Ինքնակենսագրական պատառիկներ արագի մեջ՝ դասականի դիրք ընդունած:   Գիշեր էր, լուսաբաց, թե ցերեկ չգիտեմ, բայց կճշտեմ հանուն սերունդների, հազար իննհարյուր ութսունչորս թվի օգոստոսի տասնչորսի գիշեր էր, լուսաբաց կամ ցերեկ՝ ես ծնվեցի: Առաջին բանը որ հիշում եմ և այդ հիշողությունը հետապնդում է ինձ, որպես երազ, սև ձին է, չալմա կապած հեծյալը, ես կապկպված ու չոքած գետնին, և սուրը, որ գալիս է…  հետո հիշում եմ ռուսական մանկապարտեզը, հավաքարար Ժենյային, ճաշոտ Աշոտին ու եղբորս՝ Բագրատին, ում հետ կռիվներ էինք սարքում և ես որպես ծանր հրետանի էի հանդես գալիս` զի ուժեղ էի բազկով և չաղ, մեր թաղը իր նարդի խաղացող պապիկներով ու դռան դիմաց զրուցող տատիկներով, մեր ամառային ճամբարներն ու ջանգյուլումները, հալամուլաները, պախկվոցիները, չլիկ դաստաները, յոթ քարերն ու կռիվ-կռիվները, իմ առաջին սերը՝ հարևանուհի Սյուզին՝ խուճուճիկ, թռվռան, իմ համար հեքիաթներ էր կարդում, տուն տունիկ խաղում ու սիրում էր ինձ, մի անեղծ սիրով և ես անիրավ մեկ նրա շորն էի վառում, մեկ մազերը, մեկ մեկ էլ փեշն էի բարձրացնում, իսկ նա ծիծաղում էր իր ութամյա տարիքային տարբերության բարձրությունից… հետո երկրաշարժ եղավ ու Կարինե տոտան մահացավ, ում շատ էի սիրում, դե ասացին մահացավ, առաջին անգամ էի լսում, որ մահ կա ու դա ինչ է՝ չգիտեի,ինձ թվում էր, որ երբ մարդ է մահանում ամբողջ թաղով դուրս են գալիս փողոց ու փնտրում անշենք, բաց տարածք, դու մի ասա երկրաշարժից էին վախենում… սկսեցին զինվորական հագուստով տղեք պտտվել մեր թաղերով, սև գլխաշոր կապած, մորուքավոր, զենքերը ուսերին, Վրեժը տանկով տուն էր գնում ու ուղղաթիռով իջնում հայաթ, մենք էլ պլշած աչքերով վազում էինք դեպի անիմանալի սարքերը, սկսեցին սև լենտեր հայտնվել փողոցների լայնքով՝ «Մուշեղ 20», «Ավագ 23», «Վիլեն 32», ես գնացի դպրոց, իննսուն թիվն էր, ես հոկտեմբերիկ չհասցրի լինել ու չհասցրի հաճախել պիոներ պալատ, ես չերդվեցի լինել ինտերնացիոնալ ու ինձնից չկերտեցին կղեր… առանց տեղին մեծամտության ասեմ, որ շատ լավ էի սովորում, բոլոր առարկաները, առավել սիրում էի մաթեմն ու ֆիզկուլտը, դե ֆիզկուլտը ֆուտբոլ խաղալու համար էի սիրում, մեր բետոնապատ հարյուր մետրանոց դաշտում, որ կիսով կրճատվեց իմ ուսման տարիների ընթացքում և մյուս կեսի տեղը վեր հառնեց մի տուն և մի մեծ ավտոկայանատեղի, հետո դպրոցական ընկերներս՝ Աղասը, Արամը, Հովոն ու Գևորգը, հետո ախպորս դպրոցական ընկերները՝ Վաչոն, Մարգարը, Դինջը, Պուխը, հետո Գոռի, Ահարոնի ու իր եղբոր, օղորմի Վահեին, հազար օղորմի, կարգին տղա էր,  ջարդը Գետառի ափին, Գլինկայի դաշտավայրում և մեր ինքնահաստատումն ու զգացումը, որ մեզանից քաշվում են, հարգում և վախենում.. հացի տալոններով հերթերը, գնում էինք ես ու ախպերս, ներքևի բոշի թաղ, իմ դասարանցի ջվիկների մաման էր հացի խանութի վաճառողուհին՝ Սվետ տոտան, որ հենց մեզ տեսնում էր առաջ էր քաշում, իսկ մենք ամեն գնալուց ու գալուց կռիվ էինք անում, Բոնդռի ու իր թայֆի հետ, ինչ է մի անգամ մորս հետ էինք իջել ու Բոնդռը իրեն թույլ էր տվել բարձր հայհոյել, իսկ ես ու եղբայրս ծեծել էինք, էն օրը իրար հետ պիվա էինք խմում Թոխմախում ու հիշում էինք, խնդում: Նավթի ավտոն, պապս, ում անունն եմ կրում, ինձ ու եղբորս վերցնում էր, մենք տասնհինգ լիտրանոց բիտոններով, սառած փողոցներով գնում էինք հերթ կանգնում, հետո Սուրվարակիչի առումը, չմնաց քար քարի վրա, տես տեղը թփեր են աճել, ահա, փայտը տարան իրենց տների համար: Հաղթանակի տարիներ, իրական հաղթանակի ու մենք էլ մեր հաղթանակն էինք տանում ամեն օր, մանավանդ ձմեռները, մանավանդ մայրս, ում վրա էր տան կենցաղային ծանրությունը, մեր սովորելու հարցերը՝ զի դպրոցներում բազմամսյա արձակուրդներ էին և քսան րոպեանոց դասաժամեր, մենք էլ տնային տաք, շատ տաք վադալազկաներ էինք հագնում տակից և չէինք հանում վերարկուները, ֆուջիկան չէր հասցնում տաքացնել մեր մատերը, իսկ նավթի փեջը ծխում էր,  մենք գմփացող ամփուլաներ էինք լցնում կրակը և խնդմնդում, թոզ ու դումանի մեջ, և առավել ևս հայրս, ով անհնարինն էր անում, որ մենք փեջի պլեճ ուտենք և չմրսենք, կամազի ակումլյատորից լույս ունենանք ու Վայրի Ռոզայի կյանքը դիտենք, մեծ ու զարմանահրաշ տներում ու արևային լողափներում, հասկանայինք, որ հարուստներն էլ են լացում ու Սանտա Բարբառան էլ հեռու տեղ չի, նույնպիսի մարդիկ են ապրում, ինչ մեր Սարի-թաղում: Դպրոցում լավ սովորող լինելը որոշակի առավելություններ էր տալիս, շատ չարաճճիություններիս վրա աչք էին փակում, ընկեր Շահբազյանը՝ մեր տնօրենը, ինձ կանչում էր իր սենյակ խիստ տոնով նկատողություն անում և առաջարկում մեկ պարտիա շախմատ խաղալ, հետո երբ գալիս էի ինչ-որ օլիմպիադայից հաղթած կամ ասմունքի մրցույթից դիպլոմով, հավաքում էր աշակերտներին և գովում էր, մեր տղեքն էլ նեղվում էին, էդ ինչի մեզ անընդհատ ծնող են կանչում, իսկ ինձ ոչ, չէ որ ինչ անում էինք իրար հետ էինք անում: Երբ ութերորդ դասարանս ավարտում էի և հստակ որոշել էի բժիշկ դառնալ, մայրս պնդեց մի քանի վարժարան դիմեմ, ինչ է քիթս կպնի գետնին, վեր վեր չթռնեմ ու քրտնաջան պարապեմ, մատների արանքով չնայեմ ամեն ինչին, ես էլ դիմեցի Քվանտ վարժարանի համահայաստանյան մրցույթին ու գրավեցի հինգերորդ տեղը, ինչը ինձ թույլ էր տալիս կես վճարով սովորել Քվանտում, բայց չգնացի, գումարը մեծ էր մեր համար, հետո հորքուրս առաջարկեց փորձել ՀՊՃՀ հենակետային վարժարան ընդունվել, համոզեցին, որ ֆիզիկան այնտեղ ավելի խորացված է և դա կօգնի բժշկական ընդունվելիս, ես էլ ընդունվեցի, բայց Շահբազյանը գործերս չէր տալիս, հայրս համոզեց, իսկ տղեքը մտածեցին, որ ինձ դպրոցից հեռացրել են՝ վարքիս, զին.դասատուին մեկ օրով իր սենյակում փակելու և ավարտական նկարում ոչ կոռեկտ դիրք ընդունելու պատճառով: Կարծես շատ խորացա, հավեսի եմ ընկել, առիթը տվեցին, իսկ առիթը ամենակարևորն է և էս տեմպով շարունակելու դեպքում, չեմ հասցնի խաստացածս ժամանակին ավարտել: Ուրեմն կարճ. Երկու տարի սովորեցի վարժարանում, այդ ընթացքում Հոկտեմբերի քսանյոթ տեսա, մասնակցեցի Պուտինի և Քոչարյանի մուտքին և ելքին օպերա, Վազգեն Սարգսյանի թաղմանը և լիքը կռիվների թաղից դուրս մասշտաբով՝ զի վարժարանում հավաքվել էին տղեք քաղաքի տարբեր մասերից, իրենց վարք ու կարգով ու ծխել սկսեցի՝ ի ցուցադրություն իմ հասունության և լրջության և ի ահ իմ չուզողների, պատմությունը ավելի պատկերավոր սերտեցի, Ճշմարիտյանի շնորհքն էր, ով մինչև վերջ պնդում էր, որ պատմական դիմեմ, քիմիան ականջի հետև թողեցի, թեև ոչ օրգանական քիմիան օրգանական մակարդակում գիտեի, մաթեմս հասցրեցի հնարավոր կատարելության ու սկսեցի տեքստեր գրել, իմ հավեսի համար, տող տող, հանգ հանգ ու փոխում էի տողերը Թումանյանի ու խեղում էի տողերը Չարենցի, առանց քաշվելու, թեթևի մեջ, ծռում ու ուղղում էի, խաղ էի անում աշխատանքի ուսուցման ժամերին, ռուսաց լեզվի ուսուցման ընթացքում, գեղեցկուհի կենսաբանության ուսուցչուհու ոտքերին նայելով: Էտպես հասա ԲՈՒՀ, որոշել էի, եթե անվճար չանցնեմ բանակ եմ գնալու, չէի կարող այդքան ֆինանսական բեռ դնել ծնողներիս ուսերին ու չէի ուզում, նաև որոշել էի պոլիտեխնիկ չընդունվել, գնալ բանակ գալ ու տալ ռեժիսուրայի համար, պոզերս տնկեցի ու դիմեցի պոլիտեխնիկի ամենաբարդ ընդունվող բաժինը Քոմփյութորային տեխնիկա և ցանցեր և միայն անվճար, վստահ էի որ առանց որևէ տեղ մասնավոր պարապելու չեմ հավաքի առավելագույն բալեր և ձևը գտել էի, ինչպես խուսափեմ պոլիտեխնիկից և տանն էլ խնդիրներից խուսափեմ: Բայց ընդունվեցի անվճար, քանի որ չեմ սիրում պարտվել, ամաչում էի, ախմախ բնավորություն է: Պոլիտեխնիկում ես սովորեցի ամենակարևորը՝ վերլուծական, տրամաբանական ևմաթեմատիկական մտածելակերպ ձեռք բերեցի: Ընկերներ կյանքի և նեղի՝ Տիկոն, Սարոն, Հակոբը, Նորոն, մեր քննությունների պատրաստվելը Գաստելոյի փողոցում՝ մի քանի շիշ օղով և մի հատ գրիլով, բլոտը մինչև առավոտ և ուռած աչքերով դասախոսին ներկայանալը՝ զի գիշերները անքուն էին գրքի առաջ: Էդ ընթացքում Սարոյի հետ թատրոններն էինք չափչփում, մասնակցում էինք Պարոնյանի, Դրամատիկականի փորձերին, Կամերայինի նոր կազմի հետ էինք աշխատում՝ ծիծակ կոշիկներով և կարգին տղու բեռը ուսերիս… անում էինք բաներ խելառ և չէինք ասում մեղա… էտ ընթացքում Բոդլերն էր իմ առօրյան, Խարմսը գործընկերս էր, իսկ Չիլոն բացահայտված ախպեր, թղթապանակս մեծանում էր և ես գնալով ինքնավստահ էի դառնում… տեսեք պոետ եմ ես, պոետ անքննելի, որ ելել է ձեր դեմ որպես լեղի, իմ բարձրունքում միայն արծիվներն են ճախրում, իրականում լոկ ձրիակեր…գնացի ՀԳՄ, դե ուրիշ ուր գնայի՞, չգիտեի, նմանը նմանին կփնտրե, դե ես էլ կարծում էի նմանները կամ աննմանները այնտեղ են, Հովհաննեսը Գրիգորյան և Գուրգենը Խանջյան ինձ ծանոթացրեցին տարբերների հետ Համոն, Կարենը, Արփին, Աննան, Արքոն, Աստղիկը, Մարիամը, Աշոտը, Հրաչը, Արամը, Հուսիկը դարձան իմ հինգշաբթիները, իմ կիրակիները… և ծնծղաներ հնչեցին և ծափեր, և տողեր շենշող և տափակ, և բառեր թռիչքի և անկման, և ընկեր խմիչքի և պապակ… էսպես անցան չորս տարիներ, լիքը մարդկանցով և կանանցով, հուզումներով և հաղթահարումներով, և կարճ կապելու խոստումը մտքումս, հասա մագիստրատուրայի շեմին, ես չէի ուզում ընդունվել մագիստրատուրա, նախապես որոշել էի բանակ գնալ և չդիմեցի, բայց մի դեպք տեղի ունեցավ մագիստրատուրայի հետ կապված, որ ուզում եմ հիշել, պատճառը՝ ուսանողների դիմաց համալսարանները դուռ էին փակում ոստիկանների և ուս.խորհրդի կարկառուն երիտասարդների օգնությամբ և երիտասարդները հլու հնազանդ դասերի էին նստում.. կառավարությունը որոշում ընդունեց մագիստրատուրա ընդունված ուսանողներին բանակ տանելու մասին և մեծ բողոք բարձրացավ մեր շրջանում, դե ես համաձայն էի էդ որոշման հետ, նույնիսկ ավելին, ես համոզված եմ որ բոլոր տասնութամյա երիտասարդները պետք է բանակ գնան, նոր, եթե ուզում են, ընդունվեն ԲՈՒՀ, թե չէ համալսարանը դառնում է խուսափման միջոց և ոչ կրթության հարթակ, գործառույթներն են տարբեր, մեզ պետք չեն միլիոն ու կես տնտեսագետներ ու իրավաբաններ, շեղվեցի, կներեք.. ուրեմն մեծ ուսանողական բողոքի ալիք բարձրացավ, երթեր էին կազմակերպվում, միտինգներ ու ես չէի մասնակցում, վերևը նշեցի ինչու, բայց երբ երրորդ օրը ոստիկանները փակեցին պոլիտեխնիկի դուռ, մենք ընկերներով ջարդեցինք այն ու միացանք միտինգավորներին, որևէ իրեն հարգող ուսանող չէր կանգնի ոստիկանի կողքը և փակի ուսընկերոջ դուռը, քանի որ հաջորդ օրը չէր կարող մտնել ԲՈՒՀ, հում հում կուտեին… լավ , ուրեմն ես չդիմեցի մագիստրատուրայի համար և գնացի բանակ 2005-ին, հա, էդ նույն ժամանակ տնեցիքս տեղափոխվեցին ԱՄՆ, ես սկզբից ծառայում էի Հայկազովում, հետո Հորադիզում դիրք էի պահում, չեմ մանրամասնում, քանի որ մի տեքստ եմ գրում էդ շրջանի մասին,միայն ավելացնեմ, որ բանակում թարգեցի գրելս, ոչ մի տող յոթ տարի չեմ գրել, ոչ մի բառ և խզել էի կապերս… բառեր կային ասելու երևի, բառեր կարևոր, բայց փակել էի բերանս, ազատվել էի խաբկանքի բեռից… յոթին վերադարձա ու ընկղմվեցի քաղաքական հորձանուտ, մասնակցեցի հեռուստատեսային նախագծի՝նոր երկրի նոր նախագահ, տևեց կես տարի, ես անկուսակցական ու միամիտ, հիմա էլ մի բան չեմ … Մարտի 1-ին ակտիվ դիտորդ եղա՝ տանից, ու հեռավորություն պահեցի՝ իզուր, ընդունվեցի Գիտությունների Ազգային Ակադեմիա, ավարտեցի Կառավարում մագիստրատուրա՝ զի կառավարումը ռեժիսուրա է իրական կյանքում… քրոջս նորովի բացահայտեցի, ինքը ինձանից շատ փոքր է ու մենք ախպերներով միշտ իրան ճնշած էինք պահում, հիմա որ հիշում եմ՝ ես ինձ չեմ սիրում, (սա էլ գրեցի, որ ինքը կարդա) հոգին ուտում էինք, իսկ բանակից հետո, երբ մենք երեքով էինք մնացել, իսկ ինքն էլ արդեն հասունացել էր, կարողանում էինք շփվել, զրուցել, կիսվել: Մեկ տարի անց քուրս ու ախպերս էլ տեղափոխվեցին ԱՄՆ՝ ես չգնացի: Ավարտելուց հետո ընդունվեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, հետո դարձա Վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար, հետո բազմաթիվ տարբեր ծրագրեր առաջ քաշեցի ու փորձեցի իրագործեմ ու արեցի մի մասը, փոքր մասը, հետո էլի քաղաքականություն և իմ սկզբունքները, էն սկզբունքերը որոնց համար էի ընդունվել ու որոնց հետևելով էլ որոշեցի դուրս գալ, մարտի 1-ին ազատման դիմում գրեցի.. երբ ճահիճը արդեն սկսում է դուր գալ, ժամանակն է դուրս գալ… այ էսպես, իսկ հենց նոր ընկերս՝ Դինջը եկավ տուն ու ես պետք է ավարտեմ այս երկարաշունչ, թռի վռի պատումը, թեև գուցե մի օր, խոր ծերության վերադառնամ ու լրացնեմ և բացահայտեմ ավելին քան այսօր ինձ թույլ տվեցի, խորանամ ավելի քան հիմա կարող եմ, ներկայի մասին գրելը միշտ ավելի դժվար է.. այսքանը, Քրիստը կների իր և Բունի մասին չգրելը, Ռեյը մեր ամուսնությունը մասին չխոսելը, չէ որ արդեն ստորագրել եմ զագսի թուղթը, Դինջը շնչիս է կանգնել, նայում է, թե ես ինչ եմ անում, իսկ ես չեմ ուզում ու չեմ ուզում այսօրս գրել հիմա:  

մեզ էլ են կերակրում

Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:

#

Վաղոյի վերնաշապիկը հանում ու ոնց է ինքը ոգևորված պարում հենց նոր միացրած շալախոյի ներքո գրկած երկու կրծկալ և ծիծեռնակ ու ես հրաժարվում եմ հերթական քսմսոցից որովհետև հավես չունեմ ու մի տեսակ անհամ բան կա էս ամենի մեջ մենք մրցակցությունից դուրս ենք այս դահլիճում մեկ մենք ենք մեկ էլ դանդաղաշարժ ու քձիբ երկու բիձեքը