«Էլիզ, ես եմ»,- գրեց նա թղթի վրա ու ետ հակվեց:

Նրա ընդերքից խորը հոգոց դուրս թռավ. արդեն արել էր առաջին ծանր քայլը: Ժամանակը հեռացրել էր նրանց, ամեն անցնող օրը խորթացնում էր նրանց, բառը միակ կամուրջն էր, որ կարող էր գցվել երկու ափերն իրարից բաժանող ամայության այդ գետի մեջ:

«Հիշո՞ւմ ես ինձ»,- գրեց նա: Դա արդեն ավելորդ էր: Խղճալի էր: Ջնջեց:
«Քեզ պատմե՞լ են իմ հետ եղածը»:

Էլի հետ նստեց: Էս անգամ էլ ավելի խորը շունչ քաշեց: Սա ինչ անիծված նամակ էր, որ ամեն բառն էսքան ծանր էր նստում: Հավաքվի՛ր, նորմալ գրի՛ր: Նորմա՛լ գրիր: Մտածի՛ր: Չէ, մի՛ մտածիր, ուղղակի գրիր:

«Էն օրը Վոյնիչի Բոռն էի ուզում կարդալ, մեջից մի հին նամակ գտա, եսիմ որ թվի: Ինչ-որ ջահել կին էր, որ իր բարեկամներից մեկին էր գրել: Էնքան լավն էր Լիզ, ասում էր, որ ամուսնու ընտանիքը իրեն լավ է նայում, պատմում էր, որ վոլգա ունեն թե մասկվիչ, կով, հավեր ունեն, ասում էր`կաթը կա, ձուն կա, ցորեն են ցանել ու շուտով հացին էլ փող չեն տա: Ամուսնու մայրը չի թողում, որ կովին ինքը կթի, ասում է` կթվորուհի չենք բերել, հարս ենք բերել, դուք ձեր ջահելությունը վայելեք…»։

Նախադասությունը կիսատ թողնելով նորից հետ նստեց: Ստացվեց, թվում է ստացվեց հալեցնել սառույցը, սկիզբը կար. հիմա արդեն կկարողանա խոսել: Բայց դա խաբուսիկ տպավորություն էր: Ոչինչ էլ չէր ստացվել, նամակը դեռ չէր էլ սկսվել, ինքն ընդամենը ցրել էր հարցը, ու ինչ էլ աներ, դեռ պետք է վերադառնար դրան:

«Էլիզ, ուզում եմ մեզ էլ հիշել անցյալում: Երբեմն մտածում եմ, որ պետք չէր մեզ օտար պահել, ամաչել… պետք էր կառչեինք իրարից ու բաց չթողեինք: Ժամանակը գնար, մենք մնայինք: Մենք կպաշտպանեինք իրար, Լիզ, ես քեզ` քեզնից, դու ինձ` ինձնից, իսկ մնացյալ աշխարհի դեմ կկռվեինք ուս-ուսի տված: Չպետք է բաց թողեինք իրար:
Քեզ պատմե՞լ են իմ հետ եղածը: Ինձ տարան մի տեղ ու հետո դռները փակեցին ինձ վրա: Ինձ հարկադիր բուժում նշանակեցին։ Ինչի՞ համար։ Դու գիտես, որ նման բաները պատճառ չեն ունենում։ Ոչ մի նշան չկա ու մեկ էլ հանկարծ օդից մի քանի հանգամանքներ են ընկնում ու ավիրում կյանքդ. ասենք բուժքույրը, որ քեզ սխալ հասկացավ, կամ նյարդաբանը, որ հավես չուներ քեզ նայելու, կամ դու ինքդ, որ հավես չունեիր քեզ բացատրելու։ Կամ գուցե օդից չեն էս դեպքերը։ Ես ասել էի, չէ՞ քեզ՝ կամ ես եմ սպանելու էս համակարգը կամ սրանք՝ ինձ։ Դե ինչ, սրանք սպանեցին ինձ։

Դռները փակելուց հետո սկսեցին կերակրել ինձ հոգեմետ դեղերով, օրը չորս անգամ, քառասուն օր շարունակ: Բժիշկն ասում էր, որ ես հիվանդ չեմ, իմ անձի տեսակն է դա։ Էդ դեպքում ինչո՞ւ էին ինձ դեղեր տալիս։ Ինչի՞ց էին բուժում ինձ, ինձնի՞ց։ Ասում էի՝ ռադ արեք էդ դեղերը, թողեք անտառ գնամ, մի ամիս հետո առողջ կվերադառնամ։ Անտառում ես գլխապտույտներ չեմ ունենում։ Իսկ նրանք թե՝ էդ ո՞ւմ ես հակաճառում, առ քեզ՝ ավելի ուժեղ մի դեղ։ Ու շարունակում էին տալ։ Վերջում էլ ստիպում էին բացել բերանդ, ցույց տալ լեզվիդ տակը, որ համոզվեն՝ խմել ես։ Կինո էր լրիվ, մենակ թե մեզ չէին վճարում, մենք էինք վճարում, ու շատ թանկ։ Թվում էր` նայում են դեմքիս ու ասում` «հա՜, քառասուն օր հետո քեզ բաց ենք թողելու, բայց մինչև էդ ինչքան հնարավոր է փչացնելու ենք քեզ:

Արեցին: Դրանց մերը… ես դրանց մերը…

Ինձնից էլ բան չի մնացել: Դրա համար , երբ մի երկու անգամ ինձ հանդիպման հրավիրեցիր, մերժեցի: Դու երևի մտածել ես` արհամարհում եմ, չէ՞։ Դրա համար հետո ինձ չես զանգել, չես գրել, բայց ես ուղղակի դիակ էի ու եմ:
Էն օրն էլ մեր էն մյուս ընկերը ֆուտբոլի էր կանչում: Չգնացի իհարկե: Հետո էլի կանչեց, էլի չգնացի: Գժված զանգել էր, ասում է` արդեն երկու խաղ է կրվել ենք դրանց, քո կարիքն ունենք: Ուզում է վազեմ ու հնարքներ անեմ առաջվա պես, մինչդեռ ես բռնվելով հազիվ եմ քայլում` տանը:

Էն անիծված տեղը մի տղա կար, որ մեկ էլ հանկարծ գիշերային լռության մեջ զարթնում էր ու հեկեկում, ամբողջ շենքով իր լացն էր լսվում: Հիմա ես էլ… մեկ-մեկ էս գիշեր… էլի»։

Թուղթը մի կողմ հրեց ու արմուկները սեղանին հենելով գլուխն ափերի մեջ առավ: Փակեց աչքերը, մի վայրկյան , երկու վայրկյան: Բացեց, գրիչն առավ բռունցքին, ջնջեց վերջին գրածը, գրիչն էնպես ամուր սեղմեց, որ տեղ-տեղ պատռվեց թերթը: Աչքերը պինդ փակեց, որ խեղդի գոյացող կաթիլը: Պետք էր տուրք չտալ գլխում վերածնվող հիշողություններին, բայց նրանք գալիս էին. էն թեթև օրերը, երբ կյանքն ու երազանքը քեզնից միայն մի քայլ էին հեռու, երբ պետք է անեիր ընդամենն էդ քայլը ու բռնեիր այն, ոնց թիթեռին, բայց այն փախավ, վազեցիր հետևից, ընկար, ընկար…
Կտրուկ բացեց աչքերը, ասես մղձավանջից վեր թռած լիներ: Նոր տողից սկսեց գրել.

«Ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է, պատմիր քեզնից, ո՞նց ես, ի՞նչ ես անում: Կներես, որ անցած անգամ մեժեցի հրավերդ, գրիպ էի կպել: Լսել եմ գործի ես անցել մի օֆիսում: Դուրս արի էլի ըտեղից։ Հիշում ես մեր երազները, հո չե՞ն մեռել: Արի հետ կանչենք անցյալը, գնանք էնտեղ, որտեղ հոգին է տենչում…»։

Ջնջեց վերջին տողերը:

«Լսել եմ գործի ես անցել: Լավ է, աշխատիր, փորձիր բարձրանալ աստիճան առ աստիճան, հետևիր կանոններին, կարիերա կանես Ընդհանուրից մի կտրվիր:

Պատախան նամակում գրիր քեզնից, քո օրերից, պատմիր, թե ինչ ես հիշում անցած֊գնացածից: Էդ վերջինը խնդրում եմ մանրամասն կգրես»:

Միշտ քո` Է. Հ. Բ.

 

Ճակատի լուսանկարը Վ. Ի.֊ի
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *