Թագուհի Ղազարյան

Ծնվել եմ 1991-ին՝ ուղիղ ճեղքի վրա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ: Հիշում եմ, որ կյանքիս առաջին վեց-յոթ, գուցե նույնիսկ տասը տարիերին ժամերով նայում էի էլեկտրական լամպին ու սպասում, որ լույս կվառվի. մութ էր: Էդպես ճեղքված ու լույսին սպասելով էլ ապրում ենք ես ու իմ ճեղքված սերունդը: Մի բան ենք ուզում, բայց դեռ հաստատ չգիտենք, թե ինչ: Ուզում ենք, որ լավ լինի: Գիտենք, լսել ենք, որ մեզանից առաջ՝ «Սովետի վախտով», լավ էր: Հավատում ենք, բայց լավ չենք պատկերացնում: Գիտենք, որ հետո էլ լավ է լինելու: Հավատում ենք, բայց լավ չենք պատկերացնում: Էդպես մինչդեռ մենք սպասում ենք ու հիշում, ներկան ձեռքներիցս դուրս է սողում, որովհետև մենք ծնվել ենք, ես ծնվել եմ ուղիղ ճեղքի վրա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ…

Բնագրեր

Երբևէ Աբովյանին անվանե՞լ են արդյոք «հեղափոխության երգիչ», բայց Աբովյանն անում էր նույնը, ինչ Չարենցը՝ իր ժամանակի մեջ, և երկուսին էլ այլ կերպ չի կարելի անվանել, քան հեղափոխականներ: