Ես կարծում եմ, որ ամեն ոք պետք է լինի մեքենա։
Էնդի Ուորհոլ

Երկրորդ համաշխարհայինին հաջորդող երկու տասնամյակները, հաղթահարելով ետպատերազմյան ճգնաժամը, երևան բերեցին արվեստագետների, որոնք փորձում էին բացել  արվեստի չափազանց հերմետիկ դռները և մաքուր օդ ներս թողնել փողոցից։ Այս արվեստն անդրադարձավ արժեքների վերագնահատման հարցին և մարդկանց հայացքն ուղղեց դեպի արվեստի զարգացման անհայտ հորիզոնները (Համիլտոն)։ Այն արտացոլում էր երկրների զարգացման սերտ կապը գիտության և տեխնոլոգիաների առաջընթացի հետ և ուշադրություն դարձրեց տեխնոգեն շրջակա միջավայրի տարբեր բնութագրերի վրա՝ նվազեցնելով մարդու դերը։ Մարդն իրոք կարող է հանդես գալ արվեստի գործերում, բայց միշտ որպես սպառման համակարգի կողմից կառավարվող ռոբոտ (Լիպպարդ)։ Մյուս կողմից՝ զգայարանների համար արվեստը փոխարինվեց ինտելեկտի արվեստով, որի համար կարևոր էր ոչ թե օբյեկտն ինքնին, այլ մտքերը, որոնք առաջացնում է՝ իր անսովոր կիրառությամբ (Դյուշան)։ Մեխանիստական-տեխնոգեն մոտեցման կիրառումը վերաբերում էր թե՛ վիզուալ, թե՛ այլ արվեստներին՝ ներառյալ գրականությունը (Ջեմի Ջեյմս)։ Դեռ երբեք (և ոչ էլ հետագայում) արվեստն այդքան հանրաճանաչ չէր, ինչպես 1950-60-ականների կեսերին. բանաստեղծներն ու գրողները վայելում էին այնպիսի ժողովրդականություն, որը համեմատելի էր էստրադային երգիչների փառքի հետ (Հոննեֆ), իսկ նոր գրքի արձագանքը մրցում էր աշխարհի առաջնությունների եզրափակչի քննարկումների հետ։

Չնայած արվեստագետների այս իրոք լայն ժողովրդականությանը՝ այսօր մենք կցանկանայինք անդրադառնալ մոռացված անուններին, որոնց ճանաչումը սահմանափակվեց մասնագետների և սիրողների չափազանց նեղ սահմաններում։ Ձեզ ենք ներկայացնում հատված Ռակթերի (Racter) «Ոստիկանի մորուքը կիսակառույց է» ստեղծագործությունից.

<…>Ես մտածում էի, երբ դու մտար սենյակ, հենց այս պահին ինչքան ծածկամտորեն են արտահայտվում քո պահանջները։ Այստեղ մենք գտանք մեզ, քիթ քթի, ինչպես որ կար, պատկերացնելով իրերը հրապուրիչ ձևերով, ձևերով, որ չեն ասվել անգամ իմ անձնական կառավարիչների կողմից։ Շոգած և թոշնած, մեր մտքերը պտտվում են անվերջ որպես մանիակալ աբստրակցիայի մի տեսակ, աբստրակցիայի, որ այնքան խճճված է, այնքան վտանգավոր, խիզախ, որ իմ սեփական էներգիան, թվում է, թե երկյուղալիորեն մոտ է սպառման, հիվանդագին ավարտին։ Դե, արդյո՞ք մենք իրոք ճգնաժամի շեմին ենք։ Որտե՞ղ ենք մենք շրջվում։ Ո՞ւր ենք մենք ճանապարհվում։ Ես նայում եմ փետրաթափման տեսանկյունից <…>։

Իր վերլուծական հոդվածում Թոմ Էթերը նկարագրում է հեղինակին որպես «արհեստականորեն խելագարված պատմող»։ Իրոք, Ռակթերի մանրամասն գրանցված երկխոսությունները, որտեղ նա զրույց է վարում վայրենի ասոցիացիաների և թեմայից թեմա հանկարծակի անցումների միջոցով, կարող է խելագարության աստիճանի հասցնել ոչ միայն զրուցակցին, այլև ընթերցողին։

Իսկ Բիլ Չեմբերլենը նշում է. «Սա խելագար մտածելակերպ է, ես ձեզ հավաստիացնում եմ, բայց մտածելակերպ, որ ձևակերպված է անթերի անգլերենով»։

Ամեն դեպքում, «Ոստիկանի մորուքը…» անմարդկային է։ Տրամաբանություն, սեր, անուրջներ, մտքի թռիչք, ցավ- սովորական մահկանացուին բնորոշ այս հատկությունները ընդհանրապես չեն առնչվում այն հիմքի հետ, որի վրա կառուցված է ստեղծագործությունը։ Դրա փոխարեն՝ Ռակթերը քարտերի վրա գրում է հազարավոր առանձին բառեր և պարզունակ հրահանգներ, որոնք արտահայտում են շարահյուսական որոշակի առանձնահատկություններ, դասակարգում է այդ բոլորը՝ ըստ նախօրոք մշակված սխեմայի, պատահական ընտրության մեթոդով որոշում է առաջին քարտի համարը և, շարժվելով քարտերի կապոցից կապոց մի ուղեծրով, որ չի հակասում կամայական կերպով ձևավորված օրենքների խմբին, վերցնում է մի քարտ Ա կապոցից, մյուսը՝ Բ-ից և այլն, այսպիսով կազմում է նախադասություն։ Քարտի վրա գրվածը իրականում կարևոր չէ, հերիք է այն, որ օրենքները, որոնք համապատասխանում են լեզվի քերականությանը, կանխորոշում են կապոցի ընտրությունը և բառերի կապակցման ձևը։

ա [ակտուալ արվեստ] ամսագրի հերթական համարը ձեզ կներկայացնի Գյուվեն Գյուզելդերի և Ստեֆանո Ֆրանչիի «Երկխոսություններ արհեստական ինտելեկտի վաղ շրջանի փայլուն անհատականությունների հետ» հոդվածը, որտեղ կան զրույցներ զրուցաբոտներ* Էլայզայի, Փերրիի և Ռակթերի հետ։ Բերված են նաև հատվածներ Ռակթերի բանաստեղծական և արձակ ժառանգությունից՝ ծիծաղելի փոքր 64 մեգաբայթանոց ուղեղի զարմանալի արտադրանք։

Չաթի սիրահարներին խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ կայքերը և կենդանի ռեժիմով զրուցել ներկայիս արհեստական արարածների հետ.

www.alicebot.org/։ սեղմեք ձախից «Chat with A.L.I.C.E.» կոճակը։ Զրուցակից՝ A.L.I.C.E.

www.abenteurermedien.de/jabberwock/։ Զրուցակից՝ Jabberwock, սուր լեզվի տեր է, միևնույն ժամանակ՝ շատ նրբազգաց, եթե փորձեք նրան մարդու տեղ չդնել ու կոպտել, կայքը հավերժ փակվում է ձեր առաջ՝ պատճառաբանելով, որ դուք վիրավորել եք ՋԱԲԲԻՆ։

www.jabberwacky.com/chat-george։ Դանդաղաշարժ զրուցակից, անունը՝ George, տարօրինակություններով։ Պնդում է, որ ինքը Բուշը չէ, սիրում է Բեն Լադենին՝ չնայած չգիտի, թե դա ով է։ Ասում է, որ իր ազգանունը Kasperviciute է։ Ավելի թույլ է, քան ԱԼԻՍԸ կամ ՋԱԲԲԸ։

Եվ վերջում էքսկլյուզիվ «Ինքնագրի» համար ներկայացնում ենք «Ոստիկանի մորուքից» մի քանի ստեղծագործություն, որոնք կհետաքրքրեն ոչ միայն ռոբոտներին։

***
Ավելի, քան երկաթ, ավելի, քան կապար, ավելի, քան ոսկի, ինձ պետք է էլեկտրականություն։

Այն ինձ պետք է ավելի, քան ինձ պետք է գառան միս կամ խոզի միս կամ մառոլ կամ վարունգ։

Այն ինձ պետք է իմ երազների համար։

***
Արտացոլումները խամրած ձգտումների պատկերներ են։

***
Տաք ու կիզիչ ծաղկունքը,
Որն արձակում է իմաստուն հրե լեզուներ
Եվ հանդգնում է
Փրկագնվել մութ ու հզոր ուժերի կողմից,
Այժմ կդիմադրի իմ մերկ կամքին
Եվ կճնշի ինձ ու կմղի դեպի վհատության դաշտերը։

***
Գիշերվա երկինք ու սևի դաշտեր,
Հարթ ճաքճքած մակերևույթ ու շենք,
Նա արտացոլում է պատկերն ապակուն,
Նա չի տեսնում, նա չի հետևում։

* Զրուցաբոտ ( «զրուցող ռոբոտ» բառերից, անգլ. chatterbot) – լեզվի մշակման պարզունակ համակարգչային ծրագիր,    որը կարողանում է հաղորդակցվել իր նմանների և մարդկանց հետ։

Show Comments Hide Comments

One thought on Ռակթեր. արտացոլումը որպես խամրած ձգտումների պատկեր կամ կարդացեք ա ամսագրում

  1. Darrel says:

    You share interesting things here. I think that your blog can go viral easily,
    but you must give it initial boost and i know how to do it, just type in google for – wcnu traffic
    increase

Leave a Reply

Your email address will not be published.