյանին, երկու դեպքում էլ ընդդիմությունը պնդում էր, որ կեղծվել են ընտրությունները, երկու դեպքում էլ մեծ ցույցեր եղան ընտրությունների արդյուքների դեմ, երկու դեպքում էլ բախումներ եղան, 1-ինում ցուցարաները ներխուժեցին ԱԺ շենք և ծեծեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին և Արա Սահակյանին (այժմ դեսպան)։

2֊րդ դեպքում՝ 2008֊ի մարտի 1֊ին բախումներ եղան ոստիկանության և ցուցարարների միջև, և 10 զոհ եղավ, որոնցից 2֊ը ոստիկան, 8֊ը՝ ցուցարար, վիրավորվեց 210 մարդ, որոնցից 55-ը զինվորական:

(Փակագծում նկատենք, որ ՀՔԾ֊ի հայտարարության մեջ կեղծիք կա, այնտեղ ասվում է, թե բանակը դուրս բերվեց «խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ», ապա նաև « Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է»:

Մարտի 1֊ի լուսաբացին Օպերայի բակի խաղաղ հանրահավաքը ցրողը ոչ թե բանակն էր, այլ ոստիկանությունը։ Ապա Մյասնիկյանի արձանի դիմաց հանրահավաքը շարունակվեց բարիկադներ կառուցելով, կան կադրեր ոստիկանների և ցուցարների բախումների, նաև կան կադրեր, թե ինչպես են ցուցարարները ծեծում ոստիկանների։ Զոհերի և վիրավորների պարզ վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ երկրորդ հանրահավաքը արդեն խաղաղ չէր։ Եթե բանակը քաղաքական հարցերի մեջ օգտագործելը քրեական հանցանք է, ապա ինչո՞ւ են այսպիսի կեղծիքներ օգտագործելով քրեական գործ հարուցել)։

10 տարի ընդդիմադիր գործիչները բարձրացնում էին մարտի 1֊ի սպանությունների բացահայտման հարցը, և այսօր, երբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը իշխանության է եկել, խոստանում է բացահայտել այն, սակայն գեներալ Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը թեև ներկայացվում է որպես արյունոտ մարտի 1֊ի գործի մաս, այսուհանդերձ, այն անմիջականորեն սպանություններին չի վերաբերվում, նա մեղադրվում է բանակը Երևան մտցնելու մեջ, այսինքն այն նույն բանի համար, որն 2008֊ից 12 տարի առաջ 1996-ին արել են Լևոն Տեր֊֊Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը՝ բանակը Երևան են մտցրել։

Երբ ՀՔԾ֊ն հետևողական լինելով, քրեական գործ հարուցի նաև 1996թվի ընտրությունները կեղծելու կամ իշխանությունը զավթելու կամ սահմանդրական կարգը խախտելու մեղադրանքով (քննչական ծառայությունը կգտնի համապատասխան քրեական հոդված), կարող է իր հայտարարության մեջ խոսել ոչ միայն իրավապաշտպան կառույցների վերագրումների մասին, այլև մեջբերել ընտրությունները կեղծելու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների վկայությունները, որոնք հիմք են քրեական գործ հարուցելու համար։

Այսպես, 1996-ի ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների մասին 1998թ. Հ1 հեռուստատեսությամբ «Մարդու ժամանակը» հաղորդաշարի ժամանակ ասում է. «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ»:

1996֊ի ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը 2011֊ին իր բլոգում գրել է.«Եթե ես և մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու»:

Կարապետ Ռուբինյանը ևս մի անգամ անդրադարձավ 1996-ի կեղծիքներին 2013-ին նախագահական ընտրություններից հետո Օպերայի հրապարակում հրավիրված քաղաքացիական ֆորումի ժամանակ: Նրան հարց ուղղեցին՝ ինչո՞ւ չպայքարեցիք ժողովրդավարության համար 1996֊ին, Ռուբինյանը պատասխանեց.

«Ես եղել եմ պատասխանատու Լոռվա մարզում, ամբողջ օրը անցկացրել եմ Վանաձորում ընտրությունների հետ կապված, և իմ խնդիրը եղել է օրինականության ապահովումը և խնդրում եմ իմ անկեղծությանը հավատաք, ոչ մի հանձնարարություն չեմ ունեցել, ոչ մի խախտում չեմ կազմակերպել: Ավելին՝ այն ժամանակ հեղինակություններից մեկը կար, անունը չեմ ուզում տալ, չգիտեմ էլ կենդանի է, թե արդեն մահացել է, երեկոյան կողմն էր, էկավ ասեց՝ էսքան հոգանոց ջոկատ ձեր տրամադրության տակ գնանք ջարդենք փշրենք, ասել եմ՝ հոպ, հանգիստ, գնացեք ձեր տեղը նստեք, միայն օրինական ընտրություններ: Գիշերը վերադարձել եմ Երևան, արդեն իմանալով, որ Վանաձորում պարտվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, վերադարձել եմ, քնել եմ առավոտյան զարթնել եմ, էկել եմ խորհրդարան, ասել են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել ա, և ես գնացել եմ էն շամպայնը խմելու: Ճիշտն ասած հետո, արդեն ինֆորմացիան հետո ա գալիս, թե կուսակցական ընկերներ կան, մասնակիցներ կան, նույն ձևով ինչպես էս ընտրություններին, մեկ էլ գալիս են, ասում են՝ Աշտարակի այ էս գյուղում հանձնաժողովի անդամը ասեց՝ այ մարդ լցրեցինք, լցրեցինք, լցրեցինք էլի վերջում հաշվեցինք Րաֆֆի Հովհաննիսյանը կրած դուրս եկավ: Նույն ձևով էն ժամանակ էլ ինֆորմացիան գալիս էր, որ այնուամենայնիվ խայտառակ ընտրություններ են եղել»:

Եթե ՀՔԾ֊ն 1996֊ով քրեական գործ հարուցի, կհրավիրի հարցաքննության ոչ միայն Լևոն Տեր֊Պետրոսյանին և այն ժամանակվա ԱԱԾ֊ի պետ Սերժ Սարգսյանին, այլև 1996-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Խաչատուր Բեզիրջյանին և կհարցնի՝ ինչպե՞ս են ընտրատեղամասերում ամփոփոված ընտրությունների արդյունքները փոխվել ԿԸՀ֊ում, քանի որ եթե հետագա ընտրություններում հիմնականում ընտրատեղամասերում էին խախտումներ արվում, ապա 1996֊ին ոչ միայն ընտրատեղամասերում, այլև ԿԸՀ֊ում տեղամասերից ստացված թվերն էին փոխում, դա երևում է նաև Ռուբինյանի վկայությունում։

ԱԺ ընտրություններն էլ 1995֊ից սկսած, նախագահական մյուս երեք ընտրություններն էլ 1998, 2003, 2013 անցել են ընտրախախտումերով և իշխանության թեկնածուն հռչակվել է նախագահ, սակայն 1996֊ի և 2008֊ի ընտրությունները տարբերվում են նրանով, որ բանակ է մտցվել մայրաքաղաք, և այժմ 2008֊ին բանակ մտցնելու համար է ՀՔԾ֊ն քրեական գործ հարուցել, իսկ 1996֊ի համար չի հարուցել։

Ե՛վ 1996֊ին, և՛ 2008֊ին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ձերբալկալվեցին ու դատվեցին։

2֊րդ անգամ բանակը մայրաքաղաք մտցնելու ժամանակ՝ 2008֊ին, ընդդիմության ցույցերին մասնակցում էին այսօր իշխանության եկած գործիչներից շատերը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ մեկ տարի փախուստի մեջ էր, ապա դատվեց և 2 տարի բանտ նստեց։ Եվ եթե նա վարչապետի պաշտոնում հավատարիմ է իր նախընտրական խոստմանը, որ վենդետաներ չեն լինելու, և եթե Միքայել Հարությունյանի դեմ հարուցված գործն ու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հրավերը վենդետա չեն, ապա 1996֊ով էլ քրեական գործ կհարուցվի։

Show Comments Hide Comments

3 thoughts on Բանակը քաղաքականության մեջ օգտագործվել է նաև 1996֊ին. ՀՔԾ֊ն քրեական գործ կհարուցի՞

  1. Գոհար says:

    Սա վենդետա չէ, սա պատասխանատվության ենթարկել է գործած մեղքերի համար, սա այդ 10 զոհերի հոգու պահանջն է: Իսկ ի՞նչ կասեիք, իհարկե աստված ոչ արասցե, եթե ձեր հարազատներից էլ այդ 10-ի մեջ լինեին. կեցցե Քոչարյա՞նը: