ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆՆ Է

Այն իրերն ու առարկաները, որոնք նման են ձանձրույթին, կարելի է անվերջ թվարկել։

Ես նշել եմ դրանցից մի քանիսը։ Նշել եմ ոչ թե ընտրողաբար, այլ պատահաբար՝ ինչ մտքիս եկել է այդ պահին։

Ամենակարևորը՝ չմոռանամ։ Ձանձրույթն ինչ-որ բանի նմանեցնելու համար կրթություն, աշխատանքային փորձառություն, կենսագրություն ամենևին պետք չէ։

Երեխան մատը ինչ-որ բանի պարզելով, երբ ասում է «դիդի» կամ «բիբի» կամ էլ «զիզի», իրականում ոչ թե աշխարհն է սկսում ճանաչել, այլ զգուշացնում է. «Այստեղ ձանձրույթ կա»։ Իսկ մենք կարծում ենք, թե նա ուզում է արտահայտվել ու չի կարողանում։

Իրականում մենք չենք կարողանում արտահայտվել, որովհետև չենք կարողանում ընտրել, ավելի ճիշտ՝ զանազանել։

Եթե մենք ընտրելու հնարավորություն ունենայինք, ձանձրույթն այսքան շատ չէր լինի։ Բայց ասեմ, որ ճիշտ ընտրությունն էլ նման է ձանձրույթի, քանզի ճիշտ ընտրություն կատարելով, ընտրում ես անշարժը։ Այսինքն ընտրում ես մի բան, որի ամեն շարժումը հերքում է քո ընտրությունը։

www.dzandzruit.am

Ձանձրույթը նման է ռազմավարական
հետազոտության
և շատ չի տարբերվում
ինտեգրացիայի մասին դասախոսությունից։

Ձանձրույթը նման է
պաշտոնական ընդունելության հրավիրված
դեսպանի տիկնոջ։

Ձանձրույթը նման է դատավորի,
որը լավ գիտի բոլոր օրենսգրքերը,
բայց չունի խիղճ։

Ձանձրույթը նման է
նոր մորթված անասունից
բարձրացող գոլորշու։

Ձանձրույթը նման է չաշխատող գործարանի,
որի խողովակները ժանգոտում են-
ներսից ու դրսից։

Ձանձրույթը նման է կանգառն արգելող նշանի։

Ձանձրույթը նման է թիթեռի արշալույսին։

Ձանձրույթը նման է պատմական հայրենիքի։

Ձանձրույթը նման է մուրացկանի,
որը երգում է։

Ձանձրույթը նման է
սեքսին նախորդող և հաջորդող
ժամանակահատվածին։

Ձանձրույթը նման է
զվարճալի ներկայացման,
որի բոլոր հերոսները չեն մեռնում։

Ձանձրույթը
Ալեքսանդր Մյասինիկյանի
արձանին է նման։

Ձանձրույթը նման է ջերմոցի վարունգի։

Ձանձրույթը նման է
դիրքերում կանգնած զինվորի հորանջին։

Ձանձրույթը նման է
նիհար մարդու,
որն ուզում է գիրանալ
և գեր մարդու,
ով երազում է նիհարել։

Ձանձրույթը նման է պրեզերվատիվի,
որից ելակի հոտ է գալիս
և ելակի,
որից ոչ մի հոտ չի գալիս։

Ձանձրույթը նման է միջակության։

Ձանձրույթը նման է
Աստծո տանը վառված մոմի տևողությանը։

Ձանձրույթը նման է
ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Ձանձրույթը նման է
անցյալից չստացված
և ապագային չփոխանցվող
ժառանգության։

Ձանձրույթը նման է դպրոցական պայուսակի։

Ձանձրույթը նման է գազանանոցի,
որտեղ պարզ չէ – ով ում է նայում։

Ձանձրույթը հայելու է նման։

Ձանձրույթը նման է հոգեհացի,
որի մասնակիցներից մեկը
սեղանին կոտեմ է որոնում։

Ձանձրույթը նման է
բանակի քեֆի։

Ձանձրույթը նման է
նորածնի կղանքի։

Ձանձրույթը նման է դեսպոտ ամուսնու։

Ձանձրույթը նման է
լվացքի պարանի,
որից միայն ամրակներ են կախված։

Ձանձրույթը նման է ստորոտի։

Ձանձրույթը նման է
ազգի համար աշխատող մարդու։

Ձանձրույթը շքանշանի նման է։

Ձանձրույթը նման է
կախվածի տանը պարանից խոսելուն։

Ձանձրույթը նման է հոգնած մարդու։

Ձանձրույթը նման է սարդոստայնի,
որի գեղեցկությամբ կարելի է հիանալ։

Ձանձրույթը նման է
«Կողմնակի անձանց մուտքն արգելվում է»
զգուշացմանը։

Ձանձրույթը նման է
ձմեռային գիշերվա երազի։

Ձանձրույթը նման է
sale-ի տակ ընկած ապրանքի։

Ձանձրույթը գեներալի ուսադիր է հիշեցնում,
բայց իրականում նման է գնդապետի։

Ձանձրույթը նման է եվրոռեմոնտի։

Ձանձրույթը նման է ձիու պայտի,
որը փակցված է դռան վերևում –
իբր չար աչքի դեմ։

Ձանձրույթը նման է ուրագի –
«միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ»։

Ձանձրույթը նման է
վերելակի թքոտված հատակի։

Ձանձրույթը նման է սփռոցի,
որի վրա գինի է թափվել։

Ձանձրույթը նման է մոխրամանի,
որը միշտ լիքն է։

Ձանձրույթը նման է
աղանդավոր կնոջ,
ում ձեռքից թափվում է աշխարհը։

Ձանձրույթը նման է
բանակից գրած նամակի։

Ձանձրույթը նման է
աշխարհընկալման։

Ձանձրույթը նման է
փող չունեցող մարդու։

Ձանձրույթը նման է
աշխարհի անխուսափելի վախճանին։

Ձանձրույթը նման է
ընկեր Բրեժնևին։

Ձանձրույթը նման է
քիմիայի օլիմպիադայի։

Ձանձրույթը նման է
ուրիշի մտքում եղածին։

Ձանձրույթը նման է
կես ամիս ուշացած
աշխատավարձի։

Ձանձրույթը նման է
աղջիկ սիրող աղջկա
և տղա սիրող տղու։

Ձանձրույթը նման է
անկում ապրող սակագնի։

Փողոցային բոզերի նման
գրավիչ է ձանձրույթը։

Ձանձրույթը նման է
տեխասմոտրի և
չաղ ոստիկանի։

Ձանձրույթը նման է կացնի,
որով միայն ցախ չեն կոտրում։

Ձանձրույթը նման է հրաշագործի,
որ միայն էշերի աչքին է երևում։

Ձանձրույթը նման է
ժամանակից շուտ և առանց պատճառի
հղիության։

Ձանձրույթը նման է ստորակետի,
որը դրվում է «բայց»-ից առաջ։

Ձանձրույթը նման է
ավարտված տղամարդու։

Ձանձրույթը նման է «մյուս» բառին,
որը շատերը սխալմամբ
արտասանում են «մույս»։

Ձանձրույթը սապատավոր է,
ինչու չէ նաև՝ զոլավոր։

Ձանձրույթը նման է թռչնագրիպի,
որից մեռնելը փառք է
ամեն մի պիտուխի համար։

Ձանձրույթը նման է
չածիլված ոտքերով աղջկա։

Ձանձրույթը նման է «Զոքանչ» գինու,
բայց ամենևին նման չէ կնոջ։

Ձանձրույթը նման է
աղջկան «քուրիկ» ասող դեգեներատի։

Աղբամանի մեջ քջջող մարդու է նման
ձանձրույթը։

Ձանձրույթը նման է
անձնագրային տվյալների։

Ձանձրույթը նման է
ծերացած մարդասպանի։

Ձանձրույթը նման է
քարից հաց քամող ժողովրդի։

Ձանձրույթը նման է
մետրոյի դատարկ վագոնները
չափչփող մուրացկանի։

Հումանիտար օգնության
է նման ձանձրույթը։

Ձանձրույթը նման է
վասալի վասալին։

Ձանձրույթը նման է
կոկորդիլոսի արցունքների։

Ձանձրույթը նման է
սառը քրտինքի։

Ձեր առաջարկները, այսինքն՝ ձանձրույթին նմանվող շնչավոր և անշունչ առարկաներն ու երևույթները կարող եք ուղարկել info@dzandzruit.am հասցեով։

Show Comments Hide Comments

2 thoughts on www.dzandzruit.am

  1. անահիտ says:

    Ձանձրույթը նման է այս բանաստեղծությանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *