Ինքնագիր 3-րդ համարի խմբագրականը

Լուսանկարը` Աննա Մուրադյանի
15/06/2008

Սահման: Մեկը սովետական փշալարերի մեջ “ծնվելու անբախտություն” զգացողը, հազարավոր կիլոմետրերի այդ սահմաններից դուրս պրծնելու մեջ է պատկերացրել երջանկության հնարավորությունը, մի ուրիշը` սեփական մարմնի սահմաններից` թեկուզ 30 սմ-ով: Մեկը թմրադեղային թռիչքով փորձել է ազատվել մեր հասարակության ներշնչած վախերի սահմաններից, մյուսը` աֆղանական պատերազմի, երբ սովետական փշալարերով սահմանը ուրիշ երկիր արտահանելու ռազմական գործողություններին մասնակցելովª հայտնվել է սահմանային իրավիճակում:
Միայն Սովետում ծնվածնե՞րն են այդպես ձգտում քանդել ու ազատվել սահմաններից, ապա հայտնաբերում, որ փշալարն արդեն “մարմնի մեջ է մխրճվել” ու ինքնության մաս դառել: Բայց Սովետը քանդվեց, ու պարզվեց, որ սահմաններն ամեն տեղ են, մարդն հենց սահման է` ուր էլ ծնվի, ինչ ազատության մեջ էլ մեծանա: Աչք ծակող կոպիտ մետաղալարերին փոխարինում են անտեսանելի “զոնթիկները”, որ սահմանվում են մարդկանց, հասարակությունների, մշակույթների մեջ ու միջև։ Գրականությունը հայտնվում է իր սահմանագլխին, փորձում սահմանազերծվել, բայց էլի վերասահմանվում է։ Մեր անազատ կյանքի ու մշակույթի ընդհանրությա՞մբ է բացատրվում, որ  տեքստերում հայտնաբերում ենք սահմանները նշելու, հարցադրելու, վերանայելու կամ հաղթահարելու խնդիր, թե՞ “Ինքնագրի” տարածքն ինքն է սահմանում այդ միտումները:
“Նորից կամ կրկին”-ը սակարկելով մատնում է հոսքերի համընկման սահմանները` ֆինանսական  սիրախաղի` գուցե հենց բանաստեղծություն կոչվածի հետ, իբրև թաքնված հասցեատիրոջ։ Էլեկտրոնային շրջանառության պայմաններում թուղթ-դրամը վերասահմանվում է իբրև բանաստեղծության հումք: Նախատեսվող գործառույթի սահմաններից դուրս հանված տեքստը առաջարկվում է ընթերցանության “առանց գրականության”: Լաբիրինթոսը կառուցվում է բազմաթիվ հղումներով ու ցիտատներով, գրաբարյան “սրբազան” բառաձևերից մինչև փողոցի խոսք, բարբառներից մինչև օտարալեզու արտահայտչաձևեր ընդգրկող բազմաշերտ լեզվով, բայց ներքին սահմանների ծուղակ-փակուղիների փոխարեն ամեն քայլ տարբեր ելքուղիներ է հայտնաբերում, որ բազմապատկում են դեպի իրականություն բացվող դռները:
Մի սահման էլ է խախտվում “Բնագիր”-“Ինքնագիր” պատմության մեջ. միայն հայերի այս գրական աշխարհը առաջին անգամ ներգրավում է ոչ հայի, և այն երկրից, որի հետ մեր սահմաններն ամենախիստն են հսկվում: Ու հեղինակի հետ “Ինքնագիրն” էլ է ուզում “տեսնել սահմաններ չունեցող գրական համագործակցությունը”:
Ու մի անակնկալ, թե ակնկալելի զուգադիպությամբ, մեկը` Սփյուռքում, մյուսը` Հայաստանում, հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի 106 բանաձ¢ի քաղաքական, քարոզչական սահմաններց  դուրս են գտել իրենց նույնությունը 106-ի հետ:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

twenty + 1 =