hero

 

Սկիզբը այստեղ

6

 

«Ձկնե´ր, ձկնե´ր, այդ ես եմ, ձեզ կանչում եմ, սիրուն ճարպիկ ձեռքեր ջրի մեջ: Ձկնե´ր, դուք նման եք դիցաբանությանը: Ձեր սերը կատարյալ է, իսկ ձեր տարփանքը` անբացատրելի: Դուք չեք մոտենում ձեր էգերին, բայց ահա՛ խանդավառվում եք` հենց միայն ձեր հետևից թելի պես ձգվող սերմնաշիթի մտքից, հենց միայն խորհրդավոր ձվադրման մտքից, որ առաջանում է փայլփլող ջրերի ստվերում մեկ այլ համր, անանուն կրքից: Ձկնե´ր, դուք սիրային նամակներ չեք գրում իրար, դուք ձեր ցանկասիրությունը գտնում եք ձեր իսկ նրբագեղության մեջ: Ճկուն ձեռնաշարժներ երկու սեռերի, ձկնե՛ր, ես խոնարհվում եմ ձեր գլխապտույտ զգացմունքների առաջ: Երանի՜ երկինքը կամենար, երանի՜ երկիրը կամենար, որ ես կարողանայի այդպես դուրս գալ ափերիցս: Որքա՜ն հանցագործություններ կշրջանցվեին, որքա՜ն դրամաներ հետ կմղվեին դեպի հուշարարի անցքը: Ձեր թափանցիկ թափանցումներ, խաչվա՛ծ Քրիստոս, ա՜հ, ինչքան եմ դրանց նախանձում: Ջրային ընդերքի սիրելի աստվածություններ, ջղաձգվում եմ, թպրտում, երբ մի պահ մտածում եմ ձեր հոգու այն պահի մասին, ուր ձևավորվում է տարփանքի գեղեցիկ ջրիմուռը, որի ոստերը ճյուղավորվում են ձեր նրբին էություններում, մինչ ջուրը ծածանվում է ձեր մենության շուրջ և լսելի է դարձնում դեպի ափերը ծփող ալիքների երգը: Ձկնե´ր, ձկնե´ր, հաճույքի կայտա´ռ պատկերներ, ակամա բեղմնավորման մաքուր խորհրդանշաններ, ես սիրում եմ ձեզ և կանչում եմ ձեզ, ձկներ` նման օդապարուկների: Ձեր թողած շիթերի գոգավորման մեջ նետե՛ք կրքի լողանները` նշանները ձեր մտավոր մեծության:

Ձկներ, ձկներ, ձկներ, ձկներ:

Բայց մարդը նույնպես երբեմն սեքս է անում:

7

Սիրահար զույգի հայացքը նրանց երկու ծայրերի միջև եզրագծում է մի տարածք, ուր ուշադրությունը կենտրոնանում է, և լուծվում են անհատականությունները: Այդ սահմաններում է, որ երբ տարփանքի լույսը զառանցանքի կարմիրից փոխվում է գիտակցության մանուշակագույնի, զգայական հրաշքը կատարվում է ոչ զգայորեն: Այդ ժամանակ, այդ ժամանակ… բայց առաջ չընկնենք:

Այն պահին, երբ քեզ ներս եմ թողնում, ընթերցող, դու, որ այդքան թանկ վճարեցիր անցյալ շաբաթ շրջադիտակի օգնությամբ մի կարճատև տեսարանի ներկա լինելու իրավունքի դիմաց, տեսարան, որ քո թաքստոցից, ուր քեզ զետեղել էինք, մարդկային հոգու իսկական հրճվանքի տեղ դրեցիր, այնինչ բոլորովին էլ դա չէր. այդ արվարձանային գունատ կառեթը, որ նախապես պաճուճել էինք` վախենալով, թե խղճահարությունը քեզ (կամ մեկ ուրիշին, որովհետև հենց կոնկրետ քեզ չէինք սպասում) կպատի` տեսնելով, թե ինչի կարող են հասցնել անառակության խրախճանքն ու վատ կերակուրը, երբ մտքներին դնում են, հանապազօրյա տխրալի փորձառությամբ սովորել էր սեռական հաճույքը ձևացնելու արվեստը` առանց զգալու դրա խայթոցը, արդ, երբ քեզ ներս եմ թողնում Իռենի սենյակը` այո, Իռե՛նն է սեքս անում: Ես նրան լավ եմ ճանաչում, նույնիսկ մերկ վիճակում, նրա ստինքները մի քիչ երկար են իմ ճաշակի համար: Իսկ տղամարդը` նա ինձ մեջքով է շրջված. չեմ կարողանում անվանապես ճանաչել, ճիշտն ասած, եթե առիթ եմ ունեցել այս մարմնին հանդիպելու ինչոր տեղ, ապա անկասկած` շորերով, իսկ ինձ համար հագուստը ստեղծում է տղամարդու անհատականությունը, եթե ոչ կնոջինը: Մերկ տղամարդը, եթե մորուքով է լինում, ինձ թվում է` Հիսուս Քրիստոսին եմ տեսնում: Բայց նա, ով Իռենի վրա չռել էր ազդրերը և նրան կոպտորեն հեծնում էր (երբ թեթևակի բարձրանում էր` նկատում էի չորս ստինք, որ հազիվ էին պոկվում իրարից), դատելով ծնոտների կողային թեթև շարժումներից` ամբողջովին սափրված էր: Եթե միայն կայսերական մորուք[1]  կամ ամերիկյան բեղեր[2]  չուներ: Հենված ձախ արմունկին` ձեռքը Իռենի աջ կոնքին դրած: Աջ ձեռքով հետադարձ շարժումով հափռելով կնոջ ձախ ուսը: Ուժգին սիրահարվածի տպավորություն էր թողնում: Մրմնջալով` ա՛հ, ինձ լա՞վ ես զգում: Իսկ Իռենը` թվում էր սկզբում վախվորած, նախ զսպելով, հետո արդեն իրեն լրիվ հանձնելով` մարմնավարգը ռիթմելով, գրգռելով, չափազանցելով: Ահա՛ նա բորբոքվեց:

Հիմա էլ տղամարդու հերթն էր էգին չափավորելու: Հե՜յ հո՛պ, կամա՛ց: Դեռ չի ուզում վերջացնել կամ, ավելի շուտ` ուզում է սերմնաթափել ազատորեն, ըստ իր զգացած տռփանքի, որը պատրաստ է ժայթքել և որը նա հազիվ է պահում: Հաճույքի խորքում մնում է միայն թույլ հիշողություն, զղջման արտացոլանք այն կրքից, որը դրա աղբյուրն է եղել: Ընթերցող, երբ սեքս կանես, հենց այդ վիճակում մնա՛: Բայց Իռենը մեզ չի լսում նույն ականջով: Հրում է երիկամները, ինչպես ճիչ են արձակում: Պարուրաձև տարուբերում է փորն ու կոնքերը, ճկվում է, ազդրերը կիսաբացվում են ու հետո փարվում անշարժացած տղամարդու ցցին: Իսկ նա` տղամարդը, հիանալի շարժումով հետ է քաշվում ու զուգընկերոջը ցույց է տալիս, որ նրա հանդեպ եղած կիրքը չի նվազել. կծկվող խորշակից դուրս է հանում իր հսկայական ու ծխացող ցիցը: Վերջինս չի հաշտվում դրան, տնկվում է ու փշաքաղվում, երբ իր գերզգայուն ծայրը քսվելով լքում է իրեն հետապնդող ընդերքի մուտքը: Ձգված ձվերը փափուկ խփվում են հեշտոցին: Երիտասա´րդ բուրժուա, աշխատահա´կ բանվոր, և դո´ւ, այս Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա´, ես ձեզ թույլ եմ տալիս հայացք նետել Իռենի հեշտոցին:

Օ՜, Իռենի քնքուշ հեշտոց:

8

Այդքա՜ն փոքրիկ և այդքա՜ն մեծ: Այստեղ է, որ դու քեզ լավ ես զգում, տղամարդ` վերջապես արժանի անվանդ, այստեղ է, որ գտնվում ես կրքերիդ հարիր աստիճանին: Այս վայրը, մի´ երկյուղիր դեմքդ մոտեցնել, և արդեն լեզուդ, զավզակը, չի համբերում, տենչալի ու ստվերոտ այս վայրը, հրաբորբ այս անձավը` իր սադափե եզրերի մեջ, հոռետեսության հրաշալի պատկեր: Օ՜ ճեղք, թաց ու փափուկ ճեղք, գլխապտույտ վիհ սիրելի:

Մարդկային այս ճողփանքում են, որ վերջապես կորսված նավերը, իրենց այլևս անօգտագործելի մեխանիզմներով, վերադառնալով ճանապարհորդությունների մանկություն, ճակատագրի կայմին են բարձրացնում հուսահատության առագաստները: Խուճուճ մազիկների միջից որքան գեղեցիկ է երևում մարմնի այս կտորը. սիրահար կացնով հիանալի կիսված այս ասեղնագործության տակ մաշկը երևում է սիրահարորեն մաքուր, փրփրալի, կաթնեղեն: Եվ արտաքին շուրթերի սկզբում իրար հպված ծալքերը հորանջում են: Դյութիչ շուրթեր, ձեր բերանը նման է այն դեմքի բերանին, որը հակվում է քնածի վրա, ոչ թե լայնակի ու զուգահեռ աշխարհի բոլոր բերաններին, այլ նուրբ ու երկայնակի, և խաչաձև` խոսող շուրթերին, որոնք նրան գայթակղում են լռության մեջ` պատրաստ երկար, հատու համբույրի, պաշտելի շուրթեր, որ կարողացաք համբույրին հաղորդել մի նոր ու ահարկու իմաստ, այլևս ընդմիշտ աղավաղված իմաստ:

Ինչքա՜ն եմ սիրում տեսնել, թե ինչպես է կանացի ընդերքը պոռթկում:

Ինչպե՜ս է նա ձգվում դեպի մեր աչքերը, ինչպես է փքվում, գրավիչ ու ուռուցիկ` իր մազածածկով, որտեղից ճառագում է փորի ու զույգ ազդրերի աննման փայլը` ինչպես երեք մերկ աստվածուհիները Իդա լեռան ծառերի վրա: Շոյեք, շոյեք՝ ասում եմ, դուք ավելի լավ զբաղմունք չեք գտնի ձեր ձեռքերի համար: Շոյեք այս հեշտալի ժպիտը, ձեր մատներով նկարեք այդ չնաշխարհիկ բացվածքը: Այդտե՛ղ. թող ձեր անշարժացած ափերը, այդ պիրկ կորագծին բևեռված ձեր թաղանթներն իրար միանան դեպի ամենակոշտ կետը, ամենալավը, որ բարձրացնում է սուրբ խաչակամարը դեպի իր գագաթը, ո՜վ իմ եկեղեցի: Էլ չշարժվե´ք, մնացեք այդպես, ու հիմա փաղաքշող զույգ բթամատերով օգտվեք այդ հոգնած մանկան բարեհաճությունից, խրեք, ձեր զույգ փաղաքշող բթերով կամաց, ավելի կամաց, բաց արեք աննման շուրթերը, ձեր զույգ փաղաքշող բթերով, ձեր զույգ բթերով: Իսկ հիմա` ողջո՛ւյն քեզ, վարդագույն պալատ, դալուկ գանձատուփ, խորշակ խորան` մի փոքր քանդարձակված սիրո ծանրակշիռ հրճվանքից, ցայլք` իր ողջ տարողությամբ այս պահիս հայտնված: Արևածագի ներկված կերպասի վրա ամառվա գույնը` երբ փակում ենք մեր կոպերը:

Իզուր չէ, պատահական չէ, կանխամտածված չէ, այլ այս ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ արտահայտության բերումով է (որը նման է հեշտանքի, անկման, ժայթքած սպերմի մեջ մարդու ինքնաթողության), որ մեծ շուրթերի այս փոքրիկ քույրիկները ստացել են, ինչպես երկնային օրհնություն, ջրահարս[3]  անունը, որ իսկը նրանց համար է: Ջրահարսեր` ավազանների եզրերին, բխող ջրերի սրտում, ջրահարսեր, որոնց մարմնացումը խաղում է ստվերի պռնկին, քամուց ավելի փոփոխուն, հազիվ նազելիորեն կոհակվող` Իռենի մոտ, և հազար ուրիշների մոտ` հազար ձևի կտրտված, պատռտված, սիրո ժանյակներ, ջրահարսեր, որ միահյուսվում եք իրար հաճույքի հանգույցի վրա, որին բազմած է հայացքից թրթռացող անուշիկ պնթիկը, որին ես հազիվ չդիպած` ամեն ինչ փոխվում է: և երկինքը դառնում է վճիտ, և մարմինն ավելի ճերմակ է: Տրորենք նրան, այդ հրդեհաբերին: Արդեն նուրբ քրտինքը գոհարապատում է մարմինը` իմ տարփանքի հորիզոնին: Արդեն սպազմի քարավանները նշմարվում են ավազուտների հեռվում: Նրանք քայլել են, այդ ճամփորդները` կրելով վառոդը պարկուճներում, և խառախուռաներ` ժանգոտած մեխերով սնդուկներում, հարթակների քաղաքներից և ջրի երկար ճամփաներից, որոնց ամբարտակում են սև նավամատույցները: Նրանք անցան լեռները: Ահա՛ գալիս են` իրենց զոլավոր վերարկուներով: Ճամփորդներ, ճամփորդներ, ձեր քաղցր հոգնությունը հանց գիշեր լինի: Սննդի հակերով ծանրացած ուղտերը հետևում են նրանց: Առաջնորդողը թափահարում է ցուպը, և անապատի մրրիկը բարձրանում է գետնից, Իռենը հանկարծ հիշում է փոթորիկը: Հայտնվում է միրաժը և իր աննման աղբյուրները… Միրաժը լրիվ մերկ նստած է մաքուր քամու մեջ: Գեղեցիկ պատրանք, ամրակազմ` ինչպես դինգի թակոց: Իգանդամի մեջ մխրճվող տղամարդու գեղեցիկ տեսիլ: Աղբյուրի և ծանր հալչող պտուղների պատրանք: Ահա՛ ճամփորդները` գժի պես շուրթերը ջրով շփելու կարոտ: Իռենն ասես տապան լինի ծովի վրա: Ես հարյուր օր է` ինչ չեմ խմել, և հոգոցները հագեցնում են ծարավս: Ը՜հ, ը՜հ: Իռենը կանչում է սիրածին: Սիրածին, որի առնին ցցվում է հեռվից հեռու: Ը՜հ, ը՜հ: Իռենը հոգեվարքի մեջ գալարվում է: Սիրածը ցցվում է ինչպես մի աստված անդունդի վրա: Իռենը շարժվում է, սիրածը խույս է տալիս, նա շարժվում է և ճկվում: Ը՜հ: Օազիսը կռանում է իր բարձր արմավենիներով: Ճամփորդներ, ձեր բուռնուսները պտտվում են ավազուտներում: Իռենը հես ա շնչակտուր կլինի: Տղամարդը դիտում է նրան: Հեշտոցը միգոտել է առնիի սպասումով: Երևակայական լճափին[4] ` այծյամի մի ստվեր…

Դժո՛խք, թող քո մեղսագործները ձեռնաշարժ լինեն, Իռենը թափեց:

9

Երբ անտառների ճակատներին տերևները կորցնում են իրենց կանաչ դրամապանակը, երբ նրանց ցողունը վերջապես մոռանում է խեժի շրջանառությունը, և այդ ձեռքը, որ բարևում էր քամիներին, ագահությամբ փակվում է հոյակապ օրվանից իր գողացած ոսկու վրա, այդ ժամանակ չոր տերևաթափը` պատրաստ ափ նետվելու փոշիների ծովախորշում, կանաչազերծ աշխարհից վերցնում է մի վերջին դառնաշունչ և անզղջում տեսարան: Ջղաթելե կմախքներ, թափահարեք դեռևս աշնան դիմափոշով ծպտված ձեր իմաստությունը: Կարծում եմ, որ, ինչևէ, տերևների աշխարհում երևի բավական չարաճճիություն կա, որպեսզի էակը, որին սիրում եմ պատկերացնել ծիլերի գույնի, օրերից մի օր ձեր ձեռքի ամենափոքր շարժումը թափահարելով` վերջապես խաղա բույսերի թագավորության ոսկրային փրփուրի վրա: Դա նույնիսկ մանկական ձեռք չէ: և ոչ էլ այն ձեռքն է, որի անկումը, մեկ այլ հուզականությամբ, քան տերևաթափը, ուղեկցում է գթաշարժ թոքախտավորներին սենտիմենտալ բժիշկների կողմից հայտնված վերահաս մահվան լուրը, որոնք հերթով ցույց են տալիս ե՛ւ երկինքը, ե՛ւ երկիրը, սա քահանայի ձեռքը չէ, որը սովոր է մահվան հիստերիկ տափակասացություններին, ոչ էլ ծովի ափին գտնվող կրպակի խորքից նավաստիների, երբեմն նաև` ցամաքաբնակ մարդկանց անհամբերությանն ու հարբածությանը սպասող ձեռքն է, բայց բոլոր տերևների մեջ, որ ճակատագրական քամին քշում է դեպի իրենց անկումը, առավել քան ճյուղերը` ա՛յս ձեռքերը պետք է խենթացնեին ծաղկաքաղի պոետներին, այս ձեռքերը, որոնք հանցագործները մատնահետքերով ճանաչվելու վտանգի մեջ թունելներում հանկարծակի պահում են գնացքների դռների վրա և որոնք պատերի ուժեղ ապտակից ցաքուցրիվ են լինում արյունածոր գիշերվա մեջ, մարդասպան ձեռքերի աշուն: Ձեզ եմ դիմում, եղերերգունե´ր: Այս բեկորներից, որոնք ամբողջական միասնության մեջ սպանության ու թալանի գործիք էին, այս բեկորներից ծխի և արագության մեջ վերականգնե՛ք երևակայական աշխարհը, ուր մարդկային դատապարտվածության այս կետը, հալածված ու վայրագ այս վայրկյանը անբացատրելի ինչոր բանի հոկտեմբեր ամիսն է: և բռնելով այս խնդիրը փոխաբերության այրող մազերից` խորհեք, որ աշունը ու իր խարտյաշ հրաշքները, իր անտառային նյութափոխանակությամբ, օրինակ է ծառայում նրան, ով սպունգի պես մատներով արտահայտում է իր սրտի դանդաղ և ահավոր փոխակերպումները: Թող նա լքի վիրավորված անտառի իր տեսարանները. ես նրա առջև բացում եմ մի տիրույթ, ուր նա ճանաչում է իր համր ցավերը, երբ, առանց որևէ խոսքի, երկաթգծերի կեսգիշերներին ցաքուցրիվ են լինում մատնիչ մատները: Եթե, մաշեցնելով իր կարոտախտը այս խավարածին ողբերգությունն անձնական դեպքի հետ համադրելու վրա, նա մոլորվում է Համանմանության միջանցքներում (այդ կահավորված հյուրատունը, որի բոլոր դռները համարի տեղը արձագանք են կրում), թող կրկին շնորհակալ լինի ինձ, ուրեմն ես նրան հետ եմ պահել տափակ աշնան ողորմելի խորհրդանշաններից, բռնել եմ այդ պոկված ու պատառոտված ձեռքով, քաշել եմ ինձ հետ մինչև խռովքի արգելված աստիճանահարթակը: Այլևս չգիտի` ձեռքն է, մարդասպանը, թե տերևը: Գլխացավի անտանելի տրոփյուններով նա փնտրում է իրեն քշած իդեալական մրրիկի մարդկային համարժեքը: Ինչի՞ց էր գանգատվում: Նա չի կարող կարդալ այս գծագիրը, նա վերջում ատում է պատկերները և դրանց լաբիրինթոսների անհարկի բարդացումները: Այնինչ դա շատ պարզ է, պստո: Նա երբեք չի կարողացել պատկերացնել երկրաչափությունը տարածության մեջ, բա ինչպե՞ս չխճճվի հոգեկանի մեջ: Նա կառչում է տերևաթափից, իսկ ես որտեղի՞ց իմանամ, թե ճշտիվ ինչ է նշանակում նրա համար այս կայծկլտացող գահավեժը: Նայեք, թե ինչպես է անցնում իր մտքի հողմով` բռունցքը ջղաձգած մահացած կանանց փնջի շուրջը: Ի՞նչ է արդ ուզում այդ դիակներից: Իր կյանքի անհեթեթ համեմատությունը տարվա ընթացքի հետ հերիք չէ բացատրելու այս զարմանալի ու զավեշտալի պատկերը, որում ի հեճուկս ծանրության օրենքի` թշվառականի ոտքերը ոչ միայն գետնին չեն դիպչում, այլև թեթևակի ձգվում են դեպի մերկ կանայք: Գրպանների պարունակությունը թափվում է, և ահա՛ այստեղ ևս կա ավելի եզակի աշուն, քան ծառերինն է, գրեթե մաշված փոքրիկ մատիտ, թղթի կտորներ, հարյուր սուանոց[5]  մետաղադրամ, անտարբերների նամակներ, ձմեռային կոստյումի համար կտորի նմուշներ, հահահա կատակասեր, ես իր պատանքը նկատի չունեի, ժապավենի կտոր, քորոց: Մտածի՛ր քո գրպանների աշնան մասին, բարեկա´մս, քո մատնիչ գրպանների, երբ պատկերների թունելում, անհասկացողությունից որսահալած, դրանք շուռ ես տալիս դռներին` արդեն շատ ուշ է, քո սիրտն է ցաքուցրիվ լինում, ծառերից, անտառներից պոկված քո սիրտը, ո՞ւր է արդ գնացել երեխան, որ մորից սրտեր էր խնդրում` գիշերում քարկտիկ խաղալու համար:

10

Ինչպե՜ս է փոփոխվում կյանքի բնապատկերը: Տարիները փախչում են` այդքան թափառումներից ու կերպարանափոխություններից հետո մարդուն թողնելով միանգամայն նման ինքնիրեն` բավական է բարոյական մի թեթև նույնություն, մի իրավիճակ ներկայանա, որ նա վերհիշի: Արդյոք ճի՞շտ է, որ կյանքում միայն մի անգամ են սիրում: Հանդիպել եմ մարդկանց, որ այդպես են մտածում: Երբեմն ես էլ էի դրան հավատում: Իսկ հիմա ուժգնորեն հակադրվում եմ այդ անմարդկային գաղափարին: Չնայած սերն ինձ համար նույնքան բարձր է մնում: Այն ամենն է, ինչ սիրում եմ: Այն է, ինչ սանձում է ամեն ինչ: Այն է, ինչ ստիպում է լքել աշխարհում ամեն ինչ, ու շատ լավ է այդպես:

Տարիներ էր, ինչ ես չէի հանդիպել նրան, ով ինձ համար որոշակի տեսք հագավ, այդ սևաջուր պատրանքին, Իռենին: Մյուս պատկերը` ողջը, որ փորձել էի ջնջել նրա հետ, այն իսկապե՞ս անհետացել էր որ: Շատ ծանր է մտածել այդպես նրա համար, ով հաճախ է զգում հավերժության գինը: Նա անհետացել էր: Նա անհետացել էր: Ես խելագարի նման սիրահարվել էի արտասովոր գեղեցկության մի կնոջ: Կնոջ, որին հավատացել էի` ինչպես քարերի իրողությանը: Կնոջ, որ վստահ էի, թե սիրում է ինձ: Ես նրա քութիկն էի: Դա իմ ձևն է: Բայց պատահեց ինչոր անհասկանալի բան, ինչոր բան` ասես իրարից թաքցրած մի միտք, և նախքան գիտակցությանս կհասներ, որոշ հայացքներից, թե ինչոր տարօրինակ բան էր կատարվում` եկավ արձակուրդների դաժան ժամանակը: Բացառված էր, որ մենք լինեինք նույն վայրում ամռան այդ ամիսներին: Հազար պատճառով: Հայտնվեցի միայնության մեջ, ուր սահմանների հետ կապված տարբեր բարդություններ, երկաթգծերի ցանցեր նրա ու իմ միջև դնում էին խոչընդոտներ, որ հազիվ հաղթահարելի էին անգամ գրելու համար: Բայց խոչընդոտների կարիքը չկար: Երկու հակիրճ նամակ ստացա երեք ամսվա մեջ: Երկու նամակ: Պետք է կշռել այդ ծրարները, որ ինձ հասկանաք:

Ապաստանել էի ընկերներիս տանը, որոնք իմ նկատմամբ անօգուտ հոգատարություն էին ցուցաբերում: Փոստատարի ամենօրյա այցն ինձ տկարության մեջ էր գցում մինչև գիշեր: Երեկոն անցնում էր երկուերեք բաժակ կոնծելով: Ա՛հ, ինչ ամառ էր: Սպասման ամառ: Սիրածս էակը, դե չէ, չեմ թողնի ինձ էլի նրա մասին խոսել: Շատ որոշակի մտաբերում եմ մի պահ` Փարիզի հանրային պուրակներից մեկում, նա ծնկներին էր դրել սայթաքող էջերը, որ իր համար գրել էի այդ ժամանակ, գարուն էր, սրճարանի հետևում, երկաթյա աթոռներին: Եթե ցանկանում է իմանալ, թե ինչ հիշողություն եմ պահել իրենից, թող ուրախ լինի. ինձ թողել է հոգեվարքի զմայլելի պատկերը, ու շնորհակա՛լ եմ իրեն: Սա նույնպես ավարտվել է:

Այդ հարավային երկրամասում Ս…ի զվարճանալու հնարավորություններից ոչ մեկը չկար: Գյուղական բնություն, ու մի գեղեցիկ ջրվեժ, ուր քարեր էի նետում: Ուստի, իմ տրամադրության տակ դրված մի աղավնաբնում ևս մեկ անգամ տրվել էի իմ թմրադեղին: Գրում էի առավոտից երեկո: Երբեմն կանչում էի ուրվականներին: Նորերին, հներին: Մի օր սկսեցի մտածել Իռենի մասին, ու նրա մասին մոտս առաջացավ հասարակական տպավորություն, դիպվածավորված տպավորություն:

Դրանից հետո, երևի հուսախաբությունից` նրան այլևս չտեսա:

11

Ագարակում, որտեղ նա մեծացել է, չկա որևիցե բան, որ երկարատև դաջված չլինի նրա ուղեղում. ամբողջ շինությունից Իռենը միայն բոլորին ակնհայտ դասավորությունը չէ, որ ճանաչում է, այլև գիտի պատի անհարթությունները, թե ինչով է տարբերվում որևէ մի սալիկ սալահատակի վրա, առաստաղի գերանների գունային ելևէջները: Ինչպես մեկը, որ իր մարմնով մտահոգ` նկատում է յուրաքանչյուր անախորժ փոփոխություն` նա սովորել էր ուշադրություն դարձնել սվաղներին, փայտամածներին, աղյուսաքարերին: Ապրում է այս տնով ինչպես ինքն իրենով: Ներծծված է տան հոտերով: Զգում է եղանակները ագարակի նման` փեղկերի բացմամբ, բերքահավաքի կուտակմամբ: Սիրում է տարվա այդ անվերջանալի գամման, դրա սահմանը, ուր դեռևս համառում է վայրի կրքոտությունը, որին մատնում է հաճախ քանդվող վարսերի անփույթ կապված պոչը, սև ու գազանային, որ նա շուտափույթ վեր է բարձրացնում:

Ինքն իրեն ամեն ինչ թույլատրում է: Չի սիրում ուրիշներին: Երբե՛ք չի սիրել ուրիշներին: Նրանք իր թշնամիներն են, դեռ մանկուց է այդպես կարծում: Երբեմն մոռանում է նրանց, անշարժացած: Այդ ժամանակ թվում է, թե էլ ոչ մի պատճառ չկա, որ ուշքի գա: Ոչ ևս զարթնի իր քնից, որ աշխարհի ամենածանրն է: Ծանր ու ահագնոտ: Նա բավական բարձրահասակ է ու գոռոզ: Ու անփույթ: Երբ մայրը նրան կոպտում է` հայացքը չարանում է: Շատ է մտածում տղամարդկանց մասին: Ինչպես և բոլոր հաճույքների: Զգայուն է դրանց ուժգնության և գեղեցկության նկատմամբ: Չէիր ասի, թե նրա հետ հեշտ է, շատ չի ուզում իր մարմինն անհարկի վատնել: Բայց ոչ թե առաքինությունից դրդված: Ասում են` բոլորի հետ քնում է: Սխալվում են: Նա երկար է մտմտում այն տղամարդու մասին, որին իր տենչանքը նշել է: Բայց միանգամից չի տրվում, անակնկալ: Շատ հավես չունի երևակայության հետ: Նա նվաճում է մարդկանց ինչպես մակընթացության ջրերը` խուլ ներթափանցմամբ:

Տասնչորս տարեկանում տրվեց մշակներից մեկին: Բայց հետո անմիջապես նրան վտարել տվեց ագարակից: Սիրահարվելը նրա համար` ոնց որ շան համար: Առանձնակի զգացմունքներ չի տածում իր սիրեկանների նկատմամբ: Հենց տենչում է, պիտի բավարարվի: Թե ոչ` բարի գիշեր: Շատերը կան, որ ավելին չեն էլ ուզում: Որովհետև շատ գեղեցիկ է ու դուրեկան ու թարմ: Եվ հակված է սիրային աշխատանքին: Դրանից չի խուսափում: Չի ընկրկում գործի պահին: Երբեք չի հոգնում ու երբ պատվում է նուրբ քրտնակաթիլներով` փայլփլում է հաճույքից, ճառագում է: Նրա հետ հեշտանքը հեշտ բան չի: Ցանկանում է այն բաժանել զուգընկերոջ հետ: Ասում է, որ կեղծելու շնորհք չունի: Դրա համար ատում է հոգևորականներին, որոնց մեծամասնությունը ողբալի վարքով է ապրում: Անհնար է, որ ինքն իրեն վարկաբեկի: Եթե մարդիկ խոսում են, լավ կլինի՝ ձայները կտրեն: Իր մորը ինքը կպատասխանի: Եվ նրանք, ովքեր իրեն տրվել են, որովհետև ինքը չի, որ տրվում է, ինքը դա անում է՝ երբ ուզում է, միշտ հայացքներն իջեցրել են իր առջև: Նրա շուրթը մի քիչ մսոտ է, և սովորաբար գլուխը թեքում է, երեքքառորդով է երևում դիմացինին, ասես մարդկանց չի նկատում: Իսկ հետո հայացքը մխրճում է նրանց աչքերի մեջ՝ հանց որսահալած գազան: Բոլորովին շատախոս չի: Բայց բոլորի հետ խիստ է վարվում: Արհամարհական:

Նա շատ լավ գիտի, որ սիրո հաճույքներն իր կյանքի հիմնական էությունն են: Իրեն համարում է դրանց համար ստեղծված: Մնացյալ ամեն ինչ նրան թվում է տարկետում, ունայնություն: Որոշ լրջություն ունի, որ իր համբույրներին կոշտ բնույթ է հաղորդում: Այնպիսի գոյության մեջ, ինչպիսին նրանն է, փողը քիչ տեղ ունի: Երբեք մտքով չի անցել ուրիշ տեղ բնակվելու, նա այստեղի տիրուհին է՛ և կմնա՛: Ագարակում տիրող բարեկեցությունը և նրա կախվածությունները, որ մայրը` Վիկտուարը, համբերատար աճեցրել էր երևակայության կամ էլ իմացության պակասի պայմաններում, նրան շատ պարզ պահանջմունքների տեղ էին թողնում` քաղց և տարփանք: Ինչ որ պահի տղամարդը նրան ձանձրացնում է` իր խոսքերով, հիմարությամբ: Կարծում է, որ նրան թողնելն ու մեկ ուրիշին վերցնելն ամենալավ բանն է, որ կարելի է անել: Տղամարդու մարմինը ինչոր ներքին ուժ ունի, որ նրան կանչում է: Այդ մասին խոստովանում է անկեղծ բավականությամբ: Եվ հետո, ի՞նչ պետք է աներ, եթե սեքսով չզբաղվեր: Գնար զբոսանքի՞: Դաշտային աշխատանքը իր դիրքի համար չէ, իսկ տանը բավարար թվով սպասուհի կա, որպեսզի նա տուն պահել ձևացնելու փոխարեն ուրիշ բան անի: Նրանց մեջ գործունյա և հմուտ մեծահասակներ կան: Մայրը զբաղվում է տղամարդկանցով և իշխում է: Երկու կանայք ատում են միմյանց, բայց իրար չեն խանգարում: Փոխադարձաբար գնահատում են: Իրար չափազանց նման են:

Հետաքրքիր ընտանիք, որտեղ երկու սերունդ շարունակ արուները մատնվել են չեզոքացման իրենց կանանց կողմից: Իռենի հայրը մահացավ ամուսնությունից անմիջապես հետո: Շրջակայքում կարծիք տարածվեց, թե Վիկտուարն է նրանից ազատվել` չուզենալով պահել ամուսնուն, որին հարկադրված էր որպես հավասար ընդունել: Վիկտուարի հայրը դեռևս այստեղ է` հիվանդի բազկաթոռին գամված և քառասուն տարի է` ականատես է կանանց հաղթարշավին և նրանց հպարտ առողջությանը: Ինքն է որոշել հաստատվել այդ գյուղում, որը դառնալու էր իր միակ ողբերգական հորիզոնը: Ի՞նչ էր եղել իրականում: Մի քիչ գումար ուներ, գայթակղել էր գյուղացի աղջկան: Ամուսնացել էր հետը, գնել էր ագարակը և մի քիչ հող: Հետո հիվանդությունը նրան հարվածեց, ու կողքից տեսավ, թե ինչպես են շուրջը աճում իր կարողությունը և իր սերունդը: Թվում է, սակայն, որ այս ամենի սկզբում ընդամենը իր լոթիությունն է եղել: Մարտահրավեր` որ հետո միս ու արյուն է դարձել: Բայց սկզբնական գաղափարը կորել է: Ինչը որ եզակի էր այդ խորտակված բեկորում` մեռել էր իրենից առաջ: Մի աղջկանից մյուսը մինչև Իռենը` անկասկած գյուղական վայրիությանը խառնվել էր ինչ որ անպատկառ ավյուն, որը տարածվել էր: Ամբողջ գավառով մեկ պատմություններ են պատմում, վախենում են այստեղ հոսող կատաղած արյունից:

Իռենը Վիկտուարից էապես տարբերվում էր նրանով, և դա, ի դեպ, մորը բավականին հեռացրել էր դստերից, որ նա երբեք կանանցով չտարվեց, ինչն ընդհակառակն շատ էր դուր գալիս մորը, այն աստիճան, որ ագարակի կառավարումը ձեռքը վերցնելու օրվանից չի եղել մի դեպք, երբ սպասուհի ընդունվի ու մնա աշխատելու` առանց լինելու կամ դառնալու լեսբիական: Այս յուրահատկությունը քիչ չի նպաստել Վիկտուարի ժողովրդականությանը և հաջողություններին: Իրեն շրջապատել է կանանց ցեղաբնակչությամբ, որոնց միակ ցանկությունը նրա տան բարեկեցությունն է: Տանը որոշակի հարգանք կա այդ յուրահատուկ շեղման հանդեպ, որը չի էլ թաքցվում, ասես առաքինություն լինի: Նույնիսկ բարձրացրել է Վիկտուարի համբավը, որովհետև տղամարդիկ նրան սկսել են որպես հավասար ընկալել, և ինչ ահարկու հավասար: Նրա կողմից նկատվելը համարվում էր մեծագույն պատիվ: Ահագին հեռու ապրող հողագործներ կան, որոնք հպարտությամբ հիշում են, որ նա դաժան չի վարվել իրենց հետ: Էն էլ այդպիսի կին: Ու քանի որ Վիկտուարի ունեցվածքը ձեթի կաթիլի պես նրա շուրջը տարածվում էր, հիացմունքը հաղթում էր նրա նկատմամբ տածած բոլոր զգացմունքների մեջ: Ի հեճուկս տերտերների, որոնց սակայն ոչ ոք չի սիրում: Որոնք ավելի վատ բաներ են անում ու հետո գալիս են գլուխդ տանում, թե ինչն է բնական, ինչը` չէ:

Իռենը, ուրեմն, չէր սիրում կանանց, չնայած տանը միշտ տեսել էր նրանց խառնակվելիս: Իհարկե, փորձել է: Շատ հեշտ էր, համ էլ գայթակղիչ: Բարձրահասակ շիկահեր կար, որ մինչև իր առաջին սիրեկանն ունենալը մի քանի անգամ իրեն անկողին էր տարել: Չէր ասի, թե դուրը չէր եկել: Դե, կարիքի դեպքում` եթե ուրիշ ճար չկա: Բայց հետո, ոչ էլ, երբ ավելի ուշ պառկեց իր հասակակից աղջկա հետ, որին ահաբեկում էր, ոչ էլ ուրիշ աղջիկների, որոնց հաճախ, զվարճանալու համար, բերում էին տղամարդիկ, քանզի երկիրն այդ բարքերին սովորել էր, և հաճախ էր պատահում, որ հենց տղամարդիկ այդ անուշեղենի սիրահար լինեին, նա չհամտեսեց ուժգին հաճույք, որն այսպես թե այնպես ստանում էր, բայց որը նրան շատ էլ տարբեր չէր թվում ինքնաբավարարման հաճույքից. դե ուրեմն էլ ինչ իմաստ ունի: Նա լավ գիտի, թե ինչ է հեշտանքը: Նրան տղամարդ է հարկավոր: Եվ իր սեփական հարմարությունները: Դա արդեն ժամանակի կորուստ չի: Որպես հաճույք` իսկական հաճույք է: Նա գիտի, թե ինչ է ուզում: Տղաներ կան, որ ձևեր են թափում, սկսում են հաճոյախոսել: Միանգամից հասկանում է, թե մտքներինն ինչ է: Խոսի´ր, խոսի´ր, ջանի´կս: Իսկ հետո` գնացի՛նք, նա ավելորդ պայմանականություններ չի սիրում: Տղամա՛րդ: Այս առումով այն ամենը, ինչ սովորում են քաղաքից, բանի պետք չէ: Նրան դա դուր չի գալիս: Աղվեսություններ են անում իսկապես մի չնչին բանի համար: Նախ` իմ ուզածով անենք, հետո կբացատրվենք:

Վիկտուարը զգում է, և բավական բացահայտ, որ Իռենն իր հետ ամեն ինչում չէ, որ համաձայն է: Դա նրան չի ամաչեցնում: Բայց ոչ էլ դուր է գալիս: Իհարկե, նա ընդունում է դստեր իրավունքը` ապրել ինչպես կամենում է: Չի կարծում, թե աղջիկն այդ աստիճան հիմար է, որ դատապարտի մոր բարքերը: Չնայած` մի պահ կասկածում էր: Եթե Իռենը կանանց սիրեր, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Նրանց միջև չէր լինի այդ դժկամության զգացողությունը, որը հավանաբար այլ պատճառ ունի: Վիկտուարը հիշում է, որ ինքն էլ մորը դժվար էր հանդուրժում, բայց երևի դա էլ նույն պատճառով էր: Վիկտուարը վստահ չէ, որ Իռենը միշտ է դիմադրում տղամարդկանց, նկատի ունի` բարոյապես: Նա գտնում է, որ դուստրը շատ հեղհեղուկ է, ու հանկարծ այնպես չլինի, թե այսքան աշխատել է փեսայի համար, որին, դեռ չեղած, արդեն ատում է: Երբ գիշերները Վիկտուարը մտմտում է ինքն իրեն, սկսում է վատ քնել, զայրանում է այն աղջիկների վրա, որոնք այդպես տարվում են տղամարդկանցով միայն այն բանի համար, որ նրանք լավ են դրսևորվում անկողնում, բայց ոչ նույնչափ` հանդերում: Վիկտուարը նկատել է, որ իր դուստրը միշտ չէ, որ լավագույն մշակներին է ընտրում որպես զուգընկեր: Նրան տականքներն էլ են դուր գալիս: Սա սարսափելի գրգռում է Վիկտուարին: Եվ հետո, մտածում է, այնպես չէ, որ նա ինքը կուզենար… չէ, կարծում եմ` կուզենար, բայց, դե, վերջապես, սթափվենք, Վիկտուարը սովոր չէ, որ իրեն դիմադրեն: Այս անգամ այդ միտքը չի փորձարկել, որովհետև հաստատ կբախվեր դստեր զզվանքին, արհամարհանքին: Վերջապես, իրավիճակն ընդունենք այնպիսին, ինչպիսին կա. այս պայմաններում չկա հնարավոր մտերմություն մոր ու դստեր միջև: Վիկտուարը, հոգնելով շուռումուռ գալուց, ելավ ու գնաց դեպի լուսամուտը` գիշերվա մեջ հայացք նետելու իր տիրույթներին:

Բանն այն է, որ նա բավական ընդարձակել է իր տիրակալության սահմանները: Նա թագուհի է այդ կողմերում: և ինչպե՜ս չլիներ: Այդտեղ ամեն ինչ կրում է իր վարած մարտերի կնիքը: Այդտեղ, մթության մեջ էլ նա զգում է հաղթանակած դժվարությունների հսկայական զանգվածը: Եվ՛ հողը, և՛ մարդիկ իրենն են, ու ոչ միայն գրված իրավունքներով: Նա այդ գործում միահամուռ ներդրել է և՛ իր կյանքը, և՛ իր կանացի կիրքը: Նա չի բավարարվել լոկ ձեռք բերելով, նա նաև կապվել է ձեռք բերածին: Տիրելու համեմատ տիրանալը շատ քիչ է, իհարկե: Նա և՛ տիրանում է, և՛ տիրում է միաժամանակ: Երբեմն կանգ է առնում հոր դիմաց, նայում է նրան, շլնքոտ: Նրան նայելով է հասկացել, որ տղամարդկանցից հիանալի ծառաներ են ստացվում, բայց` ողորմելի տերեր: Հենց որ դադարում են բանել` սկսում են հարբել, գոռգոռալ: Նրանք ընդունակ են միայն գնալ բոզանոցներ ու սիֆիլիսով վարակվել, ինչպես այս մեկը: Էս վիճակով` հաստատ սա էլ այնտեղ է վարակվել: Տղամարդկանց համար բոզանոց գնալն ավելի հարմար է` պառկել աղջիկների հետ, որոնք թքած ունեն, որոնք իրենց կեղտոտ ցանկություններն են բավարարում, ու դրա հետ` սիրուն էլ չեն` նիհար, անգույն, պառավ: Բոզանոցի միտքը Վիկտուարին կատաղության մեջ է գցում: Հետ է գնում անկողին:

Իռենը, ճիշտ է, հոգու խորքում քամահրանքով է վերաբերվում մոր արատավոր սովորություններին: Բայց իրապես չի կարծում, թե դրանք արատներ են: Պարզապես գռեհիկ է համարում: Ու ոչ շատ խելամիտ: Այդուհանդերձ, չի ժխտում մոր հնարագիտությունը: Նույնիսկ բավական հիացած է նրանով, թե ինչպես է կարողացել այս բռի, խարդախ գյուղացիների հախից գալ` ի սպաս դնելով ամեն ինչ, նույնիսկ իգասիրությունը` իր տանը և շրջակա ամբողջ տարածքի վրա իշխելու համար: Իռենը գիտի, թե ագարակի նկատմամբ եղած ակնածանքը ինչ համբավի շնորհիվ է պահպանվում: Ու մտածում է, որ լավ է մտածված, և որ ինքն անշուշտ կպաշտպանի մորը, եթե որևէ մեկի մտքով անցնի նրա դեմ դուրս գալ: Բայց ինչ վերաբերում է սիրելուն, նա մորն ընդհանրապես չի սիրում: Եթե, օրինակ, հանկարծ մայրն անզգուշաբար կանգնի իր ցանկությունների ճանապարհին, ոչ մի միջոցի առաջ չի տատանվի` նրա դեմ օգտագործելու: Պետք է ասել, որ իր մեջ իսկ զգացած տարբեր ազդակներից դատելով` շատ հավանական է համարում վարկածը, որն իրեն չարակամորեն պատմել էին, թե մայրը սպանել է տվել իր ամուսնուն կամ էլ անձամբ է սպանել: Սա նույնիսկ իր մեջ համակրանք է առաջացրել Վիկտուարի հանդեպ, բայց միաժամանակ` զարմանալիորեն օտարել է նրան: Իռենն ի դեպ ընդունակ չէ շատ զգացմունքների: Կարծում է, որ զգացմունքային այդ բոլոր նրբերանգները տղամարդկանց համար են, իսկ կանայք, որ այդչափ ճամարտակելու կարիք չունեն, որպեսզի մոլորեցնեն իրենց դիմադրողներին, կանայք, որ միշտ էլ մեկին կգտնեն իրենց բնությունը պարպելու համար (եթե միայն անտանելի տգեղ չեն), պետք է միայն կարողանան որքան հնարավոր է լավ հաճույք ստանալ ու դաշտերում լեռներ չփնտրել:

Հետևաբար, նա իրեն նեղություն չի տալիս այդտեսակ նրբություններով, որոնք իր սիրեկաններին (գյուղացի հալով նրանք երբեմն զգացմունքային են լինում ու հետաքրքրասեր) առաջընթաց են թվում իրենց ճանաչած ռամկական սիրո համեմատ: Սրանով էլ է Իռենը նմանվում մորը` նրա վարքագծի առնականությամբ: Իռենը տղամարդկանց հետ վարվում է այնպես, ինչպես վերջիններս կանանց հետ. դառնում է ահավոր անհամբեր, երբ նրանք ապագայի հեռանկարներ են կառուցում, իրենց կյանքն են պատմում, քնքշանում են: Իռենը կարծում է, որ սերը չի զանազանվում իր առարկայից, և փնտրելու ուրիշ բան չկա: և հարկ եղած դեպքում էլ նույնն ասում է առանց խուսաբանելու, շատ ուղղակի ու տհաճ ձևով: Նույնիսկ կարող է խոսել շատ կոպիտ, բաց ու որոշակի: Բառերը նրան նույնպես չեն վախեցնում, ինչպես և տղամարդիկ, և վերջիններիս նման` երբեմն հաճույք են պատճառում: Հեշտանքի ժամանակ էլ իրեն չի զրկում այդ բավականությունից. բառերը նրա շուրթերից պոկվում են առանց ճիգի` իրենց ամբողջ ուժգնությամբ: Ա՛հ, ինչ լիրբ ու անառակ կարող է դառնալ: Գրգռվում է, սիրեկանն էլ հետը, այրող ու անպատկառ արտահայտություններով: Թավալվում է բառերի մեջ` ինչպես քրտինքի մեջ: Տրտինգ է տալիս, զառանցում է: Ոչինչ, հեչ բան չէ` Իռենի սերը:

Նա այդ մասին գիտի, և երբ իրեն ծառայելուց հետո հոգնած կենդանին հանգստանում է, նա վեր է կենում, իր փթիթ մարմնով, երկար ստինքներով, հաղթանակածի անփութությամբ, ու սկսում է իրեն գովել: Օ՜հ, դա երկար չի տևում: Անմիջապես հետո, եթե չի ցատկում տղամարդու վրա` նրա հյութերը կրկին քամելու, ուրեմն քշում է անկողնուց. չի սիրում, որ տղամարդն իր կողքին այդպես վեր ընկնի, անբանության մեջ: և դարձյալ միայնակ, իրապես միայնակ, ինչպես իրեն միշտ էլ զգացել է աշխարհում, հմայվում է ինքն իրենով բամբուկե շրջանակով հայելու մեջ: Գեղեցիկ դեմք, որին ճաճանչում է հաճույքի համը, գոռոզ ու անհագ: Կեռ քթով, որ ժառանգել է մորից: Աչքերը` քթարմատին մոտ նստած, բայց մեծ ու մթագին, ինչպես արձանի աչքեր: Բարձր ճակատ, ստվարախիտ մազեր: Իսկ կամքի արտահայտությունը շեշտում է բերանը: և այս ամենի հետ` մի անբացատրելի, անբնորոշելի տեսք, որից վտանգ է զգացվում, չնայած այն ոչնչով չի որոշակիանում, նաև` նվաճող կրքոտություն և ինչոր արբեցնող գռեհկություն:

Ինքն իրեն դուր է գալիս: Ձեռքերն իհարկե խնամված չեն և չափից ավելի ուժեղ են աղջկա համար: Բայց դա էլ նրան գեղեցիկ է թվում: Խաղում է ձեռքերով, երբ սանրվածքն է տեղը բերում, և դրանց խիստ ճերմակ պատկերն ընդգծվում է մազերի մեջ: Նրա շուրջը լողում է թխահերի ուժգին բույրը, երջանիկ թխահերի, որում ուրիշի գաղափարը տարրալուծվում է:

12

Ի՞նչ բան է սյու առակը[6]: Կապտաճերմակ զուգապարում, որ արտաթորանքի ճիգերի մեջ նկատում է մարդը` հայացքը սևեռած զուգարանի սալահատակին, շատ ավելի գեղեցկություն կա, քան մաքուր արևածագում,  սա սյու առակ է: Հարյուր ֆրանկ: Ամեն բան իր գինն ունի: Ա՜հ, մոծակներ: Հայելիներն իմ օգտագործած բառերի նկատմամբ ունեն այն առավելությունը, որ երկսայր են. փոքր ու նախանձ, օրինակ: Այդպես էլ լուսինը վարանում է օգտագործել ծովը, հետո քաջաբար նրանում արտացոլվում է: Դրանում է երկրորդ Հանրապետության դարչնագույն «ոտուգլուխների»[7]  արժեքը: Որը վերջինը չէր: Դե՜հ, մոծակներ:

Ինչո՞ւ ուրեմն ես կյանքում չկարողացա լսել կաղնիների մասին` առանց հուզվելու մինչև երազելու աստիճան, մինչև, ինչպես ասում եք դուք, քնելու աստիճան: Համարեք, որ ասածներս ավելի շուտ գիտական բնույթ ունեն: Դիցուք, որևէ կայսրություն ինքն իրեն չի կարող, նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում, որևէ մարդու, թեկուզ ամենաօժտված մարդուն, կայսր կարգել: Որը վերջինը չէր, ի դեպ: Հոգոցներ:

Ասում են կամ, ավելի ստույգ՝ ակնարկում են, որ այս ամենն ի վերջո կավարտվի պատմվածք դառնալով: Հա, պատմվածք հիմարների համար: Պետք է ասել, որ նրանք ամեն տեղ տեսնում են վեպեր, սիրավեպեր: Կան, որ վարդագույն գլխարկով մի պարոնի տեսնելիս պատմում են դա: Ամեն ինչ նրանց համար պատմելու բան է` փայտի կտոր լինի, ապօրինի կապ թե գարդենիա: Համարեք, որ ասածներս գիտական բնույթ ունեն: Այս ամենն ի վերջո կավարտվի պատմվածք դառնալով հիմարների սերուցք, սերուցքի սերուցք, գերսերուցք, քերուցքի համար: Բուրժուական մոլուցք է` ամեն ինչից պատմություն սարքել: Ըստ ձեր ցանկության` եթե գնորդ ունեք: Ինչ եմ ուզում ասել, որպեսզի հասկանալի լինի, որ, տարբեր անունների տակ, ես չեմ գնում իմ փոքրիկ կորագծով, ինչպես, ձգաբանության օրենքներով և Ժնևի համաձայնագրով` արկը օդում, իր հետագծով: Ոչինչ նրան չի կանգնեցնի, պետք է ստորագրի, ու գրո՛ղը տանի, ինչ գեղեցիկ զարդագիր: Կաղնու ծառ է:

Մարդիկ կան, որ պատմում են ուրիշների կյանքը: Կամ իրենց կյանքը: Ո՞ր ծայրից են սկսում: Մի խոսքով, նրանք ինչ ասես, որ չեն շարադրի: Սանդուղք կամ միջանցիկ քամի: Ուրիշների կյանքից նրանք լսել են այն, ինչ ընդունակ են լսելու: Բայց նույնիսկ եթե այդպես է եղել, դա այլ կերպ կլիներ: Ու հետո ի միջի այլոց բավական է: Նայեցե՛ք հորանջող մարդուն: Նրա դիմագծերն աղավաղվում են` արտահայտելով անծանոթ մելամաղձություն, ֆիզիկական անսահման հուսալքություն: Սակայն սա ոչ մի կերպ տեղ չի կարող ունենալ բուն պատմության մեջ: Ո՞վ քայլ առ քայլ կհետևի մի ծեր կնոջ գոյությանը, որը կամացկամաց սովորում է անանուն նամակներ գրել: Ու դրա շուրջ ենթադրվող մտորումներին:

Բուրժուական մոլուցք է` ամեն ինչից պատմություն սարքել: Թվում է` ես էլ եմ դրան համաձայն, ինձանից լավ էլ զինվորագրյալ են սարքել: Սակայն դա լիաթոք կծիծաղեցներ նրան, ով իմ մասին ընդհանուր պատկերացում ունի: Կայարանի տեսարան` պատկերի խորքում լուսացույցով: Ոչ, ես բացարձակապես պատահական մեկը չեմ: Որ ես զինվորագիր եմ եղել` երևակայական անկողմնակալ վկայի համար մի քիչ ավելի ընդվզելի է, քան եթե դա վերաբերեր վերջին պնակալեզին: Մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Անծանոթ մելամաղձություն, ֆիզիկական անսահման հուսալքություն: Պարի սուար-ի[8]  նույն համարը, որ վերատպել էր մի նամակ, որը վերաբերում էր մի հանդեսի, որն այստեղայնտեղ խոստանում էր իմ և մի քանի այլ անձանց թղթակցությունը, ինչպես և Մասսիմո Բոնտեմպելլիի[9]  կեղծված մի հարցազրույցի, հայտնում էր նաև, որ հաշվառված վեց հազար բանտարկյալ նույն օրն իսկ մեկնել են տաժանավայր: Նույնկերպ, Հանքային հիմնային բնական ջրեր վերնագրի ներքո ԷվիանԿաշա ջրավաճառ ընկերության պիտակը, որ աչքիս առաջ է, ցուցադրում է վարդագույն ֆոնին հանքային աղբյուրների շինության տեսարանն այն պահին, երբ պուրակների դիմաց անցնում են մի կառք և մի քանի զբոսնող, ի թիվս որոնց նկատելի է հովանոցով մի տիկին: Ուրեմն արևոտ օր է: Իսկ կապույտ ու սպիտակ շրջագծի վրա, դեկորատիվ սյան շուրջը տեղադրված գալարափաթեթին կարդում ենք հետևյալ պարզ բառերը. Թույլատրված է Բժշկական ակադեմիայի կողմից: Նայեցե՛ք հորանջող մարդուն:

Պարի սուարի նույն համարը: Հուսալքության գիրկն եմ ընկնում, երբ մտածում եմ փաստերի բազմաքանակության մասին: Այն, ինչ հայացքով ընդգրկում եմ, համեմատած այն բանին, ինչ չեմ ընդգրկում` լավ տպավորություն չի թողնում: Դե լավ, մի քիչ ավելի սրամիտ, անտեր մնա: Մի քիչ էլ օղի: Մեկը, որ չքորվելու համար անհաղթահարելի ցանկություն է ունենում խմելու` ծիծաղելի չէ: Ի դեպ` նա խմում է:

Մրմունջ, անուրջների հովտի սառը ջուր: Այս հանգրվանին, երբ երկու մետր ու երեսուն սանտիմետր բարձրությունից ընկնում ես ապառաժների ողորկ ապշության մեջ, իզուր չէ, որ մարդու ձեռքը կախել է պապյեմաշեից սարքված փոքրիկ տաղավարը: Այստեղ գալիս է կռթնելու ռոմանտիզմը` մի ծաղկաքաղ ձեռքին: Զգո՛ւյշ, Կեսար, կընկնես: Գիշերները զով են: Նույնը չէի ասի հացի մասին, Պապա (ես այդպես եմ կոչում հավերժական ձյուները): Փաստերի բազմաքանակություն:

Այնտեղ, ուր ժայռի մերկությունն ընկրկում է ամոթխած ոտքերից, ուր հիասթափված բուսականությունն այլևս չի զարգացնում իր սերմնաթափության հրապույրը, այնտեղ, ուր սառցահատի հարվածից միայն կայծեր են ժայթքում, ես գտա իմ արոտավայրը, ճանճերի կապույտ թագավորությունից վեր: Ես բարձունքների կենդանի եմ: Նույնը չէի ասի հացի մասին: Թող նրանք, ովքեր իրենց կերն են փնտրում, այլևս ինձ չանհանգստացնեն իրենց գարշելի մրմնջոցով:

 


 

[1] Barbe impériale, à l’impériale, – մորուքի ձև, որ կրում էր Ֆրանսիայի վերջին կայսր և Հանրապետության առաջին նախագահ Նապոլեոն III-ը և որը մնաց էմբլեմատիկ այդ ժամանակաշրջանի համար: Այն բնութագրվում է երկար թավ բեղերով և միայն ծնոտի երկայնքով իջնող թավ մորուքի նեղ շերտով (ծնթ. թարգմ.):

[2] Միայն վերին շուրթի երկայնքո­վ իջնող աղվամազ բեղի ձև (ծնթ. թարգմ.):

[3] Ֆրանսերեն` nymphe (ծնթ. թարգմ.):

[4] Բնագրում` chott, որ արաբերեն ծագմամբ բառ է (šaţţ – «շաթ», գետափ, ծովափ, լճափ) և ֆրանսերենում ունի Սահարայի շրջանի աղի լճերի հատուկ իմաստը: Հեղինակը զարգացրել է անապատային կյանքի և միրաժի պատկերը` հմտորեն օգտագործելով այդ վայրերին հատուկ բառապաշարը` միաժամանակ գուցե փորձելով ասոցիատիվ արձագանքներ առաջացնել Հազար ու մի գիշերվա մոտիվների հետ: Բացի այդ` թվում է, թե կա նաև հնչողական ասոցիացիա, քանի որ «šaţţ – շաթը» արտասանությամբ նման է ֆրանսերեն chatte` հեշտոցի անվանումներից մեկին: Հայերեն տեքստում բնագիր բառը ե´ւ իմաստային, ե´ւ ոճական դիսոնանս էր առաջացնում, ուստի նախընտրեցի «լճափը» (ծնթ. թարգմ.):

[5] Սուն ֆրանսիական ամենափոքր մանրադրամն է, որն այժմ գոյություն չունի, բայց շարունակում է օգտագործվել խոսակցական լեզվում:

[6] Proverbe sioux, Սյուն հնդկացիական ցեղ է, որի բնօրրանը Հյուսիսային Ամերիկայի Դակոտա նահանգն է: Ֆրանսերեն «սյու առակը» նշանակում է իմաստուն, միստիկ ու հոգևոր բովանդակությամբ ճ­շմ­արտություններ ասել (ծնթ. թարգմ.):

[7] Tête-bèche, ֆրանսերեն բացի ոտուգլուխ իմաստից, ֆիլատելիայում նշանակում է նաև իրար նկատմամբ գլխիվայր դիրքով տպված զույգ նամականիշներ: Հնարավոր է, որ հեղինակը նկատի ունի հենց նամականիշները (ծնթ. թարգմ.):

[8] Paris-Soir, «Երեկոյան Փարիզ», ֆրանսիական հայտնի պարբերաթերթ (ծնթ. թարգմ.):

[9] Massimo Bontempelli (1878-1960), իտալացի գրող, էսսեիստ և լրագրող:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

9 + four =