Խի՞ եմ ես սենց աննորմալ

Խի՞ եմ ես սենց աննորմալ։

Գլուխս դժժում ա, եռում ա, պայթում ա, եփում ա, իլլում ա, կյանքիս պլիտեն կեղտոտվել ա, պեմալյուքսս (մերվելու էներգիա) պրծել ա, էլ ուժ չունեմ պռտեմ, մաքրեմ… Ոչինչ չունեմ կորցնելու, տենց եմ կարծում, էլ չեմ կարա լռեմ, պտի գրեմ։

Բուդ շտո բուդետ…

Իմաստուններն ասում են. որոշելն ու անելը քո պրոբլեմն է, անելուց հետո՝ ուրիշներինը։

Ես գրում եմ։

Դե լավ, ասենք, որոշեցի, վսյո, գրում եմ։ Բա ի՞նչ եմ գրում։ Պա, քու, տնաշեն, էդ էլ բա՞ն ա մտածելու։ Ես` էն էլ բան չունենա՞մ գրելու։ Այ, բառ կարող ա չունենամ, ռուսախոս եմ, ռուսամետ եմ, հայատյաց… արդեն չեմ։ Բայց հայագետ էլ չեմ։ Վախտին լավ-լավ շարադրություններ էի գրում, տեղական ռադիոյով դաժե կարդում էին։ Օրագիր էի գրում, հետո կարդում էի ու զարմանքով մտածում. «Էս ե՞ս եմ գրե»։ Մերս գտե, կարդացել էր տասնչորս տարեկանիս երազանքների մասին, անմեղ էրոտիկ ֆանտազիաների մասին (ձեռքս բռներ, թուշս պաչեր, կողքս նստեր…) ու գլխիս շան օր սարքե։ Ասել էր… ի՞նչ էր ասե, հիմա էլ չեմ հիշում, բայց շատ վատ-վատ բաներ էր ասե։ Նենց էր ասե, որ ես ինձ ուժեղ աննորմալ էի զգացել։ Բայց դե էլի թաքուն-մաքուն գրում էի, դոշակիս տակ պահում, հետս տանում-բերում՝ ուր գնում էի։ Հետո մեծացա։ Հետո Բրեժնևը մեռավ, ու վսյո, պրծավ իմ «լավիկության» շրջանը…

Մեկ-մեկ նստում, մտածում եմ, թե ինչի՞։ Ե՞րբ սկսվեց։ Ինչի՞ց։ Ինչի՞ ես էլ խալխի հազարավոր կնանոնց նման չեմ կարա մարդի գնամ, հետը քնեմ, երեխեք բերեմ, պահեմ, շոր առնեմ, շոր լվամ, սերիալ նայեմ, նստեմ-բամբասեմ ծյոծյեքի հետ համ իրական մարդկանցից, համ էլ հիպոթետիկ սերիալային հերոսներից…

Ի՞նչ եմ ես ուզում։ Կարո՞ղ ա ձևեր եմ տալիս։ Տիպա պա ժիզնի բախտ չունեմ, ձև եմ տալիս՝ միթոմ ալտեռնատիվնի եմ, սաղին նման չեմ, հատուկ եմ, նմանս չկա… Աննմա’ն եմ ես։ Դրա համար ծխում եմ, սերիալ չեմ նայում, չէ, նայում եմ մեկը, եթե դա էլ չնայեմ, ինձ լրիվ աննորմալ կզգամ։ Սենց նայում եմ ու ինքս ինձ ասում եմ` ըհը, նորմալ եմ, ես էլ եմ մի հատ սերիալ նայում։ «Սանսեթ բիչ» ա կոչվում։ Նայում եմ էլի։ Կյանքը ինչ-որ ռիթմիկ սարքող, նման մի բան կա սերիալ նայելու մեջ։ Նայում ես ու ոնց որ հունի մեջ լինես, տեմպից չես ընկնում։

Գալիս եմ տուն, տեղերս գցում եմ, տատիս հետ զրուցում եմ։ Ինքը պատմում ա հազարերորդ անգամ ինչ-որ մի պատմություն, ես էլ մթոմ առաջին անգամ եմ լսում, չեմ ուզում կայֆալոմ անեմ։ Լսում եմ, հետո գրկում, պաչում եմ։ Էլի դարդ ա անում տատս, թե խի իմ կյանքը սենց դառավ։ Ես էլ ասում եմ՝ ի՞նչ ա, տատի, լավ ա, էլի։ Ի՞նչս ա պակաս։ Ասում ա՝ բախտ չունես։ Ասում եմ՝ տատի ջան, ով ինչ ուզում ա կյանքից, էն էլ ստանում ա։ Ասում ա՝ բա խի՞ տուն չունես, մի աման չունես, մի աթոռ չունես, մի լավ մարդ չունես։ Ասում եմ՝ որովհետև ես չեմ ուզում։ Ասում ա՝ ո՞նց չես ուզում։ Ասում եմ՝ հա, տատ ջան, իմ համար դա կարևոր չի, ուզում եմ, բայց ուժեղ չեմ ուզում։ Ասում ա՝ բա ի՞նչն ա կարևոր։ Ասում եմ՝ իմ համար կարևոր շատ-շատ բաներ կան, բայց ամենակարևորն էն ա, որ ես հանգիստ քնում եմ, թշնամի չունեմ, ինքս ինձ հետ խաղաղ եմ։ Ներսս չի եփում խալխերի նման, ես չեմ նախանձում, վատը չեմ ուզում ոչ մեկի։ Ոչ մեկին վատ մարդ չեմ համարում, ամեն մեկն էլ մի բան կունենա, որի համար կարաս՝ թե չսիրես, գոնե չատես… Դա տենց չի եղել, ես տենց չեմ ծնվել, աշխատել եմ, ինձ ստիպել եմ ինչ-որ բանում։ Հասկացել եմ, որ ամեն մարդ էգոիստ ա ի սկզբանե, մեկը՝ քիչ, մեկը՝ շատ։ Պիտի կարաս հասկանաս՝ որտեղ ա էն գիծը, երբ էգոիզմին պիտի սահման դնես։ Ու դնում ես։ Հոգեպես հարստանում ես էդ վախտ, տատի։ Պայծառանում ա գիտակցությունդ, մտքերդ մաքրվում, դառնում են զուլալ, մտորումներդ` բարի, գործողություններդ՝ հնարավորին չափ անվնաս… Հիմա դա իմ միակ հարստությունն ա, տատի։ Ուրիշ պետք չի հլա որ, որ պետք լինի, ինքը կգա։

Հետո սկսվում ա սերիալս։

Ամերիկա, սաղի ատամները սիրուն, սպիտակ, սաղ առավոտից քսված-մսված, սաղ իրար հետ ինչ-որ սյուժետային գծով կապված։ Սեր, հիշողությունը կորցրած, մեռած-հարություն առած մի չքնաղ էակ, դավաճանություն, մարդկային ամենալավ ու ամենավատ հատկանիշների հակադրություն, ակնթարթային թռիչք մի դիալոգից մյուսին… Վոբշմ, սերիալ ա, էլի, մնացածների նման…

Լավ գործ ա սերիալի սցենար գրելը երևի։ Դե եթե ես՝ հանդիսատեսս, նստած տեղս գուշակում եմ, թե ինչ զարգացում կունենա սյուժետային էս կամ էն գիծը, ու տենց էլ լինում ա, էլ ի՞նչ մի դժվար բան կա սցենարիստի համար։ Մանավանդ տենց սիրուն-սիրուն դերասաններով կինոյում, որ ինչ էլ անես, կնայվի։ Դե, անում են, ես էլ նայում եմ… Դա մի տեսակ ինձ տալիս ա ընդհանուրի մասնիկ լինելու զգացում, մարդկության էս ՀԱՅԱԳԱՎԱՌԻ մասսայահոտի անդամ լինելու զգացում, թե չէ՝ գժվել կարելի ա։ Բայց էստեղ էլ սաղի պես չեմ անում։ Էս սերիալը հատուկենտ մարդ ա նայում մեր գավառում ։o) Հատուկ չէ, տենց ստացվում ա։

