Հայրս կոմունիստ էր, և ի՜նչ դժվար է ասել դա: Հիմա ես ապրում եմ Շվեյցարիայում, որտեղ «կոմունիստը» զուգակցվում է գուլագի և ոճրագործության հետ: Այստեղ ծերունիները, երբ ուզում են իրենց հիմարություններից պատմել, մեկ-մեկ էլ ավելացնում են. «Այո՜, մի ժամանակ նույնիսկ կոմունի՜ստ եմ եղել»: Սակայն ես հասկանում եմ, որ Արևմուտքում, հատկապես Բեռլինի պատից ասդին, չորս կողմից հակակոմունիստական քարոզչություն է հորդել. կինոն, սոցիոլոգիան, հոգեբանությունը, տնտեսագիտությունը… բոլորն ու բոլորը լծված են եղել կոմունիզմի` այսպես ասած «մարդազերծմանը»: Կոմունիզմի պարտությունից հետո ընդդիմադիր քարոզիչներն ըմբոշխնեցին իրենց քարոզչության ճշմարտացիության շամպայնը, իսկ մարդիկ շնորհավորեցին նրանց՝ ճիշտ կանխատեսումների համար:

Աֆղանստանում ևս կոմունիստական վարչակարգի տապալումը և նրա հակառակորդների հաղթանակը շատ փոքր տեղ թողեցին այդ վարչակարգի պատմությունը բարձրաձայնելու համար, քանզի պատմությունը չեն գրում պարտվածները: Պարտվածներին նույնիսկ շիրիմ ունենալու իրավունք չի տրվում: Պատերազմում հաղթողներն են հերոսանում, և նրանց շիրիմներն են դառնում ուխտատեղի: Հայրս պարտված էր, պարտված մի կոմունիստ, մի կոմունիստ: Այս վերջին հատկանիշը համարում եմ ինձ փոխանցված ընծա, քանի որ այս ուսմունքի մեջ տեսնում եմ ուժին և իշխանությանը դիմակայող մարտահրավեր. ուժ և իշխանություն իր ներքին և անդրսահմանային իմաստով, ուժ և իշխանություն, որը բխում է թե՛ տեղային և թե՛ համաշխարհային ինչ-որ համակարգից:

Հայրս չէր սիրում Ամերիկան: Միացյալ նահանգներում ապրող նրա եղբայրը կոմունիստների իշխանության օրոք մի քանի անգամ առաջարկել էր հորս՝ տեղափոխվել և հաստատվել այնտեղ: Բայց հայրս չընդունեց: Չգիտեմ ինչն էր դրա գլխավոր պատճառը, սակայն կարող եմ գուշակել. նախ և առաջ՝ հայրս ազգայնական էր, ամեն ինչից առավել նա իր երկիրն էր սիրում, այդուհանդերձ չեմ կարծում, որ դա էր Աֆղանստանում մնալու նրա հիմնական պատճառը: Ինձ թվում է, այդ որոշման հիմնական պատճառը կոմունիզմի տված խոստումն էր: Կոմունիստական գաղափարախոսությունը խոստացել էր, որ այդ ումունքը կհաղթի, իսկ կապիտալիզմը կպարտվի, և հայրս՝ որպես կոմունիստական ուսմունքի հետևորդ, հավատում էր այդ խոստումին:

Խորհրդային միության փլուզումից և հետևաբար կոմունիստական գաղափարախոսության պարտությունից հետո կրկնապատկվեց հորս ատելութունը Ամերիկայի հանդեպ, քանի որ այդ երկիրն էր համարում իր բոլոր երազանքների ցնդման պատճառը: Հորս ասելով՝ Ամերիկան «Ախավաններին» լծել էր, որ Աֆղանստանում արդիականացման ծրագիրը տապալի։

Հորս կյանքի ամենատխուր օրերից մեկը դոկտոր Նաջիբի՝ Աֆղանստանի դեմոկրատիկ հանրապետության վերջին նախագահի սպանության օրն էր: Լավ հիշում եմ այդ օրը. փողոցում մեր հարևաններից մեկը լուր էր բերել, որ Արիանա խաչմերուկում սպանել են դոկտոր Նաջիբին, և եղբայրս փողոցում լուրը լսել էր հարևանից:

Հայրս վազքով շտապեց փողոց, որտեղ մեր հարևանը զրուցում էր մի քանի հոգու հետ: Հայրս նրանցից հարցրեց, ու նրանք էլ պատասխանեցին՝ այո: Հայրս հարցրեց. «Արդյոք սեփական աչքերո՞վ տեսաք»: Ասացին՝ այո: Հայրս չկարողացավ այլևս մնալ փողոցում ու տուն եկավ:

Մորս ասաց՝ ճիշտ է: Մայրս էլ շատ տխրեց: Ես չգիտեմ քանի տարեկան էի, բայց լսել էի, որ դոկտոր Նաջիբի օրոք մի քանի ռուփիյե փողով կկարողանայիր լիքը թխվածքաբլիթ ու քաղցրավենիք առնել, բայց մուջահեդների ժամանակ այդպիսի բան հնարավոր չէր, և փողը անարժեք էր դարձել, ինչպես մարդկային կյանքը:

Եվ այսպիսով՝ եկան Թալիբները: Սկզբում հայրս ուրախ էր նրանց գալու համար, կարծում էր՝ նորից Զահեր շահը կգա իշխանության, և ինքն այլևս չի ծաղրվի ու ստորացվի: Նա մուջահեդների ժամանակ քանի անգամ ծաղրվել էր, որովհետև նրան կոմունիստ էին անվանում և ոչ մի հարգանք չունեին իր հանդեպ: Հիշում եմ՝ մի անգամ ինչ-որ մեկը թակեց մեր տան դուռը, հայրս շտապեց դուռը բացելու, ես բակում էի: Մի երիտասարդ տղա առանց թույլտվության ներս մտավ բակ: Հայրս ձայն տվեց մորս, որ քաշվի մի անկյուն, մայրս էլ գնաց նստեց սենյակներից մեկում: Երիտասարդը, առանց ուշադրություն դարձնելու որևէ մեկի խոսքին, սկսեց խուզարկել տունը, հետո առանց որևէ բառ ասելու՝ հեռացավ: Ավելի ուշ իմացա, որ եկել էր՝ գիրք և զենք որոնելու:

Հայրս ոչ զինվորական կոմունիստ էր, կոմունիստների օրոք Քաբուլի դեղատներից մեկի տնօրենը: Այն տարիներին, երբ Արևելյան Գերմանիա էր մեկնել, չգիտեմ այնտեղ բժշկություն էր ուսանել, թե կոմունիզմ, սակայն մեզ միշտ ապշեցնում էին նրա նկարագրությունները Արևելյան Գերմանիայի մասին: Նրա պատմածներից մեկն էլ այն էր, որ Արևելյան Գերմանիայում նույնիսկ վեց ամիսը մեկ կոշիկները փայլեցնելու կարիք չէր լինում: Եվ դա անհավատալի էր ինձ համար, որովհետև այն օրերին անհնար էր Քաբուլում փողոց գնայիր և կոշիկներիդ վրա հողուփոշի չնստեր: Այդ պատճառով իմ երևակայության մեջ Արևելյան Գերմանիան ջիննաթի պես մի վայր էր՝ զարմանալի և անհասանելի:

Քաբուլ, 1977, Bill Borders/The New York Times

Մուջահեդների հետապնդումներից խուսափելու համար՝ հայրս իր գրքերը թաղեց այգում: Երբ հայրս հասկացել էր, որ վարչակարգը տապալվելու վրա էր, իր բոլոր գրքերը տեղավորել էր պլաստմասե արկղի մեջ և թաղել Փաղման ամառանոցային արվարձանի հայրական այգում: Չգիտեմ ինչ գրքեր էին դրանք, բայց վստահ եմ, որ կոմունիզմի մասին էին: Կարծում եմ՝ նա տակավին չէր հավատում, որ կոմունիստական համակարգը տապալվում էր մեկընդմիշտ: Անշուշտ, համոզված էր, որ օրերից մի օր, իսկ այդ օրը հեռու չէր լինելու, կկարողանար այդ գրքերը հանել հողի տակից և նորից կարդալ: Բայց այդ օրը երբեք վրա չհասավ, իսկ գրքերը դեռ մնացել են հողի տակ, հենց այնտեղ էլ գուցե փտել, ինչպես մարդիկ են փտում:

Հայրս փայտյա խոշոր ռադիո ուներ, կարծեմ՝ Խորհրդային միության արտադրված: Ռադիոյի հետևում խոշոր մարտկոցներ էին տեղադրվում, ու թեև վարդակ էլ ուներ, բայց չեմ հիշում՝ երբևէ հոսանքով աշխատած լիներ, որովհետև էլեկտրական հոսանք չկար: Լուսաբացերին «ԲիԲիՍի» ռադիոն լսելու համար ալիքները փոխելու ձայները, մի պահ արթնացնում էին ինձ: Այն օրերին ինձ թվում էր, թե ռադիոն օդանավերով լեցուն մի երկինք է, ուր օդանավերը սլանում են մեծ արագությամբ, մեկ-մեկ էլ բախվում իրար: Երբեմն էլ թվում էր, որ ռադիոն հարթ ու ասֆալտապատ մայրուղի է, որտեղ նետի պես սուրում են ավտոները, իսկ ռադիոյից դուրս եկող ձայներն այն վարորդների ձայներն են, որոնք մայրուղում մի պահ հասնում են իրար և բառեր փոխանակում մեկմեկու:

Սակայն լուրերն ունկդրելուց հետո, երբեք ուրախ չէի տեսնում հորս, միշտ դժգոհ էր, միշտ իրեն և իր գաղափարը համարում էր պարտված: Սիրտը պաղել էր, կարծում էր՝ աշխարհը դավաճանել էր իրեն: Մինչև կյանքի վերջը ո՛չ մի կառավարությանն արժանի չէր գտնում Աֆղանստանին իշխելու համար: Նա փուշթունների ցեղախմբից էր, բայց բոլորովին չէր հավանում նախագահ Համիդ Քարզային, ով նույնպես փուշթուն էր: Չգիտեմ ինչու էր այդպես, գուցե ոչ մի կերպ չէր վստահում Ամերիկային: Նրա կարծիքով՝ Աֆղանստանն ավերվել էր, իսկ հայրենիքի իսկական զավակները կա՛մ մեռել էին, կա՛մ էլ իր պես մի կողմ քաշվել: Այդ պատճառով ո՛վ էլ գալիս էր ասպարեզ, հայրս միայն դավաճանություն էր սպասում նրանից, միայն այդքանը:

Իմ հոր գնահատմամբ՝ հարգանքի արժանի անձնավորություններից մեկը Ամանալլահ Խանն էր: Կարծում եմ՝ հայրս կոմունիստական վարչակարգին ևս ընկալում էր որպես Ամանալլահ խանի ուղու շարունակողը: Մեր տան   նախասրահում մշտապես «Աֆղանստանը պատմության բովում« գիրքն էր դրված: Հայրս հենց այդ գրքից էր կարդում Ամանալլահ խանի ժամանակաշրջանի պատմությունը: Անգամներ ու անգամներ: Մենք պարծենում էինք, որ մեր տանն ունենք այդ գրքի բնօրինակներից մեկը: Ով գալիս էր մեր տուն, հատկապես գրքասերները, նկատելով այդ գիրքը՝ անմիջապես նույնն էին ասում, թե դա անդրանիկ հրատարակություն է և դրանից ընդամենը մի քանի օրինակ է մնացել Աֆղանստանում: Հայրս Քաբուլի համալսարանից էր այդ գիրքը բերել ինձ համար, վաղուց անցա՜ծ-գնացա՜ծ այն օրերին:

Հիշում եմ, որ գիրքը մնացել էր խորհրդային ուժերի կողմից կառուցված ջեռուցման կաթսայատանը, որն այլևս չէր աշխատում: Մեր ազգականներից մեկը, որ նովրուզի տոնի առթիվ մեր տուն էր այցելել, գիրքը տեսավ այդ վատ ու վնասված վիճակում, դուրս բերեց կաթսայատնից՝ մեզ կշտամբելով: Ասաց, որ գիրքը կտանի՝ մի անգամ ընթերցելու: Մենք չկարողացանք առարկել, որովհետև գրքի հարգը չէինք պահպանել: Նա գիրքը տարավ, և այնուհետև այլևս երբեք չտեսանք գիրքը:

Հորս մյուս գիրքը կոչվում էր «Արջի թակարդ»: Այն օրերին այնքան էլ սեր չունեի ընթերցանության հանդեպ, բայց մեկ-մեկ առ ի հետաքրքրություն թերթում էի գիրքն ու կարդում պատահական բացված մի էջ: Միշտ այդպես էի անում, մինչև վերջում գլխի ընկա, որ այդ գիրքը մուջահեդների մասին է, թե ինչպես էին պակիստանցի գործակալները ծրագրում ու համակարգում մուջահեդների գործողություններն ընդդեմ աֆղանական պետականության:

Երբ մի քիչ էլ մեծացա և ավելի վարժվեցի ընթերցանության մեջ, ինքս էլ որոշ գլուխներ կարդացի «Աֆղանստանը պատմության բովում» գրքից: Այդ գրքի ընթերցումն ինձ էլ դարձրեց «հակաարևմուտք»: Գրքում մշտապես Անգլիան հանդես էր գալիս որպես ամենուր ներկայություն ունեցող խորամանկ կողմ, որը կա՛մ խաբում, կա՛մ որևէ հնարքով պարտության էր մատնում աֆղան ղեկավարներին, և երկու դեպքում էլ նպատակը Աֆղանստանի անկախության և ինքնիշխանության տապալումն էր: Այն օրերին ես շատ երիտասարդ էի, և ինձ համար դժվար էր ընդունել Աֆղանստանի անկախության ու ինքնիշխանության տապալումը:

Ես հորս հետ միշտ զրուցում էի քաղաքականության մասին, հիմար հարցեր էի տալիս, երբեմն նաև խելոք հարցեր: Հարցեր, որոնք սովորել էի վարժարանում: Օրինակ, հարցնում էի. «Ինչու՞ կոմունիստները չեն հավատում Աստծուն»: Հայրս ծիծաղում, երբեմն էլ բարկանում էր շատ: Ասում էր. «Կոմունիստները գործ չունեն Աստծու հետ: Դա Ամերիկայի քարոզչությունն է, որ այդ գաղափարախոսության ամբողջ պատմական ուղին ամփոփում է անաստվածության մեջ»:

Նրա հուշերը միշտ ուրախություն էին պատճառում ինձ՝ իմ սրտում հրահրելով պայքարի եռանդ: Հուշերից մեկը, որն ինձ դրդեց իրավաբանություն և քաղաքագիտություն սովորելու Քաբուլում, նրա երիտասարդ օրերի քաղաքական գործունեության հետ էր կապված, թե ինչպես էր նա ինչ-որ քայլարշավի կամ էլ միջոցառման ժամանակ դրոշը ձեռքին ղեկավարել իր խումբը: Նա միշտ պատմում էր մեզ այդ պատմությունը և ամեն անգամ առավել գրավիչ: Ամեն անգամ նկարագրում էր Քաբուլի պատկերները, խոսում ազնվության ու վեհանձնության մասին, երբեմնի եղած օրերի մասին:

Կյանքի վերջում նա դեռ նույն համոզմանն էր մնացել: Հորս տեսանկյունից՝ Աֆղանստանը մեկ անգամ ևս (Ամանալլահ խանից հետո) կորցրել էր իր միակ շանսը: Նրա կարծիքով՝ Ամերիկան երբեք չի կարող կառուցել այն երկիրը, որն ավերել էր բրտությամբ ոչ վաղ անցյալում:

Ես այս գրությունը երեք նպատակով եմ շարադրել: Առաջին. ուզում եմ ասել, որ մուջահեդների հաղթանակի ծանրությունը մինչ այսօր որևէ առիթ, հնարավորություն և անվտանգ միջավայր չի թողել նրանց գաղափարական ընդդիմադիրների՝ կոմունիստների պատմություններն ասելու համար:

Երկրորդ. ես հրավիրում եմ մուջահեդների զավակներին, որ իրենց հայրերի պատմությունները գրի առնեն, պատմեն այն ժամանակվա կոմունիստական իշխանության դեմ զինյալ պայքար մղելու նրանց շարժառիթների մասին:

Եվ երրորդ. նամանավանդ կոմունիստների զավակներից ուզում եմ, որ իրենք ևս կատարեն նույն գործը: Իրենք չպետք է հերքեն իրենց ինքնությունը, պիտի արտահայտեն այն, ինչպես որ դա եղել է իրականում:

Գուցե մուջահեդների զավակներն այնքան էլ դրա կարիքը չեն զգում, քանի որ Հոլիվուդն ու Աֆղանստանի իշխանությունները և ընդհանրապես բոլորը ծառայել են նրանց տեսակետների արտահայտմանը: Սակայն կոմունիստների զավակները կարիք ունեն, որ հավասարակշռեն այս միակողմանիությունը: Իրականությունն այն է, որ ամեն ինչ կորել է քարոզչությունից բարձրացած փոշու տակ: Մենք երկխոսության կարիք ունենք: Եվ մենք երկխոսելու ենք այն ժամանակ, երբ երկուստեք զգացած լինենք ցավը:

Իսկ դա հնարավոր է միայն ցավի մասին խոսելու միջոցով:

 

աղբյուրը՝ https://orzalaa.wordpress.com

ճակատի լուսնկարում՝ Քաբուլ 1961, The New York Times

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *