Հարեմի վարդ

Լուսանկարը` Աննա Մուրադյանի
01/09/2005

Հարգելի ընթերցող, հետևյալ գլուխկոտրուկը լուծելուց հետո ձեր պատասխանը կարող եք համեմատել հեղինակի տարբերակի հետ (վերջում թարս տպված)։ Համընկնման դեպքում դուք կարժանանաք «Հարեմի վարդ» մրցանակին, լուծման այլ տարբերակները կարող եք ուղարկել violet@freenet.am հասցեով կամ պարզապես բերել ՆՓԱԿ։ Լավագույն պատասխանները կտպագրվեն մեր հանդեսում։ Հաջողություն ձեզ։

7 կույս քույր + 7 գդալ + 7 պատանի + 7 զույգ կրունկ + 7 պառավ + 7 բերան + 7 այրի =

Հարեմի վարդ

Դու իմ միակը՝ ճակատագրով,
Ես քո քսաներորդը՝ թյուրիմացաբար...

Յոթը կույս քույր մորուքավոր կաթսայի շուրջ բոլորակի պտտվում են, յոթը գդալ չխկչխկացնում ու խառնում են թանձրուկը տաք, սոսնձային, ապա կպչուն այդ շաքարով՝ իբրև մազխիլ, պոկոտում են (վա՛խ, մամա ջան) աղվամազերն իմ մարմընի, յոթ զույգ ձեռքեր, յոթը ոլոր թելօղակներ պտտելով էպիլատոր, շխկշխկալեն պռճոկում են արմատախիլ, մազազերծում-պլպլացնում անութներս ու ցայլքս խուճուճ…

Պատրաստում են ինձ գիշերվա տիրոջ համար։

Յոթ պատանի անամորձի (բայց աչքերով, ա՜խ, աչքերով թաց ու նվաղ ո՜նց են սիրում, ո՜նց են գգվում), կոնքաշորով լոկ ծածկոռիկ (մարմնամասե՜ր հիացնողիկ), կավե խոշոր տաշտակի մեջ յոթ զույգ բոբիկ կրունկներով տոտիկ-տոտիկ տրորում են վարդաթերթեր յոթգույնանի, ու բժժած ու նվաղուկ, վարդաբույրի ոստայնի մեջ խճճված ու թմրաշշմուկ, հույլ դանդաղուկ շարժումներով, վարդայուղի կաթիլներով լվանում են (ո՜ւխ, մամա ջան) թևատակեր, ծնկածալերս քրտընուկ…

Պատրաստում են ինձ գիշերվա տիրոջ համար։

Յոթը պառավ՝ առանց ատամ, որ բերանով նուրբ սիրելու գիտակներ են հմուտաշուրթ, մխրճում են մատներս տաք շիլախյուսի մեջ հինայի, ծալապատիկ շուրջս նստում, երգ են ասում, ծափ են տալիս ու օրորվում, ծափ են տալիս, օրորվում են, երգ են ասում, օրորվում են, երգ են ասում, ծափ են տա… տա… Տաք մատներս՝ տասը օձեր, գալարվելով փաթաթվում են մարմընիս շուրջ և հինայի կարմիր հետքեր գծում մեջքիս, ազդրերիս ու ստինքներիս՝ հանց մտրակի հետագծեր, որ այրում են զոլզոլակի… Ու սրտիկիս աղաղակը լեղաճաքիկ (ջո՜ւր, մամա ջան), երբ սափորից թափանցիկը թափվում է հա մեղրակաթիկ (շուրթիս մոտիկ մոտեցողիկ պաղ-պաղակի, բայց անցողիկ, բայց հպանցիկ հոսողակի ու անցողիկ, ա՜խ, անցողիկ վաղվաղակի) ու չի դիպչում լեզվիս ծայրին, մոտենում եմ՝ հեռանում է, ձգմգվում եմ՝ խույս է տալիս, ախ, մի կում ջուր, գոնե՝ կաթիլ հաշ երկու օ… Մատներս ասես տաք լավայե ձեռնոցներում տաս մեղապարտ, և լիզում է (ականջը՝ խուլ) շեյթանը հուր, կրակակուլ լեզվով քյարթ-քյարթ ջհաննամի փայաբաժին ֆալանգներս մատնիքազարդ… Վա՜յ, արթնացրին (ննջե՞լ էի), ինձ արթնացրեց լռությունը հանկարծակի, էլ չեն երգում, ծափ չեն տալիս ու օրորվում պառավները, լուռ լիզում են ու մաքրում են մատներս ալ հինայոտիկ, բոսորուկ ու կարմրոտիկ, երկայնակի կլլումներով ագահոտիկ ու հևհևուկ լպստում են հատիկ-հատիկ…

Պատրաստում են ինձ գիշերվա տիրոջ համար։

Յոթը տարի այր չտեսած յոթը այրի, որ ամուսին ոչ թե հողում, այլ մտքում են թաղել միայն (փազըլզի պես կտոր-կտոր հավաքելով մարմնամասե՜րն ինքնազոհիկ պայթեցըրած մետրոներից ու շենքերից), իրենց թքով ու արցունքով խմոր հունցում ու քսում են արմունկներիս ու հոդերիս, տրորում ու փափկացնում են կրունկներս կլորակի, ձիթայուղով ու թուրինջի կեղևներով, անանուխի տերևներով ճըմըռում են մաշկս ամբողջ, վարդի յուղ են քսում ննջուն երակներիս ու գրգռում արյունս կիրք ու մոլությամբ և բուրավետ մուշկ ու խեժով սանրում են ձիգ մազերս նամ ու հյուսում են քառսուն ճյուղ ծամ, որ բարձրացնի քառսուն անգամ, քառսուն կանգուն ցանկությունը սիրո շեյխիս… Ու փայլփլուն ոսկիներով ու զնգզնգան ուլունքներով ու խշխշան մետաքսներով զարդարում են մարմինս նոր՝ արևելքի տերմինատոր (ամբողջովին գույն եմ ու բույր, զնգզնգոց եմ ու շողշողանք և ցայտասփյուռ ու ցոլացիր էպիկենտրոն եմ՝ իգության մշուշներում ինքնապարույր)… Ու բուրավետ շամամների հետ մեջեմեջ դարսդարսաշար շղարշներն են բերում յոթգույն ու շերտ առ շերտ ու ծալ առ ծալ փաթաթում են ինձ յոթը տակ, պարուրում են, պիրկ բարուրում, իսպառ ծածկում ու թաքցնում՝ բոժոժի պես խոստումնալից- տակավին գոց, զուսպ երաշխիք ու փակ ծրարիկ ոսկեզօծ, վայելքատու գաղտնադուռ ծոց… Ախ, բանալին ո՞ւմ ձեռքին է (դեռ չեմ տեսել դեմքը տիրոջ), ե՞րբ կմտնի փականքիս մեջ ու կբացի ինձ իմ առջև (ներսի կողմից սիրտս է թակում), որ ներս անցնեմ ինքս իմ շեմից, գտնեմ իրեն… Նա, ով գիտի կոդը ծածուկ, կբացի այս հանգույցը խուլ ու փուլ առ փուլ ու տող առ տող, անդուլ, անդող կլուծի մութ ռեբուսը իմ գլուխկոտրուկ…

