(Հատված վեպից)

Անգլերենից թարգմանեց Լուսինե Մխիթարյանը

1.

Նա երազում տեսել էր, որ աշխարհը կործանման եզրին է: Չնայած դրան, գիտեր, որ դա ընդամենը երազ է, այլ ոչ թե մղձավանջ: Չկար ահասարսուռ վախճանի, երկինքը վայր ընկնելու և ոչ մի նշան: Չէին լսվում ոչ ճիչեր, ոչ ազդանշաններ: Նա ձեն-բուդդայի դիրքով նստեց համակարգչի էկրանի առջև` դիտելով թվերի անկումը: Թվերի անկման ծավալներից նա կարող էր գուշակել, որ ինչ-որ ահավոր բան է տեղի ունեցել: Դա իմանալու համար լուրերը դիտելու կարիք չուներ: Թվերն իրենք ամեն ինչ ասում էին: Նա ավելի խորն ընկղմվեց քնի մեջ` հանձնված մի ներքին տկարության: Թավալվեց անկողնում, գուշակի ժպիտը դեմքին, ասես կանխավ գիտեր, որ այդ ամենը ինչ-որ պահի տեղի էր ունենալու:

Քրքջաց` տեսնելով հենանիշերի անկումը: Ապա մեկը շշնջաց նրա ականջին. «Շըըըշշշշ, վաճառի՛ր, Ուեյն, վաճառի՛ր, թե չէ կսկես: Շըըըշշշշշ, վաճառի՛ր, Ուեյն, վաճառի՛ր, լավ կանես` հենց հիմա վաճառես»:

Սեղմեց ևս մի քանի կոճակ, ինչպես համերգի ժամանակ դաշնակահարը կնվագեր սգաձայն նախերգանքը, մարդկությանն ուղղված աշխարհակործանման եղերերգը: Էկրանի վերին ձախ անկյունում հայտնվեց սաթե գծապատկեր, որը պատկերում էր մարդկային սրտի թիք-թաքը: Ապա, առանց որևէ նախազգուշացման, թվերը դադարեցրին անկումը: Ծակող մի ցավ սողոսկեց նրա թանձրաշարժ մարմինը:

Երբ արթնացավ, շուրջն ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես դրանից մեկ օր առաջ էր:

Նրա հարկաբաժինը հարմարավետ էր, գրեթե դատարկ: Այստեղ կային պարտադիր համարվող հայտնի անունների գործեր. մի դյուրաբեկ գրադարակ, որն ավելի շատ ոգեշնչվում էր ինքն իրենով, քան իր պարփակած գաղափարներով, ձեռագործ տատամի` մեջքը շոյող ներքնակի փոխարեն, Ինգո Մաուրերի լուսամփոփ, որի փխրուն շրջանակը վկայում էր երեխաներից զուրկ տան մասին: Հատակը ցեմենտե մոխրագույն էր, ճիշտ այնպիսին, ինչպիսին դեռ երեկ էր: Նա դուրս նայեց պատուհանից Արևմտյան մայրուղու ուղղությամբ: Լքված պահեստները դեռևս այնտեղ էին, անկյալ տնտեսության մոռացված մնացուկներ, երբ ինքը դեռ մի չորեքթաթ մանկիկ էր:

Նրա շուրջն ամենուրեք կարգուկանոն էր տիրում: Ներքնաշապիկները դասավորված էին յոթական շարքով` մեծից փոքր: Գրքերը դասավորված էին ըստ գույների: Կահույքը գլխավորապես սկանդինավյան էր, ուղղագիծ: Նա ամեն առավոտ, ներառյալ կիրակիները, արթնանում էր ժամը հինգին, ոչ այն պատճառով, որ անքնությամբ էր տառապում, այլ որովհետև աշխատանք ուներ անելու: Աչքի էր անցկացնում եղանակի կանխատեսումը Միջերկրականի ավազանում, չափում էր երեսունհինգերորդ զուգահեռականից ներքև գտնվող սարսափի արևադարձները, եգիպտացորենի բերքը Քանզասում, Բրենթում անմշակ նավթի գինը` 50 դոլար մեկ բարելի դիմաց, անհետացած անտառների դեպքերը, որոնք ամբողջովին արմատախիլ եղած, ճղակոտոր, սրբվել էին երկրի երեսից, և ոչ մի տեղ չէր  հաղորդվում այդ մասին:

Բնությունը… Նա չէր սիրում դրա փշփշոտ արմատները, մացառներն ու թփուտները, դրա շրջափուլերի քմահաճ ճշգրտությունը, օրացույցի կանխագծված լինելը, ձևերի ծածկագրված պատկերահյուս գորգը, բլուրների արտառոց ու անթեք ինքնաբավությունը, որոնք համառությամբ կանգնած էին մարդկության առաջընթացի ճանապարհին:

Աշխատանքի գնալուց առաջ նա սեղանի լամպի տակ ուսումնասիրեց ատլասը` խոշորացույցն անցկացնելով գետաբերանների, օվկիանոսների և հովիտների վրայով, Քաբուլից մինչև Նյու Յորք, ճշգրիտ կենտրոնամետ շրջանագծով շարունակ տեղաշարժվելով ծայրամասերից դեպի կենտրոն: Գրասենյակում հայացքը հառեց շողափայլ էկրանին` իր գահավեժ ու դատապարտված ապագային: Նա շղթայված էր իր Բլումբերգին: Եվ, այնուամենայնիվ, այդ Գլումբերգը1, ինչպես նա երբեմն անվանում էր իր սեղանին բազմած նորությունների որոնման համակարգը, ավելին էր, քան պարզապես վատ լուրեր մշակող սարքը: Դա դրսի  աշխարհի շտեմարան էր, թվային երթուղիների պահապան, մեծագույն հարստության և վերջինիս կործանմանը նպաստող:

Ֆինանսական աշխարհում նա հայտնի էր որպես պարզապես Ուեյն: Չհաստատված լուրեր էին շրջում այն մասին, որ նրան տեսել են Օդեոնում, իսկ մեկը պնդում էր, որ տեսել է ձեռքով ուտելիս, նույնիսկ ափսեի վրա միզելիս: Դրանց հավատալ չարժեր, ասեկոսեներ էին, որոնք պետք է հերքել, իսկ եթե շուկան բաց է, դրա վաճառքից օգուտ ստանալ:

Տեղատարափ անձրևը թմբկահարում էր քաղաքի կենտրոնում գտնվող հեջային ֆոնդի2 գրասենյակի պատուհանները: Ապա հանկարծակի անձրևը դադարեց, և արևի մի շող թափանցեց-անցավ քուլա-քուլա ամպերի միջով: Ուեյնը դուրս նայեց: Շրջապատող բնապատկերը բաղկացած էր ապակու և պողպատի խտազանգվածից, ամպերի մեջ կորած ուղղաձիգ բանտաշենքերից: Իր էլեկտրոնային համակարգին դեմ-հանդիման՝ նա զգում էր, ասես ռազմական ինքնաթիռի խցիկում լիներ, սոսկ շարժումից ու արագությունից կազմված մի արարած: Առևտուրը կարծես ժամանակի և տարածության առքուվաճառք լիներ`  նման գերձայնային օդանավի օձագալար երթուղուն: Ոչ մի նշանակություն չուներ, թե ում կողմից էր նա: Նա պատկանում էր այն հասարակությանը, ուր գործարքները փոխարինում են մարդկային հարաբերություններին: Ապակու և պողպատի աշտարակներում չկային ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, կային միայն գործարքներ, որոնք հիմնականում կնքվում էին լռության մեջ կամ էլ օդորակիչի անկողմնակալ բզզոցի ներքո:

Նա ուշադիր նայեց Բլումբերգին: Ամեն ինչ կրկին հստակ դարձավ: Երկու էկրաններին դեռևս ծանոթ գծապատկերներ էին: Դրա յուրաքանչյուր կետը հիմնավորված չափումների արտահայտությունն էր, յուրաքանչյուր կոտորակը` թաքնված գանձի բանալի: Յուրաքանչյուր տասնորդական միավոր արժանապատվություն էր ավելացնում անպատկառ հաճույքին, մինչև որ 24 հազար բաժնեմասեր հատեցին գիծը: Հայտերն անգթորեն աճում էին: Դրանից Ուեյնը ոչ ուրախանում էր, ոչ էլ առանձնապես տխրում: Նա հպարտանում էր պատահականությանն իշխելու մտքից, սակայն երբ բախտը երես էր թեքում նրանից, հազվադեպ էր բողոքում` ձևացնելով, որ իր վրա չեն ազդում շուկայի շրջապտույտները կամ էլ այն կեղտոտ խաղերը, որը կյանքն էր խաղում իր հետ:

– Սա թշնամական հարձակում էր, – ասաց նրա բորսայական միջնորդը:

– Ինչպե՞ս է դա ֆինանսավորվում:

– Դեռ հաստատ չգիտեմ, պարզապես խփեց-անցավ գիծը: Սպասիր, հիմա կզանգեմ մի քանի տղաների, ու նորից կփորձենք:

– Պետք չի, մոռացի՛ր դրա մասին: Արի պարզապես ռա՛դ լինենք էստեղից:

Օրացուցային երրորդ եռամսյակի վերջում նա իրեն հաղթող զգաց:

Շատ հեջային ֆոնդեր գումարներ էին կորցրել: Հերներն էլ անիծա՛ծ: Ինքը նախազգուշացրել էր նրանց մոտեցող աղետի մասին, բայց իրեն լսող չեղավ: Իսկ հիմա պետք է իրենց կյանքով վճարեն: Ո՞վ է մեղավոր: Անցած շաբաթ նա զգուշացրեց ներդրումների կառավարչին ՄաքԴո3-ից բաժնեմասեր գնելու վերաբերյալ: «Լսի՛ր, եղբայր, բոլորն էլ սիրում են համբուրգեր», – ի պատասխան խայթեց կառավարիչը: – Ես չգիտեմ դրա ճշգրիտ գինը, սակայն եթե բարձրացավ, Աստված պահպանի Ամերիկան»:

– Բայց էլ չի բարձրանա,- ասաց Ուեյնը,- դրա տակը գոլ չկա:

– Վստահի՛ր ինձ, տե՛ս ոնց կթռնի:

– Թռնի՞, չէ՛ մի: Ախր թևեր չունի, ինչպե՞ս թռնի:

– Դե ինչ-որ է, եղբայր:

Ուեյնն իր ուշադրությունը սևեռեց նեղն ընկած մեկ այլ արժեթղթերի շուկայի: Նա կորսիկական անտառափայտի ընկերության ծածկագիրը ներածեց Բլումբերգ: Բուստաչի եղբայրների ընկերությունն ամբողջ աշխարհում միակ թուղթ արտադրողն էր, որը գտնվում էր մի կղզում: Այն բորսայական միջնորդները, որոնք առքուվաճառքով էին զբաղվում Բուստաչիի արժեթղթերի շուկայում, չգիտեին, որ Կորսիկան կղզի է, կամ էլ որ դա Նապոլեոնի ծննդավայրն է, կամ էլ որ կորսիկացիները խոսում էին իրենց լեզվով, որը թերևս այնքան խորհդավոր չէր, որքան հայերենը, սակայն բավական դժվար էր առանձնացնել որպես այդպիսին: Նրանց հետաքրքրող միակ բանն այն էր, թե արդյոք Բուստաչին հաջորդ տարի ավելի շատ անտառանյութ կարտադրի՞ նախորդ տարվա համեմատությամբ, կամ էլ կավելացնի՞ արդյոք ծալքավոր ստվարաթղթի արտադրությունը, կբարձրանա՞ արժեթղթերի գինը, թե՞ կընկնի: Արժեթղթերի համընդհանուր շուկաներում ներդրողները գայլային անհագությամբ էին տոգորված Բուստաչիի արժեթղթերի նկատմամբ, և գնելու նրանց չմտածված հանկարծահաս նոպաներին ինքնաբերաբար հետևում էին փսխման փուլերը:

Ոչ ոք չգիտեր այդ մոլի վարքագծի պատճառը: Արժեթղթերի շուկան ճիգեր էր գործադրում հետ մագլցելու շաբաթասկզբի մակարդակին, որին հետևեցին «Լեման եղբայրներ» ներդրումային բանկի4 կողմից դրական հանձնարարականները:

– Ես խոսել եմ Լեմանների վերլուծաբանի հետ,- Ուեյնը բղավում էր, սակայն ոչ ոքի դա առանձնապես չէր վերաբերում: – Սա եղբայրներից այն մեկն է, որն իր քթից դենը ոչինչ չի տեսնում:

– Մեկ դոլարով բարձրացավ,- եկավ նրա միջնորդի պատասխան IM5-ը:

– Ձև են անում, ավելի շատ վաճառի՛ր:

– Էդպես էլ կանեմ, շեֆ:

Մի քանի րոպե անց սկսվեց Լեմանների արժեթղթերի անկումը, ինչպես և կանխատեսել էր Ուեյնը:

– Ես գիտեի, որ ճիշտ եմ: Անիծյալն ավելի արագ է ցած իջնում, քան ուկրաինուհի պոռնիկը:

Այդպես նա նստած էր իր Բլումբերգի առջև, սառած, հետևելով թվերի անկմանը, կարծես աշխարհը մոտենում էր դանդաղ, քաղաքակիրթ վախճանին: Եթե պատմությունն ընդունենք որպես ուղեցույց, ապա ոչ ոք չգիտեր, թե ինչ կպատահեր հետո: «Վաճառի՛ր, վաճառի՛ր, վաճառի՛ր»,- բղավեց Ուեյնը Բլումբերգի մեջ,- «վաճառի՛ր, թե չէ վերջներս կգա»: Այս խորքերից եկող պայթյունին շուտով հետևեց ՍՓ6-ի տատանումը, և մի հենանիշը գլորվեց մյուսի հետևից: ՆԱՍԴԱՔ7-ը ամենաշատն իջել էր Բեյրութի ռմբակոծումից հետո: Հունիսի վերջին ՍՓ-ն ցած իջավ 700 կետով: Ուեյնն իր առևտրային բաժնին հանձնարարեց ավելացնել կանխիկը և պատրաստվել ավելի կտրուկ անկման:

Երբ շուկան փակվեց, նա նայեց իր սեղանի կողքին գտնվող բույսերին: Դրանք ավելի անորոշ էին, քան էկրանի վրայի արժեթղթերի շուկայի խորհրդանիշերը: Նա ափը սահեցրեց տերևի վրայով: Այն ասես այլերկրային լեզու լիներ՝ կպչուն ու թավշանման: Ուեյնը ջղաձգվեց այն զգացողությունից, որ որևէ առնչություն էր ունեցել օտար աշխարհի հետ: Նա տենչում էր մի ծանոթ բան, ասենք ուղղանկյունաձև տեղաբաշխման մխիթարական դասավորվածությունը: Մի քիչ անհարմար զգաց դրա համար: Արդյո՞ք ուղղանկյունաձև տերևի գաղափարը պակաս հավատալու էր, քան թե սովորական տերևինը: Նա զննեց բույսը, սակայն այս անգամ չտեսավ կանաչը: Սկսեց հաշվել տերևների կրկնվող նախշերը: Տերևի հիմքից ճառագայթաձև տարածվում էին հինգ հիմնական ընձյուղներ: Ենթաընձյուղներն արտագծմամբ նման էին ավելի մեծերին՝ կառուցված միահյուսված պարույրների ձևով: Դրանք դասավորված էին Ֆիբոնաչիի հերթականության8 լոգարիթմով՝ 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, և այդպես շարունակ: Նորից ու նորից հաշվելով թվերը` իրեն ավելի խաղաղված զգաց: Դա նրա ականջին ասես երաժշտություն լիներ, օրհներգ` ֆի9-ի (Ք) համար, որը նրա երազած կատարելությանը երբևէ ամենամոտ գտնված լինելու վիճակն էր:

2.

Կորսիկացու հաշված միակ թվերը ծառերի քանակին էին վերաբերում: Կղզու փառահեղ անտառների միջով քայլելիս նա հաշվում էր ծառերը: Ի տարբերություն Ուեյնի, նրա համար ծառն ընդամենը ծառ էր, ձարխոտը` ձարխոտ, մորու թուփը` մորու թուփ, և անտառները լի էին տարատեսակ բույսերով ու տարատեսակ թփերով, և նա իր ողջ կյանքի ընթացքում ուղղանկյուն դասավորությամբ տերև չէր տեսել: Իսկ եթե իմանար, որ դրանք գոյություն ունեն, ամեն ինչ կաներ դրանցից խուսափելու համար:

Կորսիկացուն ոչ էլ առանձնապես հետաքրքրում էր Ֆիբոնաչին, հատկապես այսպիսի պայծառ, սքանչելի օրով:

Կորսիկացին այսօր առանձնահատուկ հուզված էր: Բնությունն էր իշխում ամենուրեք, և այն իր հետ էր: Փոքր աստղաձև ծաղիկները վարդագույնով էին ծածկել ողջ հովիտը: Նա մեկը քաղեց և համբերատար ծամեց դրա սոխարմատը, այնպես, ինչպես իր նախնիներն էին արել, և նախապատմական անցյալի մի բեկոր ներխուժեց ներկա: Բացեց պարկը և լիքը լցրեց անմահական բողբոջներով, որպեսզի մատուցի իր առաջնորդներին: Նրանք քնքշասիրտ հասուն մարդիկ էին և նույնպես պատրաստ սպանություն գործել՝ ի պաշտպանություն վարդագույն ծաղկի:

Դաշտի միջով քայլելիս նա տեսնում էր պատմության արմատները, որոնք տարածվել էին իրենց բյուրեղային, նախնական ձևերով: Ամպերն արևալույսի ճառագայթներից ծակծկվելով նահանջել էին, պստիկ մրրկահավերը թռչկոտում էին կղզու լեռնածածկ սաղարթների վրա: Երբ նա հայտնվեց մացառուտների միջից, հայացքի առաջ հայտնվեց բլրի գագաթին բազմած հնադարյան Կորտե քաղաքը: Քաղաք մտնելուն պես շատերը գալիս էին տեսնելու նրան, սեղմում էին ձեռքը և ծաղիկներ տեղում վրան: Երեխաները պտույտներով վազում էին նրա շուրջը: Մի երիտասարդ աղջիկ մոտեցավ և համբուրեց ձեռքը, ասես թագավոր կամ մարգարե լիներ: Կորսիկացին շարունակեց քայլել ոլորապտույտ ճանապարհն ի վեր, որի վերջում կանգնած էր ամրոցը: Այն բոլոր կողմերից շրջապատված էր նախնադարյան ժայռաբեկորով: Նրա առաջնորդները խմբվել էին բարաքում և սպասում էին նրան, ավելի ճիշտ` նրա բերած լուրերին: Բայց Կորսիկացին շարունակում էր սպասեցնել նրանց: Օդում զգացվում էր մամուռի` անդրջրհեղեղյան երկարամյա անցյալի հոտը, սակայն զգացվում էր նաև brocciu-ի` ոչխարի պանրի և շագանակի ալյուրից պատրաստված թխվածքի հոտը: Նրանցից մի քանիսը զբաղված էին իրենց նախաճաշը վերջացնելով, երբ ներս մտավ Կորսիկացին ու առաջարկեց վարդագույն ծաղիկները: Նրանք պոկեցին նուրբ թերթիկները և սկսեցին ծամել: Այս աններդաշնական հաղորդության մեջ այնքան մեծ զգացմունք կար, որ առաջնորդներից մեկը համարյա արտասվեց: Երբ փոքր-ինչ դադար տրվեց ուտելուն, Կորսիկացին իր տարօրինակ, դուրս պրծած աչքերով զննեց առաջնորդներին: Նա ներկայացնում էր ձկան վեհ տեսակի մարմնացումը, որին ինչ-որ գերբնական ուժ դատապարտել էր ապրելու հասարակ մարդկանց մեջ: Առաջնորդներն սպասում էին, որ նա ընդհատի լռությունը: Երբ նա վերջապես բերանը բացեց խոսելու համար, գիտեր, որ խոսում է բնությունը` ծանրության կենտրոնը կորցրած ալիքի ահեղ գահավիժումը: Նայեց ժամացույցին: Առաջնորդներն անհամբեր նորությունների էին սպասում այն մյուս կղզուց, որտեղ բնությունը ներկայացնում էր սև երկրաչափական աշտարակների ներսում պատվիրված համակարգիչների էկրանների հոբսյան անտառ:

– Ես վաղը մեկնում են Նյու Յորք,- ասաց Կորսիկացին: Ես պետք է հանդիպեմ նրան ՄեթԼայֆի շենքում` կապիտալիզմի այդ խտացված արձանում, մեզ համար դավաճանության փարոս, նրանց համար` բարգավաճման խորհրդանիշ:

Երկու օր անց Կորսիկացին քաղաքային տաքսու մեջ դիտում էր, թե ինչպես է վարորդն ուտում Բուստաչիի ընկերության պատրաստած թղթե տուփից: Դրա մեջ էր պլաստմասայե պատառաքաղը և Գեներալ Ցոյի ռեստորանից նախորդ օրը պատվիրած ճուտը:

– Ուշադրություն մի՛ դարձրու վրաս,- ասաց տաքսու վարորդը,- այս առավոտ չեմ նախաճաշել:

Կորսիկացին նույնպես չէր նախաճաշել այդ առավոտ: Ինքնաթիռում մատուցված ուտելիքը զզվանք էր պատճառում: Երբ տաքսին սողալով հասավ Հիսունհինգերորդ և Մեդիսոն փողոցների մոտ գտնվող կանգառին, նրա ստամոքսը գռգռաց: Ապա երկինքը որոտաց: Ամպերը կուտակվեցին: Անձրևանոցները հայտնվեցին: Չարագուշակ քողը պատեց Մանհեթընի կենտրոնը:

– Tempu catt i`u, – ասաց Կորսիկացին: Վատ եղանակ: – Չեմ հասցնի ժամանակին տեղ հասնել:

– Ինչպես միշտ, խնդիրը ժամանակի և փողի մեջ է,- փորձեց նրան մխիթարել վարորդը: – Երբ ես դասախոս էի Նոր դպրոցում, սիրում էի խոսել Մարքսի մասին իմ ուսանողների մոտ և ինձ թույլ էի տալիս քարոզչի տոն ընդունել:

Կորսիկացին գլխով արեց: Հենց այդ թեթևակի հավանությանն էլ սպասում էր վարորդը:

– Այսօր նույն բանն էի ասում իմ երիտասարդ ուղևորներին: Քանի որ նրանք երիտասարդ են և համեմատաբար արտոնյալ, չեն հասկանում այն հիմնարար ճշմարտությունը, որը Մարքսը վաղ էր հասկացել և ընտրել էր դիտել այն իբրև ողբերգություն: Մենք մեր կյանքի ժամանակը վաճառում ենք աշխատավարձի դիմաց: Ոչ միայն բանն այն է, որ ժամանակը դրամ է: Այդ կյանքն է, ժամանակի ընթացքում ծախսվող եռանդը, որը փոխանակվում է գումարի դիմաց: Կյանքը փող է, եռանդը փող է, դրամը համընդհանուր լուծիչ է, որը բոլորիս տանում է դեպի ՄեթԼայֆի շենքը, ձեր նպատակակետը, կամ էլ, որն ավելի հավանական է, մի այլ մեկնակետ: Է՛ս էլ ձեզ քառասուն դոլար:

Կորսիկացին վարորդին տվեց երկու քսանդոլարանոց թղթադրամ և քայլեց մարմինների զանգվածի մեջ. արմունկները հրող արմունկներ, փողոցի անկյուններից հայտնվող անհանգիստ ամբոխներ, շինություններ, որոնք մարդկանց դուրս էին նետում՝ ասես գույքը մաքրելու հետևանքով, անձրևի տակ քայլող մարդ, որը թաց հոթ-դոգ էր ուտում: Մանհեթընի կենտրոնում վեր էր խոյանում ՄեթԼայֆի շինությունը, որտեղ իր սեղանի հետևում նստած էր Ուեյնը և բղավում էր հաջորդ սերնդի արտադրության իր բջջային հեռախոսի մեջ.

– Հե՛յ, բթամիտ արարած, մի վայրկյան ի՛նձ լսիր: Պարզապես գնի՛ր այդ անիծյալ տասը տարիանոցը10:Հավատա՛ ինձ, դա մեզ ոտքի կկանգնեցնի:

Մի քանի րոպե անց ուրբաթօրյա աշխատավարձային հաշվետվության մեջ աչք էր ծակում բաժնետոմսերի ցածր գներով վաճառքը: Տնտեսության մեջ բոլորի սպասածից ավելի քիչ թվով աշխատատեղեր ավելացան: Պարտատոմսերի գները բարձրացան:

– Վատ նորությունը լավ նորություն է,- ասաց Ուեյնն իր էկրաններին և առանձնապես ոչ մեկին: – Բոլորը դուրս են թափում իրենց բաժնետոմսերը և գնում գանձապետական պարտատոմսեր:

Նորանհայտության Միավորված Հանրապետությունը

Անգլերենից թարգմանեց Լեոնիդ Զիլֆուղարյանը

2006 թ. իսրայելա-լիբանանյան պատերազմից հետո գրված պատմվածքը Միջին Արևելքին վերաբերող ակնարկներ է պարունակում՝ առանց տեղ կամ վայր մասնավորեցնելու:

Ինքնաթիռը դեռ վայրէջք էլ չէր կատարել, իսկ Սիգուրդուր Գոմերը արդեն լի էր ակնկալիքներով: Նախկինում երբեք չէր եղել Նորանհայտությունում՝ նոր-նոր փետրավորվել սկսող ու Նորանհայտության Միավորված Հանրապետություն կոչվող այս երկրում, որ պիտի որ հասարակածի մոտակայքում լինի: Այս երկրի անվանումն իսկ հմայում էր իրեն: Գիտեր, որ այստեղ ոչ ոք չի որոնի իրեն: Այստեղ գալը որոշակի համարձակություն էր պահանջում, քանի որևէ եկվոր հավաստի չգիտեր, թե ուր է գնում և ինչ է գտնելու այդտեղ: Սիգուրդուր Գոմերը, սակայն, որոշել էր անպայման գալ: Շատ էր լսել այդ երկրի աշխատասեր ժողովրդի մասին: Հանրապետության բնակիչների IQ-ն աշխարհում ամենաբարձրերից էր: Նրանց մեջ Էյնշտեյն գուցեև չկար, բայց, ընդհանուր առմամբ, մտածողության բարձր կարողությունը ենթադրում էր, որ ինչ-որ հանգրվանի մի օր հասնելու էին: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն շատ բարձր էր՝ ավելի բարձր, քան Նորվեգիայում, որի տեղը քարտեզի վրա գիտեն բոլորը, բայց ուր շատ քչերն են այցելում:

Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, Սիգուրդուր Գոմերը պատկերացում անգամ չուներ, թե որտեղ է: Մտավախություն ուներ, թե կարող է մոլորվել Նորանհայտության Միավորված Հանրապետությունում: Օդաչուն խորհուրդ տվեց կողմնորոշվել կողմնացույցով: Եթե մոլորվեք, ասաց, ուրեմն հայտնվել եք քաղաքի կենտրոնում՝ Նորանհայտության սրտում: Ու դա լավագույն տարբերակն էր, քանի որ ո՛չ Սիգուրդուր Գոմերը, ո՛չ էլ մյուս ուղևորները չէին ուզում բացահայտել իրենց ուր լինելը: Հենց դրա համար եկել էին այստեղ: Կարևորը, երիցս կարևորը տեղն էր:

Դուրս գալով օդանավակայանի շենքից՝ Սիգուրդուր Գոմերը նստեց սև գույնի մարդատարի հետևի նստատեղին: Ապսպրեցին կապել աչքերը, որպեսզի վստահ լինեն, թե չգիտի իր գտնվելու վայրը:

– Գոնե ասեք, թե ուր ենք գնում, – խնդրեց վարորդին:

– Նորանհայտություն՝ եթե ուզում եք:

– Շատ լավ,- ասաց Գոմերը,- չեմ ուզում, որ որևէ մեկը իմանա:

– Ոնց ասեք, այդպես էլ կա,- արձագանքեց վարորդը:

– Դա արդեն քո գործը չէ,- սաստեց Սիգուրդուր Գոմերը: – Դա չէ իմ գալու նպատակը:

– Խնդիր չկա,- ասաց վարորդը: – Կարող ենք չվերադառնալ այնտեղ, եթե չեք ուզում:

Ու չվերադարձան:

Երբ Սիգուրդուր Գոմերը դուրս եկավ մեքենայից, տեսավ բանվորական կապույտ զգեստով մեկին, ով փոխում էր ճանապարհային նշանի ուղղությունը, որի վրա գրված էր՝ «Հայտնի-Մի-Տեղ. այստեղից 720 կիլոմետր»: Նայեց այդ ուղղությամբ. ճանապարհները միակողմանի էին՝ միայն արտագնա: Դրսից եկողների համար ճանապարհներ չկային: Սիգուրդուր Գոմերի ուսերից մի մեծ բեռ ընկավ. այն մարտատենչ նինձյաները չէին երևում: Այդ աներևեույթ մարդկանց մասին նա տեղյակ էր. նրանք աներևութությունից՝ իրենց գաղտնի թունելներից, կայծակնորեն հայտնվում են քո առջև: Սա փոքր-ինչ հունից հանեց նրան ու մի պահ Նորանհայտություն գալու պատճառները ծանրացան, ինչպես գործած մեղքը՝ խղճի վրա:

Հանրապետության գոյության մասին քչերը գիտեին. միայն նրանք, ովքեր հանուն խաղաղության սպանել էին քաղաքացիական անձանց: Ու երբ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, Նորանհայտության մասին իմացողները փոքր դադար էին առնում այստեղ՝ մեկ այլ վայրում հաջորդ կամպանիան ծավալելուց առաջ:

Սիգուրդուր Գոմերը մտադիր էր ուղևորության ընթացքում պատերազմի ու կառավարման վերաբերյալ կարծիքներ փոխանակել գործընկերների հետ: Բայց նախ հարկավոր էր ճանապարհը գտնել: Բանվորին հարցրեց, թե ինչպես հասնի նիստերի դահլիճ, որտեղ պիտի հանդես գար ելույթով:

– Մի որոնիր այն ու կգտնես,- ասաց բանվորը: – Պարզապես հանդարտվիր: Հետո խորհուրդ տվեց. – «Դեպի հարավ գնա, երիտասարդ, հարավ: Ոչնչացված արտերի ու ակացիայի ծառի ուղղությամբ գնա, այնտեղ էլ կգտնես նիստերի դահլիճը»:

Սիգուրդուր Գոմերը, սակայն, որոշեց գնալ դեպի հյուսիս, որտեղ էլ՝ Նորանհայտության սրտում, գտավ նիստերի դահլիճը: Դահլիճում որոշ ծանոթ դեմքեր տեսավ և գիտեր, թե ով որտեղից է եկել, բայց չգիտեր, թե ինչպես են հասել այստեղ: Մոտեցավ ամբիոնին ու սկսեց կարդալ իր հետ բերած գրքից: Գիրքը հեռակառավարվող ժամանակակից ռումբերի ու համր նշանակետերի մասին էր. սա ամենուր քննարկվող հարցերից էր:

«Պայթյունի ընկալելի ուղերձը կարող է կենտրոնանալ դրա բարոյական հրամայականում», – ասաց Սիգուրդուր Գոմերը, և նրա ձայնի արձագանքը լսվեց Նորանհայտությունով մեկ: – «Բայց գործնական առումով դրա կամայական հզորությունն ու նշանառությունը կարող են թույլ չտալ, որ դրվի ռասայի, կրոնի կամ աշխարհայացքի հողի վրա: Չնայած գիտության սրընթաց զարգացմանը, մարդկությունը չի հայտնագործել այնպիսի գերժամանակակից հեռակառավարվող ռումբերի պատրաստման տեխնոլոգիան, որոնք նախատեսված կլինեն ճշգրիտ էթնիկ զտումների համար, ասենք, կոչնչացնի ֆրանսախոս բելգիացիներին՝ միաժամանակ անվնաս թողնելով երկրի վալլախոս փոքրամասնությանը: Իսկական գերժամանակակից հեռակառավարվող ռումբը պետք է ունենա հատուկ սենսորներ, որոնք արտաքին նշանների հիման վրա կտարբերակեն շիա նինձյային դրուզե ֆերմերից՝ սպանելով մեկին ու կենդանի թողնելով մյուսին: Դրուզեի գլուխը սափրած է ու ծածկված է չալմայով. բեղ պահելը պարտադիր է, թեև գերադասելի է մորուքը: Բարոյականությամբ օժտված ռումբը կհարվածի միայն բիրտ-անողոքին: Տեխնոլոգիան, սակայն, դեռ մշակման տարիներ ու տարիներ ունի, որպեսզի կարողանա խուսափել երկկողմ վնասելու անցանկալի արդյունքից:

Հենց այդ պահին ինչ-որ տեղից արձակված պարզունակ մի հրթիռ պայթեց Նորանհայտության Միավորված Հանրապետության նիստերի դահլիճի հարևանությամբ: Հնչեցին տագնապի ազդանշաններ, ու գրեթե անմիջապես հայտնվեցին բազմաթիվ շտապօգնության մեքենաներ: Սիգուրդուր Գոմերը զննեց ավերված շրջապատը: Ամենուր մարդկային վերջույթների այլանդակված հատվածներ էին, ողնաշարի կտորներ, այլանդակված դեմքեր, անօգնական արմունկներ: Ժամանակն էր ուրիշ տեղ գնալու: Եթե, իհարկե, կարողանար գտնել դուրս գալու ճանապարհը, կամ հիշեր, թե որ ճանապարհով է հայտնվել Նորանհայտությունում: Ի վերջո հետևեց ճանապարհային մեկ այլ նշանի՝ «Մեկ-Այլ-Տեղ: Այստեղից ընդամենը 120 կիլոմետր»:

«Սթափվի՛ր», – ինքն իրեն սաստեց Գոմերը: – «Մի՞թե այսքան ճանապարհը մինչև Նորանհայտություն կտրել եմ սոսկ Մեկ-Այլ-Տեղ հասնելու համար»:

Ծանոթագրություններ

1.Բառախաղ. gloom – խավար, մռայլ, վհատ (ծնթ. թ.):

2.Hedge-fund – չկարգավորված վերավաճառքային ֆոնդ, որը զգալի շահույթներ է ապահովում բարձր ռիսկի ներդրումների դիմաց:

3.Macdo – ՄաքԴոնալդսի խոսակցական տարբերակը:

4.«Լեման եղբայրներ» ներդրումային բանկը վերջերս սնանկացավ (ծնթ. թ.):

5.IM – Instant Messaging – արագ հաղորդագրություն:

6.S&P – Standards and Poor՛s -Ստանդարտս ընդ Փուըրզ, այստեղ ՍՓ 500-ն է, համաթիվ, որը  ներկայացնում է 500 ընկերությունների միջին արժեքը:

7.NASDAQ – National Association of Securities Dealers Automated Quotation – արժեթղթի դիլերների ազգային միության ինքնաշխատ գնանշման համակարգ:

8.Ֆիբոնաչիի հաջորդական թվերի գործակիցները մոտենում են ոսկե գործակցին, ինչպես n-ն է մոտենում անսահմանությանը:

9.Ֆի – Phi – մաթեմատիկայում կիրառվող հասկացություն:

10.Այստեղ Ուեյնն ի նկատի ունի ԱՄՆ պետական գանձապետարանի թողարկած 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերը:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.