Ալենի հիշատակին,

որ չէր գրվել որպես հիշատակ։

 

Ինչ-որ բաներ փորձում են ստեղծել նրա գոյությունը։ Կան միայն նրա փոքրիկ լույսիկները՝ կախված հայելիների վրա, փայտե փեղկերով լուսամուտին ու դարակի սպիտակ խոռոչներին։ Մեկը խմած ճմլկոտում է բազմոցին՝ կլանելով լույսերը։ Այսօր, թե երեկ արտակարգ դրություն է հայտարարվել, այնպես որ՝ դեռ կարելի էր խմել։ Գնացել էին փաբ։ Սիգարետի ծայրը Մարիամը վերցրեց սեղանից, դրեց մոխրամանի մեջ։ Խմիչքը արագ կուլ տվեցին։ Հենվեցին իրար վրա։

Ո՞վ է ասում, թե ուրիշի ձայն կար։

Ամբողջ ընթացքում մարտին էին սպասել։ Ամիսը լցվել էր իրիկնային մոհիտոյի մեջ։ Անծանոթ տղամարդիկ խմում էին ու աղմկում։ Նրանք երեքով իրար էին նայում։ Մեկը ձեռքերի մեջ պտտում էր մեքենայի բանալին։ Ի վերջո գնալու էին լույսիկներով տունը, որտեղ ինչ-որ բանի էին սպասելու։ Բաժակների մեջ մնացել էին դաղձի ճմռթված տերեւները՝ կպած սառույցներին։ Կարմիր լույսը լցվել-մնացել էր բաժակներում։ Ձողիկները բեկվել էին։

Երբ էլ դաշտերի միջով քշեր, մտածում էր սիրո մասին։

Եթե դուրս գային լաբիրինթոսից, որի մեջ էին, կկարողանային կողմնորոշվել, թե ինչ էին ուզում։ Բայց հնչում էր երաժշտությունը։ Անձրեւ, թե ձյուն էր մաղում։ Մեկը գլուխը դրեց ուսին։

Իրականությունն այն է, որ սիրում էին իրար այդ պահին, գուցե դրանից առաջ՝ չէ։

Բայց դեպքերը շաղված էին գիտակցության մեջ, պարզ չէր։ Հիշում է նրան հիմա հանդարտ, ջղաձգությունից զերծ, սովորական, պարզ հայացքով, աչքերով, որ նայում են։ Երաժշտությունը ձգվում էր, բայց ինչ-որ բան չէր կայանում, նստած էին պարզապես երեքով, երեւի ուրախ էին։ Մարիամը անհանգիստ էր արտակարգ դրությունից, մեղավոր էր զգում։ Խոսեց հեռախոսով ու ասաց՝ հա, հա։ Հետո հեռախոսն անջատեց, դրեց սեղանին, մոխրամանի կողքին։

Չգիտեր՝ ինչու էր նրան այդ մարտը խոստանում, մտքին ոչինչ չկար։ Բայց կար խոստումը, հետեւաբար եւ սպասումը։ Նա մուգ կապույտ գիշերազգեստ էր բերել, որ արդուկված, ծալված սպասում էր ճամպրուկում։ Կտորը կոշտ էր, ասում էր, որ դրանով դիմավորել էր ուզում նախկին մի տղայի, որ տխրություն չուներ։

Հետո, երբ տանն էին արդեն, ու լույսիկները կային, հագավ գիշերազգեստը։ Եկավ-նստեց բազմոցին, աչքերը երկար հառեց։ Մարիամը նկարեց իր հեռախոսով։

Լուսամուտի հին սպիտակ փեղկերից դենը քաղաքն էր, որ տարածվում էր հենց պատուհանի տակ՝ փոշոտ փողոցի վրա։ Ներս չէր խցկվում ու չէր խանգարում։ Ամեն ինչ սպիտակ տան մեջ էր։ Հետո, երբ նայեց նրա գիշերային շորերին, հասկացավ, որ նա բազմակի բաների է պատրաստ, այդ թվում եւ իր հետ։ Չգիտեր, հստակ ոչինչ չէր ասում։ Մատները անցած ուրիշի։ Հետո նայեց նրա պարանոցին։

Պատին կախված հայելին, որից կախված էին լույսիկները, վեցանկյուն էր։ Կամ էլ ավելի շատ անկյուններ ուներ, գուցե արեւի էր նման։ Գալարվում էր բազմոցի վրա՝ գլուխը Մարիամի ծնկներին։ Զգում էր, որ նա շոյում է։ Առաստաղից կախված ջահ չկար, սպիտակ տախտակներն էին՝ իրար զուգահեռ։ Մաքուր տուն էր՝ համարյա երեւակայական։ Այստեղ հազարոտնուկներ միշտ շատ էին լինում՝ չոր էր ու տաք։ Ուզում էր նրանց պատմել, որ սիրում էր սիրածի եղբորը, ու նայում էր պատն հատող միջատին։ Հավանաբար կանգնած էր հենակետում՝ աչքը դիտակից հառած դիմացի թշնամական լանջին։

Սկսեց պատկերացնել մարդկանց վերջույթների ամպուտացիան։ Կանանց կտրված կրծքերը։ Մատներ, ոտքեր, թեւեր՝ պլոկված ընդհանուր մարմնից։ Դրանք վառո՞ւմ են, թե՞ թաղում։ Ո՞վ է աշխատում վառարանի մոտ։ Պարզապես վերցնեում է ձեռքը ու հետո նետո՞ւմ, թե՞ դնում է վառարանի մեջ։ Երեւի ափսոսանք չկա աղճատման համար։ Սոնան ասում էր, որ գոհ է կորոնայից, քանի որ մարդկանց մարմինը չի խեղում։ Բայց մի բուժքույր պատմում էր, թե ոնց է մարդը դեռ խոսում հետդ, բայց արդեն թոքեր չունի։ Նրա կուրծքը վերուվար է անում արհեստական սարքով։ Հետո, ինչ-որ պահի սարքն անջատում են։ Թոքերը հավանաբար կարեւոր են, դուրս է գալիս։

Պատկերացնում էր, որ սկզբից կտրում են կաշին, հինգ սանտիմետր պլոկում են մսից, բարձրացնում են վերեւ, որ տակից կտրեն թեւը, հետո մնացած ավել կաշին քաշում են իրար վրա ու կարում։ Հավանաբար այդպես են անում, թե չէ կտրված թեւի վրա կերեւային բոլոր հյուսվածքները, ոսկորը։ Ինչպես մսագործի կրպակի ճակատին նկարված դարս-դարս մսաշերտերով մարմնանդամը։

Երբ հազարոտնուկը թողնում է ոտքերից մեկը, էլի կարողանում է քայլել։ Հետո մտածեց, որ չի կարողանա ապրել առանց նրա, եթե ամեն դեպքում ինչ-որ բան լինի։ Սկսեց նրան նայել այդ ապագայի միջից՝ հետ դեպի այս պահը, որտեղ նա արդեն հարազատ է, որտեղ նրա վիզը կա, որտեղ նրա կապույտ գիշերազգեստը ցավ է պատճառում։ Նայում է նրա հետեւից ու արտասվում։ Որ հնարավոր է՝ դեռ գա։

Նրան միշտ ճայ է համարել՝ նրա աչքերի, քթի համար ու արձակ տարածություններում, աղի ծովի կամ քաղցր ջրերի վրա թռչելու կարողության։ Կռնչում է ու գուցե ինչ-որ բան է պահանջում։ Որը չի ձեւակերպում։ Հատում է նավերի ճանապարհները։ Հորիզոնի վրա հատվում է ջրի գիծը։

Մարիամը համարյա բան չի պատկերացնում, թպրտալով ծիծաղում է ու խոսում։

Տունը պտտվում է պառկածի վրա, մտքերից գլուխը ֆռռում է։

Կամաց խշշոց է լսվում։ Երեւի միջատ է քայլում, որ թողել է ոտքերից մեկը։ Ոտքը ինչ-որ տեղ ընկած դեռ ջղաձգվում է իր բարակ մարմնով։

Ժամանակի մեջ ոչինչ առաջ չի գնում։ Նա էլի նստած է իր գիշերային համազգեստով՝ որպես մուգ կապույտ։ Ձեռքերը մեծ են։ Եղունգներն են մանր ու բարակ։ Մտածեց, որ կուզեր՝ ձեռքերը այլ լինեին, չէ՝ եղունգները։ Մտքերը չէին ժողովվում։

Ուզեց ասել նրան՝ արի ոչ մի բան չանենք, կարծես ինչ-որ բան նախատեսված լիներ։ Երկու բանի արանքում էին երկուսն էլ, գուցե երեքն էլ։ Ինչ-որ տեղ, խրամատների խանդակների մեջ կար նաեւ չորրորդը։ Կրակում էր աջուձախ։ Այդպես էին սովորեցնում։ Ու հաց էր թխում՝ դաշտային խոհանոցի վառարանի մեջ սալյարկա լցնելով։ Որին երբեմն կիսլատա, երբեմն սիլիտրա էր ասում։ Սիրում էր արվեստը, դրանից խառնում էր բառերը։ Դաշտային թուփուքարից չէր տարբերվում, այնտեղ անդեմ պետք է լինել։ Բժշկի ձեռքերն են հարցը։ Գեղեցիկ են դրանք, եթե կտրտել-կարել են։

Ընդհարապես բազմակիության զգացումը սիրում էր։ Նա, ով գիշերանոցով էր։ Ու սկսում էր թվալ, որ իրենք էլ բազմանում են, դառնում են ավելի շատ, դառնում են այն բոլորը, ում կարելի էր երազել։ Թեւերն էր փռել մի անտես թռչուն, ու դողում էին թեւերը նրա։    

Հեռու դաշտերի մեջ առաջանում էր գարունը։ Առվի եզրին նունուֆար էր աճել։ Այդտեղ եղել էր մեկի հետ, ում անունը չէր ուզում տալ։ Հետո նա վեպի մեջ մտավ։

Վեր կացավ, բացեց սենյակի դուռը, մթության մեջ նայեց։ Պատասխաններն այնտեղ չէին իհարկե։ Գուցե չէր էլ փնտրո՞ւմ։ Գուցե չէր մտածում, որ առիթը կար։ Կարապի երգ, որ միշտ կերգվի, միշտ կերգվի։

Եթե Մարիամին տուն ուղարկեին ու մնային երկուսով, առավոտ էր գալու, ու պետք էր լինելու որոշումներ կայացնել։ Պետք էր լինելու առաջանալ կյանքի միջով՝ ձեռք բերած նոր մտքեր ու թուլություն։ Պետք էին լինելու նոր պաշտպանիչ եղանակներ։ Վահաններ ու սաղավարտ։ Տխուր պատկերի ասպետի այդ ջանքը։ Մեջքի հետեւից ձեռքը տարավ նրա վերնազգեստի երկայնքով։ Խզեց առավոտվա գալու միտքը։

Միշտ, միշտ կրկնել նույնը ու չհրաժարվել վերքից։ Ներսի անմխիթար ծավալներ։

Պետք էր հայացքը հետ քաշել այդտեղից։

Մանկության հիշողությունների մեջ կար ամենից լավ տունը, որ երբեք չի կրկնվի։ Միշտ ընկնում էր այնտեղ, երբ անգամ չէր ուզում։ Պետք չէ այդ մասին մտածել, պետք չէ։ Քանի որ վերացել է։ Հիշելը քմահաճույք չէ։ Տես, այստեղ մի ամբողջ քաղաք կա։ Ու նա նստած սպասում է կողքիդ։

Գիտես, որ շատերին է սիրել, բայց նախեւառաջ՝ մորը։

Պե՞տք է արդյոք աչքերի մեջ նայել։

Բժշկի է գնացել, ծնոտը խախտվել էր։

Մարիամը պատմություններ է պատմում մեջքի հետեւում։ Դրանք չեն ավարտվում։ Ամեն մեկն իր պատմության հետ է։ Դրսում գետնի վրա գիշեր է։

Շիշ է դրված պատուհանին, չորս մատ կարմիր հեղուկ կա մեջը։ Դրեց հետ՝ տեղը։

Մնա՞ նրա հիշողություններում, թե՞ թողնի, որ նա էլ գնա խրամատներում կավ դառնալու։ Փամփշտատուփս լիքն է, ասում էր չորրորդը։ Դա շատ գեղեցիկ է։

Ունենալ կրակված գնդակներ գլխի մեջ։

Դրսում, ուռած բարդիների վրա կռնչում են ագռավները։ Ճյուղերը սոսափ-սոսափ տարածվում են ուղիղ, վերեւ։

                                                                               ապրիլ, 2020

ճակատի լուսանկարը հեղինակի
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.