Պատրաստ եմ ես, ահա, մտիկ, համառ գաղտնիք՝ ծայրեծայր գոց, վերիվար փակ, մունջ շշնջոց, համր աղաղակ… միայն աչքերս են անծածկոց (և աչքերով, ա՜խ, աչքերով թաց ու նվաղ ո՜նց եմ սիրում, ո՜նց եմ գգվում)։ Այս կողմ նայիր, խալիներին, մութաքաներ ու բարձերի արանքներում, հաճկատար ու սրտաշահիկ, հանց տղեկին՝ հուրախություն (ինչպես նոցա՝ եղևնու տակ, գուլպաներում) դրված ընծա՝ անակնկալ ու փայլփլուն, պտույտ-պտույտ կիպ փաթաթուկ շղարշներով յոթնակիտուկ (իր թերթերի մեջ թաքնված վարդի միջուկ), որ կբացվի սպասարկու՝ հենց մոտենա, կամաց հպվի գիշերվա Տերն իմ ահարկու…

Բազմիր գահիդ, իմ փադիշահ, ծոցիս շահիդ, գոգիս փաշա, շահինշահն ես այս գիշերվա, ախ, մաշշալլահ… Իմ մեծ պարոն, իմ նահապետ, վարդակրոն իմ վարդապետ, բալնիքապահ գոռ բանտապետ, իմ ջանի ջահ, վարքի վարպետ… Հեզաբարո, սակավապետ՝ արտոնյալն եմ քո կանանցից, քսանի մեջ շնորհընկալ եմ արտահերթ, հյուրընկալեմ տաղավարում իմ մարմնակերտ, ինձ հետ խաղա, սրտիս աղա…

Թիթեռների, բզեզիկի ու մեղվի հետ պախկըվոցի խաղ խաղացող վարդի նման, թաքնվել եմ ինքս իմ մեջ, ով ինձ գտնի, հեչ չի փնտրի ուրիշ ոչինչ… Աչքախուփիկ դե պտտվիր, շուրջբոլորս դե թռվռա, խոստումներդ մեծ-մեծ թվիր, ոսկիներդ սփռիր վրաս, գովքս արա՝ կերկերաձայն ու ծործորուն, սիրուն-սորուն, համով-դամով բառուբանով, որ ես բացեմ սիրով-կամով սիրո տուփիկն իմ տոչորուն, ուր նիրհում է կեսքուն-արթուն, ափիոնի բույրով արբուն կուսության վարդն՝ ինքնահմա, ինքնադյութ ու ինքնօրորուն…

Կանգնիր այդտեղ՝ ձեռքդ սրտիդ, գլխահակ ու ոտաբոբիկ,
Ցուցամատդ թրջիր լեզվով, թերթիր մեկ-մեկ սրտիդ դավթարն ու ծլվլա պերճաբարբառ,
մի բեյթ ասա իմ աչքերի փայլի մասին,
մի բեյթ ասա իմ անթերի ձայնի մասին,
մի բեյթ ասա իմ մազերի սաթի մասին,
մի բեյթ ասա մաշկիս ճերմակ կաթի մասին,
մի բեյթ ասա շրթունքներիս համի մասին,
մի բեյթ ասա կրծքիս շամամների մասին,
մի բեյթ ասա իմ լալազար պորտի մասին,
մի բեյթ ասա էշխից զարկված ճորտիդ մասին,

ասա բառ-բառ, ասա բեյթ-բեյթ, ուլունքաշար բառաշքերթ, գդալ-գդալ շրթունքահար՝ կերակրիր խոսքի շերբեթ, ողկույզ-ողկույզ քո բառերով ականջասույզ, քո բառերով գիլա-գիլա, կերակրիր քաղցր շիրա… Սեղմիր պոմպը քո խոսքամուղ ու խոսքացիր, ժիր խոստացիր, տաք արյունով իմ ինքնաեռ սրտագդալս ցողցողիր, տարփողիր իմ մարմնամասե՜րն հիացնողիկ, հարաճողիկ ներբողներով լորձաշողիք ինձ ողողիր, ինձ խողխողիր տողիկ-տողիկ… Քո կատաղի տաղիկների հորձանուտում, ալիքներում խաղիկներիդ, հնչյուններում գալար-գալար ու բառերի բեկբեկաշար դարձդարձուտում քո շենշողիկ ես կլողամ տողիկ-տողիկ, շնչակտուր, սրտադողիկ…

Թերթիր էջ-էջ սրտիդ դավթարն ու մեջեմեջ դարսդարսաշար հին բառերի փոշին փչիր դու մերթընդմերթ, սրբիր շերտ-շերտ, կարդա թերթ-թերթ… Գիշերվա շեյխ, սիրո իմամ, ասա՝ սալա՜մ, բացվիր, Սամ-սամ… Ամեն բառդ մի բանալի հնարալի, ու կբացվեն պատրաստակամ ու սիրալիր, հոժար ու ժիր դարպասները քո վասալի…

Գիշերվա պետ, ինձ ման արի ու ինձ ճարի, ինձ որոնիր ու ինձ պեղիր, փաթույթ-փաթույթ, շերտիկ-շերտիկ, պռճոկիր իմ թերթիկերը փերթիկ-փերթիկ, մինչև գտնես միջուկի մեջ թաքնաթաքույց մարմինս, որ պատրաստել են սիրո սատար մեծ յոթնյակը ու վստահված անձինք սիրո։ Դե, շուտ արա, ծարավ եմ ես գտնվելու, կամ նրբորեն՝ սպանելու նման դանդաղ, կամ կատաղի պատառելով հանիր մեկ- մեկ
կապույտ փեշս,
(չէ, չգտար, այդտեղ չեմ ես)
դեղին փեշս,
(այդտեղ էլ չեմ, ո՞ւր եմ, տեսնես)
կանաչ փեշս,
(եթե գտնես, իմ անձիկը՝ անձիդ փեշքեշ)
կարմիր փեշս,
(ախ, շուտ արա, վառվում եմ ես)
ճերմակ փեշս,
(չեմ դիմանում, արդեն թաց եմ ու նվաղուն)
սեփ-սև փեշս,
մանուշակա… ծի՛կ, այստեղ եմ,
ահա և ես,
դու ինձ գտար, իմ բախտավոր, հին ուխտավոր,
ես ճամփա եմ, դու՝ ոտավոր,
ես՝ սիրային ոտանավոր, դու՝ կարդացվոր,
ոտի տակ տուր ինձ ծայրեծայր, ո՜վ անցավոր, ինձ գոց արա, անգիր ասա խալերիս տեղն, երակներիս քարտեզը բիլ՝ ծործորաձայն ու հանգավոր…

Տեսեք, տեսեք, բայց սա ի՞նչ է, հանգերը կան, բառերը՝ չէ, ծործորը կա, իսկ ձայնը՝ չէ, կարդացը կա, իսկ վորը՝ չէ, ոտքերը կան, և ուխտը կա, և բախտը կա, ավորը՝ չէ, ախ, ավորը չկա որ չէ…

Ա՜խ, ո՞ւր ես դու, Շամս ու Լուսին, աներևույթ իմ ամուսին, հիմա արդեն իմ հերթն է, հա՞, գտնելու քեզ, որ մերթընդմերթ տեսանվում ես այս տողերում՝ այս ճաքճքած հայելու մեջ՝ կտոր-կտոր ու բեկբեկուն ու կես առ կես։ Ինչ ճարպիկ ես դու պախկըվել, ինչ մազալու, մասնատվել ես, ցրիվ եկել այս էջերում՝ մաս-մաս ու լուռ… Ծունկս գետին տամ ու չոքեմ, այս տողերը մի լավ քոքեմ, կտոր-կտոր, հատված-հատված, հավաքեմ քո մարմնամասերը մասնատված, հավաքեմ քեզ փշուր-փշուր, պճեղ-պճեղ, ամենեցուն ի լուր՝ հնչեղ, հավաքեմ քեզ հնչույթ-վերջույթ, մակդիր-նախդիր՝ այս շարույթից, ինքնավարույթ այս ասույթից՝ ճիշտ ու լրիվ ու անխտիր…

Բայց չեմ կարում քեզ հայթայթեմ, բացահայտեմ, ոտուգլուխդ կարկատեմ, ի մի բերեմ ու պարտակեմ։ Դու կիսվելով, կիսկսվելով բազմանում ես ու շատանում, ամեն մասդ կյանք է առնում ու դու դառնում, ու որ մասիդ էլ հանդիպեմ, ամուսինն է իմ բազմադեմ… Այրի եմ ես բազմամուսին, որ մեկի հետ դավաճանում եմ մյուսին, մերթ գլխիդ հետ եմ շնանում, մերթ՝ սրունքիդ, մերթ՝ շրթունքիդ, մերթ՝ կրունկիդ, մերթ շնանում եմ խմբային, խոտորակի, երբ մասերդ մերձենում են ինձ միասին բոլորակի…

Մոտեցիր ինձ, իմ հոգնակի,

Տաք մատներդ՝ տասը օձեր, փաթաթվում են իրանիս շուրջ ու դաղում են զոլզոլակի… Սեղմիր, խեղդիր, ցայտաղբյուրից քո սերմնացիր տասը կաթիլ խիտ ու կծու թունավոր դեղ զեղիր իմ մեջ, հեղիր արյունս կուսական՝ խալիներին, մութաքաներ ու բարձերին, շղարշների վրա յոթգույն… Ամեն կաթիլ այդ արյունից, իմ արգանդից զավակատու կելնեն` ասես զորաշքերթ, երկվորյակներ՝ աղջիկ-տղա, զատ-զատ ու ձույլ, ալլահատուր զինամթերք, ատամիս տակ արտազատ թույն (մահու շերբեթ), շատ ավելի բարձր ու անթեք, քան թե քարե երկվորյակներն՝ թույլ, անձնատուր… Չեն վերջանա, չեն ավարտվի, քանի դեռ կամ՝ էպիկենտրոն վիրուսացիր ու մահասփյուռ, ես կծնեմ յոթը յոթ պորտ, համավոր սորտ, կամավոր ճորտ… Ես կգրեմ պերճաբարբառ իմ ղալամով գեներատոր, և էջ առ էջ ու տառ առ տառ, մեջեմեջ ու հատհատաշար սրտիս դավթարն հատոր-հատոր… Ու կադր առ կադր հարակատար այս սերիալում փյունիկաբար միշտ կբսնեն երկվորյակներ՝ մեռնող-հառնող տերմինատոր… Հար կծնվեն կույս արյունից իմ վարդագույն՝ ալ մելանով գրված բառ-գույժ՝ փակ ծրարում ինքնապարույր, երկվորյակներն իմ վարակիչ, ախտահարույց- համառ գաղտնիք, վերիվար փակ, ծայրեծայր գոց, միայն աչքերով անծածկոց նրանք կայրեն ու կավերեն կանաչ դևի աշխարհն ամբողջ՝ զզվելի խոց, նրանք կգան զուգածին ու թուիքս-թուիքս, արհեստական ու խաբուսիկ վարդերով բակն այս կջնջեն՝ հանց ալլահի աջով խառնած ու ավերած փազըլզ-մատրիքս։

Ալլահո աքբար։

Պատասխան.

Տանտիրուհի, թե գործարար կին, երիտասարդ, թե… ոչ այնքան երիտասարդ, կանանց հատուկ ճգնաժամային օրերի ընթացքում, թե կլիմաքսից անդին՝ դուք ամեն օր վտանգում եք ձեր միջի Կնոջը։ Կենցաղային կամ աշխատանքային կարիերայի հոգսերը, գիտությանը կամ ընտանիքին անմնացորդ նվիրած ձեր էներգիան սպառում-խամրեցնում են Կանացիության հավերժական գաղտնիքը։ Կաթսաներն ու համակարգիչը, տակաշորերն ու փորձանոթները ձեզնից խլում են խորհրդավոր աստվածության դեմքը։ Վերագտե՛ք ձեր էությունը, արթնացրե՛ք Կնոջ առեղծվածը, աստվածային շնորհը, որ ձեզ դարձնում է բացառիկ։ Դժվարանո՞ւմ եք, չգիտեք որտեղի՞ց սկսել… Մենք ձեզ կօգնենք։ Դուք արժանի՛ եք դրան։

«Հարեմի վարդ» գեղեցկության սրահը հրավիրում է ձեզ վայելել արևմտյան նորագույն լաբորատորիաներում քննություն անցած մեթոդներով ու միջոցներով զինված մեր հմուտ վարպետների ծառայությունը՝ հետևյալ յոթ մասնագիտացված բաժիններում.

– վարսահարդարում
– դիմահարդարում
– մատնահարդարում
– լազերային էպիլացիա
– մերսում
– շեյփինգ
– հագուստի և ակսեսուարների ձևավորում

Մի՛ հետաձգեք, այսօր ևեթ այցելեք մեզ, ձեր հմայքի բանալին մե՛ր ձեռքին է։ Մենք Կին ենք արարում ոչ թե Ադամի կողոսկրից, այլ բոլորովին ուրիշ նյութից։ Մեր մասնագետների նպատակը ձեզ երջանկացնելն է։ Մի՛ հապաղեք, զանգեք այսօ՛ր, հենց հիմա՛։ Դուք արժանի՛ եք երջանիկ լինելու։ «Հարեմի վարդի» դռները բաց են ձեր առջև ամեն օր, 10։00 – 22։00, բացի երկուշաբթի օրվանից։

Մենք աշխատում ենք ձեզ համար։

«Հարեմի վա՛րդ», հիշե՛ք այս անունը, դա ձեր իրական ծննդավայրն է լինելու, ձեր ծնողը, ձեր հայրենիքը, որին երբեք չե՛ք դավաճանի, եթե մեկ անգամ այցելեք։ Մոռացե՛ք ուրարտացու համեստ վայրագությունը և կիլիկիացու ցասկոտ զսպվածությունը, միացե՛ք աշխարհի բուրմունքին։ «Հարեմի վա՛րդ» – նո՛ր անուն՝ աշխարհի հնագույն առեղծվածին։ Ամեն օր՝ բացի երկուշաբթի օրվանից։

Print

2 Արձագանքներ Հարեմի վարդ

  1. Xacatur -ը ասել է:

    Lsel em duq dzi eq pntrum
    Erkaravot,boyov,ankam
    Xrxnjal em hamardzakvum
    hovatakn ayd es em vor kam

  2. բարւեներով եւ հարգանքներով:
    հայերէնս դեռ շատ սահուն չէ չընայած որ հայ քրիստոնեա անւանի ընտանիքի զաւակ եմ իսկ անընդհատ պարսկերէնով եմ հետաքրքրւած դրա համար է որ մայրենի լեզուս էսպէս է ՝ պէտքէ ներեք:
    Ստիւենս Կրասկեան եմ , 39 տարեկան, ընտանիքս եղած են Թաւրիզեցի իսկ ինքս Թեհրան եմ ծնունդ արած, պարսկերէն լեզու գրականութեան լիսանս ունեմ ազատ համալսարանից , 20 տարի է գրում եմ ու միքանի հաւաքածուներ էլ պատրաստ ունեմ հայերէնով իսկ սէրս նորէն պարսկերէնով գրելն է որովհետեւ թէ ընթերցողները շատ են թէ իմ կարծիքով այդ լեզւի կարճ բառերով առաւել բաենր կըլինի ստեղծել:
    մինչեւ այս օր երկու հատոր գիրքս հրատարակել եմ ՝ երկրորդ գիրքս՝ բէ սորկհեէ սհաֆաք անւամբ իմ արձակ բանաստեղծութիւններս են փոքրիկ է ՝ 38 էջերից կազմւած ու 24 ապրիլի համար է իսկ որովհետեւ իմ հնարած նոր « թաշբիհներ » եմ օգտագործած մահմեդականները շատ են հաւանում ընկեր ու անծանօթ ինձ հայերի Ահմադէ Շամլուն են անւանում ՝ ղնորհակալ եմ նրանցից ու եղբօրիցս՝ պարոն դոկտոր Ադիս Կրասկեան ից ՝ համալսարանի պրոֆէսոր է ու համաշխարհային բարձր անուն ունի դոկտորա ունի հոգեբանութիւնում ու գիտնական հոտւածները Իրանում ու Գերմանիայում ու Ամերիկայում եւ Հնդկաստանում ու այլ երկրներում ընդունւած ու գնահատւած են:
    Նա է դեռ գրքերիս հիմանակ հրատարակման ծախսերը վճառում ու արդէն երրորդ գիրքս մանկական կարճ պատմւածքներս իրաւունք է ստացել էրշադից որ մինչեւ ամառւան կը հրատարակւի:
    հարգելի
    13 տարիներ Ի.Գ.Մ. ի անդամ եմ եղած ամեն կերպով անպատւեցին համբերեցիմ ասացիմ ճանապարհս կարճ չըմնայ մինչեւ 6 տարի առաջ որ սկսեցին էդ միւթեան աթոռի համար ոչթէ ամենքն այլ մի քանի անւանիներն իրարու իրոք անկապ ու անամոթ խօսքեր ասել որ զզւեցնում էին մարդու մարդկութիւնից էլ ինչ մնա հայութիւնիցը
    վարանդի հետ սիրտս բաց էր նամակ գրեցիմ բողոքամ որ հայկական համայնքները կեղտանոց են ու մդածամ սրտնեղութիւնս գաղտնի կըմնայ նրա մօտ իսկ հարգելի վարպետս անմիջապէս սրտնեղութեանս նամակը հայնեց մի հայ տղայի ու նա բջջիս վրա ինձ բոզի բերած ու թրքացած անւանեց ես տարիներ էդ անամոթ փոխպատասխանը պահել էիմ մինչեւ 3 տարիներ առաջ պատահաբար ինտրնետում ծանօթացամ մի մահմեդականուհու հետ Քերմանցի անչափ տանճւած՝ ինքն չը լսի Ֆարզանէն մանկութիւնից մարմնի ոսկորները հիւանդութեան բերումով բոլորովին կորցրած է ու ոսկորները ամերիկան իսկը երկաթներից են իսկ անչափ բարոյական է անչափ հուշիմ լրիւ Քերմանում համալսարանում լիսանս շրջանում եղել է առաջին աշակերտ ու նաեւ բժշկական օգտաւետ ու բուժիչ հետաքրքիր բաներ է կարող ինձ էլ սովորեցրաւ ես միայն կէս ժամ մոտիկից հանդիպել եմ նրան իր մարմնի չէկապի համար էր եկել նրա տանճանքներին ընծայեցիմ մի ոսկի դրամ որ նրա քաջալերանքները ինձի դրա հազար հաւասարն առժէք ուներ որ նա իմ սրտիցս քէնը հանաւ հայերի յանդէպ երբ տեսնում էիմ էդ պաեմաններովը նորէն հոյսով է սիրով ու ազնիւ ու հարգանքով
