Ճշմարիտ արվեստագետները նախ և առաջ բարոյական կերպարներ են և կարևոր են նաև հասարակությունը առողջ պահելու համար, նրանք հասարակության բարոյականության հսկիչներն են իրենց գործերով` իրենք գիտակցում են, թե չեն գիտակցում: Այդպիսի մարդ էր Հրանտ Մաթևոսյանը: Ես գրականագետ չեմ, բայց խոսում եմ իբրև մեկը, որը սիրում է հայ գրականություն կարդալ. ես արևմտահայ և արևելահայ գրականությունը կարդացել եմ պատանեկության ժամանակից սկսած, և ինձի համար նկարչությունեն զատ ամենեն սիրելի բանը հայերեն լեզուն է, հայերեն լեզվով գրած գրականությունն է, որ ինձի համար ամենահուզիչն է:
Ուրեմն, ահավասիկ Սովետական Միության ժամանակ մեր գրականությունը արտաքնապես ապրում էր փայլուն ժամանակ մը, որ 10000, 20000 տիրաժով լույս տեսնող գրականություն կար, կար Պետհրատը, այդքան գործեր էին տպվում, բայց կասեմ, որ 37 թվից ի վեր, երբ որ իմ ամենեն սիրած հայ գրողները սպանվեցան, սկսեց մի ժամանակաշրջան, երբ որ Սովետական Միությունը իր բուն էության մեջ մտավ և դարձավ աշխարհի մեծագույն բանտը` աշխարհի 1/6 մասում: Դա մի մեծ բանտ էր, որտեղ վախը իշխում էր մնացած բոլոր մտքերի վրա, գիշերը քնած ժամանակ էլ մարդը վախենում էր, կնոջից, ընկերոջից էր վախենում, սրսկում էր ատելություն, ինչ որ սովետական չէր, պետք է ատելի դառնար. այս պայմաններում անշուշտ, արվեստը դժվար թե կրնար գոյություն ունենալ, հատկապես գրականությունը:
Եթե գրողը ի վիճակի չէ իր ապրումները բացահայտելու և գրելու, իսկ գրականությունը ի՞նչ է` մարդու հոգեկան վիճակի և մարդկային հարաբերությունների արտահայտությունն է` արվեստով տրված, ուրեմն, եթե մարդ վախենում է, ուրեմն նա սիրելու էլ ի վիճակի չէ` եթե դուն վախենում ես, չես կարող սիրել, որովհետև սերը ազատության արտահայտություն է, եթե դուն վախենում ես, չես վստահում նրան, չես կարող ասել դիմացինիդ` ես քեզ սիրում եմ: Իսկ եթե մարդը գրում է` նախապես իմանալով, թե ինչ կարելի է տպել, ուրեմն արդեն գրողը վնասված է, վնասված է հոգեպես: Եվ այս պայմանները տևեցին երեսունյոթեն գրեթե մինչև վերջ, մինչև սովետական ռեժիմի քանդվելը: Բնական է, այդ ընթացքին հազվագյուտ մարդիկ կային, որ կարող էին մտածել, որ կարող են ճեղքել այդ վիճակը, որ պետք է դուրս գալ: Եվ բոլորի գործերին մեջ խառնված էր կեղծ համամարդկային, կեղծ հայրենասիրական բաներ, որպեսզի գրողը կարողանար մի ելք գտնել խոսք ասելու, բայց իրականին մեջ այնտեղ ոսկորով, միսով, մարմնով մարդը գոյություն չուներ, այլ գոյություն ուներ մտացածին մի կերպար, որ իբր թե, պիտի առաջնորդի ժողովրդին, կամ սովորացնի:
Այսինքն, լեզուն երբ որ սուտ է խոսում, իրական լեզու չէ, հիվանդ լեզու է. դա դատապարտված է մահվան, որովհետև սուտ լեզուն չի կարող գոյատևել երկար ժամանակ, իսկ երբ որ ճիշտ է խոսում, լեզուն դրանից բացվում է, ինքը զարգանում է:
Եվ ահավասիկ, հասանք այն բանին, որ այսօր այնքան գրողներ կան, որոնց ոչ մեկը չի ուզում կարդալ: Ինչ որ տալիս էին ինձ կարդալու, որ գնահատականս ասեմ, տեսնում էի` արդեն ծերացած եմ, լավ չեմ կարդում: Ու չէի գիտեր, որ իսկապես կա՞ն գրողներ, որոնք ազատագրված են նախապաշարումներեն և կաշկանդումներեն և կարող են ներկայանալ իրենց մարմնով, իրենց մարմնական, ֆիզիկական և մտավոր զգացումներով:
Եվ երբ որ ես, պատահաբար, շնորհիվ Վիոլետի` շնորհակալ եմ, այդ ժուռնալը տվավ, ու հանկարծ ես տեսա այդ աղջկան, «Բալագոյե» պատմվածքի վրա: Մի հատ աղջիկ, հայտնի չէ` քանի տարեկան է, տասնհի՞նգ տարեկան է, մազն ալ գցած աչքը, ուզում էի, որ լուսանկարում մազը մի կողմ տանեմ, որ դեմքը տեսնեմ: Ես տեսա, որ գոյություն ունի մարդ մը, որ իր մարմնի հետ և իր հոգու հետ, և իր հարաբերությունների հետ ուրիշ է: Ո՞վ է աս աղջիկը: Եվ երբ որ կարդացի, շատ ազդվեցա, սիրեցի: Ես ուրիշ մարդկանց հետ էլ խոսցա, մարդիկ այնքան իրենց ազատությունը կորցրած են, նույնիսկ մարդիկ, որոնք գրականագետ կկոչվին, ուրեմն` նրանք չեն կարողանում կենդանի լեզուն գնահատել: Գրողների միությունը չի կարող գնահատել, որովհետև իրենք վարժված են իրենց ստին, կեղծիքին, իրենց ստի միրաժն են սիրում: Նրանք իրենց մտքին մեջ չեն կարող չգնահատել, որ սա իրական գրող է, բայց բարձրաձայն չեն ասի: Ես էսօր պատահաբար մի գրականագետի հանդիպեցի նշանավոր, արվեստի ինստիտուտից, ըսի` հարց եմ տալիս քեզի, դուն հետևո՞ւմ ես «Ինքնագիր» հանդեսին, ըսավ` չէ, ըսավ` այնտեղ ի՞նչ կա: Ըսի` այնտեղ մի աղջիկ կա` Լյուսի Վայաչյան, ըսավ` չեմ ճանաչում, ըսի` դուն պարտավոր ես ճանաչել, որովհետև այդ աղջիկը ունի փողոցի լեզու, բայց գրում է կենդանի լեզվով: Ըսավ` Հակոբ, պարտավոր եմ իմանալ` որ դու ես ասում, խնդրեմ, ինձ տուր այդ ժուռնալը, ես կկարդամ:

Ուրեմն, երբ որ կարդացի այդ պատմվածքը, ցնցվեցի: Ըսի` այս աղջիկն ո՞ւր է, ես նրան սպասում էի, այս գրողին: Անոր համար էլ որոշեցի անպայման տելեֆոն անեմ, ըսեմ ո՞ւր ես: Իմացա, հեռախոսը գտա: Ըսի` ես այս մարդն եմ ու երբ որ մի գործ եմ սիրում, անպայման պիտի գրեմ, պիտի տեղյակ պահեմ: Եվ առաջին անգամ իրեն տեսել եմ ֆիզիկապես. եկավ տունս, ծանոթացանք, երկու անգամ տեսել եմ իրեն, ոչ ավելին: Եվ ես ըսի` իսկ ինքը, որ այս պատվածքը գրել է, ուրիշ գործեր էլ ունի՞ գրած: Այո, ըսավ, կան: Եվ ըսի, որ շատ ուրախ եմ, որ կան:
Այսօր ես կրնամ ըսել, որ մեր ժողովրդի գրականությունը չէ մեռած, և լեզուն կարող է վերակենդանանալ: Այստեղ Մատիսի խոսքը պետք է հիշեմ, որ երբ նկարչությունը սկսում է շատ մշակվիլ, զարգանալ, սկսում է թուլանալ, մարդիկ վերադառնում են նախնական գույներուն` կապույտին, կարմիրին, դեղինին: Հիմա ես ասում եմ, որ Լուսինեն վերադառնում է նախնական վիճակին, որպեսզի այս մեռած լեզվից դուրս ելնենք: Սա իմ անձնական համոզումս է, ես իրեն շատ բարձր եմ գնահատում, թե իբրև բարոյական կերպար, թե իբրև արվեստագետ: Ես վստահ եմ, որ Հրանտն էլ, եթե ողջ ըլլար, շատ կգնահատեր իրեն:
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *