44 օրյա պատերազմի պարտությունը վերջնականապես ջրի երես հանեց 100  տարի թաքնված այն իրողությունը, որ  Հայաստանի հայերը երկու քաղաքական ազգ են, իսկ եթե Հայաստանի հետ ավանդական Սփյուռքն էլ ընդգրկենք, ապա հայերը կբաժանվեն երեք քաղաքական ազգերի։

1֊ին՝ 29 -ականներ, կամ լոկալ ազգայնականներ, որոնց համար հայրենիքը   Սովետական Հայաստանի 29 հազար քկ տարածքի սահմաններից այն կողմ չի անցնում, իսկ հայրենակիցներն էլ միայն նրանք են, ովքեր ճանաչում են որպես հայրենիք միայն այդ 29֊ը։ Բոլոր այն ազգային ծրագրերը, որոնց մեջ ներառվում են Սփյուռքի, Արցախի կամ Վրաստանի ու Աբխազիայի հայության նպատակները՝ Արցախի անկախություն, Հայ Դատ, Ջավախքի և Աբխազիայի հայության իրավունքներ, 29֊ականները մերժում են, համարում են, որ դրանք հակասում են իրենց ազգային շահերին, իսկ նրանց ներկայացուցիչներին պիտակավորում՝ ախպար, նարինջ ուտողներ, ոչմիթիզականներ,  ղարաբաղցի տականքներ և այլն։

Նրանց առավել գրագետ գաղափարախոսները, արևմտյան տեսություններից թխելով ազգայնականության ուղղություններ, իրենց նույնացնում են իբր ազգայնականության «առաջադեմ» մոդելին՝ ֆրանսիական ազգայնականությանը, ըստ որի ազգը պետականության մեջ է միայն, և որտեղ ազգային պատկանելությունը և քաղաքացիությունը նույնանում են, իսկ այդ շրջանակից դուրս հայրենակիցներ կամ ազգակիցներ չկան (տես Վարդան Ազատյանի բանախոսությունը

2րդը Արցախ֊ Հայաստան միասնականներն են, որոնց հայրենիքը Արցախն ու Հայաստանն է, հայկական երկու պետականությունները միմյանց լրացնող ու միմյանց թիկունք կանգնող, որ Հայաստանը պարտավոր է լինել Արցախի անվտանգության երաշխավորը և միջազգային ասպարեզում նրա ինքնորշման գաղափարն առաջ տանողը։ Նրանք Սփյուռքի հետ հարաբերությունները ոչ թե սահմանափակում են միայն նյութական օժանդակության ակնկալիքով, այլև առաջ են տանում Սփյուռքի քաղաքական պահանջները՝ ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը։ 

3֊րդը ավանդական Սփյուռքն է, 15թվի ցեղասպանության վերապրողները, որոնց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը իր ժողովրդով և մշակույթով բնաջնջվել է, և նրա քաղաքական նպատակը վերադարձն է իր կորցված Հայրենիք, իսկ եթե վերադարձն անհնարին է, ապա  Սփյուռքը որպես ինքնիշխան աշխարհ ձևավորելը։

29 ականներ, կամ լոկալ ազգայնականներ կամ «լիբերալ ազգայնականներ»

29ականների գաղափարախոսության հիմքը սկսեց  ձևավորվել 1918֊ին ստեղծված  Հայաստանի պետականությամբ, ամրապնդվեց Խորհրդային Հայաստանով, և քաղաքական հոսանքի վերածվեց 1991֊ից հետո՝  Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծմամբ։

Դեռևս 1918-1920թվերին արդեն ստեղծվում է հայաստանցու լոկալ ազգայնական մի հանրույթ, որը որպես օտար մերժում էր ցեղասպանության վերապրած հայրենակից գաղթականներին և հակասությունների մեջ մտնում արևմտահայերի հետ։  

1920֊ականներին գաղթականների նկատմամբ հայաստանցիների թշնամական վերաբերմունքի մասին պատմում էին տարեց գաղթականները։ Ապա հեգնական, երբեմն թշնամական վերաբերմունքի արժանացան 1946֊ից հետո ներգաղթյալները։ Նրանց կնքեցին ախպար հեգնական պիտակով (մի սովետական պաշտոնյայից եմ լսել՝ «շունս ախպար լիներ, պոչը կկտրեի»)։

1990֊ականներին էլ մերժողական վերաբերմունքի արժանացան Ադրբեջանից տեղահանված փախստականները, նրանց ասում էին թուրք, հետևներիցդ կարմիր խնձոր էինք ուղարկել որ եկել եք և այլն։ Իշխանությունները ոչինչ չարեցին կանխելու համար այս ներազգային թշնամանքը։ Բազմաթիվ փախստականներ այդպես էլ նորմալ կացարան չստացան, ապրեցին աղքատության մեջ  հանրակացարանների նեղլիկ սենյակներում, ովքեր կարողացան, հեռացան երկրից: Հայաստան եկած 400 հազար փակստականներից 2000 ականներին մնացել էր մոտ 70 հազարը։

***

Խորհրդային Հայաստանի կողմից  ազգը երկու մասի ճեղքելու քաղաքական ակտն է 1921 թվականի ուղղագրության փոփոխությունը, որով Մաշտոցյան  ուղղագրությունը վերափոխվեց սովետականի։

Ճեղքը խորանում է ստալինիզմի ժամանակ, երբ նրանք ովքեր հիշատակում էին ցեղասպանությունը և կորցրած հայրենիքն՝ Արևմտյան Հայաստանը, որակվում էին նացիոնալիստ և բռնադատվում: Այդպես Ակսել Բակունցին մահապատժի ենթարկելու պատճառների մեջ գլխավորը նրա «Ծիրանի փող» պատմվածքն էր։

Խրուշչովյան բարեփոխումներն արթնացրին սովետական ժողովուրդների ազգայնական զգացումները, բայց շատ տարբեր դրսևորումներով. Մերձբալթյան, Վրաստանի, մասամբ նաև Ուկրաինայի  ժողովուրդների մեջ արթնացավ անկախ պետականություն ստեղծելու ձգտումը, իսկ  Հայաստանում՝ կորցրած հայրենիքի հիշողությունը, Եղեռնի ողբերգության փոխհատուցման պահանջը և Արցախն ու Նախիջևանը Հայաստանին վերամիավորելու ձգտումը։

Իհարկե, առաջացան նաև Հայաստանի անկախության գաղափարի գործիչներ, սակայն նրանք մնացին մարգինալ, որպես մի աղանդ. 1915 թվականի աղետը այնպիսի վերք էր բացել, որ ազգային գլխավոր նպատակ էր դարձնում զոհերի հիշատակի վերականգնումը և Հայ դատը՝ ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության և ոճրագործության ժառանգ Թուրքիայի կողմից։ Իսկ անկախությունը երկրոդական պլան էր մղվում, նույնիսկ մտավորական լայն շրջանակները Խորհդային կազմից Հայաստանի դուրս գալը վտանգավոր էին համարում, քանի որ անմիջապես կհայտնեվեին Թուրքիայի սպառնալիքի տակ։

60 ականների ազգային ալիքը հայության տարբեր շերտեր միավորում է, որն էլ ի վերջո հանգեցրեց Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու 1988 թվականի համաժողովրդական շարժմանը։

Ղարաբաղ կոմիտեի մի շարք անդամներ՝ Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր֊Պետրոսյանը, Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը 60֊ականների շարժումների մասնակիցներն էին, և նրանք բոլորը արևմտահայերի զավականեր են։ Նրանք 88֊ի շարժման անունը կնքեցին Հայոց համազգային շարժում, այսինքն մի շարժում, որը հայ ժողովրդին միավորում է մի միասնական քաղաքական ազգի մեջ։ Հենց 60 ականների ոգեշնչումն էլ բերեց ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը։

***

Ղարաբաղի վերամիավորման գաղափարով իշխանության եկած ՀՀՇ֊ն չդիմացա՞վ անկախության առաջին տարիների տնտեսական ճգնաժամի, պատերազմի առաջին շրջանում պարտությունների փորձությանը, թե՞ ներծծված լինելով ազատական գաղափարով՝ որտեղ անձնական շահն է գերակայում,  արթնացրեց իր մեջ 29֊ական քաղաքական ազգը, լոկալ ազգայնականությունը, որ հարևանների ագրեսիան դադարեցնելու ու նրանց հետ հաշտվելու խաթեր հետզհետե սկսեցին հրաժարվել Արցախի ազատագրության գաղափարից՝ որպես իր շահին հակասող բան։

1988֊ին  «Պայքար պայքար մինչև վերջ» ու «քանի Արցախը դուրս չի եկել Ադրբեջանի կազմից, մեր պայքարը շարունակվելու է» կոչերով զանգվածներին ոգևորող նախագահ դարձած Լևոն Տեր֊Պետրոսյանը 1992֊ի մարտի 5֊ին Կոմսոմոլսկայա Պրավդային տված հարցազրույցում Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. « Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը  լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:

Հետագայում, Հայաստանի իշխանության Տեր֊Պետրոսյանական թևը բանակցությունները տարավ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու կանխադրույթով, որն արտահայտված է Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածով և 1997֊ի առաջարկված փուլային տարբերակով, որով տարածքներն հանձնվում էին, որից հետո քննարկվում  Արցախի կարգավիճակը։ Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Տեր֊Պետրոսյանին գցելուց հետո, 1998֊ից հետո Հայաստանը զարգանում էր, աղքատությունը երկու անգամ կրճատվեց, ՀՆԱ֊ն 6 անգամ աճեց, փակ սահմաններով Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ անցավ բաց սահմաններով և ծովային երկիր Վրաստանից,  արտագաղթը կանգ առավ, բայց Տեր֊Պետրոսյանը փչացած ձայնապնակի պես կամ որպես ագռավի կռկռոց՝ կրկնում էր թե Հայաստանը առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու հեռանկար չունի. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։(2010, ՀՀՇ համագումարի ելույթ)։

ՀՀՇական իշխանությունը Թուրքիայի հետ մերձենալու հույսով հրաժարվեց նաև ցեղասպանության ճանաչումը դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականություն։ Սակայն մերձեցման չարժանացավ։

Մոռացվեց, թե ինչպես է բացվում ՀՀՇ հապավումը, հիմա արդեն զավեշտալի է դառնում այն բացելը՝ Հայոց համազգային շարժում, քանի որ վերածվել էր 29 հազար քկ սահմանների շահերից դուրս որևէ հայրենակցի նկատմամբ ապրումակցումից զուրկ խմբավորման։

Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանը ասում էր, որ 1992-1993 թվերի աբխազ֊վրացական պատերազմի ժամանակ բոլոր փոքրամասնություները իրենց հայրենակից երկրներից օգնություն էին ստանում, նույնիսկ Էստոնական համայնքը Էստոնիայից նավով օգնություն  ստացավ, և միայն հայ համայնքը որևէ օգնություն, նույնիսկ մի գրիչ չստացավ Հայաստանից։

Բայց ոչ միայն Աբխազիայի և այլ համայնքներն  էին զրկվել Հայաստանի աջակցությունից, նաև երկրի, այդ  29֊ի ներսի բնակչության ստվար մասն աղքատության էր մատնվել, 29֊ի գաղափարախոսությունը ծառայեցվում էր միայն սեկտայի վերածված ՀՀՇ֊ի ու իշխանական կլանների շահերին։

1990֊ից հետո որևէ մեկը չէր բացում ՀՀՇ հապավումը, օրինակ եթե Հայ հեղափոխական Դաշնակցությանը անվանում էին Դաշնակցություն կամ հապավումով ՀՅԴ, ապա ՀՀՇ֊ին միայն հապավումով էին անվանում։

Համազգային բառից ազատվելու համար էլ, ի վերջո, Տեր֊Պետրոսյանը փակեց ՀՀՇ֊ն ու տեղը ստեղծեց ՀԱԿ֊ը՝ Հայ ազգային կոնգրեսը։

***

Ինչպես ցույց է տալիս վերջին 30 տարիների պատմությունը, այս երեք քաղաքական ազգերից ամենաանհանդուրժողը հայրենակիցների նկատմամբ 29֊ականներն են։ 

ՀՀՇ֊ն իր իշխանության հենց առաջին տարիներին սկսեց մերժել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իր հետ հակասության մեջ էին։ Առաջին հարվածը ստացավ Դաշնակցությունը՝ 1992թվականին Հայաստանից արտաքսվեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը, իսկ 1994֊ին էլ Դաշնակցությունը փակվեց իր պարբերականների հետ։ Հետո էլ, 1996֊ի հետընտրական ցնցումների ժամանակ բանտերում խոշտանգում էին ընդդիմադիր գործիչներին։ 

Տեր֊Պետրոսյանի նախագահության շրջանը հիշվում են որպես ցուրտ ու մութ տարիներ՝ և բառիս բուն իմաստով, և խորհդանշական, քանի որ Հայաստանի 30ամյա պատմության ամենադաժան տարիներն էին։

Ըստ 1996 թվի ՄԱԿ-ի տվյալների, 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ (Էդիկ Մինասյան «Հայոց նորագույն պատմության քառորդ դարը»): 

ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած  polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է  աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչև -6՝  հասել  դեպի բռնապետություն, և միայն նրա տապալումից հետո` 1998-ից սկսած, 9 կետով բարձրացել է, բայց 6-ից չի անցել։ (տես նաև՝ մինչ 1998թ. մարդու իրավունքների վիճակի մասին պատմող նյութը

Իսկ արդեն որպես ընդդիմություն, 2008֊ի նախագահական նախընտրական քարոզարշավում Տեր֊Պետրոսյանը հասարակության պառակտումը հասցրեց արյունալի քաղաքացիական բախումների։ 2008֊ին մարտի 1֊ից մի օր առաջ Արմենանուում հրատարակված «Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչվելուն» ակնարկը մեջբերում է Տեր֊Պետրոսյանի խոսքը.

«Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը»։ 

Որպես Տեր֊Պետրոսյանի աշակերտ՝ Փաշինյանը մտավ քաղաքականություն 2008֊ին: Բանաստեղծ Գայանե Բաբայանը Մարտի 1֊ի հաղորդման մեջ Փաշինյանի խոսքերն է մեջբերում. «Վերջ բռնապետությանը, վերջ Քոչարյանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ… ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ…»:

Եվ գրոհի էր ուղարկում զինված ցուցարաներին.«Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք…»:

Արդյունքում տասը հոգի զոհվեց՝ երկուսը ոստիկան  և 200֊ից ավել վիրավորվեցին, որոնցից 180ոստիկաններ։

2008֊ի արյունահեղության առաջնորդները հանձին Փաշինյանի, տեսնելով որ թշնամանք հրահրելով ու զինված բախումներով իշխանույթունը հնարավոր չի վերցնել, մարտավարությունը փոխեցին և 2018֊ին բռնության փոխարեն սեր քարոզելով, հեղափոխության անունը դնելով  սիրո  և համերաշխության իշխանությունը վերցրին  և անմիջապես գառան դիմակները գցեցին ու ռեպրեսիվ ապարատը աշխատացրին՝  մարտի 1֊ի գործը բացեցին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մոսկվայից հետ բերեցին ու ամբաստանյալի աթոռին նստեցրեցին՝ սկիզբ դնելով հայ֊ռուսական հարաբարությունների ավերմանը(նրանց ներկայացված մեղադրանքը Սահմանդրական դատրանը ճանաչեց հակասահմանդրական, գործը կարճվեց, և այս պատմությունից Հայաստանին մնաց Ռուաստանի հետ վատացած հարաբերություններ)։ 

Արդեն աշնանը սիրո ու հանդուրժողականության փոխարեն Փաշինյանը գոռում էր, թե հասարակությունը սևերի և սպիտակների է բաժանում, ու որ հակառակորդնեին ասֆալտին է փռելու ու պատերով զարկի։ 

Հայաստանը փոխակերպվեց, դարձավ անտիուտոպիա, որտեղ երկրի ղեկավարին «թարս խոսք» ասելու համար ոստիկանները մարդկանց բառիս բուն իմաստով ասֆալտին են փռում (ասֆալտին փռեցին հասրակական գործիչներ Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին իր համախոհների հետ և Նարեկ Սամսոնյանին)։ Կա՞ մի պետական կառույց որ վարչապետի հրամանները չկատարի՞, դատարաննե՞րը։ Ղեկավարի մոլագար կոչով դատրանի շենքերն են շրջափակում, դատավորների վրա տարբեր գործեր են սարքում՝ որ, ասենք,   կալանքի սանկցիա չեն տվել կամ կալանքից ազատել են նրանց ում ինքը որոշել էր փակել։ Դատավորի վրա չի՞ ազդում քրեական գործը, օքեյ, ընտնիքի անդամներին են ԱԱԾ֊ներ քարշ տալիս։  

***

29ականների գլխավոր թշնամին Արցախն ու արցախցիներն են, որոնց դիտարկում են խոչընդոտ թուրքերի հետ եղբայրանալու համար, այսինքն, ըստ իրենց, խանգարում են 29 քկ տարածքի շահերին։ Փորփրեք թե ինչ է թաքնված այս կամ այն անձի հասցեին Փաշինյանի և Տեր֊Պետրոսյանի պիտակավորումների ու հայհոյանքների տակ(թալանչի, մոնղոլ֊թաթար, շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացողներ և այլն), կբացահայտեք Արցախի հարցը, ովքեր դեմ էին հանուն քիրվայության զիջումների, իրենց մեդիաներով գրոհի էին ենթարկվեում ու վարկաբեկում էին։

BBC֊ին տված հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը ասում է որ միայն 1997-ին էր հնարավոր լուծել ղարաբաղյան խնդիրը, տարածքները հանձնել, ապա Ղարաբաղի ստատուսի հարցը քննարկել, իսկ ինչու չլուծվեց, Տեր֊Պետրոսյանը մեղադրում է ղարաբաղցիներին, մի ամբողջ ժողովրդի,  պատասխանում է՝ ղարաբաղցիները քիչ էին համարում, մաքսիմալիստ էին։ Ինչն էր մաքսիմալիզմը, որ տարածքներ հանձնելուց հետո չէին ուզո՞ւմ իրենց մարմինները հայտնվեն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։

Կենցաղային մակարդակում միևնույն երկրի տարբեր շրջանների բնակիչներ միմյանց նկատմամբ հեգնանք, երբեմն թշնամանք են ունենում։ Հայաստանում էլ՝ գյումրեցի֊երևանցի, մարտունեցի֊քյավառցի, կամ մարտունեցի֊վարդենիսցի, գյուղացի֊քաղաքացի հակադրությունները զրույցների թեմաներ են։ Կար նաև կենցաղային հակադրություն Հայաստանից դուրս բնակվող հայրենակիցների ու հայաստանցիների մեջ, ինչպես, սփյուռքահայ֊ հայաստանցի, արցախցի ֊հայաստանցի, թիֆլիսեցի֊հայաստանցի։

Սակայն, հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելությունը քաղաքական ծրագիր դարձրեց առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն ու իր շրջապատը՝ սկզբում ՀՀՇ֊ի ապա ՀԱԿ֊ի կառույցներով, այն պատճառով, որ ղարաբաղցիները իրենց չեն զոհաբերում հանուն հայ֊ադրբեջանաթուրքական քիրվայության։

Ղարաբաղցիների նկատմամբ ատելությունը գագաթնակետին հասավ 2008֊ին, որի մասին պատմում է «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ» ակնարկը, երկու մեջբերում.

«ԼՏՊ-ն ղարաբաղցիների նկատմամբ այդ կենցաղային վերաբերմունքը վերածեց ատելության` հայտարարելով իշխանություններին թաթար-մոնղոլներ և ասելով. «Այս երկու մարդու պատճառով(Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»(eurasianet.org) (ո՞վ է ստուգել այս թիվը` անհայտ է)»։

«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։

Հակաղարաբաղյան այլատյացության գագաթնակետը հասավ փետրվարյան հետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախոս հրապարակում էր այն ուսումնական հաստատությունների ղեկավարների անունները, որոնք պետք է պատժվեն` զանգվածի բուռն աղաղակների ներքո շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ հայտարարեց. «Այս հրապարակում հավաքված հայորդիները 3 անգամ ավելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»։

Ագրեսիայի դեմ որպես բողոք` բլոգներից մեկում ոչ ղարաբաղցիները սկսեցին հայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպես Դինքի սպանությունից հետո թուրքերը հայտարարում էին՝ ես հայ եմ»։

Ակնարկից դուրս է մնացել Տեր֊Պետրոսյանի գլխավոր զինակից Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից։

Իսկ 2008֊ի մարտի 1-ից հետո էլ Տեր֊Պետրոսյանական շրջանակները ղարաբաղցիների դեմ ատելությունը սրելու համար սկսեցին կեղծիք տարածել, թե իբր իրենց հարվածող ոստիկանները Ղարաբաղի բարբառով էին խոսում.

«Անտարես» հրատրակչության տնօրեն, ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանի fb գրառումից որպես հայրենակիցների դեմ թշնամանքի սադրանքի օրինակ։

Հակաղարաբաղցիական տրամադրությունները վերսկսեցին աշխուժանալ 2018֊ի հեղափոխությունից հետո, երբ արդեն ակնհայտ էր դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է արցախյան գործիչներին և պատերազմի վետերաններին,  մարտի 1֊ի դատավարությունը իրակնում դատ է ընդդեմ Արցախի անկախության  քաղաքական և ռազմական հիմնադիրների։ Իսկ գագաթնակետին սկսեց հասնել պարտությունից հետո,  Փաշինյանի աջակիցների հիմնական թիրախներից մեկը ղարաբաղցիներն են.

Իմ քայլի աջակից

Երեք կտրվածքներն էլ Ազատություն ռադիոկայանի ֆբ էջից են։

Մարտի 21֊ին Երևանում Յանդեքս տաքսու վարորդը մեքենան կանգնեցրել և կոպտորեն իջեցրել է երկու կին ուղևորներին  միայն այն բանի համար որ նրանք ղարաբաղցի են՝ խոսել են Ղարաբաղի բարբառով։ Բազմաթիվ նմանատիպ պատմություններից այս մեկը հասրակական հնչեղություն ստացավ, քանի որ   Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի աջակցությամբ կանայք դիմեցին ոստրկանություն։ Մելիքյանը   երևույթը բնութագրեց որպես ներազգային ռասիզմ. «Երևանի փողոցներում առանձին մարդիկ իրենց թույլ են տալիս ռասիզմի դրսևորւմ արցախահայերի նկատմամբ»։

***

29ականներն իհարկե իրենք չեն գիտակցել, որ առանձին ազգ են դարձել՝ իրենց լոկալ շահերով սահմանափակված՝ իրենց կաստաներով(ունեևորների վերին կաստան, և նրանց մոտ նոքյարություն անողների ստորին կաստան, ինչպես, օրինակ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը և  նրա  հավաքարարը, որ ասում է թե Շուշին ադրբեջանական է ) և Արցախի ինքնորոշման համար պայքարողներին ու ցեղասպանության վերապրած սերունդերի իղձերը մտցնում են «իրենց ազգի» մեջ ու սկսում քննադատել հայությանը, որ չեն հրաժարվում իրենց իղձերից, և իբր 29 հազար քկ պետությանը հոգ տանելու փոխարեն ծավալապաշտական նկրտումներ ունեն։

 29֊ականների գաղափարախոսներից է Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀՇ֊ի ղեկավար նախկին Ներքին գործերի նախարար և Երևանի նախկին քաղաքապետ գրող Վանո Սիրադեղյանը, ով ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ ծագած վեճի արդյունքում իշխանությունից զրկվեց: Ավելին, նոր իշխանությունները բացահայտեցին նրա կատարած ոճրագործությունները՝ յոթ սպանություն և մեկ մահափորձ: Նա դատավարության ընթացքում փախավ երկրից և ղարաբաղցիների ու նրանց առաջնորդների դեմ հիվանդագին թշնամանքով լցվեց,  որն արտահայտված է Ավետիս Հարությունյան մականունով 2002֊ին Փաշինյանի «Հայկական ժամանկում» հրատրակած գործերում։ Մեծ մասը հերյուրնքներ են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, որ կարծես, նրա վարկաբեկման արշավի մեկնարկը լինի. «Ով կհանձնի Քոչարյանին միջազգային դատարան», «Մեզ մնում է չկորցնել զգոնությունը եւ չնչին իսկ հնարավորության դեպքում Ասկերանի բանդան դուրս շպրտել Հայաստանից», ծաղրանք  ղարաբաղցիների հասցեին «Բավական էր դուրս գային Բաքվի վերահսկողությունից, բավական էր նաեւ ձերբազատվեին Տեր֊Պետրոսյանի զգաստացնող ներկայությունից, անմիջապես վերադարձան ավանակային կրոսին»։ Եվ ահա, քաղաքական դիրքորոշումը. 

«Դաշնակցություն կամ ՀՀՇ: Երրորդը տրված չէ։ Երրորդ ճանապարհը գուցե սոցիալիզմը լիներ, եթե Իրանի տեղը լիներ Չինական Հանրապետությունը, բայց դա, բարեբախտաբար, այդպես չէ։ Հետեւաբար, Հայաստանում այսօր կա իշխանության հավակնող երկու քաղաքական գաղափարախոսություն՝ հայաստանակենտրոն, որը ազգային շահ ասելով հասկանում է նախեւառաջ Հայաստանի պետական շահը, եւ երկրորդը՝ անպետություն, անհայրենիք ժամանակների ծնունդ ավանդական կոչվածը, որը ազգային շահ ասելով՝ նկատի ունի ուղիղ հակառակը։ Ոչ հայաստանակենտրոն, ավանդական֊հայրենիք չունեցողի գաղափարախոսությունը եւս մեկ անգամ ապացուցեց իր սնանկությունը։ Այդ ավանդականը չհանեց ու միտք չունի հանել Հայաստանը պատերազմից ու շրջափակումից, հետեւաբար, խոչընդոտ է Հայաստանի զարգացման ճանապարհին… Քանի կա Ղարաբաղի հարցը, օդում կախված է մնում Հայաստանի Հանրապետության պետական սուվերենության հարցը, քանի կա երկրի սուվերենության հարց»։

Իսկը 29֊ական գաղափարախոսություն։ Սակայն  պատմությունը ճիշտ հակառակն ապացուցեց՝ 2018֊ին ՀՀՇ֊ի հերթափոխը իշխանությունը վերցրեց՝ վարչապետ դարձավ Վանոյի դասերը սերտած տղան, ՀՀՇ֊ի վերնախավը, նրանց  զավակներն ու հարզատները, 2008֊ի տերպետրոսյանական Հիմա շարժումը ձևավորեցին Իմ քայլը, ու երկրի սուվերենությունը իջավ այնտեղ, որ Սյունիքում պետությունը նույնիսկ մի գոմ չի կարողանում պաշտպանել, ադբեջանցիք շուռնուխցիների կովերը օրը մեջ տանում են, գյուղացիները ռուս խաղաղապահներին են խնդրում, որ իրենց պաշտպանեն։ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը պատմում է, որ Սյունիքի գյուղերից մեկում գյուղացին իրեն ասում էր, որ տանիքին ռուսական դրոշն են ուզում դնել, որ ադրբեջանցուց պաշտպանվեն։

 Սիրադեղյանի խոսքը թե «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից» մշտապես մեջբերում են 29֊ականները ու պատմական հայրենքի վերածում  Արցախն ու Սյունիքը: 

ՀԱԿ անդամ, Հայաստանի ՊԷՆ ակումբի նախագահ Արմեն Հայաստանցին 29֊ականների գաղափարախոսությունն է ներկայացնում իր «Մայրենիք դրոշ» վեպում, որտեղ դասական Սփյուռքը և ցեղասպանության վերպրածների սերունդների երազանքը պիտակում է որպես էթնիկ ազգայնականություն, կապում ֆաշիզմի հետ. «Էս հղացքը կարճ կարող ենք անվանել «Հող և արյուն»։

Այն, որ նա չի ընկալում իրենից տարբեր, դասական Սփյուռքի ինքնությունը, երևում է Հանրային հեռուսատեսությամբ հնչեցրած նրա խոսքում.«Սովետահայ գրականագիտության մոգոնածն է սփյուռքահայ գրականությունը»։ Սա պատասխանն էր այն քննարկման, որ դպրոցական գրականության նոր չափորոշիչներում սփյուռքահայ գրականություն չնչին չափով է ներառված. եթե մի բան չկա, ինչու ներառես (սփյուռքահայ գրականությունը որպես հայ գրականության առանձին ճյուղի մասին  պատկերացում կարող է տալ Գրիգոր Պըլտեանի «Ֆրանսահայ գրականութիւն» աշխատությունը, որ վերլուծում է ֆրանսահայ գրականությունը որպես աղետի վերապրում, աղետի վերապրածների գրականություն)։

Իսկ վեպում կորցրած հայրենիք երազող վերապրած սերնդին «էթնիկ ազգայնական» պիտակելուց հետո, նրան հակադրում է որպես ճշմարիտ ուղղություն «ազատական ազգայնականությունը», որտեղ ազգն ու պետությունը նույնանում են, և իբր ազատական ազգայնականության օրինակելի երկրներ ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի գովքը անում.

«Ֆրանսիային և ԱՄՆ-ին, վերջ ի վերջո, հաջողվեց հռչակված խոսքը գործի վերածել, և ազատական ազգայնականությունը պատմական փորձով հաստատեց իր առաջնայնությունն այլ ազգայնականությունների նկատմամբ:

Ո՞րն է ազատական ազգայնականության երազած Հայաստանը: Ւնքնիշխան հանրապետություն, որ կանգնած է իր յուրաքանչյուր քաղաքացու մեջքին, և իրավագիտակից հասարակություն, որի համար պատիվ է իր պետությանը ծառայելը: Էս հղացքը կարճ կարող ենք անվանել «Ազգ և պետություն», իսկ ենթադրվող հայրենիքը` Ազատ-անկախ Հայաստան»:

 Գրականությունը «ռեալ պոլիտիկի» վերածած Հայաստանցին վեպում հեգնում է Արևմտյան Հայաստանի մասին երազողներին, թե եթե այդ տարածքները վերցնեն, ինչ են անելու տեղի բնակչությանը, միևնույն ժամանակ հիանում այն երկրներով, որոնք «իրենց առաջնայնությունը» ձևավորվել ու բարգավաճել են՝ տարբեր երկրների տեղաբնիկներին ցեղասպանության ենթարկելով, ապա հետգաղութատիրական շրջանում, ազատ շուկայի մեխանիզմներով քամում են աշխարհի  ռեսուրսները, իսկ որտեղ չի հաջողվում, հրահրում են պատերազմներ ու գունավոր հեղափոխություններ։

29-ականները իրենց նույնացնում են ոչ թե հայերի ճակատագրին ավելի մոտ ամերիկյան բնիկներին, այլ նվաճող սպիտակներին: Ընդօրինակելով ԱՄՆ֊ի պատմությունը, ինչպես  գաղութարարները ագահորեն յուրացնում ու ոչնչացնում էին Նոր երկրի ռեսուրսները,  29կաններն էլ, ի դեմս, ՀՀՇ֊ի  Խորհդային Հայաստանի ժառանգած ամբողջ հարստությունը մեջմեջ արեցին, իսկ իրենց շրջապատից դուրս մնացած հայրենակիցներին վերաբերվեցին որպես օտար բնիկների։

Լրագրող Արա Մարտիրոսյանը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ մինչև 1997 թվականը, մասնավորեցվեց 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 1997-2007 թվականներին կամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, ապա՝ նախագահության շրջանում սեփականաշնորհվեց 230-ով պակաս օբյեկտ, բայց պետությունը ստացավ 122 մլրդ դրամ և 108 մլն դոլար (կամ մոտ 52 մլրդ դրամ)»։

Մի օրինակ՝ Երևանի հսկա գինու գործարանը սեփականաշնորհվել էր 1996-ին մոտ 100 հազար դոլարով։

Սա՞ էր ձեր «ազատական֊ ազգայնականույթունը»։ Արմեն Հայաստանցին ստիպված պիտի ստի, գրում է թե «ազատական֊ազգայնական» Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն՝ երկիրը դրախտի էին վերածել, իսկ նրանց գցելը չարիքի բերեց։

«Հայտնի է, որ 20-րդ դարի վերջին տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ համարվող նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը 21-րդ դարի սկզբին կտրուկ շեղվեց իր բռնած ուղուց և շատ արագ վերածվեց գողապետության»:

Որպես 29֊ական, Հայաստանցին Արցախի գնով Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամությունը շահելու համար տվայտվող Նիկոլ Փաշինյանի ամենաջերմեռանդ աջակցիներից է, մասնակցում է նրա ցույցերին, ինչպես օրինակ դեկտեմբերի 19֊ին դեպի Եռաբլուր այն ամոթալի երթին, ուր Փաշինյանի ճամփան դեպի իրենց զավակաների շիրիմներ փորձել էին փակել զոհված զինվորների հարազատները։ Բայց զինված թիկնապահների բանակով  իշխանական թափորը բռնությամբ անցավ զոհերի հարազատների վրայով։ 

Իսկ փետրվարի 19֊ին էլ, երբ դեռ թարմ են պատերազմի վերքերը, Հայաստանցին թուրքերի հետ բարեկամանալու փերֆորմանս է անում, ընթերցելով Հովհաննես Թումանյանի «Ալլահից ղրկածը»։ 

 Ինչպես Եվա Հակոբյանն է նկատում. «Թումանյանը Ալլահից ղրկածը գրել է 1905թվին, երբ դեռ ցեղասպանությունը չէր եղել։ Իսկ 1915ից հետո այլ բան է գրել. Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,/ Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,/ Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,/ Ավարներով, ավերներով, խնջույքներով արյունի,/ Որ դարձրին քեզ մշտական սեւ ու սուգի մի հովիտ։ Արմեն Հայաստանցու էս պասաժը, որ 1905 թվին բոլորովին այլ կոնտեքստում գրված տեքստը սղացնում է այսօրվա իրավիճակի մեջ, ուր ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի սպանում ու վտարում են արցախցիներին’, տրորում պղծում են հայկական հուշարձանները եւ արցախցիների բնօրրանը, դրանով ողբերգությունից հանում է քաղաքական կոնտեքստը, Արցախցիների ինքնորոշման իրավունքը եւ իրենց բնօրրանում ապահով ապրելու ձգտումը։ Թումանյանին մի օգտագործի քո դատարկ հաշտվողականությունը քարոզելու համար, մեկ է, տակից երեւում է իմ քայլական անսրտությունը. երբ հարզատները անհետ կորած զինվորներ են փնտրում, դեռ Ադրբեջանում գերիներն են տանջվում, սրանք Բաքվում հայկական ապրանք վաճառելու ծրագրերից են խոսում»։

Արդյո՞ք 29ականները այնքան են տոգորված ժողովուրդների եղբայրության գաղափարով, որ պատրաստ են «ներել» (թե մոռացության տալ)  նախնիների դեմ գործված ոճիրները։ Իհարկե ոչ, եթե մեկը իր հայրենակցին առանց որևէ լուրջ պատճառի, միայն նրա համար, որ քաղաքական այլ հայացքներ ունի, ատում է, ինչպե՞ս կարող է սիրել անծանոթ ադրբեջանցուն կամ թուրքին։

Տեր֊Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը, երբ հետևողականորեն հանրության հատվածներին իրար դեմ են լարում, բաժանում  սև ու սպիտակի, ղարաբաղցու և հայաստանցու, տականքի և արժանապատիվի, Ալլահ կանչող արմենհայաստանցիներից ոչ մեկը չերգեց Պեշիկթաշլյանի «Եղբայր ենք մենք»֊ը, հակառակը, նրանք եռանդով լծվել են ատելության քարոզին, ծափ են տալիս փաշինյանական ռեպրեսիաներին։

Օրը մի ընդդմադիր գործչի են բերման ենթարկում, չորս ընդդմադիր գործիչների՝ մտավորականների ձերբակալեցին ֆեյսբուքյան մի ֆեյք լինելու սուտ մեղադրանքով, նրանց բանտում են պահում այնքան, քանի դատարանը չի որոշել, որ կասկածը հիմնավոր չի, մի խոսքով որ մեղադրանքը սուտ է, բայց բացում ես ՊԷՆ ակումբի էջը՝ ոչ մի ակնարկ, երկիրը դրախտ է, իսկ այ Ռուսաստանը բռնապետություն է, ՊԷՆ֊ի էջերը լցված են հայատյաց Նավալնու պաշտպանությամբ, այն Նավալնու, որ հայերին ծաղրական խաչիկ է անվանում։ Հայաստանցու երազածը՝ Արևմուտքի շահն է, Նավալնին քանդի Ռուսաստանը, ռուսական բազան տանեն, իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ, կդառնա՞ մինչև վերջ բռնաբարված «Մայրենի՞ք»։ Ի՞նչ կարևոր է։ Բայց էլ ինչի՞ է իրենց անվանում ազգային ազատական, էդ ազգային բառն էլ նետեն, մնա ազատականը՝ լիբերալը։ Թե՞ ազատականի կողքը ազգային դնելով, ազատական էգոն ավելի հեշտ է կուլ տալիս ազգայինը։ Եվ իհարկե ՊԷՆ֊ի էջում Տեր֊Պետրոսյանի փառաբանումը. «Արցախյան երկրորդ պատերազմից հետո շատերն են հիշում, փորձում վերաիմաստավորել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, որը բեկումնային եղավ Հայաստանի երրորդ հանրապետության կյանքում»:

Անծանոթ թուրքի հետ եղբայրության կոչ անող  Արմեն Հայաստանցին փսխում է ծանոթ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարին

29֊ականները ինչքան ատում են հայրենակիցներին, այնքան սեր են խոստովանում թուրքերին: Տեր֊Պետրոսյանը 2008֊ին հակառակորդնեին տականք ու մոնղոլ թաթար էր անվանում, իսկ թուրքերին քիրվա, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ու նրա համախոհներին ամենածանր մեղքերի մեջ էր զրպարտում, իսկ Ալիևին անվանում կիրթ և կառուցողական։

29֊ականը վերանձնային իդեաներ չունի, հայրենակիցներին ոչինչ պատրաստ չի զիջելու, սակայն թուրք ու ադրբեջանցի սիրաշահելու համար 29 ականից  պատրաստ է վերածվել 28 ականի, 27 ականի,  ինչպես Փաշինյանը, որ Սովետական Հայաստանի 29հազար քառակուսի կիլիոմետր տարածքից «ղրկում է Ալլահին», Ադրբեջանին է հանձնում ավտոճանապարհ և բնակավայրեր (Գորիս ֊Դավիթ Բեկ 21 կմանոց ճանապարհը և Որոտան ու Շուռնուխ գյուղերի հատվածները, որոնք եղել են Սովետական Հայաստանի կազմում, Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։ Որոտանի բնակչը հուզված ցույց է տալիս փաստաթղթերը, որ 1954 թվականին Հայաստանում կառուցված տունը հանձնել են Ադրբեջանին։) Այդպես հայ կոմունիստները 30ականից  վերածեցին 29 ականի, Նախապես՝ 1930֊ական  թվերին Սովետական Հայաստանը եղել է 30  հազար քկ, 1980 ականներին դարձել 29 հքկ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու արդյունքում։

Սիրադեղյանի ասած «Իրական հայրենք» կոչվածը էն է ինչ թուրքը չի ուզում, իսկ էն ին չ ուզեց, արդեն պատմական հայրենիք է։

29֊ականի ինքնությունը, գոյությունն ու հայրենիքի տարածքը որոշողը թուրքն է, քանի որ նա իր ինքնությունը հնարավոր է համարում միայն երբ թուրքը ճանաչում ու հանդուրժում է իրեն։

Հայաստանցու ղեկավարած ՊԷՆ ակումբն էլ, որ կոչված է պաշտպանել խոսքի ազատությունը, երեք տարվա մեջ իշխանությունների կողմից լրագրողների ու լրատվամիջոցների դեմ հալածքաների վերաբերյալ ծպտուն չհանեց։ ՊԷՆ֊ը միայն խառնվեց, երբ 2021֊ի ընդդիմադիր ցույցերի ժամանակ ամերիկյան Ազատություն ռադիոկայանի լրագրողի նկատմամբ ցուցարարները մի փոքր կոպիտ էին եղել։ 

Երբ Հայաստանցուն հարց տրվեց՝ պարոն Հայաստանցի, Հայաստանում պարբերաբար հարձակումներ ու ճնշումներ են լինում լրատվամիջոցների նկատմամբ, օրինակ՝ վարչապետի աջակիցները   հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա, 5֊րդ ալիքի սեփականտեր Արմեն Թավադյանի վրա սուտ գործ սարքեցին ու կալանավորեցին, «Հրապարակ» թերթում Տարածքային կառավարման նախարար Պապիկյանի դատվածության մասին տեղեկություն հրապարակելու համար քրեական գործ հարուցեցին, ինչ որ հատուկ ջոկատային հիշեցնող կասկածելի անձանց հարձակումներ «Ժողովուրդ» թերթի վրա, Հայաստանցին ոտնատակ անելով բոլոր էթիկական կանոնները, պատասխանեց «Եթե լրագրողը մարդ ա բռնաբարում և ոչ թե իր նյութի հետ կապված էդ դեպքում մենք էդ լրագրողի գործով չենք էլ զբաղվում»(Արմեն Թավադյանն ազատվեց կալանքից, նրան մեղադրանք էր առաջադրված թե իբր Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործով վկա են փորձել կաշառել

Հայաստանցին ինչպես  վեպի ժանրը,  ՊԷՆ֊ն էլ սարքել է  կուսակցական պրոպագանդայի գործիք, էնտեղ ՊԷՆ կամ վեպ չկա, վեպի ֆորմայով ՀԱԿ֊ի թռուցիկ է։

Բայց եթե վեպի հեղինակը միայն ինքն է, ապա ՊԷՆ֊ը ինքը չի, տասնյակ անդամներ ունի, նրանց համար օքե՞յ է որ իրենց ղեկավարը այնքան ճղճիմ է, որ կեղտոտ հերյուրանքներով արդարացնում է բռնաճնշումը  լրատվամիջոցի ղեկավարի նկատմամբ։

ՊԷՆ֊ից որպես բողոք, որ Հայաստանցին ՊԷՆ֊ը վերածել է փաշինյանական դուքանի, դուրս եկավ միայն բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը։

 Գրականությունը այն արվեստն է, որ լեզվի հետ գործ ունի: Լեզվի տարածքի վերացմամբ, իր տարածքն էլ է վերանում. այս անհանգստությամբ էր նաև, որ  Հայաստանի գրողների միությունը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Բայց  ինչպե՞ս են հայ գրողները նաև մի կազմակերպության մեջ՝ ՊԷՆ֊ի, որը թիկունք է կանգնել մի իշխանության, որը նպաստում է Արցախում հայալեզու աշխարհի վերացմանը՝ Հադութում, Շուշիում, Քարվաճառում, Մարտունու մի մասում արդեն վերացել է, վերացվել է նաև Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերի որոշ հատվածներում, Արցախի մնացած մասն  էլ Փաշինյանը վերացնում է՝ մինչև վերջ դառնալով Ալիևի կամակատարը։ Սպառնալիքի տակ է նաև Զանգեզուրը, Ալիևը բաց հայտարարում է, թե Զանգեզուրը իրենցն է, թե «պատմական ադրբեջանական Զանգեզուրով» կապվելու են թուրքական աշխարհները, և այդ կապի տակ մի քանի անգամ ստորագրել է Փաշինյանը։

BBC֊ին հաղորդում է, որ ռուս սահմանպահները պատմում են, որ տեղացիները ոչ թե հայկական իշխանությունից, այլ իրենցից են իմանում, թե ինչպես է փոխվում սահմանագիծը, ուր կարելի է գնալ ուր ոչ. «ադրբեջանցիները հստակ գիտեն, թե ինչ են իրենք ուզում, ինչ են ուզում վերցնել, և մինչև վերջ վիճում են ամեն վիճելի տարածքի համար։ Հայկական կողմից այսպիսի բան չի նկատվում, ասում է ռուս սահմանապահը»։ Վերնագիրն է «Գիտե՞ք, թե ինչ նվաստացում է. Ինչպես են հայերը ապրում Ադրբեջանի հետ նոր սահմանին»։

Մեկ ուրիշ 29ական մտավորական: Հունվարի 11֊ի Մոսկվայի Ալիևի և Պուտինի հետ հանդիպումից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց  «պայմանավորվածությունները, որոնք ձեւակերպված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել տարածաշրջանի տնտեսական տեսքը եւ լրջորեն մեծացնել ներդրումային ներուժը », ՀԱԿ֊ի անդամ, արվեստագետ Արման Գրիգորյանը ոգևորված պաստառ է բարձրացնում՝ թուրքերի հետ կռվի փոխարեն բիզնես անենք։

Խաղաղասե՞ր է, իհարկե ոչ: Գրիգորյանը կոչ է անում իշխանությանը կրակել ընդդիմության վրա, որը կապիտուլյանտին ուզում է  հեռացնել,  որը  կխոչընդոտի թուրքերի հետ բիզնես անելու 29աանի «երջանկությանը».

Արման Գրիգորյանի պացեֆիզմը բռնում է միայն երբ հայերը պիտի թուրքերին  դիմադրեն, ու պրծնում էնտեղ որտեղ թուրքերին դիմադրողներին ուզում են չեզոքացնել։ Մեկ էլ ավելի գլոբալ հարցերոմ, օրինակ, Գրիգորյանը պացեֆիստից վերածվում է միլիտարիստի էնտեղ ուր ԱՄՆ֊ն ռազմական գործողություն է անում, Իրաք է ներխուժում, Լիբիան է ռմբակծում և այլն: Հրով լինի, սրով լինի, ազատականությունը աշխարհում անկյուն պիտի չթողնի։ 

Արման Գրիգորյանի արվեստը ամերիկյան պոպ արտի ընօրինակմամբ՝ Ամերիկյան մշակույթը Հայաստանում որպես ուտոպիայի պրոպագանդա է։

Գրիգորյանը առաջին շրջանում նկարում էր ամերիկյան ծխախոտի տուփեր, ապա ամերիկյան հիպիներ, այժմ անցել է մերկ պատանիների։

Արման Գրիգորյանի կտավը www.akanatgallery.com կայքից

Արման Գրիգորյանի կտավը www.armmuseum.ru կայքից

 

Արման Գրիգորյանի կտավը www.accea.info կայքից

Գրիգորյանը 29֊ականների արվեստն է՝ ցեղասպանության հիշողությունը ու Արցախը պահելը հետադիմություն են, որ  խանգարում են մասնավոր երջանկությանը։ Մարդկային կյանքի իդեալը  սպառողական հասրակությունն է, կյանքի իմաստն երկու բան՝ ապրանք գնել և և մարմնական վայելքներին տրվել։ Անհատին իրենից դուրս մեկ ուրիշը հետաքրքրում է միայն որպես մերկ մարմին, վայելքի աղբյուր։ Եթե «մեկ ուրիշ»ը ծեր է, հետաքրքրություն չի առաջացնում, նրա մերկությունը չի ձգում։

Այն ինչ խանգարում է մարմնի հաճույքները բավարարելուն ու մասնավոր շահին ու երջանկությանը պետք է վերացնել: Հայերին «խանգարում» է հիշողությո՞ւնը, ուրեմն, պետք է հիշողությունը ֆորմատ անել։ 

Մեկ այլ 29֊ական, արձակագիր Լուսինե Խառատյանը հրատարակել է «Անմոռուկի փակուղի» վերնագրով գիրքը: Անմոռուկը Ցեղասպանության 100ամյակի խորհդանիշ անմոռուկ ծաղիկն է, որ փակուղի է դարձել երջանկության համար։  Հրանուշ Խառատյանը մեկնաբանում է գիրքը. «Եթե անցյալդ ծանրաբեռնված չէ ցեղասպանական հիշողությամբ, ներկադ ցեղասպանական տագնապներ չունի, երկիրդ փակուղի չէ»։ Խառատյանի իդեալը Karabakh Meat Market պատմվածքի ամերիկացի ուբեռի վարորդ մուգ կապույտ ջինսով ամուր ու գրավիչ կազմվածքով  «ծիտն» է, որի կյանքի իմաստը մարմինը մարզելն ու կյանքը վայելելն է, նույնիսկ բանակում ծառայելը կյանքի վայելքների մաս է կազմում, չկա որևէ իդեա, տեսլական, միայն վայելք։ Karabagh Meat Market֊ը Լոս Անջելոսում խանութի անունն է, սակայն փոխաբերական իմաստ է ստանում՝ Ղարաբաղը որպես սպանդանոց հակադրվում է ամերիկյան երազին, և հայկական սարից իջած պատմողը նախանձում է մի տաքսու վարորդի. «Ու ուզում էի մնալ հենց այդտեղ, այդ մեքենայում ու նրա հետ քշել, քշել: Ու որ չլինի փակուղի, շրջափակում, սահմանդ օվկիանոսը լիներ, փոխես քաղաքները ու ամեն քաղաքի հետ՝ սեռդ, գույնդ, տեսակդ: Հայվեյներ իրար տակ ու վրա, կողք կողքի, անխրամատ ու անարկ սահման: Զարկերակ հայվեյներ: Ու՞ր ես սիրտ իմ: Լեռներում հաստատ չես: Բայց ես վերադառնում եմ լեռներ»: 

Աշխարհի այլ տեսլականը, վերանձնական գաղափար, ապրումակցելը, համերաշխությունը, զոհաբերություն անելը, արդարության համար պայքարը, անհանգստությունը, հիշողությունը «կյանքի» փակուղիներ են, մեքենայի առաջ ընկած քար, որ խանգարում են մինչև վերջ սեղմել «կյանքի» արագույթան ոտնակը, հաճույքները վայելելը։ Կյանքը միայն վայելք՝ ահա 29֊ականների իդեալը։ Երջանկությունը միայն անհատական զգացում է։ Անձը ստորադասելը հանուն համայնքի, համայնականությունը ընդհանարապես «փակուղի» է։ Մեծարենցի խոսքը «Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական./Ժողվել` հոգւոյն մէջ ամէնո՜ւն, համայնական» «փակուղի» է։ Անանձնակա՞ն, համայանականը ո՞րն են, Սովե՞տ,  չէ՞, էն որ ամերիքըն դրիմը ստորադասվում է ոճրագործության զոհ դարձած նախնիների նկատմամբ պարտքի զգացումի՞ն, հայրենակիցների ինքնորոշման իրավո՞ւնքը, Արցա՞խը, ի՜նչ նացիոնալիստական ռեակցիոնիզմ։ 

 Մաքրում ես կյանքի վայելքներին խոչընդոտող բոլոր «փակուղիները», ու կյանքը վերածում անփակուղի բուսականության։ Բույսը  կյանք է, որ «փակուղիներ» չունի։

Ժիժեկը հարցնում է նրանց՝ իրականում ի՞նչ է նշանակում կյանք, ապրել։ Պողոս առաքյալի հարցն է տալիս՝ «Ո՞վ է այսօր իրականում ողջը», ովքե՞ր են կյանքին ավելի նվիրված՝ ամենօրյա հաճույքների հետևից ընկած «վերջին մարդի՞կ», թե՞ այն արմատականը, որ պատրաստ է հանուն իր գաղափարի կյանքը զոհաբերել. «Իսկ ի՞նչ, եթե մենք կենտրոնանում ենք հասարակ գոյատևման վրա, նույնիսկ եթե այն գնահատվում է որպես «հաճելի ժամանց», մենք արդյունքում բաց ենք թողնում հենց կյանքը։ Իսկ ի՞նչ, եթե ռումբը վրան կապած պաղեստինցի մահապարտը այն պահին, երբ ինքն իրեն պայթեցնելու է, հանդիսանում է զգացմունքային առումով «առավել ողջ», քան ամերիկացի զինվորը՝ համակարգչի էկրանի առաջ տարված պատերազմով թշնամուց 1000 ավոր մղոններ այն կողմում, կամ էլ նյու֊յորքցի  յապպին, որ վազում է Գուդզոնի երկայնքով, որ իր մարմինը մարզված պահի»(«Բարով եկաք իրականության անապատ»)։    

29֊ականները պաշտանմունք ունեն ԱՄՆ֊ի նկատմամբ՝ և որպես «անհատապաշտության» երկիր և որպես  աշխարհում ազատականության ոստիկանի։ Հայաստանի ինքնիշխանություն ասելով՝ միայն հասկանում են Ռուսաստանի ազդեցության վերացում, քանի որ Ռուսաստանը ԱՄՆ֊ին հակադրվելով արդեն «հետադիմական» է, Իսկ Թուրքիան «հետադիմական» չի, քանի որ ԱՄՆ֊ի դաշնակիցն է, և օգնում է Արևմուտքի թիվ մեկ հակառակորդի շուրջը օղակը սեղմել։ Իսկ եթե «ինքնիշխանության» ճանապահին Հայաստանի ինքնիշխանությունը նվազի, մտնի թուրքական տիրապետության տակ կամ ուղղակի վերանա, օքեյ է, մի ժողովուրդ այս կողմ, մի ժողովուրդ այն կողմ, առաջնայինը ազատ շուկայի, մասնավոր պահանջներին տրվելու գիտակցության և ընդհանրապես ազատականության համաշխարհայնացման վերջնական հաստատումն է։ 

Այս առիթով Հայդուկ Շամլյանը հիշելով Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, վերաձևակեպեց նրա քաղաքական նպատակը՝ արձագանքեց. «Հայաստանը բիզնե՛ս է, եւ վերջ».

«Ուրեմն հիմա դեռ աւելի յստակ դարձաւ որ, մինչ մենք կարծեցինք թէ՝ Դէպի Երկի՛ր պիտի ընթանանք, դուն մի ըսեր, Դէպի Բիզնես է եղեր, պատմութիւնը: Շատ չանցած, կը լսենք նաեւ նաւթախողովակներու վերաբերեալ խոշոր ծրագիրների մասին: Ադրբեջանի քարիւղը, Թուրքիայի վրայով՝ Եւրոպա հասցնելու համար, ի՞նչ պէտք կայ այլեւս անցնելու Վրաստանէն: Ամբողջ Հայաստանը իրենց տրամադրութեան տակ է հիմա: Նաեւ Արցախը, ի դէպ: Ամենաուղիղ գիծերով նաւթախողովակներ, առանց որեւէ աւելորդ դարձուածքի: Բարի գալուստ, գործարարներ եւ խողովակաշարներ: Հայոց Կորած Աշխարհը, ձեզ ողջունում է: Գրկաբաց: Ուրեմն այդ ըմբռնողութեամբ, պէտք է որ հիմա ոչ միայն հաշտուինք Արցախի կորուստին հետ, մոռնանք մեր կրած ջախջախիչ պարտութիւնը, այլ… ուրախ լինենք, որ այդպէս եղաւ: Շնորհակալ ըլլանք: Մերսի ըսենք»:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը «Բուն թիվիով» Գրիգորյանի ու Հայաստանցու թեզերը առաջ է տանում, պատերազմում պարտության մեջ «հետադիմությունից» ազատագրում տեսնում, որ հնարավորւթյուն է բացում «արդիականանալու»: «Պատկերացնենք պապական կավից շաղախված տունն է փլուզվել, ինչը ցավոտ է շատ, հիշողություն, ժառանգություն, սեփականություն եւ այլն, բայց սա ինչ որ առումով հնարավորություն է կառուցելու ավելի ժամանակակից, հիմնավոր երկաթբետոն հիմքով տուն, որը կծառայի մի քանի սերունդ, այսինքն այս փլուզումը արդիականացման շանս է»։ 

Ո՞րն էր այդ պապական տունը’ Արցախի ինքնորոշման իրավունքը՞, եւ դրա հիման վրա ստեղծված պետականությո՞ւնը, որ փլուզվեց, 5000 երիտասարդների կյա՞նքը, որ փլուզվեցին, հարյուրամյակներով գոյատևող բնակավայրե՞րը’ Հադրութի ու Շուշիի շրջանները, որոնք  սերնդեսերունդ ժառանգվել են եւ մեկ էլ մի դավադրության արդյունքում, ադրբեջանցու հետ քիրվայություն անելու խաթեր, նրանց բնիկ ժողովուրդը տեղահանվեց։ Այդ ի՞նչ արդիականություն եք այս փլուզման ու աղետի վրա կառուցելու, այս «պապական տունը» մերժելու վրա ի՞նչ ցեմենտ բետոն կարող է ամուր հիմք լինել։ 

Գուցե արդիականության հիմքը դրվե՞լ է այն պահից, երբ Հայաստանի սահմանը սկսվեց գծվել գուգլի gps-ով։ Անտաշյանը նաեւ պատմական հիշողությունը որպես ինքնություն ծաղրում է, ու այստեղից ավելի պարզ է դառնում, թե որն է «արդիական ամուր հիմքը», այն 29֊ականների ազգայնական լիբերալիզմը կամ լոկալ ազգայնականությունը, որ աղետի, ցեղասպանության հիշողությունը խանգարիչ է համարում , «փակուղի» հայաստանցի անհատի երջանկության համար, Արցախը՝ բեռ թուրք-ադրբեջանցիների հետ բարեկամ լինելու ճամփին, որի արդյունքն է լինելու  այն, որ հայերը  «արդիական» Թուրքիայի ու Ադրբեջանի նոքյարը դառնան։

***

2018֊ի հեղափոխությունը 29ականների հաղթանակն էր, նրանք իշխանության եկան, բայց իրենց քաղաքական ծրագիրը՝ ի հաշիվ Արցախի և հայ դատի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձենալու, գաղտնի էին պահում մինչև պատերազմը։ Պարտությունից անմիջապես հետո իշխանությունները սկսեցին այնպես ակտիվորեն պրոպագանդել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալը, կարծես հատուկ էին պատերազմում պարտվել, կարծես 2,5 տարի անհամբեր սպասում էին Արցախի կորստին, որ նետվեն թուրքական պետությունների գիրկը։ Իսկ 5000 զինվորների կյա՞նքը (այսօր հաշվարկները արդեն ցույց են տալիս որ զոհերի թիվը շատ ավելին է։Ռուբեն Մխիթարյանի «Չհայտարարված պատերազմ» ֆիլմը հաղորդում է. փոխվարչապետ Ավինյանը հունվարին հայտարարում է  զոհերի թիվը՝ 3439, Առողջապահության նախարարը  նույն ժամանակ ասում է  3450 զոհ, Կառավարական ինֆոչեկ կայքը փետրվարին հայտնում է, որ զոհերի թիվը 3577 է, իսկ մարտին Նիկոլ Փաշինյանը  իջեցնում է թիվը 3250֊ի։ Ռուսական խաղաղապահներն էլ հայտնել են որ իրենց 3500 անհայտ կորածի հարազատ է դիմել)։

 Ապրիլի 2-ին ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Լենա Նազարյանը ասում է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը հանձնված բնակավայրե՞ն էին, բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որևէ պատերազմ այսքան զոհ չի տանում (Վիգեն Չթրյանն  է հաղորդում, որ «Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նույն իսլամիստ վարձկանների կողմից աջակցվող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր և ավելի քիչ զոհեր ունեցան»)։ 

Նրանց կյանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը ավելի համոզվեն բարեկամության անկեղծությանը, «իրական հայրենքը» զոհաբերելը նրանց չի՞ հագեցնում, պիտի նաև իրական մարդի՞կ զոհաբերեիք, որ Բաքվում զոհված զիվնորերի սաղավարտներով հաղթանակի պուրա՞կ կառուցեն(Պուրակի մասին տես՝ Հայաստանի մարդու իրավունքերի պաշտպանի հայտարարությունը)։  

Ռեալ պոլիտի՞կ են խաղում, և այդ խաղով այնքան են տարվել, որ նույնիսկ տարրական հարգանքի գիտակցությունն են կորցրել տուն ու հարազատ կորցրած հայերնակիցների նկատմամբ, ինչպես հուղարկավորության սրահում հանգուցյալի հարազատներին կոչ անես մարդասպանի հետ բարեկամանալ։ 

Հեռուստաաստղ Սոս Ջանիբեկյան

Հեռուստաաստղ Հովհաննես Ազոյանը ոգևորված է Ադրբեջանի հաղթանակով

Պատերազմից ընդամենը 20 օր անց նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հրճվանքով ասում է․ «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»: Դեկտեմբերի 1-ին Իմ քայլի պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելացրեց․ «Եթե մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»։ Իմ քայլի մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային և դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտության մասին:

Իմ քայլի պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարին միջազգային առցանց կոնֆերանսին, որին մասնակցել են ադրբեջանցիներ և թուրքեր, ասել է.«Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք»։

Հասան այնտեղ որ Թուրքիային ազատում են  իր ոճիրը ճանաչելու պարտավորությունից։ Իմ քայլի պատգամավոր, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը ասում է. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու»։ 

Նոր հնրավորություններ, առևտրի ճամփաներ։ Ինչի՞ «շնորհիվ», պարտության, արյան, ավերման։ Այն ինչ աղետ է, ողբերգություն, 29֊ականի համար «մեծ հնավորություն» է. նրանց խոշոր բուրժուաների շրջանռությունը կբազմապատկվի, (Գռզո՝ Խաչիկ Սուքիասյան, որ թուրքերի հետ «կոոպերացվելու» ամենաջերմեռանդ ջատագովներից է, Վիգեն Բադալյան՝ Վիվարոյի Վիգեն), իսկ եթե ավելի անկեղծանան, չէ, բիզնես֊միզնեսը կարևոր է, բայց գլխավորը  Թուրքիայի միջոցով Ռուսաստանից կտրվել ու ձուլվել  Ատլանտյան ընտնիքում։

Հարց է առաջանում. պարտությունը ծրագրվա՞ծ էր, թե՞ ոչ: Նույնիսկ եթե «թղթի» վրա ծրագրված չէր, իմ քայլի անդամների և Նիկոլ Փաշինյանի անգիտակցականում էր ծրագրված՝ պարտվելով ազատվել Արցախի «բեռից»։ Ինչպե՞ս կհաղթի մեկը, ով պարտության մեջ օգուտներ է տեսնում։ Պարտության ծրագիրը երևակվում է պատերազմի ընթացքի վերաբերյալ նորանոր փաստերով. մի քանի օրինակ,  պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը մեղադրեց Փաշինյանին, որ պատերազմի 3֊րդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը՝ փոխարենը կոչ անելով կամավորական ջոկատներ կազմել։ Ապա նաև, որ վարչապետը պատերազմը կանգնեցնելու առավել բարենպաստ պայմաններից հրաժարվել է: Ռուսաստանի նախագահ Պուտինը ասաց, որ Փաշինյանը մերժել է հոկտեմբերի 19֊ի առաջարկը կանգնեցնել պատերազմը, որի արդյունքում Շուշին մնալով հայերի վերահսկողության տակ, հնարավորություն կտար ադրբեջանցի փախստականներին վերադառնալ, որին  Փաշինյանը պատասխանեց, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, բա մեզ պետք էր Շուշին, իսկ հետագայում էլ ասաց, թե Շուշին ադրբեջանական քաղաք է: Այս հեռահար բանավեճում կարծես Պուտինը ավելի անհանգստացած էր Արցախի ճակատագրով քան Փաշինյանը։ Եվ ապա նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիոն պայմանագրով, որով արագորեն Ադրբեջանին է հանձնում հայկական զորամիավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Կարծես ռուսական միջամտությունը խանգարել էր, որ Արցախի մնացած մասն էլ հանձներ Ադրբեջանին, և 29 ականներին գլխացավանքից ազատեր։

Լևոն Տեր֊Պետրոսյանը նախագահի պաշտոնից հեռանալիս ասաց, թե խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Սակայն հաջորդած 20տարիներին, թեև սահմանին թեժ էր, բայց լայնածավալ պատերազմ չեղավ, խաղաղություն էր։ Բայց երբ կրկին իշխանության եկավ խաղաղության կուսակցությունը, 2,5 տարի անց պատերազմը սկսվեց։ 

Պատմությունը ցույց տվեց, որ  29֊ականների ձգտումը ամենևին էլ խաղաղությունը չէր, այլ ամեն գնով, թեկուզ պատերազմում պարտվելով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայանալը։ 

Քիրվայանալ ամեն գնով, ցեղասպանության փաստը ուրանալով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հայ֊թուրք հակամարտությունը Թումանյանի մի կաթիլ մեղրն է, ինչ որ աբսուրդ թշնամություն, չկան մեղավորներ ու անմեղներ, ոճրագործ ու զոհ, մարտի 21֊ին Արագածոտնում հայտարարում է. «Խնդիրը հետևյալն ա, որ [թուրքերը] մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք [իրենց] ընկալում ենք որպես թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք [իրենց] որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք [իրենց] որպես թշնամի, էնքան [իրենք] մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։

 Հայդուկ Շամլեանը մեկնաբանում է.« Ըստ Հայաստան անունը կրող երկրի մը վարչապետին, յստակ չէ, թէ՝ հայերու եւ թուրքերու միջեւ, ճիշդ ո՞վ է, ո՞րմէկ կողմն է, որ՝ ամենաառաջինը, սկսաւ թշնամութիւնը…հայերու դէմ բոլոր հալածանքներուն եւ կեղեքումներուն, եւ մինչեւ իսկ ցեղասպանութեա՛ն վերաբերեալ, թուրքերու հիմնական «արդարացումը», ճի՛շդ այս ուղղութեամբ է… թէ՝ հայերը ներքին թշնամիներ էին, օսմանեան կայսրութեան մէջ… այս խօսքերը ուրեմն ընդունելի կը դարձնեն ուղղակի Թուրքիոյ թեզերը, դրոյթները, թրքական լուծի տակ հայերուն վիճակուած բոլոր բարբարոսութիւններու առնչութեամբ. ներառեալ ցեղասպանութիւնը. իսկ Արցախի նիւթով, նոյնպէս՝ Պաքուի, Սումկայիթի եւ այլ, անզէն հայերու գազանային ջարդերը – որոնցմէ առաջ, ոչ մէկ կռիւ իսկ չէին սկսած տակաւին հայերը Արցախի կապակցութեան -, կը ներկայացուին որպէս՝ թուրքերուն «հասկնալի» հակադարձութիւնը, մեր կողմէ սկսած թշնամութեան…»։

Ծրագրված, թե անգիտակցական, երկու դեպքում էլ դավադրություն է: 29ականը դաշնակիցն է կամ ազդեցության գործակալը կամ էլ հենց գործակալը թուրքբրիտանաամերիկյան հատուկ ծառայությունների դավադրության։

Գայթակղիչ է 29֊ական դառնալը, Արևմուտքի սվոյն ՝ես, յուրայինը, Արևմտյան հաստատությունները նրան տանում են իրենց բուհ֊երում կրթական ծրագրերի, շրջագայեցնում տարբեր կոնֆրանսներում, շռայլորեն ֆինանսավորում նրանց ngo ները։ Արևմտուքը  29 ականներին բազմացնում է 2 պատճառով. 1֊ին՝ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Հայաստանում խթանելու համարառանց որևէ իդեայի, սպառողական հասարակության ձևավորումը, և 2-րդը քաղաքական շահը՝ քանի որ վերանձնային նպատկաներից հրաժարումը՝ Արցախ և Հայ Դատ, ու  29֊ի մեջ ներփակվելը ջնջում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ հակասությունները, հետևաբար վերացնում նրանցից պաշտպանվելու համար անվտանգության համակարգի, ուրեմն նաև Ռուսաստանը որպես դաշնակից ունենալու  անհրաժեշտությունը։ Այսպիսով, ՆԱՏՕ֊ն Թուրքիայի միջոցով, հարավից էլ Ռուսաստանը օղակի մեջ է առնում։  

Գայթակղությանն են տրվում նաև սփյույռքահայեր ու նույնիսկ արցախցիներ, և դավաճանելով իրենց ինքնությանը՝ դառնում են 29 ական։ Ինչպես սփյուռքահայ մտավորական, նախկին դաշնակցական Ժիրայր Լիպարիտյանը, որ դառնալով նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի խորհրդական՝ վերածվեց 29 ականության ամենամոլեռանդ պրոպագանդիստի՝ տարիներ շարունակ գրքերով, հոդվածներով, ելույթներով պնդելով, թե Արցախի անկախությունը անհնար է, ուրեմն, հանուն «խաղաղության» Ադրբեջանին զիջումներ պետք է անել: Իսկ պատերազմից անմիջապես հետո, կարծես սպասելով պարտությանը, գրեց թե ինչ էլ լիներ, պարտությունը անխուսափելի էր, քանի որ  Ադրբեջանը ուժեղ էր, իսկ նախկին իշխանությունը «ոչմիթիզական» էր, և եթե Հայաստանը նախապես  զիջեր 7 շրջանները, պատերազմ չէր լինի։ Իսկ զիջելուց հետո ի՞նչ կլիներ Արցախի հետ։ Լիպարիտյանը ուղիղ չի ասում, բայց նրա այս խոսքից թե «Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը», հասկացնում է, որ 7 շրջանից հետո էլ Արցախն էր հանձնվելու։  Եթե աքսիմոտիկ ճշմարտություն է որ Արցախի անկախությունը չի ճանաչվելու, ապա այդ աքսիոմայի շարունակությունն է որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց սա սուտ աքսիոմա է, 29ականը  29ական չի, եթե կեղծիք չի անում:  

Իշխանությունը կորցնելու պատճառով  Տեր֊Պետրոսյանական շրջանակները այնպես այնպիսի մերժողականությամբ են լցվել իրենց տապալողների նկատմամբ, որ կեղծում են իրենցից հետո բոլոր ձեռքբերումները՝ և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքականության։ Լիպարիտյանը սխալվում է, Մինսկի խմբի եռանախագահ երեք գերտերությունների  առաջարկած մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման  և հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու իրավունքը, հենց այն է, որ միջազգային հանրությունը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ լիպարիտյանները, ինչպես թիկունքում հայտնված թշնամու անընդհատ թափվող թռուցիկ, ներշնչում էին հայ հասարակությանը, թե անհնար է Արցախի անկախությունը, որ պատերազմում պարտությունը անխուսափելի է։ Իշխանության եկած իրենց քաղաքական ժառանգներն էլ Արցախի անկախության անհնարինության համոզմամբ և մինչև պատերազմն արդեն պարտված տապալեցին բանակցություններն ու պատերազմ ստանալով երկիրը կապիտուլացիայի մատնեցին, և ձախողվեց աշխարհի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու  հեռանկարը(հույսը չկորցնելու համար՝  գրեթե ձախողվեց)։  

(2000 թվին Չիկագոյում Ժիրայր Լիպարիտյանը հուզված ասում էր, թե ինչ ծանր վիճակում են ադրբեջանցի փախստականները, և որ Արցախի հարցի լուծումը կնպաստի, որ նրանք ի վերջո տուն վերադառնան։ Ապրուկցո՞ւմ էր ադրբեջանցիներին։ Ինչպես կարող է մեկը ապրումակցել անծանոթ ադրբեջանցիներին, ում իշխանության օրոք շատ ավելի դաժան պայմաններում էին ապրում հայրենակիցները՝ աղետի գոտում, որոնց մասին երբեք ծպտուն չի հանել)։ 

Կամ ինչպես արցախցի, Մարտունիում ծնված և մեծացած Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավատարմորեն ծառայում է իր պետականությունը վերցրած կապիտուլյանտին։ Նրա հայրենիքը մի քանի ամիս առաջ թուրքական հրամանտարությամբ ավերում էին, իսկ ինքը՝ մարտի 27֊ին  Հանրային հեռուստատեսությամբ հարցին՝ «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» պատասխանում է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։ Ի՞նչ բանաձև է սա՝ «Հայրենիքս ապաշրջափակման դիմա՞ց», եթե հայրենքիդ կորցրել ես,  ի՞նչն են ապաշրջափակում։ Աաաա՜՜, հիմա դու այլ հայրենիք ունես, 29հազար քառակուսի կիլոմետրը։

***

Հաճախ է հանդիպում Տեր-Պետրոսյանի երկրպագուների չարախնդությունը, թե տեսաք, չընդունեցիք 1997֊1998 թթ. Արցախյան կարգավորման առաջարկները, արդյունքում պատերազմ եւ աղետ ստացանք (որպես օրինակ, Հանրային քննարկմանը Վասակ Դարբինյանի խոսքը

Արդյո՞ք ճիշտ են նրանք, թե՞ կարգավորման այդ տարբերակը իրագործելուց հետո, միեւնույն է, պատերազմի վտանգը չէր վերանա, եթե փուլ առ փուլ հանձնում ես տարածքները, ապա հասնում Արցախին, ի՞նչ է լինելու դրանից հետո՝ պատրեա՞զմ, թե՞ էլի զիջում։ Այս բանավեճը երբեք ավարտ չի ունենա, քանի որ երբեք այդ հարցի պատասխանը չի տրվի։ Բայց այլ խնդիր կա, փորձենք ձևակերպել Տեր-Պետրոսյանի թեզը: Ըստ նրանց՝ «ազատական ազգայնանականների»,  Հայաստանը իր հարեւանների՝Թուրքիային եւ Ադրբեջանին չի կարող փոխել, հետեւաբար գոյատեւելու միակ ճանապարհը հարեւանների հետ բարեկամություն հաստատելն է, իսկ դրա համար Հայաստանը չպետք է բարձրացնի ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանին էլ զիջումներ անի։ Բարեկամության հաստատման դեպքում Արցախը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Լավ, չբանավիճենք այս գաղափարի հետ, այլ հարց բարձրացնենք. ինչո՞ւ են թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամության ջատագովները սխալ քաղաքականության սկիզբ հռչակում 1998ը, երբ Տեր-Պետրոսյանին տապալեցին եւ մերժեցին նրա կարգավորման տարբերակը, չէ՞ որ Արցախի ինքնորոշման շարժումը սկիզբ է առել 1988ին, Տեր-Պետրոսյանն էլ քաղաքական ասպարեզ է մտնել որպես Արցախը Ադրբեջանի կազմից հանելու համար պայքարի առաջնորդ: Ավելին, Արցախը Հայաստանին վերամիավորելու Գերագույն խորհրդի  1989թ. որոշումը նրա ջանքերով է ընդունվել։  Տեր-Պետրոսյանի շրջապատը, եթե սխալ է համարում Ադրբեջանի հետ հակամարտության մեջ մտնելը, ապա այդ սխալի հեղինակը իրենց առաջնորդն է, եւ սխալը ոչ թե 1998ից է սկսվում, այլ 1988ից։ Ի վերջո ղարաբաղյան շարժումը հասավ մի թշնամական կետի, որից հետո այլեւս անհնար էր Ադրբեջանի կազմում որեւէ հայաբնակ բնակավայր ունենալը, եւ ուրեմն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը միայն Ադրբեջանի կազմից դուրս է հնարավոր։ Խնդրեմ, Հադրութը, ով չէր կարողացել փախչել, սպանվել էր տեղում։ Հենց հիմա, ռուս զինվորը հենց ոտքը քաշի, կոտորվելու են արցախցիները։ 

Այդ կետին հասցնելողներից մեկն էլ Տեր֊Պետրոսյանն էր։ Այդ կետին հասցնելուց հետո դավաճանությո՞ւն է, թե՞ ցինիզմ՝ արցախցիներ, Ադրբեջանի կազմում ապրեք։ 

Արցախ գոռալով իշխանության ու կարողության տեր դառնաք, ու, մեկ էլ, թե՝ մեղսի, մեղսի, էլ դուք մեզ պետք չեք։ Չէ, ինչ մեղսի, հըլը մեղադրելով, մուննաթ գալով, էս ինչ մաքսիմալիստ տականք եք, չեք թողնում, որ Գռզոյի բեռները թուրքիաներով պրյամոյ անցնեն։

Հայաստանի հասարակությունը չունի՞ պատասխանատվության ինստիտուտ, որ թույլ չտա իր բախտը որոշելով զբաղվեն այնպիսի գործիչներ, որոնք մի օր մի գաղափար են քարոզում, իսկ երբ այդ գաղափարը հանգեցնում է անշրջադարձելիության, սկսում են ճիշտ հակառակ գաղափարը քարոզել։

1988֊ին միլիոնով փողոց դուրս եկած Հայաստանի բնակչությունը իր աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդի ազատագրական պայքարին, ոգևորում, որ Արցախը վճռականորեն կարող է առաջ տանել ինքնորոշման գաղափարը, քանի որ ապահով թիկունք ունի՝ Հայաստանը։ Սակայն տարիներ անց, մեկ էլ, Հայաստանը հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունից ու թուրքի դեմ թողնում արցախցիներին միայնակ։

Արցախի հանձնումն ու միաժամանակ թուրքերին սիրաշահելն ու բարեկամություն մուրալը Փաշինյանի դեմքով է կատարվում, սակայն եթե դեմքերից վերացարկվենք, ապա այդ ամենը Հայաստանն է անում։ Եթե դավաճան է Փաշինյանը, ինչպես վանկարկում են ընդդիմադիրները, ապա դավաճան է նաև Հայաստանը, որ Արցախին խոստացավ լինել իր անվտանգության երաշխավորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրավունքը, սակայն չդիմանալով փորձություններին՝ դավաճանեց։

Հարյուրամյակներով, տարբեր ոսոխների դիմադրելով՝ արցախցիները պահել են իրենց երկիրը՝ մշակույթ ստեղծել, հասել 21֊րդ դար հավատով որ իրենց թիկունքին է հայկական պետությունը, և մեկ էլ դավաճանություն, ու երկիրը ձեռքից այնպես է գնում, որ անհնար է դարձել կանխելը։ Ադրբեջանցիները պղծում են հայկական հուշարձանները և երջանկացած նկարահանումները գցում ցանց, տագնապով հետևում ենք, որ հանկարծ հայկական առաջին դպրոցներից մեկը՝ չորրորդ դարի Ամարասի եկեղեցին էլ չանցնի ոսոխին, հույսներս դրել ենք միայն Արցախի մյուս շրջաններում օտար խաղաղապահների կասկածելի պաշտպանությանը։ Հայաստան չկա, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդված- ավերված է, «Մեր էրեխեքը խի պիտի ծառայեն Ղարաբաղում» հնչում են Նիկոլի վկաների բերաններից։ 

Ի՞նչ է լինելու Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ճակատագիրը։ Ըստ պայմանագրի՝ ռուս խաղաղապահները 5տարով են Ղարաբաղում, հետո՞ ինչ կլինի,  եթե Ադրբեջանը չուզի խաղաղապահների ներկայությունը, նրանք պետք է հեռանան։ Եվ արցախցիները, ճարահատյալ, որպես վերջին փրկօղակ ռուսական բանակը պահելու համար ռուսերենը ընդունում են որպես երկրորդ պետական լեզու։ Մեկ էլ «Մայրենքում» խառնվում են իրար, ոնց թե ռուսներենը պաշտոնական լեզու, ու վերջին փրկօղակն են ձեռքներից ուզում խլել, Պետհամալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը հակառուսական պասաժներով մեղադրում է իրենց կյանքը փրկելու համար ռուսական բանակից կառչած արցախցիներին. «Երբ Ղարաբաղում ռուսերենը հռչակում էիք որպես պետական լեզու, հիշեք, որ մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ և մեկ հայրենիք ունենք, որի մի մասը՝ Ղարաբաղը հանձնեցիք Հայաստանի դավադիր բարեկամներին և ոխերիմ թշնամիներին»: Հակառուսները Հայոց լեզվի պահպանության անհրաժեշտությունը հիշում են միայն այն ժամանակ երբ ռուսերենն է հայտնվում, ուրիշ լեզուները օքեյ են(տես՝ «Օտարալեզու Երևան. կապիտալիզմը խոսում է անգլերեն»

Հայկական հակառուս շրջանականերն ասում են թե 1915֊ին Ռուսաստանը ճակատում նահանջելով՝ մեզ դավաճանեց, այլ պատմաբաններ էլ ասում են, թե 1921 թվին ֆրանասիան Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելով՝ դավաճանեց Կիլիկիայի հայ համայնքին՝ մատնելով կոտորածի։ Այլոք նրանց բացատրում են՝ որ ոչ թե դավաճանեցին, այլ  ռուսներն ու ֆրանսիացիներն ունեն իրենց ազգային շահերը, որոնք հակասում էին հայերի շահերին։ 

Բայց հիմա հայերն են դավաճանում հայերին, Հայաստանը՝ Արցախին։ Ազգային շա՞հ, թե՞ դավաճանություն, նրանք միասին են ի հայտ գալիս: Այն պահից, երբ դավաճանությունը բացահայտվում է,  նույն պահին էթնոսից առանձնանում է քաղաքական նոր ազգը՝ իր առանձին շահերով։

Արցախ֊Հայաստան միասնության նվիրյալներ

Երբ 1990֊ականներին ՀՀՇն սկսեց հրաժարվել իր համազգային կոչումից, նրանից առանձնացավ Վազգեն Մանուկյանը և ՀՀՇ հապավման  համազգային բառը փրկելու համար հայտարարեց, թե հայերը համաշխարհային ազգ են։ 1991 թիվն էր, ՀՀՇ֊ի և Տեր֊Պետրոսյանի վերելքի շրջանը, երբ նա ԱԺ նախագահից անցնելու էր երկրի նախագահի պաշտոնին, և Մանուկյանի խոսքը ծաղրի արժանացավ, իսկ Լևոն Տեր֊Պետրոսյանն էլ հակադարձեց՝ հայերը սովորական ազգ են, իսկ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Այսինքն, ազգը չունի նպատակ, այն ինչ որ պետական կառույցի ներքո առանց տեսլականի, աննպատակ սպառողների հասարակություն է, և քաղաքական գործիչների գործն է միայն  այդ սպառողականությունը խթանել։

Սակայան 88֊ի շարժման թափն այնքան ուժգին էր, որ ՀՀՇ֊ն չէր կարող իրագործել 29֊ական ծրագիրը: 1992֊ին արդեն ճակատում պարտությունների պատճառով Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ֊ի վարկանիշը արագորեն սկսեց գահավիժել, ընդդիմության ցույցերը խարխլում էին նրանց իշխանությունը, և 1992֊ին Տեր֊Պետրոսյանը իր գլխավոր հակառակորդ Վազգեն Մանուկյանին նշանակեց պաշտպանության նախարար, որից հետո սկսվեցին հայկական ուժերի հաղթանակները։

Իսկ հետո 1995 թ Ազգային ժողովի, ապա 1996֊ի նախագահական ընտրությունները կեղծելով ՀՀՇ֊ն հույս ուներ, թե իշխանությունը պահելով կիրագործի 29֊ական ծրագիրը։ Սակայն այդտեղ էլ վրիպեց, այս անգամ իշխանության ներսում ճեղք գոյացավ, և ուժայինները 1998֊ին իշխանությունից հեռացրին 29ականներին։

Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականությունը կտրուկ փոխվեց, 1998֊ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ֊ի ամբիոնից բարձրացրեց ցեղասպանության ճանաչման հարցը, այն դարձավ Հայաստանի պաշտոնական քաղաքականություն։

Թեև 29֊ականները քննադատում էին Հայաստանի նոր քաղաքականությունը, Տեր֊Պետրոսյանը ծաղրանքով անվանում էր բուրջհամուդյան քաղաքականություն, սակայն դրական արդյունքները ակնհայտ էին:

1998-2019 թվականներին 26 երկիր ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Հակառակ 29ականների պնդումների, թե ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականությունը կխոչընդոտի Թուրքիայի հետ հարաբերություններին, Թուրքիան առաջին անգամ Հայաստանը որպես ինքնուրույն միավոր նկատեց և 2005֊ին վարչապետ Էրդողանը համագործակցության առաջարկով նամակ հղեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ պատասխանեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել առանց նախապայմանների։

Սփյուռքը Հայաստանի հետ մերձեցնելու համար հիմնադրվեց համահայկական սպորտային մրցույթները։

Ի վերջո, այս քաղաքականության արդյունքում Սփյուռքը ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի կյանքում, Լինսի հիմնադրամի տրամադրած գումարները, Թումո կենտրոնը ու Օդանավակայանի նոր շենքը դրանց վառ օրինակներն են։

Քոչարյանին փոխարինած նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց հավասարակշռել 29ականների և Արցախ֊Հայաստան֊Սփյուռք մեկ ազգ գաղափարը, և իր կառավարման հենց առաջին տարին 2008֊ին ձեռք մեկնեց Թուրքիային, նախաձեռնվեցին հայ֊թուրքական արձանագրություները, որոնք ձախողվելով՝ Թուրքիային ավելի ագրեսիվ դարձրին Հայաստանի նկատմամբ։

Միջազգային ասպարեզում ամենամեծ ձեռքբերումը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն էր, որն արձանագրվեց 2007֊ի Մադրիդյան սկզբունքներում։

29 ականները տարածում էին այն միֆը, թե իշխանությունները հանձին նախագահներ Սերժ Սարգսյանի և Քոչարյանի, չէին ուզում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, թե ամեն ինչ անում էին, որ ստատուս քվոն պահպանվի, ու իշխանություններին պիտակում ոչմիթիզական։ Սակայն բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթանալով նկատվում է, որ Հայաստանի իշխանությունները բանակցային հստակ գաղափարախոսություն են ունեցել, հետևողականորեն առաջ են տարել ազգերի ինքնորոշման գաղափարը, բանակցային գործընթացում միջնորդ երեք գերտերություններին ստիպել են չշարժվել երկակի ստանդարտներով և հավատարիմ մնալ իրենց ստորագրած միջազգային հռչակագրերի ազգերի ինքնորոշման գաղափարին և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և այդ իրավունքի ճանաչումն էլ դառնում է Արցախի ժողովրդի անվտանգության կայուն և միակ երաշխիքը,  որից հետո միայն տարածքային փոխզիջումներ կլինեն։ (բանակցային դետալների մասին մանրամասներ է ներկայացնում Սերժ Սարգսյանը Արմնյուզին տված հարցազրույցում)։ Ահա, թե ինչու Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը, միջազգային հանրությունը  հայկական կողմին  էր համարում կառուցողական, իսկ Ադրբեջանը որոշակի առաջարկների նախապես համաձայնելով ապա մերժելով՝ որպես ոչ կառուցողական կողմ էր ընկալվում։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նույնիսկ այն ժամանակ հայտարարեց որ Ադրբեջանն է վերջին առաջարկները մերժել։ 

 Հայաստանից  պահանջվում էր հետևողականություն և համբերատարություն հասնելու համար Արցախի ինքնորշման ճանաչմանը, որը ոչ միայն Արցախի ժողովրդին ազատություն կպարգևեր, այլև հայությունը իր առաքելությունը կունենար փոքր ժողովուրդների ինքնորշման ձգտման ճանապարհին։

Սակայն 2018թվի հեղափոխությունը տապալեց ամբողջ աշխատանքը՝ իշխանությունը վերցրին 29ականները, հրաժարվեցին այս ամբողջ ձեռքբերումներից և «իրենց կետից» սկսեցին նոր բանակցություններ։

2018-ի աշնանը Դուշանբեում վերելակային կոչված հանդիպմանը Փաշինյանը Ալիևի խոստացել է զիջումներ, քանի որ սահմանին դադարեցին կրակոցները, պաշտոնական մակարդակով՝ հանրային հեռուստատեսությամբ սկսվեց՝ «հասարակությունը խաղաղության պատրաստելու» քարոզչություն, Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սպառազինվելուց հրաժարվելու կոչեր արեց և ցուցադրեց զարդեր, որոնք զենքերից էին ձուլված։ Ապա Փաշինյանը բանակցային ամբողջ գործընթացից ու պայմանավորվածություններից հրաժարվեց, ի շահ Ադրբեջանի ջրեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի ձեռքբերումը՝ սահմաններին կրակի դադարեցման վերահսկման սանկտպետերբուրգյան և Վիեննայի համաձայնությունները, մեկ ասեց թե  բանակցությունները շարունակելու համար Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, ապա  հայտարարեց, որ բանակցությունները իր կետից է սկսում, այսինքն մերժեց բանակցային գաղափարախոսությունը, հրաժարվեց Արցախի ինքնորոշման գաղափարից, հայտարարեց Արցախը Հայաստան է և վերջ, ի վերջո, բանակցությունները մտցրեց փակուղի, որը մի դուռ էր բացում պատերազմի առաջ։ Երկրորդ դուռն էլ բացում էր Հայաստանի միակ դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով։

Փաշինյանի դեմ ձևավորված Հայրենիքի փրկության շարժումը ընդդիմություն է հենց 29֊ականությանը, և այն հանգամանքը, որ համազգային բնույթ չի ստանում, ցույց է տալիս, որ Հայաստանում 29֊ականությունը խոր արմատներ է տվել։

Արտահերթ ընտրություներով, թե փողոցի պայքարով հասարակությունը ոչ թե կուսակցություն ու լիդեր ընտրելով պիտի զբաղվի, այլ նախ պատասխանի հետեւյալ հարցին.

Տե՞ր եք կանգնում Արցախի ինքնորոշման ու ազատագրության գաղափարին, Ցեղասպանության զոհերի նկատմամբ պարտքին, թե՞ թուրքերի հետ քիրվայանալու խաթեր Արցախից ու ցեղասպանության  ճանաչումից ու փոխհատուցումից հրաժարվում եք, Հայաստանը վերածելու եք սպառողների անդեմ հասրակությա՞ն, թե վերանձնական իդեաներով առաջնորդվող հանրության։

Մի բան հստակ է,  չկա համակեցություն այս երկու իրարամերժ քաղաքական ազգերի մեջ, նրանցից մեկը մյուսին կամ կուլ է տալու, կամ արտաքսելու է։

Մի էթնոսի մեջ տարբեր քաղաքական ազգերի ներկայության մեկ այլ օրինակ են ուկրաինացիները, որ ներկայացնում են երկու քաղաքական ազգ, որոնց հակամարտությունը ի վերջո հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։

Դասական Սփյուռք կամ աղետի վերապրածներ

Դեռ 1918֊1920թթ հանրապետության շրջանից սկսած երկիրը կորցրած արևմտահայերը չէին կարողանում հարմարվել արևելահայերի կենցաղին։

Պոլսեցի մտավորական և կամավորական շարժման ներկայացուցիչ  Վահան Չերազը, 1920֊ի հոկտեմբեր 6ին մի նամակում գրում է (Հ.Պ֊ին).

Զինուորականը կուսակցական պէտք չէ ըլլայ, հոգ չէ, թէ այստեղ ճիշդ հակառակ ըմբռնում կը տիրէ: Համակրութիւններս յայտնի են քեզ: Ոչ մի պատճառ չեմ ունեցած փոխելու զանոնք, ընդհակառակն: Ես ազգասիրական խորունկ կսկիծով նկատեցի որ երկիրը կը գտնուի ֆիզիքական, բարոյական և տնտեսական սնանկութեան եզրին: Պատճա՞ռը: Դաշնակցութի՞ւնը: Այո և ոչ: Ոչ, որովհետև Դաշնակցութեան Թրքահայ հատվածը ազգայնական ու յառաջադիմական գեղեցիկ տրամադրություններ ունի: Այո, որովհետև այստեղ Դաշնակցութիւն կը նշնակէ Ռուսահայ ժողովուրդ: Իսկ Ռուսահայը շատ քիչերու բացառութեամբ, հոմանիշ է ծուլութեան, սանձարձակ զեղծումի, ու լիրբ կամայականութեան: Իսկ ռազմական տեսակետով աղետալիորեն բացասական է: Ոչ մի ժամանակ,- այստեղ այս փաստը շոշափելի է «կամաւ կոյրերուն» իսկ,- ներկա Հայաստանը, այսինքն Ռուսահայաստանը չի կրնար մեզ գոհացնել իբր հայրենիք և չի կրնար ըլլալ կորիզ, կռուան, հիմնաքար, միացեալ Հայաստանի համար: Այստեղ զանգուածները դժկամութեամբ, աւելի ճիշդ բացասական կերպով կը ծառայեն հայկական հայրենիքին»:

Չերազին ճակատագիրը պահեց Հայաստանում, և 1928թվին նրան գնդակահարեցին, իսկ 10տարի անց Չերազի համար Հայաստան տեղափոխված  նրա՝ կնոջը՝ Խարբերդցի Վարդանուշ Չերազին գնդակահարեցին։

Բռնաճնշումների ենթարկված արևմտահայերի սերունդների մի մասը ստիպված սկսեց «ձուլվել» արևելահեյրի մեջ վերածվելով 29ականների։ Այսուհանդերձ, 1960 ականների ազգային միասնության վերելքի գործիչները հիմնականում արևմտահայերի սերունդներն էին։

Սփյուռքահայ կուսակցությունները իրենց բոլոր հակասություններով՝ միասնական էին ուղղագրության հարցում, նաև ընդհանուր հայրենքի՝ միացյալ Արևելյան և Արևմտյան Հայաստաննների  գաղափարով, և  Հայաստանի անկախությունից անմիջապես հետո սփյուռքահայ երեք կուսակցություններն էլ իրենց կառույցները ստեղծեցին Հայաստանում։

Բայց քաղակքական կուսակցություններից և սփյուռքյան բազմաթիվ կառույցներից բացի,  սփյուռքահայ մի շերտ կա, որ Չերազի պես, չէր կարողանում Արևելյան Հայաստանը ընկալել որպես հայրենիք։ Նրանց հայացքները կուսակցականացված չեն, մասնավոր զրույցներում են և նաև արտահայտվում են սփյուռքահայ գրականության և վերլուծական աշխատանքներում։

Որտեղից է այդ խորթությունը։ Երկու առավել նկատելի պատճառներն են՝  1֊ին լեզուն, Հայաստանը չի ստեղծում պայմաններ արևմտահայերնի կենսունակության համար. Հայաստանում չկա գոնե մեկ արևմտահայերենով դպրոց, մինչդեռ օտար երկրներում՝ Կանադա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, ԱՄՆ, Ավստրալիա գործում են արևմտահայերեն դպրոցներ։ Երկորդը ուղղագրությունը, Հայաստանի Հանրապետությունը մերժել է հայոց լեզվի ընդհանուր ուղղագրության գաղափարը, չի պատրաստվում պառակտող սովետական ուղղագրությունից հրաժարվել և Սփյուռքի հետ միասնական ուղղագրության վերադառնալ։

Լիբանանցի բարեկամս, որ Բեյրութում առևտրով է զբաղվում, մի քանի անգամ փորձեց տեղափոխվել Հայաստան, բայց այդպես էլ չհարմարվեց, և մի անգամ ասաց՝ ես հասկացա, որ սա իմ հայրենիքը չի, իմ հայրեիքը Արևմտյան Հայաստանն է, որ կորցված է»։

 Սփյուռքահայ գրող Գրիգոր Պըլտեանը  «Դեպի մեծ փոխաբերություն» գրքում նկարագրում է 1995֊ին՝ այն «ցուրտ ու մութ տարիներին» իր այցը Հայաստան .«Ով դրամ ունի, ան լոյս ու ջերմութիւն կրնայ գնել։ Կաշառքի թագավորութիւն… մէկը մշտապէս լոյս ունի, միւսը բնաւ, թողոցին մէկ եզրքը կմնա խաւարի մէջ, միւսը կը փորձէ ծածկել գայթակղութիւնը թանձր վարագոյրներու ետին»։ Իսկ մարդիկ ինքնահիացմունքի մեջ են. «Ամեն մարդ անտեսուած մըն է, իբրեւ տաղանդ, մոռացուած հանճար, մանավանդ երբ մտաւորականի պէս մեկն է, միշտ հալածուած նաև։ Նարկիսականութիւն եւ հալածախտ միասին։ Եւ ուրեմն, միշտ ալ բամբասանք։ Ե՛ս, ես միայն լաւն եմ, ես իմանում եմ, միւսները ի՜նչ են որ, ոչնչութիւններ, եւ անոնք են որ զիս չեն հանդուրժեր ու կը հալածեն»։  Փոխաբերությունը հենց Հայաստանի հանրապետությունն է կորցրած հայրենիքի, այն որպես հայրենիք ընկալելու անհնարինությունն է. «Ամեն անգամ որ կու գամ հոս ինծի կը թուի թէ կը վերապրիմ մին այն երազներէն, ուր ճամբու մը վրայ  կը վազեմ եւ երբեք տեղ չեմ հասնիր, կարծես երբեք չեմ հասնիր իրականութեան մակերեսին», բայց նաև այն տեղը որտեղից փնտրում է  այն միակ Հայրենիքը՝ սահմանի փշալարերից այն կողմ կորսվածը. «Այն տեղն է ասիկա որուն կը յղուի անհունօրէն, իր հեռաուոր աքսորէն։ Որուն, սակայն, երբեք չի հասնիր։ Աւելի ճիշդ՝ լեզուս կը յղուի այս տեղէն բացակային, այս տեղի միւս կողմին(շրջօնի՞ն)։ Շուքին, ստուերին։ Ջնջուածին։ Փոխաբերութիւնը անդադար կը յուշէ, որ միւսը չկայ, այն որ ուզեմ֊չուզեմ, սրբուեցաւ անհետ կամ գրեթէ։ Փոխաբերութիւնը կ՚ուզէ որ մոռնամ, իբր թէ որովհետեւ իրականութիւնը կայ, կոպիտ, հաստ, միակ ապրելի իրականութիւնը»։ 

Պըլտեանը Հայաստանի ղեկավարության մասին ասում է, որ եթե «այն կողմից» գան ներում խնդրեն «պաշտօնէութիւն ու նաչալնիկ, բոլորը մէկէն պիտի ներեն, մեծ բեռէ մը ձերբազատ»։ Լավատեսությո՞ւն է, քանի որ Հայաստանի այս նոր  ղեկավարները իրենք են պատրաստ խնդրել թուրքերից ամեն ինչ, նույնիսկ ներում խնդրել, որ իրենց հայրենակիցները նեղություն են պատճառել նրանց ոճիրները հիշեցնելով, միայն թե արժանանան բարեհաճության։ 

Եթե Հայաստանը Պըլտեանի նկարագրած հանրությունն է միայն, որտեղ  հայրենիքը սեփական բնակարանի սահմանն է, էլ ի՞նչ Արցախ ու Զանգեզուր, իսկ գուցե հանրությունը փոփոխվո՞ղ է։ 

Սփյուռքահայ փիլիսոփա և քննադատ Մարկ Նշանեանը «Երկգլխանի հրէշին աշխարհը» բանախոսության մեջ քննադատում է սփյուռքահայ այն մտավորականներին, ովքեր Հայաստանի անկախության հռչակումը ընդունեցին որպես համայն հայության նպատակների իրագործում և լքեցին Սփյուռքի դիրքերը.«1990ի շուրջ յայտարարելով ոը la dias­pora, c’est fini, Սփիւռքը վեր­ջա­ցած է, ու անցնելով աւելի լուրջ գործերու, որոնք արժանի պիտի ըլլային պատ­մու­թեան մէջ մնալու, պետութիւն մը ղեկավարելու եւ նախագահի մը խորհրդատուն ըլլալու յոյժ պատուաբեր եւ յիշատակելի գործերուն»։  

«Հապա մեծ-մեծ բանաս­տեղծ­նե՞րը, որոնք իրենց հոգիին հետ՝ իրենց գրիչն ալ ծա­խե­ցին, նոր Լեւոնը Կիլիոկիոյ վերջին Լեւոնին հետ կամր­ջե­լով։ Հապա Ճիւան Թապի­պեանը, լուսահոգին, որ Զօ­րեանի 1982ի հանդիպումին հայրենասիրական բոլոր միսթիցիզմներուն դէմ այդ­քան գեղեցիկ բա­ներ ըսելէ ետքը, ինքն ալ անփառունակ կերպով յօդ­ուած մը ստո­րագրեց AIM-ի մէջ այդ օրերուն, ըսելով որ վերջապէս պիտի չամչնանք Հայ ըլլալէ։ Ինչո՞ւ, ուրեմն կ՚ամչնայի՞նք։ Գոյք, կալ­ուած, դպրոց, հոգի, մայր, գրիչ, ուրիշ ի՞նչ մնաց ծախելիք։ Կը մնար խելքը։ Իրենց խելքն ալ ծախեցին։ Ի՞նչ խա­բէական դաստի­ա­րա­կութիւն ստացած էին ասոնք բոլորը, իրենց դպրոց­նե­րէն, եկեղե­ցիներէն ու կու­սակցական ակումբներէն ներս։ Ի՞նչ ակ­նա­խտիղ միսթի­ցիզմի կը հետեւէին։ Մէջէն-մէջէն փտած կառոյցներու բնակիչներ՝ բո­լո­րը։ Փլելու պատրաստ աւազէ կառոյց­նե­րու բնակիչներ։ Կառոյցներու որոնք պէտք է փլէին եւ դեռ պէտք է փլին, եթէ պա­տրաստ չեն Սփիւռքի պատնէշին վրայ կանգնելու եւ իրենց պար­տա­կա­նու­թիւնը կա­տարելու»։

Բանախոսության հարցադրում է թե արդյո՞ք հնարավոր է, որ Սփյուռքը լինի ինքնիշխան, մեջբերում է Վահե Օշականի խոսքը՝ Սփյուռքին անհրաժեշտ է  բնազանցություն ունենալ, հարց որ իրեն 50 տարի անհանգստացրել է, հնարավո՞ր է այն արդյոք։ Եվ հանգել պատասխանի՝ ոչ, քանի որ հայ ազգայնականութունը ձևավորվել է որպես որոշակի տարածքի վրա բնիկի երևակայություն, և Սփյուռքն էլ մասը կազմելով այդ ազգայնականության միևնույն ժամանակ զրկված լինելով «հողից» «բնիկությունից» զոհն է դարձել այդ ազգայնականության՝ իրեն զրկելով ինքնիշխան լինելու հնարավորությունից։ Մյուս կողմից էլ Հայաստանը՝ որպես «բնիկների» երկիր չի ընկալում Սփյուռքը և նրա գրականությունը, քանի որ բնիկություն չունի՝ «դրսից եկած» է. «Սփիւռքի մէջ տպուած ո՛չ մէկ գիրք կրնայ մուտք գործել Հայաստան կոչուած երկրի սահմաններէն ներս, չի կրնար մտնել բնիկին խելապատակէն ներս։ Բնիկին համար դուրսէն եկածը մաս չի կազ­մեր իր փորձառութեան»։

 

Ճակատին  Արման Գրիգորյանի կտավը www.accea.info կայքից

Show Comments Hide Comments

One thought on Մեծ դավաճանություն. երբ էթնոսը տարանջատվում է երեք քաղաքական ազգի

  1. […] Տարօրինակ է։ Ինչո՞ւ։ Նախ՝ եթե այս գաղափարը ասում է Հայաստանի քաղաքացին, բանավեճ է ծագում՝ հետևյալ հարցերով՝ իսկ սփյուռքահայերի, Արցախի ու Ջավախքի, Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների հայության իրավունքներով ո՞ր պետությունը պիտի հետաքրքրվի, եթե ոչ՝ հայկական։ Ինչպե՞ս է լինում, որ, օրինակ, Իտալիայի պետությունը շահագրգիռ է սփյուռքում բնակվող իտալացիների շահերով, Հունաստանի պետությունը՝ հունական Սփյուռքով, իսկ Հայաստանի պետությունը պետք է այնքան  ամփոփվի իր տարածքի ներսում, որ միայն իր ներսի բնակչների շահերը հետապնդի, մի պետություն, որը ստեղծվելիս իրեն հռչակում էր ամբողջ աշխարհի հայերի պաշտպանը, և մի ժողովուրդ, որի գերակշիռ մասը դրսում է բնակվում։ Հաջորդը՝ ազգը քաղաքական միավոր է, եթե ազգի մի մասի շահերը հակասում են մյուս մասի՝պետության մեջ բնակվողների շահերին ապա ազգը կիսվեց, դարձան երկու, երեք ազգ։ Ուրեմն «Սպիտակ թուղթը»  ոչ թե պետք է «ազգ» հասկացությունը օգտագործի, այլ էթնոս, և այդ էթնոսի մեջ «Սպիտակ թուղթը» գրքի հեղինակները ներկայացնում են Հայաստանի այն քաղաքական շրջանակներին, որոնք 29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի սահմաններից դուրս որևէ գաղափար, հետաքրքրություն չեն տեսնում, եթե գաղափարական անուն տանք՝ սա լոկալ նացոնալիզմ է (տես՝«Մեծ դավաճանություն. երբ էթնոսը տարանջատվում է երեք քա…)։ […]

Leave a Reply

Your email address will not be published.