hero

 

Տատիկս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը (1912-1991)  տասնամյակներ  աշխատել է Չարենցի անվան Գրականության ու արվեստի թանգարանում (ԳԱԹ): Չափազանց աշխատասեր, հետաքրքրասեր ու կարգապահ լինելով՝ այդ ողջ ընթացքում ուսումնասիրել է, համակարգել ԳԱԹ արխիվում եղած  նյութերը :Այդպես նա կազմել ու ծանոթագրել է Զապել Եսայանի (1873-1943) նամականին ( Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1977),  ՙԳևորգ Ախվերդյան՚ մենագրությունը ( Հայպետհրատ, 1963), հարյուրավոր  հոդվածներ գրական հեղինակավոր ամսագրերում ու թերթերում:

Տատիկս

Արփիկ Ավետիսյանը

Տատիկիս մահից հետո նրա արխիվը՝ մոտ 50 հաստափոր թղթապանակ, խնամքով դասավորեցինք պահարաններում՝ ի պահ ժամանակին:   Միայն մորս՝ ազգագրագետ Իոննա Ավագյանի (1941-2011) մահից հետո, երբ արխիվը տեղափոխվեց ինձ մոտ, այնպես, հետաքրքրությունից  , մի օր բացեցի պատահական մեկը, ու այլևս այդ թղթապանակներից կտրվել հնարավոր չէր: Ավետիք Իսահակյանի  անտիպ նամականու  մասին դեռ կգրեմ, իսկ հիմա ասեմ, որ այդ խունացած թղթապանակներում մեր շատ գրողների անտիպ, չվերծանված գործերն են, հետաքրքիր նամակներ ու փաստաթղթեր…

Այդ թվում՝  ֆրանսահայ  գրող Զարեհ Որբունու մի նամակը, որի հասցեատերը Գուրգեն Մահարին է:

Որբունին այն գրողների շարքում չէ, որոնց անունները անգիր տալիս ենք՝ ինտելեկտուալ ու կարդացած երևալու վստահությամբ: Առհասարակ, սփյուռքահայ գրականությունն  ինքներս մեզ համար կնքել ենք  իբրև միակ, առանցքային  թեմայի՝ Հայոց ցեղասպանութեան ինտերպրետացիա . ամեն ինչը՝ մարդը, սերը, կյանքը, մահը , ինչպես   թվում էր, սփյուռքահայ գրականության մեջ գլխավոր թեման չեն: Մարդը, սերը, կյանքը, մահը  սոսկ ցեղասպանության սարսափազդու օրերը, հետևանքներն ընդգծող, երկրորդային, ուղեկից  թեմաներ են:

Զարեհ  Էոքսյուզյանը  (1902-1980) ցեղասպանութեան որբերի սերնդից է: Եւ գրական կեղծանունն էլ՝ Որբունի,  այդ մասին, թերևս, առավել մանրամասն է պատմում…
Գրական հետաքրքիր ժառանգություն է թողել նա:  ՙՀալածվածները՚ խորագրով  քառահատոր  վեպի առաջին հատորը՝ ՙՓորձը՚, լույս է տեսել 1929-ին: Հաջորդ երեք հատորները լույս տեսան  մոտ 40 տարի անց. ՙԹեկնածուն՚՝ 1967-ին, ՙՏարօրինակ օր մը՚ և ՙԱսֆալտը՚՝ 1972-ին: Ունի նաև պատմվածքների ժողովածուներ՝ ՙՎարձու սենյակ՚ (1939), ՙԱնձրևոտ օրեր՚ (1958), ՙՊատմվածքներ՚ (1966):

Իսկ թե ինչպես պատահեց, որ Որբունին գրեց իր ինքնակենսագրությունը, հետարքրիր պատմություն է:

Գուրգեն Մահարին նամակագրություն էր վարում Սփյուռքի  գրողների` Շահան Շահնուրի, Համաստեղի, Զարեհ Որբունու, Հրաչ Զարդարյանի, Անդրանիկ Ծառուկյանի,  Կարապետ Սիտալի և շատ ուրիշների հետ: 1966թ. հունիսի 22-ին Մահարին Պալանգայից Փարիզ` Զարեհ Որբունուն, գրում է. «… Սիրելի Զարեհ, գրում ես, որ չես սիրում կենսագրությունդ գրել: Սիրես-չսիրես` պիտի գրես և որքան շատախոս լինես, այնքան լավ ինձ համար: Լավ ես արել, որ նամակդ մեքենագրել ես: Ես Համաստեղի նամակներից հատուկ տողեր եմ նշել, երբ որ գա` ինքը կարդա…»:
Թե  ինչ նպատակով էր Մահարին ցանկանում ունենալ Որբունու  ինքնակենսագրությունը, որևէ  հիշատակություն չկա:

Որբունին գրում է «Կենսագրական շաղակրատութիւն Գ. Մահարիի հետ» ընդարձակ նամակ-ինքնակենսագրությունը և ուղարկում Մահարուն` զգուշացնելով, որ վերջինս չպիտի կարողանա կարդալ իր ձեռագիրը: Որբունին չէր սխալվել. Մահարուն չի հաջողվում վերծանել նամակը, որին այդքան երկար սպասել էր: Երկար տարիներ ձեռագիրը պահելուց հետո` Մահարին այն հանձնում է ի պահ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Տարիներ հետո Որբունին թանգարանին է նվիրում  իր արխիվի զգալի մասը: Ըստ  տատիկիս գրավոր վկայության՝ Որբունու ինքնակենսագրության ձեռագիրը միացվել է արխիվին և տրվել սիստեմավորման:
Ինքս եղա ԳԱԹ-ում : Որքան զարմացա, երբ Որբունու ֆոնդի մատյանը բացելիս՝ տեսա, որ այն մշակել ու խնամքով կազմել է հենց տատիկս, 1973 թվին:  Գտանք նաև ՙՇաղակրատության՚ ձեռագիրը (տես՝ լուսանկարում) : Ուղղակի աներևակայելի է, թե ինչպես էր հնարավոր այն վերծանել: Այն գրեթե անընթեռնելի էր:  Բայց ոչ տատիկիս համար. «Հետաքրքրությունը դեպի գրողի կյանքը, նյութի անընթեռնելիության դժվարությունը տրամադրեցին ինձ` ձեռնամուխ լինել այդ դժվարին գործին:

Համբերությունն ու համառությունը հաղթանակեցին. վերականգնվեց «Շաղակրատութիւն  Գ.Մահարիի հետ» նյութի լրիվ տեքստը: Իհարկե, դյուրին չէր գործ ունենալ սոսկալի անընթեռնելի, նյարդային ձեռագրով  գրված գործի հետ՚,-գրում է նա: Նամակը  հրատարակել տատիկս չի հասցնում…

Որքան էլ ձեռագիրը մանրակրկիտ էր վերծանել տատիկս, այդուհանդերձ, տեքստում կային անհասկանալի բառեր, որոնք ստուգաբանելու դժվարություն ունեցա:
«Ինքնագրի» խմբագիր Վահան Իշխանյանն առաջարկեց դիմել ֆրանսահայ  արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ Գրիգոր Պըլտյանին, որը Զարեհ Որբունու  լավ բարեկամներից է եղել, այժմ էլ Որբունու անտիպ վեպերից մեկն է  պատրաստում տպագրության: Պարոն Պըլտյանը ոչ միայն  իր արժեքավոր խորհուրդներով,  անհասկանալի, մոտավոր վերծանված  բառերը ստուգաբանելով ու բացատրելով օգնեց. Տատիկս, բնականաբար, խորհրդային տարիներին նամակը վերծանել էր խորհրդային ուղղագրությամբ, և Պըլտյանը  փոխեց ուղղագրությունը նամակը բնագրին հարազատ դարձնելով:  Այսպիսով ներկայացնում եմ Զարեհ Որբունու նամակը.

Կենսագրական շաղակրատութիւն Գ. Մահարիի հետ

Այս դարը երկու տարիէ ի վեր աչքերը բացած էր, երբ ես իմիններս բացի, չըսելու համար Վ. Հիւկոյին պէս Les Misérables[1] : Դարը իրաւունք ունէր ինձմէ աւելի աճապարող ըլլալու համար` գիտնալով, որ ի՜նչ մեծ հարցեր պիտի լուծուէին այդ դարու ընթացքին, թէ ինչպէս պիտի խուզարկուէին անծայրածիր երկինքներն ու մարդկային հոգին, ինչպէս և կեանքի սկզբնապատճառները։ Ահա թե ինչու համար ես յետամնաց մըն եմ: Պէտք էր դարուս հետ սկսիլ` a la page[2] ըլլալու համար: Հետևաբար, իմ այս ուշամնաց ըլլալու ցաւս քիչ մը պակսեցաւ վերջերս: Մինչև ասկէ երկու տարի, 1904-ի ծնունդ կը կարծէի ես ինծի , երբ երկու տարի առաջ մօրմես ուզած  էի մեր ընտանիքի անդամներուն ծննդեան թվականները` պաշտօնական դիմումագիրի մը պահանջը գոհացնելու նպատակով: Մայրս, բոլորը տալով հանդերձ, աւելցուցած էր. «Թէև 1904 գրուած ես  ինքնաթուղթերուդ մէջ, բայց (ծնվեր ես)  1902 , մայիսի 24-ին: Պոլսէն մէկնած ատենդ, զինուորական ծառայութեան խոչընդոտի չենթարկվելու պատճառով, տարիքդ պզտիկցուցած ենք երկու տարիով»:

Ուրեմն, ծնած եմ 1902 թ., մայիսի 24-ին: Բայց ի՞նչ կարևորութիւն ունի ասիկա և զո՞վ կը հետաքրքրէ, եթէ  ոչ քեզի պէս խենթ մը կամ աստղաբաշխերը:

Ուրիշ գոհացում  մըն ալ այս երկու տարիով մեծնալուս մէջ: Ֆրանսացի մեծ նկարիչ մը ըսած է, թե հազիւ 60-ին սկսած է ճանչնալ գիծերը և այսպէս տասնեակ առ տասնեակ, 120 տարեկանին վերջապէս կրցած սկսիլ նկարչութեան ինչ ըլլալը հասկնալ: Ինծի կը մնայ , ուրեմն, հասնիլ այդ բարեբաստիկ տարիքին` բան մը ընել սկսելու համար: Մինչև հիմա բոլոր ըրածներս հասունանալու փորձեր են` պայմանով, որ գիշեր-ցերեկ աշխատանք տարուի: Ուրեմն` հակառակ մեր կարծիքին, թէ հասած ենք վախճանին, իրականութեան մէջ տակաւին երեխաներ ենք, գոնե մտային հասկացողութեամբ:

Կըսուի, թե պապերուս պապերէն մէկը շատ սպիտակ մորթ մը ունեցած է: Այդ պատճառով բաղնիքը թուրք աղաները ՙկէօնլիւ պէյազ»[3]   կոչած են զինքը, և այդպէս  ալ եղած են նախնիներս Կէօնիւպէյազեան: Չեմ գիտեր` ի՞նչ ճակատագրական նախատիրութեամբ մը հետագային այդ անունը փոխուած է Էօքսիզեանի: Տե՛ս որ երկու անուններուն մէջ ալ նոյն «էօ»-ն կայ:Յետոյ ի՞նչ առնչութիւն պէտք է տեսնել ճերմակ մորթի և «որբ» բառերուն միջև: Անկում սպիտակութեան փառքէն մինչև այրութեան խաւարը:

Որբունու մայրը

Որբունու մայրը, ԳԱԹ արխիվ

Հայրիկս Իւնիացի է (Սև ծով): Հօրենական ժառանգի բաժանման պատճառով ինկած է Ֆաթսա (Սև ծով)  ու կնիկ առած է Օրտուէն  (Սև ծով): Ատոր համար էլ ես ծնած եմ Օրտու, ինչպէս Թոմասը՝ «Եւ եղև»-ին[4], եղած Ֆաթսայի մանկապարտէզը, և սովորած եմ «Ու՞ր կերթաս կոր կախ կատու»-ն:

Հետագային յաճախած եմ Օրտուի Մովսէսեան վարժարանը ոչ թե անոր համար, որ այս դպրոցը գեղեցիկ ուսումնական մակարդակի վրայ էր , այլ անոր համար, որ հայրս, ազատամիտ ըլլալով ( թերևս` դաշնակցական), հակադրուած էր քաղաքային աղաներուն, որոնց աչքին փուշ էր: Օրտուն աւելի ազատատենչ էր հնչակեան-դաշնակցական մրցակցությամբ:

Օրտու մեծ մայրիկիս տունն էր, ուր ինծի միացաւ յետոյ քոյրս: Մեծ մայրիկս մեծ ազնուականութիւն մը ունէր իր անձին մէջ: Վերջը իմացայ, որ Բագրատունեաց տունէն է սերած: Մեծ հայրիկս զմայլելի գինով մըն էր` ինծի պէս մանկական հոգիի տէր ( գիտե՞ս, որ քուկին ալ բարեկամդ մանկական ու միամիտ մէկն է): Ասիկա մէջերնիս մնայ: Մարդիկ գիտնալու պէտք չունին ատիկա, թեև ես կեանքիս մինչև վերջը այդպէս կ’ուզեմ մնալ: Կը վախնամ, որ կինս, որ այդ բանը լաւ գիտէ, մահուընէս յետոյ մէջտեղ հանէ: Բայց ատոր համար է, որ ինծի աւելի կը սիրէ, ինչպէս մայր մը` իր երեխան: Այս պատճառով պիտի ուզէի, որ խելքդ չարչարելով այս տողերս կարդալդ վերջ` պատռէիր:

Ներողութիւն երեխայական անընթեռնելի գիրիս համար: Չպիտի մեքենագրեմ գրութիւնս, որպէսզի ան պահէ իր թարմութիւնն ու անմիջականութիւնը: Այս օրուան քեզի ղրկած նամակս մեքենագրելու գործողութեան ընթացքին, կէսը թափուեցաւ: Կ’ուզեմ, որ խենթութիւններովս ներկայանամ քեզի: Այնպէս, ինչպէս որ եմ, ոչ թե այնպէս, ինչպէս որ մարդ կ’ուզէ երևալ:

Մեծ ծնողքս ( ֆրանսերեն` grands parents) չորս զաւակներ ունէին` երկու մանչ, երկու աղջիկ, մէջընդմէջ, մէկ մանչ, մէկ աղջիկ, մէկ մանչ, մէկ աղջիկ: Գիտես, որ ասիկա նշան է վերին աստիճանի հաւասարակշռութեան` ըլլայ բնախօսական, ըլլայ հոգեբանական տեսակէտով: Բան մը, որ կը պատահի աւելի յաճախ աղքատներուս մօտ: Մեծ հայրիկս աղքատ էր: Հայրիկս, աղքատ աղջիկ առնելով, անգիտակցաբար ուզած է ներդաշնակել իր կեանքը: Իսկ ես իմ կեանքի առաջին տարիներուս աղքատութիւնը ճանչնալով` փրկվեցայ հարուստի շփացածութենէն և իմաստությամբ վարժուած մեծ մայրիկէս:

Օրտուի վարժարանէն միայն մէկ բան մնացած է միտքս: Մէկ բառ: «Որբ՚» բառն ինծի համար մեծ սքանչացում մըն է եղած: Միակ հայերէն բառը, իբրև թե խօսած լեզուս հայերէն չըլլար: Միայն այդ բառն էր հայերէն, և ես հպարտ էի անով: Ֆրանսերէնի ուսուցիչնիս néfle [5] բառիս մեծ գիր կամ րէօնկել[6] անունը տուինք, բան մը, որ աղքատ է եղեր: Այդ բառը, որ մինչև հիմա ինծի հիացում կու տայ և որ չեմ կրնար մոռնալ, կը բացատրուի անով, որ առանց հիացումի կարելի չէ բան սորվիլ: Հիացումը կայծակի պէս կը փայլատակէ միտքէն ներս, ու աշխարհը անով  կը ներխուժէ մեր մէջ: Կայ ուրիշ բան մը Օրտուէն մնացած: Այսպէս ասած` ժողովրդավարական, դեմոկրատական հակում: Մովսէսեան վարժարանին մէջ դասարանները կը ղեկավարուէին աշակերտական կոմիտէներով, ընտրովի: Ես միշտ մաս կազմած եմ այդ մարմիններուն ոչ թէ խելացի ըլլալուս համար, այլ հեզահամբույր նկարագրիս պատճառով:

Պէտք է նշեմ, մանաւանդ, երրորդը, որ մնացած է Օրտուէն` Գոհարիկը: Օ՛, այդ իմ առաջին տառապանքս, այդ աստուածանուէր տառապանքս, որ Գոհարիկին սիրահարութիւնս եղաւ: Գոհարիկ Վարդերեսեան: Չեմ գիտեր` տա՞սը, թե՞ տասնմէկ տարեկան էր, այդ սէրը դժոխքի կրակներուն մէջ նետած էր ինծի: Այնքան կը պաշտէի կրակներուն այդ մրրկող առաքինութիւնը: Այսօր, երբ դեռ կը մտածեմ կեանքիս վրայ, կը տեսնեմ, որ բոլոր սէրերս եղած են Գոհարիկին կրկնութիւնները: Սեպասթաբոլը[7], այն հրաշալի ռուս աղջիկը, որուն անունը մոռցած եմ , Մելինէն, Սիւզանը, Արշալոյսը, Օտեթը և Էլիզապեթը, որ եղաւ մնայուն կողակիցս, ինծի հասկցնել կու տան, թե ի՞նչ կրցած են ըլլալ Թէքէեանի հոգեկան ապրումները, երբ կը գրէր`

«Ես սիրեցի, բայց ոչ ոք սիրածներէս գիտցաւ, թե զինքը որքան սիրեցի»:

Այդ լուռ սէրերը, լռութեան մէջ թաւալող տառապանքը մարդուս ամենամեծ հարստութիւնն է: Ինքնաճանաչման, մարդաճանաչման և ազնուացման միակ գործողութիւնը: Մի՛ կարծեր, որ այս սէրերու միամտութիւնս մազոշիստական հակում մըն են և միակ դրութիւնը: Եղած եմ սինիք տոնժուան, այդ սիրոյ վայելքը մարդս կ’անասնացնէ, անոր տուած դողը կը թաղուի նոյն վայրկեանին մէջ՝ Վեզուվին վրա ձգելով դառնութիւն: Ողորմած հոգի Արշամ Տատրեանը[8] կը գրէր ինծի, որ միտք ունէր գրելու ուսումնասիրութիւն մը գրականութեանս մէջ իմ սիրո ըմբռնումիս մասին: Եւ դեռ անոր մահուանը շատ բան չէի գրած, բայց Արշամը սուր միտք ու աչք ունէր: Մտադրած էր նաև գրել մինակութեան ըմբռնումիս վրա, կ’ըսէր «մինակութիւն» և ոչ թե «առանձնութիւն»:

Անցնինք:

1914-ի ամառը Անատոլուի լեռներու մէջ ամառանոցն էինք:

Չորս դին համատարած կանաչութիւն: Խաղաղ արևի տակ ոչխարներու հօտերը կը մակաղէին: Երկինքը լեցուն էր խաղաղությամբ , ու կեանքը համեղ պտուղի պէս բան մըն էր, երբ օր մը հայրիկս եկաւ քաղաքէն, գլուխը` ծուռ, տրտում, բայց ատիկա պատճառ չէր ըլլար, որ մենք չվազէինք ամեն առաւոտ կանաչ բլուրների ի վեր կռկռվակ[9] ժողովելու: Զարմանալի քաշողութիւն մը ունէին այդ ձիւնասպիտակ սունկերը մեր վրայ, որ գիշերուայ մը մէջ, հողէն դուրս կ’ելլէին:

Կ’ըսէին, թե ոչխարներու մէջէն կը բուսնէին, թերևս անոնց մասնաւոր հոտին համար:  Օր մը ականջիս մէջ ինկան հօրս խօսքերը. «Այս անգամ այս մարդիկը մեզի պիտի լմնցնեն»: Տեղ մը Եւրոպայի մէջ պատերազմ ծագեր էր: Թուրքիան դեռ պատերազմի մէջ չէր, բայց չէր կրնար անմաս մնալ անկէ: Քանի մը օր վերջ իջանք քաղաք` մեր քրտնած, քրտինք հոտող ձիերուն վրա նստած:

Հնչեց մեծ եղեռնի ահազանգը: Հայրս գրեթէ մինակը, բանտին մէջէն թուրք բարեկամները համոզելով` թրքութիւն ընդունեցինք: Հայրս ամեն օր մզկիթն էր` վստահութիւն ներշնչելու համար, այնքան գետինը կը ծռէր աղոթքներու ժամանակ, որ ճակատին «Տաս փարա» կազմուած էր:

Երկու ամիս տևած էր այս երանութիւնը, երբ թուրքերը որոշեցին մեզ ալ աքսորել: Այն գիշերը, որ ամեն բան պատրաստ էր Ռուսիա փախչելու, ցերեկին հապճեպ  աքսորը տեղի ունեցաւ: Իբր մեր փախուստը մատնուած էր:

Բարեկամ թուրք պեյեր մեզ` տղաքներս, որդեգրեցին` ըսելով. «Տղաքը մեզի ձգեցէք, եթէ վերադառնաք, գոնե տղաքը կը գտնէք»:

Արդարև,  հայրս` հօրեղբայրս իրենց կիներուն հետ, Թոքաթ քաղաքը ծանոթ նահանգապետին միջոցով, կարաւանէն դուրս կ’առնուին ու կը պահուին ձորի տան մը մէջ: Անկէ երկու եղբայրները` ձգելով իրենց կիները, դէպի ետ կը ճամբորդեն` յանձնելով ինքզինքնին թուրք վարձկան ջորեպաններուն: Այս ջորեպաններն են, որ սպաննած են զիրենք: Հոն, ուր պիտի առաջնորդուէին թուրք ծանոթ գիւղապետի մը մօտ, երբեք չեն եկած: Երբ մայրս իր կարգին  հայ փախցնող մուհաճիրներու[10] միջոցաւ  ետ կը վերադառնան, մենք տարիներով գիշերները քուն չեղանք` սպասելով, ականջներս յառած դռան վրայ, թե հանկարծ դուռը զարնուի, ու հայրս յայտնվի դռան բացուածքին մէջ:

vorbuni z

Որբունին, ԳԱԹ արխիվ

Մայրս, հայ ուրիշ կիներուն պէս, փեշտըմպալ[11]  հիւսելով` ապրեցանք տարի [մը]: Ես՝ ուրիշ հայ տղոց հետ, քաղաքէ քաղաք ոտաբոբիկ, կ’երթայինք ծախելու համար հիւսուածքները և դերձան ճարելով  հանդիպած քաղաքաներու մէջ: Այսօր ալ, երբ կը խորհիմ այդ օրերուն, երանելի օրեր կը թուին: Բայց մայրս միակ մտասևեռում մը ունէր: Փախչիլ Ռուսաստան: Գեղեցիկ օր մը առագաստանաւ մտանք` մօրս դիմումներու և կաշառքի միջոցով: Կատղած, փոթորկոտ Սև ծովը ճեղքելով` օր մըն ալ հասանք Սեպաստոբոլի խաղաղ ջուրերը: Գերմանացիները քաղաքը սկսած էին պարպել ՙէվակուացնել՚։ Եկան համաձայնականներն[12]  ու սպիտակ ռուսները[13]: Հայեր մեզ տեղաւորեցին: Ես հայ կոշկակարի մը մօտ աշակերտ էի, քաջ Անդրանիկի քաղաքէն: Շատ լաւ, ճաշակաւոր, համեստ արհեստաւոր մըն էր վարպետս: Երանի թե շարունակէի. այսօր գեղեցիկ արհեստ մը ունեցած պիտի ըլլայի: Այսպէս երկու զղջումներ ունեցած եմ մանկութենէս: Մեյ մը` այս, միւսը` երբ պեյիս քով էի, ինծի Պոլիս դպրոց պիտի ղրկէին պեյիս կնոջ եղբօրը հետ, որ զաւակն էր Տրապիզոնի նահանգապետին: Այս տղան Սուլթանիէ կը յաճախէր: Ես փախայ անոնց քովէն`չբաժանուելու համար քրոջմէս, եղբայրներէս և զարմիկներէս, որոնց մեծն էի: Ահաւասիկ` ինչու համար այսօր առանց արհեստի և առանց կրթութեան մնացած եմ, որովհետև միշտ փախչելու սովորութիւն ունեցած եմ (ինչպէս «Եւ եղև»-ի Թոմասը): Հիմա է` կը տեսնեմ այս, գրած ատենս չէի զգար, որ իմ նկարագիրս կու տայի: Գրեցի, չէ՞, որ պէտք չկար կենսագրականի, քանի որ մեր գրածներուն տակը նորէն մենք է, որ պահուրտեր ենք սատանայի պէս, թերևս ալ` հրեշտակի պէս: Ո՞վ գիտէ:

Յետոյ եկան պոլշևիկները Սեպաստոբոլ: Քանի մը օր կռուեցան և ծով նետեցին յույն նաւազները և սպիտակ բանակը: Կռիւներու ատեն քաղաքը հեքիաթային բան մը ունէր: Կը զգայի, որ աշխարհը պիտի փոխուէր, և ես կ՛ուզէի ականատես ըլլալ, վայելել: Նախիմովսքիի վրայ, ուր է՜ր հիմա աշխատած տունս` հացարարատունը (պուլոչնայա) և հացթուխ, մէկ մայթէն միւսը կը ցատկռտէի` մինչդեռ պուլվարին երկու ծայրերէն  արձակուած փամփուշտները շուրջպար կը բռնէին: Առաւօտ մը քաղաքը լեցուեցան բանուորական հագուստներով մարդիկ, որ գաղթականներ էին: Ամեն կողմ մարդիկ բարձրացած էին սնտուկներու վրայ և կը պոռային «տաւարիշչի-կրաժտանի»: Այսպէսով քեզի հետ «Մեծ տան» հայրենակից պիտի ըլլայի, եթէ չըլլար մայրիկիս այդ կոյր մտասևեռումը` տղաքը հայկական դպրոց դնել, զիս Պէրպէրեան[14] դնել, որովհետև հօրս երազը եղած է եղեր: Ո՞վ գիտէ, թերևս  քեզի հետ պտոյտի ելած պիտի ըլլայի ՙմեռելներու տան՚ անծայրածիր տուներուն մէջ: Ինչ որ անհաւանական չէ, ինչպէս պիտի տեսնես  քիչ վերջը, երբ Սփիւռք դառնանք:

Որբունու ձեռագիրը

Որբունու ձեռագիրը

Եւ հասանք Պոլիս: Պոլշևիկները մեզի ձգեցին, որ երթանք, մտայ Պէրպէրեան, գիշերօթիկ, տարի մը, երկրորդ տարին դուրս ելայ և եղայ ցերեկօթիկ: Երբեք չեմ սիրած գոց միջավայրերը: Զարիֆեանին[15] նշանածին ծնողքին մօտ  բանսիոներ էի: Զարիֆեանը յաճախ կու գար: Ճաշի սեղանին վրա, կամաց մը աթոռը ետ-ետ կը քաշէր ու կ՛երթար ճաշասենեակին մէկ անկիւնը: Նոյեմին քնքուշ կը մրմջէր. «Նորէն եկան մուսաները»: Շատ անգամ Զարիֆեան թուղթ չէր ունենար: Կամաց մը գրպանէս կը հանէի նախապէս քերթուածի համար կտրուած թուղթի կտորներէս: Զարիֆեանին բանաստեղծութիւններուն շատերուն թուղթը ես հայթայթած եմ: Մոռցայ ըսելու, որ գիշերօթիկէն ցերեկօթիկ ըլլալուս գլխաւոր պատճառը բանաստեղծութիւնն էր և սէրը: Արդեն սկսած էի թուղթ ճմռթել մանաւանդ այն խենթեցնող սիրոյս շրջանին. ամեն բան թողած` օրական մինչև 20 քերթուած կը գրէի, երբեմն դպրոցէն փախչելով: Արդէն դպրոցական մեր թերթին մէջ կ՜երևայինք: Ինծի համար բանաստեղծութիւններս խօսակցութիւն, հաղորդութիւն էին Մելինէի հետ, որ կ՜արհամարհէր զիս, ան որ չէր գիտեր անգամ, թէ մէկը կը տառապէր իրեն համար, ան զոր օր մը տեսած էի Պէրպէրեանի աղջկանց վարժարանի բակը:

Օր մը, 1922-ի ամառը, Ֆրէնկի լեռը կը պտտէի Ճիզմեճեանին հետ: Նոր գրած մէկ բանաստեղծութիւնս կարդացի իրեն` «Գառնուկս», որուն ներշնչողն, աւաղ, Մելինէ Պողոսեանը չէր, այլ Սիւզանը, որուն քաղցր հոգին այրած սիրտիս սպեղանի էր: Գրիգորը, որ անցյալները թաղեցինք, բռնեց  կտորս Թէքէեանին ղրկեց: Թէքէեան այն ատեն խմբագրապետն էր «Ժողովուրդի ձայնին»[16] և որուն կիրակնօրեայ թիւին մէջ տեղ տուած էր նորերուն: Յաջորդ կիրակիի թիւին մէջ  երևցաւ փոքրիկ «Գառնուկս», կարծես 1 օգոստոսին, այն օրը, որ հայ գրականութեան մէջ ոտք կը կոխէի, արդեն պայոււսակս պատրաստ էր: Հետևեալ օրը նաւ կը մտնէի դէպի Մարսելիա, հօրեղբայրներուս մօտ` իբրև սիրոյ աքսորական, որովհետև բռնկումը խենթութեան հասած էր, և մայրս և մօրեղբայրս այդպէս որոշեցին` հեռացնել անառակ տղան հրդեհեն: Հրդեհը, որ հուրհրան դարձաւ , երբ մայրս` իր եղբօր հետ, Սկիւտար եկան Գատըգիւղէն` ինծի համար, և բնակեցանք, ո՜վ հեգնանք, ճիշտ Մելինէենց տան դիմացը, Պաղլար պաշը, գերեզմանոցի մօտ, ուր կը հանգչի Դուրեան, յետոյ Մրմրեան[17], յետոյ Զարիֆեան հոդ էր, և որուն ամեն տարի այցի կ՚երթայինք ամբողջ դպրոցով Ռ. Հ. Պէրպէրեանի[18]  գերեզմանը։

Պէրպէրեանը գրական մտահոգութիւն ունեցող շատ աշակերտներ ունէր: Հովսէփ Քեշիշեանը[19], որ չարդարացուց իր փառքը, մնաց Գ. Ճիզմեճեանը[20] և, ի՜նչ զարմանք, ան, որ գրական հակում մը չունէր, եթե երգիծական գրչախաղեր ընելու դպրոցի թերթին մէջ, ըսի` Շահնուր Քերեսթեճեանը, որ Շահան Շահնուրը պիտի ըլլար: Խեղճ Գալֆաեանը  չուզելով ընտրութիւն ընել ունեցած գողտրիկ կտորները զոհ տուաւ իրարու ետևէ հրատարակած հատորներու տեղատարափին տակ: Կայ և ծառայականդ այս amateur [21] , որ զոհ տուաւ իր կեանքը գրականութեան Սադայէլին և եղև երջանիկ մարդ մը:

1922-ին, Մարսիլիա մինակ, առևտրական շրջանակի մէջ դժբախտ, օր մը գալէս , Թէքէեանին գրեցի շնորհակալութիւնս՝ քերթուածս հրատարակած ըլլալուն համար: Պատասխանեց` ըսելով. «Ձեր քերթուածը հրապարակեցի, որովհետև դուք բանաստեղծ էք»: Այդ շլացուցիչ բառերը ուղեղիս մէջ` կը չափչփէի Մարսելիոյ փողոցները, երբ յանկարծ նաւերը քաղաքէն քարափներուն վրա թափեցին հայկական զանգուածները: Արտագաղթ, փախուստ և սկիզբը այն բանին, որ հետագայի «սփիւռք»  անունը պիտի առնէր, և ես երջանիկ էի, զարմանալի միամտութիւն, որովհետև Պոլսէն ընկերներս կը մօտենային ինծի, բայց կը հեռնային միակ մտասևեռում մը ունենալով` Փարիզ: Իզուր կը պոռայի. «Կեցէ՛ք»:

vorbunizar

Որբունու կինը՝ Էլիզաբեթ ( Լիլի) Որբունի, ԳԱԹ արխիվ

Յետոյ եկաւ ընտանիքս: Տուն-տեղ եղանք: Դարձայ հաւկիթի վաճառական, և մեր գործը վերջացաւ տապալումով մը` ինծի ընկեր մէկ զարմիկիս անձնասպանութեամբ կնքուած: Մտայ միւս մեծանպաստ զարմիկիս գրասենյակը: Հոն շատ տառապեցայ: Ամեն օր կը ծաղրուէի այն գիրիս համար, որ արժանի չէր առևտրական ասպարէզ ընդգրկող մարդու մը: Զարմիկիս քարտուղարը ինծի գեղագրութեան վարժութիւն կ՜ընէր` Ronde déliéeներ[22]  շարժել տալով թուղթին վրա, մինչդեռ ես կը խեղդուէի և կ՜երազէի  իրիկուան, որ Զարոեանին[23] հետ երթայինք պուլվարին սրճարաններուն ետևի սրահներուն մէջ հաւաքուած հայերուն առջև կարմիր դրօշակ պարզել: Օր մըն ալ փախայ Փարիզ: Սկսաւ օտարներու հրմշտուք մը , սրճեփ, խոհարարի աշկերտ, գերեզմանի քար տաշող, ճաշարանի, բալասներու[24] սպասեակ, մեթր դ՜հօթել, չքաւոր ռազմագերի, հինգ տարի ուր եղայ` թուղթի գործարանի բանուոր, գիւղացի, շինարարական աշխատող, պեթոն կը թափէինք 450 մետր խորությամբ աղի հանքերուն մէջ, որ օդանաւային գործարաններ եղան` ի հաշիւ ժամանակի, եղա հինգ ճաշարաններու տէր և խոհարար, հարստացայ, կորսնցուցի, բայց կորսնցուցի 15 տարի գրականութեան համար:

«Լուռ ցաւեր»-ուս ի տես չկարենալ գրելու համար կինս մէկ օրէն միւս օրը նկարիչ եղաւ «peintre de couleur saere»[25] հռչակուեցաւ, բայց կինս ձգեց նկարչութիւնը, որովհետև հասոյթ չէր բերեր, որպէսզի կարենամ գրականութեան նուիրել ինքզինքս ամբողջութեամբ: Յետոյ չարաչար աշխատեցաւ դպրոցի մուտքի մուտքը պատրաստելու համար: Եղաւ լաւ քինեզիստ[26], մարձապահ[27] ,առաջին գապինէն[28] բացաւ Ֆրանսայի բառլըմանի մէջ, խնամեց Հեռիոյի այրին[29], բայց չօգտագործեցին այդ յարաբերութիւնները դիւրացնելու համար քաղաքացիութեան և նաև հակառակ իրաւունքիս (զինվորական պարտականութիւն և այլն) մերժուեցայ և դեռ այսօր կը մնամ գաղթական, հայ գաղթական, որուն համար այնքան վրաս խնդաց Պեռլինի ինտուրիստի սովետական տնօրէնը որ զիս պանդոկէն դուրս վռնտեց Երևանէն վերադարձի ճամբուս վրա, այսպէս իրականացնելով  Սիտալի[30] վախը, որ այդպէս բան մը կրնար պատահել:

vorbuni za

Որբունի, Բեյրութ 1967, ԳԱԹ արխիվ

Ահա եկանք վախճանին: Շունչ պիտի քաշես: Բայց դուն ուզեցիր, կարծես վարժ ես չարչարանքի և անոր կարօտ: Ամեն ինչ վարժութիւն է, նոյնիսկ ցաւը այնքան կը սիրենք, ի վերջոյ, որ չեղած ատենը կը ստեղծենք: Կ՜երևի դուն ալ ինծի պէս ես: Ահա, ա՛ռ, կարդա՛ այդ չարչարանքին գրութիւնը:

1937-ին, երբ ինծի կուսակցութենէն վռնտեցին` իբրև տրոցկիստներու պաշտպան, ցաւս սարսափելի էր, և սակայն ես այդ ցաւը այնքան սիրեցի, որ երբ ինծի ըսին վերադառնալ, չուզեցի, ցաւս ինծի պահելու համար և չգրելու համար «մեղայականս» անմեղ գրիչով մը:

Հոս կը շեշտեմ, որ եղայ Սփիւռքի հայ գրողներու մէջ առաջին համայնավարը: 1924-ին արձանագրուած և արտաքսուած, այսինքն` դուրս նետուած 1937-ին: Հոս ձեր կողմին պէս չէ, հոդ ներս կը նետեն, հոս` դուրս: Ահա թե ինչպէս բախտը չունեցայ քեզի ընկերանալու Գողգոթայի ճամբուդ վրայ` դուրս նայած ըլլալու միւս Գողգոթան` իբրև քեզի ընկեր:

Հիմա միայն մէկ երազ ունիմ: Մարձումի գապինէ ունինք: Լաւ ենք, բայց չեմ կրնար գրել: Կ՜երազեմ վերադառնալ այն  վերջին արհեստիս, որ ինծի թույլ տուաւ գրել «Եւ եղև մարդը» և «Թեկնածուն» : Այսինքն` գիշերապահութիւն` յանուն գրականութեան:

Զ. Ո.

 


 

[1] Վիկտոր  Հյուգոյի ՙԹշվառները՚ վեպի վերնագիրն է՝ ֆրանսերեն:

[2] Ֆրանսերեն – նորություններից հետ չմնալու համար:

[3] Գրիգոր Պըլտյանի պարզաբանմամբ՝ պետք է կարդալ «կեօլնիւ պեյազ՚, այսինքն՝ սիրտը սպիտակ, մաքուր:

[4]  Խոսքը Որբունու ՙԵւ եղև մարդ՚ (1964) վեպի հերոսի մասին է:

[5] néfle (ֆրանս.)- բառացի՝ պտուղ:

[6] րէօնկել- այս բառը սխալ է վերծանված կամ մեքենագրված, սակայն բնագրից  ճշտել չկարողացանք. նամակն անընթեռնելի էր:

[7] Սեպասթաբոլ- Սևաստոպոլ քաղաքի արևմտահայերեն արտասանությունը:

[8] Արշամ Տատրեան, 1909-1956, հայ գրող, հրապարակագիր, խմբագիր:

Տատրյանի բանաստստեղծությունները և Թեքեյանի կողմից նրան հղված նամակներն ու բանաստեղծությունները տես «Ինքնագրի» 15 հունվարի 2016-ի թողարման մեջ « «Սիրէ սիրուիլը ինձմէ…». Վահան Թէքէեան եւ Արշամ Տատրեան»

[9] Կռկռվակ-սունկ:

[10] Մուհաճիր – այդպես են կոչում  Բալկաններից ներգաղթած թուրքերին՝ սկսած 1913   թվից,  որոնք բնակություն հաստատեցին հայաբնակ գյուղերում:

[11] Փեշտըմպալ, բեշտըմպալ, ղենջակ-լոգանքից հետո գործածվող բարակ կերպասի կտավ:

[12] Համաձայնականներ-  ֆրանս. entente-համաձայնություն: Ռազմաքաղաքական դաշինք Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի  միջև , ձևավորվել է 1904-1907 թթ.:

[13]  Սպիտակ ռուսներ- այստեղ՝ հակաբոլշևիկներ, սպիտակ գվարդիականներ:

[14] Պերպերյան  վարժարանը միջնակարգ դպրոց էր: Հիմնվել է Կ.Պոլսի Գատըգյուղ թաղամասում, 1876 թ., Ռեթեոս Պերպերյանի  ջանքերով: Ունեցել է մօտ 450 շրջանավարտ, որոնց թվում՝ Ռուբեն Սևակը, Վահան Թէքեյանը, Շահան Շահնուրը:

[15] Խոսքը հայ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի (1894-1924) մասին է, որը ևս ավարտել էր (1913) Պերպերյան  վարժարանը:

[16]  Թեքեյանը Պոլսում խմբագրում էր  «Ժողովուրդի ձայն՚ թերթը:

[17] Հարություն Մրմրյան, 1860-1926, հայ գրող:

[18] Ռեթեոս  Պերպերյան, 1848-1907-հայ գրող, մանկավարժ, բանաստեղծ, հրապարակախոս,տնտեսագետ և թարգմանիչ:

[19] Հովսեփ Քեշիշյան, Պերպերյան վարժարանի աշակերտ, որը բանաստեղծություններ էր գրում: Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:

[20] Գրիգոր Ճիզմեճյան ,1904-1965-բանաստեղծ, գրող, աշխատակցել է Որբունու և Պետրոս Զարոյանի հրատարակած  ՙՆոր հավատք՚ հանդեսում:

[21] Amateur( ֆրանս)- սիրողական:

[22] Ronde déliée(ֆրանս)- բառացի հրապուրիչ կլորներ, օղակներ:

[23] Խոսքը հայ դրամատուրգ, արձակագիր, գրականագետ Պետրոս Զարոյանի (1903-1986) մասին է:

[24] Բալաս- palase (մեծ հյուրանոց) բառի արևմտահայերեն արտասանությունն է: Որբունին որոշ ժամանակ  maître d’hôtel էր:

[25] Peintre de couleur saere(ֆրանս.)- գեղանկարչուհի: Ընդգծված բառը , ըստ Պըլտյանի, ոչ ճիշտ է վերծանված:

[26] Քինեզիստ- բուժական մարմնամարզությամբ բուժող մասնագետ, հունարեն κίνησις -շարժում   և  θεραπεία – բուժում բառերից է, ֆրանսերեն՝  kinésitérapeute:

[27] Մարձապահ- այս դեպքում ևս՝ մարզումով բուժող. տիկին Էլիզաբեթ Որբունին քինեզիստ էր:

[28]Գապինե-ՙկաբինետ՚ բառի արևմտահայերենով  արտասանությունն է:

[29]  Edouard Hériot, 1872-1957- Ֆրանսիայի պետական գործիչ, քաղաքապետ, ֆրանսիական ակադեմիայի անդամ:

[30] Նկատի ունի սփյուռքահայ բանաստեղծ Կարապետ Սիտալին (1891-1972):

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

twenty − 8 =