ԿԻԼԻԿՅԱՆ1
Anamnesis

Հիվանդության պատմության թերթիկ
#167
Անկետային տվյալներ

Ա.Ա.Հ. Նալչաջյան Գագիկ Ռաֆիկի
ծննդ. թիվը – 1958,
ծննդավայրը – ք. Երևան

Մայրս գավառական քաղաքի գեղեցկուհին էր: Առաջին ամուսնուց (զոհվել էր պատերազմում) երեխա ուներ: Հայրս վիրավորվել, զորացրվել էր, տեսել էր` սիրահարվել: Մթնով հանդիպել էին: Ազգուտակս կտրականապես դեմ էր ազապ տղայի ու որբևայրի կնոջ կապին: Գիշերով բռնացնելու վրա են եղել: Ճարպիկ են գտնվել, թաքնվել են տակառի մեջ: Մեջս դիոգենեսյան բան կա:

Զբաղվածությունը (մասնագիտությունը) – ռազմական թարգմանիչ
Աշխատավայրը – չի աշխատում (զինթոշակառու)
Բնակավայրը, հասցեն – ք. Երևան, Մարքսի 2-րդ նրբանցք, 8/4
Բժշկ. հաստատության անվանումը – Հոգեկան առողջության կենտրոն
Բուժող բժիշկ – Նարինե Մանասյան
Ախտորոշումն ընդունման պահին – Ասթենոդեպրեսիվ սինդրոմ
Կլինիկական ախտորոշում – Մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, դեպրեսիվ փուլ
Վերջնական ախտորոշում – Մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, դեպրեսիվ փուլ
Ընդունած բուժումը – Հակադեպրեսիվ պրեպարատներ, հոգեխթանիչներ, ընդհ.
ամրապնդող պրեպարատներ:

Ծննդյանս օրը
կինս դեղեր նվիրեց:

Կան բաներ, որոնցից վախենում եմ մահից ավելի: Անապատում նստում էի զրահատեխնիկայի վրա: Ներսում ավելի ապահով էր, բայց ականի վրա պայթելուց ոտքերդ կորցնելու վտանգ կար:

Սիրտս հիվանդ էր: Վիրահատության կարիք կար՝ հրաժարվեցի: Վարակվեցի հարբուխով: Կնոջս խնդրում էի փրկել կյանքս…

Examinum subjectivus2 – Գանգատվում է վատ տրամադրությունից, անբացատրելի տագնապից, զգացմունքայնության բացակայությունից, անքնությունից, բերանում չորության զգացումից, փորկապությունից, ախորժակի բացակայությունից, սեքսուալ ցանկության անկումից, սրտի շրջանում տանջալի ցավի զգացումից՝ «սրտային թախծից» – anxietas cordialis:

Քսանականին կանայք, երեքլիտրանոց բանկաները գրկած, շրջում էին հարսանքավորների շարքերով, բերանները գդալ-գդալ մուրաբա դնում:

Բանակում ուշքս-միտքս մուրաբան էր: Դե արի անապատի կենտրոնում էդ անտերից ճարի: Ընկերս՝ Ղուլյան Սաշան, զորամասի խոհարարն էր, լիտրանոց բանկան դրեց սեղանին: Գլխի ընկա, վրան գցվեցի՝ մի շնչով կեսը կերա: Բալի էր: Սա՛շ, որտեղի՞ց: Գեներալական սուխպայից թռցրի…

Խեղդվելիս
բարձր բաների մասին մտածիր:

Սուզանավում խավարասերները ճեփ-ճերմակ են:

Anamnesis morb3 – Իրեն հիվանդ է համարում 1986 թվից, արևելյան երկրներից մեկում չհայտարարված պատերազմից վերադառնալուց հետո, որին մասնակցել է որպես ռազմական թարգմանիչ: 1986 թ. ամռան սկզբին հիվանդը գանգատներով դիմել է նևրոպաթոլոգին և հոսպիտալացվել է վերջինիս կողմից՝ ասթենոդեպրեսիվ սինդրոմ ախտորոշմամբ, նևրոլոգիական բաժանմունքում: Ստանալով համապատասխան բուժում՝ հիվանդը դուրս է գրվել վիճակի թեթևակի բարելավմամբ, սակայն ոչ առողջացմամբ…

Մոտեցանք խփված զրահամեքենային: Ներսում այրված դիակ կար: Մոխրացած առնանդամը ցցված-կանգնած էր…

Գլորվելիս մտքումդ բան պահիր՝
կկատարվի:

Ինքնաթիռն օդում պայթելիս՝ մարմինները գետնին են հասնում մորեմերկ:

…88-ի գարնանը (կապված «ազգային զարթոնք» շարժման հետ) հիվանդի մոտ նկատվում է ակտիվության և տրամադրության սաստիկ բարձրացում, մտածողության (կապակցական պրոցեսների) ընթացքի արագացում, հոգեշարժական գրգռվածություն, անասելի էներգիայի ու ուժերի կուտակում սեփական անձի ներսում: Նման վիճակը շարունակվում է մինչև 1989-ի ամառը…
Հուղարկավորությունը տարածքային հարց է,
դիակիզումը՝ ինքնորոշման իրավունք:

Առաջնորդին գնդակահարեցին օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ: Զինակիցները հավաքվել էին հիշատակը հարգելու: Ողորմաթաս ասողները միաբերան էին՝ գիտենք մարդասպաններին, անուններով գիտենք, բերելու ենք շիրիմիդ մատաղ անենք… Անուններ չէին տալիս…

… Սկսած 1989-ի սեպտեմբերից հիվանդի մոտ ի հայտ է եկել տրամադրության խիստ անկում, անաշխատունակություն, անքնություն, ինքնամեղադրման, ինքնանվաստացման ու անլիարժեքության բարդույթ, բոլոր տեսակի մարդկային շփումներից հրաժարում, անասելի թախծի զգացողություն, «կյանքի գույների կորստի» զգացողություն: Այդ կապակցությամբ նա հոսպիտալացվել է նևրոպաթոլոգի կողմից, սակայն տարված բուժումը դարձյալ անարդյունք է եղել: Նման դեպրեսիվ վիճակը ձգվել է մինչև 1990-ի հուլիսը…

89-ի ամռանը միաժամանակ հանդիպում էի երեք աղջիկների հետ: Անունները չեմ հիշում: Նույն թվի աշնանն ամուսնացա:

Հաջող տարի էր.
մեկ-երկու օր ապրեցի:

Աղջիկն ամսի չափ հաց չէր կերել, որ մեռնի: Բժիշկները կոլլապսից հազիվ էին դուրս բերել, ասաց՝ մահը մանուշակագույն է:

Ամեն առավոտ արթնանում եմ.
սովորույթս փոխեցի:

Զրահամեքենան անցնում էր անապատով: Վարորդի կողքի լյուկը բաց էր: Մոլորված ականը զխկաց զրահամեքենայի կողքին: Բեկորը ներս սուրաց լյուկից՝ մեջտեղից կիսելով սպայի առնանդամը:

1993-ի գարնանից մինչև դեկտեմբեր հիվանդի մոտ դարձյալ նկատվել են «ակտիվ» փուլին բնորոշ ախտանիշներ: Ըստ հարազատների պատմածի՝ այդ փուլի ընթացքում հիվանդն աչքի է ընկնում անհիմն բարձր տրամադրությամբ, արտասովոր առույգությամբ, շրջապատն ընկալում է անիրական, վառ գույներով, հիշողության սրացմամբ (հիպերմնեզիա) և էյֆորիայով: Մտքերի արտահայտման անսովոր արագությամբ՝ «ինտելեկտուալ գրգռվածությամբ»…

Մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ կին էր կանգնում: Ցանկացողներին 50 դրամով պատմում էր հերթական սերիալի բովանդակությունը, որ չէին հասցրել նայել հովհարային անջատման պատճառով:

Ամպերին էի նայում,
փետուր գտա:

Գիշերով պարեկները լսում են զանգակատան բարձրախոսից տարածվող կոմպարսիտան՝ ականջներին չեն հավատում: Վանատանը վանականներից երկուսը, մոռանալով անջատել բարձրախոսի լարը, պարում են շիկամազ գեղեցկուհիներին գրկած:

…Հիվանդի մոտ ի հայտ են գալիս իրեն ոչ բնորոշ ինքնավստահություն, գործարարություն, ինքնագնահատանքի բարձրացում: Միմիկան կենդանի է, գերակշռում է մշտական բարձր տրամադրությունը: Արտաքին աշխարհի ազդակներին ռեակցիան ադեկվատ չէ: Ախորժակը, որպես կանոն, մշտապես լավ է, զարկերակային ճնշումը՝ բարձր: Հիվանդության այս փուլի ընթացքում նա երբեմն ինչ-ինչ անհասկանալի գրառումներ է անում, նախադասությունները դուրս են շարահյուսական կանոններից, հաճախ՝ կիսատ, սյուժեն ու հերոսներն անընդհատ փոփոխվում են…
G – ֆակտոր

… հետմիջուկային գլոբալիզացիայի դարաշրջանն էր և պարզվեց որ մարդկային փոխհարաբերությունները մտել են փակուղի կային մարդիկ ովքեր սովոր էին շփվելու կային այնպիսիք որ տեսել էին շփվողների կամ լսել նրանց մասին նույնիսկ պատերազմները լուրջ չէին ընկալվում և դիտվում էին իբրև խզված կոմունիկացիաների վերականգնում այն դեպքերում երբ շփման տեսակը հաշվարկվում էր վերջին տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան գլոբալ գլոբալիզացիան մեկնաբանվում էր նրանով որ ինքը արդեն գլոբալիզացիա չէր կամ էլ այնքանով որքանով իր մասին էր ամբողջ կատարվելիքը իսկ կատարվելիքը պարզ էր շփումն էր ռացիոնալ ճշտված նորմերով չափանիշների խախտման խորը թաքնված ցանկությամբ առանց դրանց իրական հնարավորության առանձին մարդու դեպքում ըմբոստությունը ինչ որ տեղ հասկանալի էր և դա կապված էր հիշողության տևական կորստի հետ իսկ մասսայական ձևի խախտումը դիտվում էր որպես օրենքի խախտում այլ ոչ որպես վերափոխում ի նպաստ բարելավման…

… Ներկան ու ապագան հիվանդի համար պայծառ են ու խոստումնալից: Չնայած գործնական ակտիվությանը՝ նրա կողմից կատարվող ոչ մի գործողություն արդյունավետ չէ, ավելին` ամեն նախաձեռնություն կիսատ է: Հիվանդության փուլում փոխվում է նաև հակառակ սեռի հանդեպ ունեցած վերաբերմունքը, կարճաժամկետ կապեր է հաստատում տարբեր կանանց հետ և հաճախակի հանդիպում նրանց…

Սիրուհիներին կինն էր վարձում:

Մի հնարով ամուսնուն ուրիշ կնոջ մոտ էր ուղարկում, հանվում էր, պառկում անկողնում, ձեռքը տանում էր ոտքերի արանքը, մյուսով կուրծքը մոտեցնում բերանին…

…Հիվանդության այս փուլում չի կենտրոնանում ոչ ոքի և ոչնչի վրա: Գերագնահատում է սեփական անձի հնարավորությունները, անվերջ պատմում սիրային հաջողությունների ու արկածների մասին: Կորցնում է տակտի զգացումը, ծիծաղում ու խոսում է բարձր, չունի դիստանցիայի զգացում: Մտքերի արագության պատճառով դրանք արտահայտում է ոչ լրիվ՝ ամբողջ մտքից արտաբերելով մի քանի բառ՝ «մտքի թռիչք» – (figa ideaum):

Վերելակ նստելիս
թևերս թափահարում եմ:

Դիմահար կրակի տակ սողալիս անկախ քեզնից քար ես ման գալիս` գլուխդ հետևը կոխես… Չես գտնում, երեսդ ողջ ուժով սեղմում ես հողին:

Status Obiectivus4 – Մաշկը – տեսանելի լորձաթաղանթները գունատ են: Միմիկան և աչքերի արտահայտությունը վկայում են խորը թախծի մասին: Դեմքն արտահայտում է տանջանք և վիշտ: Աչքերը թարթում է հազվագյուտ, հայացքը տխուր է, սառած, հոնքերն իջած են, ճակատը կնճռոտված է, շրթունքները չոր են, գլուխը կախ է, ձեռքերն իրանին են սեղմված, ծնկները ծալվում են: Հարցերին պատասխանում է արգելակմամբ, ցածր ձայնով, կենտրոնանում է դանդաղ: Շարժումները երկչոտ են, արգելակված (ստուպոր)…

Գերեզմանաքար ցույց տվին՝ վրան գնդակների հետքեր: Հանգուցյալը պատերազմի ժամանակ անցել էր թշնամու կողմը: Ավարտից հետո գլուխը պրծացրել էր, եկել ծննդավայր, սուսուփուս ապրել, մեռել: Հետո էր գործը բացվել: Ռազմական տրիբունալը հետմահու մահապատժի էր դատապարտել: Զինվորների դասակը եկել-շարվել էր գերեզմանաքարի առաջ…

…Շարունակ խոսում է կյանքի և երեխա ունենալու անիմաստության մասին: Ապագայի հանդեպ ունի վախ, ոչնչի չի հավատում: Ունենում է սուիցիդալ մտքեր: Ինքասպանության մի քանի անհաջող փորձ է կատարել, որոնք, սակայն, կրել են ավելի շատ ցուցադրական բնույթ: Նշում է, որ կյանքը պատահականությունների շարան է: Չի զգում սեփական անձի սահմանները: Իրեն մեղադրում է մարտընկերոջ զոհվելու համար, պահանջում է դատապարտել ու պատժել: Մտածողության ընթացքը դանդաղեցված է (ինտելեկտուալ արգելակում): Հիվանդը գտնվում է տևական «հոգեկան ցավագին անզգայության» (anastaetia psychica dolorosa) մեջ:

Ուտել սեփական հոգեհացը
ամեն երեկո:

Երկրորդ կուրսում ավտովթարից զոհվեց համակուրսեցիս՝ Եվգենյա Ղալումյանը: Մահվան հետ առաջին հանդիպումս էր: Թաղումը Սև Քար գյուղում էր: Ժենյայի ծնողները ստիպեցին մասնակցել հոգեհացին. ավելի համով հաց կյանքումս չեմ կերել…

Մեր հայրենակից, երրորդ սերնդի ամերիկացի Ջորջ Նաջարյանին հրավիրեցինք խաշի: Գուրգեն Մելիքյանը բաժակ վերցրեց, ասաց՝ արև դուրս գա մեր նաշին, արև դուրս չգա մեր խաշին… Հայացքս ընկավ Ջորջի կողմը… Սարսափած նայում էր պղտոր հեղուկով ափսեին… Չարագուշակ տեսքով մսի կտորներ էին լողում:

Ընկերոջը բռնացրեց կնոջ հետ՝ սեփական անկողնում: Առանց այլևայլության կտրեց իգանդամը, մանրամասն եփեց, դրեց ընկերոջ առաջ: Ստիպեց մինչև վերջ ուտել:

Դիակս կտակում եմ
կենդանաբանական այգուն:

Anamnesis vitae5 – ծնվել է 1958-ի հուլիսի 6-ին, ք. Երևանում: Ընտանիքի միակ և երկար սպասված երեխան էր: Հարազատների նկարագրությամբ՝ մանկուց գերզգայուն էր: Խուսափել է կոլեկտիվ շփումներից, բակի երեխաների հետ չի սիրել խաղալ, մանկապարտեզ չի հաճախել: Օրեր շարունակ անկյունում նստած՝ մենակ է խաղացել: Մարդկային կուտակումներ չի կարողացել տանել: Սպորտով չի զբաղվել, պիոներական ճամբար չի գնացել: Միակ հոբբին, որով տարված է եղել, առագաստանավերով բացիկներ հավաքելն էր:

Շուրջերկրյա ճամփորդությունն անցնում է բնիկի ստամոքսով:

Որևէ կղզի անմարդաբնակ չէ
առանց Ռոբինզոնի:

Վեց տարեկան կլինեի: Ընտանիքով Աղվերան էինք գնացել: Անտառ բարձրացա, մոլորվեցի: Լսեցի կանչող ձայները: Քայլում էի ձայներին հակառակ ուղղությամբ:

… Ուսուցչուհին նշում է, որ նախնական դասարաններում երեխայի ադապտացիան դժվար է եղել, առարկաները դժվարությամբ է ընկալել, բավական ժամանակ չի կարողացել գրել սովորել, ձեռագիրն անճոռնի է, տետրերը լի են բացթողումներով ու սխալներով: Վախեցել է արտահայտել մտքերն ու հույզերը: Չորրորդ դասարանից սկսել է կարդալ, կարդացել է շատ, բայց անկանոն, այնքան շատ, որ ծնողներն անհանգստանալով փորձել են արգելել: Մայրը պատմում է, որ գիշերը բռնացրել է վերմակի տակ՝ լապտերիկով թաքուն կարդալիս…

Գրադարաններում գրքերը շղթաներով գամում էին գրադարակներին:

…Դպրոցական բարձր տարիքում հակադրվել է ծնողներին, տարվել է ռոք երաժշտությամբ, սկսել է ծխել, երկար մազեր է պահել: Մասնագիտության ընտրությունը կատարել է պատահաբար: Ուսանողական տարիներին, ի տարբերություն դպրոցականի, կենսախինդ էր, հումորով, ոչ կարգապահ: Հաճախակի սիրահարվել է ու բաժանվել, բաժանումները ծանր է տարել…

Ուսանող էի: Սիրահարված էի: Շաբաթվա վեց օրը տեսնելու հնար ունեի: Կիրակին դժոխք էր: Գնում կանգնում էի տրամվայի կանգառում: Հիմի քաղաքում տրամվայ չկա:

Գառների լռությունից
խլացա:

Ֆիլմը նայելիս գալիս է պահ՝ ակամա ուզում ես՝ քեզ ուտեն…

Մարդու միսը կոշտ է, անհամ: Ընկերուհիս հակառակն է պնդում:

… Հեշտությամբ ոգևորվել է իրարամերժ գաղափարներով՝ արագորեն հիասթափվել: Տառապել է ձանձրույթի անվերջ նոպաներից, միաժամամակ գերադասել է մենակությունը …

Հանգուցյալին տանում են
ոտքերով առաջընթաց:

Հետաքրքիր է. թաղելուց նոփ-նոր կոշիկ են հագցնում, որ երևա սավանի տակից:

1984թ. ապրիլին հիվանդին շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում: Զորակոչվել է բանակ և մեկնել է ծառայության արևելյան երկրներից մեկը՝ չհայտարարված պատերազմին մասնակցելու որպես ռազմական թարգմանիչ:

Աչքերս բացեցի. բանակային մահճակալի սնարաձողով կարիճների ընտանիքը շարքով քայլում էր: Աչքերս փակեցի, ինձ համոզեցի՝ երազ է:

Գերեզմանաթմբի ծաղիկները ջրելը
ռևմատիզմի բուն է:

Ջուրը վերջանալու վրա էր: Բոլորին կես տափաշիշ բաժանեցինք: Հին ծառայողներով շրջապատեցինք վերջին ջրամանը՝ ոչ մենք էինք խմում, ոչ մյուսներին էինք տալիս: Երբ ջուրը տեղ կհասներ՝ ոչ ոք չգիտեր: Ջահել զինվորները ջրի համար լալիս էին:

Զինվորները թութակի ջրամանը օղի լցրին, իրենք էլ մի-մի թաս խմեցին: Նստեցին թուղթ խաղալու: Առավոտը մեկը զոհվել էր: Առաջինը. երեք ղառ , մյուսը՝ ես փաս, երրորդը սեղանին դրեց երեք մարդկային ականջ… երրորդ զինվորը կին էր:

Նույն թվի նոյեմբերի վերջին հիվանդին տեղափոխում են (տեղափոխման պատճառների մասին տվյալները անկետայում բացակայում են) թուրքեստանյան զինվորական օկրուգի Տաշքենդի զինհոսպիտալ:

Ղանդահարի հոսպիտալում մի փոխգնդապետ ասում էր՝ մինչև ճաշ պայքարում ենք սովի դեմ, ճաշից հետո՝ ձանձրույթի: Ճաշից հետո դուրս եկավ զբոսնելու` պատահական գնդակի զոհ դառավ:

Քաբուլից Տաշքենդ թռչող սանիտարական ինքնաթիռը ջերմային հրթիռներ էր բաց թողնում՝ ստինգերների ուղղությունը շեղելու: Օդանավակայանում շոգ էր: Օդաչուն դռները բացեց: Մոտեցա դռանը: Անսովոր էր… Ոչ ոք չէր կրակում… Կրակոցի ձայն չկար…

No comment
Հավելված #1

#167 հիվանդության պատմությանը որպես հավելված կցվում են հիվանդի պատերազմական հուշերը

Բուդդան դեմք չուներ՝ ամեն ինչ տեսնում էր: Դեմքը քերել էին ոգիների6նախահայրերը: Փորված էր հսկայական ժայռի երկայնքով՝ Խազարների երկրի Բամիան նահանգում: Արձանին այցելելու միտքն ավագ լեյտենանտ Օրֆեյի գլխում ծագեց ափիոնի գիշերից հետո:

Տարիներ անց, սարսափի նոպայից հետո, հայելու մեջ զննում էի աղավաղված կերպարանքս, թվում էր՝ ոգիները դեմքս էլ են քերել. տեղը օտար մեկի կիսացնոր աչքերն էին: Չհասկացա՝ ոնց էին կարողացել ներխուժել երակներս, դիվական ձվերը դրել արյանս մեջ: Ձվերից ելած դևի ճտերը բեղմնավորվում էին, ձվադրում՝ իրենցով անում արյունս: Կայսերական բժշկությունը դևերի չէր հավատում՝ հիվանդությունս ախտորոշել չկարողացավ: Սկզբում նոպաները կարճ էին՝ մեկ-երկու ամիս. գնալով երկարեցին: Կորցրել էի կյանքի համը, դեմքս «աղոթողի» կերպն էր ընդունել. ամիսներով անկողնում պառկած՝ երեսս պատին, մինչև վերջ չխելագարվելու համար փորձում էի կցմցել գիտակցությանս քայքայվող բեկորները: Չմեռած՝ դատապարտված էի դժոխքի: Չէի կարող զգացածս նկարագրել ոչ ոքի, միայն դիվահարը վիճակս հասկանար:

Բուդդային տեսնելու գնալն արկածախնդրություն էր. առանց հրամանատարի թույլտվության զորամաս լքելն արգելվում էր. էս երկրում ամեն ճամփորդություն կարող էր վերջինը դառնալ: Զրահամեքենան նստելիս Օրֆեյը ինձ շրջվեց, ասաց՝ խոսել է Բուդդայի հետ, պատվիրել է մեկնել Նուրիստան7՝ ինչ-որ մանդալայի հետևից. արյունոտ բարդակը վերջ տալու ուրիշ հնար չկա: Հերն էլ անիծած,- ասացի՝ վառելով ափիոնի գլանակը:
Նուրիստանը շրջապատված էր լեռներով, հակառակ երկրի մնացած մասի՝ հայտնի էր անտառներով, արագ վտակներով: Նուրիստանցիները տարբերվում էին շրջակա ցեղերից՝ շիկամազ էին, կապուտաչ, ճերմակամաշկ: Ալեքսանդր Մակեդոնացու սահմանապահ գնդի զինվորների հետնորդներն էին: Պատերազմին չէին խառնվում՝ պահպանելով զինյալ չեզոքություն: Մինչև 1895 թիվը, մինչև Քաբուլի էմիր Երկաթյա Աբդուռահմանի կողմից բռնի իսլամացումը՝ հեթանոսներ էին: Խոսք կար՝ մինչև օրս էլ ծածուկ պաշտում են նախնիների աստվածներին: Մյուս ցեղախմբերը երկիրն անվանում էին Քաֆիրիստան՝ Անհավատների երկիր:

Ճանապարհին, զրահամեքենայի խուլ գվվոցի տակ, մտածում էի զորամասում սպասող տրիբունալի մասին, չէի կարող ավագ լեյտենանտին մենակ թողնել: Ամենամոտ ընկերս էր՝ շիկամազ, ազնվականի դիմագծերով, սպայական գերդաստանի ժառանգորդ. նոր էր ավարտել զինվորական ուսումնարանը:

Զորամաս ժամանելիս ցույց տվին վրանը, ուր պիտի բնակվեինք, ներսից պատված էր ջերմամեկուսիչ փայլաթղթերով. նարնջագույն պլաստմասե լուսամփոփը արվեստի վերջին ճիչն էր: Պարզվեց՝ փայլաթղթերով պատանում էին զոհված զինվորների դիակները, որ չքայքայվեն. լուսամփոփի դերը կատարում էր վնասազերծված պլաստիկ ականի պատյանը:

Վրանում նստած էին Անհաղթ բանակի սպաներ. տեղի հնաբնակներ էին. անհիշելի ժամանակներից մարտնչում էին ոգիների դեմ: Ներկայացանք, արձագանքեցին լռությամբ, հետո որոշեցին՝ ընկերս ապրողներից է, վաղ թե ուշ կվերադառնա հյուսիսային քամիների իր երկիրը… Ինձ կբերեն ցինկե տարայով. առաջին հայացքից էլ երևում է՝ կյանքի կամքից զուրկ եմ: Հյուսիսցին հրաշալի կիթառ էր նվագում-երգում, ստացավ Օրֆեյ մականունը: Նվագից վրաններում վխտացող մորմերն ու կարիճները հմայված քարանում էին, ձեռքի հետ զբաղվում էինք նախճիրով: Կիթառից երբեք չէր բաժանվում, երբ ուղեկցում էի տուն՝ ցինկե դագաղին դրված էր կիթառը: Նայում էի դագաղի դիտանցքին, չէի տեսնում դեմքը՝ տղաները Օրֆեյի մարմինը ծածկել էին սև կակաչներով8: Փորձեցի հիշել ծաղիկների հոտը, ներսումս պատերազմի հոտն էր՝ վախի ու քաքի հոտը:

Միասին էինք ժամանել ծառայության վայր՝ Դիվաստան, որ Անհաղթ բանակի ներխուժումից հետո Կայսրության ծերակույտի կողմից վերանվանվել էր Դիվաստանի Դեմոկրատական Հանրապետություն: Միասին էլ հեռանում էինք, նա՝ կակաչներով զարդարված, ես՝ դասալիքի պես՝ գլխիկոր:

Փախչում էի ինձնից մշուշոտ ուղեղով, չնչին հույսով, թե կարող եմ վերջ տալ մղձավանջին, ազատվել վարակված արյունից՝ ետ շրջել ժամանակը:

Ինքնասպանության միտքը երկարաձգվում էր փախուստի պես, նման քայլին կամք էր պետք՝ աղոտ էր դառնում: Ինքնասպանության այլընտրանքը հոգեբուժարանն էր, ո՞վ կգնար իր կամքով: Փորձում էի տնից դուրս գալ՝ հույսով… դրսի կյանքը թեթևություն կբերի: Ձեռնարկն ավարտվում էր դռան մատույցներում, սարսափը զսպանակի պես ետ էր մղում՝ գցում անկողնուն: Հեռախոսն անջատել էի, կանգնեցրել էի ժամացույցները, դուռը չէի բացում: Երեկոյան կողմ ուղեղիս մշուշը տեղի էր տալիս, փոխարինում էր մեղքի զգացումը: Ինձ դատապարտում էի դանդաղ մահվան:
Արյունոտելու չափ կրծում էի ձեռքերս, մինչև ուժից ընկնելը՝ ապտակում դեմքս: Ճչում էի թոքերիս ողջ ուժով՝ աշխարհի, մարդկանց ուշադրությունը ինձ դարձնելու հույսով՝ կոկորդիցս ելնում էին անորոշ, խղճուկ ձայներ: Ամենաշոգ եղանակին, աղմուկից խուսափելու համար, պատուհաններս փակ էին, ճեղքերը՝ բամբակով խցանված: Ծորակը մնացել էր բաց, կաթկթոցի ձայնը գիշերը մեխի պես գլուխս էր խրվում. փակելու գնալը սխրագործություն էր: Վերևի հարևանուհու կոշիկների կտկտոցը ծնում էր կնատյացության ոխերիմ զգացում: Վարագույրները փակ էին, որ խուսափեմ ցերեկվա լույսից, պատուհանից դուրս չնայեմ… չտեսնեմ կավե պարիսպների, մինարեների ուրվագծերը:

Զորամասը տեղակայված էր երկրի պատմական մայրաքաղաքից՝ Ղանդահարից ոչ հեռու: Տեղանունը ոմանք թարգմանում էին՝ շաքարաման, ուրիշները համարում էին՝ քաղաքը հիմնվել է Մակեդոնացու կառուցած երեսուն Ալեքսանդրիաներից մեկի տեղում, տեղացիները նրան Իսքանդար էին ասում: Ղանդահարն հայտնի էր ափիոնակակաչի ցանքսերով, անչափ խոշոր նռներով: Գարնանը նռնենիները ծաղկում էին՝ շրջակայքը կարմիր մայրամուտի նման էր… Սրանով լավ բաները վերջանում էին:

Մեզ ուղարկել էր Կայսրությունը՝ մասնակցելու անհույս երկարող պատերազմին, որը հպատակներից գաղտնի էր պահվում: Տուն ուղարկվող նամակներում պարտավոր էինք նշել՝ եկել ենք տեղացիներին բանջարաբուծության ասպարեզում աջակցելու: Կայսրություն ուղևորվող ցինկե դագաղների հոսքը պաշտոնապես բացատրվում էր անապատում մոլեգնող թոքաբորբի համաճարակով:

Ոգիները մեր հիմնական հակառակորդն էին, սնվում էին ափիոնակակաչի սերմով՝ չլսված դիմացկուն էին. կարող էին օրերով դարանակալած սպասել զոհին: Հին ծառայողներն ասում էին՝ սովորական զենքով ոգի չես սպանի, փամփուշտները կրակելուց առաջ պետք է թաթախել Վարան անվանվող վիշապների մածուցիկ արյան մեջ: Հաճախ կնոջ կերպարանք էին առնում, փարաջա հագնում, գայթակղում զինվորներին: Հաջորդ օրն աչքները հանած, առնանդամները հատած դիակները գտնում էինք զորամասի դարպասների մոտ:

Տեղացի կանայք թաքնվում էին մինչև սրունքներն իջնող կապտասև փարաջաների մեջ. աչքերի մասում ցանցկեն կտոր կար: Շատերի բոբիկ ոտքերին սև, ռետինե կրկնակոշիկներ էին: Էսքան ժամանակ էստեղ ենք՝ երեսները չտեսանք,- դժգոհեցի: Տեսել եմ՝ պատասխանեց Օրֆեյը. հատուկ նշանակության ջոկատը քարավան էր խփել: Թվաց՝ դիակների միջից տնքոց է գալիս: Մոտեցա. վիրավորը կին էր: Բեկորը որովայնը բացել էր: Մեզ հետ բժիշկ չկար: Դեմքը բացեցի: Տափաշիշը մոտեցրի: Երեսը ձեռքով փակեց՝ չմոտենաս, քաֆիր: Ելք չկար, մոտակա հարյուր կիլոմետրի վրա բժիշկ չկար… Կրակեցի…

Չորեքշաբթի օրերը զինվորական բժիշկը, որպես ապացույց մեր բարեգութ Կայսրության ողորմածության, ընդունում էր տեղացիներին: Մեղմ ասած, մեր նկատմամբ մեծ սիրով տոգորված չէին. ստիպված դիմում էին: Քաղաքի միակ բժիշկը պատերազմի հենց հաջորդ օրը հավաքել էր փասափուսան, ծլկել հայդե Փեշավար: Չորեքշաբթին սիրածս օրն էր: Թարգմանչի դեր էի կատարում, բժշկից ավելի մանրամասն զննում քուշանուհիների թուխ, ձիգ մարմինները: Ափսոս՝ դեմքները չտեսա: Պատրաստակամ հանվում էին մինչև պարանոցը, ոչ մի պայմանով չէին համաձայնվում օտարներին ցույց տալ դեմքը: Երջանկությունս երկար չտևեց. մի օր մեր զինվորական բժիշկը՝ մայոր Տարատուտան, չդիմացավ չորեքշաբթվա գայթակղությանը, թունդ սիրահարվեց, անլուսին գիշերով, աննման քուշանուհուն նստեցնելով հրամանատարի ամենագնացը, փախավ Փեշավար՝ սույնով դավաճանելով Կայսերական Մեծ Հայրենիքին: Պարզկա գիշերներին նրանց սիրո աղաղակները հասնում էին առաջապահ ջոկատների զինվորներին՝ խելքահան անելով:

Տարատուտայի օգնական ֆելդշեր Գերբերին նախորդ ծառայության վայրում խախոլ սերժանտն օրուարև չի տվել, ռեժիմով ծեծել է: Յեսլի բյօտ-զնաչիտ լյուբիտ… Տեղափոխման գիշերը ֆելդշերը սերժանտին ձիու դոզայով քնաբեր է տվել՝ արմատուրայի կտորով մինչև լույս լխկել: Հարցիս՝ արածիդ մասին գոնե նամակով սերժանտին տեղյակ պահե՞լ ես, պատասխանեց՝ ասածիդ մեջ իմաստ չեմ տեսնում:

Ճանապարհին, ցամաք սարահարթում, տեղացիները բազգուշի կոչվող ազգային ձիախաղն էին խաղում, խլխլելով դեռևս կենդանի ոչխարը, որ քաշքշելուց կտոր-կտոր էր լինում: Նույն կերպ էին վարվում գերիների հետ: Օրֆեյը ինձ փոխանցեց օղով լիքը տափաշիշը, վերցրեց կիթառը, զրահամեքենայի գվվոցին համընթաց սկսեց.

Լազուրիտներով բեռնավորված են
Քարավանները Ահմադ Մասուդի,
Մահը կիրճերում դիրքավորված է.
Տղերքի կորուստ: Անկում ասուպի:

Քաղաքից հարավ ընկած էր Ռեգիստան անապատը՝ Խիճերի երկիր: Ժամանակին տեղը բերրի հողեր են եղել, դարեր տևած երաշտից հողը փոշիացել էր:

Զրահամեքենաներն անցնում էին անապատով. բարձրացրած փոշու ամպը ծածկում էր մատի հաստությամբ փոշեծածկույթով, հետո քրտնաշաղախ ցեխ դառած՝ դեմքներովս ծորում…

Անապատն էլ կարող է սիրելի լինել: Հետախուզությունը տվյալներ էր տվել՝ Փեշավարի կողմից սահմանին է մոտենում զենքով բարձված քարավանը: Ուղղաթիռ նստեցինք, թռանք նշված տեղը: Թռիչքի ժամանակ ավելի վախենում էի ոչ թե թշնամական հրթիռներից, այլ՝ ուղղաթռի անձնակազմից: Մահու չափ հարբած էր: Ոչ մի զենք էլ չկար, ուղտերը սովորության համաձայն շարքով քայլում էին: Ավազը նարնջագույն-կարմիր էր՝ եզրագծված սեփ-սև ժայռերով…

Քաղաքի արևմտյան արվարձանը հնաբնակ զինվորները կոչում էին Սև հրապարակ. նրանով անցնող ճանապարհի երկու կողմերում խաղողի այգիներն ու նռնենիների պուրակներն էին: Խաղողի թմբերը համարյա մարդահասակ էին՝ ոգիների համար բնական խրամատներ: Անգիր իմանալով թմբերի միջանցքները՝ հանկարծակի հարվածներ էին հասցնում շարասյուններին, Ալադինի ջինի պես անհետանում: Զույգ ճամփեզրերին շարքերով կիտված էին Կայսերական Անհաղթ բանակի այրված զրահամեքենաների, տանկերի կմախքները, որոնց շուրջ դեգերում էին զինվորների ուրվականները, անցնող-դարձողից ծխախոտ ու օղի ուզում:

Ենթադրել էլ չէի կարող, որ նմանվելու եմ էդ ուրվականներին, տարիներով պառկած եմ մնալու՝ մեռած աչքերով ձկան պես, որի կենդանության մասին վկայում են հատուկենտ պղպջակները: Ինչ-որ բան անելու միտքը թվում էր անհեթեթ: Օրերը միօրինակ էին, տաղտկալի, ցերեկը չէր տարբերվում գիշերից: Չէի ուզում փոփոխություն, չէի ուզում անգամ բուժվել: Անտանելին արթնանալուս առաջին վայրկյաններն էին: Ներսումս մռռացող տագնապը վերաճում էր խուճապի, անզորությունից խոսում էի ինքս ինձ հետ, հայհոյում: Գիտեի՝ պատերազմը վաղուց ավարտվել է, գիտեի նաև՝ չի ավարտվի երբեք:

Նռնենու պուրակում հատուկ ջոկատայինները գրավել էին ոգիների կողմից կռվող ֆրանսիական վարձկանների ճամբարը, ամենուրեք շամպայնի արկղեր էին, պոռնոգրաֆիկ հանդեսներ, հոտավետ պահպանակներ՝ չհաշված փարիզյան օծանելիքի լիակատար հավաքածուն: Հասցրել էին հետները տանել շարժական հասարակաց տունը, բայց դա չէր գցում տղաների տրամադրությունը. տափաշշերն ամիսներ շարունակ լիքն էին շամպայնով, ոջլոտ զինվորները բուրում էին փարիզյան օդեկոլոնով: Նողկալի էր նման շոգի պայմաններում:

Երկու բան էր անտանելի՝ շոգն ու գաղափարախոսության գլխավոր պատասխանատու, փոխգնդապետ Նեդայվոդան՝ ճաղատ գլխով, քառակուսի դեմքով, կճատ քթով, խոհարարի արտաքինով, տխրագին ոգեշունչ հայացքով մարդ: Իր պարտքն էր համարում զինվորներին շարք կանգնեցնել կիզիչ արևի տակ, երկար-բարակ գլուխ արդուկել` «Ձեզ կստիպե՛մ սիրել Կայսերական Մեծ Հայրենիքը» թեմայով:

Հարայհրոցի վրա դուրս եկանք վրանից, տեսանք արկերի արկղերից սարքած արտաքնոցի կողմից գալիֆեն իջեցրած մեր կողմը վազող գլխավոր պատասխանատուին: Պատճառը Տրտմագին ցեղի օձն էր, փոխգնդապետի համար ամենից պատասխանատու պահին գլուխը հանել էր պետքարանի անցքից՝ բազմանշանակ ֆշշացրել: Խելապատառ ճչալով վազում էր զորամասով մեկ՝ հայհոյելով ամենայն շարժվողին ու սողացողին՝ չմոռանալով հիշատակել անգամ Կայսրության Անմահ Ծերակույտն ու ոմն Կատյայի: Ուշքի գալով՝ բարձրացրեց գալիֆեն, իրեն գցեց վրանը՝ երեք օրուգիշեր խմեց: Կենտրոնից ժամանած գաղտնի ծառայության գործակալը մտավ վրան, գտավ դիակը՝ ատրճանակը բերանում, ու հետևյալ բովանդակությամբ նամակ. «Կեցցե՛ մեր փառապանծ Կայսրությունը, կեցցե՛ նրա Անմահ Ծերակույտը, կեցցե՛ մեր Անհաղթ Բանակը: Մա՛հ Կայսրության անարգ թշնամիներին: Ների՛ր ինձ, Կատյա»:

Գլխավոր պատասխանատուի ինքնասպանությունից հետո ամենաանտանելին մնաց շոգը: Հունիսի կեսերից օգոստոսի վերջը ջերմաստիճանը ստվերում անցնում էր ցելսիուսի հիսունը: Արտաշնչելը չէր թեթևացնում, ներշնչելը տանջանք էր տալիս: Քնելն անհնար էր, շոգից բթացող գիտակցությունը դժվարությամբ էր նկատում օրերի հերթափոխը, կարծես ուղեղներս հալվել էր, որևէ մտքի վրա կետրոնանալն անհնար էր: Կար միայն չդադարող ծարավի զգացողություն, ստիպված էիր քեզ հիշեցնել՝ ցերեկը ջուր խմել չի կարելի, սկսվում էր ուժասպառությամբ ավարտվող քրտնարտադրություն: Ցերեկով բերաններս էինք միայն ողողում: Ջուրը խմում էինք վաղ առավոտյան ու ուշ երեկոյան՝ պայթելու չափ: Ախորժակ չկար՝ համարյա ոչինչ չէինք ուտում, ջրազրկման պատճառով տառապում էինք շաբաթներով չընդհատվող լուծից: Սրան հակառակ, անապատային անըմբռնելի օրենքով, ջերմաստիճանի կտրուկ անկումը գիշերը ցրտի զգացողություն էր առաջացնում՝ ամբողջ մարմնով դողում էինք:

Շոգերի հետ վրա էին տալիս աշխարհում եղած բոլոր տարափոխիկ հիվանդությունները, զինվորները հարյուրներով էին հիվանդանում: Երբ մեկը ձեռք էր բերում միանգամից մի քանիսը՝ տրոպիկական տենդ, պարատիֆ ու դիզենտերիա, ասում էին՝ քուշանական ծաղկեփունջ է ստացել: Շոգերի առավելությունը չհայտարարված զինադադարն էր: Մահացու տապից ոգիները մտնում էին հում կավից ու հարդից շինված անդուռուլուսամուտ, տափակ կտուրներով տները՝ երկաթբետոնե դզոտներից էլ ապահով… Գնդակները, թափանցելով ոտնաչափ հաստությամբ պատերը, խճճվում էին շաղախի հարդի մեջ, կորցնում հարվածի ուժը…

Արթնացանք պայթյունի դղրդոցից: Ոգիները լկտիացել էին՝ հրթիռակոծում էին զորամասի տարածքը: Ենթասպա Իսքանդերովը հին ծառայող էր, գոռաց՝ շուտ պառկիր մահճակալի տակ, զսպանակացանցը բեկորներից կպաշտպանի. էդպես էլ արեց: Մրսում էի, տեղաշորիցս վեր չկացա, ինչ լինում է՝ լինի: Հրթիռակոծությունը րոպեներ տևեց: Ենթասպան վիրավորվել էր գետնին զուգահեռ սուրացող բեկորից: Էստեղ ասում էին՝ ում վիճակված է կախվել՝ ջրում չի խեղդվի:

Զորամասի կենտրոնում, սպայակույտի կացարանի մոտ, գտնվում էր Կատվի տունը: Հրթիռակոծության ժամանակ ահավոր լաց ու կոծ էր բարձրանում: Պարզ եղանակին տան չորսբոլորը պարաններից կախված էին փոռիկավոր վարտիքներ, ժանեկավոր կրծկալներ: Հասկանալի է՝ նման տեսարանը չէր բարձրացնում մեր փառապանծ զորամասի մարտական ոգին, սակայն հաստատության գոյությունը կենսական անհրաժեշտություն էր: Կատվի տանը բնակվում էին Կայսրության բոլոր ծայրերից գործուղված բուժքույրերն ու խոհարարուհիները: Գիշերները վերաորակավորվում էին՝ դառնում առաջնակարգ պոռնիկներ: Կատվի տնից լաց ու կոծի փոխարեն մինչև արշալույս բարձրանում էր սիրո գործողությանն ուղեկցող հնչերանգների անկրկնելի պոլիֆոնիկ օրատորիա:

Ամազոնուհիների առաջնորդը Եկատերինան էր՝ բարձրահասակ, խոշորակուրծք, տիրական: Ներս մտնելով՝ զինվորներն ու սպաները նրան էին վճարում գումարը: Հաճախ ամսական աշխատավարձն էր: Կատյան, գինը չգցելով, սպասարկում էր բարձր հրամկազմին: Կանանց չեկիստկա էինք ասում. ծառայությունների դիմաց վալյուտային չեկեր էին վերցնում: Մեկի պայմանագիրը վերջանալիս է լինում, ունեցած-չունեցածը հավաքում է՝ տուն վերադառնա: Սահմանի վրա մաքսավորները ստուգելիս անսահման կրծքերի արանքում թաքցրած չեկերի տրցակը հայտնաբերում են, ուզում են բռնագրավել. չհամարձակվե՛ք ձեռք տալ փողերիս, քածի՛ տղերք,- սրահով մեկ ձայնը գլուխն է գցում,- դրանց դիմաց գիտե՞ք՝ քանի լիտր սպերմա եմ խմել…

Զինվորներից ոմանք փողի հետ Կատվի տանն էին թողնում իրենց սիրտը, զորացրվելով ամուսնանում էին, հետները տանում նշված հաստատության կենվորուհիներից: Ըստ էության, մեր զորքերը պետք է օգնեին Կայսրության դաշնակից Դիվաստանի դեմոկրատական բանակին՝ ապստամբ ոգիների դեմ պայքարում. իրականում կռվում էինք նրանց փոխարեն: Հարմար պահին ծլկում էին մարտադաշտից կամ անցնում թշնամու կողմը՝ հետները տանելով մեր կողմից ստացած զենքն ու զինամթերքը: Կայսերական թերթերը տարփողում էին Դեմոկրատական բանակի սխրագործություները՝ ասես մենք գոյություն չունեինք: Ճանապարհին զրահամեքենան շրջանցեց Դիվաստանի դեմոկրատական բանակի ղանդահարյան կորպուսի հրամանատար գեներալ Ուլումիի ամենագնացը: Օրֆեյին հարցրի՝ չեմ հասկանում, բոլոր հրամանատարական ամենագնացները խակի են, մենակ սրանն է ավազագույն, էդ գիտի վերջին քնձռոտ ոգին, բայց ոչ մի անգամ վրան չեն կրակել: Պատասխանեց՝ միամիտ ես, Պորուտչիկ, բա չգիտե՞ս՝ գեներալ Ուլումիի կալվածքները Ահմադ Շահի ջոկատների հսկողության գոտում են, նրանից է կանոնավոր հարկերը ստանում:

Մի գեղեցիկ օր չքացան անփոխարինելի Կատյուշան ու զորմասի հույժ գաղտնի փաստաթղթերը: Ամիսներ հետո առաջապահ ջոկատներից իմացանք՝ իր «մարտական» ծառայություններն է մատուցում անձամբ Ահմադ Շահ Մասուդին:

Ոգիների Գերագույն հրամանատարը Ահմադ Շահն էր՝ «երջանիկ» մականվամբ: Հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ գրագետ հրամանատար էր, մինչև պատերազմը ավարտել էր Կայսրական ռազմական ակադեմիան: Խիզախ էր, վճռական, անողոք էր թշնամիների նկատմամբ, խորամանկ էր, չէր վստահում նույնիսկ մերձավորներին, սակավապետ էր, խստակյաց: Նրա հրամանատարական կետը տեղակայված էր Փանջշիրի՝ Հինգ առյուծի կիրճում: Կիրճում էր կենտրոնացած աշխարհի լազուրիտի պաշարների առյուծի բաժինը, ինչից էլ գոյանում էր Իսլամական դիմադրության շարժման գանձարանի գերակշիռ մասը: Գանձարանը տնօրինում էր դեռ քչերին հայտնի Ուսամա Բեն Լադենը: Ասում էին՝ Շահ Մասուդը միաժամանակ լինում էր տարբեր տեղերում, կատարելապես տիրապետում Կայսրության ժողովուրդների լեզուներին: Թիկնազորը կազմված էր մեր փախստական զինվորներից, որ իսլամ էին ընդունել: Առաջապահների ջոկատը հայտնաբերում էր հերթական թաքստոցը, գտնում էր միայն բլթբլթացող նարգիլեն ու դեռ գոլորշի արձակող թեյով փիալան: Մի քանի անգամ մեր զորամասերը մտել էին էդ անիծյալ կիրճը՝ ետ չէին դարձել: Դար առաջ նույն ճակատագրին էր արժանացել անգլիական Թագավորական էքսպեդիցիոն կորպուսը, որ եկել էր Հնդկաստանից: Տեղացիները ողջ էին թողել միայն զինվորական բժշկին, կտրել էին լեզուն, ետ ուղարկել Փեշավար՝ հրամանատարությանը գլխով անցածը «պատմելու»:

Տղերքը հրավիրեցին ափիոն ծխելու: Տեղի ափիոնը լավագույնն էր աշխարհում: Մշակված վիճակում վերածվում էր դարչնագույն, կակուղ, էլիպսաձև զանգվածի՝ վրան Ղուրանից արաբատառ սուրահ: Հավաքվեցինք գետնափոր խցում, ուր շոգն անտանելի չէր: Զարմացա՝ ճաշը թփով տոլմա էր: Ուղտի ձագը մտել էր ականապատ դաշտ՝ պայթել, տղերքն էլ մսեղիքը բերել էին զորամասի խոհարար Ղուլյանին: Գործի վարպետն էր: Հաջորդ օրը պիտի գնայինք Սև հրապարակ. ով ետ կգար, ով չէ՝ միայն Ալլահն ու իր Ազրաիլ հրեշտակը գիտեին: Ափիոնը ծածուկ ճանապարհներով տեղացիներն էին մատակարարում զինվորներին՝ փոխանակելով բենզինի, մարտկոցների հետ: Հրամանատարությունն առերևույթ խստիվ արգելել էր էդ գործը, բայց իրականում մատների արանքով էր նայում: Հստակ գիտակցում էր՝ առանց դրա զինվորներն էս կողմերում երկար չեն քաշի:

Տղերքը չէին մոռանում զորացրված, տուն վերադարձած ընկերներին, ափիոնի զանգվածը շշի օգնությամբ գրտնակում էին մինչև թղթի հաստություն, դնում ծրարի մեջ՝ նամակի արանքը:

Գործի գցեցինք նարգիլեն, սովորաբար գործը գլուխ էինք բերում գլանակների օգնությամբ: Թիկն տվեցինք հատակին թափված պարկերին, խողովակը ձեռքից ձեռք անցավ. սկսելու պատիվն ինձ զիջեցին: Ինձ Պորուտչիկ էին ասում, թեև Անհաղթ բանակում վաղուց նման կոչում գոյություն չուներ: Վաղն առաջին գծով, ինչպես էստեղ էին ասում՝ շղթայով պիտի սանրեին կանաչուտները, նռնենիների պուրակները, խաղողի այգիները: Ամեն քայլափոխի ոգիների ծուղակներն էին…

Մահվան հետ առաջին անգամ հանդիպեցի պաքսիմատ ուտելիս: Առաջին ռեյդս էր: Նշանառու կրակից ապահով տեղը կավաշեն պարիսպն էր: Հրամանատարը՝ սուխպայներդ հանեք, հետո ժամանակ չի լինի: Պաքսիմատի կեսն արդեն կուլ էի տվել. ետ նայեցի: Պարսպի երկայնքով տասի չափ պատգարակներ էին շարված: Դեմքները բրեզենտով ծածկված էին… Հացը բերանումս սառեց… մի ժամ առաջ տղերքը դեռ… Հրամանատարը՝ կեր, կեր, հետո ժամանակ չի լինի:

Հիմի տղերքին եմ նայում, հանգիստ են, տասնութ տարեկանում ամեն մեկը մտածում է՝ դա կարող է պատահել բոլորի հետ, բացի իրենից: Բանակները մատաղացուներին ընտրում են էդ տարիքում:

Ծխելուց րոպեներ անց ամեն ինչ սուզվեց խավարում… Խավարը ցրվեց՝ հայտնվեցի ծանոթ սենյակում, կողքիս ուսանող տարիների ընկերուհիս էր: Հագին նույն ծաղկավոր բլուզն էր, բաց կապույտ ջինսը: Պարում էի՝ ձեռքերս դրած ջինսի ետևի գրպաններում: Պարում էինք ու համբուրվում, համբուրվում ու պարում: Պարեցինք մինչև լուսաբաց… Արևի հետ սենյակը լուծվեց մշուշում… Երբ պարզվեց, տեսա քնած զինվորներին: Իրականությունը ցավ տվեց: Աստված իմ, ի՞նչ եմ անում էստեղ, կրկնում էի՝ ձեռքերով սեղմելով գլուխս: Նույն գիշերն ապրեցի երկու անգամ…

Մինչև լույս հետախուզական ջոկը քայլում էր փոշու անապատով: Քայլելը ծանր էր. ոտքերս մինչև կոճերը թաղվում էին փոշու մեջ: Կանգնել, ետ մնալ չէր կարելի: Մնացողը մնալու էր ընդմիշտ: Զինվորները ուսապարկերից թափում էին ամեն ինչ՝ պահածոները, պաքսիմատները, ամեն ինչ՝ բացի փամփուշտներից:

Առավոտը հասանք կանաչուտ: Հանդիպեցինք եգերական դասակի. շփոթմամբ հայտնվել էր ականապատ դաշտի կենտրոնում: Տղերքը վիրավոր էին, սուխպայն ու ջուրը վերջացել էր: Միմյանց հենված կանգնած էին՝ պառկելու հնար չկար, չորսբոլորն ականներ էին: Մեկի նյարդերը չդիմացան: Գոռալով վազեց մեր կողմը…

Ցերեկն անցնում էինք տիղմապատ, եղեգների մեջ կորած ջրանցքի հոսանքով: Ոգիները ծանր մարտերից հետո լքել էին հովիտը: Մոտներիս ջուրը վերջացավ: Ջրանցքի ջուրը պղտոր էր, գարշահոտ: Ճար չկար, տափաշշով վերցրինք, մեջը պանտացիտի9 հաբ գցեցինք: Ռեակցիայից եռաց, տիղմը նստեց տակը, ջուրը վեր բարձրացավ: Զզվելով խմեցինք, շարունակեցինք ճամփան՝ տեսանք ջրանցքի մեջ ընկած ուռած դիակներ…

Ետդարձին կանգնեցինք խաղողի այգու մոտ: Որոշեցինք այգեպանի լքված տնակում գիշերել: Ցրտեց, խարույկ վառեցինք, հերթով հսկում էինք:

Տեղանքը հիշեցրեց մարդագայլերի մասին սարսափ-ֆիլմը, որ տեսել էի տարիներ առաջ: Գիշերվա մի ժամի, հսկելու հերթս էր՝ ինչ-որ կենդանի ներս մտավ: Կենդանին մարդագայլ դարձավ, ֆիլմը ուղեղումս կենդանացավ, զարգացավ: Վախից պապանձվեցի: Զոռով կարողացա ինձ հավաքել, գոռացի: Բղավոցիս վրա տղերքը վեր թռան, օգնեցին խելքի գալ: Սովորական շուն էր: Մարտերի ժանամակ էդքան վախեցած չկայի:

Վերադարձանք առաջադրանքից՝ զորամասում իրարանցում էր: Ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր ենթասպային. ոգիներին խմբաքանակով փամփուշտ էր վաճառել: Ճշտելով կորուստները՝ հրամանատարը խոժոռվեց, խռպոտ ձայնով կարգադրեց առանց դատուդատաստանի տեղում գնդակահարել: Անվրդով ձայնով հայտնեց վերջին խնդրանքը՝ գնդակահարել իր իսկ վաճառած փամփուշտներով: Հրամանատարը գլխով համաձայնության նշան արեց: Կանգնեցրին հում աղյուսից շինված պատի տակ, դիմացը շարվեց զինվորների ջոկը: Լսվեց կրակահերթը՝ շարունակում էր անվրդով կանգնած մնալ: Հրամանը կրկնվեց, նորից կրակեցին՝ գնդակներն առաջվա պես տեղ չէին հասնում: Շվարած էինք: Հրամանատարը ձեռքն առավ փամփուշտներից մեկը՝ քմծիծաղեց. վաճառելուց առաջ եռացրել է սրիկան: Շունչներս տեղը եկավ:

Նախկին ենթասպան անվրդով տեսքով մաքրում էր զորամասի արտաքնոցները:

Ծառայության ժամկետն ավարտվեց: Արդեն փոխարինողն էլ եկել էր: Գնացել էին գյուղական դուքանից դեպքը նշելու համար օղի առնելու՝ ետ չէին եկել: Փոխարինողի դիակը չգտան: Ենթասպայի մերկ մարմինը կապել էին կամրջի հենապատից, առնանդամը կտրել էին՝ խոթել բերանը: Վզից արաբատառ ցուցանակ էին կախել:
Ամբողջ զորամասը սանրում էր շրջակա գյուղերը՝ սպանողներին գտնելու:

Տներից մեկում հատուկ ջոկատայիննեը խուզարկում էին սենյակները: Սպան հրամայեց ստուգել կանանոցը, տանտիրոջ համար դա վերջն էր: Ձեռքն առավ գետնին ընկած կացինը… Կրակահերթ լսվեց… Իրիկունը սպանողները հայտնաբերվեցին: Հրամանատարը կարճ կապեց. առանց դատուդատաստանի… Գերիներին ստիպեցինք փորել իրենց գերեզմանափոսերը: Սպաներից մեկը ստորացնում էր՝ հայհոյելով ու թքելով վրաները: Փոսի միջից դաշույնի պես սուր բահը հայդե սպայի վզին… Գլուխը գլորվելով փոսն ընկավ:

Ճանապարհին զրահամեքենան փնթի գյուղաքաղաքի հրապարակում կանգնեցրինք՝ սիգարետ ու ջուր վերցնելու: Դուքանում Փեշավարից ներմուծված պաղպաղակի ապարատ էր դրված. տարուց ավել էր՝ չէինք կերել: Օրֆեյը երկուսը վերցրեց՝ մեկը ինձ տվեց:

Դուրս գալիս մոտեցավ ցնցոտիների մեջ կորած հինգ-վեց տարեկան աղջնակ, կծած պաղպաղակը խնդրեց. «Աղա՜, բասթանի, բասթանի»10: Տվեցի, փոշմանեցի:

Չգիտես որտեղից տարեկից երեխաների ամբոխ հայտնվեց, մորեխի պես վրա տվեց աղջնակին՝ պաղպաղակը խլելու. պահ անց թավալվող, իրար ծվատող երեխաների բուրգ գոյացավ: Լխճված, հալված պաղպաղակը խառնվել էր փողոցի փոշու, երեխայի քթի արյան հետ:

Քարտեզագիր ունեինք՝ բարձրահասակ, նիհար, անգույն աչքերով ու մազերով, շտաբային լռակյաց սպա: Զորամասից ոտքը դուրս չէր դրել: Ողջ օրը նստած երկաթյա դռնով խցում՝ զբաղված էր ռազմական քարտեզների կույտերը դասդասելով: Գումարտակների հրամանատարները մարտի գնալուց առաջ նրանից ստանում էին քարտեզները՝ «հույժ գաղտնի» դրոշմով: Քարտեզագիրը դրանց առանձին կտորների սպիտակ եզրաշերտերը խնամքով կտրատում, հատվածներն իրար սոսնձում՝ ստանում էր ամբողջական քարտեզներ: Եզրաշերտերը գաղտնի էր համարում: Տարիներով հավաքում պարկերի մեջ, զմռսում էր՝ կնքում: Պարկերն ավելացան, ստիպված էր քնել խցի դռան մոտ: Կանոնավոր հեռագրեր էր ուղարկում Կենտրոն՝ հարցումով՝ ինչպես վարվել եզրաթղթերի հետ: Մնում էր անպատասխան: Մի պայծառ առավոտ, հեռագիրը ձեռքին ու ժպիտը դեմքին, մոտեցավ խցին, բացեց դուռը, պարկերը մեկը մյուսի հետևից շարեց խցի ետևում՝ ավազի վրա, կրակի տվեց: Չկարողացանք պարզել՝ ինչպես էր զորամասի կենտրոնում, ավազի մեջ հայտնվել չպայթած ականը: Քարտեզագրի ցինկե դագաղը տուն ուղարկելիս հետը դրված էր նամակը. «Թանկագին մայրիկ, ծառայությունս մոտեցավ ավարտին: Վաղվա չվերթով վերադառնում եմ: Կիրակի օրվա ճաշին խնդրում եմ պատրաստել մեր ընտանեկան շչին: Միշտ Ձեզ սիրող՝ Սաշա»:
Պայթյունի ալիքից զրահամեքենան ցնցվեց, փոշին ու ծուխը ներս լցվեց: Հարվածի ուժից շշմած՝ միմյանց էինք նայում. էս անգամ էլ պրծանք,- ասաց Օրֆեյը: Անիվներից մեկն էինք կորցրել, պլաստիկ ական էր:

Չկա ականից նենգ ու բութ զենք: Տեղադրողը չգիտի՝ ով է լինելու զոհը՝ թշնամին, ընկերը, ինքը… Ականը չես տեսնում, զգում ես ներկայությունը: Ոտքդ գետնից կտրվում է՝ չի հասնում հողին, քայլը անվերջ է տևում, վայրկյանը սկսվում է՝ չի ավարտվում: Առաջին անգամ ականի պայթյուն լսեցի խաղողի այգում: Զինվորները դեպի զրահամեքենան էին վազում՝ թևերի տակ տանելով ընկերոջից մնացած ձեռքն ու ոտքը: Առանց տեղանքը ստուգելու խաղող էր քաղել:
Կայսերական զինագործները նոր ական էին բստրել, քնքշորեն անվանել էին «Դոդոշիկ»: Վրան կանգնելիս բան չէր լինում՝ հերիք էր ոտքդ քաշեիր, թռչում էր՝ պայթում թիկունքիդ:

Զինվորն առանձնանում է թփի տակ՝ բնական պետքը հոգալու: Պատասխանատու պահին «Դոդոշիկը» թռչում է՝ դեմ առնում նստուկին: Դժբախտը, առանց տեղից շարժվելու, ժամերով օգնություն է կանչում: Գալիս են սակրավորները: Մազերը սպիտակել էին: Սփոփեցին՝ երջանիկ աստղի տակ ես ծնվել, բարեկամ: Հետո դատարկվելիս մանրամասն զննում էր շրջակայքը: Մահացավ դեպքից ամիսներ անց, բնական պետքը հոգալիս, Տրտմագին ցեղի օձի խայթոցից:
Զրահամեքենան կարգի գցելիս Օրֆեյը պատմություն արեց. կառավարությանը աջակցող ցեղապետի կանանցից մեկին ոգիներն առևանգել էին, նստեցրել կամրջին, պայթուցիկով արկղին կապոտել: Ջուր ուզեց, բարձրացրի չադրայի ցանցկեն կտորը, երկարվիզ ջրամանը մոտեցրի… Հասցրի նայել դեմքին… Աքցանը տարա դետոնատորի լարերից մեկի կողմը… Մտքումս Աստված կանչեցի… Պատերազմում աթեիստներ չեն լինում… Գեղեցիկ էր շան աղջիկը…

Ժամանեցինք Նուրիստան. տեղացիները կանգնեցրին զրահամեքենան. ավանդույթի համաձայն՝ զենքներս հանձնեցինք: Իմանալով այցի նպատակը՝ ուղեկցեցին ցեղապետի մոտ: Ընդունեց արքայավայել. ամբողջ գիշեր շիկահեր հարճերը գինի էին մատուցում: Իմանալով Բուդդայի պատգամը՝ ասաց՝ որոշումը կհայտնի ավագների հետ խորհրդակցելուց հետո: Օրֆեյը տարերքի մեջ էր, տեղի երաժիշտների մրցույթում հաղթող ճանաչվեց, ցեղապետի դուստրն անձամբ գլխին դրեց հաղթողի պսակը: Ցեղապետը հրավիրեց ժայռափոր տաճար, տվեց մանդալան. սկուտեղ էր՝ ծածկված գույնզգույն ավազահատիկներով. պատկերում էր Բուդդայի քերված դեմքը: Պատվիրեց զգուշությամբ տանել Բամիան՝ հետևելով, որ ոչ մի հատիկ ավազ չկորչի. իմացե՛ք, վերջին հույսը ձեր ձեռքին է: Ցեղապետին ու հյուրընկալ հպատակներին երախտագիտություն հայտնեցինք, ճամփա ընկանք Խազարների երկիր:

Ընկերոջս տրամադրությունը չտեսնված էր. ասում էի, պորուտչիկ, կստացվի, ասում էի, չէ՞… Ձեռքը տարավ կիթառին.

Նռան ծաղիկ կար ծամերին պողպատ
Քուշանաց երկրի մահվան հրեշտակի.
Որքան նման էր կինն այդ հրահատ
Այն քուշանուհուն, որ տեսա ճամփին…

Զրահամեքենան կանգ առավ լեռնային գյուղակի մոտ, գոլորշիացել էր շարժիչը հովացնող ջուրը: Օրֆեյը մոտեցավ փարաջաներով կանանց. պղնձե կժերով ջուր էին տանում: Ուշադրությունս գրավեց գյուղական գերեզմանոցը: Շիրիմներին խրված էին ձողեր, ծայրերից կապված էին գույնզգույն ժապավեններ՝ Ղուրանից սուրահներով…
Կտրուկ ճիչի վրա շրջվեցի՝ տեսա գետնին ընկած ընկերոջս: Կանայք անհետացել էին: Չեմ հիշում՝ ինչպես մարմինը տեղավորեցի զրահամեքենայի մեջ, հասա զորամաս, նկատեցի՝ սկուտեղը ծածկվել էր արյունով: Տղաների հայացքներին չհանդիպելու համար քայլում էի գլխիկոր: Մտա հրամանատարի վրանը: Առանց ինձ նայելու, տվեց ամենածանր հրամանը՝ ուղեկցել Օրֆեյի դին ծննդավայր, հանձնել միայնակ մորը: Դիվահարությանս բոլոր տարիներին հալածում էր հյուսիսցի կնոջ լռությունը…………………………………………………… ……………………. …………………………………………………………………………………………………………………………………………………………………………………… արթնացա կիթառի ծանոթ նվագից: Գլխավերևումս կանգնած էր Օրֆեյը: Գրկախառնվեցինք, եղածը հիշեցինք, օղի դրեցի, լուռ խմեցինք հոգեհանգստի երրորդ բաժակը, հերթով ծխեցինք բերած ափիոնի գլանակը: Սենյակս լուծվեց խավարում: Լուսացավ, տեսա՝ կանգնած ենք Բուդդայի արձանի ոտքերի մոտ: Ծածկված էր լարերի սարդոստայնով, պայթուցիկի խրձեր էին կախված: Չէինք խոսում, գիտեինք՝ ուշ է, ոչինչ հնարավոր չի շտկել:
Նայեցի Բուդդային, թվաց՝ ուրվագծվում են քերված դիմագծերը: Ահավոր պայթյունից արձանի բեկորները ցրիվ եկան, վերջին անգամ առա պատերազմի հոտը՝ վախի ու քաքի հոտը:

Հավելված #2

#167 հիվանդության պատմությանը որպես հավելված կցվում է հիվանդի ինքնակենսագրությունը
Ծնվել եմ Երևանում 1958 թ. փետրվարի 24-ին Ռաֆիկ Նալչաջյանի և Էմմա Զոլյանի ընտանիքում: Հետագայում իմացա՝ իրականում ծնվել եմ այդ ժամանակ Նոր Բայազետ կոչվող գավառական քաղաքում, ուսուցիչներ Վարդգես Գուլաբյանի և Անահիտ Թորգոմյանի ընտանիքում: Չորրորդ տղան էի: Մորս՝ Էմմա Զոլյանի խնդրանքով, որ երեխա չէր ունենում, հիշատակված Վարդգես Գուլաբյանը՝ այժմ արդեն քեռի, ինձ տալիս է իրեն՝ որդեգրման: Այդ պատճառով էլ անձնագրումս ծննդյանս ամիսն ու օրը ոչ թե փետրվարի 24-ն է, այլ հուլիսի 6-ը: Այսպիսով, ունենալով երեք եղբայր, ընտանիքում միակ երեխան էի:

Մինչև ծնվելս մեր դարպասը մութուլուսին ծեծում են: Բացում են, տեսնում՝ գետնին բարուրով աղջիկ-երեխա է դրված: Ազգուտակը հավաքվում է, մորս ասում՝ երեխա չես ունենում, երեխան իր ոտով դուռդ է եկել: Մայրս անպատմելի մաքրամոլ էր, նայում է, ասում՝ բարուրը կեղտի մեջ կորած է… Երեխային հարևաններն են որդեգրում:
Խառնաշփոթը սրանով չէ, որ սկսվում է: Իմ երկու տատերն էլ ամուսնացած են լինում երկու անգամ ու երկու ամուսիններից էլ երեխաներ են ունենում:

Հայրական տատիս՝ Թագուհի Նալչաջյանի առաջին ամուսինը՝ Վանո Զանյանը, թութունի ջուր է խմում, որ հիվադանա ու չմասնակցի Առաջին համաշխարհայինին: Բաղադրությունը թունդ է լինում՝ մեռնում է: Պատերազմին չմասնակցեց:

Տատս նրանից մի տղա է ունեցած լինում ու երկրորդ անգամ ամուսնանում է պապիս՝ Վաղարշակ Նալչաջյանի հետ, որից ևս երկու տղա ու մի աղջիկ է բերում: Վաղարշակ պապս մահանում է երեսունմեկ տարեկանում. պայտառ էր. ձին բերում են, որ պայտի, խրտնում է, քացով տալիս փորին:

Այսպիսով, մեծ հորեղբորս՝ Արտաշեսի ազգանունը Զանյան էր, կրտսերինը՝ Հակոբինն ու հորաքույր Սաթիկինս՝ Նալչաջյան:

Կրտսեր հորեղբայրս՝ Հակոբն ու հորաքույր Սաթիկս երեխա ժամանակ մտնում են հորս գրպանը՝ պաղպաղակի փող գողանալու: Գրպանը կարիճ է մտած լինում, հորաքրոջս մատը խայթում Է: Հայրս աշխատում էր տասնչորս տարեկանից:

Ծաղիկ տատս առաջին անգամ ամուսնացած է լինում Արշակ Գուլաբյանի հետ, ունենում է Վարդգես քեռուս, որ իրականում հայրս է: Տղան մի տարեկան էլ չի լինում, երբ հորը, Երևանից Նոր Բայազետ միրգ տանելիս, սպանում են ղաչաղները:

Գիշերը տատիս եղբայրները սարն են լինում: Հարևան գյուղի ջահելները ձիով-խանչալով-յափնջիով գիշերվա կեսին գալիս են տատիս փախցնելու: Տատիս մայրը գլխի է ընկում, աղջկան թաքցնում է հետնասենյակում, միակ լամպը գետնին տալով փշրում, իրեն գցում առևանգիչների առաջ: Մթան մեջ մորն աղջկա տեղը դնելով՝ պարկը քաշում են գլխին, գցում ձիու գավակին…

Ծաղիկ տատս երկրորդ անգամ ամուսնանում է Պետրոս Զոլյանի հետ: Նա առաջին կնոջից, որը մահացել էր, ուներ երկու տղա և երկու աղջիկ: Միասին ունենում են մեկ տղա և երկու աղջիկ, այդ թվում մորս՝ Էմմա Զոլյանին: Պետրոսը մահանում է 1943-ին:

Պատերազմի թվերին տատս աղը ալյուրի հետ փոխելու է տանում. նավը փոթորկի պատճառով կայանում է ափամերձ գյուղի մոտ: Գյուղացի մեկը տուն է առնում՝ գիշերելու: Գյուղացու կինը մահացած է լինում, տունը եփող-թափող չի լինում, տասներեք տարեկան տղային էլ ամուսնացրած է լինում հարևանի քսաներկու տարեկան աղջկա հետ: Գիշերվա մի ժամի տատս լսում է նորապսակների ձայները՝ հել վրես… հել վրես, լավ էլի… Թող քնեմ, շան աղջիկ…

Եվ այսպես, իմ քեռիներ Կարոն, Խաչիկն ու Գուրգենը, ինչպես նաև՝ հորաքույրներ Ելենը, Վարդուշն ու Գոհարը Զոլյան են, իսկ Վարդգեսը՝ Գուլաբյան:

Կարո և Գուրգեն քեռիներս 1943 թվին Կերչի մոտ գերի են ընկել, 1945-ին ազատվել, աքսորվել են Սիբիր մինչև 1953 թիվը:

Կարո քեռիս պատերազմից առաջ ձիերի երամակ էր պահում. ոչ ոքի չէր թողնում հեծնել, ինքն էլ չէր հեծնում: Մի անգամ է բացառություն արել: Կատաղած շունը Գուրգեն քեռուս կծել է` սիրտը սառն է ուզել: Ձիերից մեկը հեծել էր, գնացել սարից ձյուն բերել:

Ստացվում է՝ ունեցել եմ չորս պապ, որոնցից ոչ մեկին չեմ տեսել, և երկու տատ, որոնց համն ու հոտը վայելեցի լիովին:

Թագու տատս ասում էր՝ երկու ամուսնուս հետ միասին վերցրած ապրել եմ ինը տարի, թող չմեռնեին, դրանց տերը թաղեմ:

Ծաղիկ տատս ծանր հիվանդանում է, բժիշկները հույս չեն տալիս: Թագու տատս ասում է՝ մեռավ՝ խայտառակ կլինեմ, հագիս շոր չկա: Գնում սև ժակետ է առնում: Ծաղիկը ապաքինվում է, մի քսան տարի ապրում: Թագուին թաղեցինք ամիսներ անց՝ սև ժակետը հագին:

Ծաղիկը յոթանասուն տարեկանում ձի է նստում, ելնում է Բասարի սարերը՝ թուրքերից եղբորս հարսանիքի անասունն անձամբ առնելու: Թաղմանը քելեխավորները քառասուն արկղ օղի խմեցին:

Քեռակինս՝ Անահիտ Թորգոմյանը, որն իրականում մայրս է, առաջին անգամ ամուսնանում է Վաչագան Գասպարյանի հետ 1940 թվին: Մի տարի էլ չանցած՝ Վաչագանին տանում են պատերազմ, չի վերադառնում: Մեծ եղբայրս՝ Ֆելիքսը, ծնվում է նույն թվին, չի տեսնում հորը:

Խրամատի վրայով, որի մեջ քեռիս էր, գերմանական ծանր տանկերի գումարտակ է անցնում: Ժամեր հետո հակահարձակման անցած կարմիրբանակայիններից մեկը տեսնում է հողից ցցված շինելի փեշը՝ փորում-հանում են: Քնում էր վառ լույսերով ննջարանում:

Վարդգես քեռիս, ավարտելով զինվորական ուսումնարանը, ստանալով սպայի կոչում, մասնակցում է Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, ծանր վիրավորվում է՝ զորացրվում:

Արկի բեկորը խփում է ոտքին: Մի պահ ուշքը տեղն է գալիս, լսում է՝ ֆելդշերներից մեկն ասում է՝ սապոգները լավն են, ոտքը կտրենք, լավ գնով սաղացնենք: Կողքին դրված ստերիլիզացման ամանը գլխներով է տալիս: Աղմուկի վրա վիրաբույժը ներս է մտնում, քեռուս ուղարկում վիրահատարան, ֆելդշերներին՝ ֆրոնտ: Մի ոտքը հինգ սանտիմետրով կարճ էր:

Պատերազմից հետո Վարդգես Գուլաբյանը դասատու է աշխատում գյուղական դպրոցում, ուր Անահիտ Թորգոմյանը տարրական դասարանների ուսուչցուհին էր, սիրահարվում են, չնայած ազգականների դիմադրությանը՝ ամուսնանում:

Այսպիսով, եղբայրներիցս մեծի՝ Ֆելիքսի ազգանունը Գասպարյան է, միջնեկներինը՝ Աշոտինն ու Սամվելինը՝ Գուլաբյան, իմը՝ Նալչաջյան:

Տատիս հիշողությունը ծանրացել էր: Թոռներից մեկին կանչելիս տալիս էր բոլորիս անունը՝ Ֆելո՛, Աշո՛տ, Սամվե՛լ, Գագո, հարի խաց կե՛…

Նոր Բայազետում հայրական Նալչաջյանների ընտանիքիցս ոչ մեկը չի մնացել, Ստալինի ժամանակով տղամարդկանց գնդակահարում են, կանայք երեխաներին առած քոչում են, որը՝ Թիֆլիս, որը՝ Երևան:
Իոսիֆ Վեսարիոնովիչի մահը ողբում էին բոլորը: Հորս հորաքույր Ամալյա Բուռնուչյանի ցարական սպա ամուսնուն ու եղբայրներին գնդակահարել էին. կոնյակ է առնում, կողպում դուռ-լուսամուտ՝ քեֆ անում:
Նրա որդին՝ Մաթևոս Տեր-Խաչատրյանը, վալյուտայի գործ էր անում սովետի թվին, կանանց սիրելին էր: Հերթական սիրուհու տնից դուրս գալիս ամուսինը մեքենան քշում է վրան, որ պատին լխճի: Ցատկում կանգնում է կապոտին: Մեքենան ջարդուխուրդ եղավ:

Հիշյալ Մաթևոս Տեր-Խաչատրյանը, մորս հետ մեքենայով գնալիս, տեսնում են՝ հայրս գեղեցկուհուն կողքին նստեցրած՝ քշում է: Մաթևոսը՝ հիմի մարդուդ գործի վրա կբռնենք: Արագություն է հավաքում, որ դեմը կտրի, ընկնում է բաց լյուկը: Հարվածից ռադիատորը պայթեց, եռման ջուրը շատրվանեց:

Քսանական թվականներին նույն բախտին են արժանացել կնոջս ցեղի տղամարդիկ, որոնք Առաջին հանրապետության բանակի սպաներ էին:

Քաղաքացիական կռիվների օրերին կնոջս մեծ մամը գնում է որդու դիակը գտնելու: Ձորակում տասի չափ բոբիկ դիակներ էին ընկած: Լամպը մոտեցնում է դեմքներին: Խզակոթով այլանդակված էին: Նկատում է` մեկի ձեռքի մատնեմատը կտրված է: Հիշեց մատանին` տղայի չափահաս դառնալու օրն էր նվիրել…………………………………………………………………. …………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
……………………………..Դասատուս պատերազմ տեսած մարդ էր: Դիպուկահար էր եղել: Դասի ժամանակ վրա-վրա ծխում էր: Ծխուկը պատուհանի ջարդված ապակու անցքից դիպուկ նետոցով դուրս էր շպրտում:…………………………………………………………………
……………………………………………………………………………………………………………………………………
………..կազմակերպեցինք առաջին երեկույթը: Պարի հրավիրեցի մեր դասարանի Սիմոնյան Ծովիկին: Ամենահամարձակն էր աղջիկներից, բանաստեղծություններ էր գրում, ծխում էր: Պարելիս ձեռքի վառվող սիգարետը դրեց բերանս: Մինչ էդ չէի ծխել: Թասիբի հարց էր: Հավաքեցի ողջ կամքս, որ չհազամ, ծուխը ներս քաշեցի: Մինչև օրս էդ գործին եմ…. …………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
……….մերկության մեջ անթերի էր: Միայն կրծքերն էին պստիկ, բայց ձիգ էին` ցից պտուկներով: Դեմս ծնկաչոք նստած` նվաղուն ձայնով ասաց` հիմի քեզ էնպիսի հաճույք կպատճառեմ, ոչ մի տղամարդ իր օրում չի տեսել: Հաճույքն էնքան մեծ է լինելու, չես դիմանալու, ատամներովդ լեզուդ կտրելու ես: Ռետինե գնդակ կտամ, կդնես բերանդ` ապահով լինի: Բերանից կլոր մի բան հանեց, դրեց ափիս մեջ: Տեսնեմ` ակնագունդ է` տեսնող կենդանի բիբով………………….
արթնացա………………….
………………………………………………………………………………………………………………….
…………………………………………………………………………………………………………………………….
……..դասընկերներով գնացել էինք Ծաղկաձոր: Դահուկները դեմ տվինք պատին, խոզի պես լակեցինք: Ծորակից ջուրը շաղ տվինք հատակին, դուռլուսամուտ բացեցինք, որ սառույց կապի` վրան սղանք: Բարդակը շարունակվեց վեց օր, յոթերորդ օրը դահուկները վերցրինք, վերադարձանք քաղաք…………………
……………………………………………………………………………………………………………………………….
…………………………………………………………………………………………………………………………….
Ուսանողությանս առաջին շաբաթվա ուրբաթ օրը փախանք ՍՄԿԿ պատմության դասից` հայդե համալսարանի կողքի սրճարան: Քանի որ լսարանի համարը, որից փախել էինք, 61 էր, սրճարանն էլ անուն չուներ, անվանեցինք 61:
ՍՄԿԿ պատմության դասախոսը` ընկեր Իոննիսյանը, որ 37-ին ժողովրդի թշնամիներին հայտնաբերելու գործում ավանդ էր ունեցել, ասում էր` իլլաքի էս արևելագետների աղջիկ դեկանը, ծծերը գցել է դուրս, պապիրոսը բերանին` փը~ստ հա փը~ստ, դե արի ըտենց փակուլտետումը բոլշևիզմ տարածի…………………………… …………………………
…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
…….պարսկերենի դասախոսս` Գուրգեն Մելիքյանն առաջին դասին մտավ լսարան, գրատախտակին արաբատառ գրեց դերվիշ Բաբա Թահեր Օրյանի քառյակը…….
…………………………………………………………..
……………Ագար դարդամ յեքի բուդի չե բուդի
Ագար ղամ անդաքի բուդի չե բուդի
Բեբալինամ հաբիբի յա թաբիբի
Ազ ին դո գար յեքի բուդի չե բուդի
…………………………………………….տեսա վարդը…………………………………..
ծաղկում է…………………………….
………………………………………………………………………………………………………………………………..
պորտիդ ստվերում………………………………………………………………………………………… ………………………………………………………………………………………………………….
………………հասկացա պարսկական պոեզիան………
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
……………..Գուրգեն Մելիքյանը գիշերով տեսնում է` տղան անխնա ծեծում է աղջկան: Հարձակվում է տականքի վրա, գցում քացու տակ: Հանկարծ աղջիկն է վրա տալիս, Գուրգենի դեմքը ճանկռոտում………………………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
Քույրս Ամերիկա գնացող հարսնացու էր ճարել: Ուսանող ընկերներիս կանչեցի խորհրդակցության: Ընկերներս` այ հիմար, գնա փրկվիր. Ես` բա մեր Հայրենիքի հողը. Ձեռքս պաթետիկ ժեստով տարա սիզամարգին՝ հողից մի բուռ վերցնելու, ապակու բեկորը ափս ծայրից-ծայր բացեց………………………….
………………………………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………………………….
……………..ԿԳԲ-ն տեղեկանում է` մոսկովյան հրեուհին Իսրայել արտագաղթելիս պատրաստվում է գաղտնի տվյալներ անցկացնել: Մաքսատանը կանգնեցնում են` ոտքից գլուխ ստուգում, բան չեն գտնում: Ռենտգենն է ցույց տալիս միայն` հեշտոցում օտար մարմին կա: Հանում են, պարզվում է` միկրոսլայդ է: Դնում են սլայդոսկոպի մեջ` էկրանով մեկ պատկերվում է առնանդամի հսկայական պատկերը: Սիրեկանիս անդամն է, միակ բանն է, որ արժի տանել ձեր քոսոտ երկրից………………………………..
……………………………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………………………..
…………..գիշերվա երկուսն էր. տրանսպորտն էլ չէր աշխատում: Ընկերուհուս մոտ գիշերեցի: Ծարավից կոտորվում էինք` ջուրը ժամը 12-ին կտրում էին: Իջանք փողոց` պուլպուլակից ջուր վերցնելու, ոստիկանական մեքենան կանգնեց կողքներս: Երկու պարեկ դուրս եկան. ի՞նչ եք անում, ձեր փաստաթղթերը: Ուսանող ենք, ջուր ենք վերցնում, ի՞նչ փաստաթուղթ: Օրենք է՝ սովետական մարդը գիշերվա 12-ից հետո մոտը անձը հաստատող… Տանում ենք բաժին: Ճանապարհին պարզեցինք` մոտների սուրճը պրծել է, ամեն տեղ փակ Է: Ազատությունը սուրճով փոխանակեցինք…………………………………………………………………………………………………………. ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
Մեր կուրսի Ժենյայի թաղումից դառնալիս ուշ էր` գիշերեցինք Իջևանում: Հյուրանոցում տեղ չտվեցին` մոտներս անձնագիր չկար: Անծանոթ մեկը տեսավ դուրսն ենք մնացել` տուն առավ: Փոքր սենյակ էր, պառկեցինք հատակին: Հոգնությունից, ցավից կիսամեռ էինք: Գիշերը ձեռքներս աղջիկների մարմիններին էր…………………………………………………………………. ………………………………………………………………………………..
………….երկնքում հրեշտակները քո դեմքով էին……………………………………………………. …………………………………………………………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………………………….
………………………………………….կուրսով գնացել էինք Միջին Ասիա պրակտիկայի: Միահամուռ թքեցինք Սամարղանդում գտնվող Լենկ Թեմուրի գերեզմանին:
………………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………………………
……………….գնացքը սահմանին հասավ գիշերով: Սահմանապահ զինվորները հարայ-հրոցով լցվեցին վագոն, ստուգեցին կուպեները: 27 տարի հետո Լուսիկ Ղազարյանից իմացա իսկությունը: Սահմանապահները վագոն մտնելու մտադրություն չեն ունեցել, լուսավորել են` տակը ստուգելու, լույսը ընկել է կուպեի լուսամուտին, մեր կուրսի աղջիկներն էլ վեր են տնկել մերկ ոտքերը, միահամուռ թափահարել:
………………աղջիկները թոռան տեր են……………………………………………………………………………..
…………………………………………………………………………………………………………………………………..
մի ճամփորդություն վիճակվեց……………………………………………………………………………………..
………………………………………………փողոցի ծայրից……………………………………………………………
մյուսը………………………………………………………………………………………………………………………….
…………………………………………………………………………………………………………………………………..
……………..առաջին սերս ինձ լքել էր: Համբուրվեցինք միայն մեկ անգամ……………………………
…………………………………………………………..
……կանգառում կրպակ կար, տակը առնետ էր ապրում: Մռութը դուրս էր հանում՝ պլշած նայում: Աշխարհի այդ անկյունում միակ բարեկամս էր……………………………………………………….
………………………………………………………………………………………………………………………………
…………………… տունս շինել եմ կարոտից……………..պատերն էլ…………. տանիքն էլ……….
………. …………………………………………………………………………………………………………..
նստել դռանը…..սպասում եմ………………
……………………………………………………………………………………………………………….
………………….չգաս…կարոտից կմեռնեմ……………………………………………..
…………………………………………………………………………………………
գաս….. տունս կքանդվի…………………………………………………………….
……………………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………………………..
…………….ընկերուհիս խռով էր: Գնում էի ընկերոջս՝ Արմեն Կարապետյանի մոտ դարդերս կիսելու: Կանգառում մոտեցա ավտոմատ հեռախոսախցիկիների շարքին` զանգեմ տեսնեմ` տա՞նն է: Պատահական խցիկի դուռը բացեցի………………………………………………….ներսում ընկերուհիս էր……………………………….
…………………………………………………………………………………………..
……………………..ձայնդ այնքան է կանացի………………………………………………………………………
հեռախոսիս մարտկոցը լիցքաթափվում է…………………………………………………………….. ……………………………………………………………………………………………………………
վաղաժամ…………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………………
……ուսանողական երկու սերերիս էլ` Անի Մախշիկյանին ու Արփի Առաքելյանին, տասնամյակից ավելի է` չեմ տեսել, Լոսում են…………………………………………………. ………. …………………
..սերս տնից դուրս է եկել……………………………………………….
………………………………………………………………………………………………………………….
…………………………..չի վերադարձել………………………………………….
………. ………………………………………………………………………………………………………..
………………………….փողոցում կանգնած սպասում եմ………………………………….
……………………………………………………………………………………………………
………………………………տունս…………………սիրուս ետևից……………
չի վերադարձել………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………….
………………………քաղաքը սև խոռոչի պես անցյալս խԺռում է…………………………
………………………………………………………………………………………………………………….
…………………………………………………………………………………………………………………………….
……..1981թվին զոռով-շառով, բարով-խերով ավարտեցի Երևանի Պետական Համալսարանը
……………………………………………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………………………………………
Տվյալ համարը գոյություն չունի…………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………………..
ո՞ւմ հետ եմ խոսում…………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………..
ժամերով………………………………………………………………………………………………………….
…………………………………………………………
……………..համալսարանի լավագույն ուսանողուհին էր՝ գիմնազիստուհու արտաքին ուներ. անկողնում հակառակն էր: Խոսքի մեջ ասաց` կսպանեմ, ասածն ու արածը մեկ եղավ. վերցրեց խոհանոցային դանակը` ուղիղ ուսիս, արյունը շատրվանեց. մինչև խելքի կգայի` յոդ բերեց, վիրակապ դրեց, համբուրեց: Պատերազմի մասնակցեցի` միակ սպիս կնոջ ձեռքից է…….. …………………………………………………………………………………………………………………………
քեզ……………………………………………………………………………. .
…………………………………………………………………………………………………….
կպցնելու……………………………………………………………………………………………………..
…………………………………………………………………………………………………
……………..սոսինձ……………………………………………………………………………..
………. ………………………………………………………………………………..
………………………………………….հինգ լիտր ու չգիտեմ քանի գրամ……………………………….. .
…………………………………………………………………………………………………………..
…………………………………………………………………………………………………………
Ավարտելուց մինչև բանակ զորակոչվելու ժամանակը հիշողությունիցս ջնջվել է …………………………………………………………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………………
……………………………..տարիքով կրկնակի մեծ էր, աղջկական մարմին ուներ: Ցայլքի մազերը ուղիղ էին պղնձալարի պես. մեջները ճերմակ էլ կային: Անկողնում դու-ով էի դիմում, մնացած ժամանակ` Դուք-ով…………………………………………………………………….
……………………………………………………ինչ-որ բան……………………………………….
……………………………………………………………………………………………………..
փարթամ հմայքիդ մասին……………………………………………………………………………….
……………………..աթոռս շիվեր տվեց………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………..
………….հարցրի` միտեղանի, թե երկտեղանի մահճակալ ես գերադասում………………………..
Ձեռքերով ցույց տվեց թզաչափ տարածք……………………………………………………..
……………………………………………..կրծկալդ……………………………..հանեցիր…………………………..
………………………………………………………………………………………………………………………..
……………………………………….աչքերս դուրս թռան…………………………………………….
………………………………………………………………………………………………….
շուրջդ են պտտվում ………………………………………………………………………………..
………………………………………աներես մլակների պես…………………………………………
……………………………………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………………………………………..
…………տարիքով փոքր էր` երեխա էի համարում: Սևեռուն նայեց աչքերիս. կյանքումս շատ տղամարդիկ են եղել: Հինգ տարի անհույս սիրահարված էի: Հինգ տարի կանոնավոր մերժում էր: Վեցերորդ տարում պարզվեց՝ կանանց է սիրում………………………………………..
……………………………….կնոջ ցայլքի մազերը նույն գույնի են, ինչ որ հոնքերինը, ասաց………
………………………………….
դեղձը հետույքիդ ձևին է…………………….. դեղձ ուտելիս………………….
……………………աչքերս փակում եմ…………………..
……………………………………………………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………………………………….
ուղեղումսմշուշէուղեղումսմշուշէուղեղումսմշուշէուղեղումսմշուշէուղեղումսմշուշէուղեղում
……………………………………………………………………………………………………………………………
……………մինչև քեզ……………………………………………
……………………………….երկնքումս………………………………………..
………………………………………………. ամպամածություն……………………………………
…………………………………………………………………………………………………………….
………………………………..անձրև………………..
……………. ոչ մի կաթ……………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………………………………..
1989-ի օգոստոսի 12-ին ծանոթացա բժշկականի ուսանողուհի Հռիփսիմե Կռնատյանի հետ, սեպտեմբերի 6-ին ամուսնացանք. ընկերս` Գևորգ Ներսիսյանն իմացավ, ասաց` տղա, խելքդ գցել ես…………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………………………………
կյանքը որով ապրում ես………………………………………………………………………………………
……………………………………………………………………………………………………………….
…………………………………….քոնը չէ………………………………………
իմն է…………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………………….
………..հայրն աղջկան ասում էր` քեզ չեմ ամուսնացնելու, տիկնիկի պես դնելու եմ սերվանտին: Հարսանիքի նախորդ օրը մահացավ…………………….
……………………………………………………………………………………………………………………….
…………..կգնամ հանգուցյալ հայրիկիդ մոտ………………………………………………………………….. ձեռքդ խնդրելու………………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………………………………
……………………Հայկուհի Դոխոլյանին մոսկվաբնակ Մուսայելյանը ամուսնության առաջարկ է արել, մերժել է: Մի ինքնաթիռ ծաղիկներ է ուղարկել` մերժել է: Մի ինքնաթիռ էկզոտիկ մրգեր է ուղարկել` մերժել է: Դատարկ ինքնաթիռ է ուղարկել` ընդունել է…………………….. ………………………………………………………………………………………………………………………………
զանգելուց առաջ…………………………………………………………………………………………………….
…………………………………………………………………………………………………….
…………………………………..գուշակել…………………………………………………………….. ………………………………………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………………………………
տա՞նն է ամուսինդ…………………………………………………………………………………………..
…………………………………………………զզվելի է………………
…………………………….
………………………………….կանացի ձայնով խոսելը
…………………………………………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………………………………..
………………նստած էինք սրճարանում: Ամուսինս հանկարծ մտնի` ի՞նչ ես ասելու. կասեմ` ամուսնանալիս չգիտեի՞ր` չափազանց գեղեցիկ կինը մի տղամարդու համար չի: Խոսքի վրա ամուսինը մտավ…………………………կնոջ ուղեկցությամբ……………………….
……………………………………………………………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………………………………….
կյանքի չափ………………………………………………………………………………………………………..
……………………………………………………ցավոտ…………………………………………..
……………………………………………………………………………………կինը…………………………………….
…………………………………………………………………………………………………………………………………
………………………անկողնում կնոջը պատմեց` տարիներ առաջ դավաճանել է: Առավոտը անկողինը դատարկ գտավ………………………………………………………………………………………………..
…………………………………………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………………………………..
………………նորից կծնվեմ……………………………………………………………………………
…………………………………………………………………………………….կնմանվեմ որդուս:

1994-ի հունվարի 1-ին ծնվեց որդիս` Րաֆֆի Նալչաջյանը:

Րաֆֆի Նալչաջյան – (հատված շարադրությունից)

Ամեն տարի ձմռանը գնում էինք, որ տոնածառ առնենք: Պապան եղևնին դնում էր ուսին, իսկ ես օգնելու համար ճյուղից էի բռնում, բայց քանի որ հասակս չէր հասնում՝ ավելի շատ կախվում էի: Փորձում էի օգնել նրան, սակայն ստացվում էր հակառակը:
Diagnosis finalis11
Հիվանդի մոտ 1997 թվի վերջից մինչև 2007-ի սկիզբը, լիթիումային թերապիայից հետո, նկատվել է վիճակի աննախադեպ կայունացում: Հիվանդը ապրել է հիմնականում նորմալ կյանքով:
Սակայն 2007 թվի փետրվարի վերջից, բուժող բժիշկ Նարինե Մանասյանի հանկարծակի մահվանից հետո, հիվանդը կտրականապես հրաժարվել է այլ բժիշկների օգնությունից, դադարեցրել է դեղեր ընդունելը:
Նրա մոտ նկատվել են ինվոլուցիոն մելամաղձության սիմպտոմներ, որոնք ուղեկցվում են անկումային տրամադրությամբ, թախծի ֆոնի վրա ընթացող տագնապալից անհանգստությամբ: Տագնապաթախծային անհանգստությունը պայմանավորվում է հիպոխոնդրիկ, նիհիլիստական, ընդհուպ մինչև աշխարհի կործանման գաղափարներով:
Այսպես՝ հիվանդն առաջարկում է ընտանիքին տեղափոխվել իր ծննդավայր՝ լեռնային գավառական քաղաք, որ խուսափեն գլոբալ տաքացման հետևանքով առաջանալիք ջրհեղեղից: Հիվանդն իրեն մեղադրում է զանազան հանցագործությունների մեջ, հատկապես, երկրում հաստատված քաղաքական համակարգի ստեղծման համար. վախի ու սարսափի մեջ սպասում է երկրի փլուզման ժամին:
Առաջանում է տեղի և ժամանակի ամբողջական ապակողմնորոշում: Այսպես՝ զառանցական նախագծեր է մշակում՝ երկիրը պատմական Կիլիկյան թագավորության հետ փոխանակելու ու այդպիսով վերահաս պատերազմից խուսափելու համար:
Շարժողական անհանգստությամբ, ներքին լարվածությամբ ու տագնապով ուղեկցվող իրարանցումային վիճակում, «թախծի պոռթկում» – (raptus melancholicus) հոգոցներ հանելով՝ անընդհատ ձեռքերն է տրորում, հարվածում գլխին, կրծքին, ծնկներին, ճանկռոտում, վնասում է իրեն, մազերն է պոկում:
Հանդիպում են լսողական պատրանքներ. շրջապատի խոսակցությունները հիվանդի կողմից ընկալվում են որպես իր հասցեին ուղղված պարսավանք, կշտամբանք ու նախատինք: Այսպես՝ նրան թվում է, թե իրեն ուզում են կենդանի թաղել. աղաչում է դրա փոխարեն դիակիզարան տանել: Հարցերին դժվարությամբ է պատասխանում. նրա մոտ դիտվում են պարանոյիդ բնույթի զառանցական մտքեր. ասում է, որ ինքն արդեն մեռել է, իր մարմինը նեխել է. հարազատներին խնդրում է պատ շարել իր ննջարանի դռան տեղը, որ ողջ բնակարանը չապականի (Կոտարի համախտանիշ):
Կորցնում է սովորական դարձած գործողոթյունները կատարելու ունակությունը (ապաքսիա): Այսպես՝ մոռանում է մայրենի այբուբենը, անիմաստ ու անվերջ գրառումները կատարում է արաբատառ քուշաներենով:
Ցուցաբերում է ճանաչողության զանազան խանգարումներ (ագնոզիա):
Այսպես՝ ժամերով ուշադիր նայում է չմիացված հեռուստացույցի էկրանին կամ գրառումների տետրերը դնում է սառնարանը, ապա ամբողջ բնակարանը տակնուվրա անելով՝ փնտրում:
Հիվանդի մոտ առաջ է գալիս թուլամտության (Oligophrenia) ախտանիշը, որը արտահայտվում է կեղծ հիշողություններով ուղեկցվող մտապահման աճող թուլացմամբ՝ ֆիքսացիոն ամնեզիա:
Կորցնում է ընթացիկը հիշելու ունակությունը, մոռանում է անունները, թվերը, հենց նոր ասվածն ու կատարվածը: Հիշողության աստիճանաբար աճող թուլությունը հասնում է այն աստիճանի, որ հիվանդը մոռանում է իրերի, առարկաների անունները, շրջապատի մարդկանց, անգամ հարազատների անունները, ժամանակի ընթացքում դադարում ճանաչել մտերիմներին ու հարազատներին:
Այսպես՝ կնոջը դիմելիս տալիս է բոլոր ժամանակների սիրուհիների անունները:
Հիվանդը հիշողության առկա բացը լրացնում է իր կյանքից վերցրած իրական դեպքերի հուշերով ու ֆանտաստիկական նկարագրություններով (պսևդոռեմինիսցենցիա և կոնֆաբուլացիա): Տպավորություն է ստեղծվում, որ մոռանալով ներկան՝ կարծես թե վերադառնում է անցյալին ու սկսում ապրել անցյալ կյանքով: Այսպես՝ ծաղիկներ է առնում ու գնում է ժամերով կանգնում այն կանգառում, ուր ժամանակին հանդիպելիս է եղել ուսանողական ընկերուհուն:
Հիվանդը թույլ է տալիս անմիտ արարքներ՝ չհասկանալով ու չգիտակցելով դրանք: Այսպես՝ սովորականի պես առավոտյան սուրճ է եփում, ապա առանց խմելու տանում թափում է լվացակոնքը: Ի հայտ են գալիս նույնատիպությունը կամ ստերեոտիպությունը (միևնույն գործողությունների ու վարքի աննպատակ կրկնողությունը): Այսպես՝ ամեն առավոտ հագնում է զինվորական համազգեստն ու հայելու առաջ ինքն իրեն պատիվ է տալիս:
Հիվանդն աստիճանաբար ընկնում է շարժողական արգելակման մեջ, ժամերով պառկում կամ նստում է միևնույն դիրքով: Փոխվել է նաև հիվանդի սոմատիկ վիճակը: Նա զառամյալ մարդու տեսք ունի, ալեհեր է, նիհարում է, հաճախ հրաժարվում սննդից:
Առաջանում է նորը յուրացնելու դժվարություն, դատողության և քննադատական մակարդակի իջեցում: Տուժում են բարձրագույն հույզերը: Հիվանդը դառնում է բութ, շրջապատի նկատմամբ բացարձակ անտարբեր: Անձեռներեց է, ոչնչով չհետաքրքրվող: Խանգարվում է խոսելու ակտը, որը կարող է հանգեցնել խոսելու ունակության կորստի: Հիվանդության խորացմանը զուգահեռ տուժում է նաև բանականությունը՝ հասնելով արտահայտված օլիգոֆրենիայի:
Հիվանդության ընթացքը հարաճուն է և հանգեցնում է թուլամտության ամենախոր աստիճանի՝ ապուշության (Idiotia):

2001- 2007
Ռ/072662 – Ա

Ծանոթագրություն

1. Կիլիկյանը հեղինակի ազգանունը չէ, կեղծանունն էլ չէ. մականունն է:
2. Examinum subjectivus-սուբյեկտիվ քննություն
3. Anamnesis morbi-հիվանդության պատմություն
4. Status Obiectivus-Օբյեկտիվ վիճակ
5. Anamnesis vitae-Կյանքի պատմություն
6. Ոգի- խորհրդային զինվորներն իրենց դեմ կռվող աֆղան մոջահեդներին անվանում էին դուշման, իսկ ավելի կարճ՝ դուխ, որ ռուսերեն «ոգի» է նշանակում:
7. Նուրիստան – թարգմանաբար՝ Լույսի երկիր, երկրամաս Աֆղանստանի հյուսիս արևելքում, Քունար գետի վերին հոսանքներում:
8. Սև կակաչ – զինվորական խոսվածքով այդպես էր անվանվում ինքնաթիռը, որ զոհվածների ցինկե դագաղներն էր տեղափոխում: Նկարագրվող պատերազմի խորհրդանիշն է:
9. Պանտացիտ – ջրի ստերիլիզացման համար նախատեսված միջոց:
10. «Պարո~ն, պաղպաղակ, պաղպաղակ»
11. Diagnosis finalis – վերջնական ախտորոշում

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *