Վերմակ

 

Իսկ ես քեզ արդեն նամակներ եմ գրում

Եվ դա հեչ լավ նշան չի։

Գրում եմ նամակներ որ ունեն հասցեատեր բայց ծրարում երբեք չեն հայտնվի,

Իսկ դա անբուժելի հիվանդություն է։

 

Մի թել՝ երկարատև ցավի կծիկում

Ու այդ կծիկը ես ինքս եմ հյուսում

Քո ամեն խոսքն ու հպումը թելերն էլ ավելի ամուր ու ճկուն են դարձնում

Իսկ եթե այս թելերը հեշտությամբ չկտրվեն,

Ապա պիտի փաթաթվեն կոկորդիս մինչև խեղդվելս։

 

Ես թելերն իրար հյուսելով քեզ համար տաք բաճկոն եմ գործում,

Իսկ դու բանից անտեղյակ ինձ նոր թելեր ես տալիս։

Քեզ թվում է դրանցով պիտի մի վերմակ կարեմ՝

Ցուրտ գիշերներս տաքացնեմ քո թելերով կարված վերմակով,

Ու եթե իմանաս որ տաք եմ

Ավելի հանգիստ կլքես ինձ ամեն արևածագին։

 

Բայց ես վերմակ չունեմ։

Ես քո ամեն գնալուց հետո պառկում եմ սառը սավանին,

Ծածկվում սենյակիս դատարկությամբ

Ու փորձում սավանից որսալ քո դեռ թողած ջերմության վերջին կաթիլները։

 

Բայց ես վերմակ չունեմ։

Ես ամեն առավոտ արթնանում եմ հազով,

Ջերմում եմ մինչև երեկո,

Ու միայն քեզ տեսնելիս եմ ապաքինվում

Որ նորից քո գնալուց հետո ինձ հանձնեմ տենդին ու արթնանամ հազով։

 

Բայց ես վերմակ չունեմ։

Ու բերածդ թելերն էլ անօգուտ են։

Ես դրանցով քեզ համար տաք գուլպաներ եմ գործում,

Որովհետև գիտեմ որ երբ վերջանա մեր ամառը դու գուցե ինձ լքես

Իսկ ցուրտ ձմռանը քեզ հաստատ գուլպա ու բաճկոն պետք կգա

Ու ես սպասում եմ ճիշտ արևածագին,

Այն օրվան երբ կգնաս ու այլևս երբեք չես վերադառնա։

 

Մեր պատմությունը անկանխատեսելի է,

Իսկ տարվա եղանակների հաջորդականությունը՝ անփոփոխ

Ու եթե անգամ ես քեզ ձմռանը այլևս պետք չլինեմ,

Տաք հագուստն անպայման պետք կգա

Տաք բաճկոնը հագիդ կքայլես փողոցներով

Մեր փողոցներով, բայց առանց ինձ

Ու այդպես էլ չես իմանա որ այդքան ժամանակ

Ես վերմակ չունեի։

 

Մի օր

 

Ու կգա մի օր,

Ես քեզ կսպասեմ,

Բայց դու չես գա։

Ու ես կկողպեմ դուռը, կպառկեմ քնելու

Սովորականից շուտ, շատ շուտ

Չեմ դիմավորի արևածագը քեզ հետ,

Չեմ լվանա քո թեյի բաժակը,

Չեմ թողնի մատնահետքերս մաշկիդ խորքերում։

 

Ու կգա մի օր, որ ոտքերդ քեզ ակամայից իմ տուն կբերեն։

Բայց ես այլևս այդտեղ չեմ լինի,

Ծանոթ դռան ետևում կլսվեն անծանոթ ձայներ,

Հին հեռախոսահամարիս զանգերը կկորչեն անհետ,

Ու դու հետ կգնաս շփոթված,

Առանց իմանալու, որ ես էլ հաճախ անցնում եմ այդ նույն տան կողքով

Նայում դռանն ու հիշում քո՝ բացիր, այստեղ եմ։

 

Ու կգա մի օր

Երևի շատ ու շատ տարիներ հետո

Մենք կհանդիպենք հեռու ինչ-որ քաղաքում

Փողոցում քայլելիս, սրճարանում թեյելիս, կամ էլ թանգարանում։

Ու դու չես բարևի, որովհետև կողքիդ դեռ կլինի նա

Ու ես քեզ հպվել չեմ համարձավի,

Որովհետև գուցե կողքիս կլինի մեկ ուրիշը

Ու մենք լուռ կանցնենք

Մի ակնթարթի հայացքում սուզելով քո պատուհանիս մոտ թողած ծաղիկները,

Իմ կեսգիշերին քեզ համար պատրաստած աղցանը,

Առավոտյան քաղաքի հետ արթնացող շներին միասին կերակրելը,

Մեր առաջին համբույրն ու վերջին հանդիպումը։  

Մի պահի նայվածքով մենք կհիշենք ու կմոռանանք անցած լուսաբացեր ու դատարկված շշեր

Մի ակնթարթ օդը կպարուրվի ակացիայի բույրով, որը միայն ես և դու կզգանք։

Այն մութ գիշերվա մոմի լույսի նման, որ հոսում էր շամպայնի պղպջակներից ներս

Մենք կհոսենք ու կանցնենք իրար հիշողություններով

Միայն մի պահ, միայն մի ակնթարթ

Երևի․․․

Երևի կգա մի օր։

 

Ճակատի լուսանկարը Վահան Իշխանյանի
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *