Փշալար

Երբ ուսուցիչը հերթական ձանձրալի դասն էր բացատրում, ես ու ընկերս՝ Աշոտը, դասարանի վերջին նստարանին նստած, ծրագրում էինք կտրել-անցնել Հայաստանի սահմանը փակող փշալարը: Փախուստի ծրագիրը, որ այդպես էլ չիրականացավ, հիշողությանս մեջ ամենաթարմ մնացածներից է: Ծրագրում էինք կատարել մի հանցանք, որ կոչվում էր «ապօրինաբար արտասահման մեկնել», և որի համար քրեական օրենսգիրքը սահմանել էր մեկից երեք տարվա ազատազրկում: Վախն ավելի ուժեղ դուրս եկավ, քան մեր երազանքը: Փշալարը մեզ համար հաղթահարելի էր միայն հարևանների այգիներում, ուր մետաղալարերի վրայով անցնելիս շորներս պատռելով՝ գողանում էինք մրգեր:

Իսկ հազարավոր կիլոմետրեր ձգվող գլխավոր փշալարի մյուս կողմում անհասանելի հրաշալի աշխարհն էր, որտեղից գալիս էին գույնզգույն ծամոններ, որակյալ էլեկտրոնային սարքեր, պոռնոամսագրեր, համեղ շոկոլադներ, նորաձև շորեր: Ամեն անգամ, երբ փշալարի այն կողմից մեկը գալիս էր մեր տուն, ես սպասում էի, թե երբ է գնալու, որ տեսնեմ նրա բերած հրաշալիքները:

Ուսանողական տարիներին մեր հետաքրքրությունների սահմանն ընդլայնվեց, ու փշալարի մյուս կողմից մենք սպասում էինք նաև մեզ համար արգելված գրականության: Լինում էր, որ անորակ պատճենահանված կամ մեքենագրված հակասովետական գրականությունը հայտնվում էր մեր տանը, բայց լինում էր, որ փշալարերը աչալուրջ հսկող ԿԳԲ-ի հայացքից չէին վրիպում ճամպրուկների խորքերում թաքնված գրքերը: Այդպես 1985 թվականին Սիրիայից գրականություն բերելու համար ձերբակալվեց բանասիրականի ուսանող Րաֆֆի Մելքոնը, դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի մեջ և արտաքսվեց փշալարից այն կողմ:

Մենք մեր սովետական տաղտկալի առօրյայի մեջ «աշխարհի բույրը» ստանալու հույս չունեինք՝ մինչև մեզ համար անսպասելի սկսեց փլուզվել հսկան՝ Սովետը, որ անփլուզելի էր թվում: Մենք նայում էինք, թե ինչպես է փլվում Բեռլինի պատը, ու աչքներիս տեսածին չէինք հավատում: Մի՞թե փլվում էին պատերն այն բանտի, որտեղ մենք ծնվել ու ապրում էինք ոչ մեր կամքով: Բայց մեզ այլ ճակատագիր էր վիճակված, մենք պիտի դեռ երկար տանենք սովետական ժառանգության ծանրությունը:

Անկախանալուց անմիջապես հետո Հայաստանը հայտնվեց պատերազմի մեջ՝ փորձելով ճշտել Սովետի ներսում գծված սահմանները, որոնք հայաբնակ Ղարաբաղը մտցրել էին Ադրբեջանի մեջ:

Արագ փոփոխվող իրադարձությունների ոլորապտույտում ես անմիջապես չհասկացա, որ անկախությունը փշալարերից մեզ չի ազատագրել: Սովետի փլուզումից 15 տարի անց Թուրքիայի սահմանի փշալարը մնացել է նույնքան անանցանելի, որքան Սովետի ժամանակ, և դրանք հսկում են նույն սովետական համազգեստով ռուս զինվորները՝ ինչպես նախկինում: Մի կողմից Թուրքիան մեզ պատժում է իր փոքր եղբոր հետ պատերազմի մեջ մտնելո՞ւ, թե՞ պետական մակարդակով ցեղասպանության խնդիրը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները, հանուն թուրքերի ու ադրբեջանցիների հետ թշնամության, անկախությունը զիջել են Ռուսաստանի բանակին, Թուրքիայի հետ հարաբերությունները չեն փորձում կարգավորել ու մեզ վարժեցրել են փշալարերի մեջ ապրելուն:

Իրանի հետ սահմանը թեև անցանելի է, բայց այնտեղ էլ նույն սովետական համազգեստով ռուս սահմանապահները խնամքով պահպանում են փշալարերը, որոնք այդպես էլ չեն վերածվում Բեռլինի պատի բեկորների պես հուշարձանի:

Միայն ադրբեջանական գրավյալ տարածքներում է պատերազմի քաոսն ավերել Իրանի սահմանի փշալարերը: Մի քանի տարի առաջ Զանգելանում, որ հայերը Կովսական են վերանվանել, բախտ եմ ունեցել գետնին տապալված փշալարերի վրայով անցնել ու Արաքսի ափին մի կտոր հաց ուտել:

Պատերա՞զմն էր պատճառը, ժողովրդավարական պետություն կառուցելու անփորձությո՞ւնը, էթիկայի պակա՞սը, թե՞ ազգային իղձն էր փխրուն, որ երկիրը նետվեց աղքատության ու անարդարության մեջ, և արդյունքում նոր փշալարեր սկսեցին գծագրվել:

Աշխարհը մուտք գործեց Հայաստան, սակայն Հայաստանը մուտք չգործեց աշխարհ, ու նրա ճանապարհը արգելափակվեց: Երևանում իմ աչքն առաջինը ծակեցին գերմանական դեսպանատան փշալարերը, որ ասոցիացվեցին սովետական կինոների հիշողությունից մնացած նացիստական համակենտրոնացման ճամբարների հետ: Բայց սա ուղղակի հիշողության խաբկանք էր: Ամերիկյան դեսպանատունն իր փշալարերը քաշեց, իսկ Բաղրամյան պողոտայի շենքի դիմաց բետոնե պատնեշներ բարձրացրեց: Հետո դեսպանատունը տեղափոխվեց նորակառույց շենք, որի փշալարերը երևում են մեքենայի լուսամուտից, հեռու հետիոտնի աչքից: Ու սկսում ես զգալ, որ նոր փշալարերը շրջափակում են ոչ թե դեսպանատների տարածքները, այլ կրկին Հայաստանը, այսինքն՝ քեզ:

Փշալարերով գծվեցին նաև սահմաններն իշխանության ու նրա հպատակների միջև: 2004 թ. ապրիլի 12-ին, երբ ցուցարարները քայլում էին դեպի նախագահական պալատ՝ նախագահի հրաժարականը պահանջելու, Բաղրամյան փողոցը նրանց առջև փակվեց փշալարի գալարներով, իսկ գիշերը փշալարը բացվեց, որ այն կողմից պատժիչ ջոկատները հարձակվեն ու ջարդուփշուր անեն անզեն մարդկանց: Անկախ Հայաստանում սովետական սահմանը հատելու հանցանքին փոխարինեց իշխանության սահմանը հատելու հանցանքը, և բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին՝ իշխանությունը տապալելու կոչեր անելու մեղադրանքով:

«Փշալարին մնաց» թևավոր խոսքը երևի միայն հայերին է հասկանալի, որ նշանակում է «խորտակված անուրջներ»:

Ի տարբերություն սովետական փշալարի, որ մետաղալարի անկանոն հյուսվածք էր, իշխանության ու դեսպանատների քաշածները արդիական են՝ մետաղալարի վրա սիմետրիկ ցցված փշերով:

Այսուհանդերձ, փշալարերը Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներին են վերաբերում: Իշխանություն ունեցողների ու փողատերերի առաջ բաց են բոլոր երկրների դռները, նրանք երբեք մուտքի վիզա ունենալու խնդիր չունեն: Երկու փշալարերն էլ նախատեսված են խոցելու միայն Հայաստանի անպաշտպան քաղաքացիներին, որոնք նոր ու հին փշալարերը եթե ճեղքում են, ապա հաճախ այլևս բացված անցքից հետ չմտնելու նպատակով, քանի որ այդ անցքը միշտ կարող է փակվել: Ուսանողական ընկերս անկախության առաջին տարիներին իրեն նետեց Եվրոպա՝ «աշխարհի բույրը» առնելու, երևի հենց սկզբից ջոկելով, որ փշալարերը մնալու են իրենց տեղում: Թափառումներից հետո մի քանի տարի անց եկավ, այն օրերին, երբ փողոցներում զինվորականները շուրջկալներ էին անում ու տղամարդկանց որսում, ուղարկում ճակատ: Նա սարսափած հետ փախավ ու միայն անցյալ տարի կրկին եկավ Հայաստան՝ արդեն հանգիստ, գրպանում ԱՄՆ քաղաքացու անձնագիրը, որ ձեռք էր բերել ամուսնանալով: Նոր քաղաքացիությամբ աշխարհով մեկ ազատորեն շրջելու և Հայաստանում պաշտպանված լինելու կարգավիճակով հավասարվեց այն մարդկանց, ովքեր փողոցներից ուզում էին բռնել նրան ու ճակատ ուղարկել: Այսպես առաջանում են նոր անջրպետներ՝ մի կողմից իշխանություն ունեցողների ու արևմտյան քաղաքացիների, որոնց առաջ բաց են սահմանները, մյուս կողմից՝ շարքային հայաստանցիների միջև:

Տեղացիներիս համար արտասահման մեկնելու թույլտվությունը մի նվաստացուցիչ ու տաղտկալի պրոցես է, որ համառորեն պիտի հաղթահարես՝ վերջում մերժում ստանալու մեծ հավանականությամբ: Ազգականս սեպտեմբերին Ֆրանսիա մեկնելու համար դեսպանատան պահանջած փաստաթղթերի տրցակը մի շաբաթ հավաքում ու պատրաստում էր՝ սեփականության վկայականից, ամուսնու և երեխաների անձերը հաստատող փաստաթղթերից, ամուսնության վկայականից՝ ֆրանսերեն թարգմանված ու նոտարով հաստատված, մինչև աշխատավարձի տվյալներ: Բայց նրա բախտը բերել էր. նույն դեսպանատունը ընկերներիցս պահանջել էր այդ բոլոր փաստաթղթերի հետ նաև բանկային հաշիվներ, իսկ նրանք չունեին: Ինչ արած, ստիպված պարտքով փող էին վերցրել, բանկում հաշիվ բացել, թուղթ հանել, որ գումար ունեն, հետո փողը հետ հանել ու վերադարձրել պարտատիրոջը, բանկի թուղթն էլ՝ դեսպանատուն: Նրանք երևի «մեղավոր» են, որ իշխանություն չունեն, կաշառքներ չեն վերցրել ու չեն հարստացել, որ իրենց առջև բացվեին Եվրամիության դռները:

Բայց նրանք դեռ կոնֆերանսների ու հանդիպումների մասնակցելու հրավերներ ունեին, որ մուտքի վիզա ստանալու հավանականությունը մեծացնում է: Իսկ ովքեր չունե՞ն: Մի գրախանութում գրքեր էի նայում, մեկ էլ ներս մտավ ֆրանսիական դեսպանատան աշխատակիցն ու վաճառողուհուն ժպտալով հանձնեց Ֆրանսիական օրերի կատալոգ: Հենց դուրս եկավ, վաճառողուհին հետևից ասեց. «Սենց կգաք, բուկլետներ կբերեք, Հայաստա՜ն, Ֆրանսիա՜, բարեկամությո՜ւն, բայց սաղ ընկերուհիներիս մերժեցիք»: «Ո՞նց, սաղի՞ն»,- հարցրի,- «Հա, սաղին, մենակ մեկը փողով գործը դզեց, իրեք հազար դոլարով վիզան դրին, մյուսները, դե, տենց փողեր չունեին»:

Ես պատճառ չունեի նրան չհավատալու, չէ՞ որ վերջերս ամերիկյան դեսպանատան մի պաշտոնյայի դեմ գործ բացվեց, որ կաշառքով մուտքի վիզաներ է դասավորել: Երբ փշալարեր են քաշում դեմդ, միշտ դրանից ազատվելու համար քեզնից փող վերցնող կճարվի:

Ինձ երեք անգամ հաջողվել է ճեղքել նախկին սովետական սահմանը: Ես էլ մի «էլիտայի» մեջ եմ հայտնվել, որ կոչվում է լրագրողություն, և որը հնարավորություն է ընձեռում հայտնվել արտասահման տանող ինչ-որ զարգացման ծրագրի մեջ ու փշալարը հաղթահարել առանց ծակծկվելու: Մեր նախկին եղբայրական սոցիալիստական հանրապետություններ Չեխիա ու Լեհաստան մեկնելիս պրոբլեմներ չառաջացան, ինչ-որ թուղթ լրացրի, անձնագիրս տվի ու վիզան մեջը մի երկու օրից ստացա: 2000 թվին մի ծրագրով մեկնեցի նաև ԱՄՆ: Լավ էր, որ ԱՄՆ զարգացման կառավարական ծրագրով էինք մեկնում, քանի որ դեսպանատան բոլոր փաստաթղթային հարցերը լուծեց հրավիրող կողմը: Բայց մեզ անցկացրին պոլիկլինիկայի բոլոր բաժիններով, որ առողջներին միայն ընտրեն: Մի աղջկա չտարան, քանի որ լեղապարկում քար ուներ: Իմ երիկամների ավազն այնքան չէր, որ թույլ չտային Ամերիկա մտնել: Լրացրեցի մի թերթիկ, որտեղ նշում էի մաշկիս, մազերիս ու, կարծեմ, աչքերիս գույնը և առաջին անգամ արձանագրեցի, որ սպիտակամորթ եմ: ԱՄՆ-ում երրորդ շաբաթվա վերջին արդեն սպասում էի, թե երբ պիտի վերադառնամ, թեև ոչ մեկին չէի կարոտել:

Կուզեի՞ մշտապես ազատվել փշալարերից: Վերջերս արտասահմանից վերադարձած մի ծանոթ հարցրեց՝ չե՞ս ուզում դու էլ ցվրվես, ասի՝ չէ: Ինչո՞ւ: Ուզեցի ճշգրիտ պատասխան գտնել: «Հարմարվել եմ»,- ասում եմ: Փշալարը դարձավ մեր դատապարտվածության խորհրդանիշը, որն այնքան վաղուց է փաթաթված ինձ, որ տարիների ընթացքում մխրճվել է մարմնիս մեջ, ու այլևս չեմ զգում այն: Տասը տարի առաջ դեռ գուցե հնարավոր էր ազատվել այդ կապանքից: Հիմա հասկացա, որ ուշ է, հիմա վախենում եմ հանել, որ փշերը դուրս պրծնելուց հանկարծ չցավեցնեն: Ինչպես Կոբո Աբեի՝ փոսում ազատազրկված հերոսն անընդհատ փորձում է դուրս պրծնել, բայց չի հաջողվում, իսկ տարիներ անց, երբ աստիճան են իջեցնում, նա բարձրանում է, փոսի շուրջը պտտվում ու էլի իջնում:

Աշոտի ու իմ երազանքն այդպես էլ մնաց փշալարին, Աշոտը գնաց Մոսկվա, բայց այդպես էլ փշալարի այն կողմը չտեսած՝ մի քանի տարի առաջ մահացավ: Թաղումից հետո մանկության ընկերներով գնացինք խմելու: Տղերքից մեկի քույրն Ամերիկայում է, ինքն էլ ասաց, որ պատրաստվում է գնալ. «Վահան ջան, ի՞նչ անեմ, տղերքս մեծանում են, հո չե՞մ կարա թողնեմ գնան էս անտեր բանակը1»: Բոլորս գլխով արինք, մյուսների մտքով էլ անցավ փշալարի մյուս կողմում ապրել: Բայց չենք գնա, ուշ է նոր կյանք սկսելու համար, արդեն քառասունն անց ենք: Մի քեֆի ժամանակ մի քաղաքական գործիչ գովում էր ազգը, ասում, որ քաջ ենք, ասում էր, որ երկրից գնացողներն էլ ուժեղ ու քաջ մարդիկ են, քանի որ խիզախություն ունեն ամեն ինչ թողնել ու նոր կյանք սկսել: Դե, ես էլ ավելացնեմ, որ երևի մյուս քաջերն էլ իշխանության մեջ մտածներն են: Իսկ մենք վախկոտների ու թույլերի մեջ մնացինք: Հայրենիքն այնքան ինձ չի պատկանում, որ սիրեմ, և այնքան խիզախություն չունեմ, որ լքեմ:

2006
www.armenianow.com

Իմ ուրիշ Բանաձևը

Օրը նենց ա անցնում, ոնց որ չի էղե:
Մհեր Ազատյան

Լույսը բացվում ա, չգիտեմ ինչ անեմ:
Մհեր Ազատյան

Քնես, թե չքնես: Կեսգիշերն անց կոպերդ իջնում են, մի վերջին անգամ պուլտի կոճակներն ես սեղմում, մի հետաքրքիր հաղորդում կամ ֆիլմ փնտրում, նոր սկսվող լինի՝ ավելի լավ, որ ընկնի` կնայես մինչև վերջ: Որ չլինի, կոպերիդ ազատություն կտաս ու կփռվես: Չես ուզում, չես ուզում քնես, որ հետաձգես առավոտյան արթնանալդ, ճնշվելդ՝ նոր օրվա տհաճության ծանրության տակ, անցած կյանքդ ափսոսալու ու պարտադրված օրը դեռ չսկսված՝ իմացած, որ մեռելածին է անցած օրվա պես: Գիշերային ֆիլմը իր երկու ժամով քեզ կկարդա գիշերային հեքիաթը, 43 տարիներդ ոչինչ չեն փոխել, էլի կարիքն ունես հեքիաթի, ինչպես մանկության ժամանակ` մորդ կարդացած հեքիաթի: Փնտրում ես հեքիաթը, այն, որ կխաբի քեզ ուրիշ աշխարհով, այն աշխարհով, ուր ընտրությունը կարող է քոնը լինի: Ու 43 տարեկանում էլ հասկանում ես, որ մնացել ես մամայի բալա, ոչինչ չես ընտրել, քո ընտրությունը կյանքում չես ունեցել, քո փոխարեն ընտրել են ծնողներդ, հարազատներդ, հայաթը, մարմինդ իր մեջ առած փշալարերը, ԿԳԲ-ն, Կոմկուսը, հետո` ՀՀՇ-ն, հետո` Հանրապետականը, հայրենիքը, Ղարաբաղը: Ու չուժոյ ընտրությամբ սարքված օրերդ՝ պարտադրված ու մեռելածին: Կյանքը քեզ մի ընտրություն է թողել՝ ընտրություն ունենալու վախը:

«Երկիր մեդիայի» վրա կանգնում ես. քննարկում անգլերեն, հետևից հայերեն թարգմանություն, ուղիղ եթեր, կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 106-րդ բանաձև, 1915 թվականը որակել ցեղասպանություն: Հեռուստացույցը չի անջատվում, կոպերդ ճիգով հետ են գնում: Թուրքիայի հետ հարաբերությունները չսրե՞լ, թե՞ ընդունել որ 15 թվին ցեղասպանություն է եղել: Ամենատպավորիչն էր, երբ կոնգրեսական մի կին ցույց տվեց ցեղասպանությունից փրկված 107 ու 101 տարեկան կանանց լուսանկարներն ու ասեց, որ նրանք սպասում են՝ իրենց երկիրը ճանաչի ոճիրը: Լուսանկարներով պատմությունը վերածվեց ներկայի: Պուլտը գտել է փնտրածդ ֆի՞լմը: Իրո՞ք: Հոլիվուդյան ֆիլմ, մի այլ «Տիտանիկ», ծեր կնոջ հիշողությունները, ջարդ, գաղթ, Ամերիկա, երեխաներ, բայց անընդհատ տանջող հիշողությունը, ազգականների մահը, դաժանություններ, որ այդպես էլ չդատապարտվեցին: Ու հայրենիքից հեռանալուց 92 տարի հետո, հեռուստացույցին գամված, տեսնում է՝ իր երկիրը ճանաչում է ցեղասպանությունը, ընդունում է, որ ինքն անմեղ զոհ է, ու մինչ մահը կհասնի՝ տեսնում է, որ դահիճը մեղավոր է ճանաչվում: Ուշ է հասել արդարադատությունը, մահվան եզրին, բայց քանի ապրում ես՝ սփոփանք է կոպերը հավիտենական փակելուց առաջ, գիտես, որ սերունդներիդ թողնում ես արդար աշխարհ, որ կերտել են նաև հայրենակիցներդ իրենց տասնամյակների պայքարով: Ֆիլմը չկա, ֆիլմին փոխարինած կոնգրեսը, 106-ը ու 107 տարեկան կինը: Քունս ցրելու համար ստեղծեցի ֆիլմը ու տպավորության ազդեցությունը, ես հասկացա, որ ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է այս երկու կանանց: Ու ես ուզում եմ, որ ճանաչվի, նրանք տոնեն իրենց անմեղությունն ու դահճի դատապարտվելը, ֆիլմի ֆինալում արդարությունը հաղթի: Եվ սևամորթ կոնգրեսականի ելույթը՝ պետք է դատապարտվի նաև սԵևերի ստրկությունն ու հնդկացիների ջարդը: 107 տարեկան կնոջ բաղձանքը դուռ է բացում այլ ոճիրների ճանաչման առաջ:

Իսկ ինձ ու իմպեսների համար ինչո՞ւ է պատմությունը մնում պատմություն, ներկա չի դառնում, ի՞նչ է տալիս մեզ 90 տարի առաջ կատարված ոճրի՝ ցեղասպանություն որակումը, չէ՞ որ ես էլ ցեղասպանությունից փրկվածների սերունդ եմ: Եվ ինչո՞ւ իմ հիշողության մեջ ցեղասպանության զոհի զգացողությունը չի արթնանում, իմ «15 թիվ» ֆիլմը չեմ կարողանում պտտեցնել, երբ իմ սերնդակից սփյուռքահայերը նվիրվել են ցեղասպանության ճանաչմանը:

Ամերիկահայ ազգագրագետ Հրակ Վարժապետյանը, որ սփյուռքահայերի ու հայաստանցիների ինքնությունների համեմատական ուսումնասիրություն էր անում, հայտնաբերել էր, որ սփյուռքահայերը միայն 15 թվին են եղեռն կամ ցեղասպանություն անվանում, իսկ հայաստանցիները՝ տարբեր ողբերգությունների ու փորձանքների:

Սովետի ժամանակ ցեղասպանություն բառը չկար, եղեռն, Մեծ եղեռն:

Ու իսկապես, դեռ Սովետի ժամանակ ազգային մտավորականությունը եղեռն էր անվանում ստալինյան բռնությունները, էկոլոգիական ապականությունը, ապա ռուսացումը՝ սպիտակ եղեռն: Սովետը քանդվեց, եղեռնը դարձավ ցեղասպանություն, բայց մի բառը փոխարինեց մյուսին միայն, եղեռնի տեղ շարունակվում են ցեղասպանությունները: Մարդիկ ցեղասպանություն էին ասում 90-ականների էներգետիկ ճգնաժամը, մութ ու ցուրտ տարիները, զանգվածային արտագաղթը ու վերջին ցեղասպանությունը՝ պետական կարիքների անվան տակ բիզնեսի համար կենտրոնի բնակիչների վտարումը իրենց տներից:

Վարժապետյանը 4 տարի առաջ ուսումնասիրությունն ավարտեց ու գնաց Երևանից, ու չգիտեմ՝ ինչ եզրակացության է եկել, ինչո՞ւ են հայաստանցիները այդքան մանրում ցեղասպանություն բառը: Ես մի պատճառ գտել եմ:

Սփյուռքահայերը վատ չեն ապրել, մանավանդ արևմուտքում մեծացածները, ապահով ու բարեկեցիկ, և նրանց ուշադրությունը չի շեղվել 15 թվից, նրանց հիշողության մեջ ցեղասպանությունը մթագնող ողբերգություններ չեն եղել: Վաղուց, 70-ականների վերջերին, մեր տանը մի ֆրանսահայ հյուր էր, ու խոսակցություն էր գնում Սովետի ճնշումների ու ԿԳԲ-ի մասին: Սփյուռքահայը ասեց՝ «մեզ մոտ էլ կա այդպիսի բան»: «Ո՞րն է»,- հարցրեց հերս: «Դոսիե բյուրոն»: «Ի՞նչ է դա, մարդկանց ձերբակալում, աքսորում կամ գնդակահարո՞ւմ է»,- վերջում էլ մատը ատրճանակի պես նրա վրա պարզեց. «քը՛խ, քը՛խ, այսպես անո՞ւմ է»: «Օ՜, ոչ, ոչ»,- սարսափած ասեց սփյուռքահայը:

Սփյուռքահայ իմ բարեկամներն ասում են, որ փոքրուց տանը լսել են 15 թվի պատմությունները: 15 թիվը հեռանում է, բայց պատմությունները չեն մոռացվում: Ուրիշ աղետ չկա:

Ֆրանսահայ գրող Դենի Դոնիկյանը մի էսսեում գրում է. «Բռնի և անդառնալիորեն իրենց մանկությունից զրկված, կանաչապատ դրախտից վտարված ծնողների զավակն եմ, այն դրախտից, որ նրանք ավելացրին իրենց իսկ երեխաների մանկությանը կամ նրանց մանկությունը փոխարինեցին դրանով: Ծնողներս ինձ զրկեցին իմ սեփական մանկությունից՝ ի լրումն իրենց մանկության, որն ավելի հրաշալի էր եղել, քան իմը, այնքան հրաշալի, որ բռնությամբ ու անվերադարձ կերպով կորստյան մատնվեց: Մայրս պարծանքով էր պատմում Մալաթիայի ծիրանների մասին՝ այնպիսի շարժում գործելով, ասես պահել էր դրանցից մեկը ձեռքում, խոշոր մի ծիրան: Վերապրողների զավակի համար այդ շարժումը բացում էր եդեմային պատկերներ: Եդեմ, եդեմ…գ Այն Եդեմը, որտեղից վտարում են ձեզ, հալածելու է ձեզ ողջ կյանքում, կյանքն է ձեր ու բոլոր սերունդների, որոնք ձեզնից են ծնունդ առնելու»:

Իմ կյանքն ուրիշ է եղել, ես ուրիշ պատմություններ եմ լսել, ես փոքրուց լսել եմ 37 թվի մղձավանջները, իմ պապերի ու տատի, բարեկամների գնդակահարության պատմությունները, պատերազմական տարիների սովն ու աղքատությունը, հետո արդեն զգացել բրեժնևյան ԿԳԲ-ի հետապնդումները թիկունքիս: Միայն վերջերս մորս հարցնում եմ՝ մանկության տարիներին տանը ինչ էին խոսում, ու նա պատմեց, որ իր մայրը պատմում էր ջարդերից: Ավելի շատ պատմում էր իրենց հետ ապրող մոր համագյուղացին, մոր առաջին ամուսնու եղբոր կինը, ամուսնուն էլ եղբորն էլ, թուրքերը սպանել էին: Մամաս նրան տատիկ է ասել, ու սիրելի տատիկը իրենց երկրի երգերն էր երգում ու շատ էր պատմում՝ ոնց են ճողոպրել թուրքերից, նկարագրում էր Մուրադ գետը՝ արյան մեջ կարմրած, դիակներ վրան:

***
Ես երկու տարի առաջ գրել էի Լիլիայի մասին, որ մահացավ, երբ մի օր եկավ ու տունը հայտնաբերեց ավերակ, իրերը հանված, աստիճանը փլված: Նա այն հարյուրավոր մարդկանցից էր, որ չէր համաձայնվել սեփականությունը վաճառել շուկայականից երեք-չորս անգամ ցածր, պետության կողմից պարտադրվող գնով, ու դատական ակտերի հարկադիր կատարողները նրան վտարել էին, իրերը տարել, բանվորներն էլ՝ քանդել մուտքը: Նրա քույրը՝ Այլիտան, պատմում էր, թե ինչպես 49 թվին իրենց ընտանիքը աքսորել են, երկու տարի անց վերադարձել են, ու հայրն արգելել է տանը խոսել աքսորի մասին, որ երեխաները զոհի բարդույթով չմեծանան. «Ծնողներս ուզում էին, որ մաքուր թղթից սկսվի կյանքը, որ երեխաներն իրենց ճնշված չզգան: Մենք ջնջեցինք անցյալն ու սկսեցինք նորից: Ես էդ փաստը իմ երեխայից էլ եմ թաքցրել, ես ուզել եմ, որ իմ էրեխեն խոցված չմեծանա էս երկրում: Ես ուզում էի, որ ինքը լինի իր երկրի լիարժեք քաղաքացին, էն երկրի, որտեղ ինքը ապրում է: Չէի ուզում, որ Սովետը նրա թշնամին լինի, որովհետև ինքը ըստեղ ապրելու էր,- ասում էր Այլիտան,- անտեսելով ամեն տեսակ ռեպրեսիա՝ մենք բարձրացանք, իրար օգնելով՝ մեր ընտանիքը ոտքի կանգնեց»: Սակայն այս անգամ էլ նրանց տապալեց Հայաստանի պետությունը: Այլիտայի հայրը ծնվել էր Վանում, գաղթական էր եղել: Բայց ի՞նչ է 15 թիվը Այլիտայի համար:

Այլիտայի պատմածից հետո ես մտածեցի՝ ինչ լավ կլիներ, որ մերոնք էլ թաքցնեին ինձնից 37 թիվը ու կյանքս չթունավորեին ճշմարտությամբ, ես էլ Սովետը թշնամի չհամարեի ու կարիերայի հեռանկար տեսնեի: Բայց իմ ծնողներինը 2 տարվա աքսոր չէր, մամայիս հորը գնդակահարել էին, երբ ինքը 6 ամսական էր եղել , իսկ մորը՝ երբ 10 տարեկան էր: Ի՞նչ ուժ պիտի գտներ, որ թաքցներ իր երեխաներից: Մամաս ասում է, որ մինչԵվ 80-ականներ երազում էր, որ մայրը, հնարավոր է, չի գնդակահարվել, հավանաբար սիբիրյան աքսորում է, գուցե ամուսնացել է, երեխաներ ունի: Եվ սպասել է, որ մի օր իր քույրերն ու եղբայրները իրեն կգտնեն: Եվ միայն անցյալ տարի մորս երազները փլվեցին, երբ ես ԱԱԾ-ից ստացա փաստաթուղթ, որ տատիս՝ Վարդանուշ Անդրեասյանին, գնդակահարել են եռյակի որոշմամբ: Դոնիկյանի պես, իմ ծնողների կյանքն էլ հալածելու էր ինձ ամբողջ կյանքս, բայց՝ առանց դրախտի խոստման:

***
106 բանաձևի ընդունման վերաբերյալ իրարամերժ կարծիքներ էի լսում. մեկն ասում է, որ սա ԱՄՆ-ի ճնշումն է Թուրքիայի վրա, մjուսը՝ դեմոկրատների պայքարն է հանրապետականների դեմ, ու բազմաթիվ կարծիքների մեջ չէի լսում հիմնավորված տեսակետ, թե ինչ է տալիս հայերին 106-ը: Մի մոսկվացի քաղաքագետ ասաց՝ միակ դրական կողմն այն է, որ Թուրքիայի հասարակությունը ևս մեկ անգամ կանդրադառնա իր պատմությանը, ինչպես ամեն ճանաչումից հետո: Իհարկե սա ինձ ուրախացնում է, որ Թուրքիայում կշատանան իրենց պատմությամբ հետաքրքրվողները և ավելի հանդուրժող կդառնան Հայաստանի նկատմամբ:

Ֆրանսահայ գրող Գրիգոր Պլտյանն ասում է, որ բուն խնդիրը ճանաչումից հետո է սկսվում. «Հարցը հիմա է սկսվում, ես երբեք պատրաստ չեմ մեծ հորս ու մորս ունեցվածքը, որ խլված են՝ տներ, հողեր, կալվածքներ, խանութներ, թողնեմ թուրքերին, հասկանո՞ւմ ես, ինչո՞ւ պիտի թողնեմ»:

Ու սկսվում է ինքնությունների տարբերությունը: Ես չգիտեմ՝ ի՞նչը, ումի՞ց պիտի ուզեմ իմ պապի, հորս հոր, 37-ին գնդակահարված Ավետիս Կիրակոսյանի ունեցվածքը, որ ԿԳԲ-ն կոնֆիսկացրել է, ստրադիվարիուս ջութակը, ըսկի չգիտեմ՝ Թբիլիսիում տուն ունեցե՞լ է, ու ընդհանրապես, մյուս պապս ու տատս ի՞նչ ունեցվածք են ունեցել Գյումրիում: Տատս մամայիս հետ ապրել են մի տան մեջ, ուր հիմա մանկական գրադարան է: Ուզե՞մ շենքը: Ո՞վ կտա: Ի՞նչ փոխհատուցում պահանջեմ և ումի՞ց: Ես չունեմ սփյուռքահայ հարուստների պես համախոհներ, որ լոբբինգ անեն ու կոնգրեսում իմ ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնեն:

Գրադարանի պատին մի քանի տարի առաջ փակցրեցին «Այս տանը ապրել է Վահան Չերազը», Գյումրիի մի փողոց ու մարզադպրոցն էլ պապիս անունով կոչեցին: Մամաս երջանկացել էր: Հետո մի անգամ Գյումրիում պտտվում էի, նայեցի տեսնեմ՝ ո՞ր փողոցում եմ՝ պատին՝ Վահան Չերազ, հպարտ զգացի, փոխհատուցում է էլի: Վերջ, իմ պահանջատիրությունն ավարտված է: Իսկ Թուրքիայում թողած նրանց ունեցվածքի հիշողությո՞ւնը. վերացել է սովետական բռնություններում:

Իսկ Իրինա Եդիգարյանը ինչպե՞ս պահանջի իր պապական սեփականությունը, որ խլեցին նրանից ոչ թե 90 տարի առաջ, այլ վերջերս, 21-րդ դարում, երեք տարի առաջ: Նրա հոր պապն էր կառուցել 1875 թվին Պուշկինի 34 հասցեի տունը, որ համարվում էր պատմամշակութային հուշարձան: Իրինայի պապուն՝ Հակոբ Եդիգարյանին, որպես դաշնակ գնդակահարում են 37 թվին, մի քանի ամսից տատն է մեռնում վշտից: Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Իրինայի տատի սեփականությունն է տունն ու հողամասը: Բայց նրանք Սովետից հետո կարողացել էին սեփականաշնորհել միայն տան երկու սենյակը, որի դիմաց քաղաքապետարանը պարտադրում էր վերցնել ընդամենը 12800 դոլար: Եդիգարյանները չեն համաձայնվում, և հարկադիր կատարողները վտարում են նրանց, վտարում են նաև քաղցկեղով հիվանդ քրոջը՝ Նորային՝ պատգարակի վրա: Հաջորդ օրը Նորան մահանում է: Հիմա ինչ-որ շրջանում դաշնակցական կոմիտեություն կա Իրինայի պապի՝ Հակոբի անվան: Նա իր ողբերգության մեջ հպարտությամբ ասում է դա: Բայց դա նրան ինչքա՞ն կսփոփի:

Ի՞նչ կլիներ, եթե կոնգրեսում բարձրացվեր Նորայի ու Լիլիայի ցեղասպանության, մյուս վտարվածների հարցը: Շատ ավելի քիչ գումար ծախսելով, շատ ավելի մարդկանց տուն ունենալու իրավունքերը չէ՞ին պաշտպանվի: Իսկ մի քիչ էլ այն կողմ, 37-ը՞:

Նկարիչ ծանոթս պատմում էր, որ Փարիզից մի պատմաբան իրեն համոզում էր, որ պետք է Թուրքիայից հողերը վերցնել. «Ասի, այ ախպեր ջան, խնդրում եմ մեզ հանգիստ թող, Թուրքիայի հետ մեզ մի թշնամացրու, նրանց տանկերը Փարիզ չեն հասնի, Երևան կմտնեն: Ես էսօր միայն մի հող եմ ուզում հետ բերել՝ մորս տան հետևի հողը, որ մի պատգամավոր խլել է ու վրան խորովածանոց է սարքում»:

2007

Առանց ընտրության

«Բոլորովին մի կասկածեք, անձնական թղթապանակներ են կազմված բոլոր քաղաքական գործիչների, պատգամավորների, տնտեսվարող սուբյեկտների, մեծ ու փոքր գործարարների, դասախոսների, բժիշկների, մտավորականների վերաբերյալ»,- բացահայտումը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից է, մի կտորը, հոկտեմբերի 26-ի հանրահավաքին: Այստեղ հայտարարեց, որ կրկին դնում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Ու նաև. «Նրանց (իշխանության) գործունեության գլխավոր մեթոդը բոլոր ակտիվ քաղաքացիների, այդ թվում՝ այս հրապարակում կանգնածներից շատերի վերաբերյալ, այսպես կոչված, կոմպրոմատներ հավաքելն ու հատուկ թղթապանակներ (դոսիեներ) կազմելն է»: Ես հրապարակում կանգնածներից չէի և կարդացի ելույթը թերթում, բայց ասածն ինձ էլ էր վերաբերում: Իմ դեմ էլ ինչ-որ թղթապանակ կլինի, բայց ոչ թե հիմա կազմված, այլ շատ ավելի վաղ՝ Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:

1997 թվին ես ու երկու ընկերներս ստեղծեցինք մի հասարակական կազմակերպություն ու տվեցինք գրանցման: Ընդօրինակել էինք արդեն գրանցված կազմակերպության կանոնադրությունը, որ գրանցման ժամանակ դժվարություններ չառաջանան, սակայն Արդարադատության նախարարությունը երեք անգամ մերժեց գրանցումը, ամեն անգամ՝ առավել անհեթեթ պատճառաբանությամբ: Մերժման թղթերը հիմա էլ արխիվումս են, նայում եմ ու՝ ինչ հիմարություն, ամեն հաջորդ անգամ ինչ-որ «սխալ» է գտել, որ նախորդ մերժման մեջ չէր «նկատել»: Վերջին անգամ գնացի Ավետիս Բաբաջանյանի հետ: Պաշտոնյան մեզ սիրալիր ընդունեց, մենք նրան անկեղծության մղեցինք, ընկերական խոսք բացինք, ու մեր հարցերին անկեղծ, բայց նեղվելով պատասխանում էր, չէր ջոկում, որ ասածները տպվելու են: Ասում էր՝ մեր թղթերը նորմալ են, սխալներ չկան, ինքը և նախարարությունը որևէ կապ չունեն մերժման հետ, որ իրենց այլ հիմնարկից է կարգադրված մերժել: Այլ հիմնարկը ԱԱԾ-ն (ԿԳԲ) էր: Դոսիես խանգարել էր: Էն ժամանակ գրանցման ներկայացված կազմակերպությունների գործերը ուղարկվում էին ԱԱԾ, որ որոշեր՝ գրանցեն, թե չէ: Ավետը ձայնագրել էր խոսակցությունը ու նյութ տպեց «Առավոտում»: Պաշտոնյային հեռացրեցին աշխատանքից:

Ընկերներս առանց ինձ նույն կանոնադրությամբ մի ուրիշ կազմակերպություն գրանցեցին, մինչև հիմա կազմակերպությունը գործում է, զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Հանուն ժողովրդավարության ինձ հետ նրանց համագործակցությունը չստացվեց: Ես դուրս մնացի կազմակերպություն ստեղծելու իրավունքից: Իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվեց, ԱԱԾ էլ չէին ուղարկում գործերը ու հեշտությամբ գրանցում էին: Ես էլ 2001 թվականին կարողացա ուրիշ ընկերների հետ կազմակերպություն գրանցել:

Իսկ էն ժամանակ ես անցանկալի անձ էի, իմ «դոսիեն» իշխանությանը վստահություն չէր ներշնչում, իմ առաջ փակ էին հասարակական կազմակերպություն ստեղծելու դռները, էլ ուր մնաց՝ բիզնեսով ուզեի զբաղվել: Իշխանությունը երկիրը բաժանել էր սվոյների, որոնց ամեն ինչ կարելի էր, ու թշնամիների: Ես թշնամիների մեջ էի հայտնվել: Խի՞:

Կյանքս էնպես էր դասավորվել, որ 94-ից հա ընդդիմադիր թերթերում էի աշխատում: էն ժամանակվա ամենաընդդիմադիր գործիչներից մեկը քրոջս ամուսինն էր՝ Վազգեն Մանուկյանը: Ինձ էլ համարում էին նրա մարդը, ու տենց չէի կարա ուրիշ մամուլում աշխատեի: Վաբշե ժուռնալիստը չէր դզում, կուզեի ուրիշ գործով զբաղվեմ: Բայց ուրիշ գործ տենց էլ չէր լինում, ու մեկ էլ մի թերթից կանչում էին, դե փող էր պետք, պիտի աշխատեիր:

Քյասար՝ 96-98-ին աշխատում էի ամենաընդդիմադիր կուսակցության՝ ԱԺՄ-ի պաշտոնաթերթ «Այժմ»-ում: Գրում էինք խիստ հակաիշխանական նյութեր: Էն ժամանակ ընդդիմադիր թերթում աշխատելը վտանգավոր էր, իշխանության մարդիկ ինչ-որ մի իրենց չդզող նյութի պատճառով հաճախ էին լրագրողներին ծեծում: «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրություն էին ներխուժել ու ավերել ամեն ինչ, կարծեմ մեկին էլ ծեծել էին: էդ ե՞րբ էր, չեմ հիշում:

Լևոնի վերադարձը ստիպում է հիշողությունս փորփրեմ: Ո՞նց: Բացում եմ թերթերի արխիվս, զիբիլը պիտի մի օր թափեի, բայց՝ չէ, պարզվեց՝ զիբիլ չի, պարզվեց՝ գալիս ա մի օր՝ ներկան ստիպում ա բացես անցյալը: Ու «Շրջան» թերթը, էս էլ՝ «Գոլոսի» հետ կապված ուրիշ պատմություն: 95 թվի մայիսի 12, առաջին էջին վերնագիրը՝ «Գոլոս Արմենիի» տպագրությունը արգելվեց», հետո՝ «Խմբագրի տեղակալ Նարեկ Մեսրոպյանը հայտարարեց, որ թերթի տպագրումը արգելել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ պատճառը «Գոլոս Արմենիի» համարձակ հրապարակումներն էին: Որպես օրինակ Մեսրոպյանը ասաց, որ ժամանակին հրապարակել է նյութ, ըստ որի պետնախարար Վազգեն Սարգսյանը գրպանել է 1,5 միլիոն դոլար, և դատախազությունը այդ գործով չի զբաղվել, փոխարենը սկսվել են բռնություններ «Գոլոսի» աշխատակիցների դեմ և թերթի լույսընծայման արգելքներ»: Երրորդ էջում Նարեկի հոդվածն է՝ «Ահաբեկչությունն անցնում է սահմանը», գրում է, որ խմբագրությունը վտարում են «Պարբերական» հրատարակչության շենքից, հետո, արժի մեջբերել. «Գոռոզանալով լիբերալ դեմոկրատականության ցուցանակը սեփական ճակատին մեխելու կասկածելի փաստով, նոր իշխանությունը, իր բազմաբնույթ գործողությունների մեջ մնում է անդեմ»: Հոդվածի վերջում՝ «p.s. այս հոդվածը պիտի տպագրվեր մեր թերթի մայիսի 11-ի համարում, որը հայտնի պատճառներով լույս չտեսավ»:

«Շրջանն» էլ էին ուզում վերացնեն, 94-ին հրդեհեցին, հրշեջների եզրակացությամբ՝ դրսից էին կրակը գցել, երկհարկանի տան մեջ էր խմբագրությունը, հեշտ էր վնասելը: Իսկ 95-ին Վազգենով, Վանոյով խմբագրության աշխատակազմը ցրիվ տվին, եսիմ ինչ մուտիլովկեքով բոլորը գործից դուս եկան: Բայց թերթը չվերացավ, ինձ դրին խմբագիր, աշխատող չունեի, գնացի Միքայել Դանիելյանի տուն: Դուռը կինը բացեց, Միկան քնած էր, արթնացրի, կաշխատե՞ս «Շրջանում»: Առաջի մեր համարը համարյա ծերից ծեր էրկուսով գրինք:

Նարեկ Մեսրոպյանը մի անգամ գրել էր, որ ընկերն ասել է, թե մի օր իրեն մութ պադեզդում գլխին տալու սպանելու են: Դե չխփեցին, նա մեռավ 7-8 տարի առաջ: Շվեդական մի հետազոտություն կար, որ Շվեդիայում ամենակարճը լրագրողներն են ապրում, ստրեսները շատ են: Նարեկինը որ շվեդական լրագրողի ստրես լիներ, հիմա մեռած կլինե՞ր: Դժվար:

Մեր տան մուտքն էլ էր մութ, ու ամեն անգամ գիշերը մտնելիս տագնապ կար մեջս, թե հեսա գլխիս կխփեն: Չխփեցին, բայց հետախուզման մեջ ընկա:

96 թվականի սեպտեմբերի 22-ի ընտրությունների արդյունքների կեղծիքների դեմ բողոքի ալիք բարձրացավ, երեք օր քաղաքը ցույցերի մեջ: Նախագահ էր հռչակվել Տեր-Պետրոսյանը, իսկ միացյալ ընդդիմությունը՝ դաշնակ, ԱԻՄ, ՍԻՄ, ԱԺՄ, պնդում էին, որ ընտրվել է Վազգեն Մանուկյանը, ու պահանջում էին բացել քվեարկված փաթեթները: Այդպես էլ չբացեցին: Բողոքը ճնշվեց 26-ին: Մեր թերթը և ՍԻՄ-ի «Իրավունքը» մի թե երկու շաբաթ չտպվեցին, իրավապահները ավերել ու փակել էին երկու խմբագրություններն էլ, երկուսն էլ կուսակցությունների գրասենյակներում էին:

Ալիքի բարձրակետը 25-ն էր: Որոշվեց ներխուժել ԱԺ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ-ում էր: Վազգենը մտավ ներս բանակցությունների, ասեց իր պատմական խոսքը՝ կես ժամից չեկա, եկեք իմ հետևից: Կես ժամից էլ ավել անցավ, էն ժամանակ սոտվի լիներ, ներսից կզանգեր մի բան կասեր, բայց լուր չկար: Սկսեցին ցնցել ճաղերը: Հաստ ու երկար, կկոտրվե՞ն արդյոք: Երկու մարդաբոյ ճաղեր, ցնցումը տարուբերում էր, ի վերջո ջարդեցին, ու ամբոխը ներխուժեց: Հետո կային ասողներ, թե՝ սադրանք էր, իրիկունը հատուկ ճաղերը սղոցել են, որ մարդիկ լցվեն ներս, ու ցույցերը ճնշելու պովդ լինի: Ի՞նչ սղոցել, ես տենց թափ չէի տեսել, Չարենցը լիներ տեսներ՝ ամբոխը էլ ինչ կարա անի: Ես էլ մտա ներս, բարձրացա ուղիղ ԿԸՀ: Ինձ տեսան, ասին՝ թող ինքը գա, ճանաչում էին, մտա, Վազգենը տեսավ, զարմացավ: Բայց շատերի հիմնական թիրախը իշխանություններն էին, մարդիկ գտել էին ԱԺ նախագահին ու փոխնախագահին ու արյունլվա արել: Հետո հեռուստատեսությամբ տեսա՝ Արա Սահակյանը ծեծված ասում էր՝ ինձ ստիպում էին գոռալ՝ Վազգեն, նախագահ:

Հանկարծ լսվեցին կրակոցներ: Ժողովուրդը նոսրացավ, շուրջս էլ ցուցարար չկար: Ասի՝ դուրս գամ, մտա ԱԺ կենտրոնական շենք, ոստիկաններ էին լցված: Ի՞նչ էր եղել, որ ոստիկանները ոտի վրա էին, մի տասնհինգ րոպե առաջ ոստիկաններին քացու տակ էին գցել: Ներսը մի ոստիկան հարցրեց՝ դու ո՞վ ես: Հանեցի լրագրողի փաստաթուղթը՝ լրագրող, դուբինկեն իջեցրեց գլխիս, բայց ես տակից պլստացի ու արագ փախա: Բաղրամյանում ջրցան մեքենաները արդեն ջրել էին ժողովրդին, ԱԺ-ի դիմացը մաքրել էին, մարդիկ վազում էին օպերա: Ծանոթ մենակ Արաքսին տեսա՝ կաղալով ու ջրված վազում էր ներքև, ուդա՞ռ էր կերել: Արաքսը նկարչուհի էր, ժամանակակից արվեստագետ, նրա հայտնի կտավն էր` Մասիսների տակ պոռնո կոմիքսի կադրեր, կախել էին Ամերիկյան համալսարանում, աղմուկ հանեց: Ինչ խայտառակություն: Հայ ժամանակակից արվեստում միակ աղմուկ հանած գործը, մյուսն էլ երևի Մհերինն էր` քաքով արված կտավը: Արաքսի կողքին քանդվում էր ուրիշ արվեստագետների նորարարի ու ըմբոստի պոզան, ավելի բացահայտ դառնում, որ անունը ավանգարդ, թե ժամանակակից շատ գործեր արևմուտքի մասին իմացածին նմանվելն է: Չհանդուրժեցի՞ն: Չգիտեմ, բայց տղամարդկային համերաշխությունը դուրս նետեց Արաքսին իր պրոյեկտներից, ինչպես ինքն էր գրում իր գործերում` արաքսեց:

Խի՞ էր Արաքսը դուրս եկել 96-ին: Իմ ճանաչած ոչ մի ժամանակակից արվեստագետ կամ ավանգարդիստ դեմ չէր ռեժիմին: Արաքսի բողոքի տակ թաքնվա՞ծ էր իր կոլեգաների դեմ բողոքը, նրանց իշխանության դեմ: Նրանց դեմ հո ցույց չէ՞ր անի: Թե՞ նա Լևոնի դեմ էր դուրս եկել, որտև արվեստագետ կոլեգաները լևոնական էին: Հիմա էլ, էս տարի Արվեստի ազգային քննադատների տպած «Հանրային ոլորտ» գրքում մի արվեստաբան գրում է. «Հանրապետության առաջին նախագահը փորձում էր քարոզել մարդու իրավունքների ու ժողովրդավարության առավել համամարդկային արժեքներ: Լևոն Տեր-Պետրոսյանին է պատկանում «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» արտահայտությունը»: Մի բան էլ է կարծեմ պատկանում Լևոնին` «պատմությունը կեղծ կատեգորիա է», ու էս «Հանրային ոլորտը» քեզ ապացույց:

Արաքսը հավատացյալ դառավ, ամուսնացավ, մի իրեք տարի առաջ Գյումրիում տեսա, ասեց` աղոթում է իր հին ընկերների համար:

Ես գիշերը խոհեմաբար տանը չքնեցի, բայց հաջորդ օրը հիմարաբար իջա քաղաք Վարդուշիկի հետ: Տանկեր ու փողոցները շղթայած զինվորներ: Գրողների միության մոտ Շագային տեսա՝ հո չե՞ս գժվել, արա, ո՞ւր ես էկել, քեզ են ման գալի, փախի: Շագան հիմա Փարիզում է ապրում, զանգել հարցնում էր՝ էդ հնարավո՞ր ա, որ Լևոնը էլի նախագահ դառնա:

Գրող ընկերներիս՝ Աշոտին, Ֆերեշեթին ու էլի մի քանի հոգու, Գրողների տան մոտից էին տարել: Թե իրանց խի էին բռնել, քաղաքականության հետ կապ չունեին: Աշոտը չորս տարի Մոսկվայում է, նոյեմբերին էկել էր, գնացինք «Կովկաս» ռեստորան, երևում էր՝ էնքան էլ վատ չի գործերը, հաշիվը բերին` 12 հազար դրամ, էս կարո՞ղ ա ստեղ զեղչեր են՝ ասեց: Հանեց հարյուր դոլարանոց, դրեց պապկեն, Վիոլետը խառնվեց, դոլարի կուրսը առանց էն էլ իջել էր 290-ի, ստեղ կուրսը քանիսո՞վ կհաշվեն: Ի՞նչ ա եղել, լավ ժամանակ անցկացրինք, չէ՞,- ասեց Աշոտը,- լավ ժամանակ անցկացնելու համար պետք ա նորմալ վճարել: Աշոտ, ձեզ ո՞նց բռնին. «Թամարյանի ծնունդն էր, գնում էինք իրանց տուն նշենք, մի ութ հոգի կլինեինք, Թամարյանը դվայորնի քրոջը տեսավ, կանգնեց մի քանի րոպե, մեկ էլ էկան տանեն, ՀՀՇ-ի Քեռին էր մեկը: Որ մի քիչ շատով հավաքվել էինք, կասկածել էին երևի: Թամարյանը հանեց Գրողների միության տոմսը, դե ամեն առիթով տոմսը հանում էր, էս անգամ չանցավ, Ֆերեշեթի մոտ ինչ-որ օտար լեզվով գիրք կար, տեսան ասին՝ շպիոն կլնեն: Լցրին մեքենան սաղիս տարան Կենտրոնի ոստիկանատուն: Քննիչը վատ էր զգում, ասում էր՝ ես մեղք չունեմ, տղերք, բայց խնդրում եմ հարցերիս պատասխանեք: Պատասխանում էինք, հերթը հասավ Մառետին, հիշո՞ւմ ես Մառետին, շատ լավ աղջիկ էր, բոզ էր, տռաս հելնում աշխատում էր, փողը բերում «Հարիսնոցում» մեր վրա ծախսում: Քննիչը հարցրեց Մառետին՝ դո՞ւք էլ եք Գրողների միության անդամ, ասեց՝ չէ, ես միայն թղթակցում եմ: Նելլի Շահնազարյանը զանգեց [մի հայտնի մտավորականի], նա ասեց՝ դե մի բան արած կլնեք, որ տարել են: Իսկական 37 թվի պես, մարդկանց տանում գնդակահարում էին, ասում էին՝ դե մի բան արած կլինի, որ գյուլլում են: Հետո զանգեց Վահե Շահվերդյանին, Վահեն եկավ հետևներիցս, ինչ-որ թուղթ ստորագրեց, ու մեզ ազատեցին: Թամարյանի տուն իրիկունը քննիչը թաշախուստով եկավ»:

Շագային լսեցի` շշմեցի ու արագ վազելով փախա կասկադով մոնումենտ: Վարդուշիկի վարձած բնակարանը: Հիմա Վարդուշիկը Փարիզում է, ամուսնացել է տրոցկիստի հետ, բայց չեմ կարծում, թե շատ էր հիասթափվել լիբերալ դեմոկրատիայից, չէ, տղա էր՝ հանդիպել էր, սիրել էր, պսակվել: Դե որ սիրում ես, պիտի մի քիչ էլ հայացքները սիրես, հիմա Վարդուշիկը ինչ-որ ձախ գծի վրա ա, կարծեմ Առլետին էր ձեն տվել: Ես էլ ստեղ իրա ընկերուհու հետ պսակվա՝ Վիոլետի, որ հիմա էս հանդեսն ա տպում: Հանդեսը չլիներ՝ ես սա չէի գրի: «Արմենիանաուի» համար էի գրել սա, բայց կարճ. 1000 բառից երկար ա լինում՝ Ջոնը կրճատել ա տալիս, էլի հետս կոմպրոմիս ա արել, ուրիշներին ստիպում ա 700-ից ավել չգրել: «Արմենիանաուի» համար գրածս 1200-ի մոտ էր, Ջոնը կրճատեց սարքեց 700: Վիոլետն էլ կարդացել էր, տեսավ՝ ասելիքս շատ ա, տպածը՝ քիչ, ասեց՝ «Ինքնագրի» համար նորմալ ուզածդ գրի: Գրում եմ, ու գրածս աճում ա, դարձել ա մոտ 4000 բառ: Տենց գրում եմ, ձեռս բռնող չկա: Բայց նայում եմ, այ քեզ բան, գիրս երկու լեզվով ա գնում, մեկը «Արմենիանաուի» համար գրածս լրագրային լեզուն, մյուսն էլ արանքներում լցրածս լեզուն, որ կաշկանդվում ա լրագրայինի ճնշումից: Երկու մարդ, ու եթե փորփրեմ` իրեք չորս էլ դուրս կգա միջիցս:

Ընկերներս ինձ փնտրում էին, որ թաքցնեն, Վարդուշիկի տանը կարային գտնեին, Ներքին գործերի նախարարության ընդունարանի պետ էր եղել, շատ ոստիկան ծանոթներ ուներ, մեկը ակնարկել էր՝ լավ չես պահում քեզ, վատ մարդկանց շրջապատ ես ընկել: Վատը ես էի: Ո՞նց գտավ ինձ Հասմիկը, տարավ իրենց շենքում մի բնակարան: Դուռը վրաս փակեց: Ուտելու վախտ բացում էր, բակի կողմով տանում իրենց տուն, հոր՝ ձյաձ Սուրենի հետ ճաշում էինք:

Մենակ TV-ն էր ինֆորմացիայի աղբյուրս, ամսի 27-ն է՞ր, ուղիղ եթերով ԱԺ նիստն էր, ամբիոն բարձրացավ Շավարշ Քոչարյանը, շատ վստահ խոսեց, որ ընտրությունները կեղծվել են, պատգամավորները հասան ու սկսեցին տալ, ծեծեցին: Էդ ինչ ծեծ էր, փողկապներով, շալվար-կոստյումով ոնց էին տալիս, հայ տղամարդիկ՝ հարյուրով մեկի վրա: Ատամը ջարդել էին: Շավարշը տեսածս ամենախիզախ մարդն է: Պատերազմում խիզախությունը ուրիշ է, մի վետերան ասում էր՝ ճակատում, ընկերներ կողքդ, դուխ ես առնում, վախը մահից է մենակ, հենց ընկեր կողքդ չեղավ, դուխաթափ ես լինում: Իսկ Շավարշի ընկերները չկային, կողքը չէին, բանտերում կամ փախած, չգիտես՝ հետները ինչ կանեն, ինքը միայնակ կանգնած ամբողջ իշխանության դեմ՝ պատգամավորներ ու մենթեր, առանց որևէ աջակցության հույսի, ու վստահ նետում է նրանց երեսին իր մտքինը: Հետո բերին Պարույր Հայրիկյանին, 17 տարի բանտերում նստած մեկը, որ պիտի շատ քաջ եղած լիներ, չդիմացավ նաժիմին, ամբիոնից մեղա էր գալիս:

Անելանելի ու անհույս վիճակ: Համարձակությունս հավաքեցի, դուրս եկա, ավտոմատից իրավապաշտպան ընկերոջս զանգեցի, տնից չէի կարա՝ տեղս կգտնեին, տեղեկություն էի ուզում իմանայի՝ ո՞ւմ բռնին, ի՞նչ արին, կինը ասեց՝ էլ էստեղ չզանգես: Ես հետախուզման մեջ էի: Հետախուզվողների անունները նույնիսկ օդանավակայանում էր՝ անունս ցուցակի մեջ: Ոստիկանները մեր տունը գնացել էին խուզարկելու, մամաս լուսամուտից կանչել էր հարևաններին: Տուն էին լցվել, Միշիկը՝ երկու սռոկ նստած քրեական, ոստիկանների ներկայությունից չէր երկնչել, շնչահեղձ հասել էր ասել՝ ի՞նչ եք անում, հասկանո՞ւմ եք ձեր արածը: Ոստիկանները շատ չէին փորփրել, շուտ գնացել էին, հետո պարզվել էր՝ մեկի կինը մամայիս հետ է աշխատում, կնոջը ասել էր, որ ինքը շատ վատ է զգացել: Միշիկը չկա, ինֆարկտից գնաց:

Ինձ փնտրել էին նաև նախկին կնոջս՝ Ռուզանի տանը: 88-ից մինչև 93 թե 94 էնտեղ եմ ապրել, տնփեսա: Աներս ասել էր, էդ մարդը բաժանված է, մեր հետ կապ չունի: Հասմիկը մարդ գտավ, որ ինձ փախցնեն Իրան: Համաձայնվել էի: Բայց չփախա, չհասավ դրան, երկու շաբաթից բռնությունները պրծան: ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը հեռուստատեսությամբ իշխանության մեթոդները քննադատող ինչ-որ խոսք ասեց, կարծեմ՝ որ պետք է դադարեցվի այս թշնամանքը: Ես հասկացա, որ ամեն ինչ վերջացել է, կրքերը հանդարտվել էին:

Ես փրկվել էի: Օղորմածիկ նկարիչ Սաշը, որ պաշտպանության համակարգում էր աշխատում, հետագայում ինձ պատմեց, որ ցույցերի վիդեոն նայում էին, ու մի տեղ իմ կերպարանքը հայտնվեց, Վազգեն Սարգսյանը մատով ցույց տվեց ու կարգադրեց՝ սրան բռնեք: Հազիվ առիթ էր հայտնվել հետս հաշվեհարդար տեսնել: Ինձ ատելու հիմքեր ուներ: Սարգսյանն էր երկրի գլխավոր բեսպրեդելշչիկը, նա կարար մարդ ծեծեր, ծեծել տար, ինչ ուզեր, մենք էլ 95-ին «Շրջանում» տպում էինք նրա հրամանով կատարվող բռնությունների մասին: Էլի արխիվը, էլի ներկան կանչում է անցյալը, ապրիլի 21, առաջին էջին երկու արյունլվա կրիշնայականների լուսանկարները: Երկրապահները մտել էին կրիշնայականների տաճար, տղամարդկանց տարել մի սենյակ ու ծեծել երկաթաձողերով. «Խփում էին գլխներին, ձեռքներին, ոտքներին, ընկածներին հարվածում էին ոտքերով: Առանձնահատուկ դաժանությամբ ծեծեցին Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Միխնոյին, որ տաճարում հոգևոր արարողություն էր կատարում», «Շտապօգնության հիվանդանոցում տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, Արա Հակոբյանի գլխին վեց կար են դրել»: Արան եկել էր խմբագրություն՝ ձեռքը կապած, վերքերի մեջ, միակ տեղը, ուր կարար օգնություն սպասեր, դատախազություն, ոստիկանություն փակ էին նրանց առաջ, դիմել էին՝ ոչ մի գործ չէին բացել: Մենք ի՞նչ օգնող, նկարը տպեցինք, ինֆորմացիա ու վերջ: Արան գնաց Ամերիկա, հիմա Սիեթլում է, կրիշնայականությունը թողել է: Տպած լուսանկարը օգնե՞ց, որ ապաստան ստանա:

Վազգենի հրամանով երկրապահները մտել էին 8 կրոնական կազմակերպությունների հավաքատեղիները, հավատացյալներին ծեծել, եղած-չեղածը թալանել: Բայց ամենադաժանը կրիշնայականների հետ վարվեցին: Էլի «Շրջանը». «Մինչ հարձակվողների մի մասը ծեծելով էին զբաղված, մյուսները կողոպուտ էին անում: Կանանց վրայից պոկոտում էին ոսկե զարդերը, խլում էին ձեռքի ժամացույցները, գրպանների փողը, նույնիսկ՝ գրիչներ: Տարվել են համակարգիչ՝ մոդեմով, տպիչ, ֆաքս, տեսախցիկ, լուսանկարչական ապարատ, հեռուստացույց, երկու տեսամագնիտաֆոն, երկու հեռախոս, ձայնագրիչ, ինչպես նաև 3000 դոլար»:

«Շրջանի» մայիսի 15-ի համարում՝ «Ութ հավատացյալներ, որոնք ձերբակալված էին և պահվում էին զինվորական ոստիկանությունում, ազատ արձակվեցին»: Տեղեկություն, որ Հայ ավետարանական եկեղեցու պատվելի Ռենե Լևոնյանը զինվորական ոստիկանություն է դիմել՝ իրենց համայնքի ձերբակալված անդամի մասին տեղեկություն ստանալու համար: Ստացած ձեռագիր պատասխանի լուսապատճենը չորրորդ էջում. «Տեղեկանք, Թորոսյան Դավիթ Հովհաննեսի, 1966թ. ծնված, բնակվում է Երևան, Լենինգրադյան փ.52/75: Զ/Ո զենքի ուժով բերման է ենթարկվել 23.04.95թ. ԵրԵվանի Շահումյանի շրջանի Երկրապահ միության նախագահ Բարսեղյան Ս.-ի կողմից: Բերման է ենթարկվել որպես հավատացյալ: Մայոր Հ. Հովհաննիսյան 25.04.95»:

Վազգենը գժվում էր, որ գրում էինք շուրջկալների մասին: Ի՞նչ էր դա՝ «Շրջանը» պատմում է. էլի ապրիլի 21-ի համարում, վերնագիրը՝ «Ապրում ենք մարդաորսից մարդաորս», տակը. «Խորհրդային շրջանի ժարգոնում հավլաբ (օբլավ) էին կոչվում ոստիկանության շուրջկալները թաղամասի հանցագործներին ձերբակալելու համար: Այժմ հավլաբը մտել է բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն չափահաս տղաներ: 94 թվի գարնանից սկսված շուրջկալներով մարդաորսը երեք ամիսը մեկ կրկնվում է, ոստիկանության և զինկոմիսարիատի աշխատակիցները շրջապատում են կայարանները, կանգառները, շուկաները, մետրոն ու որսում բոլոր տղամարդկանց»: Եռամսյա հավաքներն էին, տղամարդկանց՝ ուղիղ ճակատ: Պատերազմը կապ չուներ, իրանց մեթոդն էր, պատերազմի ամենաթեժ ժամանակ, 92-93 թվերին, երբ հայերը հաղթեցին, ի՞նչ շուրջկալ, նման բաներ չկային, չկար նաև Վազգեն Սարգսյան, մարդիկ ծանուցումը ստանում էին, գնում էին բանակ, հետո սկսեցին տներից հավաքել, վերջում, 94-95-ին՝ շուրջկալներ: «Շրջանը» բերում էր օրինակներ. «Մ-ն արդեն մեկ տարի է, իրեն դարձրել է կալանավոր բարեկամի տանը և հազվադեպ է տնից դուրս գալիս: 70 տարեկան հայրը ամեն օր ճաշ է տանում տղային: Երբ հունվարյան զորահավաքն արդեն վերջացել էր, նրան հանդիպեցի կերակուրով ցանցը ձեռքին: Ասեցի, որ տղան կարող է արդեն տնից դուրս գալ, քանի որ զորահավաքը վերջացել է. «Ի՞նչ ես ասում, այս զորահավաքները վերջ չունեն: Երեկ նավթի հերթից մի տղայի ձեռքերը ոլորեցին ու տարան»: Ո՞վ էր էս մարդը: Նկարիչ Կարլեն Հացագործյանը՝ մամայիս դասընկերը, հիմա 82 տարեկան է, տնից չի կարողանում դուրս գալ, Լևոնի վերադարձի մասին լսել էր, վատացել: Մի ուրիշը. «Ես մետրո արդեն մի տարի է չեմ մտում, երբ շարժասանդուղքով իջնում եմ, թվում է, թե կամավոր բանտարկության եմ գնում, ուր որ է դիմացս կփակեն: Իսկ փողոցում համազգեստով մարդ եմ տեսնում՝ ճամփես փոխում եմ»: Ո՞վ է: Չէ, չարժի ասել, հիմա բիզնեսով է զբաղվում: Ու էլի օրինակներ, մի ուրիշը մարդաորսից փրկվելու համար փախել է ԱՄՆ: «Շրջանի» ապրիլի 14-ի առաջին էջին՝ կոլաժ, սովետական պլակատ՝ զինվորը, ատրճանակը վեր պարզած, առաջ է գնում, հետևի պլանում նախիր, մակագրությունը՝ «ԶՈՐԱՀԱՎԱՔ. 18-45 տարեկան տղամարդկանց մթերումը շարունակվում է»: Գողացվածները՝ թնդանոթի միս, շատերը սկի կյանքում զենք չբռնած՝ առաջին գիծ էին գցվում: Լինում էր, հարազատները չէին իմանում, թե ուր է կորել մարդը, մի քանի օրից դիակն էին ստանում:

«Շրջանի» տերը՝ Սամվել Շահինյանը, զգուշացրեց, որ անվտանգության խորհրդում որոշել են հարձակում գործել խմբագրության վրա, մի շաբաթ գործի չգնացինք: Հզոր Վազգեն Սարգսյանը, իրա խոսքն էր՝ մեր դեմ խաղ չկա, իսկ նախագահ ԼԵվոն Տեր-Պետրոսյանը ԱԺ-ում ընդդիմությանն ասել էր՝ դուք բոլորդ չարժեք Վազգեն Սարգսյանի ճկույթը: Այդ ճկույթը մի օր էլ թռցրեց Տեր-Պետրոսյանին, որ այսօր նա կրկին վերադառնա Վազգենի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ:

Իսկ 96-ին բռնել էին հարյուրներով: Իշխանություն փոխե՞լ: Առռը քեզ: Պատգամավոր Դավիթ Վարդանյանին, ոտքերն ու ձեռքերը կապած, ծեծել էին, ազատվելուց հետո ասում էր, որ ծեծելու մի քանակ կա, երբ էլ ցավին ցավ չի ավելանում, բայց չէին բավարարվում, ծեծում էին անընդհատ: Աեմնադաժան ծեծողն էր գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը, որին Լևոն Տեր-Պետրոսյանը իր ճառում ներկայացնում է որպես այս իշխանությունների կողմից ճնշված: Ճիշտ է, Սաղաթելյանին հեռացրին աշխատանքից, նստացրին դատեցին: Վազգենի ախպորը՝ Արամ Սարգսյանին, վարչապետի պաշտոնից հանեցին, վազգենականների մի մասը հարմարվեց, մնաց իշխանության մեջ, մի մասը՝ չէ, միացավ սպարապետի եղբորը ու հեռացվեց: Սաղաթելյանը չհարմարվածն էր, ու վրան քրեական գործեր բացեցին: Նույնիսկ մի սպանություն բացահայտեցին, թերթերը գրեցին, որ մի կալանավոր է գնդակահարել: Բայց դատեցին ուրիշ հանցանքների համար: Իրավապաշտպանները Սաղաթելյանին քաղկալանավոր էին ներկայացնում, այսինքն՝ քրեական գործի տակ իրական պատճառը քաղաքական էր: Հենց այս դեպքի համար է Սիորանի խոսքը. «Մենք պիտի ցանկացած հանգամանքում ճնշվածների կողմից լինենք, նույնիսկ երբ նրանք իրավացի չեն, բայց չպիտի մոռանանք, որ նրանք հունցված են նույն ցեխից, ինչ իրենց ճնշողները»: Ասում էին, որ Կիմ Բալայանի ծեծված մարմինը վիդեոյով նկարել էին, տարել ցույց տվել վերնախավին, նայել էին ասել՝ արյուն չկա, էլի ծեծեք: Ծեծողները մի քիչ խղճով էին եղել, տոմատի հյութ էին քսել Կիմի վրա, նկարել, թե իբր արյունոտվել է: Իշխանությունները հանգստացել էին: Կիմը պատգամավոր չէր, դաշնակ էր, յոթ ամիս նստեց, դատեցին ու նոր ազատեցին: Հիմա Սահմանադրական դատարանի դատավոր է:

Ընկերս՝ Վահե Վարսանյանը, սեպտեմբերի 26-ին միամտաբար իջել էր քաղաք, կարծում էր, թե ցույցերը կշարունակվեն, բռնվել էր, լավ ծեծել էին, նա էլ 8 ամիս նստեց, դատվեց: Հիմա դեղի բիզնեսով է զբաղվում, գործերը վատ չեն:

Դասընկերս՝ Հովիկը, քաղաքականության հետ կապ չուներ, ծրագրավորող էր, բայց նա էլ անցավ 96-ի բռնություններով: Տեսնես հիմա ո՞ւր է: Լևոնի ելույթը հիշեցրեց Հովիկին, պարզվեց՝ ԱՄՆ-ում է, նրա mail-ը գտա, նամակ գրեցի, ի՞նչ էր եղել իր հետ 96-ին, պատասխանեց. «Խոսակցություններ կային, որ ընդդիմության բոլոր առաջնորդներին բռնել են, ես աշխատում էի Արմինպեքս բանկում, ԱԻՄի գրասենյակի մոտ էր, ասի՝ մի հատ մտնեմ տեղեկություն ստանամ: Մի քանի զինվոր կալաշնիկովով մուտքի մոտ կանգնած էին: Նրանք ինձ ներս թողեցին առանց պրոբլեմի: Նրանք բոլորին ներս էին թողնում, բայց ոչ մեկին դուրս չէին թողնում: Այնտեղ կային ԱԻՄի մի տասնհինգ անդամ: Պատգամավոր Արամազդ Զաքարյանը ասում էր՝ դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչոր շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի՝ մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ անասունի նման են վերաբերվում ու ծեծում են, ինչի՞ համար: Մենք էնտեղ մնացինք էդ դիրքով մի քանի ժամ: Ես հիշում եմ, որ զինվորներից մեկը ասում էր մյուսին. «Ես լավ կայֆի տակ էի, հիմա եկել եմ ստեղ էս ապուշների համար»:

Նրանք մեզ տարան դատարան ու մոտ վեց ժամ պահեցին: Այնտեղ շատ բանտարկված տղամարդիկ կային: Մի ծեր մարդ կար, որին շատ ուժեղ ծեծել էին: Հետո դատավորը կարդաց դատավճիռը, ու մեզ տարան բանտ: Ես մնացի էնտեղ տասը օր: Մի քանի օր հարազատներս չգիտեին՝ ուր եմ: Ուտելիքը շատ վատն էր: Մեզ երկու անգամ էին կերակրում՝ առավոտը տասնմեկին ու ցերեկը մեկին (հա, հա, կերակրաժամերի մեջ տարբերությունը երկու ու քսաներկու ժամ էր): Նախաճաշը մի կտոր հաց էր ու մի բաժակ թեյ, երկրորդն էլ՝ էլի նման բան: Էս դեպքերից մի քանի շաբաթ անց ես գնացի ԱՄՆ: Սիրտս կոտրվել էր»:

Նամակը ինչի՞ էր անգլերեն գրել: Պավիչը մի հերոս ունի՝ մայրենի լեզուն ուզում է մոռանալ, սերբերենը, էնքան է ուզում, որ ձեռնարկ է գրում: Մայրենի լեզուն մոռանալու ձեռնարկ: Իմ մտքով էլ էր մի պահ անցել մոռանալ հայերենը, բայց մտքովս չի անցել վեպ գրեմ: Պավիչին կարդացի, ասի՝ մալադեց: Գրողը հենց նա է, որ մեր մտքով անցածները մեր տեղը գրի:

Հովիկին նստացրել էին նույն սարքած մեղադրանքով, ինչով 2003-2004 թվերին ընդդիմության մոտ 600 համախոհներից շատերին՝ զազրախոսել ոստիկանի հետ:

Հիմա էլ «Այժմը», սեպտեմբերի 27-ից հետո դուրս եկած առաջին համարը՝ հոկտեմբերի 4-ին: Ո՞նց էր տպվել՝ չգիտեմ: Ձերբակալվածների ցուցակը՝ 27 հոգի, հետո՝ «Հետապնդվում են ձերբակալման նպատակով» ու՝

6. Արամազդ Զաքարյան- ԱԻՄ-ի ղեկավարության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ձերբակալվել է, ծեծվել դաժանորեն, սեպտեմբերի 28-ին արձակվել, հիվանդանոցում է ծանր վիճակում,

10. Վահան Իշխանյան- «Այժմ»ի թղթակից:

Խի՞ էս թերթը չառա ու չթռա Եվրոպա, տեղում քաղաքական ապաստան կստանայի: Ռուզանից դեռ պաշտոնապես չէի բաժանվել, ինքը Պրագայում էր, «Ազատությունում» էր աշխատում, ես էլ էի էնտեղ, 3,5 ամիս մնացի, հիմարաբար թողի հետ եկա, էլ իրար հետ չէինք կարում ապրենք: Խի եմ ասում, անձնագրիս մեջ Չեխիայի մի տարվա վիզան խփած էր, երբ ուզեի՝ կարայի գնայի: Հեշտ, իջնում եմ թերթը ձեռիս ու դիմում Կարմիր խաչին՝ ես հալածվել եմ իմ քաղաքական հայացքերի պատճառով: Որ Լևոնը վերադառնա, էս թերթը էլի ուժ կստանա՞: Արխիվները չարժի ոչնչացնել:

Իսկ Արամազդը գնաց: 2004-ին էլի կալանավորվեց, էս անգամ Քոչարյանը նստցրեց: Երկու ամիս: Բռնել էին, որ ասել էր՝ «հանրապետության նախագահը շնչավոր առարկա է», «իշխանությունը բռնազավթած ավազակախումբը»: Իմ «Հաշվեհարդար» գրքում մի գլուխն է «Արամազդ Զաքարյան. նախագահին վիրավորել է 2» (երեք հոգի վիրավորելու մեղադրանքով էին նստել): Գլխի վերջում գրված է. «Նա (Հասմիկը՝ Արամազդի կինը) միակ ելքը տեսնում է Հայաստանից հեռանալու մեջ, սակայն Արամազդը կտրականապես դեմ է. «Թող իրենք գնան, ես գնացողը չեմ»: Հիմա կարծեմ ընտանիքով Անգլիայում են:

Ընտրություննե՞ր, ժողովրդավարությո՞ւն, իշխանություն փոխե՞լ: ճիվերս՝ կասեին ախպարները, խեռս՝ կասեինք մենք. հարցերի պատասխանը, որ տվեց 96-ը:

Մարդ կա՝ մոռանում է, ուզում է մոռանա, Լևոնը հայտնվել է, ուզում է շանս տեսնի փոփոխության: Ես՝ հակառակը, կմոռանայի, եթե չհայտնվեր Լևոնը: Հիշեցնում է դոսիես: Հիմա ստիպված հիշում եմ անցյալը, բայց ինձ վաղվա օրն էր հետաքրքրում, մտածում էի՝ թե ինչպե՞ս կվերանա ռեժիմը, մարդ ազատություն ստանա, «դոսիեներ» չլինեն, ու սվոյ ու չուժոյը վերանա, նախաձեռնության հնարավորություն ստանանք սաղս՝ բիզնես, թերթ, ի վերջո լրագրող ես, էլ ուշ է, մասնագիտություն չես փոխի, երկրից էլ դժվար գնաս, ուզում ես անկախ, քաղաքական խմբերից չվերահսկվող մամուլ լինի, մամուլը դառնա բիզնես, ու նորմալ աշխատավարձ ստանաս: Ճիշտ ա, վատից-լավից «Արմենիանաուում» ես, բայց էն չի, օն-լայն թերթ ու առանց հեռանկար: Հեռուստատեսությունները անկախանան, ով գիտի, մեկ էլ տեսար՝ տելե մտնես, մի անգամ շանս կար, ուզել էին «Պրոմեթևսում» գործի ընդունեն, Ռուբեն Գևորգյանցը զանգեց հրավիրեց: Բայց ինքը չէր որոշողը: Տնօրենը Արմեն Սմբատյանն էր՝ հիմա Ռուսաստանում դեսպան: Կոնսի ռեկտորն էր էն վախտ, գնացի մոտը, տասը անգամ ասեց՝ նյութերը պիտի լինեն նա տառմազախ, նա տառմազախ, հա էդ էր ասում ու ափերը դեմ արած դանդաղ առաջ բերում: Ասի՝ հա, տոռմուզով կլնեն, իհարկե տոռմուզով, բայց չընդունեց: Տոռմուզներիս, մեկ ա, չվստահեց: Չի փոխվելու: ԶԼՄ-ները հասան նրան, որ մի երկընտրանք առաջանա՝ Լևոն, թե Սերժ: Ես ընտրություն չունեմ: Ես հիմա ուրիշ բան եմ մտածում, հանկարծ անցյալը չվերադառնա:

2007թ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.