Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն։ Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են։ Ուզում եմ ասեմ՝ պատահական չի, որ հայկական վերջին հեղափոխությունն սկսվեց Բուն Հայքի Երևան քաղաքից։ Իսկ որ ես էդ հեղափոխության, ոնց որ ասում են, ակունքներում եմ կանգնած, երևի պատահականություն ա։ Չնայած ո՞վ գիտի։ Բայց մտածմունքների մեջ ընկնելու փոխարեն ավելի լավ ա տեքստը կարդամ.

Հեղափոխության փողերը

սև մաշված
նախանցած դարի պայուսակ էր
որ տեսա
գլուխս պտտվեց
հասկացա
ինչ կա մեջը
ու հասկացա որ
ինձ ա տալիս
որովհետև մեքենայում
մենակ ես էի
մեկ էլ ինքը
որ ժպտում էր
համարյա վրացական
ժպիտով

ինչքա՞ն ժամանակ ունեմ
հարցրի

կհասցնես
ասեց
մի վախենա
որ վախենաս
ամեն ինչ կիսատ կմնա

հետո ես իջա
վերցնելով պայուսակը
սիմոն տեր պետրոսյանը
գնաց
ավտովթարից մեռնելու

Էս պատմությունը տրամաբանորեն պետք ա Թիֆլիսում պատահած լիներ, բայց իրականում պատահեց հյուսիսային Կալիֆորնիայի Վուդսայդ պուճուր քաղաքի մոտերքում։ Ու քանի որ էդ պուճուր քաղաքում, ոնց որ բացատրեց ինձ իմ կալիֆորնիացի բարեկամը, ապրում են մենակ շատ հարուստ մարդիկ, իսկ շատ հարուստ մարդկանց քաղաքում հեղափոխություն անելը անհույս գործ ա, ես որոշեցի իմ հեղափոխությունը տեղափոխել Հարավային Կովկաս, իսկ ավելի կոնկրետ՝ իմ ծննդավայր Երևան։

Կովկասի ու հեղափոխության մասին հա կարելի ա խոսել ու խոսել։ Թուրքիայից գալուց հետո ես հոդված գրեցի «Կովկասյան էլեմենտը անցած դարասկզբի ռուսական հեղափոխության մեջ» թեմայով։ Երևի վերնագիրն էր պատճառը, էդ տեքստը չտպագրվեց ու կորավ, բայց բովանդակությունը պատմել կարող եմ.

Կովկաս

սենյակում
մի հատ գրասեղանից բացի
ուրիշ առարկա չկար
եթե չհաշվենք աթոռները
իմ ու իրա

ցուրտ ա
իոսիֆ վիսարիոնովիչ
ասեցի

կովկասից ես
դրա համար ա
քո համար ցուրտ
իբր թե կատակեց
ես միշտ ասել եմ
որ կովկասը
անցյալի մնացուկ ա

ուզում էի հարց տամ
բայց թարսի պես
հենց էդ րոպեին
ներս մտավ օրջոնիկիձեն
ու ես
ստիպված դուրս էկա

Որ էս հոդվածը գրվեց Թուրքիայից գալուց հետո, հեչ պատահական չի։ Արդեն պատմել եմ, որ Անատոլիայում լիքը արկածների հանդիպեցի, բայց ամենամեծ արկածն ինձ պատահեց Թուրքիայից գալուց հետո՝ ես հանկարծ հասկացա, որ կարոտում եմ Սովետական Միությունը։ Էսօրվա պես պարզ հիշում եմ էդ օրվա շոգը, մատուցողի հագի մայկան… Կարոտը երևի վաղուց էր մեջս կուտակվում, բայց հստակ գիտակցությունը, որ ես կարոտում եմ Սովետական Միությունը, շատրվանի պես մեջս պայթեց շատ կոնկրետ մի օր, շատ կոնկրետ ժամի. ես անկապ անցնում էի Պատմության թանգարանի մուտքի մոտով ու հանկարծ որոշեցի նստեմ գարեջուր խմելու.

Զակֆեդերացիան

աչքերը որ չկկոցեր
դժվար ճանաչեի
թեև միշտ մտածել էի որ
եթե հանդիպեմ
էդ սրճարանում էր լինելու
շատրվանների մոտ

էս աթոռը ազատ ա՞
հարցրի
էդ ժամանակ էր որ աչքերը կկոցեց
ու ես տեղս անկապ կանգնած մնացի
մի րոպեի չափ
հետո նստեցի աթոռին ու
երկուսով
նայում էինք մեր դիմացը
ուր որ իրա արձանն էր եղել
մի ժամանակ

զակֆեդերացիան հիշո՞ւմ ես
հարցրեց

էդքան մեծ եմ էրևո՞ւմ
ծիծաղեցի
զակֆեդերացիան
արդեն յոթանասուն տարուց ավելի ա
որ չկա

լռեցի ու
հանկարծ հասկացա որ
էդ ինքն էլ գիտեր
ուղղակի խոսել էր ուզում
բայց արդեն ուշ էր
էլ բան չասեց

Ամեն դեպքում ես ուզում եմ բացատրեմ, թեև կարող ա դու արդեն հասկացել ես, թե ինչ պատահեց իմ հետ Թուրքիայում և թե ինչի ա իմ էս վեպը կոչվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ։

Մի իրիկուն Սկյուտարի փողոցներով անկապ քայլում էի, հանկարծ կոշիկիս կապերը քանդվեցին, ու ես պարզ հիշեցի էն օրերը, երբ որ Սայաթ Նովայի իմ բնակարանից երևում էր Մարմարան։ Հետո ծովն անհետացավ։ Բայց ո՞նց ա հնարավոր, որ ծովն անհետանա։ Ծովն իրականում երբեք չի անհետանում, էդ մենք ենք մոռանում ծովի մասին։

Մարմարան

երբ որ սկյուտար-
դավիթաշեն կամուրջի վրա
կոշիկիս կապերը
հանկարծ քանդվեցին
ես մտածեցի
ինչ ահավոր ա
ես կարող էի
փաստորեն ծնված չլինել
ու էն ժամանակ
ում համար էր
սենց խաղաղ ծփալու
մարմարան

Կարծեմ թե արդեն հասկացար, թե վեպս ինչի ա կոչվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ, ու էլ չես հարցնի՝ բայց չէ՞ որ Հայաստանը ծովափ չունի։ Էս վեպն իմ մասին ա։ Ես ապրում եմ Հայաստանում ու գտնվում եմ ծովափին։ Տրամաբանության բոլոր օրենքներով էդ նշանակում ա, որ ես գտնվում եմ Հայաստանի ծովափին։ Պարոնյանը վկա։ Բայց ես Պարոնյանին չտեսա։ Երեք անգամ հատուկ իրա համար ծերից ծեր ոտքի տակ տվի Բեյօղլու կամ որ նույնն ա թե Բերա թաղամասը, բայց իրան մեկ ա չտեսա։ Որովհետև անձրև էր գալիս։ Իսկ Ստամբուլի անձրևը Երևանի անձրևի ճիշտ հակառակն ա, Ստամբուլի անձրևից հետո թթվածինը օդի մեջ միանգամից վերանում ա, ու դու սկսում ես խեղդվել… Քնարական շեղումի համար ներողություն։

Ծաղկի փողոց թիվ 2

Երբ որ հազար ինը հարյուր
չեմ հիշեր քանիին
Գալաթայի
նավամատույցում կանգնած
նայում էի շուրջս
ինձ ոչ մի
բեռնակիր էլ չմոտեցավ
ոչ թե որովհետև
ձեռքիս սնդուկներ չկային
այլ որովհետև
քանի օր ա արդեն
անձրև էր գալիս
ու վաղուց արդեն
բեռնակիրներ չկային
էդ քաղաքում
ու երբ որ
հաստատ համոզվելով
որ անձրևը
առաջիկա օրերին
չի կտրվի
ես սկսեցի
դանդաղ քայլերով
վերև բարձրանալ
դեպի Բերա
ինչո՞ւ տխուր ես
հանկարծ հարցրեց
փողոցում կանգնած
մի պարսիկ
տխուր չեմ, ասեցի
ուղղակի
պարոնյանին եմ փնտրում
բայց չկա։
անձրևներից ա
ասեց պարսիկը
անձրևոտ եղանակին
իրան չես գտնի
վախենում ա
նորից մրսի
ու նորից
մահանա

Էս պատմությունը հիմնականում տխուր պատմություն ա, բայց ուրախ դետալներ ունի, իսկ ամենաուրախ դետալն էն ա, որ պարսիկը մաքուր հայերեն էր խոսում, եթե ինձ չես հավատում, հարցրու Վիոլետ Գրիգորյանին, որին էդ պարսիկը ասեց՝ էս ի՜նչ սիրուն աչքեր ունես, ու իրա հայերենը պատկերացրու էսօրվա պարսկահայերի հայերենը չէր, այլ լրիվ ուրիշ հայերեն, Վասակ Սյունու հայերենը երևի։ Իսկ Վասակ Սյունու հայերենին ես շատ լավ ծանոթ եմ, որովհետև հանգամանքների բերումով մի օր պատահական հայտնվել էի Թուրքական Հանրապետության հարավային սահմանի մոտ գտնվող Մարդին քաղաքում։

Երկու բաժակ

թուրքական հանրապետության
հարավային սահմանի մոտ գտնվող
մարդին քաղաքի
ասորական եկեղեցու բակում
մի կին որ
երևի ասորի էր
վաճառեց ինձ
մի շիշ կարմիր գինի

ես շիշը ձեռքիս
ցած իջա մի քանի փողոց
մտա իրար կողքի շարված
քյաբաբանոցներից
ամենածայրինը
մատուցողից խնդրեցի
ադանայի քյաբաբ ու
դատարկ բաժակ

մատուցողը
գնաց բերեց քյաբաբը
հետո էլի գնաց
բերեց երկու բաժակ
տեսավ զարմացած
նայում եմ երկրորդ բաժակին
ցույց տվեց կողքի
սեղանի մոտ նստած
վարդան մամիկոնյանին
որ նույնպես ուտում էր
ադանայի քյաբաբ

բա ո՞ւր ա վասակը
մտածեցի ես
հետո հասկացա որ
վասակը ես եմ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *