hero

Թ is for Թարգմանություն

Լուսանկարը` Հայարփի Հովհաննիսյանի
17/06/2016

 

 Թարգմանության տեսությունները շատ են, գործն անելը` դժվար. թարգմանիչը միշտ կանգնած է որոշումներ կայացնելու վերահասության առջեւ: Տեսության հետ գործն անելու եղանակ գտնելը ու պատասխանելը հարցին` ինչու եմ գործն անում այսպես, թարգմանչի օրակարգն ու խնդիրն է: Հայաստանում գրքեր թարգմանողների մեծ մասը ակնհայտորեն չի տալիս իրեն այս հարցը, տեղյակ չէ թարգմանական տեսություններից, աշխարհի իրողություններից,  նրանց անտեղյակությունն էլ ախորժակով խթանում են հրատարակիչները` պատվիրելով թարգմանություններ, որոնց վաճառքի բարձր տոկոսը ապահովվելու է հատկապես թարգմանությունների միջակությամբ: Բայց թողնենք միջակության ջատագովներին` լուսավորականության քողի տակ շարունակելու իրենց հավակնոտ բիզնեսը, որի ականջները` ըստ նրանց, տեսեք-տեսեք, չեն երեւում, բայց ցցված են գրքերի կույտի տակից, ու ետ գանք հարցերի անհետաձգելի ու դժվար տարածությանը: Տեսականի ու գործնականի արանքում միշտ շատ թյուրիմացություն է առաջանում, կամ շատ թնջուկ, կամ անհամատեղություն: Այս արանքը հնարավոր չէ լցնել կամ անտես անել, հարցերը միշտ ուժի մեջ են մնում, բայց դրանց հանգույցներում կան տեղեր, որտեղ հնարավոր է գցել գոնե ամենաբարակ կամուրջներ, որոնք անդադար երերում են ու փոխարինելի են` ըստ այն բանի, թե ինչ է ուզում  անել թարգմանիչը: Այս նյութի մեջ, ըստ այդմ, փորձելու եմ ցույց տալ, թե ինչ եմ ուզում անել ես, երբ նստում եմ թարգմանության, մինչեւ ուր եմ հասցնում թարգմանության hղացքը, փորձելու եմ նաեւ վիճարկել հանգույցների այն կետերը, որտեղ մեկնաբանությունների թյուրըմբռնում կամ չհամընկնում եմ տեսել այլոց դիտարկումներում: Ուրեմն, թարգմանություն` ինչպես եւ թարգմանություն` ինչու:

Որպեսզի խոսեմ այդ կապվող կամ մոտեցող տեղերի մասին` տեսականի ու գործնականի արանքում կամ երկու տեսությունների արանքում, որոնք ավելի շատ սարդոստայն են, քան կամուրջ, պիտի ներկայացնեմ այն տեսական հիմքերը, որոնց ենթարկել եմ ինձ (դրանք համընկել են իմ գուշակածին, ենթարկվել են համընկնման), եւ որոնցից տեղյակ են բոլոր նրանք, ովքեր մտածում ու խոսում են թարգմանության մասին: Ու որպեսզի խոսեմ հիմքերի մասին, պիտի մի փոքրիկ քարտեզ ցույց տամ թարգմանության տեսությունների պատմության, քանի որ չկան հայերեն հղումներ, որոնք տալով` ինձ կազատեի այդ գործից: Թարգմանության մասին բանախոսություններ ու որոշ քննարկումներ եղել են Հայաստանում: Համացանցում կան դրանցից մի քանիսը` Սեդա Շեկոյանի կազմակերպած Միջդիսցիպլինար հարթակների զարգացում ծրագրի «Թարգմանություն` ամեն տեղ» ֆորումի տեսագրությունը[1], որ կայացել է 2013-ի հունիսին, Մարկ Նշանեանի բանախոսությունները պարբերաբար անդրադարձել են թարգմանությանը, Բուն TV-ում հասանելի է Նշանեանի «Թարգմանութիւն եւ թարգմանելիութիւն» տեսադասախոսությունը[2], ինչպես նաեւ Շուշան Ավագյանի, Հրաչ Բայադյանի, Սիրանուշ Դվոյանի անդրադարձները առանձին գործերի կամ գրողների թարգմանության հարցերին[3]:

թարգմանական տեսություններ

Վերջին յոթ-ութ տասնամյակների ընթացքում թարգմանության մասին այնքան նյութ է գրվել, որ դրանք ամփոփելի չեն` ոչ իսկ գրքի շրջանակում: Հազարավոր հատորներ են` նմանատիպ ու տարաբնույթ մոտեցումներով, եւ գնալով ավելի են բազմանում` թարգմանության հղացքի ու համատեքստի ընդլայնման հետ: Դառնալով անընդգրկելի: Ինչպես թարգմանությունն ինքը: Այստեղ իմ խնդիրը չեմ դրել անդրադառնալ անտիկ թարգմանություններին, միջնադարին, լուսավորականությանն ու ռոմանտիկներին, միայն ցույց եմ տալու 20-րդ դարի թարգմանական տեսությունների մի քանի կոորդինատներ, որոնք անհրաժեշտ են այս գործի համար:

Թարգմանության տեսությունների քարտեզի վրա եթե երկու կարմիր քորոց կպցնելու լինենք, կստանանք թարգմանության ավանդական տեսությունը եւ թարգմանության արդի տեսությունը, որոնք էլ իրար են կապված միջանկյալ տեսություններով, ու այս բոլորի ուսումնասիրությամբ է զբաղվում թարգմանական հետազոտություններ գիտակարգը (translation studies):

Ավանդական տեսություն: Թարգմանության տեսական առաջին հրապարակումները[4] (1950-60) թարգմանությանը վերագրում են լեզվաբանական գործառույթ եւ թարգմանության նախապայմանը տեղավորում են համարժեքության (էկվիվալենտության) սկզբունքի մեջ: Թարգմանությունը ենթադրում է առաջին լեզվի լեզվաբանական միավորների` իմաստային եւ քերականական, փոխարինում երկրորդ լեզվի համարժեք միավորներով: Խոսքը այստեղ չի գնում բառացիության կամ հավատարմության մասին, ինչպես կարող է թվալ, այլ համարժեքության: Թարգմանչի գործն է համարվում քերականական ու բառային անծանոթ համակարգը վերածել ծանոթ քերականական ու բառային համակարգի, որը կարող է ամենեւին էլ չլինել աղբյուր հանդիսացող տեքստի բառացի թարգմանությունը, այլ ընդամենը դրա համարժեքի գտնումն ու փոխարկումը:

Համարժեքության տեսությունը, սակայն, լեզվաբանական զարգացումների ու թարգմանության բազմաբարդության գիտակցման հետ` սկսում է նոր ուղիներ փնտրել` կանոնակարգելու թարգմանության տեսական ու գործնական հարցերը: Համարժեքությունը փորձում են բաժանել տարաբնույթ երկբեւեռ մասերի` ձեւային ու գործառութային, իմաստային ու հաղորդակցական, փաստական ու գործիքային եւ այլն, մինչ կամաց-կամաց առաջ են գալիս մշակութային տարբերության` պատմության ու համատեքստի հարցերը:

Թարգմանությունը համարժեքության տեսությունից թեքվում է նկարագրողականության (descriptivism) տեսությանը (1970-80): Մշակույթները տարբեր են, տարբեր են պատմությունն ու համատեքստը, ուրեմն թարգմանությունը չի կարող միայն համարժեք մնալ, այլ պետք է նաեւ նկարագրի, ստացող մշակույթի համատեքստ մտցնի թարգմանվող նյութը: Նկարագրողականությունը խուսափում է հրահանգներ տալ, թե հատկապես ինչպես պետք է դա արվի, այլ կենտրոնանում է այս հարցերի վրա` ով, երբ, ում համար, ինչու, ինչ ազդեցությամբ: Թարգմանությունները սկսում են նորմավորվել` որպես ընդունելի կամ անընդունելի որոշակի մշակութային հանրույթի համար` ըստ այն բանի, թե ինչքանով են դրանք «լավ նկարագրված» ու «ինչքանով են ծառայում» տվյալ հանրույթին: Ի տարբերություն համարժեքության տեսությանը, որտեղ թարգմանիչը բառարանն է ու փոխադրող մեքենայական ձեռքը` նկարագրողականության տեսությամբ թարգմանչին տրվում է առնվազն սոցիալական նշանակություն` համատեքստ մտցնելու նյութը այն մշակույթի համար, որի համար թարգմանում է: Միեւնույն ժամանակ, այն, թե ինչու եւ ինչպես է արվում թարգմանությունը, ինչու եւ ինչպես է օտար տեքստը բերվում մեկ այլ մշակութային համատեքստ, կարող է արտացոլել ու նկարագրել հենց այդ մշակութային հանրույթին. թարգմանությունը նրա հայելին է: Բայց թարգմանությունն ինքը, կախված լինելով ստացող մշակույթից կամ միտված լինելով դրա նկարագրությանը, մնում է հարաբերական կամ գրեթե պայմանական: Համարժեքությունն, այսպիսով, դառնում է հետեւանք, ոչ թե նախապայման:

Արդի տեսություն: Հետկառուցողականություն եւ ապակառուցում (poststructuralism and deconstruction) (1980): Կառուցվածքի, կարգի, կանոնի, մեթոդի, կենտրոնի, բառի մնայուն ու անփոփոխ իմաստի, տեքստերի միանշանակության, համատեքստի հարակայության հարցերը, որ մինչ այդ հաստատուն էին համարվում, կառուցելի ու կայուն, դառնում են խնդրահարույց: Ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդան առաջ է քաշում բազում մեկնաբանությունների հնարավորության ու փոփոխուն իմաստների գաղափարը, որով` բացատրելու համար մեկ բառի իմաստը անհրաժեշտ է այլ բառեր գործածել, որոնք էլ իրենց հերթին պիտի բացատրվեն այլ բառերով` էլի բացատրության կարիք ունեցող, ու այդպես շարունակ: Ուրեմն` թարգմանությունը «պարադոքսների ու անհնարինությունների» տիրույթ է, եւ մեկ բառի լրիվ, համապարփակ, անթերի ու անկորուստ տեղափոխումը մի լեզվից մյուսին` անհնար (Դերիդա): Բառերը բեռնված են այնքան իմաստներով, տեքստերն իրենք բեռնված են այլ տեքստերից իրենց բեռներով տեղափոխված բառերով, լեզուներն այնքան օտար են իրար, բառախաղերը, դարձվածքները այնքան են այլ լեզվի պատմության ու համատեքստի մաս, որ անհնար է որեւէ այլ լեզվով թարգմանել դրանք: «…Մինչդեռ, այդ անհնարինությունն իսկ ծնում է թարգմանության անհրաժեշտությունը:.. Իսկ յուրաքանչյուր թարգմանիչ գտնվում է թարգմանության մասին խոսողի դիրքում»[5]:

Գենդերային հետազոտություններ (Gender studies) միջգիտակարգը, հենվելով հետկառուցողականության դրույթների վրա, ուսումնասիրում է բնագրի եւ թարգմանության, հեղինակի եւ թարգմանչի հարաբերության, դրանցից մեկի առաջնահերթության կամ դրա բացառման հարցերը: Բնագիրն ավանդաբար համարվել է առաջնային, գերակա, որին պետք է հավատարմություն պահպանի թարգմանությունը, ինչպես տղամարդուն` կինը (Թեո Հերմանս): Այստեղ խնդրահարույց է նկատվում բնագրի ու դրա թարգմանության հարաբերությունը` որպես «առաջնայինի ու երկրորդականի, ստեղծագործողի ու վերարտադրողի, արվեստի ու վարպետության, ուղղորդողի եւ հետեւողի, իր միտքը արտահայտողի եւ ուրիշի միտքը մեկնաբանողի հարաբերություն: Ու ինչպես ամուսնացած տղամարդիկ պահում են իրենց ազգանունը, իսկ կանանցից ակնկալվում է փոխել իրենցը, այդպես էլ թարգմանչից է ակնկալվում անէանալ թարգմանության մեջ` իր անունով, ձայնով, ինքնությամբ, իր թարգմանած հեղինակի ետեւում»[6]:

Գերակայության ու ենթակայության մեկ այլ տիրույթ է ուսումնասիրում հետգաղութային հետազոտություններ (Postcolonial studies) միջգիտակարգը (1990)` թարգմանությունը եւ դրա ազդեցությունը տեղավորելով քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ դաշտերում: Եթե նկարագրողականության տեսությունը փորձում էր թարգմանությունը հարմարեցնել սեփական համատեքստին` (անգիտակցաբար) նկարագրելով ինքն իրեն, ապա հետգաղութային հետազոտություններում ուրիշի ներս-բերումը, թարգմանումը, մեկնաբանումը տեսնվում է գործիք հենց այդ ուրիշի ձեռքին` հաստատելու իր սեփական գերակայությունը: Այս միջգիտակարգը, առաջ քաշելով մշակութային թարգմանության տեսությունը, չնայած շեշտում է մշակույթների համատեքստերի տարբերության ու փոխներթափանցման անհրաժեշտության հարցը, բայցեւայնպես, այդ տեսությունն ավելի շուտ ծառայեցնում է որպես գործիք` այս անգամ ենթակայի, ծայրամասի, գաղութացվածի ձեռքին, թարգմանությունը սնուցելու անհրաժեշտ դիմադրողականությամբ` դիմակայելու կենտրոնի հայրիշխանական, գերակայական նկրտումներին:

Տեսությունների այս բաժանարար գծերը պայմանական են, քանի որ դրանք ոչ թե հստակորեն բաժանվել ու հաջորդել են իրար` որպես այլեւս ավարտված ու նոր սկսվող, այլ ներթափանցել են իրար մեջ, պայմանավորել իրար ու միահյուսվել: Եւ այդ տեսությունների տակ, վրա կամ անդին, դրանք ենթադրելով իրենց մեջ` կանգնած են առանձին գրություններ մեկնաբանության ու թարգմանության մասին` ինչպես Վալտեր Բենիամինի «Թարգմանչի առաջադրանքը» էսսեն (1923), Հանս-Գեորգ Գադամերի «Ճշմարտություն եւ մեթոդ» աշխատությունը (1960), Ժակ Դերիդայի «Բաբելոնի աշտարակը» էսսեն (1998), որոնց վրա հենվելով` առաջ է գնալու այս գրությունը:

Աննա Դավթյան, լուս՝ Լուսինե Թալալյանի

հանգույցներ եւ թյուրըմբռնումներ

Այստեղ նախատեսված էր մի պատմություն երկու մարդու մասին, ովքեր, խոսելով նույն լեզվով, իրար չեն հասկանում, եւ մեկը մյուսին ասում է` ես քո լեզուն չեմ հասկանում, մեր միջեւ անդունդ կա:  Այս պատմությունը իսկապես եղել է «100 դրամի[7]» ակցիայի ժամանակ, բայց երկար պատմելու հարկ չկա, մեզ անհրաժեշտ է ընդամենը խոսակիցներից մեկի պատասխանը, որով նա պնդում է, որ նույն լեզվով խոսելով` չի հասկանում դիմացինի լեզուն, եւ այդ չհասկանալը անդունդի պես է: Այդ պատասխանը ցույց է տալիս, որ նույն լեզվի մեջ անգամ կարող է առաջանալ թարգմանության կարիք, որ խոսելը թարգմանություն է`  թարգմանելը սեփական մտքերը եւ թարգմանելը ուրիշին(ը):

Հասկանալը մեկնաբանել է (Գադամեր): Իսկ ի՞նչ է նշանակում հասկանալ: Արդյո՞ք հասկանալ նշանակում է տեղափոխվել խոսակցի (հեղինակի) անձի մեջ, ու քեզ դնելով նրա տեղը` ապրել նրա փորձառությունն ու զգացումները: Գադամերն ասում է` հասկանալ մեկի ասածը նշանակում է հասնել ըմբռնողության այն նյութի հանդեպ, որը խոսակիցը առաջ է քաշում, ոչ թե մտնել նրա մաշկի տակ ու փորձել ապրել նրա փորձառությունը: «Հասկանալը կամ դրա ձախողումը իրադարձության պես է, որ պատահում է մեզ հետ»[8]:

Մենք հայերենում ասում ենք` «ես քեզ հասկանում եմ» եւ «ես հասկանում եմ քո ասածը»: Առաջին տարբերակը գործածում ենք, երբ տեսնում ենք, որ դիմացինը ունի հասկացված լինելու կարիք, ավելին` կարիք ունի, որ մենք նրա մաշկի տակ մտնելով ապրենք նրա զգացումները, ապրումակցենք: Դու կարող ես բոլորովին չհասկանալ նրա ասածը, բայց հասկանաս նրա վիճակը ու ստանձնես մխիթարողի, հասկացողի, հոգեբանի այդ դերը: Մինչդեռ թարգմանիչը հոգեբանը չէ, ու հեղինակի կամ հերոսի կամ կերպարի մաշկի տակ մտնելով` թարգմանիչը վտանգում է տեսնել միայն մաշկը` վրիպեցնելով շատ բան: Տեքստը:

Օտար տեքստ` բնագիր: Գրված օտար մեկի ձեռքով օտար լեզվով այնպիսի օտարության միջից այնքան օտար համատեքստում, ու տեքստն ինքն էլ գրվելով` օտարված գրողից: Օտարության մի ամբողջ համալիր, որն ինքն էլ ամբողջովին լրված չէ ու շարժվում է` ըստ տեղի ու պատմության համածիրի: Պետք է հասկանալ ու մեկնաբանել: Թարգմանելը մեկնաբանել է: «Գերմանական ռոմանտիզմը սովորեցրել է մեզ, որ հասկանալը եւ մեկնաբանելը էապես նույն բանն են: Լեզուն այն ունիվերսալ միջոցն է, որի մեջ տեղի է ունենում հասկանալը: … Ամբողջ հասկանալը մեկնաբանել է, եւ ամբողջ մեկնաբանելը տեղի է ունենում լեզվի միջոցի մեջ, որը թույլ է տալիս առարկային բառերի տրվել, բայց եւ, միեւնույն ժամանակ, թարգմանչի սեփական լեզուն է»[9]:

Այսպիսով, հասկանալն իսկ մեկնաբանել է: Ապակառուցման տեսությունը` բազում մեկնաբանությունների հնարավորության իր դրույթով, հղվում է սրան, համալրում ու ընդարձակում է այս դրույթը: Այսինքն` բազում ու բազմազան է հասկանալը, որ է՛ նաեւ մեկնաբանելը:  Մինչդեռ դերիդայական ապակառուցման մասին խոսողներից շատերն, իմ կարծիքով, մեկնաբանելը մեկնաբանում են որպես գործողություն հասկանալուց հետո կամ հասկանալուց անդին, որպես թարգմանչի ազատ ստեղծագործականության հնարավորություն, ստեղծագործականության «թույլտվություն», ոչ թե բուն իսկ հասկանալու իրադարձություն` ինքն իր մեջ ապակառուցումն արդեն պարունակող: Ուրեմն, կարելի է վերաձեւակերպել` հասկանալը ապակառուցել է: Ըստ այդմ` տեքստը մեկնաբանել նշանակում է արդեն ապակառուցած լինել բոլոր այն հնարավոր միավորները, որ թարգմանիչը ի վիճակի է ըմբռնել հասկանալիս` իմաստային ու քերականական, պատմողի ձայն, հեղինակի ոճ, կշռույթ, շունչ ու չափ, մյուս կողմից` օտար լեզու, համատեքստ, ժամանակ, մեկ այլ կողմից` «սեփական լեզու», համատեքստ, ժամանակ, մեկ ուրիշից` լռած տեղեր, վթարներ, թաքուցյալ եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Հնարավո՞ր է արդյոք մի ամբողջական ու վերջնական ցանկ տալ, որով կթվարկենք այն բոլոր միավորները, որոնք պետք է հասկանա թարգմանիչը թարգմանվող տեքստի մեջ: Կարծում եմ` այդ ցանկը անվերջ ու անհնար է այնպես, ինչպես որեւէ բառի ամբողջական, անփոփոխ ու վերջնական թարգմանությունը: Ինչքան թվարկում եմ, այնքան դատապարտում եմ ինձ դրանցից միայն մի քանիսը հիշատակելու անճարակությանը: Բայց հասկանալը ընդգրկում է տեքստը, ներթափանցում է նրա մեջ, նրա շատ ու տարբեր ասպեկտների մեջ, ու տրոփում է այնտեղ` ինչպես էլեկտրական հոսանքի ջղերը ապակյա գնդի մեջ: Մեկնաբանելու ջղերը հասկանալու ջղերն են եւ դուրս չեն տեքստից, ենթադրված են տեքստով, ու թարգմանչի ազատությունը նույնքան է հակված տեքստի մեկնաբանությանը, ինչքան տեքստն ինքն է հակված թարգմանչի ազատությանը` որպես իր մեկնաբանություն: Տեքստի այս հակվածությունից դուրս ազատությունը կամ մեկնաբանությունը թոզփչոցի է թարգմանչի կողմից, կամ վերաբերմունք է մատների արանքով, կամ թյուրըմբռնված ապակառուցում է, եթե տեքստը չի կարող նեցուկ կանգնել այն մեկնաբանությանը, ինչի թեկուզ թաքուցյալ «պատվերը» չի տվել[10]: Այլ հարց է, որ կարելի է քննարկել միջանկյալ նոր ժանրի գոյությունը, երբ միաժամանակ եւ թարգմանում, եւ ստեղծագործում ես (ստեղծագործում ես առանց տեքստի պատվերի), բայց դա ոչ մեկն է, ոչ մյուսը, այլ երկուսն է միաժամանակ[11]: Նոր միջանկյալ ժանր, որին պետք է անուն տալ – ասենք` թարգմաստեղծություն կամ թարգմարարություն (թարգմաստեղծ կամ թարգմարար), ինչպես սրտներդ կուզի:

Երբ ապակառուցումը խոսում է տեքստի կազմաքանդումից, տեքստը մասերի ու միավորների բաժանելուց, մեկ այլ թյուրըմբռնման տեղ էլ է բացվում: Ապակառուցումը ենթադրվում է գործն անելու մեթոդ կամ համակարգ, որով տեքստերը պետք է քանդվեն ու ետ հավաքվեն: Թարգմանությամբ գործնականորեն զբաղվողը չի կարող ասել, որ պատկերացնում է` հատկապես ինչպես ու երբ դա անել: Իսկ չի կարող, որովհետեւ ապակառուցումը թարգմանական մեթոդ չէ, որից հնարավոր է օգտվել որպես գործիք: Դերիդան է ասում. «Ապակառուցումը համակարգ չէ: Այն արկած է, որի ժեստը ամեն անգամ կախված է իրադրությունից, համատեքստից, հատկապես քաղաքական համատեքստից` կանգնած իր արմատի վրա` մի տեղում եւ մի պատմության մեջ, որոնք եւ թույլ են տալիս նրան, ինչ-որ կերպ, ստորագրել ապակառուցման ժեստի տակ»: Այսպիսով` ապակառուցումը անդադար տրոփում է որպես իմաստների սայթաքունության հիշեցում, համատեքստի շարունակական փոխակերպման ու այլության տեղ, կազմաքանդումի, տարակերպման, լրացումի արկած: Բայց այս արկածը տեղ է գտնում, իմ կարծիքով, միայն հասկանալու մեջ – հասկանալիս ու մեկնաբանելիս – ու եթե գործադրվում է որպես մեթոդ, ապա լավագույն դեպքում դուրս է հայտնվում տեքստից, այլ դեպքում` ծառայեցվում զանազան նպատակների: Թարգմանության տեսաբան Անթընի Փիմը չնայած բան չունի ապակառուցման դեմ,  բայց այն համարում է «ազատության շատ երկդիմի գործիք», ու որպես օրինակ բերում է գրաքննադատ Փոլ դե Մանին, ով նացիստներին հարելու իր անցյալի իրողությունը փորձում էր վերաձեւակերպել` ապակառուցումը պրոյեկտելով պատմության վրա: Ըստ դե Մանի` «պատմությունն ինքը կայուն իմաստ չունի եւ մեկնաբանությունների սոսկական շարք է»: Այդ պատճառով Փիմը թարգմանությունը ձեւակերպում է որպես ռիսկայնության, ռիսկի կառավարման (risk management) ոլորտ` ուշադրությունը տեքստերից տեղափոխելով մարդկանց` թարգմանիչների վրա` նրանց համարելով «մշակութային համակարգերի համագործակցության» երաշխավորներ` որպես թարգմանչի ամենաբարձր էթիկական նպատակ[12]:

ինչպես թարգմանել

Այսքանից հետո, ամեն դեպքում, այնուամենայնիվ, բայցեւայնպես պետք է անդրադառնանք, այնուհանդերձ, այդ «ինչպես»-ի հարցին` ինչպե՞ս թարգմանել, ի՞նչ մեթոդով կամ գոնե եղանակով:

Բառացի՛: Թարգմանել բառացի: Բառացիության մասին խոսողը, գիտեմ, ենթարկում է իրեն պարզունակ պատասխան տալու վտանգին: Ճիշտ է, եթե հեղինակություն մեջտեղ բերելու լինեմ, պիտի ասեմ, որ բառացիության կամ հավատարմության մասին խոսել է նախ Բենիամինը` «Եթե նախադասությունը պատն է, ապա բառացի թարգմանությունը` կամարասրահը»[13]: Բայց նրա էսսեից գրեթե հարյուր տարի է անցել, ավելին` հետկառուցողականությունը` իմաստների անկայունության իր հիշեցումներով, ստիպում է առնվազն չօգտագործել այդ բառը,  ու բառացիությունը կապված է մնում ավանդական տեսությունների հետ` մասնավորապես համարժեքության տեսության: Բայց բառացին համարժեքը չէ: Պետք է նորից մտածել ու ձեւակերպել` ինչ է բառացին:

Նախ` բառացի թարգմանել նշանակում է փոխարկել ոչ միայն բառերը, այլեւ  շարահյուսությունը, նախադասությունը, պարբերությունը, կետադրական նշանները եւ այլն: (Անվերջ ու փոփոխական ցանկ): Այսինքն` ոչ թե երկրորդ լեզվի մեջ գտնել դրանց համարժեքը, ասենք` հայերենում ինչն է համապատասխանում անգլերենի որեւէ արտահայտությանը կամ դարձվածքին, որն  է մեր լեզվում դրանց համարժեքը, այլ դրանք բնագրից հնարավորինս բառացի փոխարկել երկրորդ լեզու: Օրինակ` հայերենում չենք սիրում նախադասությունը սկսել շաղկապով, եւ հաճախ, հարմարեցնելու համար, բնագրի երկու նախադասությունը վերածում ենք մեկի, որպեսզի խուսափենք վերջակետից հետո եկող շաղկապից: Սա համարժեք, բայց ոչ բառացի թարգմանություն է: Բառացի թարգմանության խոշին կուգա բնագրի երկու նախադասությունը թարգմանել հենց երկու նախադասությամբ` վերջակետից հետո եկող շաղկապով: (Թե սա ինչ կարող է տալ, սրա մասին` մի քանի էջից):

Կան նաեւ միանգամից ամբողջական նախադասություններ թարգմանելու թեզը առաջ տանողներ, բայց ես չեմ պատկերացնում` ինչպես է դա հնարավոր, եթե թարգմանությունը միայն համարժեք փոխադրություն չէ։ Հաճախ լսել եմ նաեւ, որ բառացիի տակ թյուրիմացաբար ենթադրում են այն տեքստը, որը աշխատում է բառախաղի վրա: Բայց, տարօրինակորեն, հենց այդ` բառախաղով աշխատող տեքստն է, որ անհնար է կամ դժվար է թարգմանել բառացի: Դրանց բառերը հիմնականում պետք է լինում փոխել, երկրորդ լեզվի մեջ բառախաղային համարժեքներ փնտրել, որպեսզի լեզուն հնարավորություն ստանա խաղի: Այստեղ էլ, փաստորեն, բառացի թարգմանական միավորը խաղն է` բառախաղը:

Հետո` ապակառուցումից խոսողը ահավոր կապանքված է զգում իրեն «բառացի» բառի մեջ: «Բառացին» ասես պինդ նյութ լինի, որը հուշում է կայուն ու չփոխվող իմաստներ, որոնք իբր գոյություն ունեն բնագրում, իսկ «բառացին» էլ այդ կայունն ու անփոփոխը փոխարկելի ենթադրողն է: Բնավ այդպես չէ: Բորխեսի երեւակայական Պիեռ Մենարի հայտնի գործից[14] գիտենք, որ բանը մեկնաբանություն է անգամ այն դեպքում, երբ նույն տեքստը նորից է գրվում նույն լեզվով: Նույն լեզվով բառացիորեն նորից գրված նույն տեքստը այդ տեքստի մեկնաբանությունն է նոր համատեքստում[15]: Ուրեմն` առավել եւս մեկնաբանություն է օտար լեզվից «նորից գրված» նույն տեքստը: Եթե անգամ հաջողենք լրիվ բառացի թարգմանություն անել, իբր` «նորից գրել», գործը այլ մեկնաբանության դաշտ է մտնում այլ մտահորիզոնի միջով, այլ լեզվի մեջ ու այլ համատեքստում:

Համարժեքության ավանդական տեսության մեջ բառացին նշանակում է երկրորդ լեզվում բառ ընտրել առաջին լեզվի բառի դիմաց, ու կարեւոր չէ` ինչ են ասում կողքի միավորները` բառային կամ քերականական, ինչ է հուշում համատեքստը: Բայց բառացիությունը այլ տիրույթներ է պտտում իր առանցքի շուրջը, այսօր: (Երբ ասում եմ «բառ», իմաստային ու քերականական մնացած միավորներն էլ հետն են, ինչպես Մուրադը` Արուսի[16]): Բառի` որպես նշանակիչի ու նշանակյալի տարբերակումից դենը` Նոամ Չոմսկին խոսում է, օրինակ, բառի արտաքին եւ ներքին իմաստների (E-meaning and I-meaning) մասին: Ըստ նրա` բառերն իրենց ներքին իմաստներով կարող են համընկնել լեզուներում, նույնը լինել, նույն բանն արտահայտել, իսկ դրանց արտաքին իմաստները կարող են «թաքցնել» այդ նմանությունը: Այդպես` բառը կոտորակվելու, մասնատվելու, տարբեր շերտերում տարբեր իմաստներ կրելու ընդունակություն ունի` անգամ բնագրի համատեքստից այնկողմ: Բառն ինքն իր մեջ արդեն ապակառուցվում է, ու թարգմանչի ընթերցման մեջ ներկա է ոչ միայն իր ներքին իմաստով, այլեւ իր արտաքին իմաստների ծիրով: Ուստի, բառացիությունն իր մեջ կրում է ապակառուցումը: Բայց բառացիության վեկտորն ուղղված է ոչ թե մի միավորը մյուսով փոխարկելուն` որպես առաջին լեզու—>երկրորդ լեզու շարժում, ինչպես համարժեքության տեսության մեջ էր, այլ ինքն-իր-մեջ-արդեն-ապակառուցվող միավորից դուրս գալով` շարժվում է դեպի մյուս բոլոր միավորները, ընդգրկում է դրանց հարաբերությունը միմյանց հետ ու նորից վերադառնում է մեկ եւ նույն միավորին առաջին լեզվի մեջ, հետո նոր երկրորդ լեզու է փոխարկում այդ արդեն բեռնված միավորը: Ասենք` եթե պիտի թարգմանվի մի բառը, ապա մինչեւ այն փոխարկելը երկրորդ լեզու, բառը (իր արդեն բազմակի իմաստներով) հարաբերության մեջ է տեսնվում-հասկացվում մյուս բառերի, նախադասության, շարահյուսության, կետադրության, պատմողի ձայնի, համատեքստի, թարգմանչի սեփական լեզվի, օրակարգի, համատեքստի, նաեւ ընդհանուր մեծ տեքստի (general text – Դերիդա) հետ (ոչ միայն այսքանը), հետո այդ հարաբերության տեղյակությունը կրելով իր մեկնաբանության մեջ` թարգմանիչը նորից վերադառնում է այդ բառին ու փորձում է թարգմանել այն, փոխարկել երկրորդ լեզու: Բառացին այդ նորից վերադառնալն է մեկ եւ նույն միավորին: Ոչ մի միավոր ավելորդ կամ անկարեւոր չէ բնագրում, այլապես ինչո՞ւ է հայտնվել այնտեղ (եթե անգամ այդ միավորը նշանային չէ, այլ տեքստից լսվող ձայն է):  Այդպես` բնագրի բառը կարող է անգամ չգտնել իր համարժեքը երկրորդ լեզվում, կամ նրա նշանակիչը կարող է վերանա թարգմանության մեջ, բայց այնտեղ մնա նշանակյալը, բառի ձայնը, այն, ինչ իր վրա էր կրում բնագրում: Բառացիությունը նշանակում է` ընթերցել հնարավոր ԲՈԼՈՐ միավորներն ու դրանց հարաբերությունը ու փոխարկել հնարավոր ԲՈԼՈՐ միավորներն ու դրանց հարաբերությունը: Ինչքան թույլ է տալիս լեզուն: Ընդունող լեզուն: Ու ավելի տարօրինակ բան` միայն բառացի թարգմանելով է, որ հնարավոր է հասնել ոչբառացիության արկածին` որպես ապակառուցման ժեստ: Բառացիությունը պարանի մի ծայրից մյուսը գնալու գործողությունից վեր է ածվել սարդոստայնի հնարավոր բոլոր թելերով անցնելու ու նորից մեկ եւ նույն թելին վերադառնալու գործողության, որից ձգելով միայն կարող ես որսալ ` ունենալով ամբողջ ցանցի տեղեկությունը: Այդ մեկ եւ նույն թելին վերադառնալն ու այդ միավորը փոխարկելու փորձն է բառացին:

ինչու բառացի

Վերեւում պատասխանն է «ինչպես» հարցին, բայց մեթոդ լինելու համար չունի անհրաժեշտ համակարգ, քայլերի հերթագայության քարտեզ, ու հույսը մեծավ մասամբ թարգմանչի ընթերցման ու հասկանալու վրա է: Թարգմանելու մեթոդ հնարավոր չէ առաջարկել, ինչպես հնարավոր չէ առաջարկել հասկանալու մեթոդ: Բայց «ինչպեսը» պիտի ենթադրած լինի «ինչու» հարցը: Ինչո՞ւ թարգմանել բառացի: Երբ խոսք է գնում բառացիության մասին, մանավանդ երբ բառացին փոխարինվում է մեկ այլ բառով` հավատարիմով, հարցն անխուսափելիորեն  հայտնվում է էթիկական դաշտում` որպես թարգմանչի հավատարմություն հեղինակին, կամ թարգմանված տեքստի հավատարմություն` բնագրին: Իբր` թարգմանենք բառացի, որ մնանք բնագրին հավատարիմ (որովհետեւ դա թարգմանչի էթիկական պարտք է): Եթե անգամ սա է պատասխանը, ապա ակներեւ է, որ սպառիչ չէ, քանի որ նորից է հարցի տեղ բացվում` ինչո՞ւ մնանք հավատարիմ (ինչո՞ւ է դա թարգմանչի պարտքը): Կարծում եմ` շատ թարգմանիչներ էթիկայից դենը չեն դնում հարցը` լինի դա պարտք բնագրի առաջ, իրենց լեզվի առաջ, կամ մշակութային պարտք-արարք` որպես դիմադրություն: Բայց թարգմանությունն ավելին է։ Թարգմանությունը միտվում է մինչեւ լեզվի վերջին, որտեղ լեզուն գրեթե ձուլվում է այն տեղին, որտեղ բաները դեռ չունեն անուններ, ենթարկված չեն լեզվին, որտեղ դեռ չի մտել պատմությունը: Բենիամինն իր «Թարգմանչի առաջադրանքը» էսսեում այդ տեղն անվանում  է զուտ լեզու (pure language): Դա բաների այն տեղն է, որը գոյություն ունի բոլոր լեզուներից այնկողմ, որտեղից բխում են լեզուները` որպես այդ դեռ չարտահայտվածը արտահայտելու միջոցներ: Որտեղ «քարը»` քարի անվանման մտադրությունը, գոյություն ունի մինչեւ լինելը քար, камень, stone, Stein, pierre ու այլ հարյուրավոր լեզուներով, բայց այդ տիրույթում` զուտ լեզվում, բոլոր լեզուներով արտահայտվածն է միաժամանակ, դրանց բոլորի մտադրությունն է, մինչդեռ ամեն լեզու այն անվանելու առանձին ձեւ է գտել:  Բենիամինն ասում է` «Դեպի ո՞ւր է պետք նայել` ցույց տալու երկու լեզուների ազգակցությունը (kinship)` կողքի դնելով պատմական որեւէ կապ: Հաստատապես ո՛չ գրական գործերի նմանության կամ նրանց օգտագործած բառերի ուղղությամբ: Լեզուների միջեւ ամբողջ վերպատմական ազգակցությունը բաղկացած է սրանից` նրանցից յուրաքանչյուրի մեջ որպես ամբողջություն միեւնույն բանն է նկատի առնվում: Սակայն այս մեկ բանը հասանելի չէ որեւէ առանձին լեզվով, այլ միայն նրանց մտադրությունների (intention) ամբողջությամբ` լրացնելով մեկը մյուսին – զուտ լեզվում: Թեեւ օտար լեզուների առանձին միավորները` բառերը, նախադասությունները, զուգորդումները, փոխադարձաբար բացառում են իրար, բայց լրացնում են մեկը մյուսին իրենց մտադրություններում»[17]:

Դերիդան մեկնում է լեզուների այս բազմակիությունից` համեմատելով Բաբելոնի հետ ու անհուսալի դժվարության մեջ նկատելով լեզուների միմյանց հետ խոսելը: Քանի որ ինչպե՞ս խոսեն, եթե բացառում են իրար: Այսինքն` երբ stone-ը դառնում է քար, քար-ն արդեն բացառում է stone-ը` լինելով նույն բանը անվանելու զուգահեռության մեջ: Քար-ն արդեն stone-ի մեկնաբանությունն է: Ուստի, քար-ը stone-ը չէ, ի վերջո: Քարի բոլոր անվանումները, պատմական լեզուների մեջ բացառելով իրար, լրացնում են իրար զուտ լեզվում կամ իրար լրացնելով են դառնում ամբողջը` քարն անվանելու մտադրությունը: Բենիամինը մի մեջբերում է արել Մալարմեից. «Լեզուների անկատարությունը բաղկացած է նրանց բազմակիությունից. գերագույն (supreme) լեզուն պակասում է, մտածելը գրել է առանց պարագաների կամ նույնիսկ շշնջալ է. անմահ բառը դեռ մնում է լուռ, դարձվածքների բազմազանությունը երկրի վրա թույլ չի տալիս արտասանելու բառերը, որոնք, այլ դեպքում, մի շարժումով նյութականանալու էին որպես ճշմարտություն»[18]:

Բառացի թարգմանությունը տեքստի միջոցով այլ լեզվի արդեն գուշակածը թարգմանելն է: Գուշակածը` զուտ լեզվից: Բառացի` անգամ դարձվածքները: Ինչքան որ դա հնարավոր է երկրորդ լեզվում, քանի դեռ իմաստը չի աղճատվել այնքան, որ ավելին անվանելու փոխարեն` ավեր լռություն սփռի: Բառացի թարգմանությունը մի լեզվի միջոցով մյուսին տալիս է այն, ինչ երկրորդ լեզուն հասկացել, բայց դեռ չի կարողացել արտահայտել: Մի լեզուն մյուս լեզվի համար լրտես է աշխատում զուտ լեզվում: Ինչի՞ են միտված բոլոր գիտությունները` ավելին գուշակելու: Ինչի՞ է միտված թարգմանությունը` ավելին գուշակելու: Սա իմ պատասխանն է: Ուրեմն զուտ լեզուն այն տեղն է, որտեղ մենք ներսուդուրս ենք անում` բոլորս` առանց խոսելու, առանց պատմություն ունեցած լինելու: Մեր իմացած բառերը շատ են ու տարբեր, իսկ մեր իմանալիքը` գուցե նո՞ւյնը: Այդ իմանալիքը բոլոր լեզուների հանրագումարն է կամ այդ հանրագումարով է հնարավոր: Իսկ «հանուրն» իրար գումարելու բարակ-բարա՜կ տեղն է բառացի թարգմանությունը:

Օրինակը շատ բան կտար այստեղ: Օրինակ բերեմ: Ալիս Մունրոյի մի պատմվածքի մեջ, որը թարգմանում էի[19], գնացքից իջած մի քանի կանայք բարեւում են կայարանում կանգնած մեկ այլ կնոջ, ով ասում է`[it’s a] raw day: Ես թարգմանել եմ` «հում օր է»: Սա դարձվածք չէ, որով խոսում է անգլերենը որոշակի օրերի մասին, սա հեղինակի տեքստի գտածն է: Երկու դեպքում էլ` լիներ դարձվածք, թե ոչ, ես թարգմանելու էի բառացի: Տեքստն իր մեջ բան էր գուշակել զուտ լեզվից, հեղինակն իր գուշակածից չէր հրաժարվել, ինչո՞ւ պիտի հրաժարվեր թարգմանիչը: Եթե անուժ չէր: Կարծում եմ` պատմական լեզվի ու զուտ լեզվի սահմաններում է հածում նաեւ բանաստեղծության տեղը (սրա մասին գրություն եմ խոստացել), որտեղ կայանում է արդեն իմացածի ու դեռ չանվանածի հանդիպումը: Բանաստեղծություն ասելով` ժանրը նկատի չունեմ: Այլ բանաստեղծականի այն ակնթարթը, այն հնարավոր գուշակելին, սպրդող այն արանքը, որում հասկանում ու չես հասկանում, գիտես ու չգիտես: «Հում օրը» այդ տեղն է: «Գրելն ինքնօտարում է», ասաց Գադամերը, գուցե այն պատճառով, որ մտածումը մեր մեջ կայանում է ոչ միայն պատմական, այլ նաեւ զուտ լեզվով` դեռ անուն չդառածով, անվանման մտադրությամբ: «Մտածելը գրել է առանց պարագաների», ասաց Մալարմեն, իսկ գրելը «պարագաների» անսահման քչությունն է, երբ ստիպված ենք դիմել պատմականացած լեզվին` նրա բառերին ու համակարգին, ստիպված ենք օտարանալ մեր մտածումից ու հեռանալ դեպի բառերը: «Հում օրը» զուտ լեզվից սպրդածն է, որսած-բռնածն է, տեղակայածն է մեր բերանի մեջ, որպես արտահայտվելու հնարավորություն` որպես ազատագրում: Հրաժարվել դրանից, նշանակում է ունենալ ավելի տկար ու նվազ օրակարգ, քան ավելին գուշակելն է:

օտարացում (foreignization)

Գուշակումի այս տեղերում թարգմանության մեջ միշտ շաչում են օտարության պեծերը, ու թարգմանիչը շողացնում է իր թեփուկներն այստեղ: Օտարության թափանցումը թարգմանված տեքստի մեջ ոչ միայն անկասելի է, այլեւ թարգմանչի ձեռքով մաքրվում են այդ թափանցման ճանապարհները: Ավելին` երկրորդ լեզուն կարող է ներկալել ու ցուցադրել ոչ միայն առաջինի օտարությունը, ոչ միայն բնագրի օտարությունը, այլ նաեւ իր սեփականը` այն, որ անդունդի պես էր թվում 100 դրամի ակցիայի այն մարդուն, իր տարբեր շերտերի, իր բարբառների, խոսվածքների մեջ` տարօրինակելով ինքն իրեն: Հավանաբար այդպես է, որ թարգմանությունը դառնում է ավելին, դառնում է, ինչպես Բենիամինն է ասում` «ոչ թե բնագրի պատճենը, ոչ թե մեկնաբանությունը, այլ դրա լրացումն ու լրումը»: Օտարությունը տեքստ է մտնում բառացիությամբ[20]:

Օտարացման դեմ կարելի է բերել առնվազն երեք փաստարկ` ընթերցողի, լեզվի եւ դիմադրության.

Որ 1. Ընթերցողը (լավ) չի հասկանում կարդացածը, չի կարողանում «սահուն» կարդալ, առաջ գնալ: Պատ.` ընթերցողը իզուր է սպասում գերհոգատար վերաբերմունքի: Թարգմանությունը հաղորդակցություն չէ ընթերցողի հետ (Բենիամին): «Ոչ մի բանաստեղծություն ուղղված չէ ընթերցողին, ոչ մի նկար` դիտողին, եւ ոչ մի սիմֆոնիա` լսողին»[21]: Ընթերցելը մեղսակցություն է, ասում է Ցվետաեւան, ես ավելացնում եմ` ավելին գուշակելու մեղսակցություն:

Որ 2. Լեզուն մաքուր չի մնում, աղավաղվում է, աղճատվում է, փչանում է եւ կարող է մեռնել: Պատ.` լեզուն կռելի, ճկուն համակարգ է: Այսինքն` կռելի է, ճկուն է, բայց համակարգ է: Նրան հնարավոր է ճկել այնքան, ինչքան թույլ է տալիս լեզվի բնությունը: Բայց լեզուն ճկելու պատվերը պիտի գա բնագրից, դա ինքնանպատակ գործ չէ, որ անում է թարգմանիչը, իսկ այդ պատվերը հնարավոր է կատարել մինչեւ այնտեղ ու այնքան, որքան թույլ է տալիս լեզվի ճկելիությունը: Եթե բնագրի պատվերը այդ ճկունությունն անգամ ջարդելը չէ` փշրելու նրա համակարգը, հասցնելու լեզուն անհասկանալիության, զանցառելու նրա (համակարգ) լինելը, ապա ամենաանողորմ չափով ճկված լեզուն անգամ թույլ է տալու իր տակ գուշակել բնագրի պատվերը, որով եւ` գուշակել ավելին: Իսկ լեզուն օտարությունից հեռու պահելու, նրա «մաքրությունը չեղծելու» մարմաջը կտրում է նրան զուտ լեզվի պահեստարանից, որտեղից եւ պիտի սնվեր նրա կենդանությունը:

Որ 3. Օտարության ներբերումը բացառում է դիմադրությունը, ընդունող մշակույթը դարձնում է խոցելի: Օտարության ներմուծումը որեւէ մեծ տերության լեզվի ու տեքստերի մեջ, այդ տեքստերի օտարոտի հնչելը եթե անգամ չհասկացվի դրա ամենախորը ու նվիրական իմաստով, ապա գոնե ուրիշության, հետաքրքրության սահմաններում` լրիվ ընդունելի ու ընկալելի է: Բայց նույն բանը կարող է մեծ վախ ու մերժում հարուցել հետգաղութային մի փոքր երկրում, որտեղ լեզուն պայքարի ամենազորեղ գործիքն է, եւ տեղայնացումն (domestication) է դիմադրելու ամենալավ ձեւը։ Պատ.` օտարացնելը ավելին է, քան դիմադրելը: Օտարացնելը, որը զուտ լեզվի տրոփյունն է` լեզուներից այնկողմ, դիմադրությունից անդին մեկնված ձեռք է` որպես զուգահեռ, որպես հավասարաուժ: Թարգմանիչը մի լեզվին` նրան հատուկ համակարգով ու բնությամբ, հրավիրում է մեկ այլ լեզվի տարածք, ուր մինչեւ այդ նա չի եղել, բայց որտեղ լինելու կարիքը, ինչպես տեսանք, ունի: Քանի որ բոլոր լեզուների երազանքը հավանաբար ավելին գուշակելն է: Եթե ես լինեի լեզու, իմ երազանքը միայն դա կլիներ: Դիմադրելու լավագույն ձեւը թարգմանությունը դիմադրությունից դենը տանելն է, որով եւ նա դուրս է գալիս մեկի իշխանության ու մյուսի կախվածության քարանձավից, ու երկու կողմից էլ հայացքներն ուղղվում են զուտ լեզվի պահեստներին:

«Ես վատ թարգմանություն եմ անվանում այն թարգմանությունը, որը, սովորաբար փոխանցելիության քողի տակ, ցուցադրում է օտար գործի օտարության սիստեմատիկ ժխտումը»[22],- ասում է տեսաբան Լոուրենս Վենուտին:

Գովաբանելով վատ թարգմանությունները` մենք սովորաբար ասում ենք` «ոնց որ հայերեն գրած լինի»` թյուրիմացաբար կարծելով, թե թարգմանչի (միակ) օրակարգը հայերենացնելն է: Նույնկերպ, գնահատում ենք բնագրին հավատարիմը, համարժեքը` դրա տակ տեսնելով (միայն) թարգմանչի բարձր էթիկան: Բայց այն ամբողջ ցանցը, որ թարգմանչի գլխի մեջ է, որով պիտի անցնի ինքնակամ, ավելին` ցանցն ինքն էլ հյուսել է, շատ օրակարգերի եւ այդ օրակարգերից բխած բազում եղանակների ոստայն է, որ նորից ու նորից է գործի դրվում յուրաքանչյուր հաջորդ քայլին, յուրաքանչյուր հաջորդ բառին, միավորին` դրա շուրջը ճռնչոցով պտտելով ամբողջը ու նորից չափելով կորուստները, բայց դրանց բոլորի վերջում միշտ կանչող հում տեղի տրոփն է` զուտ լեզվի:


 

[1] «Թարգմանություն` ամեն տեղ»  ֆորում – https://www.youtube.com/watch?v=SbjcQ7Dm4C8&index=14&list=PL2dqJGGRcnOXe8F4-4rN4rUSN2W7JCeaS

[2] Մարկ Նշանեան, «Թարգմանութիւն եւ թարգմանելիութիւն» – http://boon.am/nshanean/

[3] www.arteria.am / www.blinddatesproject.org

[4] J. C. Catford – “A Linguistic Theory of Translation” (1965)

[5] Jacques Derrida – “PSYCHE, Inventions of the Other, Vol 1”, “Des Tours de Babel”, Stanforrd University Press, Stanford, California, 2007, p. 224

[6] Theo Hermans –  “Disciplinary Objectives” / www.artisinitiative.org /

[7] Դիմադրության ակցիա Երեւանում՝ ընդդեմ տրանսպորտի գնի թանկացման, 2013-ին։ Իշխանությունները ցանկանում էին Երևանի քաղաքային տրանսպորտի գինը 100 դրամից դարձնել 150 դրամ: Ակցիան ընթանում էր «Վճարում ենք 100 դրամ» կամ «Հարյուր դրամ» կարգախոսների տակ։ Ի վերջո իշխանությունները նահանջեցին և գինը նույնը թողեցին:

[8] Hans-Georg Gadamer –“ Truth and Method”, “Language as the Medium of Hermeneutic Experience”, Continuum Publishing Group, New York, 2004, p. 384-396

[9] Hans-Georg Gadamer –“ Truth and Method”, “Language as the Medium of Hermeneutic Experience”, Continuum Publishing Group, New York, 2004, p. 390

[10] «Թարգմանություն` ամեն տեղ» ֆորումի ժամանակ Մարինե Պետրոսյանը խոսում է Բուքովսկու իր թարգմանությունների մասին, որոնք արել է «ա» օժանդակ բայով, որը Բուքովսկու լեզվի մեջ բնականաբար չկա, եւ որի պատճառով շատ քննադատություն է լսել: Հեղինակի մտադրության մեջ «ա» օժանդակ բայը չի եղել, որովհետեւ նրա լեզուն նրան չի տալիս այդ հնարավորությունը, ուրեմն նաեւ` մտադրությունը, բայց տեքստը, որը տարածվում է հեղինակի մտադրությունից անդին, պարունակում է այդ «ա»-ն (իր ոգո՞ւ, ենթատեքստի՞, ոճի՞, ձայնի՞ մեջ): Այդ «ա»-ն գոյություն ունի բնագրում, տեքստը նեցուկ է կանգնում դրան, թարգմանիչը չի պարտադրել այն դրսից` որպես տեքստին կից ստեղծագործականություն, ինչը արած կլիներ, եթե նույն ձեւով թարգմաներ ոչ թե Բուքովսկի, այլ, ասենք, Բրոդսկի: Կարող ենք պնդել, որ ուրիշ թարգմանիչներ գուցե այդպես չհասկանային ու այլ ձեւով անեին թարգմանությունը, որը ինքնաբերաբար տանում է հարցին` ինչպե՞ս (սովորել) հասկանալ: Բայց նորից` «հասկանալը կամ դրա ձախողումը իրադարձության պես է, որ պատահում է մեզ հետ»: Թարգմանելիս տեղի է ունենում` ըստ Գադամերի, մտահորիզոնների միախառնում (fusion of horizons), որով թարգմանված տեքստը ոչ միայն հեղինակինն է, ոչ միայն թարգմանչինն է, այլ երկուսինը միաժամանակ:

[11] Օրինակ` Շեքսպիրին թարգմանում են ժարգոնով, կամ նրա հերոսներին թարգմանության մեջ դարձնում են սեւամորթ, կարմրամորթ, շեղաչ եւ այլն:

[12] Forma y Funciόn, Deconstructionist and Poststructuralist Trasnlation Approaches: Overview and Critique –  www.scielo.org

[13] Walter Benjamin – “Illuminations”, “The Task of the Translator”, Pimlico, London, 1999, p. 70-83

[14] Խորխե Լուիս Բորխես – «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», «Պիեռ Մենարը «Դոն Կիխոտի» հեղինակ», Ապոլոն, Երեւան, 1992, էջ 25-34, նաև Ինքնագիր գրական հանդեսում Վարդան Մաթեւոսեանի արևմտահայերեն թարգմանությամբ ՓԻԵՌ ՄԵՆԱՐ՝ «ՔԻՇՈԹ»Ի ՀԵՂԻՆԱԿ

[15] Բորխեսի այս գործին անդրադառնում է նաեւ Մարկ Նշանեանը Բուն TV-ի իր «Թարգմանութիւն եւ թարգմանելիութիւն» դասախոսության մեջ:

[16] Հղում է «Հարսնացուն հյուսիսից»  ֆիլմին (ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան, 1975), մասնավորապես ֆիլմի կերպարներից Մուրադի հայտնի արտահայտությանը՝ «ես որ ասում եմ ես, ուրեմն Արուսն էլ հետս ա»։

[17] Walter Benjamin – “Illuminations”, “The Task of the Translator”, Pimlico, London, 1999, p. 76

[18] Walter Benjamin – “Illuminations”, “The Task of the Translator”, Pimlico, London, 1999, p. 78

[19] Ալիս Մունրոյի «Սիրելի կյանք» ժողովածուի թարգմանությունը պատվիրել է «Զանգակ» հրատարակչությունը, բայց թարգմանության հրատարակումն ուշանում է արդեն երկու տարի: «Միջին ընթերցողին բավարարելը» կարող է լինել հրատարակչի բիզնես օրակարգը, բայց թարգմանությունները չեն կարող հարմարեցվել այդ օրակարգին: Թարգմանիչներն ու թարգմանվող գրականությունը պիտի պարզապես ճիշտ ընտրվեն նախապես:

[20] «Թարգմանություն` ամեն տեղ» ֆորումի իր ելույթում Հրաչ Բայադյանը հակադրում է բառացիությունն ու օտարությունը: Այս գրությունը փորձում է վիճարկել, որ դրանք ոչ միայն հակադրելի չեն, այլեւ պայմանավորում են իրար: Թարգմանությունը, հակված լինելով օտարության ներբերմանը, խնդիր է դառնում նաեւ հետգաղութային հետազոտությունների դաշտում` մերժելով դիմադրողականությունը, որով պիտի պայքարեր կենտրոնի գերակայության դեմ: Թարգմանությունը խոցելի է դարձնում ընդունող մշակույթին, եթե չի դիմադրում օտարությանը: Այստեղ տեղին է Կարին Գրիգորյանի հարցը` այդ դեպքում, ինչպե՞ս դիմադրել, որ թարգմանությունը չմնա ազգայինի, ազգանվերի շրջանակում, այլ հասնի մինչեւ մտածողության սահմանը, դառնա ռեֆլեկտիվ: Պատասխանը փորձել եմ տալ տեքստում:

[21] Walter Benjamin – “Illuminations”, “The Task of the Translator”, Pimlico, London, 1999, p. 70-83

[22] Forma y Funciόn, Deconstructionist and Poststructuralist Trasnlation Approaches: Overview and Critique – www.scielo.org

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

twenty − nine =