Ասում են՝ եթե մարդուն լիքը ասես՝ խոզ ես, խոզ ես, նա վաղ թե ուշ կսկսի խռխռալ։

Ուրեմն սենց. ես չեմ ուզում խռխռալ։ Ես խոզ չեմ։ Ուղղակի ուղեղումս ինչ-որ կնոպկա կարոտկի ա տվե երևի, լռվել ա։ Հիմա միացնում-անջատում եմ, քանդում-սարքում եմ, էլ իզալացիոն չմնաց փաթաթեցի վրեն, մի քիչ մնում ա, իզալացիոնը հետ ա ֆռռում, չի պահում, թռնում ա, էլի։ Բա ի՞նչ անեմ։

Ես գիտեմ՝ ինչից ա սաղ սկսվե։ Այսինքն, ինձ տենց ա թվում։ Փոքր էի, սիրունիկ, շեկլիկ աղջիկ էի, սաղի ուշադրության կենտրոնում, սաղ սիրում էին, ու ինձ թվում էր, որ եթե ես չլինեմ, սաղ չեն լինի, աշխարհը չի լինի։ Հետո մեռավ ինչ-որ մոտիկ մեկը, ես էլ տեսա, որ նա մեռավ, իսկ մնացած աշխարհը սաղ մնացին իրանց տեղերում։ Ցնցվել էի։ Հիասթափվել։ Ո՞րն էր էդ խեղճ մարդու աշխարհափայը։ Ինչի՞ թողեց ու չտարավ… Բա ես ի՞նչ եմ տանելու։ Կյանքն ինչի՞ համար ա։ Ես ո՞վ եմ։ Ինչի՞ համար եմ ծնվել։ Որ ի՞նչ դառնա։ Բա հետո ի՞նչ ա լինելու, որ ես էլ մեռնեմ։ Սկսեցի ինքս ինձ հարցեր տալ։ Դա աննորմալության սկիզբն էր։ Ոչ մի նորմալ մարդ, համենայն դեպս չորս տարեկան հասակում, իրան տենց հարցեր չի տալիս…

* * *
Թու քու կյանք ասողի, իրեք ժամ ա՝ մերս հետևս նստած, չեմ կարում թե մի բան գրեմ։ Չեմ ուզում իմանան, որ գրում եմ, ձեռ կառնեն երևի։ Կամ էլ կկարդան, կասեն` էլի մեզ խայտառակ ես անում, մեր տան կուխնյան համայն աշխարհին ես ներկայացնում։ Բայց ես ի՞նչ անեմ, չեմ կարա չանեմ, էլ չեմ կարում ապրեմ էս երկերեսանի կյանքով։ Թող, թող սաղ իմանան` ոնցն եմ ես։ Էդ վախտ ով կընդունի ինձ ըտենց, կընդունի սրտանց, իսկ ով էլ չէ, թող փնովի իրա համար, դա արդեն իմ պրոբլեմը չի։

Էս ա իմ խոզակյանքափայը…

* * *
Նստած պատճառ եմ ման գալիս։
Բրեժնևն էր մեղավորը, որ իմ ավարտելու տարին մեռավ…
Գարբաչովն էլ,
Ելցինն էլ…
Տեր-Պետրոսյանը՝ չէ, իմ կյանքի հետ հեչ կապ չուներ, Լենինգրադ էի էդ վախտ։
Քոչարյանը հաստատ ա մեղավոր, երկրի ղեկավարը պիտի իմանա՝ ոնց ա իրա հայագավառում մի Լուսինե տանջվում իրա աննորմալությունից…
Հիմա արի, Լուսինե ջան, նստի էստեղ, ու թաքուն-թաքուն բաներ գրի…

* * *
Ուֆֆ, մերս գնաց ։) Չէ, լավն ա, վատ կնիկ չի մերս, վատը ես եմ, որ չեմ կարում մերվեմ։
Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։ Ուզում եմ նորմալ լինել։ Բա ո՞նց ապրեմ հետո։

Հերս ասում ա.
– Դու տաղանդ չունես, միայն տաղանդավոր մարդկանց են ներվում նորմայից այդաստիճան շեղումները։
Հերս խելոք մարդ ա, ճիշտ ա ասում երևի։ Բա հմի ես ի՞նչ անեմ, որ տաղանդ չունեմ։ Ո՞նց ապրեմ։ Հը՞։ Գուցե գնամ քցվե՞մ։ Լաց կըլնեն երևի, կփոշմանեն սաղ, որ մեկն էս չասեց, մեկն էն չարեց… Բա որ չմեռնե՞մ, ինվալիդ մնամ։ Չէ, վարիանտ չի, չելավ սենց։ Կարող ա վաբշե մի անկապ տեղ հետո ծնվեմ… Ուրիշ բան ա պետք ճարել։ Գուցե մարդի՞ գնամ։ Բայց ո՞ւմ գնամ։ Ֆու, ինչ ապուշ արտահայտություն ա` մարդիգնացություն։ Չեն կարա ասեն՝ կյանքի ընկերոջդ գտի, կեսիդ գտի, սրտահոգիդ խաղաղացրու։ Չէ, ասում են՝ մարդի գնա։

Ես ու հերս… Սիրում եմ հորս…

– Սաղ տատդ ա մեղավոր, բաց ա թողել, ինչ ուզել, արել ես։
– Ի՞նչ եմ արել, պապ։
– Կարևոր չի՝ ինչ ես արել, կարևորն էն ա, որ ոչ մի բան քեզ չեն արգելել։
– Հա, բայց պիտի վատ բան ուզես անես, որ արգելեն, թե չէ՝ ինչ իմաստ ունի արգելելը, որ արգելեն։ Արգելված պտուղը քաղցր ա, հակառակը։
– Ասում եմ՝ կարևոր չի, աղջկան պիտի ճնշած պահես, որ բաց չընկնի։
– Հա, դե տանեիք, պահեիք, ոնց ուզում էիք։ Պատճառներ շատ ունեիք, չէ՞, չպահելու։ Դիսերտացիա էիր գրում, տուն չունեիք, ես խանգարում էի։ Վա՞տ էր, որ տատին պահեց ինձ, դուք էլ ձեզ համար ազատ ապրեցիք։ Տասնվեց տարեկանում եկա, պատրաստի մարդ էի, սկսեցիք վերակերտել ինձ… Նամակներս բացում-կարդում էիք, հետո ասում, թե ես դավաճան եմ, թե սաղին լավ եմ վերաբերվում՝ բացի ծնողներիցս, սաղի մոտ գցում եմ ծնողներիս… Բա ինձ խի՞ էիք դավաճան տեսնում։ Ինչ ուզում ես, էն էլ տեսնում ես մարդու մեջ, ու քո մոտ նա էդ ա լինում, էդ ա դառնում։ Բա ի՞նչ անեի։ Բա ո՞նց էիր ուզում լիներ։ Ես ձևավորված անձնավորություն էի, դուք ինձ անընդհատ իմ տեղն էիք ցույց տալիս, որը, եթե ընտրության ազատություն տային ձեզ հասարակական կարծիքն ու խիղճ կոչվածը, կարող ա դռան առաջ գցած շորի վրա լիներ… կամ էլ՝ վաբշե տակը, որ չերևայի… Ի՞նչ անեմ, որ վունդերկինդ չմնացի։ Շատ-շատ ներողություն, որ ձեր հույսերը չարդարացրի։ Բայց դե ասեմ՝ բացի ձեզանից, բոլորը ինձ լավ էին վերաբերվում։ Կարող ա՝ հարգում էին։ Կարող ա՝ սիրում էին։ Կարող ա, ասում են՝ «չուդաչկա»։ Բայց ոչ ոք ձեզ պես ինձ չի արհամարհում, զգացնել չի տալիս իմ ոչուփուչությունը, որի չափը ես ինքս էլ շատ լավ գիտեմ, ավելորդ հիշեցման թերթիկներ պետք չեն, հայրիկ ջան։ Ես էլ տենցն էի դառնում, ոնց ինձ տեսնում էին։ Հմի ի՞նչ կարամ, հմի ի՞նչ անեմ ես ձեզ համար։

– Մարդի գնա, որ մարդու տեղ անց կենաս, բալես։ Որ չմտածեն, թե բոզ ես։
– Խի՞ պիտի մտածեն, պապ, ի՞նչ եմ անում, որ մտածեն ըտենց։
– Հա, դե, բա ոնց, ի՞նչ պիտի էլ մտածեն` թաթու արած ին-յան ունես, հետո ինչ, չես բաց անում, մեկ ա, գիտեն, համ էլ ծխում ես։ Հա, բալա ջան, գիտեմ, որ քիչ ես ծխում, բայց հո գիտեն, որ ծխում ես։ Անկետատ ինչի՞ ես ոռը բացի պես դրե սայթ զնակոմստվում, ամբախ-զամբախ բաներ գրե քո մասին՝ բուդդիստ-մուդդիստ, տանտրա-մանտրա, հետն էլ՝ լիքը նկար դրե, հետո էլ բողոքում ես, թե նեպրիլիչնի առաջարկներ են անում։ Բա ոնց, ի՞նչ էիր ուզում, քո տարիքի էդ ո՞ր մի նորմալ կինն ա տենց բաներ անում։

– Ես նորմալ չեմ։ Դու ինձ տասնվեց տարեկանում էլ էիր բոզ ասում։ Հիշո՞ւմ ես՝ ինչի։ Նստած քո քնի ժամին տելևիզըր էի նայում, մտար-ասիր՝ ինչ ես անում, գնա քնի։ Ասի՝ կինո եմ նայում, պրծնի, կքնեմ, մնացել ա մի տասնհինգ րոպե։ Ասիր՝ չէ, անջատի, քնի։ Ասի՝ չեմ քնի, պիտի նայեմ, էսքան նայել եմ, պիտի նայեմ-պրծնեմ, տասնհինգ րոպեն ինչ ա, պապ, հեսա կանջատեմ, էլի։ Ասիր՝ բոզի մեկը։ Շշմել էի։ Չէի հասկանում՝ ինչ եմ արել։ Մերս դաժե էն սենյակից լսեց, վռազ եկավ թե՝ այ մարդ, էդ ի՞նչ ես ասում, աղջիկդ ա, չի կարելի։ Խելքի եկար, հասկացար՝ ինչ ես ասե, սկսեցիր ատմազկեք անել։ Ասիր՝ հա, ինչ, ճիշտ եմ ասել։ ԲՈԶ- բարոյական օրենքներից զուրկ՝ այսինքն։ Իսկ դու խախտել ես մեր տան բարոյական նորմերը, քանի որ գիշերը հեռուստացույց ես նայում ու խանգարում մեզ քնենք…

Ինչպես մնացած բաներում, էնպես էլ ըստե, գտար ինչ ասես… Դաժե տենց բառն ա իմաստը կորցնում, երբ օգտագործվում ա հաճախակի, ոչ տեղին… Ես հասկացա, որ հերս էլ ա աննորմալ, պրոստը նորմալ աննորմալ ա։ Սոցիումում գոյատևելու ընդունակ աննորմալ ա։ Բան չասեցի։ Դրանից հետո ոչ մի ասածդ լուրջ չէի ընդունում…

– Ես նորմալ չեմ։ Ես ծխում եմ։ Սաղ էլ ծխում են։ Հմի կնանիք ավելի շատ են ծխում, քան տղամարդիկ։ Ո՞ւմ եմ ես վնաս տալիս իմ ծխելով։ Ես պահանջ չունեմ նիկոտինի, ծխում եմ, որովհետև դուրս ա գալիս, անկախության հոտ ա գալիս սիգարեթի ծխից…

Հա, թաթու ունեմ։ Սվաստիկա էի արել, հին արիական սվաստիկա։ Ամուսինս ուզեց, որ անեմ, արեցի։ Ի՞նչ կա դրա մեջ։ Ես ի՞նչ իմանայի, թե հետ եմ գալու էս ջհանդամը։ Որ իմանայի, չէի անի։ Հաստատ չէի անի։ Գերմանիա գնալուց ասիք՝ գնա մաքրի, սվաստիկա ա, կիմանան՝ ֆաշիստ ես, անհամություններ կլնեն։ Գնացի։ Ասիք՝ «բալը թանկ ա», պլաստիկ խիրուրգը թանկ էր ուզում, որ տուտուզիցս մի սլոյ մաշկ հանի, բերի դնի թևիս վրա։ Դե, թանկ ա՝ թանկ ա։ Բան չեմ ասում։ Ուրախացա դաժե ինչ-որ տեղ։ Սիրում էի թաթուս։ Սիրուն էր իրոք, աբյոմնի, որ ձեռս տանում-բերում էի, թվում էր, թե գնդի մեջ ա…

Ասիք՝ դե լավ, մի բան վերադաջի։ Գնացի, ղարաբաղցի մի հատ լավ աղջիկ գտա, Աննա էր անունը, գանգուր, մոկրի էֆեկտ արած մազերով, համաձայնվեց անի։ Նայեց, նայեց, թե՝ համոզվա՞ծ ես, հաստա՞տ ուզում ես փոխես։ Ասի՝ հա։ Ասեց՝ դե բեր մի հատ նկարեմ, պահեմ ինձ հիշատակ, շատ սիրուն ա։ Նկարեց, վրից դաջեց ին-յան։ Էլի վատ չի։ Տենամ՝ էս թաթուի հետ իմ կյանքում ինչ ա փոփոխվելու։

– Իրեք մարդ ես ունեցե։
– Ժորժ Սանդը երեսնիրեքն ա ունեցե, Էլիզաբեթ Թեյլորը՝ էլի մի շատքան։ Ի՞նչ կա դրա մեջ։
– Ժորժ Սանդը տաղանդավոր գրող ա էղե, Էլիզաբեթ Թեյլորն էլ տաղանդավոր դերասանուհի ա։ Դո՞ւ տաղանդավոր ինչ ես։ Դու տաղանդավոր խայտառակչի ու անպետք զավակ ես։ Անպետք մեր ես։ Աղջկադ էլ ենք մենք պահում։
– Բա ես ի՞նչ անեմ, որ տուն չունեմ, փող էլ չունեմ, որ առնեմ, դուք էլ իրան չեք տալիս, թո գա տատիի տանը հետս մնա։
– Բա գա, մերդ մենակ ի՞նչ անի։
– Հա, էլի, էլ ո՞վ պտի խանութ գնա։
– Մեկ ա, ձեզանից խեր չկա, անաղուհաց քրդի շներ ենք, դավաճան։ Մարդ իրա ընտանիքը պիտի սաղից շատ սիրի։

Մտքումս ասի՝ տենց եք միշտ ասել, որ ես ինձ տականք եմ զգացել։ Պարզվել ա, որ տենց չի։ Մարդ պիտի սաղ կենդանի, զգացող էակների հանդեպ նույնանման վերաբերմունք ունենա, նույն ձևի սիրի թե մորը, թե մուրացկանին։ Դե իհարկե, իմ անսիրտ, անջիգյար «սպառողական հոգեբանության» մեջ մենակ պակաս էր էդ այլասերված կրոնը…

– Դու խի՞ չես նորմալ։ Հիշո՞ւմ ես, ուսանող տարիներիդ էն մալյարի կոմբինիզոնն առար կռիվ-դավով սպեկուլյանտից։ Ընկերներս ասում էին՝ էդ ինչ ա հագե աղջիկդ, կռասկա ոնց որ թափած լինի, ես եղա դու, չհանեցիր….
– Դե, պապա ջան, տենց եմ սիրում, աբստրակտ ոճի շոր եմ սիրում։
– Հա, էլի, մենակ թե ուրիշ, նորմալ մարդկանցից տարբերվես…
– Տանեմ-կտրեմ, շալվար սարքեմ, կարո՞ղ ա մի քիչ նորմալանա։
– Եսիմ, արա, էքսցենտրիկ տիպ ես, արա, տենամ՝ վերջդ ինչ ա դառնալու։

Արեցի։ Հագնում էի շալվար սարքած մալյարի կոմբինիզոնը, քայլում Երևանի փողոցներով, նստում էի Պապլավոկում ու նախանձով նայում բանասիրականի, թատերականի ու տարբեր տեղերի ուսանողների, որտեղ կուզեի սովորեի։ Նրանք էլ էին երևի աննորմալ։ Իմ պոլիտեխնիկում էլ կային աննորմալներ։ Բայց քիչ էին։ Պոլիտեխնիկն էն տարիներին, մանավանդ մեր ֆակուլտետը, հետաքրքիր տեղ էր, ուրույն մասսայով։ Ընդունելության կոնկուրս կար՝ ոչ էնքան խիստ, որ վախացնի աբիտուրիենտին, ոչ էլ նեդաբոր էր, որ հուշտ անի խելոքներին։ Դրա հետևանքով էլ սովորում էր մի յուրօրինակ մասսա՝ բաղկացած անհաջողակ, փող ու ծանոթ չունեցող բժշկականի, իրավաբանականի, թատերականի, բանասիրականի ու ռոմանոյի և այլ կռուտոյ բուհերի աուտսայդեր աբիտուրիենտներից, որոնք, վերջ ի վերջո, հոգնած փողի ու ուղեղի անհավասար պայքարից, տվել էին խորհրդավոր, քաղքենու համար անհասկանալի «կիբեռնետիկա» անունը կրող ֆակուլտետը։ Դե, ասում են, լավ ա, պերսպեկտիվա ունի։ Շատերը ունեցան։ Ավելի շատերն էլ չունեցան…

Լավ խումբ էր, վատը չէր։ Մենակ թե՝ շատ գուշակելի, զգույշ, անհաջողակի կնիքը վրեքները երեխեք էին։ Բաժանվել էր խումբը հենց սկզբից էլ երկու մասի` կրծողների, որ միայն դասերին էին, հիմնականում գավառներից եկածներ, Քանաքեռի, Բանգլադեշի, Չորրորդ գյուղի կոնտինգենտի, որ ընդունվել էին՝ իրանք էլ չգիտեին, թե ուր և ինչի, սաղ էլ սկզբից պոլիտեխնիկ էին տալու ու տվեցին։ Մյուս մասը կազմված էր բուհերի սլիվկեքից դուս մնացած խելոքներից։ Իրոք խելոք էին ու մտածող։ Խելոքն ու մտածողը նույնը չի։ Խելք կարող ա ունենաս, բայց սկի չուզես էլ մտածես։ Կամ էլ՝ մտածես մենակ մի ուղղությամբ, մյուս մտածելա-ճանապարհները չօգտագործես։ Դրանից էլ առաջացել ա «մտածելակերպ» բառը, որը, ցավոք սրտի, աջ ու ձախ օգտագործվում ա ոչ տեղին։

Ես էլ սպիտակ ագռավ էի մեջները. տարիքով փոքր էի՝ տասնվեց տարեկան, սիրահարված։ Հերս ասեց՝ ժուռնալիստիկան չի կարա կերակրի, բժշկական էլ ՉԵՍ ԿԱՐԱ, տուր պոլիտեխնիկ, թե չէ, եթե չընդունվես, ոչ մի սիրած-միրած… Վախեցա, տվի պոլիտեխնիկ… Սերն էր մեղավոր երևի…

Հա, դե վերջը, տենց բաներ էին կատարվում մալյարի կոմբինիզոնի տարիներին։ Պապլավոկի պաղպաղակը, լիճը… Ու դասերից փախչում, նստում ու նայում էի մեջը, սլայդներով դասերը Կինոյի տանը՝ Պիկասոյի մասին, որ ամոթից սկզբում վիդ էի անում, մթոմ հասկանում եմ, ու մի օր էլ հանկարծ տեսա Պիկասոյին ու զարմացա, որ էսքան վախտ նայել էի ու չէի տեսել։ Ուրեմն, ճիշտ են ասում, ամեն ինչ էլ կարելի ա հասկանալ, Լուսինեն էլ կարա Պիկասո հասկանա… «Նռան գույնը», որ նայում էի ու սյուժետային գիծ ման գալիս, փոխանակ նայեմ գույնին, պրոցեսին… Ֆելինին երևի թե միակն էր, որ միանգամից սիրահարվեցի։ Նույնացնում էի, թե ինչ, ինձ նրա հետ… Կապեց ինձ առաջին ֆիլմից, որ «Ամարկորդն» էր, ու մինչև հիմա…

Էհ, ինչ հիշեմ, ինչ չհիշեմ… Աննորմալություն…

– Գնացիր Լենինգրադ, չամադանդ կորցրիր՝ քիչ ա, փող էինք ղրգել, որ քեզ շոր առնես, Դավիթ էիր պահում կուրսանտ-մուրսանտ, մսխեցիր եկար, թե՝ ամուսնանում եմ, մերդ ասեց՝ գնացե տրվե, եկել ա սա։ Ասիր՝ ինձ քո արշինով մի չափի, նագլի-նագլի խաբեցիր…
Դավիթը աղջկաս հերն ա, առաջին ամուսինս, հմի Պիտերում ա ապրում, լավ բժիշկ ա ու վատ հեր։
– Չխաբեցի։
– Բա ի՞նչ արիր, հղի էիր։
– Ես չէի տրվել, ես չեմ տրվում, տրվելը ստորացուցիչ ա։ Ես սեր էի արել։ Մարմնով էի սիրել։ Կուզես մի վատ, կոպիտ բառով ասա, էդ էլ եմ արել, բայց ես չեմ տրվել։ Ինքը տրվում ա։ Իսկ ես չեմ տրվել։ Դրա համար էլ ասեցի՝ չչափի ինձ իրա արշինով…
– Բա խի՞ ասիր՝ հղի չես։
– Չգիտեի։ Դե ինչ ուզում էիք լսեք, էն էլ ասեցի, պապ։
– Բայց խի՞ տենց արիր։
– Ի՞նչ արի, պապ։
– Հայկական ձևով չարիր։
– Հիմա վա՞տ ա, որ թոռ ունես։
– Չէ, շատ լավ ա, դու մարդ չունես։
– Ինձ էլ ա վատ, բայց մեկը մեկի հետ հեչ կապ չունի։
– Չէ, կապ ունի, ես էն վախտ պիտի ջարդդ տայի, որ Կինոյի տուն էիր գնում, Դալի, Պիկասո էիր քեզ սիրել տալի, Փինք Ֆլոյդ լսում։ Մի օր տուն էիր եկե ուշ, մերդ ասում էր՝ ծխել ես, ասում էիր՝ քո արև, չէ, էլի խաբեցիր…
– Ախր, չէ, պապ, ես էդ օրը կակռազ ու չէի ծխել, պրոստը տաքսիստն էր ծխել, հոտը վրես էր տվե։
– Հա, բայց վաբշե ծխում էիր, չէ՞, էդ վախտերը։
– Հա, ծխում էի։
– Բա էլ խի՞ էիր կատաղում, որ մերդ ասում էր՝ ծխել ես։
– Որովհետև հենց էդ օրը հատուկ չէի ծխել, գիտեի, որ հոտոտելու ա։
– Է, թշնամիներիդ ես ուրախացնում։
– Չէ, պապ, ես թշնամի չունեմ։
– Ուրեմն դու դուռակ ես։
– Խի՞, ով թշնամի չունի, դուռակ ա՞։
– Հա, դուռակ ա։
– Խի՞ ա դուռակ։
– Որովհետև հնարավոր չի բոլորին հաճոյանալ, բոլորի համար լավը լինել։
– Հա, ո՞վ ա ասում՝ հնարավոր ա։
– Բա եթե մեկին վատություն ես անում, դառնում ա քո թշնամին։
– Խի՞ պիտի վատություն անեմ անպայման։
– Չէ, դե, աշխարհը նենց ա հիմա դառել, եթե մարդու լավություն անում- անում ես ու մեկ էլ դադարում ես անել, նա դա համարում ա վատություն։ Դրա համար պարտադիր չի հացը ձեռիցն առնես, բավական ա, որ չտաս։ Սկսում ա ատել քեզ։
– Հա, բայց դա չի նշանակում, որ նա քո թշնամին ա դառնում։
– Բա ո՞նց չի դառնում, եթե քեզ սկսում ա ատել։
– Դե ինքն ա ատում, դու հո չես ատում։ Ատելությունը անպետք զգացում ա։ Չի թողնում հանգիստ ապրես, քնես, ուտես, սիրես… Ատելությունը ոջլի պես բան ա, պարազիտի նման կպնում ա մարդուն ու սկսում սնվել նրա էներգիայով։ Չի թողնում սիրես նույնիսկ քեզ։ Դու ես իրա թշնամին, ոչ թե ինքը` քո։ Դա իրա պրոբլեմն ա, ոչ թե քոնը…
– Ո՞նց թե՝ դու իրա թշնամին ես, ոչ թե ինքը` քո։ Ո՞նց թե՝ իրա պրոբլեմն ա։
– Հա, տենց ա իմ մոտ։
– Բա դրա համար էլ ասում եմ՝ դուռակ ես, էլի։
– Չէ, ես դուռակ չեմ, ես ինձ լավ եմ զգում տենց։ Փորձի, լավ բան ա։ Քեզ ատում են` դու ման ես գալիս մեջը գտնում մի նենց բան, որի համար կարաս` եթե չսիրես, գոնե չատես։ Կայֆ ա։
– Հմի էլ թազա կայֆ ես գտե՞լ։ Որ ասում եմ՝ դուռակ ես։ Քառասուն ես հեսա դառնալու, մի թշնամի էլ չունես, էլ ում ես պետք։ Սաղ կյանքդ տենց դուռակ-դուռակ ապրեցիր, էլի, անառակ զավակ ես։
– Խի՞ եմ անառակ, որ թշնամի չունե՞մ։
– Դրա համար էլ…
– Դե լավ, դուռակ եմ՝ դուռակ եմ, ի՞նչ անեմ։ Թո մի կյանք էլ դուռակ լինեմ։
– Սկսեց էլի՝ մի կյանք, երկու կյանք։ Էս ա, էս կյանքն ա, հաջորդը հողի տակն ա, որդերի կեր ես հաջորդ կյանքդ։ Նենց որ, խելք հավաքի, մարդանման ապրի էլի։
– Ատե՞մ անպայման, թշնամի պահե՞մ, որ մարդավարի լինի։
– Հա, թեկուզ տենց, բայց դուռակ մի եղի։
– Չեմ կարա, չեմ ուզում, ավելի լավ ա՝ դու դուռակ դառ։ Հիմի սկսի, հաջորդ կյանքումդ կհաջողվի երևի։
– Էէէէէ, մարդ չդառար, էլի…
– Հա, չդառա, էլի, տենց էլ կմեռնեմ։
– Մեռնես՝ լավ կլնի, ախր չես մեռնում, դուռակ-դուռակ ապրում ես, մեզ էլ խայտառակ անում։ Դուռակ ես, դուռակ։
– Հա, դե հմի ասա, վերջը ի՞նչ։
– Վերջը, դու ես մեղավոր, բերքահավաքին թռի-վռի արիր, հիմա պտուղները չորացած յա փտած` կեր, նստի հաց ու ջրի վրա։ Մարդ ես ուզում՝ մարդի գնա։ Նստած հիմա էլ բուդդա-մուդդա ես խաղացնում։ Էլի ուզում ես ջոկվես։ Սաղ քրիստոնյա են, դու պտի բուդդիստ լինես։ Նստի պետքական մի բան սովորի, էլի, չաթ ես անում սաղ օրերով, դուս արի տատիդ տնից, արի մեր հետ ապրի։ Չեմկարան ո՞րն ա։ Դու ես կենցաղում անտանելի։ Ուշ քնում ես, ուշ վեր կենում։ Բաժանված ես՝ մեզ հետ ապրի, տուն ես ուզում առանձին` մարդի գնա։ Բուդդա-մուդդա հմի էլ…
– Պապ, բոլ ա, էլի, թե ես մահից հետո, դրախտ-դժոխք եմ ընկնում կամ նորից եմ ծնվում՝ քեզ ի՞նչ։ Դա լրիվ իմս ա։ Էսօրվա հերությունդ բոլ ա։ Գնա, գնա։ Գնա տուն, կեր, քնի, գնա գործի, հարցեր լուծի, գյալաջի արա, լուրեր նայի, քաղաքական վիճակ իմացի, ամոթ ա, քո դիրքի մարդը պիտի կուրսի լինի։ Օրդ ապրացրու օր-օրի վրա… Համ էլ՝ տղա ունես, մենակ ես չեմ, նրանով ուրախացի… Թող ես իմ խոզանոցում ապրեմ…

(Մենակ հանկարծ չմտածես։ Որ սկսես, էլ չես կարա կանգ առնես։ Ասում են՝ աղջիկները ծնողներից հորն են ընտրում, տղեն` մորը բեղմնավորման պահին մարմին ընտրելուց։ Ես եմ քեզ ընտրել։ Կարող ա նրա համար, որ մի կերպ արթնացնեմ քեզ, ցնցեմ ուսերդ, հիշեցնեմ՝ ոնց էիր սիրում շանդ, ոնց էիր կռիշից զոնտիկով թռնում, պերեգավորնի ուստրոյստվո էիր սարքել, սամալյոտի հետ խոսում էիր, էնքան, որ լյոտչիկներն ասին՝ մի խանգարի, տղա ջան… Ո՞ւր ա էդ տղեն։ Ո՞ւր ա էդ տղեն, որ լաց էր լինում, երբ շունը կորել էր։ Միթե էդքան անջատվե՞լ ես, որ ոչինչ չես հիշում։ Վեր կաց, հայրիկ։

Ես էլ քեզ եմ սիրում, հայրիկ)։
Գնաց… Մեղք ա… Հանգիստ չունի…
Դաաաաա…
Լավ պրծանք, էս անգամ չհասավ երկրորդ, երրորդ մարդկերանցս, հեպատիտիս և այլնին։

Չէ, մարդ ա պետք երևի թե։ Սրոչնի պետք ա։ Որովհետև ես խոզ չեմ։ Ով մարդ ունի, նա խոզ ու բոզ չի էս ջհանդամում։ Հենա, հարևանի աղջիկը բաժանվեց, եկավ հոր տուն, չանցած քանի ամիս մարդի գնաց։ Ուզո՞ւմ էր գնա, ուզո՞ւմ էր մեծին պահի, երկրորդ, փոքր աղջկան նախկին մարդուն տա, լիշ բը շանս ունենա նորից մարդու գնալու… Գնաց։ Ապրում ա, ոնց որ գոհ ա… Ասի՝ ինչի՞ գնացիր տենց շուտ, ասեց՝ երեխուն մանկապարտեզ տանել-բերելուց էնքան զզվացնում էին տարբեր տպեր, գիտեն թե, եթե բաժանված ես, ճամփեն բաց ա, ինչն ա խանգարում` բոզություն չանես…

Կարևոր չի դաժե, որ մոռացել ես տղամարդն ինչ ա, սեքսն ինչ ա, որ խիրուրգն ասեց. «Աղջիկ ջան, արգանդդ անգործությունից իրեն աղիքի տեղ ա դրել, կպել նրան։ Ապրի նորմալ սեռական կյանքով, թե չէ հաջորդ քայլն է լինելու արգանդդ հեռացնելը, մենակ չասես՝ ամուսնալուծված եմ, քսանմեկերորդ դար է դրսում»։ Բա հիմա ես ի՞նչ անեմ։ Որտեղի՞ց իմ ՀԱՅԱԳԱՎԱՌՈՒՄ իմ նման աննորմալ տղամարդ ճարեմ։ Սայաթ-Նովա եմ դառե, պա ժիզնի երգում եմ.

«Ամեն մարդ չի կարա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է»…

Սաղ ուղեղս կնոպկեք ա։ Սեքսի կնոպկան անջատել եմ։ Պետք չի գալիս։ Չեն հավատում, բայց ներքնաշխարհս հեչ չի տուժում, ես չեմ տանջվում, որ սեքս չունեմ։ Բայց խիրուրգն ասում ա՝ օրգանիզմիդ պետք ա։ Է, ջհանդամ ա պետք, գյոռ ա պետք։ Հո չեմ ընկնի փողոցները, վզիցս տաբլիցա կախած, թե՝ «Պահանջվում է առողջ սեքս»։ Չէ, չէ, չէ, չէ որ չէ… Հիշում եմ, մի անգամ առանց զգացմունք եղել ա տենց, հետո մի շաբաթ հա պռտում էի ինձ, հա թվում էր, թե կեղտոտ եմ…Հա հոտ էի քաշում ինձանից, առնում էի նրա հոտը… Չնայած նորմալ, մաքուր տղամարդ էր… Ոնց որ ոտից գլուխ դառած լինեի մի մեծ, կեղտոտ always, որ մոռացել են շաբաթներով դեն գցեն… Չէ, չեմ անի։ Կնոպկեք եմ շարել ուղեղումս, նստած ղեկավարում եմ։ Էս միացնեմ, էն անջատեմ, պրորիտետ տամ էսօր գրելու կնոպկին… Սեքսն ի՞նչ եմ անում։

Բայց դե, էստեղ ուրիշ բարոյական նորմեր են գործում, չափանիշներն ուրիշ են։
Բաժանված ես- պոտենցիալ բոզ ես։
Ծխում ես- բոզի հակում ունես։

Դե իսկ եթե, չնայած քո խղճուկ, անհետաքրքիր, միապաղաղ, ճղճիմ, դատարկ ու փուչ կյանքին, ձգտում ես ապրես ակնթարթով, ինչքան կարաս իմաստություն ձեռք բերես էս քո կյանքում, ինչ կարում ես, անես, մենակ չզգաս քո ոչուփուչությունը։ Ծիծաղում ես, որ չլացես, քո չընդունված, չհասկացված, նախկին բազում կյանքերի մեջ թե քո նման՝ հիշողությամբ, թե քույրերիդ (Ախմատովա, Ցվետաևա…)…

– Դե հա, նրանք ինչ էին, կարո՞ղ ա՝ բոզ չէին, կասեր հերս…
– Նրանք ես էի։
– Դու նրա՞նք ես։ Ուրեմն, վաբշե, նատուրի բոզ ես…
Հա թաթուն էլ։ Էդ էլ ու պըրծ, անեկդոտի նման։

Մի տղա ուզում ա պսակվի։ Տանում են աղջիկ ցույց տալու, բայց էս աղջիկը պակասավոր ա, ասում են։ Ասում ա՝ ի՞նչ պակասություն ունի։ Ասում են՝ գնանք կտենաս։ Գնում են, ներս ա մտնում մի աղջիկ՝ կաղ, շիլ, տեղ-տեղ քյաչալ… Տղեն ասում ա՝ վաայ, աղջի, էս թոփա՞լ ես։ Ասում ա՝ հա, մի թիչ։ Հետն էլ շի՞լ ես։ Ասում ա՝ հա, մի թիչ։ Յաա, այ աղջի, էս դու հո քյաչալ է՞լ ես։ Ասում ա՝ հա, մի թիչ։ Ասում ա՝ թլի՞կ էլ ես։ Ասում ա՝ մի թիչ։ Տղեն մնում-մնում, մտածում ա։ Մեկ էլ ասում ա՝ լսի, կարո՞ղ ա դու աղջիկ էլ չես։ Էս աղջիկը կարմրում ա, ասում՝ Էդ էլ ու պըլծ։

Ըտենց բաներ։

Հմի դու քո խոզի խելքով ի՞նչ ես մտածում, Լուսինե։ Դու խոզաբո՞զ ես, թե՞ չես։

Մտածում եմ, որ կամ տեղն ա պետք փոխել, կամ՝ կյանքը, կամ՝ մարդկանց, կամ ինձ՝ լրիվ, ոտով-ձեռովս, ուղեղով ու հիշողություններովս, լավուվատովս, սերերովս ու աբլոմներովս, հավաքած ու ալբոմի չվառած սերերիս նկարներովս, աննորմալ հակումներովս, ավելորդ հավատալովս, չափից դուրս նվնվալովս, հիվանդ լյարդովս, սաղին հավասար սիրող ինվալիդ սրտովս, չապրած երեխեքովս, աբորտներովս, մեղագալովս, ծխելովս, թաթուովս, կնոպկեքովս, բուդդիզմովս, կոմպովս, ինտերնետովս, անկապ ներկայովս ու խորհրդավոր անցյալովս…

Կամ էլ սրոչնի մարդ ա պետք…

Երևի վերջինն ավելի շուտ իրականանալու շանսեր ունի։ Մենակ թե, ախր, ես մարդ չեմ ուզում… Եթե ուզում եմ, սեր եմ ուզում, ընկեր եմ ուզում, ախպեր եմ ուզում, իսկ մարդ չեմ ուզում… Չէ, սեր էլ չեմ ուզում։ Ընկեր եմ ուզում։ Սերն անցնում ա։ Իմ նման աննորմալ ընկեր եմ ուզում։

Բայց դե, ոչինչ, կչեռտու, ում ուզում եք՝ բերեք, գինով կուտվի…

Էդ վախտ կլնեմ լրիիիվ նոռռռմալ…

welcome ։o)

Այս գրվածքի բոլոր հերոսներն ու իրավիճակները մտացածին են։ Ցանկացած համընկնում իրականում ապրող մարդկանց հետ պատահականություն է։ ։o)

14 օգոստոսի 2005թ.

Ենթաերազ

Գնում եմ արագ-արագ։ Ուշանում եմ ինչ-որ բանից, ինչ-որ շատ-շատ կարևոր բանից։ Բայց ինչի՞ց։ Էլի՞ երազ եմ տեսնում։ Չէ, հա, երազ՝ երազի մե՞ջ։ Շատ կլինի դաժե իմ ուղեղի ենթագիտակցաբնագավառի համար… Կարո՞ղ ա Կաստանեդայի միջից իմ ենթագիտակցությունը ենթագիտակցաբար ենթահիշողությամբ, ենթատրամաբանորեն սովորել ա ենթաերազներս ղեկավարել։ Դե, կարող ա, բայց էլի որ շատ քիչ ա հավանական։ Հա, բա էդ դեպքում էս ի՞նչ ա։ Էս ո՞ւր եմ ես։ Էս ո՞վ եմ ես։ Ոնց որ օյաղ եմ պառկե քնելու, դե իհարկե, ես ոչ գիտակցությունս, ոչ էլ ենթագիտակցությունս ոչ մի բանով չեմ պղտորում… Բայց դե քնա՞ծ եմ որ, դե հիմա էս ենթակյանքում ինչի՞ վրա կարաս հաստատ համոզված լինես։ Դե լավ, հանգիստ, Լուս ջան, արի գցենք-բռնենք։

Կարևոր չի՝ քնած ես, արթուն ես, արի տենանք՝ էս ո՞ւր ես գնում։ Ուրեմն սենց. էս շենքը նման ա Մոսկվայի Բուլգակովի տանը, Բալշայա Սադովայա 10, էն որ սքվոթ էր ընդե, սաղ քանդուքարափ, հիպպիներ և այլ «ազատ արվեստագետներ» ապրում էին միասին։ Զուգարանն ընդե դուռ չուներ, զանավեսկա էր կախած։ Սաղ կեղտոտ էր, թափթփած, ըստե-ընդե ընկած էին տարբեր սոց. խմբերի ներկայացուցիչներ, որոնք, եթե սովետից մնացած «անդեգրաունդ», «նեֆորմալ» կյանքաոճ ժառանգած չլինեին, չեմ իմանում, թե իրանց կյանքն ինչով պտի լցնեին… Կային մեջները հետաքրքիր պերսոնաժներ, Արթուր Արիստակեսյան կար ընդե, հետո կինո սարքեց էդ տարիների էնտեղի կյանքը, հինգը տարի նկարել էր մարդկային հարաբերությունների մասին, ռեալիթի-շոուի նման, որ, չնայած աղքատությանն ու տիրող համարյա համատարած նարկոմանիային, ձգտում էին իրենց մարդկային կերպարանքը պահպանել։ Կաննում մի չորս տարի առաջ ցույց տվին, կարծեմ… Կային էլի, բայց շատ քիչ, հիմնականում իրանց կյանքի ոճն «արդարացնող», «պատուհաններ դեպի աստրալ, կյանքի իմաստ, գիտակցության սահմաններից դուրս ճշմարտություն» փնտրողներ էին։

Հեհ, ինչի՞ միթոմ նորից էստեղ ընկա։ Որ ի՞նչ։ Անցած էտապ ա։ Ուրեմն հաստատ երազ ա։ Թե չէ՝ ես իմ բարի կամքով, երկու ոտով, սպանեիր էլ, ըստե չէի գա։ Ասում են՝ հիմա էդ բնակարանը որպես գրական ստեղծագործության գործողության վայր, ռեմոնտ են արե, թանգարանի պես բան են սարքե, վոբշմ, մարդկանց տանում ցույց են տալիս, տեսեք-տեսեք, ըստե ա գրվե Բուլգակովի «Չարքերը», ձեռի հետ էլ, պաբոչնի ասվում ա սքվոթի մասին, որը քաղքենու վրա ավելի մեծ տպավորություն ա թողնում ֆոտոռեպորտաժով-բանով, քան թե` ինչ-որ «Չարքեր»։

Չէ, թե ասեմ վաբշե բան չի տվե ինձ էդ կյանքավախտը, սուտ կլնի։ Համեմատական կարգով, ձեռք բերածի ու կորցրածի գցել-բռնելով, ավելի շատ տվել ա, քան վերցրե երևի…

Գավառում մեծացած, Երևանում ավարտած, բարեկեցիկ ապրած, եթե չհաշվենք պերեստրոյկան ու Կ%, մնացած սաղ վախտ ապրել եմ հանգիստ, մուրացիկներից մուհալ եմ արե, կյանքիս ամենադաժան բանն եմ համարե, որ մարդս ասել ա՝ «վսյո, դու էլ ինձ պետք չես, երեխուդ առ ու գնա Հայասատան»։ Հեհ, ինչ Հայասատան, Հայաստանս ո՞րն ա։ Ու մնացի։ Ասի տեսնեմ՝ էս ազատությունն էս ի՞նչ բան ա։ Ինչո՞վ են սրան ուտում։ Տեսա։ Կերա։ Հետ եկա ըստե։ Ուրիշ մարդ դառած եկա։ Ընկած-հելած են ասում, ինչ են ասում, չեմ իմանում։ Քյասար՝ հիմա ոչ մի բանից, «սումից-տյուրմից» մուհալ չեմ անում։ Չեմ ասի, թե ամբողջովին, բայց կյանքի մեկէլ երեսը տեսա։ Վերադարձա իմ բարեկեցիկ կյանքին էլի։ Բայց չի ապրվում։ Դարդ եմ անում։ Մտածվում ա հիմա հա։ Ուրիշ ձև ա մտածվում։ Ուղեղս փոխել ա էդ վախտերը։ Հացի խնդիր չունեմ։ Վաբշե ոչ մի խնդիր չունեմ։ Բույս եմ դառե։ Մոլախոտ եմ։ Ոչ մեկին ոչ վնաս եմ տալիս, ոչ՝ օգուտ։ Դե, հա, տարբեր մոլախոտեր կան, բայց մարդ եմ ծնվե, որ մոլախոտ ապրե՞մ։ Հիմի նստած, արթուն տեղս, քնած մարդու երազներ եմ տեսնում, կամ էլ՝ քնած տեղս արթունի նման մտածում եմ…

Կարո՞ղ ա սա երազ չի։ Հա, բա ի՞նչ ա, որ երազ չի։ Ես բացի երազից ուրիշ ոչ մի տեղ մի հինգ տարի ա արդեն չեմ վազում։ Կողքս ծակում ա։ Իսկ հիմա չի ծակում։ Ուրեմն սենց. սա երազ ա։ Եթե երազ ա, ուրեմն պրծնելու ա։ Եթե պրծնելու ա, ուրեմն վախենալու բան չկա։ Ես գլխիս վերև տանիք ունեմ, լավ աշխատանք ունեմ, աղջիկս՝ չքնաղ, ողջ-առողջ, պակաս բան չկա, վախենալու բան չկա։
Դե լավ, չկա՝ չկա, վազեմ տենամ՝ ո՞ւր եմ հասնում։ Վազում եմ, վազում եմ, մտա շենք։ Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ… Եթե յոթից ավել լինի, չեմ գնալու, զարթնելու եմ, յոթն իմ սիրած թիվն ա, Բուլգակովի տանն էլ վաբշե էդքան հարկ չկար, անծանոթ տեղ ես չեմ ուզում ու չեմ գնա։ Ըհը, հասանք։ Չգիտեմ ինչի, գիտեի, որ վերջին հարկն ա լինելու։ Վաայ, բայց սպասի, սա վեցն ա հլը, վեցից յոթը փիլաքյան չկա…

Բա ի՞նչ անեմ։ Ո՞նց գնամ։ Վայ, չէ, սա հարկ չի, էս հասել եմ, վերև նայեմ, տենամ՝ բնակարանն ա արդեն։ Էնքան բարձր ա դրա դուռը, որ ոնց որ ուրիշ հարկ լինի։ Բա հմի ինչ, ասենք, հասա։ Հա, զանգեմ։ Բա ո՞նց զանգեմ։ Վաաայ, էս ո՞վ ա։ Մազերը երկար, շեկ, սիրուն, ուզում ես շոյես, դեմքիդ փռես էդ մազերը։ Սիրուն տղա, հլա սպասի։ Ինչ էլ բոյ ունես, շատ լավ ա։ Մի հատ զանգ կտա՞ս, բոյս չի հասնում։ Տվեց, ապրի, կանաչ կենա։ Բացին։ Դուռը՝ բոյով, տունը՝ պուճուր, հանց խռուշչովկա։ Բայց սիրուն ա։ Տղեն էլ ա սիրուն, տունն էլ։ Բայց պուճուր ա։ Ընդե բարձր էին պատալոկները, էն Բուլգակովի տանը։

Լիքը հայելի կա։ Վիզուալնի մեծացնում ա հայելիների առկայությունը բնակարանը։ Բայց ի՞նչ իմաստ կա իմ էս տունը գալու մեջ։ Ի՞նչ կասեր ծերուկ Ֆրեյդը։ Հմի ի՞նչ անեմ։ Երազս պրծնի՞ սենց էլ անիմաստ։ Հա, հայելի կա լիքը, հետո՞։ Դե լավ, հլա սպասեմ, տենամ՝ ինչ ա լինում։ Դուռը զանգեցին։ Բացեցի, լավ ա, ներսից ցածր ա։ Հա, երազ եմ ասել, հաա։ Ինչ ասես՝ կանեն, մենակ թե նայես։

Դրսից՝ բոյով, ներսից պուճուր դուռ… Տենց մարդիկ էլ կան կյանքում, դրսից մեծ են, ներսից՝ պուճուր ու հակառակը։

Եկողն ո՞վ էր։ Չգիտեմ ով լինելը, բայց լավ նշան էր, տրամադրությունս լավացավ ոնց որ։ Ինչ-որ մեկն էր, որ վատը չէր։ Կարո՞ղ ա սիրել եմ վախտին։ Քանիսի՞ն եմ վախտին սիրել։ Ի՞նչ սերերով։ Ինչքա՞ն ուժեղ։ Թե՞ տենց բան չկա։ Սիրո ուժգնություն չափելու սիրամետր։ Նստում, չափում ես սերը։ Քո սերը, սիրածիդ սերը։ Հետո ի՞նչ անենք։ Կռիվ կդառնա, անհամություն։ Զատո չեստնի ա։ Էլ ոչ մեկ մեկու չի կարա խաբի։ Հեհ, խաբի-չխաբի, մեկ ա, անցնում ա։ Հա, բա ի՞նչ ա անում։ Մոմենտ ա գալի, քիմիական ռեակցիան դանդաղում ա, կամ էլ վաբշե մարում ա, բնական էնդորֆիններ չեն արտազատվում օրգանիզմի մեջ, կայֆը պրծնում ա։ Սերը պրծնում ա։ Մի օր էլ զարթնում ես առավոտյան, տենում՝ կողքդ մի օտար մարդ ա պառկած։ Թսսալեն քնած ա։ Քիթը խոթել ա բարձիդ մեջ ու քնել ա։ Ասում ես՝ արա, էս ո՞վ ա։ Հա, հիշելն հիշում ես, թե ով ա, զգացմունքը չես կարում հիշես…

Դե, ինչ արած, տենց ա կյանքում միշտ լինում։ Ոչ մի բան հավերժ բնույթ չի կրում էս աշխարհում, սաղ անցողիկ ա։ Ուզում ա սեր լինի, ուզում ա՝ կյանք, ուզում ա՝ երազ… Բայց էդ սիրամետրը կարելի կլիներ օգտագործել հօգուտ մարդկության, գոնե կարելի կլիներ չափել, իմանալ, հետո տեսնեիր, իմանայիր՝ ինչքան ա տևելու սերդ, պատրաստվեիր, մի ձև անեիր, որ ցավ չպատճառես կողակցիդ…

Դե լավ, երազ եմ տենում, թե մտածում եմ։ Իսկ երազում մտածո՞ւմ են։ Երևի՝ հա, ես երազումս եմ ու մտածում եմ։

Սպասում եմ։ Ինչի՞ եմ սպասում։ Տենամ` հետո ինչ ա լինելու։ Մարդիկ են. գալիս են, գնում են, գալիս են, գնում են։ Սաղ իմ կյանքում ճանաչած մարդիկ։ Ինչ լավ ա բայց։ Կարոտել էի։ Ուրախ եմ։ Ափսոս երազ ա։ Լավ երազ ա, ինձ թվում ա։ Տենաս՝ ի՞նչ ա նշանակում։ Իսկ տենաս կարա՞ս նենց անես, որ միշտ երազում ապրես։ Եթե կյանքը ակնթարթ ա, պատրանք ա, գուցե կարա՞ս նենց անես, որ երազը դառնա կյանք, կյանքը՝ երազ։ Կարո՞ղ ա, հենց տենց էլ կա, հակառակն ա։ Երազդ կյանք ա, կյանքդ էլ՝ երազ։ Դուրս գամ ըստեից, գնամ տուն։ Հայաստան գնամ։ Պիտի արթնանամ։ Էս տելեվիզըրի բուդիլնիկն ինչի՞ չի միանում, քանի՞սն ա ժամը, տենաս։ Վախտն ա արդեն երևի։ Թե չէ կուշանամ, էն մաքրարարը կգա կսպասի, ամոթ ա, մեղք ա։ Լավ կնիկ ա, տղեն ոտը կոտրել ա, կպցրել են, գիպս են դրե, ծուռ ա կպե, ասում ա՝ գիպսը երկար ա մնացել, էլ բան չեն կարա անեն…

Հը, ի՞նչ ենք անում, ասա, վե՞ր ենք կենում, թե՞ էլի ենք երազ տենում։ Դե ինչ իմանամ, բա չիմանա՞մ էս անկապ երազս ինչով պրծավ։ Դե ինչո՞վ պրծնի, սաղին տեսա, ուրախացա, սաղ-սալամաթ, ուրախ-զվարթ ընկերներիս, դաժե նրանց՝ ով մեռած էր… Կարոտ ա սա…

Սա երազ չէր, սա կոկտեյլ էր հռչակավոր հայելազարդ մի սրահում։

Ինչի՞ տեսա։ Ի՞նչ ա սպասվում։ Էս ոնց ստացվեց, որ երազումս, հասկանալով, որ երազ էր, սկսեցի ղեկավարել։ Հին դրոժներ են գիտակցությանս մեջ սկսել քացախե՞լ։ Տենց ա ստացվել։ Բուլգակովի տունն ու Կաստանեդան, Պիտերի պերեխոդները, ուր Տրուբաչը հացի փող էր վաստակում մեզ համար, դառել են իմ ներկայիս աշխարհայացքի ու ապրելակերպի անքակտելի մասը, տետրիս-կյանքիս ֆիգուրկեքի տակի սլոյը, արդեն ամեն մի թազա ֆիգուրկա-միտք շուռումուռ եմ տալիս հազար միլիոն միլիարդ անգամ, տեղ եմ անում դրա համար, թե բռնում ա` նստացնում եմ, թե չէ` լավ ա սխմեմ esc. ու թազա սկսեմ, քան թե մի անտաղանդ, անհամապատասխան բան խցկեմ զոռով կամ տնգցնեմ, սաղ տեսքը գցեմ…

Պետք ա արթնանամ…

Այսօր հրաշալի օր էր։ Եկա տեսնեմ՝ ICQ ով Պիտերի երկու իմ ընկերուհիները, քույրերս ձեն են տալիս, չգիտեմ ոնց՝ ինձ գտել են, կարո՞ղ ա երազումս եմ տվել համարս։

15 օգոստոսի 2005թ.

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *