Dell-ին

Բլա բլա բլա՝ 3-րդ վանդակի լրացրածն էր, Հայկ chgiteminchyan… Հաջորդ վանդակում ”nbadag@- bla bla bla”։ Ներքևում՝ ”hrashali hnaravorutjun – Inch hanjarere ays gazmagerbutjun@, bla bla bla”։ Վերջում էլ ասում էր՝ պետք է հետը ”ashkhatanq” դնել և էլի մի 2 բառ՝ պարդոն պարդոն պարդոն ուշացնելուս համար թանկագին տիկին/ պարոն… բլա բլա բլա…

Երկրից երկիր աղջիկը քեզ համար ամեն ինչ ծամել…,- քիթն ու բերանը մի կողմ ծռեց տեսուչը։ – Քաղաքի կոդը։ Աշտարակից ե՞ս,- սիգարետը ատամներով սեղմած՝ գլխի ընկավ նա՝ աչքն էկրանից չկտրելով։ Չգիտես ինչից որոշեց։

Որոշեցի, որ երիտասարդը շփոթված պիտի ափով ծածկեր դեմքը, ավելի ճիշտ՝ բերանը, կարծես շրթունքի մոտ պզուկ էր դուրս եկել՝ մատնելու իր ակցենտը, որը չեզոքացնելու համար շատ ջանք թափած պիտի լիներ։ Որոշեցի, որ գրելու եմ նրա առաջին դեմքից, ու ծածկեցի շրթունքներս։ Կարծես կարող էի իմանալ, թե ում անունից եմ գրում։

Էկրանի անկյունում մերթընդմերթ հայտնվող փոստի բերանը տեսուչը մի երկու տող էր գցում ու անմիջապես վերադառնում գործիս «լուսամուտին»՝ բլա բլաների տեղը պետք եղածը մուտքագրելու։

Դռան բացվածքում երևաց մի պառավ. չէ՝ պառավ։

Dell-ի էկրանին մեկը մյուսի ետևից անհետացան սխալները նշող թե՛ կարմիր, թե՛ կանաչ ընդգծումները։ Նշաններն ավելի արագ էին շարվում լուսապաստառին, քան կնոջ վարժ մատերը կհասցնեին սեղմել համապատասխան կոճակները։ Տեսարանով հմայված՝ փորձում էի այնուամենայնիվ կռահել, թե ինչու հատկապես այս կամ այն արտահայտութըունն էր պետք տվյալ տեղում։

Ներս մտած պառավն ավելի ու ավելի մոտեցավ մեզ, հասավ հատակի վրա խճճված լարերին ընկած արևին ու թեք կանգնեց մնաց։

Կրկին փորձեցի բացատրել, որ ուզում եմ հասկանալ մոտեցման սկզբունքը, բանալի բառերի կիրառության օրինաչափությունները։

– Այդպես է պետք գրել,- երևի աշտարակցու համառությունիցս տեսուչը կորցրեց համբերությունը։

Պառավը դիմեց մեզ,- տանը ոչ ոք՝ մարդ չկա։

Սա է ձևը,- տեսուչի քիթն ու բերանը նորից մի կողմ քաշվեցին,- դուք,- նա նորից անցավ դուքի,- եկել եք թղթերը ճիշտ լրացնելու, ուրեմն ավելորդ հարցերով  ժամանակ մի կորցրեք, որ ձեր… որ Լիոնում՝ նրա մոտ լինեք։

Ինչից որոշեց, որ ես հենց «նրա» համար եմ ջանում։

Պառավի դեմքին տարօրինակ ժպիտ կար։ Կարծես ինչ-որ բան էր կռահում։ Պառավի ետևից ներս եկավ պուպուլիկը բաց մեկը ու սեղանի տակ տեսուչի, որ երևի իր մայրն էր, ոտքին փաթաթվելով ինչ-որ բաներ ասեց ինձ։

– Ի՞նչ եք մթին նստել, ամեն տեղ մութ-մութ,- կրկին խոսեց պառավը ու քայլ արեց դեպի սենյակի կենտրոն։

Ես ավելորդ հարցեր չտվեցի. ցերեկ էր, սենյակը՝ լուսավոր։

Երեխան էլի կարծես ինչ-որ բան էր փորձում ասել ինձ։ Հետո ցույց տվեց պառավին ու մոր ծնկին խփելով՝ կրկնեց տարօրինակ վանկերի կապակցությունը։

– Մոշ,- բղավեց տեսուչը։ Մի աղջիկ հայտնվեց սենյակում՝ ոտքերին… Աղջիկը մեծահասակի կոշիկներով չէր։ – Ուրիշ կազմակերպության դիմե՞լ եք։

– Ի ի ի ի ի՞նչ ես մմմ-ա-ա-ասում,- մոտեցավ Մոշը։

– Օգնության համար ուրեմն դեռ չե՞ս դիմել որևէ ֆոնդի։ Երեխուն տար, Հազարան բլբուլդ պատմիր, մինչև տեսնեմ ինչ եմ անում։

Ես իմաստ չէի տեսնում հինգերորդ էջի ներքևի վանդակում նույնը գրելու, ինչ արդեն ասել էի նախորդ էջում ու երկու էջ հետո ստիպված մանրամասն պիտի կրկնեի E ձևի վանդակներում լցված ու ընդգծված GAREVOR բլա բլաների տեղում։ Հետևողականություն, հավաստիություն®

Աղջիկն սկսեց մոր ծնկներին կպած երեխայի տարօրինակ լեզվով խոսել։ Սա մնալով սեղանի տակ կանգնած՝ նորից մատիկը պարզեց պառավի կողմը՝ կրկնելով ինձ արդեն ծանոթ իր «լլուլլու ուլլուլու»-ն։

Հինգերորդ էջի ներքևի վանդակում, ներքևի վանդակում, ինչ արդեն երկու էջ հետո ստիպված մանրամասն պիտի կրկնեի E ձևում լցված ու ընդգծված GAREVOR բլա-բլաների տեղում, E ձևում ընդգծված GAREVOR տեղում, նախորդ էջում, նույնը գրել, նույնը գրել մի քառասուն դար։ Բերանս նորից բռնեցի։ Կարելի էր նորից սկսել պառավի ներս մտնելուց կամ, ասենք, նույն տեղից՝ միայն ուրիշի ուղղակի խոսքով ու մեկնաբանական ծանոթագրություններով։ Ասենք՝ լեզվական կենտրոնաձիգ կառույցի ու փախուստի հետագծերի, հետապնդման մասին։ Տհաճ էր, որ այս կետից կրկին սկսելու միտքը գլուխս եկավ այս փաստաթղթերի ձևի պահանջի օրինակով։

Առանց որևէ հեգնանքի, ամենայն անպատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բլաբլաբլա։

Գրպանս դողաց։ Ուշադրություն չդարձրի։

Եթե բանկում այս կետի պահանջվածի չափ փող ունենայի հաշվիս վրա, հասկանալի չէր՝ ինչու պիտի դիմեի։ Եթե հաշիվ ունենայի…

Աղջիկը ոտների ծայրերին բարձրացավ մոր ականջին փսփսալու։

Երևի ամեն ինչ իմ արածից ավելի կարևոր է, անհետաձգելի, ակտուալ։ Ինչևիցե, պիտք է մի ”ashkhatanq”։ Թող լինի «նրա» հետ լինելու համար, «նրա» համար։ Սիրաբանությունը բոլորին էլ հասկանալի կլինի։ Ինչ փախուստ՝ առանց «նրա», առանց ավարի, որ դու ես։ Երեկ չէ առաջին օրը արդեն վերջ՝ deadline.

Right-click to display spelling suggestions

Աղջիկը, ի դեպ, ոտքերի ծայրերին բարձրանալու կարիք չուներ մոր ականջին հասնելու համար։

Տեսուչը վեր թռավ տեղից, բռնեց պառավին ու փնչացնելով բբբ սկսեց քարշ տալ սենյակից դուրս։ Հատակի կենտրոնից մինչև դուռը պառավի ետևից ձգվեց թաց հետքը։ Վերջին պահին պառավը կախ ընկավ դռնից, հերոսական ճիգով դուրս պրծավ տեսուչի ձեռքից ու ներս քշվեց։

Աղջիկն աչքերը փակած սկսեց տեղում պտտվել ու առանց կակազելու ալա-բալա-վնիցան ասել։ Ավելի ճիշտ՝ դա պախկվոցիի մի ուրիշ շուտասելուկ-համրանք էր։ Այդ ընթացքում փոքրը վրաս էր բարձրանում։ Տեսուչին չհաջողվեց միանգամից բռնել պառավին, միայն պառավի խալաթը ծայրեծայր բացվեց։

Երբ զգաց, որ այլևս չի ճողոպրի տեսուչի ճանկից, պառավը հանեց ատամներն ու ամբողջ ուժով շպրտեց գետին։ Քիմքը կտոր-կտոր եղավ։

Պառավին ուժով դուրս տանելուց քիչ անց, մի ձեռքով մազերը շտկելով՝ տեսուչը ետ եկավ՝ մյուս ձեռքին մեծ փալաս, ու քիթը քաշեց։ Փալասը գցեց հատակին, ոտքով հրեց թաց տեղի երկայնքով։ Պատը ծեծեցին։ Աղջիկը կարծես նույն՝ առաջվա անհասկանալի լեզվով փոքրիկին վերջապես համոզեց վերադարձնել ակնոցս ու նրան արահետով դուրս բերեց՝ հավաքելով Հազարան բլբուլի փետուրները։ Պատն էլի ուժեղ ծեծեցին։

– Կարծես Մոշն էլ լավ լեզու է գտնում հետը,- սկսեցի ես՝ վարժվելով տեսնել ապակիներիս վրայի մատնահետքերի միջով։

– Ի՜նչ ուժ ունի, պատը կքանդի էդ հալին։ ԲԲԲ ուրեմն բբբ ուրիշ կազմակերպության չեք դիմել։

Այս անգամ ես որոշեցի քիթս քաշել։

– Հա, Մոշը,- թղթի կտորով սեղանին թափված մոխիրն ու մնացորդները ետ մոխրամանի մեջ լցնելուց հետո ասածիս անդրադարձավ տեսուչը,- սովորեց եղբոր լեզուն, ու հիմա էլ ինձ են փորձում վարժեցնել։ Բառարանի պես բան սարքեց նկարչական տետրի մեջ։ Գրելն էլ ինքնուրույն էր սովորել՝ տպագիր,- մի օր տեսնեմ աղջիկս իրեն-իրեն փողոցի ցուցանակները կարդաց։

Պառավը պատը հանգիստ չէր թողնում։

– Իսկ փոքրիկը…

– Չգիտեմ, այսինքն, դեռ չի խոսում՝ միայն իր լեզվով։

– Մեկը՝ թարգմանիչ ու մեկնաբան, մյուսը՝ պոետ,- աչքս պատից չկտրելով դուրս տվեցի ես։

Տեսուչը դարակից պիտի հաներ անգին տետրը, բայց չարեց,- ժամանակ չկորցնենք։ Հիմա վերջացնենք սա ու մյուս երկու ձևերը։ Պատրաստ ե՞ս եկել։

Փողոցից բառաչի պես շատ երգեցիկ ազդանշան լսվեց։

– Ես դուրս եմ գալիս,- անսպասելիորեն կարճ կապեց տեսուչը։

Մտածեցի, որ առնվազն վեցմխոցանի զռլամա պիտի լիներ ներքևում։

– Սա թող ինձ։ Վաղը մյուս թղթերը լուսանկարների հետ կբերես բաժին։ Բնականաբար իրար չենք ճանաչում։ Թղթերին կցեք ձեր կենսագրությունը բբբ ու մի գործ՝ հազար բառ։

Առայժմ Dell-ի բառահամրիչի ցուցմունքը 966 էր։ Պարզ է, որ ինձնից ուրիշ գործ էր պահանջվում։

Գրպանս դողաց։ Երկու լուր ունեի։ Հեռախոսի ծառայությունից հայտնում էին, որ ինչ-որ տեղ, Աշտարակում, բջջային կապի նոր կետ բացվեց։ Մյուս լուրը՝ նախորդը, այդպես էլ չբացվեց։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.