Էլի ասեղ ա: Էլի ինսուլինկա2 ա: Էլի սրանք եկան: Էլի ուզում են ինձ ծակեն: Էլի կբռնեն, կտանեն վատ տեղ: Վատ տեղ չկա, բայց իրանք կճարեն կտանեն: Խի՞ սենց դառավ: «Էրմիտաժ» այգին լիքն ա թշնամիներով: Սաղ գիտեն, որ ես նարկոման եմ: Ջազ նվագող էն մարդիկ էլ գիտեն, փոքր երեխեքն էլ գիտեն, էս մեր կողքի զույգն էլ գիտի, սիրահարներ են, գոնե սրանք իրանցով զբաղվեն՝ ինձ հանգիստ թողնեն, չէ, սրանք էլ են խոսքները սաղի հետ մեկ արած ինձ հետապնդում, ուզում են, որ ես հա վախենամ, հա փախնեմ, հա զգամ իմ ոչնչությունը: Հա, նարկոման եմ, բայց ո՞ւմ եմ վնաս տալիս, էս ի՞նչ են ուզում ինձանից էս սաղ մարդիկ, ես էլ վինտ3 չեմ ուզում, իսկ էդ իսնուլինկեքը սաղ տեղեր հատուկ թափրտել են, որ ես անընդհատ մտածեմ, թե վայ, էս ինչ վատ բան եմ անում, նարկոտիկներ եմ օգտագործում: Ծակեցին անասունները, ո՞նց, ե՞րբ, որտեղի՞ց հասան ինձ ու կրակելով ծակեցին սրանք: Էլի պրիխոդ4, որ մոտս ցավ ա, մարդկանց մոտի պրիխոդից չի, որ ուղեղումդ ռումբիկներ են պայթում, իմս ուղեղս միանգամից ա պայթում, ընդհատակյա պայթեցումներ որ անում են, հետո երկրաշարժի նման ցնցվում ա երկիրը, այ տենց ա պայթում: Մարմինս սարսռում ա, մրսում եմ, բայց ամառ ա, 25 աստիճան ա դրսում, դե նարկոման եմ, դրա համար էլ մրսում եմ: Վաբշե ես մի տարի ա մրսում եմ, ինչքան վախտ էս հալին եմ, էդքան էլ մրսում եմ: Էս լյարդս էլ հետն ա համը հանում, թպրտում ա հա, ի՞նչ ա ուզում՝ չեմ հասկանում: Դե ասա սատկացնում ես, սատկացրու ինձ, որ ազատվեմ իմ էս ոչուփուչ կյանքից: Չէ: Չի սատկացնում, մթոմ մաքրում ա ինձ: Ֆի՜ի՜ի՜: Ապուշ: Հիմար: Բա ի՞նչ անեմ: Ո՞նց անեմ, որ նորից դառնամ նույն Լուսինեն: Մենթ ա: Սուս: Վաբշե սուս: Դու չկաս: Ոչ մի ձև չկաս, ոչ հին, ոչ նոր: Թոմասը չի վախում, մենակ ես եմ վախում: Ես միշտ վախում եմ, դրա համար էլ նարկոման եմ: Հա, վախից եմ նարկոման ես: Եսիմ ինչի վախից: Բայց հաստատ վախից: Որովհետև դուրս չի գալիս էս վիճակը: Չի էլ եկել երբեք: Եսիմ ո՞նց սենց դառա: Ամեն ինչ լավ էր ախր: Վախում եմ մենթերը բռնեն, թե չէ կնստեմ կհիշեմ: Չէ, չեմ կարա: Բայց պիտի հիշեմ, մինչև պահը չբռնեմ էս իմ սենց դառնալու, չեմ վերադառնա նախկին ապահով ու անվախ կյանքին: Ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ: Գլուխս: Գլուխս լիքն ա հրավառության ծծմբով, վառոդով, արճիճով, հետն էլ՝ թեփ, թեփ, թեփ… Թոմասը ինձ սիրում ա, հաստատ սիրում ա, բայց չի կարա օգնի, ինքն էլ ա իմ վիճակում, բայց չի վախում: Ոչ ոք ինձնից բացի չի վախում: Իսկ ես վախում եմ: Վախում եմ ծառի փչակից ինձ նայող աչքերից, կողքս կանգնած վեց տարեկան աղջնակից, նա ուղարկված ա, պադսադնոյ5 ա, ոչ մի վեց տարեկան էլ չի, տենց դիմակ ա հագել, մթոմ փոքրիկ ա, որ ես չջոկեմ, որ պատժամիջոց ա: Կողքիս հայեր են կանգնած, երևի հորս ճանաչում են, սաղ ինձ ճանաչում են, սաղ ուզում են ինձ պատժեն: Դե պատժելու պատճառ էլ կա` նարկոմանիա: Արդեն մի տարի ձգվող նարկոմանիա: Հերոին6, սպիդ7, կիսալատա, փշեր8, մարկաներ9, վինտ վինտ վինտ… Ինչ էլ անուն ունի՝ վինտ: Բոլտ ու վինտ: Բոլտը ես եմ, վինտը բոլտի մեջ են դնում ու պտտում, խրում ուղեղիս դեռ կենդանի մնացած ծակուծուկերը: Սխեման սենց ա: Հերոին: Հերոինից սաղ սկսվում ա: Մի քանի անգամն էլ ա հերիք: Ստանում ես այլանդակ կախվածություն: Ուզում ես դուրս գաս էդ ապուշ, ոչինչ չկատարվող վիճակից, որ քեզ սարքում ա զոմբի, միայն դոզա փնտրող զոմբի: Էությունդ սպանում ա, մեջդ լցոնում իրա բթացնող իրականությամբ: Հավաքում ա մնացած կամքդ, էներգիադ սարքում ա իրան վառելանյութ, ուտում ա, ուտում ա, ուտում ա քեզ: Դու չկաս, դու դառել ես ծառա, դոզայի ծառա: Առավոտն արթնանում ես, մարմինդ դողում ա, մեջքդ կոտրատվում ա, զուգարան չես կարողանում գնաս, կոֆեդ քաքի համ ունի, ուղեղիդ մեջ ասեղներ են խրված, ոտքերիդ մատները դախացել են ու ցավում են, ոտքիդ տակից ջարդած ապակու կտորներ են ծակոտում, ձեռքերդ բռնցքամարտի տասը մենամարտ անցկացրած մարտիկի բռունցքների ցավն են զգում, քիթդ ոչ մի լավ հոտ չի ընկալում, ամեն ինչից քաքի հոտ ա գալիս: Ստամոքսդ ոչ մի բան ներս չի ընդունում, լեզուդ փառակալել ա թոքախտավորի լեզվի նման, խոցեր են գոյացել, լնդերդ կարմրել են դառել բորդո գույն, լեզվով որ տանում-բերում ես վրայով, ոնց որ նախանցած տարվա նռան կեղևի վրայով տանես բերես, սաղ ջանդ ցավում ա, մանավանդ գոտկատեղդ, դողը չի թողնում տաքանաս ամառվա շոգին, անընդհատ ուզում ես շարժման մեջ լինես, բայց չի ստացվում, որովհետև ուժ չկա, միայն մի միտք ա մնացել կենդանի ուղեղիդ մեջ` որտեղից դոզա գտնես: Փող ունես կամ չունես՝ կարևոր չի, զամուտ10 ա պետք: Նստում ես հեռախոսի վրա մի երկու երեք ժամ` եթե մշտական բարիգ11 չկա, եթե կա` լավ ա, զանգում ես, ստրելկա12 խփում: Մտնում ես դուշ, դուշը մի քիչ տաքացնում ա, սկսում ես հիշել, որ մարդ ես, դուշը մարդ լինելու զգացողություն ա տալիս մի քանի րոպեով, դուխ ես առնում, մտածում ես, որ վերջ, վերջին ներարկումն ա, էլ չես անի, լոմկա13 կանցնես, կդառնաս նորից նույն Լուսինեն: Ֆենը միացնում ես, ձևը կորցրած, ամիսներով վարսավիրի մկրատ չտեսած մազերդ մի կերպ քո խելքով մթոմ հարդարում ես, մթոմ քսվում ես, կապույտ մատիտ ես քսում, որ հերոինի ատխադնյակի14 վախտ մարդա մի ավտոյի ֆառ դառած բիբերդ չթվան կումարի տեսքի, որ մենթերը չջոկեն, որ նարկոման ես, չնայած ոչ ձեռդ բան կա, ոչ էլ մեջդ, բայց վախը հո՞ կա: Թոմասի տատիկին մի երկու նորմալանման հարց ես տալիս, որ չմտածի, չդարդոտվի էն մտքից, որ նորից նարկոման եք դառել, ու նետի պես դուրս ես պրծնում Ֆիլիի տնից, որ գնաս հասնես մի ժամից Կռիլատսկոյե, բարիգի տուն: Բարիգը սպիդով հիվանդ մի տղա ա: Հիշում եմ, որ առաջին անգամ տեսա Սլավիկին՝ դալուկ, անասելի նիհար, աչքերի տակը դեմքի կեսը գրավող կապտուկներով, սարսափել էի, ոնց որ մահը նայեր ինձ: Մտա մուտք, որտեղ նա ինձ սպասում էր, ձեռքս մեկնեցի, անունս ասեցի, վախվխելով մեկնեց ձեռքը, ես ամուր բռնեցի: Տվեց հերոինը, նստեցինք բակում, մի-մի սիգարեթ ծխեցինք, հետո բաժանվելուց ուզեցի ինչ-որ մի լավ բան արած լինեմ նրա համար, ամուր գրկեցի ու համբուրեցի թուշը: Մի նենց երախտապարտ հայացքով նայեց Սլավիկը ինձ, որ ես իրան համբուրեցի, չվախեցա իրա սպիդից: Սլավիկը ինձ այլ կերպ էր վերաբերվում, քան մնացածներին: Նա էլ ինձ համար մենակ բարիգ չէր: Դզվելուց հետո ժամերով նստում էինք նրա սենյակում, ուր նա ինձ ներս թողեց մեր ծանոթության հաջորդ օրը, չնայած շատ-շատերին, ավելի վաղ ծանոթներին ընդհանրապես չէր թողնում, մայրը, որ ուսուցչուհի էր, մեզ համար կարկանդակներ էր բերում, Սլավիկը նվագում էր սոլո-կիթառի վրա, մանկական նկարներն էր ցույց տալիս, ու էն վախտերի, որ հլա ՍՊԻԴ չէր, հլա առույգ սիրուն տղա էր, մի խոսքով՝ ամեն ինչից խոսում էինք, մենակ սպիդի թեմային չէինք մոտենում, լուռ համաձայնությամբ չիմանալու էինք տալիս: Ասում էր՝ ես պրոբլեմ չունեմ ոչ մի, բացի հերոինի պրոբլեմից: Մեռնելուց ուզում էր նարկոման չմեռնի երևի: Շատ հոգատար էր, նույնիսկ շպրիցներն էր տեղնուտեղը տանում դեն գցում, որ հանկարծ ես պատահաբար չկպնեմ դրանց: Գդալը, որի մեջ սարքում էր իր դեղը, պահում էր գրպանում, ես էլ ինձ հետ իմն էի տանում՝ կարմիր, էսթետիկ դիզայնով ինսուլինկայի հետ միասին: Մեկ էլ՝ ինձ երբեք չէր սրսկում, վախենում էր՝ հանկարծ վարակի: Դե հիմա: Լավ մարդ էր Սլավիկը: Իմ հիմնական բարիգն էր ու էն հազվադեպ հերոինշիկներից, որոնց էությունը հերոինը չէր կարողացել լափել լիովին, որը միշտ ինձ համար դոզա էր պահում, նույնիսկ եթե ընդհանրապես միայն իրա համար էր առած լինում, վաճառքի չէր ունենում, երբեք չէր խառնում հերոինը դիմիդրոլի կամ ալյուրի հետ, ոչ մեկին չէր խաբում, չէր գցում: Նարկոմանների մեջ էլ կան տարբեր մարդիկ, չնայած էությունը խժռում ա էդ անտերը, բայց մեկ ա, տարբեր են ստացվում արդյունքում: Մարդ կա՝ ահավոր ա դառնում, իսկը անասուն, գցող, խաբող, կրկնակի դոզա ա գողանում, եթե ընդհանուր կատյոլ ա լինում, երբեք խոսքի տերը չի մնում, փող ա գողանում, գիշերը թաքուն վեր ա կենում դագոնկա անում, սառնարանի համով բաները ուտում, երբեք չի մտածում, որ դիմացինը լոմկայի մեջ ա` կիսվի հետը, մի խոսքով, մարդ չկա մեջը: Նենց էլ մարդ ա լինում, որ իրա դոզան կիսում ա, չնայած գիտի, որ դրանից ոչ ինքն ա դզվելու, ոչ էլ ես, որ վատ ես լինում` գնում ա կոնյակ ա առնում բերում, որ մի քիչ խմես, դողդ մի քիչ անցնի, փող ա տալիս, եթե չես ունենում, չնայած ավելի քան համոզված ա, որ հետ չես տա, ամեն կերպ ուզում ա օգնած լինի: Դրա համար, որ սաղ նարկոմաններին մի արշինով են չափում, սաղին համարում են թափթփուկ, ես չեմ համաձայնվում դրա հետ: Թոմասը վաբշե կարար ինքը լոմկի մեջ մնար, իրա դոզան տար ինձ: Դե Թոմասն ուրիշ ա, ինձ սիրում ա Թոմասը, ափսոս նարկոման ենք: Վերջը, թռած գնում ես, մետրո, հետո ավտոբուս, ու էդ սաղ ճամփին ուղեղդ միայն մի ուղղությամբ ա աշխատում՝ ո՞նց ես հասնելու, դոզադ վերցնես, լցնես սումկիդ թաքուն գրպանիկից հանած թեյի գդալի մեջ, ջրով բացես, պահես կրակվառիչի վրա, սիգարեթի ֆիլտրից մի կտոր պոկես, գցես մեջը, որ կեղտ չքաշվի շպրիցի մեջ, ու հավաքես քեզ տանջանքներից փրկող միակ հեղուկը, որ առաջիկա մի տասը ժամվա թեթևություն կպարգևի, կսարքի մարդ, կարաս հաց ուտես հետո, ման գաս, գիրք կարդաս, զուգարան գնաս, կոլա խմես, զրուցես, կարաս ամեն ինչ անես, նույնիսկ կարաս մոռանաս, որ նարկոման ես, որ դա հերոինն ա քեզ տվել էդ հնարավորությունը, նա ա քո փրկիչը: Ման ես գալիս մի սաղ երակ, որ քեզ ա նայում շատ մեռած երակներիդ միջից, կամ էլ բռունցքդ փակես-բացես, փակես-բացես էնքան, մինչև մի կորած-մոլորածը դուրս պրծնի ու ժպտա՝ իրա ասեղը պահանջելով, մեկը քեզ օգնում ա, որովհետև մի տարվա մեջ տենց էլ չսովորեցիր ինքդ քեզ սրսկես, միշտ օգնող ա պետք, ծակող, ներարկում ա ժպտացող երակիդ մեջ հեղուկը, հեղուկը երակիդ մեջ հաճելի սառնություն տալով մտնում ա արյանդ մեջ, հոգնած, կումարից չռված բիբերդ մեկից փոքրանում են, դառնում կետիկ, տեսողությունդ սրանում ա, մարմինդ տաքանում, ներքուստ գալարվում ա աշխարհի ամենահաճելի դեղի հոսքից, սիգարեթ ես վառում ու վերանում ես, ոչինչ այլևս քեզ չի անհանգստացնում, որովհետև դու չկաս, կլանում ա քեզ հերոինը, մտնում ա մեջդ, բնակություն ա հաստատում, ու չես լինում էլ դու, լուծվում ես հերոինի խաղաղացուցիչ իրականության մեջ, ու ոչինչ չի կատարվում…

Բայց դու որոշել ես վերջը տաս էդ սարսափելի կախվածության ու հիշում ես, որ վինտ կա, վինտը, եթե անես, կարող ա քեզ հանի էդ կախվածությունից, իրա ցավով հավաքելով ուղեղիդ մեջ սաղ չեղած, չմտածված, հերոինի անտեսանելի ու միապաղաղ իրականության միջի մտքերը, սարքի մի մեծ, ահռելի միտք-ցավ, որ հետո ցավը գնա, ու մնա էներգիան կենտրոնացած հյուծված մարմնիդ մեջ, սարքելով քեզ էներգիայի կծիկ` արդեն իրան նվիրված հաջորդ տաս-տասնհինգ ժամվա ընթացքում: Անում ես: Բայց արդեն նարկոման ես, արդեն էն առաջին անգամը չի, որ հետո գինի խմես, գինին թուլացնի, հավասարացնի ուժերը, ու դու կարողանաս վերադառնալ նորմալ կյանքիդ: Հետո սկսվում ա վինտի ատխադնյակը, որ ավելի ահավոր ա, քան հերոինի կումարը, որովհետև վինտից հետո արյունդ խտանում ա ու արդեն չի կարողանում ինքն իրան ջրիկանա, դառնա նորմալ արյուն, չի կարողանում կատարի իրա շրջանառությունը, ձեռքերդ կապտում են, երակներդ չռվում-ուռում արյան լճացումից, ու սաղ մարմինդ, ուղեղդ, որ զրկվում ա արյունամատակարարումից, հերոին են պահանջում, հերոի՜ն, հերոի՜ն, հերոի՜ն: Մարմինդ գոռում ա, խնդրում, աղաչում: Ու դու էլ չես կարողանում դիմադրես, դիվանի շորը դառնում ա առյուծ ու քեզ ուտում ա, ամեն ինչից վինտի հոտ ա գալիս: Վինտը տարբեր հոտեր ունի, կա կարբիդի հոտով վինտ, կա` մանուշակի, կա` անտոնովկա կանաչ խնձորի հոտով, որ ներարկում ես, քիթդ էդ հոտն ա մտնում, բայց սովորական հոտի պես դրսից, քթից` չէ, երակներովդ ա գնում դեպի ուղեղդ, ուղեղիցդ մտնում արդեն քիթդ, իսկ վինտի ատխադնյակի ժամանակ էլի էդ հոտն ա լինում, բայց արդեն հոտած, տհաճ, զզվելի, անտանելի, չես ուզում էդ հոտը, երբեք էլ չես ուզել, փրկություն ես փնտրել մեջն ուղղակի, հերոինից փրկություն: Ու դու զառանցանքի մեջ էլի փնտրում ես հեռախոսը, հավաքում Սլավիկի փրկարար համարը, Սլավիկն ասում ա՝ արի, մի կերպ քեզ հավաքում ես, մազ ես սանրում` սարսափելով սեփական արտացոլումից հայելու մեջ, որ խելագարի հայացք ունի, բիբերդ գրավել են կանաչ աչքերդ, հիմա նրանք սև են դառել, շրթներկ ես քսում, որ մարդանման տաս, բայց դառնում ես ավելի վախենալի, հետո մաքրում ես, վանդակավոր շարֆը փաթաթում գլխիդ, յանըմ հիվանդ ես, որ մարդիկ տենց մտածեն, բա հիվանդ ես, բա ի՞նչ ես, ավելի հիվանդ չի լինում, համ մարմնով ես հիվանդ, համ սրտով, համ հոգով, համ ուղեղով, որովհետև նարկոման ես, նարկոմանիան ամենածանր հիվանդությունն ա, ամենադժվար բուժելին: Շատ քչերին ա հաջողվում դուրս պրծնել նարկոմանիայի ճիրաններից, մեծամասնությունը մնացած խղճուկ կյանքն ապրում ա վինտից հերոին, հերոինից վինտ, վինտից կիսլատա, կիսլատայից հերոին, հերոինից փշեր, փշերից հերոին փախչելով: Մի օր էլ կամ հոգնած էդ հիմար խաղից, կամ էլ ակամայից դոզան ավելացնում են ու վերջ տալիս կյանքին: Ինձ էլ ա տենց վախճան սպասվում, եթե կանգ չառնեմ: Բայց ո՞նց կանգ առնեմ: Ո՞նց անեմ, որ մարմինս չտանջվի, ուղեղս էլ չխենթանա: Միջոց չկա: Նարկոմանիայից միայն ցավով կարելի ա ազատվել, եթե ի վիճակի չես տանել կումարի, լոմկայի, ատխադնյակի ցավերը, խելահեղության նոպաները, անտանելի ու սարսափելի պատկերներ, արյանդ կանգ առնելու զգացողությունը, կյանքում չես կարա դադարես նարկոման լինելուց: Դրանից ավելի սարսափելին հոգեբանական կախվածությունն ա, որ արդեն լոմկա, ինոքսիկացիա անցած շատ-շատերին նորից նետել ա նարկոտիկների աշխարհը: Հաճույքների կենտրոնը` հիպատալամուսը, ուղեղի մեջ խախտված ա արդեն, մարդ էլ ոչ մի բանից հաճույք չի կարողանում ստանա, իսկ անտեր կենտրոնը պահանջում ա, չի կարում ապրի առանց կայֆի, նարկոտիկների տված կայֆի: Էն օրը հեռուստացույցով տեսա՝ վիրահատություն են անում ուղեղի էդ մասում, հիպատալամուսի կեսը կտրում են, փոքրացնում չափսերով, ու հաճույքի պահանջը քչանում ա: Այսինքն, որ նարկոտիկներ ես օգտագործում, էդ հատվածը դեգրադացվում ա, դեֆորմացվում ու չափսերով մեծանում ա: Իսկ որ կտրում են, փոքրացնում` արդեն քիչ ա հաճույք ուզում: Ու վերադառնում ա մարդու հաճույքների նորմալ ընկալունակությունը: Հաճույք ես ստանում արդեն բոլորի նման` սեքսից, համով ուտելուց, արևածագ-մայրամուտից, երգելուց, պարելուց, երաժշտություն լսելուց, կինո նայելուց, որ նարկոտիկների տակ էլի ստանում էիր, բայց նարկոտիկների չափազանցրած արհեստական կայֆով համեմված էիր ստանում: Ի՜նչ կայֆ ա, օրինակ, հերոինի տակ Ջենիս Ջոփլին լսելը, բա հերոինի երաժշտությո՜ւն ա: Վերջը, ինձ երևի տենց վիրահատություն ա պետք: Ասում են՝ հարյուր տոկոսանոց բուժում ա, եթե նորից, Աստված չանի, ասեղը ձեռքդ չվերցնես, թե չէ հիպատալամուսդ էլի կծավալվի, ու դու էլի կդառնաս նարկոման: Դե թանկ ա անտերը, մի հինգ հազար դոլար ա: Հո չե՞մ ասի մերոնց՝ մամա, պապա, ես նարկոման եմ, ինձ հինգ հազար դոլար տվեք՝ գնամ ուղեղիս կեսը հանեմ, որ էլ հերոին չուզի: Ես կմեռնեմ, եթե իրանք իմանան: Չպիտի իմանան, ես ինքս պիտի վերջը տամ իմ քաքմեջ դառած կախվածության, մի բան պիտի մտածեմ ու անեմ: Բայց հիմա վախ ա, վախ ա, վախ ա: Գնամ Մոտյայի տուն: Թոմասին առնեմ գնամ ընդեղ: Ընդեղ ապահով ա: Հարևանը մենթ ա: Իսկ մենթի տանը նարկոման չեն փնտրի հաստատ: Կինոներից եմ իմանում դա, որ եթե թաքնվում ես, պիտի թաքնվես թշնամուդ մոտիկ, ընդեղ ման չեն գա քեզ: Մոտյայի տունը կորել ա, ոչ մի հարկում չկա, գետնի տակն ա անցել: Բայց խի՞ ա կորել: Դա պլան ա երևի տենց, Մոտյայի տունն ինձնից թաքցնելու պլան ա: Համատիեզերական պատիժ ա սա ինձ համար: Արդեն գիշեր ա: Սումսկոյին տեսանք: Ասեց՝ Լյուսյա, գնա տուն քնի: Լյուսյան ոչ տուն ունի, ոչ քուն: Լյուսյան ուղեղ էլ չունի: Ունենար` էս հալին չէր հասնի: Աննկատ, դանդաղ, թաքուն նարկոմանիան ինձ գցեց իրա ճանկը: Թոմասն ասում ա` արի գնանք տուն: Իրանց տուն: Ընդեղ իրա մաման ա ու տատիկը: Քնած կըլնեն: Չէ, չեմ ուզում գնամ Թոմասի տուն, որն իմն էլ ա երևի թե, բայց ես նորմալ չեմ, եթե նորմալ լինեի, տան կնիկ լինեի, Թոմասի մերն ինձ կսիրեր, սկզբում երևի թե սիրում էր, հետո նկատեց, որ նորմալ չեմ, ու դադարեց սիրելուց: Շորերիցս սաղ վինտի հոտ ա գալիս, սաղ գիտեն, սաղ ինձ ատում են, որ նարկոման եմ: Թոմասն ասեց՝ գնանք Դենիսի տուն: Գնանք, Թոմաս, ինձ փրկի սաղից: Տար ուր ուզում ես, մենակ փրկի: Չէ, ես պիտի հանձնվեմ: Հեսա, էս մետրոյում մենթեր կան, ավելի լավ ա ասեմ սրանց, ասեմ՝ մենթեր ջան, ես նարկոման եմ, ինձ բռնեք տարեք կոխեք ծակը: Բալագոյեում լավ էր: Բալագոյեում ես նարկոման չէի: Ասեցի մենթերին` չհավատացին, Թոմասին ասեցին՝ տար տուն, զառանցում ա ընկերուհիդ, անախորժություններ կստեղծի քո համար: Ես տեղովս մեկ դառել եմ անախորժություն: Ան-ախորժ-ություն: Այսինքն՝ ոչ ախորժաբեր: Թե՞ սխալ եմ վանկատել, չգիտեմ: Ոչ մի բան չգիտեմ հիմա ես: Մենակ գիտեմ, որ վախում եմ: Սաղ տեղերից չերյոմուխայի հոտ ա գալիս: Մենթերն են երևի իմ հետևից ցանում չերյոմուխան, դե դա քիմիական զենք ա, հալյուցինացիաներ ա առաջացնում: Առաջներում վինտից սենց բաներ չէր լինում: Կարող ա հատուկ վինտ ա եղել, հատուկ իմ համար, մենթերի տված, որ ես խելագարվեմ: Կամ էլ հերս ա սենց արել: Իմացել ա մի տեղից, որ սենց քաքերի մեջ են ընկել, ու սենց ա արել, որ ես խելագարվեմ, հետո խեղճանամ ու հետ գնամ Հայաստան: Չէ, դժվար: Հերս ինձ սիրում ա, մի ուրիշ բան կմտածեր կաներ, սենց չէր անի: Սա մենթերն են: Երևի ինչ-որ թաքուն ծրագիր են մշակել իմ դեմ: Դրա համար չերյոմուխա ցանելով հետևիցս գալիս են, ուր ես գնում եմ: Ավելի լավ էր հերոինշիկ էլ մնայի, հերոինի տակ չես գժվում գոնե: Ընդեղ ուրիշ ուղեղամասեր են ակտիվանում, գժվելու մասերը հանգիստ են: Վաբշե հերոինը խաղաղացուցիչ հատկություն ունի: Ու վախ ա սպանում: Դրա համար էլ դառա հերոինշիկ ես երևի թե: Որովհետև սաղ կյանքս ինչ-որ բանից վախել եմ: Վախել եմ գիշերը թաքուն գիրք կարդալուց բռնեն: Վախել եմ մերոնք իմանան, որ սիրահարված եմ տասնչորս տարեկանում: Վախել եմ իմանան, որ ծխում եմ մեկ-մեկ: Վախել եմ կուսաթաղանթիս բացակայությունից, չնայած հետո պարզվել ա, որ կա ու եղել ա մինչև երեխա բերելս: Վախել եմ հերմաֆրոդիտիզմից, երբ ներսս արգանդիս վզիկն եմ շոշափել ու մտածել եմ, թե պստլիկ անդամ ա: Հետո վախել եմ պսակվեմ` ասեն՝ աղջիկ չես: Պսակվել եմ նենցի հետ, որ բան չասեր, սիրում էր մթոմ: Սկսել եմ վախել մարդուս կորցնելուց, չնայած պարզվել ա, որ անասուն ա ու աջ ու ձախ դավաճանում ա, հետն էլ տփում: Հետո վախել եմ բաժանվեմ, մարդս հորս ասի, որ ծխում եմ ու ոնց եմ սիրում սեքս անեմ: Վախել եմ հետ գնամ Հայաստան, որ բոզ չասեն: Վախել եմ Տրուբաչիս կորցնեմ, չնայած հետո ինքս եմ թողել իրան: Վախել եմ մնամ անտուն, բայց մնացել եմ: Վախել եմ Պաշաս Լենայով ընկնի, ընկել ա: Վախել եմ Ֆեդյայիս կորցնեմ, կորցրել եմ, այսինքն ես՝ չէ, բժիշկները: Վախել եմ Պաշաս նարկոման դառնա, ու դառել ա, ես էլ եմ դառել: Վախել եմ մնամ մենակ էս աշխարհում, Դանեկ եմ ունեցել դրա համար: Դանեկ…

Պաշայի գնալուց հետո մտածում էի, թե ի՞նչ անեմ, ո՞նց գոյատևեմ, Հայաստան վերադառնալ չէի կարա: Ես անտուն էի, անգործ էի: Ես մարդ չէի: Մի հարյուր դոլար ուղարկեցին մերոնք, միշտ տենց արել են ու անում են, ես որ հեռու եմ լինում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ քանակությամբ փող են ուղարկում ինձ, որ հանգիստ քնեն, էն գիտակցությամբ, որ ես սոված չեմ մնա, բայց ես էդ փողը տանվա՞րձ տայի, թե՞ ուտեի: Սաղ ձենները մեկ արած ասեցին՝ խոտ ծախի, ասեցին՝ դա վատ բան չի, ծանր նարկոտիկ չի, դու էլ բարիգ չես դառնա դրանով, քիչ-քիչ առ, քիչ-քիչ ծախի, նենց որ կարաս յոլա գնաս: Մտածեցի, որոշեցի, որ Ջան15 ա, Ջան ինձ վատություն չի անի, համ էլ մեկ ա, արդեն իմ չգործած էդ մեղքի համար բանտ եմ նստել, իսկ մի հանցագործության համար եթե պետությունը կրկնակի չի դատում, ապա նախախնամությունը պիտի չդատի ու չդատի: Իմս տենց ա, սկզբում հեպատիտ եմ վարակվում, հետո նարկոտիկներ օգտագործում, սկզբից բանտ եմ նստում չգործած հանցանքիս համար, հետո գործում: Հա, չվախեցա ըսկի էլ, չէի համարում, որ վատ բան եմ անում: Էդ հարյուր դոլարը տվեցի, երկու բաժակ ընտիր չույսկի շիշկեք առա: Հենց բաժակներով էլ ծախեցի հետո: Հարյուրը դառավ հարյուր հիսուն: Իրեքն առա, սարքեցի երկու հարյուր, արդեն կարայի տանվարձը տայի: Բայց չտվեցի, չորսն առա, դառավ իրեք հարյուր, դրանով էլ վեցն առա, ու ըտեղ դեֆոլտն եկավ ու սաղ իմ քրեական բիզնեսը սպանեց: Ես մնացի ձեռնունայն, առանց փողի, որովհետև արժեզրկվել էր, խոտը մնաց վրես: Գալիս էին, անփող տալիս էի, գնում էին, ոչ ոք չէր առնում արդեն: Անունս դրել էին «Մարիխուանայի թագուհի»: Գալիս էին, ուտելիք էին բերում, ես ճաշ-մաշ էի եփում, ուտում էին, մաֆաֆա ծխում ու գնում:

– Լյուսյա, կթողնե՞ս մնամ հետդ:

Դանեկը մեր ընկերներից էր, ինձ սիրում էր:

– Մնա, եթե ուզում ես:

Դե մենակ չէի կարա համ տունը վրես տանեմ, համ երեխուն, ես իրան էդքան էլ չէի սիրում, բայց դե ինքը ինձ սիրում էր, դա էլ էր հերիք: Լավ տղա էր, կլարնետ էր նվագում, «Վարդագույն պանտերան» էր նվագում իմ համար: Հերը բիզնեսմեն էր, բայց տղուն համարում էր թափթփուկ, քանի որ մի վախտ նարկոման էր եղել, ու անկապ գործեր էր տալիս: Խեղճը ինչ-որ փողոցի կաֆեում էր աշխատում, նենց էր մրսել ընդեղ, որ պրաստատիտ էր ստացել: Մի երկու անգամ գնացի մոտը, սառել էի ցրտից: Չեբուրեկ-բան էին սարքում, ինքն էլ ծախում էր: Հետո լավ էր, տեղափոխվեց հոր մյուս փակ կաֆեն: Էդտեղ լավ էր, իրիկունները երեխուն առնում գնում էի, եթե պահող չէր լինում, եթե լինում էր, մենակ էի գնում, մի-մի գավաթ կոնյակի շուրջ զրուցներ էինք անում: Խոտ էի տանում, ծխում էինք: Դենիս կար մի հատ հետը աշխատող, հետաքրքիր տղա էր: Սաղ ձմեռ մի վերնաշապիկով անց էր կացնում, յոգայով էր զբաղվում: Դենիսը մի ընկերուհի ուներ, Օլյա էր անունը, նա էր Դենիսին էդ էզոթերիկ աշխարհին ծանոթացրել: Հաճախ գնում էինք իրանց տուն, Բաբուշկինսկոյե մետրոյի մոտ: Տունը բաղկացած էր երկու թագավորություններից, մեկը Օլյայինն ու Դենիսինն էր` տիբեթյան անուշահոտ փայտիկներով, դիետիկ հացով, առողջարար սննդով, ձվի դատարկ կլետկեքով պատած, որ ձայնամեկուսացնի, ու ծով ներկած կապույտ սենյակով, մյուսը` նրա հորը՝ Միխայլիչինն ու նրա շանը, որը հղի էր, և որի ձագին հետո տվեցին Կոծոսիկիս: Տան էդ մասից շնահոտ էր գալիս, ժանգոտած ռասկլադուշկի հոտ, թափած պիվի ու զանազան էլի տհաճ հոտեր: Մասերը հարևանություն էին անում, բայց ոչ հարազատություն: Գնում էինք Դենիսենց տուն, իրանք պատուհանի գոգին մաֆաֆա էին աճացնում, հենց թփից պոկում էինք, չորացնում ու ծխում: Օլյան ինչ-որ մոգական բան ուներ մեջը, գեղեցիկ չէր ընդունված չափանիշների համաձայն, բայց շատ հրապուրիչ էր: Նման էր չինուհու: Օլյան ու Դենիսը մարտի ութին ինձ նվիրեցին իմ առաջին բուդդայական գիրքը՝ «Բուդդիզմի պատմությունը»: Լավ օրեր էին, վատ չէր: Հերոին-բան չկար, մենակ մի անգամ վինտ եղավ, Տիմինն էկավ թե՝ սաղ պատրաստ ա, թող մենակ մաքրենք, եսիմ ի՞նչ պիտի անեին կրակի վրա: Թողեցի, արեցին: Դե էդ էլ աննկատ անցավ: Նարկոտիկներ չէինք ուզում, օյաղ էլ վատ չէինք զգում իրար հետ: Նուրբ, սպիտակ մաշկով, փոքր-մոքր դիմագծերով նիհար տղա էր Դանեկը: Ու շան նման հավատարիմ: Շունիկ էր: Էդ վախտերը շատ հետաքրքիր մարդիկ կային իմ շուրջը:

Արտյոմ կար մի հատ, հարուստ ընտանիքից էր, ծնողները ատամնաբուժական կլինիկա ունեին եքա, էս տղեն էլ ընդեղ կամերչեսկի դիրեկտոր էր, ժողն էր ավարտել: Ինձ շատ էր օգնում: Գալիս էր, գնում էինք խանութ, ինչ պետք էր՝ առնում էինք, մի անգամ էլ մոռացել էի սուպերմարկետում օճառ վերցնեմ, արդեն վճարել էինք, հետ եկա, որ վերցնեմ, հետո ինչ-որ ուրիշ բան տեսա, դա էլ վերցրի ու դուրս գալուց օճառի մասին արդեն մոռացել էի: Սրանք էլ բռնեցին մեզ ու տարան էդ միկոպեկանոց օճառի համար պադսոբկեն թե՝ գողություն եք անում: Տնաշենները, խի չէին տեսե՞լ, որ մարդ յոթ հազարի առևտուր ա արել ու յոթանասուն ռուբլիանոց օճառը գողացել ա՞: Վերջը, յոթը հարյուր ռուբլի տվինք` տասնապատիկ արժեքը էդ օճառի, ու դուրս եկանք: Մեզ ատամի պաստաներով ու չոտկերով ապահովում էր Արտյոմը: Շատ լավ տղա էր, ուղղափառ քրիստոնյա էր: Իսկական, ստից չէ: Լավ ընկեր էր: Եղբայրն էլ` Եգորը, տասնհինգ տարեկան էր, էլի խոտ էր ծխում, դե հիմա, մենք չէինք տվել, ինքը վաղուց էր ծխում: Մեծ մարդու մտածելակերպ ուներ, մենք էլ համապատասխան ձևով էինք հետը վարվում: Մի անգամ, հիշում եմ, մեր կողքի հայաթում նստած ծխում էնք ես ու Եգորը, մեկ էլ անկյունից մենթեր երևացին: Ես կասյակը գցեցի տրորեցի ու կպա Եգորին նենց, մթոմ հաբուրվում ենք, թե հենց համբուրվեցինք էլ, եսիմ, չջոկեցի կարգին: Փաստն էն էր, որ մենթերը մեզ սիրահար զույգի տեղ դրին ու անցան, թե չէ ինձ կարող ա տանեին ծակը կոխեին անչափահասին նարկոտիկ տալու համար: Եթե բոլոր չափահասները Եգորի չափ չափահաս լինեին, Ռուսաստանը կդառնար վռազ Եվրոպա:

Մի հատ Անտոն կար, պարող էր: Կոծոսիկիս շատ էր սիրում, հետը տանում էր փորձերի, համերգների: Իրանց ստուդիան մեր շենքի տակն էր: Ինչ-որ կռուտոյ ստուդիա էր: Շատ լավ բակ ունեինք, նստարաններով, ճոնջիով: Պանկեր էին հավաքվում ընդեղ, հիպիներ, մի հատ տղա կար մեջները՝ Նիշտյակ էր մականունը, հետաքրքիր տիպ էր: Հետո գժվեց: Շատ լավն էր Պավարսկոյի մեր էդ տունը:

Արդեն մի ամիս էր անցել, ինչ Պաշա չկար: Մեկ էլ զանգեց թե՝ Լյուսյա, հիսուն դոլար ուղարկի, մենք գանք: Ասի՝ ոնց գնացել ես, նենց էլ արի, կարաս և չգաս, դու էլ ինձ պետք չես: Բայց ինքս սիրունացա, սարքվեցի: Եկավ: Վեշերը կապեցի տվի ձեռը: Մեկ էլ գիշերվա մեկին եկավ Լենայի հետ թե՝ տեղ չունենք քնենք, կըլնի՞ ստեղ քնենք: Ասի՝ քնեք, բայց որտե՞ղ եք քնելու: Դե նստեցին սաղ գիշեր աթոռների վրա, հո դուրս չէի անելու, ցուրտ էր արդեն: Հետո Դանեկի հետ գնացինք իրա գործի տեղը, սրանք պառկեցին քնելու: Կոծոսիկիս թողել էի իրանց մոտ, դպրոցից բերել էի, հաց տվել, ու մնացել էր: Պաշան սիրում էր Կոծոսիկիս, լավ էր վերաբերվում: Ղրիմից մատանի էր բերել իրա համար արծաթի ու մի մեշոկ խնձոր: Դե հիմա: Ի՞նչ անենք, թե մենք միասին չենք, բայց դե մարդ ենք ու մնացինք ընկերներ Պաշայի հետ, Լենայի հետ էլ ընկերացանք, ու Լենան հիմա Պաշայից ինձ բողոքում էր: Այ տենց: Քոնն ա Պաշան, Լենա, հիմա դու վազվզի հետևիցը, տես ո՞ւր ա, ո՞ւմ հետ ա, ի՞նչ ա անում: Ես էլ ազատ եմ Պաշայից էլ, իրա անկապություններից էլ: Էս Լենան մի օր եկավ, մազերս պերեգիդրոլով ներկեց: Վառեց: Դառել էի զզվելի գույնի մազերով: Բա ի՞նչ անեի, ոջիլի համաճարակ էր, դեֆոլտ էր, իսկ ոջիլները ակտիվանում են սնանկությունների ու պատերազմների վախտ, ապացուցված բան էր: Կոծոսիկս դպրոցից բերել էր: Իրան դեղ քսեցի՝ անցավ, ինձ չօգնեց, որոշեցի պերեգիդրոլով վառեմ դրանց: Էն էլ մազերս վառվեցին: Գնացի հինա առա, ասի՝ գոնե մի քիչ կնորմալանա մազերիս գույնը: Դառա հիմա էլ զըռ կարմիր: Գնացի բասմա առա բերեցի, մենակս դրեցի: Հիմա էլ դառել էի տեղ-տեղ կարմիր, տեղ-տեղ կանաչ, տեղ-տեղ սև մազերով ես: Մի օր տենց մնացի, հետո գնացի իմ բնական մազերի գույնի ներկ առա բերեցի, Մաշան եկավ դրեց:

Մարդիկ էին հա գալիս-գնում, ինչպես և ամեն մի տուն, որտեղ ես ապրել եմ, ու հարևաններս էլ էդքան վատը չէին ընդեղ: Շատ լավ էինք մեզ զգում էդ տանը: Կոծոսիկս դպրոց էր գնում, շատ էր սիրում էդ թազա դպրոցը, դասվարն էլ շատ լավն էր: Արբատն էր սիրում, գնում էինք իրիկունները ման գալիս, պաղպաղակ-բան ուտում: Բայց դե տանվարձն արդեն երկու ամիս էր չէինք տվել, հա խաբխբում էինք տանտիրոջը: Ու տենց, մինչև մի օր նրա համբերությունը չհատավ ու ինձ չխնդրեց երկու օրվա մեջ փասա-փուսաս հավաքեմ ու գնամ իրա սենյակից:

Մի որոշ ժամանակով տեղափոխվեցինք Դենիսենց տուն, ընդեղ էինք ապրում, Կոծոսիկս իրան շատ լավ էր զգում ընդեղ, պառկում էր վաննայում, Օլյան նրա համար անուշահոտ մոմեր էր վառում, ու կարար ամբողջ գիշեր պառկեր:

Հետո Պրասպեկտ Միրա էինք ապրում: Դանեկը մեզ կպած եկավ հետևներիցս: Դանեկը մեզ կերակրողն էր, ես չէի կարա աշխատեմ երեխու պատճառով: Չնայած Կոծոսիկիս դպրոցը հեռու էր, իսկ էս թազա ռայոնում էլ չվերցրին, Արբատի վրա պռապիսկի տեղի համար բան չասին, իսկ ըստեղ ասին՝ պիտի ձեր գրանցված ռայոնում գնա դպրոց: Դե ես էլ հո չէի կարա Կոծոսիկ առած Պերովո հասնեմ ամեն օր ցուրտ դեկտեմբեր ամսին, թե Կոծոսիկ եմ տանում դպրոց: Տանն էր սովորում ու ավելի լավ, քան դպրոցում: Ասի՝ բալքիմ կհիմնավորվենք մի տեղ, էն վախտ կգնամ ժողկրթբաժին, դիմում-միմում կգրեմ ու կտեղավորեմ: Էս տան տերը, անունն էլի Անտոն էր, ասեց՝ տունը երկու ամսով կարամ մենակ տամ վարձով: Դե հիմա, էդ էլ էր բան: Թե չէ փողոցում էինք մնալու: Երաժիշտ ա, լավ տղա ա, մենակ խմում ա ու որ խմում ա` անկապանում ա լրիվ, հիստերիայի մեջ ա ընկնում, սկսում ա լացել: Ես էլ տանել չեմ կարում, որ տղամարդը լացում ա, հետն էլ՝ անկապ: Կոծոսիկիս հետ մոտ էին, զրույցներ էին անում անընդհատ, թեման ինձ համար անհայտ էր: Կոծոսիկիս հետ սաղ մեծի նման էին վարվում, ինքն էլ մեծանում էր դրանից: Ես իրիկունները գնում էի Դանեկի մոտ, օգնում էի ընդեղ կաֆեում, լավ էր, էդ գործը գիտեի, դե աշխատել էի Պիտերում մի վախտ, մի երկու կոպեկ ավել փող էր մտնում տուն, Կոծոսիկս էլ մնում էր Անտոնի հետ տանը, Բիվիս ու Բաթխիդ էին նայում միասին: Բայց դե փողը մեկ ա քիչ էր, հերիք չէր տա համ տանվարձ տանք, համ ապրենք: Որոշեցինք գնանք Պիտեր, խոտ բերենք ու ծախենք Մոսկվա: Կոծոսիկիս էլ առած արդեն պիտի գնայինք, Կատյան փող էր ուղարկել մեզ: Մեկ էլ էս Մաքսը հերոինն առած եկավ: Գլյուկն էլ հետը: Գլյուկը մի հատ պերսոնաժ ա, Միշա ա անունը, բայց սաղ ասում են Կռակադիլ Գլյուկ: Գենա` չէ, Գլյուկ: Որտև Գլյուկ էր հենց` հալյուցինացիա: Մեկ հայտնվում էր եսիմ որտեղից, մեկ էլ տեսնում էիր` արդեն չկա ու ոնց որ եղած չլինի: էս Մաքսը թե՝ բերեք էս հերոինը ծախենք, համ ձեզ փող կգա, համ էլ ինձ: Ես դեմ էի սկզբից, հերոինից փախած էի, համ էլ չէի ուզում հերոին ծախվի իմ տնից: Բայց համ Անտոնը համաձայնվեց, համ էլ Դանեկը: Հիմա էս Գլյուկը խոհանոցում նստած հերոին ա անում, ես էլ նայում եմ, մեկ էլ սա կանչում ա՝ Լյուսյա, դեմքը անկապ մի ժպիտ անում ու էս ժպիտը դեմքին էլ սկսում ա կոնվուլսիվ ցնցվել: Վախեցա, տղերքին կանչեցի, ասի՝ էս ի՞նչ ա: Ասին՝ պերեդոզ ա, մեռնում ա, կապտել ա: Էս Անտոնը ընկավ պանիկայի մեջ թե՝ եկեք հանենք տնից: Ասի՝ ո՞ւր հանենք, փողոցում քսան աստիճան ցուրտ ա, կմեռնի: Սաքոյի` հորքուրիս տղու պերեդոզների վրա դառել էի սպեց ես: Սկսեցի սրան արհեստական շնչառություն անել: Չօգնեց: Ասի՝ սկորի կանչեք, Անտոնն ասեց՝ չէ, հանենք փողոց, նոր կանչենք: Դե տանտերն ինքն ա, ասեց տենց արեք, մենք էլ արեցինք: Հանեցինք գրկած իջացրինք փողոցը ու կողքի ավտոմատից ես ու Դանեկը, դե մենք օյաղ էինք, զանգեցինք սկորի: Որ եկավ սկորին, ասեցինք՝ մենք ման էինք գալիս, մեկ էլ տեսանք՝ մարդ ա ընկած: Վերցրին տարան: Հետո սրա ծնողները զանգեցին ինձ, որովհետև ճանաչում էին, համեստ մարդիկ էին, եվրեյներ, ուսուցիչներ էին, թե տղեն խի՞ էր նարկոման դառել՝ ինձ համար մնաց հանելուկ: Հետն էլ գեյ էր: Դե գեյը հեչ, լիքն էին գեյեր մեր շրջապատում, Դանեկն էլ երևի թե լատենտ գեյ էր: Որովհետև իմ հետ սեքս չէր անում, սիրում էր ինձ, բայց չէր անում: Այսինքն անում էր, բայց մի րոպե էր տևում իրա սաղ արածը: Պրաստատիտ ուներ: Չարածի հաշիվ էլի: Բայց ես իրան արդեն սովորել էի, ու իմ համար դա կարևոր չէր, վաբշե մարդ կա, նրա հետ սեքսը ըսկի պարտադիր էլ չի, որպեսզի միասին ապրես, Դանեկի հետ տենց էր: Դանեկի հետ լավ զրուցներ էր արվում, լավ նվագվում էր, թող սեքսն էլ միրոպեանոց լիներ, համ էլ մեկ ա, ես իմ փայ սեքսը ստանում էի, հո ձեռքերն ու լեզուն էլ չէի՞ն պրաստատիտ: Վերջը, Գլյուկին տեղավորեցինք հիվանդանոց, փրկեցին իրան ընդեղ, հորը մորն էլ բարով-խերով խաբեցի, թե մեր տնից իննին գնացել ա, ու ես, Դանեկն ու Կոծոսիկս ճամփա ընկանք Պիտեր՝ խոտի: Շատ լավ Պիտեր էր: Գնացինք մեր տուն, հանրակացարան, ուր գիտեի էլ ոտ չեմ դնելու: Հա, մեր հետ մի հատ բարիգ էինք տարել, դե մեզ որտեղի՞ց էդքան փող, որ մենք մեր փողով կարայինք խոտ առնենք, էն էլ ծախու: Մենք հո բարիգներ չէինք, նենց էլի, մելկի: Հիմա սրան վերցրինք մեզ հետ, որ համ իրան առնենք խոտ, համ էլ ինքը մեր փայ սվոդնիչեսկի փողը տա, մենք էլ կարանք մի հինգ բաժակ առնենք:

Մեկ էլ Դենիսն եկավ՝ իմ պիտերսկի ընկերը, լոմկեքի մեջ: Ասի՝ Դենիս, էլի սկսե՞լ ես: Ասեց՝ հա, Լյուսյա, սենց դառա էլի: Ասի՝ դե հիմա բա ի՞նչ անենք: Ասեց՝ փող տուր ինձ, գնամ դզվեմ գամ, էսօր ծնունդս ա: Ասի՝ չէ, ավելի լավ ա` արի գնանք պիվա առնենք, գանք նորմալ ծնունդ անենք: Դե ճարն ինչ, համոզվեց: Ես ու Դանեկը գնացինք խանութ, պիվա առանք, ուտելիք ու տորթ: Եկանք տուն, կարգին ծնունդ արինք Դենիսին: Ոնց որ ուշքի եկավ: Խոսում էինք, մենք մեր Մոսկվայի կյանքից էինք պատմում, Դենիսն էլ՝ իրա դարդերից, թե ոնց ա Ժենյան իրան թողել, ու ինքն էլի դարդից սկսել ա ծակվել: Էհ, հերոի՜ն, հերոի՜ն, որտեղ դարդ կա, ընդեղ էլ դու կաս: Մի անգամ հերոին արած մարդը հենց դարդոտվում ա, էդ անտերը էլի ա իրան քաշում, ուզում ա մի ամիս անցած լինի լոմկա անցնելուց, ուզում ա` մի տարի: Դե Դենիսը մի կես տարի դիմացավ, մինչև չդարդոտվեց: Վերջը: Դենիսին ու մեր հետ եկած բարիգին գետնին տեղեր գցեցի, քնեցինք: Առավոտը վեր կացանք տեսանք՝ ոչ Դենիսը կա, ոչ էլ բարիգի իրեք հարյուր դոլար փողը: Ապուշը գողացել փախել էր: Բարիգը կատաղել էր: Գնացի, մի հատ Ֆիլչուկ կար, Դավիթի կուրսից էր, դառել էր մենթ, քննիչ էր, գնացի ասի` բա սենց-սենց, փող ա գողացել մի տղա մեր տնից: Ասեց՝ ռոզիսկ կտանք, բայց դժվար բռնենք, եթե հանցանք չգործի ուրիշ: Կատյային պատմեցի, Կատյան մնացած մեր ձեռի հարյուր դոլարի խոտ առավ, տվինք Դանեկի ձեռը, գնաց Մոսկվա, որ ծախի, հետո փող ղրգի մեզ, մենք էլի առնենք ու գնանք Մոսկվա, որ կարանք բարիգի փողերը հետ տանք: Էն էլ էս իմ հանրակացարանի հարևանները սկսեցին խոսալ, ասին՝ ռադվեք ըստուց, թե չէ միլիցիա կկանչենք, չնայած մնացել էինք ես ու Կոծոսիկս, սուս-փուս տանը նստած էինք, ուղղակի էն Բալագոյեի մենթերի օբիսկից հետո կատաղել էին, դրա համար էլ տենց արեցին: Դե Կոծոսիկիս առա, գնացի Յուլյայենց տուն: Կոծոսիկիս թողեցի Յուլյայի ու Կատյայի մոտ, ինքս հետ եկա Մոսկվա: Հետ եկա, գործերը դզեցի, մեկ էլ Անտոնն ասեց՝ պիտի դուս գաք:

Դե ի՞նչ անեինք, դուս եկանք, գնացինք Մաքսի տուն: Ընդեղ էլ հերոի՜ն: Այսինքն՝ Մաքսն էր ուզում հերոին, վարձ-մարձ չէր ուզում, ուղղակի ամեն օր հերոին էր ուզում: Դե մենք էլ հո քարից չէի՞նք, մի իրեք անգամ եթե հերոին ես արել, չես կարա հանգիստ նայես, թե մոտդ ոնց են անում, դու էլ ես ուզելու, ինքն էլ ուժեղ: Չես դիմանում ու անում ես: Կոծոսիկիս Կատյան բերեց Մոսկվա: Բայց դե մենք հերոին չէինք ուզում, մենք չէինք ուզում նարկոման լինենք: Դրա համար էլ նոր տարուց առաջ փախանք Պիտեր: Էլի խոտի: Մթոմ: Չնայած իրականում ուղղակի Մաքսի տնից փախանք, իրա հերոինից: Պիտերում էլ նոր տարին անց կացրինք, 1999 թիվն էր սկսվում: Կիսլատա էինք կերել պիտերսկի, կիսլատան կախվածություն չի առաջացնում, ռազովի նարկոտիկ ա, ուղղակի ենթագիտակցությանդ ուղեղամասն ա ակտիվացնում, նույնիսկ կարաս Գլխավոր Հարցի պատասխան գտնես, եթե կարաս հիշես իհարկե հետո: Հիշում եմ՝ դուրս էինք եկել, որ գնանք «Մալակո» ակումբ, Թիմուրն ու Մաշան, Մուխինի գեղարվեստի ակադեմիայում էին սովորում, բուդդիստներ էին, պերֆորմանս ունեին նոր տարուն էդ կլուբում, մենք էլ կարայինք հետները ձրի մտնենք ներս: Գնում էինք, մեկ էլ ճամփի կեսին ես փոշմանեցի ու որոշեցի հետ դառնամ տուն: Կոծոսիկս մնացել էր Միշանյայի տանը՝ Ռոմայի իրա հասակակից քրոջ հետ խաղա: Մեկ էլ կորա: Իմ Պիտերում կորա: Նոր տարվա գիշերով, կիսլատայի տակ: Փողոցը դառել էր ծով, ես էլ՝ լողալ չիմացող: Մարդիկ սաղ այլմոլորակայիններ էին, ոչ ոք ինձ չէր հասկանում, ես հարցնում էի՝ Ֆանտանկայի ափն ո՞ւր ա, կարող ա նորմալ չէի հարցնում, որովհետև ուրիշ տեղ էին ցույց տալիս, ու ես երկու ժամ մնացի Ֆանտանկայի ափ ման գալուս: Մեկ էլ տեսա՝ Ռոման ա Նատաշայի հետ: Փրկությունս էին իրանք: Եսիմ ո՞ւր կգնայի հասնեմ ես էդ գիշերով, ենթագիտակցական վիստիբուլյար ապարատով տոպագրաֆիկ կրիտինիզմս ուժեղացված վիճակով: Հետ եկա իրանց հետ Միշանյայի տուն: Եկա տենամ՝ Ռոմայի քուրը Կոծոսիկիս ոտը կծել ա: Մեղք էր էդ երեխեն: Մերն իրանով էր զբաղված, կլուբներով ֆռֆռում էր, քուրն էլ մնացել էր Ռոմայի վրա: Կոծոսիկս ասավ՝ մամ, էս աղջիկը սաղ նոր տարուն ոտիցս կպած ա եղել… Ինչ որայա, անցկացրինք նոր տարին ու հետ եկանք Մոսկվա:

Մաքսի տանը ուզած-չուզած դառանք հերոին անող էլի: Դե ինքը փող չէր ուզում, ոնց ասեցի, ինքը հերոին էր ուզում մեր ապրելավարձի տեղը: Մենք էլ ճարում էինք ու ինքներս էլ իրա հետ անում… Ախմախ վախտեր էին, ահավոր երկակի վիճակ էր, որ համ չէինք ուզում հերոին անենք, համ էլ անում էինք: Հերոինի տարօրինակ հատկություններից մեկն ա դա: Ինքը քեզ անընդհատ կանչում ա, ու դու ուզում ես, թե չես ուզում, մեկ ա, վերջն անում ես: Սկզբում ասում ես՝ չէ, ես հո նարկոման չեմ, մի երկու անգամ ա էլի, բան չի լինի, հո դեբիլի պես չեմ նստելու ասեղին: Բայց հետո նայում ես տեսնում՝ սաղ հերոինի աշխարհում են, դու մենակ, անկապ տեղ: Հետո կամաց-կամաց չես նկատում, ոնց ես քաշվում ոտով-ձեռով ամենակեր հերոինի աշխարհը: Ու ոչինչ չի մնում, բացի նրա ամեն ինչ շուրջդ լափող ու խաղաղացնող իրականությունից…

Տենց մի ամսվա չափ ապրեցինք Մաքսի տանը, հերոինախառն իրականության մեջ: Հետո մի հատ տուն գտանք Բուսինովոյում, օլիմպիական չեմպիոնների շենքում էր էդ տունը, առաջին հարկում: Միսենյականոց տուն էր: Սիրուն սարքեցինք, լվացի-մաքրեցի ես էդ տունը, ու տեղափոխվեցինք հունվարի վերջին, նույնիսկ օրն եմ հիշում՝ բուդդայական նոր տարվա օրն էր: Հերոինին ու Մաքսին էլ հաջող ասեցինք: Կոծոսիկիս գնացի, որ դպրոց տեղավորեմ, էլի չվերցրին, ես էլ ջղայնացա, ասեցի ջհանդամը, չեն ուզում վերցնեն` հեչ էլ ուզեն, մթոմ ի՞նչ են տալու իրան էդ դպրոցներում, որ ես չեմ կարա տամ, քանի տարրական դասարաններ ա, կարա և չգնա: Հետո էքստեռն, բան-ման կհանձնի, կգնա սովորի էլի: Ու սկսեցինք ընդեղ երեքով ապրել: Կատյան էր մեկ-մեկ գալիս Պիտերից, մենք էլ էինք գնում խոտի, մանրից ծախում էինք ու յոլա էինք գնում: Դանեկն էլ ակվարիում դնող էր տեղավորվել աշխատելու, բայց փող չէին տալիս, տենց էլ չտվին… Ես իհարկե գործ էի ման գալիս, բայց բացի մի հատ երաժշտական կրպակից, ուր տարբեր դիսկեր ու կասետներ էին ծախում, ոչ մի տեղ չկարացի գործ գտնեմ, ընդեղ էլ էնքան քիչ էր փողը դուս գալիս, որ անկապ գործ համարելով դուս եկա: Ու մնացինք խոտ ծախելու հույսին լրիվ: Հա մարդիկ էին գալիս-գնում, դե մենք իհարկե շատ զգույշ էինք մնում, որ անկապ-անծանոթ մարդիկ չլինեն, ու չէին լինում: Մենակ էն մարդկանց էինք ծախում, ում լավ ճանաչում էինք:

Լավ ժամանակներ էին: Մարթա շուն ունեցանք ընդեղ: Լակոտ էր մի ամսական, որ Դենիսն ու Օլյան տվին Կոծոսիկիս: Կոծոսիկս շատ էր սիրում էս շանը: Բայց շունը չէր դաստիարակվում: Տանում էինք դուրս, երկու ժամ ֆռֆռում հետը, իրա գործերը չէր անում, հենց բերում էինք տուն, թաքնվում էր մի տեղ ու ընդեղ անում: Ես զզվել էի արդեն սրա հետևից հավաքելով: Բայց շատ սիրուն շուն էր: Շիկակարմիր, հարթ մաշկով, որ մաշկը բռնում էիր, երկու անգամ կարայիր վրեն փաթաթես: Մերը դվարնյաժկա էր, բայց հերը ազնվական էր երևի թե, թե չէ որտեղի՞ց Մարթային տենց հիանալի կաշի: Մի անգամ էս Դենիսն ու Օլյան եկան, էս Կոծոսիկս էլ Մարթայի հետևից չէր մաքրել, ես էլ ջղայնացել էի: Կոծոսիկս դուրսը խաղում էր, սրանք էլ շանը վերցրին ու գնացին, թե ձեզ շուն պետք չի: Դե ես էլ տվի, ինձ իրոք շուն պետք չէր: Ես ընդհանրապես դեմ եմ բնակարանում շուն կամ կատու պահելուն: Գյուղում ուրիշ ա, գյուղում ազատություն կա, հայաթ-բան կա դռանդ: Իսկ ստեղ, քաղաքի բնակարանում, էս խեղճ կենդանիները պատեպատ են ծեփում՝ քիչ ա, հետն էլ ժամ են սահմանում տերերը, թե սրանք երբ պիտի զուգարան գնան: Մեղք են կենդանիներն էլ, տերերն էլ: Համ էլ շների բերանից, ինչքան էլ ուզում ա մաքուր պահես, միշտ վատ հոտ ա գալիս, ու տնից էլ ա էդ հոտից գալիս: Շուն ունենալով ես նոր հասկացա, թե մարդիկ ինչի են ասում՝ «շնահոտ ա գալիս»: Իրոք, էդ հոտը, շան բերանից եկող հոտը հատուկ հոտ ա, ոչ մի բանի հետ չես կարա համեմատես: Վերջը, սրանք շանը տարան: Կոծոսիկս դրսից եկավ, տեսավ շունը չկա: Լաց ու կոծը դրեց թե՝ շունս հետ բերեք: Զանգեցի Օլյային, սա ասեց՝ եթե ուզում ա հետ ստանա, թող վեր կենա գա տանի: Ասի՝ հեսա կգանք: Ասեց՝ չէ, մենակ թող ինքը գա: Ասի՝ ո՞նց գա ինը տարեկան երեխեն քաղաքի մի ծայրից, Բուսինովոյից հասնի Բաբուշկինսկայա: Ասեց՝ չեմ իմանում, թող գա, եթե ուզում ա շունը հետ ստանա, պիտի գա: Կոծոսիկս շիվանը դրել ա թե՝ մամա, թո գնամ: Ես էլ ապուշ-ապուշ թողեցի: Դե անցնելու ճանապարհ չկար, նստելու էր ավտոբուս` գնա հասնի մետրո, ընդեղից նստի մետրո, գնա Բաբուշկինսկայա, ընդեղ էլ ճանապարհ չկար անցնելու, ուղիղ գնալու էր Օլյայենց տուն: Վերջը գնաց: Ես էդ երկու ժամը մեռած էի, թաղած չէի, նենց էի կուչ եկել կպել պատից: Նստած աղոթում էի մենակ: Գնաց ու հետ եկավ բալես, ուրախ-ուրախ, շունը գրկին: Հպարտ էր ինքն իրանով, որ մենակ գնացել ա իրա շանը հետ բերել: Բայց էդ շունը տենց էլ չսովորեց կարգին, վախտին դրսում իրա գործերն անելը, արդեն եքա թուլա էր, հլա չէր անում: Ու մինչև վերջ էլ չարեց: Բայց շատ լավ ժամանակներ էին էլի, էդ ժամանակները երևի իմ կյանքի ամենալավ ժամանակներից էին: Արտյոմը մի հատ մեծ նարգիլե էր բերել, հավաքվում էինք, էս նարիգիլեն լցոնում բազմատեսակ հոտավետ թութունով, ծալպատակ նստում շուրջը, ծխում էինք ու զրուցներ էինք անում: Դե խոտն էլ իհարկե անպակաս: Հերոին-բան չկար: Կատյան էր գալիս-գնում, Տրուբաչը, Պաշայենք էին գալիս: Մի իրեք ամիս տենց ապրեցինք…

Դե ի՞նչ ասեմ, մեղքն ուրիշի վիզը գցելը մարդուն բնորոշ հատկություն ա, դրա համար էլ ես պիտի գցեմ մեկի վիզը: Էդ մեկը էս տանտիրոջ տղան դուս եկավ՝ Լյոշան: Միայնակ տղա էր Լյոշան, բարի ու պզուկոտ: Մերը տնից լարում էր, էս մեր վարձած տունն էլ հոր տունն էր, հերն ու մերն էլ բաժանված էին, նարկոմանի ստաժ ուներ, բայց թարգել էր մի տարի էր: Մի օր եկավ մեր տուն ու մնաց: Հետո էլի մնաց: Ու հետո սուս-փուս որոշեց, որ պիտի միշտ մնա: Խոհանոցում քնում էր: Սրա հայտնվելով տուն սկսեցին նորից մուտք գործել ծանր նարկոտիկներ: Մեկ-մեկ իհարկե, բայց համ վինտ էր լինում, համ հերոին, բայց չէինք «նստում» պլոտնի, նենց էլի, երկու շաբաթը, շաբաթը մեկ: Համ էլ Կոծոսիկս ինձ պահում էր, չէի կարա ես երեխեն մոտս նարկոման դառնամ: Մերոնք հա զանգում էին, թե բա ո՞նց կլինի` երեխեն դպրոց չի գնում, ուղարկի ստեղ գնա: Դե ես էլ ուղարկեցի:

Ու սկսվեց…

Մի անգամ գնացել էի Պիտեր, եկա տենամ՝ մեր տնից դուրս եկող, մեր տանն եփած վինտի հոտը միջանցքով մեկ ա ընկել: Ես չէի թողնում, որ տանը եփեն, ասում էի՝ բերում եք, բերեք, իսկ տանը ոչ մի դեպքում, իմ տունն իմ ամրոցն ա, ուր ապրում ես, չպիտի քաքես ըտեղ: Դե սրանք էլ` էս Դանեկն ու Լյոշան, օգտվել էին առիթից, որ ես չկամ, ու վինտ էին եփել տանը: Էդ կատաղելն էր, որ ես կատաղեցի: Ես էլ որ կատաղում եմ, լրիվ անկապանում եմ: Սկսում եմ խելահեղ բաներ անել: Դե էդ վախտվա խելահեղությունն էլ էղավ էն, որ ես սկսեցի սպիդ շնչել: Էս քաքն էլ նենց բան ա, կարաս շնչես, կարաս սրսկվես, կարաս դաժե ծխես: Քեզ սարքում ա ամենակարող: Ստիմուլյատոր ա էլի, ամֆետամին: Լիքը էներգիա ա հավաքվում մեջդ, որն ուզես-չուզես պիտի ծախսես: Եթե սպիդ ես օգտագործում, պիտի կանգ չառնես, չնստես անկապ, ասենք, կամ չպառկես, թե չէ արյունդ կանգնում ա քո կանգ առնելու հետ միասին, ու չգիտեմ ի՞նչ ա սկսվում, բայց դու դառնում ես սառած ջրի պես, որ դնում են խոլոդում մի շշի մեջ, իսկ ինքը սառելով աճում ա ու ուզում ա դուրս գա, բայց դուրս գալու տեղ չունի, ու դու ուզում ես պայթես: Պիտի պարես, գործ անես, սեքսով զբաղվես, ինչ ուզում ես անես, մենակ չմտածես, որովհետև կդադարես շարժվել, ու մեջիդ մժեղները կբազմանան էդ վախտ, դու էլ կուզես պայթել: Իսկ ես, ինչպես ամեն ինչում, էստեղ էլ բոլորի պես չէի վարվում, ես սպիդ էի շնչում ու սկսում մտածել ու մանրից խելագարվում էի: Ու էդ ամենի վերջը իհարկե կարող էր տալ միայն ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՈՒ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՀԵՐՈԻ՜ՆԸ: Նա թուլացնում էր քեզ, արյունդ սկսում էր խաղալ, ջրիկանալ, ճնշումդ կարգավորվում էր, մտքերդ խաղաղանում էին: Սկսվեց մարաթոնը16 էդ վախտերը: Հայտնվեց Յուրա Զելյոնին, որի մի ձեռքի հպումը հավասար էր հերոինի, թե դա ի՞նչ գաղտնիք էր՝ ես մինչև հիմա չեմ հասկանում: Մեր մեջ ինչ-որ տարօրինակ կապ ստեղծվեց, մենք սեքս չէինք անում, մենք ուղղակի շոյում էինք իրար, միայն շոյում: Ինձ մոտ կար հիմա երկու կախվածություն` նարկոտիկներից ու Յուրայի շոյելուց…

Վերջը, մի որոշ ժամանակ էդ մղձավանջի մեջ գոյատևելուց հետո, երբ մեր Բուսինովոյի տունն այլևս դադարել էր իմը լինել, ինչ-որ արագ մարաթոնից, մի նարկոտիկից մյուսը փոխանցվելով, ես որոշեցի հեռանալ ընդեղից: Չգիտեմ՝ որպես լավ հիշեմ էդ օրերը, թե` վատ, որովհետև էդ ժամանակներում դա իմ աշխարհն էր, իսկ աշխարհը լավ կամ վատ չի լինում, ուղղակի լինում ա, ու ոնց տեսնում ես, նենց էլ կա: Ես միշտ մտածել եմ, թե մարդ ինչի՞ համար ա լույս աշխարհ գալիս, ապրում ու հետո մեռնում: Ինձ համար էդ հարցն ունի մի քանի պատասխան, ու դրանցից մեկն էն ա, որ մարդ աշխարհ ա գալիս իրա նմաններին, ու ոչ միայն, գտնելու ու ճանաչելու համար: Այլ կերպ ասած, ես նաև զբաղվում էի էս կյանքում մարդկանց հավաքածու, կոլեկցիա իմաստով, հավաքելով: Տարբեր մարդիկ տարբեր տեղեր են լինում: Իսկ դա նշանակում էր, որ ես պիտի անցնեմ դժոխքի բոլոր շրջաններով, պիտի ընկնեմ բոլոր հատակներն ու բարձրանամ բոլոր բարձունքները, պիտի քաշեմ բոլոր ցավերը, զգամ բոլոր տանջանքները, պիտի վայելեմ բոլոր հաճույքները, իմանամ բոլոր կայֆերի գինը, ապրեմ՝ քայլելով ածելու վրայով առանց ոտքերի, ապրեմ՝ թռչելով դեպի փայլուն ապագա առանց թևերի, վճարելով դրանց դիմաց իմ կյանքով, ապրեմ՝ սիրելով ու ատելով իմ իսկ կյանքը, իմ իսկ սերերին մեկ դեպի ինձ գայթակղելով, մեկ վանելով` առաջին հայացքից թվում ա թե առանց պատճառի, բայց պատճառներ իհարկե լինում էին, ուղղակի շատ ժամանակ ես ինքս էի աղոտ հասկանում կամ պատկերացնում դրանք:

Դանեկը լքվեց Լուսինեի կողմից առանց պատճառի՝ կգրեին իմ կյանքի տարեգրությունը կազմողները, բայց իհարկե կսխալվեին: Դանեկի դեպքում պատճառ կար, ու ես շատ լավ գիտեի էդ պատճառը, դրանք նույնիսկ մի քանիսն էին: Մի քաքի ընդեղ, ուր քնում ես: Նա իմ տունը սարքել էր նարկոպրիտոն, վինտ էր եփում իմ տանը, մեր տանը, որովհետև մենք ընտանիք էինք: Մի կարդա ինչ-որ ապուշություն վերացած հայացքով, երբ քո սիրած մարդու մոտ ատխադնյակ ա, արյունը սառած, աչքերը չռված, մի բան արա, սիրի, շոյի, սփոփի, չգիտեմ ինչ, բայց մի բան արա: Մի փակի աչքերդ, յանըմ չես տեսնում, որ մեկ ուրիշն ա դա անում, դա տհաճ ա մինիմում: Մի սիրի շանն ինձնից ավելի: Մի խնդրի չգնալ, երբ ես արդեն գնացել եմ: Երևի թե հերիք են պատճառները: Հա, թող որ մեծամասամբ էգոիստական պատճառներ են, բայց դե ես էլ Բուդդա չեմ դեռ, ունեմ մարմին և ԷԳՈ:

Ու գնացի: Հա, մոռացա Թոմասի մասին: Դե Թոմաս էր էլի, եկել էր, խոտ էինք ծխում մեր տանը: Ուղղակի ծանոթացանք էդ վախտ, տեկիլա էր բերել, խմեցինք, ծխեցինք ու գնաց: Ասեց՝ տուն եմ վարձում Մեդվեդկովո, մորս տնից գնացել եմ, մենակ եմ ապրում, եթե պետք լինի տուն, կարամ տամ մնաք: Էն վախտ ասվում էր ինձ ու Դանեկին, երբ դեռ ընտանիք էինք: Հոգնել էի մի խոսքով, տհաճ էր ինձ իմ տունն այլևս, հավաքեցի մի քիչ վեշ-վուշ ու գնացի Զելյոնու հետ: Սկզբում նրա լվացքի մեքենայով լվացք անելու, բայց էդ լվացքն էլ հետ չեկավ Բուսինովոյի տուն: Մնացի ընդեղ: Լավ էր Զելյոնու հետ, մի տեսակ խաղաղ էր: Զելյոնին ինքը հերոինն էր, նույն հատկանիշներով: Նրա հետ չէի վախենում, հանգիստ էի, մոռանում էի ժամանակի մասին, նրան չէի սիրում, բայց ուզում էի, որ ինձ շոյի, դե տենց էլի, ոնց հերոինն ա: Զելյոնին միսենյականոց տուն ուներ Ավտոզավոդսկոյ մետրոյի մոտ ու ընկերուհի՝ Օքսանա անունով, որն իհարկե չէր հասկանում մեր կապի իմաստը և բնականաբար խանդում էր: Մենք նրանից թաքցնում էինք, որ ես Զելյոնու տանն եմ ապրում, երբ միասին նստում էինք իրիկունները, ես մթոմ հավաքվում էի ու տուն էի գնում, բայց հենց Օքսանան մտնում էր մետրո, ես հետ էի գալիս, ու ես ու Զելյոնին ինչ-որ մի բան մոգոնում էինք միասին, զամուտ էինք անում, պիվա էինք խմում կամ հերոին հայթայթում, այ վինտ երբեք միասին չարեցինք տենց էլ, կամ էլ ծխում էինք: Խաղաղ նարկոմանիա էր մի խոսքով: Համով ճաշեր էի եփում, տունն էի պլպլացնում իմ խասյաթի համաձայն, տնտեսություն էի վարում Օքսանայից թաքուն: Ապրում էինք էլի: Զելյոնին մի անգամ, երբ նրան ասեցի, որ ես իրա համար ոչինչ չարժեմ, ու հենց նենց էլի, պատահական մարդ եմ իրա կյանքում, իմ ձեռքից վերցրեց իմ հերոինի շպրիցը, որտեղ իմ արյունն էր, ու իմանալով, որ ես հեպատիտ ունեմ, ու ինչ ա հեպատիտը, հավաքեց հերոինն ու ինքն իրան ներարկեց՝ ապացուցելու համար, որ ես իրա համար շատ թանկ եմ, ու նա պատրաստ ա ինձ հետ կիսելու իմ ցավը: Ցավդ տանեմ: Հայկական ասացվածք: Զուտ հայկական: Բայց ամենաքիչը հայերն են տենց վարվում, մենակ ասում են աջ ու ձախ, և ինչպես ամեն բառ, երբ օգտագործում ես տեղին ու անտեղի, կորցնում ա իմաստը, տենց էլ հայկական իրականության մեջ «ցավդ տանեմն» ա կորցրել իրա իմաստը: Հիմա շուկայում կանաչի ծախողն ու կանաչի առնողն են իրար «ցավդ տանեմ» ասում Հայաստանում, ու ոչ մեկն ա ուզում մյուսի ցավի մասին իմացած լինի, ոչ էլ մյուսը: Մեկն ուզում ա էժան ծախի, մյուսն էլ էժան առնի ընդամենը: Բայց Զելյոնու «ցավդ տանեմն» իսկական էր, ես երբեք էլ ոչ մեկից նման արարք չեմ տեսել: Իհարկե անիմաստ ու չմտածված, թեթևսոլիկ քայլ՝ համընդհանուր կարծիքի համաձայն: Բայց ինչպիսի՜: Հետո Զելյոնին իհարկե հիվանդացավ ամիսուկեսից, ժամը ժամին, պառկեց հիվանդանոց ու սկսեց ապրել իմ ցավից իրան փայ առած… Զելյոնին բի էր, համ աղջիկ էր սիրում, համ տղա: Բայց դա հեչ կարևոր չէր: Նա ինձ համար Զելյոնի էր, կուզնեչիկ, հարազատ ու թանկ մարդ: Վերջը, մի որոշ ժամանակ մնացի Զելյոնու հետ, Օքսանայի սպառնալիքների ներքո, բայց դա էլ էր ստիմուլ տալիս, արգելված պտուղ էր: Դեռ Բուսինիովոյում ապրելու ժամանակ ես ու Զելյոնին մի անգամ փախանք Պիտեր: Ու էդ վախտ Դանեկն էլ էր եկել Պիտեր, բայց մենք տարբեր տեղեր էինք մնում, հանդիպում էինք մեկ-մեկ, ու Դանեկն ինձ էր նայում ու ասում էր.

– Ի՞նչ ես անում, Լյուսյա:

– Ապրում եմ, Դանեկ, քեզ հետ չէի ապրում, ես չեմ կարա շունիկի հետ ապրեմ:

– Բայց Զելյոնին էլ կուզնեչիկ ա:

– Ես էլ ճպուռ եմ, Դանեկ…

Դա մեր վերջին զրույցն էր: Պիտերում գնում էինք փարթի, այսինքն՝ երեկույթ, մի խոսքով ինչ-որ մեծ, կուլտուրայի պալատի շատ մեծ դահլիճում ամբողջ գիշեր դիսկոտեկ էր՝ դի-ջեյներով, բանով, ահռելի միջոցառում: Մեր ընկերներն էին անում՝ Միշան ու Ռոման, դի-ջեյներ էին իրանք, մենք էլ ձրի մտնում էինք: Սպիդ էինք շնչում ու սաղ գիշեր պարում էինք, ես երբեք տենց չեմ պարել, ոնց սպիդի տակ: Կամ էլ պիտերսկի կիսլատա, կամ ԼՍԴ: Բնական, առանց մտածելու, ազատ շարժումներով պարում էի, ձեռքերս բարձրացնում էի վեր ու ելևէջներ էի անում՝ մերթընդմերթ թռչկոտելով, ինքս ինձ շոյելով, շատ սեքսուալ պար էր դառնում: Հետո հոգնում էի ու գնում չիլաութ, այսինքն` հանգստի տեղ, ուր լրիվ ուրիշ երաժշտություն էր, հանգիստ, տրանսից հետո լրիվ դզում էր: Պառկում էի դիվանչիկին ու փսիխոդելիկ իրականության մեջ լողում, լողում, լողում: Մինչև որ զգում էի, որ արյունս սկսում ա սառել էլի. դուրս էի գալիս նորից տանց-պոլ: Ու էդպես ամբողջ գիշեր: Մի գիշերվա մեջ հինգ կիլո նիհարում էի: Էդ վախտերը մի քառասունհինգ կիլո էի ես: Մարաթոն էի անում: Դա ստիմուլյատոր կամ փսիխոդելիկ նարկոտիկ մի քանի օր իրար հետևից օգտագործելն ա, երբ բանը չես հասցնում ատխադնյակի, միանգամից դագոնկա ես անում: Ոնց որ ալկաշների մոտ զապոյն ա: Հետո իհարկե ահավոր ատխադնյակ ա լինում, անպատմելի ու անտանելի: Մարդիկ մարաթոնի մեջ սեքս են անում անընդմեջ, բայց ես երբեք չէի անում, չգիտեմ խի, մի տեսակ ափսոսում էի խառնեմ էդ երկու փսիխոդելիկ վիճակները: Հա, ես օրգազմն էլ եմ համարում փսիխոդելիկ վիճակ, էդ մի քանի վայրկյանը դու հո էս իրականության մեջ չե՞ս, բոլորովին այլ տեղ ես լինում: Օրգազմն էլ ա հետաքրքիր վիճակ շատ: Շատ սեքսով զբաղվել սիրող մարդիկ էլ նարկոմաններ են, սեքսի նարկոմաններ: Համ էլ բնական էնդորֆիններ են արտազատվում օրգազմի ժամանակ, նենց որ նարկոմանիա ա, որ կա սեքսը: Ես սեքսով սիրում էի զբաղվել ատխադնյակների ժամանակ ավելի շատ, օգնում էր, բնական էնդորֆինները փափկացնում էին իրավիճակը: Եթե պարտնյոր չէր լինում ատխադնյակի ժամանակ, մաստուրբացիայով էի զբաղվում, ի՞նչ տարբերություն, նույնիսկ ավելի լավ էր լինում, ամեն ինչ իմ հսկողության տակ, իմ ուզածով: Սիրում եմ մաստուրբացիայով զբաղվել, օգտակար բան ա: Եթե մեկին ցույց տան, որ հաստատ մաստուրբացիայով չի զբաղվել կյանքում, ես կասեմ, որ նրա տեղը հոգեբուժարանն ա:

Վերջը: Մարաթոնների մեջ էի ընկել ես: Հյուծվել էի ու երբ վերադարձա Մոսկվա կրկին, Յուրայի Օքսանան բռնացրեց, որ ես Յուրայի տանն եմ ապրում, ու ես ստիպված եղա նրանց հարաբերությունները չփչացնելու համար գնալ Յուրայի տնից: Զանգեցի Թոմասին, հարցրեցի, թե ուժի մե՞ջ ա դեռ առաջարկդ քո վարձով տանն ապրելու, ու ստացա դաբրո: Յուրան էլ տաքսի կանչեց ու իմ լվացքախառն վեշերը դնելով հետս` տարավ Թոմասի տուն:

Դե հիմա էլ էս ա, ես Թոմասի հետ եմ, մենք իրար շատ ենք սիրում, բայց նարկոման ենք: Ամեն ինչի նարկոման ենք: Հերոին, հերոին, հերոին, հետո վինտ, սպիդ, կիսլատա, հետո էլի հերոի՜ն, հերոի՜ն, հերոի՜ն:… Ու հիմա պիտի մի բան անեմ, որ պրծնի սա, որ դառնամ էլի նույն Լուսինեն: Որ ուղղակի սիրեմ Թոմասին, լինեմ իրա հետ, որ կարողանանք ապրել նորմալ մարդկանց նման: Կհաջողվի՞, չգիտեմ: Ու դա արդեն ուրիշ պատմություն ա:

2006-2007 թթ.

Ծանոթագրություններ

1. Մարիխուանա, խոտ, պլան, շմալ (шмаль), մաֆաֆա(ազդող նյութը` կանաբիս, կանաբիոլ, կանեփ) – բուսական ծագման, գիտակցության վրա ազդող նյութ, օրենքով ընդունված ա համարել նարկոտիկ, սակայն օգտագործվում ա շատ հիվանդությունների բուժման համար և որոշ երկրներում լեգալիզացված ա: Մասնավորապես, մարիխուանան կիրառվում ա որպես ցավազրկող, ախորժաբեր և թեթև անտիդեպրեսանտ ֆիզիկական ծանր հիվանդությունների դեպքում (քաղցկեղ, ՍՊԻԴ (ՁԻԱՀ), Հեպատիտ C), դրանց թերապիայի ժամանակ դուրս ա գրվում բժշկի կողմից և վաճառվում դեղատներում: Համարել մարիխուանան նարկոտիկ, թե ոչ, շատ վիճելի հարց ա, որովհետև չափավոր օգտագործման դեպքում չի առաջացնում ֆիզիկական կախվածություն: Բայց կարող ա բերել նրան, որ հաճախակի օգտագործման դեպքում սկսի չազդել, և պատանիները սկսում են ուրիշ, ուժեղ «կայֆ» փնտրել և «նստում» են ծանր նարկոտիների վրա:

2. Ինսուլինկա – ինսուլինային միանգամյա օգտագործման ներարկիչ, շպրից, որը շատ սիրվել ա հերոինշիկների կողմից, քանի որ ունի բարակ ասեղ ներմաշկային սրսկման համար նախատեսված ու սրսկվելուց` շատ ցածր տրավմատիզմ:

3. Վինտ (винт) – ստիմուլյատոր-նարկոտիկ, որը օրգանիզմի էներգիան իր ազդեցության ժամանակահատվածում կենտրոնացնում և ակտիվացնում է և քեզ սարքում ամենազոր: Սուռոգատ-նարկոտիկ է, «աղքատների» նարկոտիկ, ինչպես ասենք, խուժան օղին: Եփվում ա «Սոլուտան» հազի դեմ պրեպարատից էֆեդրինի առանձնացմամբ, յոդով, բենզինով, կալի պերմանգանատով և էլի ինչ-ինչ ռեակտիվներով:

4. պրիխոդ (приход – ժամանում)- նարկոտիկի ազդեցության գալու պահը

5. պադսադնոյ (подсадной) – ներդրված

6. Հերոին – կարծում եմ բացատրության կարիք չկա, բայց ասեմ: Բնական նարկոտիկ, որը պատրաստվում ա խաշխաշի (կակաչ) կաթից, օփիատների խմբին ա պատկանում, բժշկական տարատեսակն ա մորֆինը, օգտագործվել ա որպես ցավազրկող և անտիդեպրեսանտ ի սկզբանե, բայց ինչպես ամեն բան, մարդիկ սա էլ են կարողացել կայֆ սարքել:

7. Սպիդ (speed), կամ PSP – կապ չունի սպիդ հիվանդության հետ, անգլերեն «արագություն» բառից, առավել տարածված անունը` Պիտերսկայա կիսլատա, փսիխոդելիկ նարկոտիկ, գումարած ինչ-որ քանակությամբ քիմիական օփիատներին փոխարինող բաղադրիչներ:

8. Փշեր, կիսլատա (кислота – թթու) – փսիխոդելիկ նարկոտիկ, LSD-ի տիպի, մի քիչ այլ քիմիական բաղադրությամբ:

9. Մարկաներ, մարկեք – նույնը:

10. Զամուտ (замутить – պղտորել, խառնել) – ինչ որ բան ձեռնարկել, մոգոնել, ցրցամ տալ, խառնվել իրար նարկոտիկ ձեռք բերելու նպատակով, շատ հաճախ կատարվում ա խմբակային, մի քանի հոգով և ստեղծում միասնական լինելու պատրանք:

11. բարիգ (барыг) – նարկոտիկ մանրածախ վաճառող

12. Ստրելկա խփել (стрелка – սլաք) – ժամադրվել

13. Լոմկա, (ломка – կոտրված) – թմրանյութի ուժեղ կարիք, երբ անհնար ա դառնում զսպել ցանկությունը, ինքնազսպման օտարում: Իրավիճակ, երբ մարմինդ ու հոգիդ «ջարդվում» են, ամեն մեկի մոտ դա կատարվում ա յուրովի, ամեն մեկն ունի իրա «լոմկայի» ուրույն տեսակը, և ամեն մեկի մոտ դա «ավելի վատ ա, քան մյուսների մոտ», ամեն մեկի մոտ դա ցավերից ամենաանտանելին ա, երբ «սիրտդ բերանովդ դուրս ա գալիս, ոռուգլուխդ խառնվում ա, կռիշդ թռնում ա»: Նաև կոտրված, հուսահատ վիճակ:

14. Ատխադնյակ (отходняк) – ֆիզոլոգիական և հոգեբանական վիճակ, երբ նարկոտիկի ազդեցությունը սկսում ա թուլանալ:

15. Ջա – Ռաստաֆարա աստված: Ռաստաֆարացիները, կամ Ռաստաման ուղղակի, ծագումով Ջամայկա կղզուց: Ընդեղ համարվում ա, որ Ջային, որ մեր Քրիստոսի տեղն ա իրանց մոտ, Աստված ուղարկել ա մարդկանց մոտ, որ նա սովորացնի մարդկանց մաֆաֆա ծխել ու միանալ աստվածային գիտակցությանը, հասկանալ լավն ու վատը, չարն ու բարին: Ամենաճանաչված ռաստամանը երաժիշտ, երգիչ Բոբ Մառլեյն էր, ռաստամանների երաժշտությունը` ռեգգին:

16. Մարաթոն – իրադրություն, երբ մի որոշ ժամանակ, առանց դադարի, երբ բանը չես հասցնում նրան, որ նարկոտիկի ազդեցությունը թուլանա, այլ «դագոնկա» ես անում, այսինքն ավելացնում ես դոզան, որպեսզի մնաս նարկոտիկի տված նույն վիճակում:

Show Comments Hide Comments

4 thoughts on ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ

  1. Սամվել says:

    Հայ ժողովուրդը այնքան ցածր է ընկել, որ այս նարկոմանի զառանցանքները արդեն գրականություն է համարվում։ Հաջորդ էտապը կլինի փողոցային հայհոյանքների հրատարակությունը որպես գրական գլուխգործոց ու կուղարկվի Շվեդիա – Նոբելյան մրցանակի հավակնություններով։

  2. Քննադատ says:

    Հեղինակը գրում է, որ մի աղջիկ ունի։ ես էլ կասեի, որ այդ աղջիկը ապագա չունի, եթե հեղինակի նման տխմար մայր ունի։ Տո, այ ապուշ ոջիլ, բան գրի, բան հասկանանք։

  3. Support says:

    Մի ջախջախեք մարդուն, շատ էլ հետաքրքիր է, Լուսինե ջան, հույսով եմ հաղթահարել ես խնդիրներդ։

  4. Emil Galstyan says:

    Յախք …. Աստված հոգիտ լուսավորի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *