hero

 

 

Միքայել Վուլֆ. երևի շատ բան չասեց էս անունը ձեզ, բայց երբ 3 տարի առաջ ես առաջին անգամ տեսա նրա «Խտության ճարտարապետություն» ֆոտո նախագիծը, շատ էի տպավորվել:

Սկզբում ճնշող թվացին այդ մանր պատուհանիկները, որոնք ենթադրում էին մանր սենյակներով մանր բնակարաններ՝ մի ամբողջ ընտանիք բնակեցնելու համար: Բայց լուսանկարները երկար նայելով՝ սկսեցի սիրել դրանք. տեսողական առումով շատ գրավիչ էին բոլոր այդ գծերը, քառակուսիկներն ու ուղղանկյունիկները՝ ուղիղ դիմացից նկարված, ասես «Կոնստրուկտոր» խաղի հավաքովի տուփիկներ  լինեին, որոնցով փոքր ժամանակ օրը մի «շենք» էի գցում, ոչ թե իրական շինություններ: Հիշեցի՝ փոքր ժամանակ շենքեր էի նկարում՝ մի հատ մեծ ուղղանկյուն՝ մեջը մի շարք փոքր ուղղանկյուններ, ի տարբերություն սրանց՝ անպայման անհավասար ու ծուռ-մուռ գծերով:

Մի խոսքով, այնքան ներշնչվեցի այդ ֆոտոշարքից, որ սկսեցի ավելի ուշադիր նայել հանդիպած բոլոր ճարտարապետական շինություններին Երևանում: Ամեն օր, երբ փողոց էի դուրս գալիս, նոր թաղամաս էի գնում, կամ ավտոբուսների պատուհաններից ուշադրությունս անընդհատ շենքերի վրա էր: Մտածեցի՝ սկսեմ իմ ֆոտոնախագիծը՝ որդեգրելով «Խտության ճարտարապետության» որոշ սկզբունքներ ու կիրառելով դրանք սովետական մի քիչ գորշ, հաճախ միանման, միագույն, միատեսակ բազմաթիվ շենքերի վրա:

Հասկացա, որ ինչքան չեմ սիրում, էդքան էլ սիրում եմ դրանք: Ահավոր հարազատ էին բոլոր այն շենքերը, որոնց մուտքերով մտել-ելել եմ ամբողջ կյանքում, բայց չեմ էլ կենտրոնացել դրանց կառուցվացքի, կրկնությունների, հետաքրքիր պատուհանիկների կամ պատշգամբների վրա: Օրինակ՝ 12 մուտքանի այն երկար ուղղանկյունիկը, որի ծայրը չէր երևում, ու որի 1-ին մուտքում ես եմ ապրել, 2-րդում՝ մեր դասարանի Կառլենը, 7-րդում՝ մեր դասարանի Ալբերտը: Կամ՝ 10 միանման շենքերից ձախ ծայրից 2-րդը, որում մորքուրս էր ապրում, իսկ աջ ծայրից՝ նախավերջինը, որտեղ տատիկս էր ապրում: Մինչև հիմա տատիկիս շենքը հիշում եմ «վերջից նախորդը» «աշխարհագրությամբ»: Այնքան միանման էր ամեն ինչ, նույնիսկ ցայտաղբյուրը, որով կարելի էր հստակեցնել տեղանքը, կար բոլոր շենքերի դիմաց, չէիր կարող ցայտաղբյուրով էլ կողմնորշվել: Ու «Բաղնիքդ անուշ» ֆիլմը, որ պարտադիր ցուցադրվում էր ամեն նոր տարի, տարբեր ժամերի՝ տարբեր ալիքներով, ու մինչ այդ ինձ համար ասես այդ միանման շենքերի գորշ միապաղաղության մեղադրական եզրակացությունը լիներ, դարձավ անկնկալ սիրո հրաշքի հասցե: Ամեն ինչ սկսվեց շենքերից:

Սկսեցի նկարել: Ինձանից շատ գոհ՝ արդեն մի քանի տեղ ման էի եկել ու գիտեի որտեղից սկսել: Վեր կացա, ապառատս սիրուն կախեցի վրես ու պոկվեցի 16-րդ թաղամաս: Երևի մի 20 տարբեր մուտքեր մտա՝ վերուվար անելով ամենաանկապ վերելակնելով, ճռճռով ու գռգռով, ձայներ, որ սարսափ ֆիլմերում կլսես: Բայց պարզվեց՝ շատ ավելի դժվար էր, քան մտածում էի: Պարզվեց՝ էդ լավ ուղիղ դիմացից անկյունը էդքան էլ հեշտ չի գտնել, շատ դեպքերում չկա էդ անկյունը, կամ հնարավոր չէ նկարել: Ու իմ փայլուն գաղափարը չաշխատեց, քանի որ հասկացա՝ Երևանը հեչ Հոնկոնգի նման քաղաք չի: Ամեն բան գծված չէ ճշգրտորեն, համաչափ, նախկինների արանքներում հաճախ բազում նոր ծլած անկապ շենքեր կան, փարթամ ծառեր պես-պես, կամ ընդհանրապես դիմացը շենք չկա, որ բարձրանաս ու նկարես: Սկսեցի ծանոթներ փնտրել այդ թաղամասում, նրանց տներ գնալ, որ գոնե իրենց պատուհանից մի բան ստացվի: Բայց սա էլ հիմնական լուծում չէր, պետք էր մի ուրիշ բան անել:

Վրացի լուսանկարիչ ընկերներիցս մեկը նմանատիպ նախագիծ սկսեց՝ Թբիլիսիի սովետական շենքերն էր նկարում: Նախագիծը նախնական անվանել էր «Սովետական ճարտարապետության գեղեցկությունը», ու այնպիսի շենքեր էր լուսանկարում, որոնք «զուրկ էին գեղեցկությունից կամ ճաշակից»՝ միևնույն ժամանակ նշելով, թե որքան է ինքը սիրում այդ շենքերը: Անմիջապես գրեցի նրան, որ ինքս էլ սկսել եմ նկարել նմանատիպ շենքեր: Պարզվեց՝ ինքն էլ է բախվել նույն խնդրին՝ դժվար է դիմացից լավ անկյուն գտնելը: Մի քիչ խոսեցինք, մտածեցինք, ու անցավ գնաց, ոնց որ ամեն ինչը, որ ոտի վրա խոսում ես:

Մտածում էի նկարում տարածություն ցույց տալու մասին, սկսեցի նկարել շենքերը՝ մի քանի շենք և իր շուրջ եղած տարածությունը: Շենքերը, որ հնարավոր չէր դիմացից նկարել, նկարեցի ներքևից վերև, կրկվող գծերը օգնում էին վարից վեր նկարն էլ հետաքրքիր դարձնել: Հատուկ դեպքերում, եթե հավես երկինք կար, նկարը երկու մասի էի կիսում, վերևից երկինքը ցույց տալիս: Արդեն շատ չէի մտածում՝ ոնց դիմացից նկարեմ: Շատ էի կարևորում լույսն ու ստվերը շենքից շենք, դա էլ հավես նրբերանգ էր ավելացում լուսանկարում: Էդպես սկսեցի պրպտել, մինչև հիմա էլ պրպտում եմ:

Բանգլադեշում մի հատ շենք կա՝ պատշգամբները աստղեր են: Կրկնվող միանմանի մեջ արդեն տարբերություններն էի նկատում: Պատշգամբներին ու պատուհաններին հատուկ ուշադրություն սկսեցի դարձնել: Բավական հետաքրքիր շենքեր հայտնաբերեցի՝ օվալաձև պատուհաններով, շրջանաձև, քառակուսի, ուղղանկյուն, ծաղկաձև, այլ հետաքրքիր գծերով ու կառուցվածքներով: Հիշում եմ՝ Պոլիտեխնիկում դասի էի գնում էդ ծաղկաձև պատուհաններով մասնաշենքում: ՃԳ-ի դասեր էինք անում էնտեղ՝ ճարտարապետական գրաֆիկա, տարբեր երկրաչափական մարմիններ էինք նկարում ու հատում իրար մեջ: Դժվար է ասել՝ օգնում էին էդ պատուհանները, թե խանգարում, բայց հաստատ ներսից էլ տպավորիչ էին:

Հիմա մի մեծ հավաքածու ունեմ ու դեռ նկարում եմ նորերը: Միշտ սիրել եմ ճարտարապետությունը, ժամանակին նույնիսկ սովորել էի ուզում, ամեն կերպ փորձում էի մոտ լինել դրան: Այս նախագիծը ինձ ամենից շատ մոտեցրեց ճարտարապետությանը:

Հիմա արդեն տարբեր տեղեր եմ ուղարկել աշխատանքներս ու հետաքրքիր արձագանքներ ստացել: Այս տարի նախագիծս ընտրվել է «30-ից ցածր 30 կին լուսանկարիչներ» ֆոտո բոիտեի կողմից (30 Under 30 Woman Photographers, Photo Boite), տեղադրվել իրենց կայքում և մասնակցելու է տարվա ընթացքում նախատեսված շրջիկ ցուցահանդեսներին:

Tatevik_Vardanyan_01Tatevik_Vardanyan_02Tatevik_Vardanyan_03Tatevik_Vardanyan_05Tatevik_Vardanyan_05Tatevik_Vardanyan_06Tatevik_Vardanyan_04Tatevik_Vardanyan_09Tatevik_Vardanyan_10Tatevik_Vardanyan_11Tatevik_Vardanyan_08Tatevik_Vardanyan_13Tatevik_Vardanyan_14Tatevik_Vardanyan_15Tatevik_Vardanyan_12Tatevik_Vardanyan_17Tatevik_Vardanyan_18Tatevik_Vardanyan_19Tatevik_Vardanyan_19newTatevik_Vardanyan_20Tatevik_Vardanyan_21Tatevik_Vardanyan_22

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

3 × 5 =