    ես սիրահարւող մարդ չեմ ընտանիքս անչափ ազգամօլ են եղած հօրեղբայրս Ալիքի գլխաւոր ճարտարապետն է եղած նա քաջալերաւ որ Վարանդին վէցը տարուց հետո նամակ ուղարկեմ ու գրքիցս նւիրեմ արեցիմ իսկ լուր ըկար
    շատ սրտնեղւած եմ հայ գրողներիցը
    Քէրմանի սիտերում նւիրած ձեռքիս գործը դրած են նաեւ քննարկում են գիրքս
    վազնա սիտում քննարկել դրած են
    հոդւածս դրած են մահմեդական կրոնամօլ սիտերում շատ հարգանքով
    մահմեդական անւանի մարդիկ ասում են թէ հայոց կոտորոցն իրոք էսպէսէ եղած ուրեմն ամօթ մեզի
    հետոյ Ալիքում չեն հրատարակում քրքիս լուրն որ հայ աշխարհն էլ տեղեկանա
    վարանդը տարիներ առաջ զանքահարեց որ իր սուր եւ ստւերի քննարկումը չասեմ մահմեդականների մօտ
    հետոյ իմ ազնիւ բողոքիս դիմաց էն պէս անպատւեց ինձ իմ տասը երեք տարւաս հարգանքիս դէմ
    էն տարիներին
    Արփի Ալեքասնրի գրքին Վարանդը քննարկել էր որ իր ասածը ճիշտ էր իսկ քրիստոնեա հայ կինը օր չէր խօսիմ հետն ու Վարանդին հոմոիսեքշուալ չանւաներ ու նրա կնօչն անբարոյական
    Սուրիկ Մնացականեանն դրան հիմարների աստւածն էր անւանում էս օր դրա քամակն էլ համբուրում է
    Ադիս Իսաղուլեանն ինձ ասաց թէ ես ներկայ չըգտնւեմ միւթիւնումս ու չը քննարկեմ Վարանդին ու նա նախագահ չըդարնայ ասած Ադիսին Անդրանիկ Սիմոնեանի նման փոֆիյուզը ընտրւի էլ Վարանդը չի թքի իմ երեսիս
    Արփին քաջալերեց որ բողոքի ձայնիս համար հրաժարական տամ միւթեանն որ ասաց նա էլ 17 կին աղջկայ հետ հրաժարւելու են էս մէկը շատ է բորբոքում սիրտս էս անբարոյական միտքեր ունեցող ստախօսի խոսքին խաբւեցի հրաժարական ուղարկամ ու նա չըհրաժարւեց ու ես եղամ նրա սելով ստախօս
    տարբեր օրգաններին բողոքել եմ
    դուք մէկ անգամ հայաստանի գրողների միւթեան հասցէն ինձ տւեցիք էլ չեմ ուզում
    արդյոք դուք լինեք էս բոլոր սրիկայութիւների անպատւութիւնների դիմաց կը բողոքեք էրշադին թէ չէ
    իմ գրւածքներն շատ ուժեղ են իսկ էրշադը հաւանում է շուտ է իրաւունք տալիս դրա ցաւը չըկայ
    արդյոք բարի չեմ լինի հասարակ պահանճս էլ չստանալու համար փոխարէն բոլոր ստորութիւնների դէմ էրշադին բողոքեմ բա ինչու հարքելիների գրքերը անօրէն առանցի էրշադի իրաւունքին են հրատարակում որ վատ պատիժ էլ ունի
    նրանց ասել եմ մինչեւ ամառւան լուրը չըտպւի նաեւ բողոքելու եմ անւանի մահմեդական օրգաններին
    եթէ հասցէ որեւէ տաք ձեզ համար մէկ նմուշ գրքիցս կուղարկեմ որ արդէն պարսկերէնից տեղեակ եք կարիք չըկա թարգմանեմ ու մէկ նմուշ էլ Սերգէյ Դանելեանին քանի ամիս է արբանեակս կտրւաղ է տարիներ հետեւել եմ թէ գաղտնի տաղանդի ծրագիրը եւ թէ պարոն դանելիանի հետաքրքիր արւեստները որ այստեղ սուրիկի նմաններ շատերի խանդն է շարժել
    շնորհակալ կըլինեմ

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

18 − eighteen =