կբռնվեմ պայուսակիցս

կբռնվեմ պայուսակիցս
որ
չընկնեմ
կծամեմ շրթներկս
որ
սոված չմնամ
հայելիս կպահեմ
որ
հասկանամ`
ես ես եմ ոչ թե ուրիշը
կկպնեմ ծառին
որ
կարդան`
չի վաճառվում
չի փոխանակվում
վարձով չի տրվում
հեռախոսի համար չկա
դատարկ թերթիկներից
մեկը պոկած մարդն էլ
թող
չզանգի

լարից ընկած

ես խոսում եմ աշխարհի հետ
լարը փռթված հեռախոսով
ու համր մարմինս ձգում եմ
Երևանի փողոցներով
հայացքով հանդիպում եմ մարդկանց
ու պատասխան չեմ ստանում
թեև ուզում եմ գոնե աղմուկից
մի ձայն քամել
ոչինչ չի ստացվում
ես կառնեի հաստատ
մի կարգին հեռախոս
մի լավ ապարատ
ինքնապատասխանիչ ձենով
ու ծայրահեղ դեպքում
ինքս ինձ կզանգեի
ափսոս որ ես էլ ինձ
ասելիք չունեմ
ու փող չունեմ
լավ ապարատի համար
ցանկալի զրույցի համար
պետք ա վճարել
իսկ իմ ցավերը
առաջ էլ գին չունեին
իսկ հիմա ընդհանրապես
ձրի են թափած
ու ավելի շատ են քան
ապրանքը շուկայում
ավելի էժան
քան կիսամաշ շորերը
եվրոպայից բերած
տե՜ր աստված էս
ինչքան եմ հնացել։
ոչինչ որ դեմքիս
հնության OTK չկա տպած
զատո ՕԳԳ-ն հեռվից «երևում» ա
ու հանկարծ մոտիկից պարզվում ա
շատ չի
կամ շատ ա էն ինչ վաղուց ՕԳԳ չի
պետք չի ուրախանալ
ու ոչ էլ շատ լացել
ավելի լավ ա ապրել
միջին հանրահաշվականով
ու աչքերի փայլով
աչք չծակել
կամ աչք փայլացնելու ի՞նչ տարիք ա
հիմա
ի՞նչ կարիք կա զգացմունքներ ապրել
չէ՞ որ ամեն ինչի համար
պետք ա վճարել
իսկ ես վաղուց ամբողջ փողս
արյանս հետ եմ փոխել
իսկ արյանս գինը շատ ա
ընկել
բայց ամեն դեպքում
պետք ա լինում գոնե
մեկին մի բան ասել
իսկ ինձ մնացել ա
փռթված լարը հեռախոսի
գոնե թեկուզ
լսելու համար
«լավ, հասկացանք
ամեն ինչ պարզ ա,
հավես չկա,
էլ մի սկսի»։

Ռաուդը

կանգնած եմ բալկոնում
ուղեղիս բջիջները
իրար են խառնվում
էս ու՞ր են գնում
ինձ չեն հասկանում.
– կխփեմ մոսկվայի դռները
– կհասնեմ լեհաստան
– կքանդեմ ֆունդամենտները
կերգեմ սայաթ-նովա
քրոջս աղջիկը
լաց կըլնի
գլուխս կշոյի
կանցնի
ինձ հաց կտան ուտելու
մի բաժակ էլ ջուր

ի՞նչ արժի թարմ կանաչին

երեկ հաշվում էի
ինչ արժի կյանքս
մի բաժակ սուրճ առավոտյան
500 դրամ տրանսպորտի փող
օրական
մի տուփ սիգարետ
օրը մի աման ճաշ
եթե հասցնեմ թե չէ
երկու հատ բուտերբրոդ
ամիսը 900 դրամ հեռախոսի վարձ
քանի դեռ արմենթելը չի թանկացրել
կյանքիս էդ հատվածը
իսկ լույսը
որ ամենաթանկն ա կյանքում
բոլոր առումներով
որ նույնիսկ փողով դժվար ա առնել
ու պարտքերս կուտակվում են
տարիներով
ինտերնետի՝ ամիսը
վեց հազարը
բայց հաստատ չեմ հաշվել
ինչքան ա իմ վրա նստում
բանաստեղծություն գրելը
ու մարդկանց հետ շփվելը
եթե բարևում են ինձ
ու էդ ամեն ինչը իրականում
էժան ա
կարելի ա պարտքով մեկից վերցնել
ու վերադարձնել
Տիրոջը
կամ բաժանել աղքատներին
ու այդպես պրծնել
ապրելու
պարտականությունից

լվացք

բարև, ոնց ես, ոնց չես
ինչ կա-չկա, շնորհակալություն,
կներես՝
լվացքը փռում եմ պարանին
որ չորանա-հավաքեմ
արդուկեմ,
ծալեմ-դնեմ պահարանի մեջ,
հանեմ ու թարմ օգտագործեմ
մյուս անգամ՝
հանդիպելուց
էս ա կյանքը
երբ սերը նշանակում ա
ոչինչ
կամ լվացք` ձմռանը
գարնանը
ամռանը

պոետեսսա չեմ

նա եմ
որ
վերմակը քաշում է գլխին
ու
քիմիկոսների
գանգը
փշրելով
աղի
լուծույթը խառնելով
բարձին
ստանում

բարձր որակի
հատուկ տեսակի
երբեք չկրկնվող
աննման
աննկարագրելի
անպատմելի
անարտահայտելի

անբռնելի
անըմբռնելի
չլսված
չտեսնված

քննարկման
չենթարկվող
դատապարտության
չմատնվող
քննադատությանը
անարժան՝

ընդամենը
մի քանի
ակնթարթ
ընդամենը
մի քանի
րոպե
ասում են
կարող է
ժամեր

տևող
ու
անցնող
երազներ

Ռեժիմ

առավոտյան արթնանալ այն երազից
որտեղ հերթական անգամ
մարդս եկել էր
էս անգամ շինելն էր ման գալիս
(պալտոյի իմաստով)
ու մի կողմում ինքն էր իր
բոյ-բուսաթ-հանգիստ
դեմքով
իսկ մյուս կողմում էլի ինքն էր
հողի տակից ոտքերն էին երևում
ոնց որ վերմակի տակից.
էն իր չսիրած վերմակների որ
ոտքերը բոյի պատճառով չէին
տեղավորվում։
երևի նրա համար
որ նախորդ օրը
րոպե չէր մնացել
որ չմտածեմ
ինչ դոզայով
քնաբեր խմեմ
որ ինձ
արթնացնող
չլինի։

նստել պլիտայի մոտ
կպցնել առաջին ծխախոտը
ու արցունքները աչքերիցս թափվելով
խնդրել Քրիստոսին
աղաչել Տեր Աստծուն
որ էս անգամ էլ ների
«էլ չեմ անի» ասելով
ես գիտեմ որ սիրում ես ինձ
գիտեմ որ շատ ես սիրում
բայց ի՞նչ անեմ չեմ դիմանում։

նստել դաշնամուրի առաջ
նվագել մարդուս սիրած
Շոպենի երկրորդ նոկտյուրնը
հիշել որ անգիր չեմ կարողանում
նվագել
բայց գոհանալ որ գոնե նոտաներով
կարողանում եմ
էնքան նվագել
որ մատներիս
հիշողությունը պահի նոտաները
ու հույսը դնելով դրա վրա
անցնել
Բախի
Ֆրանսիական սյուիտներին
ընտրել
հեշտ երեք բեմոլ-դիեզից
ավել չունեցող
մենուետներն ու
սարաբանդաները
մտածել որ էս
երեխեն էլ կնվագի որ վիզ դնի
ու նվագել, նվագել
հանել Բախի
պրելյուդներ ու ֆուգաներ կապույտ
նոտաները
ու նվագել երկրորդ պրելյուդը
հատկապես ձախ ձեռը ինտենսիվ
պարապելով
որ սրտիս ծակոցները անցնեն
միացնել աջը
որ արյանս շրջանառությունը
կարգավորվի
մարմնիս կյանքը ընկնի ռիթմի մեջ։

նայել ժամացույցին
հագնվել
գնալ դասի։
մարշրուտնիում
մտածել ոնց ձևակերպեմ
պատմվածքը
աչքի ծերին դողացող արցունքի մասին
որ ուժ տա թափվի.
ինչքան թշվառություն կա
շուրջս նայելով
ավտոյի տակ ընկած սաղ մնացած
անպաշտպան կատվից սկսած
մինչև անփող ծեր կինը որ
տրանսպորտ ա նստում
փող չունի վարորդին ասում ա
ու արժանանում հայհոյանքի
ոնց որ թքեն երեսիս։

երեխուն դասից վերցնել
ուղարկել տուն
մթամ պտի դասագիրք առնեմ
գնալ հրապարակ ու Բնագրի
քննարկումն էլ
էդ կողմերում ա
մտածել որ ճակատագիր ա
չնայած չէի ուզում հենց
էս անգամ գնալ քննարկման
հիշել որ ավելի լավ
կակռազ հանգիստ առանց
մղկտացող սպասումի
կգնամ կնստեմ
մաս դառած կյանքի էդ անցուդարձին
Մարինե Պետրոսյանի
հոդվածի քննարկմանը։

մտնել ՆՓԱԿ-ի քննարկման սենյակ
տեսնել ահագին ժողովուրդ
ու ակտիվ քննարկում
սեղանի վրա արևմտյան
հայաստանի քարտեզ
որովհետև խոսքը հայ-թուրքական
բնական
հարաբերությունների
Մարինեի Թուրքիայում ունեցած
տպավորությունների
սովորական թուրքերի
անսովոր հայերի
կյանքի պրոգրեսի
ու ավանդականության
իրար հետ յոլա գնալու
հնարավորության
խանգարող բաները բացահայտելու
հաղթահարելու
մասին ա։

քննարկումը վերջացնելուց հետո
ոտքը կախ գցել
սպասելով որ երևի գնանք
կաֆե
շարունակվի
բայց մի քիչ հիվանդ եմ
չգիտեմ գնամ թե չգնամ.
գնամ
էդքան հիվանդ չեմ։

մտնել Փչակ կողքի կաֆեն
տեղավորվել համեմատաբար
մեծ սեղանի շուրջ
ծվարել մի քիչ հեռու մարդ չվարակեմ
պատրվակով
թեյ-թխվածք պատվիրել
ու ափս դեմքիս հենելով
լուռ մասնակցել աշխույժ զրույցին
ամեն ինչի մասին
ինչ խոսացվում ա։

Մարինեի հետ հասնել օպերայի
կանգառ
նստել մարշրուտնի
հասնել տուն
ու մտածել մենակ մի բանի մասին
որ երեխեքս կյանքում ասեն
մամա
ասեմ
ներկա։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *