La Sauge des Devins

Դրուագ վէպից

Հեղինակազօրուած թարգմանութիւն ֆրանսերենից՝

Լիլիթ Կ. Սիմոնեանի

Ես թարմ էի ու սթափ. և որևէ աղմուկ չէր կարող խանգարել իմ այս ուղևորութիւնը:

Հէնց այս սենեակի մէջ, այս պահարանի վրայ էին գտնւում կեթամինի1  հարիւր միլիգրամանոց հաբերը: Որոշեցի երկու հաբ վերցնել: Դժբախտաբար մեկնելն ու վերադարձը ապահովելու համար ազոտի պրոտօքսիդ չկար: Ափսո՛ս: Բայց չենք կարող ամէն բան ունենալ ձեռքի տակ: Հաբերը կոտրելով՝ դրեցի արծաթէ սկուտեղի վրայ: Երբ կռացայ Ջութակահարի գորշ այցեքարտով, որի վրա կարմիր տառերով գրուած էր «Գալիս եմ», տեսայ իմ արտացոլումը, որ արծաթը նետեց իմ ռեխին: Այծի մօրուքով այդ դէմքը, այդ կարճ կտրած սև մազերը, կիտուած հոնքերը լուրջ ու լարուած աչքերիս տեղեկութիւններ էին հաղորդում շատ կարևոր գործով տարուած իմ ուղեղին: Ճիշտ այնպէս, կարծէս վիրահատութեան սեղանին պառկած և աչքերս բաց՝ տեսնում եմ, թէ արնաշաղախ գործիքները խաղացնելով՝ վիրաբոյժը ինչպէս է պտտւում մարմնիս շուրջ (յուսամ, որ ցաւազրկուած է). ինչպէս է մաշկում ինձ, ինչպէս է կտրատում, ձևում, կարում՝ միևնոյն ժամանակ կատակելով իրենով հրապուրուած բուժքոյրերի հետ… և այս ամէնը առանց ցաւի նշոյլի: Եթէ լինէի արծաթի վրայ դրուագուած իմ արտացոլումը, ապա նոյն զգացողութիւնը կ՛ունենայի՝ տեսնելով առաջ թեքուած ու կենտրոնացած իմ ԵՍ-ը:

Ներերակային սրսկումներ այնքան էլ չէի սիրում, քանի որ յետոյ, մի քանի օր շարունակ, ծակոցներից ցաւեր էին մնում: Հէնց այդ պատճառով էլ առանց շտապելու կեթամինով քաշեցի մի երկար, փոշոտ և ուղիղ գիծ՝ ասես ինքնաթիռի մի գեղեցիկ թռիչքուղի:

Ես այսպէս եմ հասկանում իրերի դրութիւնը… Մտածում եմ, թէ կեթամինը անպայման պէտք է խառնել կոկաինի կամ պարացետամոլի հետ: Յետոյ ինքս ինձ ասում եմ, որ ի վերջոյ՝ միևնոյն է. իմ այն վիճակը որտեղ յայտնուելու եմ, ոչնչով չի փոխուելու: Ուստի այլևս ոչ մի բանի մասին չեմ մտածում:

Ահաւասիկ աւարտեցի թռիչքուղու նախապատրաստութիւնը: Բայց լոյսը շատ ուժեղ է: Չի կարելի: Կեթամինը գիշերային թռիչք է: Ինքս ինձ ասում եմ, որ ամէն բան փչացաւ. ոչ ոք չի կարող կարգաւորել լոյսի պայծառութիւնը: Յուսահատուած եմ: Բայց ուշադրութիւնս կենտրոնացնելով՝ նկատեցի, որ պլազմային պաստառների մօտ մի կարգաւորիչ կայ և շատ հարմար է լոյսի մակընթացութիւնը կանոնաւորելու համար:

Առաջին անգամ է, որ տեսնում էի: Բաւականին տարօրինակ զգացողութիւն է, երբ անդրադառնում ես, թէ ամէն բան գոյութիւն ունի, և բոլորը հնարաւորութիւն ունեն պահանջները բաւարարելու համար: Բայց ոչ ոք ոչինչ չի նկատում այնքան ժամանակ, քանի դեռ չի զգացել դրա ծայրահեղ անհրաժեշտութիւնը: Ուզում եմ ասել, որ ամէնից դժուարը որևէ բան անելու ցանկութիւն ունենալն է… Որևէ բան անելու ցանկութեան անհրաժեշտութեան զգացողութիւնը:

«Վարագոյրներս փակեցի» և դարան մտած ականջ դրեցի. ոչ մի ձայն… Ոչինչ…Ամէն բան տեղը տեղին է… Սկուտեղը ձեռքիս քայլեցի դէպի անկողին: Արծաթէ սկուտեղի հարթութեան վրայ փայլում էին արծաթ շողերը և սփռում դեղնակարմիր ցոլքեր: և ուրիշ ոչինչ: Մտայ անկողին, մէջքս հենեցի պատին, վերմակի տակ ծալեցի ոտքերս: Մեկնելու տոմսակը ճիշտ քթիս տակ էր և իմ մէջ ներխուժելու պատրաստ: Սկուտեղը մօտեցրի դէմքիս ու խորը ներշնչեցի: Կարծում եմ` բաւականին օգտակար է քթիս համար: Ոմանք ունենում են արիւնահոսութիւն և ցաւեր… Ես նրանց շատ եմ խղճում, զի կլինիկական առումով կատարեալ չեն կեթամին ընդունելու համար: Ես՝ այո՛, պատրաստ եմ: և զգացի, թէ ինչպէս է նիւթը տարածւում ու բարձրանում մինչև աչքերս, հասնում է ուղեղիս: Արծաթին դեռ մի քիչ մնացած նիւթ կար, որ ես մռլտալով ու տնքոցներով լիզեցի (կարծես իմ առջև զոյգ փոքրիկ ու հաստլիկ շրթունքներ լինէին, և ես շտապում էի իրականացնել մարդակերութեան իմ գործը), յետոյ հիւանդիս վրայ հառուած լայն բացուած աչքեր՝ որ վախեցած ինձ էին նայում: Երջանիկ մի ծիծաղով սկուտեղը նետեցի պատին: և նուաստացած սկուտեղը զնգոցով ընկաւ ցած՝ դառնալով իրերին միշտ գահավիժել ստիպող այդ զարհուրելի ձգողականութեան օրէնքի հերթական զոհ: Բարձրանալու ո՛չ մի հնարաւորութիւն չկայ… Բացարձակապէս… Փութալով մտայ անկողին և վերմակը քաշեցի մինչև կզակս: Հինգ րոպէ սպասելուց յետոյ միայն ականջներիս մէջ հնչեց ջութակի քնքուշ սիմֆոնիան: Մի ներդաշնակութիւն, որ բնաւ չէի լսի առանց իմ իւրահատուկ K2-ի: Այսպէս, ուրեմն…

Միջավայրը փշրուած հայելու բեկորներ է դառնում: Ամէն բան ջախջախւում է, որպէսզի երկուսի բաժանուած դռներից ներխուժի քաոսի մէջ. պատերից մինչև յատակ. աթոռից մինչև առաստաղ. մագնիսական ուժագծեր. էլեկտրամագնիսական ալիքներ… և ահաւասիկ. երկու աթոռ իրար գրկած՝ սանձարձակօրէն վալս են պարում:

Միաժամանակ դանակներն ու պատառաքաղներն են պարում տանգո: Քիչ այն կողմ էլ աներևակայելի սուինգ են պարում երկու բարձ: Թմրամոլային իսկական տօն է սկսուել: Աչքերս կկոցած՝ նոյնիսկ կարողանում եմ տեսնել, թէ ինչպէս են մոլեգնօրէն գալարւում մալուխները, որպէսզի քիչ յետոյ հանդարտուեն N չափողութեան իրենց տարածութեան մէջ: Ջութակի խռովքը դառնում է աւելի սաստիկ: Ես տեսնում եմ, թէ ինչպէս են ինձ հասնում ձայնի ալիքները: Երբ դուրս եմ ելնում մարմնական իմ պատեանից և տեղաւորւում հնչիւնների կենտրոնի վրայ, ամէն բան վերածւում է երաժշտական կատարեալ ներդաշնակութեան: Դա իմ սեփական K-hole–ն է: Ոմանք էլ տեսնում են Սատանային. կամ Աստծուն. յայտնագործում են իրենց գոյութեան այլևայլ չափողութիւններ, որտեղ դառնում են իրենց անցեալի կամ ապագայի սոսկալի բացայայտումների վկան: Պարզապէս ապուշութիւն է այդ ամէնը: Նրանց բացայայտումները միայն ինքնապաշտպանութեան գործողութիւններ են, որպիսիք կատարում են ուղեղները, որոնք, չնայած թմրանիւթի կատաղի հարուածներին, փորձում են իրենց այցելուին ճիշտ ճամբի վրայ դնել: Պատգամներ՝ որ այս փոքրիկ junkie3-ները խորը արմատներ ունեն նրանց ենթագիտակցութեան մէջ և որոնք լողում են դէպի մակերևոյթ: Բայց նրանք անդունդի եզրին հասնելով՝ իրենց իսկ ուղեղից ցցուած փրկարար ձողին ապաւինող flinguռ4-ներ են: Ես բացայայտումներ կատարելու որևէ կարիք չունեմ. և ես ինձ ոչ մի բանում յանցաւոր չեմ զգում: Հէնց այս պատճառով էլ իմ փորձառութիւնը տարբեր է: Այստեղ, իմ ալեբախուող աշխարհի մէջ, ես ձգտում եմ քիմիական կատարելութեան… Նիւթի և Հոգու կատարեալ մի ներդաշնակութեան:

Երբ վերադարձայ իմ նիւթեղէն անհատականութեանը, տօնակատարութիւններն արդէն սկսուելու էին: Նորէն լսեցի ոտնաձայներ, կանացի ծիծաղ, գետինը դոփող կօշիկների աղմուկ: Այն տարբերութեամբ միայն, որ ես գիտէի այդ մարդկանց ով լինելը: Երէկ, երբ շուտափոյթ վար էի իջնում, չյաջողուեց տեսնել նրանց տարբերակող նիշերը, բայց նկատել էի, թէ որպիսի արագութեամբ են նրանք ջնջել զոմբիացած հանդիսականների երկրային նկարագիրը:

Իմ սենեակն ունի իր ամենօրեայ տեսքը. դիմազուրկ՝ բոլոր նախորդող օրերի պէս: և բոլոր առարկաները գտնւում էին նիւթի անողօք ֆիզիկական օրէնքի գերութեան մէջ. անկարող որևէ երազանքի. յաւիտենական մի գոյութեան հետ պսակուած այն իրերի նման, որոնց տէրը թմրամոլ չէ: Այնքան ժամանակ մինչև մի օր նրանք էլ են ջախջախւում, փշրւում, սակայն դատապարտուած են մնում հանդուրժել մի օրէնք, որ իրենք չեն ընտրել: Նրանք, ովքեր չգիտեն թմրանիւթը օգտագործել ինչպէս հարկն է՝ չգիտեն, թէ ինչ է նշանակում ազատագրուել դասական ֆիզիկայի անողօք օրէնքներից և մխրճուել քվանտային փոփոխական տատանումների աշխարհի մէջ. աշխարհ, որտեղ ամէն բան հնարաւոր է:

Արագ հագնուեցի: Այս անգամ հաստատ որոշել էի չխուսափել տօնակատարութիւնից: Տօնակատարութիւնը արհեստականօրէն դարձել էր մոգական: Իսկական հրաշքը մոգական փայտիկով չէ, որ յայտնւում է: Ոչ մի գերբնական ուժ հարկաւոր չէ, որպէսզի կարողանաս անցնել պատի միջով կամ գուշակես ապագան: Ի հարկէ… Բաւական է ունենալ մի քիչ երևակայութիւն և չափից աւելի շատ քիմիա:

Երկրորդ անգամ մենք աւելի ինքնավստահ ենք մէզ զգում: Արդէն գիտենք, թէ դա ի՛նչ է նշանակում: Իմ բնից դուրս գալով կարծեցի, թէ գիտակցութիւնս կորցնում եմ ու չեմ հասկանում, թէ ինչ եմ խօսում: Նա այստեղ էր: Իր պղնձակարմիր մազերով: Իր սեղմիրանով: Երկու կողմից ճեղքուած տաբատով: Երկարաճիտ կոշիկներով… Բարձր կրունկները ճկել էին սրունքները և ձգել նուրբ ազդրերի մկանները: Ոտքերի նայլոնն ու ընդհանուր լուսաւորութիւնը աւելի էին ընդգծում լարուած մկանները՝ իրենց թմբիկներով ու փոսորակներով: Ես չգիտէի ո՛ւր փախցնել հայեացքս, ուր նայել… Իսկ ինչ վերաբերում է նրա դէմքին, ժպիտին, նրա կանաչ աչքերին… Ժպիտը նրա դէմքին այտերի փոսիկներ չէր ստեղծում: Այդ չէր ինձ մտահոգողը: Նա պէտք է որ տեղեակ լինէր երէկուայ ճահճային իմ արկածին: Հոգու խորքում նա գիտէր այդ մասին:

– Ողջոյն… Անունս Նէթ է:

Հրաշալի ձայն ուներ, բաւականին ուժեղ ձայն: Շատ կուզենայի ըմբոշխնել այն ալիքները, որ նա արտաբերում էր իր նուրբ կոկորդով և վարդագոյն ձայնալարերով: Մորու անուշի շերտով վանիլի պաղպաղակ էր նա: Անելիքս չգիտէի: Նա ինձ գամել էր կանգնած տեղս: Մարդուն շփոթեցնող պաղպաղակ էր. բնութեան կատարելութիւն: Նա նոյնքան կատարեալ էր, որքան GHB6-ն: Նրա իւրաքանչիւր ատոմը պէտք է որ թրթռար ներդաշնակ մեղեդայնութեամբ, ինչը պատրաստ էի լսել ամբողջ կեանքիս ընթացքին: Նրան համտեսելը կը լինէր կեանքիս լաւագոյն փորձութիւնը. չափից աւելի թմրաբաժին, որ կարող էր խափանել իմ վերադարձը:

– Գնանք… Շուտով կը սկսուի: և նա ձեռքը ինձ պարզեց: Երկար ու նուրբ մի ձեռք, որ վանիլի սերուցքի գոյնն ունէր: Սեղմիրանը գրկել էր նրա կուրծքը և աչքերից սադրում էր անզուսպ մի մարտահրաւէր՝ կը կարողանա՞մ նայել, մնալով սակայն աննկատ: Ես ծածուկ նայում էի, բայց նրա պատկերը այնքան էլ չէր հասնում աչքերիս խորքերի ցանցաթաղանթներին: Քիչ անց հայեացքս ուրիշ կողմ էր ուղղուել, և նրա պատկերը չքացաւ: Տեսողական յիշողութեան տկարութիւն: Ես նրան ուզում էի այս պահին և այստեղ, բայց ոչինչ անել չէի կարող: Հոտած դաստիարակութիւն և զսպուածութիւն:

Երբ բռնում եմ ձեռքը, նա ծիծաղում է բիւրեղային ծիծաղով՝ ցուցադրելով հաւասարաչափ ու ճերմակ հրաշալի ատամնաշարը, վարդագոյն լեզուն, գրգռիչ կոկորդը: Ամէն բան կը տայի, միայն թէ հնարաւոր լինէր տեսնել, թէ ինչ տեսք ունեմ ես: Ամէն բան կը տայի իմանալու համար, թէ որպիսի մռութ ունէի արուեստի արարուած այս գեղեցկութեան կողքին:

– Ազդեցութիւնը կայ, չէ՞:

Շրթունքներիս արանքից միայն խուլ հնչիւններ ելան ու ինչ-որ գռմռոց: Նա իր ուժը գիտակցող գիշատիչ էր: Գիտէր, որ ինքը միայնակ կարող է կործանել ամբողջ մարդկութիւնը: Նա ինձ դարձրել էր մեռեալ մի կոյտ, դարձրել էր բոյս: Ես բազմաթիւ մարմնամասերի սոսկական միացութիւն էի: Պարզապէս բուսական պայմանականութիւն: Ես մի վիճակի մէջ էի, որ աշխարհում դեռ ոչ մի թմրանիւթ չէր յաջողացրել նետել ինձ:

Կանայք կան, որ պատիւ են համարում (և նոյնիսկ վերջնական պարտականութիւն) իրենք իրենց պարտադրել զգալու այն հարթութիւնները մագլցելու անհրաժեշտութիւնը, որոնք բաժանում են տղամարդուն և կնոջը: Ձգտում են ձևափոխել իրենց տարածքային տեղագրութիւնը այն հաշուով, որպէսզի հասնեն ու հարմարուեն յատկապէս նրան, ինչ տղամարդիկ գերադասում են: Մեզնից շատ հեռու են այն ժամանակները, երբ տղամարդիկ էին տեղագրական իմաստով ձևափոխւում՝ հասնելու տղամարդկային մի կատարելութեան, որպիսին ընկալում էին կանայք: Այս միտումը Երկրի վրայ անակնկալ կերպով փոխւում է վերջին շատ որոշակի ժամանակներին: Բայց տեղագրական այսօրինակ ձևակերտութիւնը դեռևս բաւարար չէ: Հետոյք և ամորձիք ունեցողներիս մակարդակին հասնելու համար այդքանը դեռ բաւական չէ: Ինչպէս կան տղամարդիկ, որ կոտրատւում են կանանց նման, կանայք էլ կան, որ կանգնում են տղամարդկանց մակարդակին: Այսինքն, ես համոզուած եմ, որ տղամարդու հասկացողութեամբ կանացի իդեալին հոգով ու մարմնով հասնելու ձգտելիս ձևափոխուող կանայք իսկական կանայք չեն: Որովհետև իսկական կինը փոխակերպուելու կարիք չունի: Իսկական կինը շատ լաւ գիտէ իր իրական ուժը: Նա գիտէ, որ ոչ մի բանի կարիք չունի. և առաւել ևս բնաւ կարիք չունի հաւասարուելու ամորձիքի տիրոջը՝ սեփական արժէքը ապացուցելու համար: Իսկական կինը երբէք չի կամենայ հաւասարուել տղամարդուն, քանի որ իսկական կինը գիտէ, որ ինքն առաւել արժէք ունի, քան տղամարդը:

Եթէ ակնառու է որևէ բան, ապա այս է. աղջիկներ կան, որ ամորձիք են կոտրում, աղջիկներ էլ կան, որ փշրում են սրտեր: Դժուարութիւնը դրանք իրարից տարբերել կարողանալն է:

Բարեբախտաբար ես ճանաչում եմ մէկին (նոյնիսկ մի քանիսին), որ ամորձիք էր կոտրում: Նա աւելի շուտ իմ ամորձիքն էր կոտրում, քան սիրտս: Երէկուայ ինձ հանդիպած աղջիկը նախ փշրել էր սիրտս, իսկ յետոյ անցաւ ամորձիքս կոտրելուն այնպէս, ինպէս որ կարգն է: Առաջինը, որ փշրեց Նէթը՝ իմ սիրտն էր: Ինչ վերաբերում է ամորձիքիս՝ նա նոյնիսկ չդիպաւ:

Նէթը իսկական կանանցից էր: Նա գիտակցում էր, որ շողշողում է. որ գեղեցիկ է. որ նազանի է: Նէթը երբէք իր ամբողջ կեանքի ընթացքին չէր կամենայ նմանուել որևէ մէկին: Հեռանալով Ջութակահարից ու ինձ մօտենալիս… Այս արարածները բացառիկ են թէ՛ հեռանալիս, թէ՛ մօտենալիս: Ուղղակի նրանք այնտեղ են, որտեղ մենք չկանք: Ես բախտաւոր հնարաւորութիւն ունէի կեանքումս հանդիպելու իսկական մի կնոջ: Նա առաջինն էր, գրո՛ղը տանի, և յոյս ունէի, որ վերջինը չի լինելու:

– Մի քիչ շտապենք,- ասաց Նէթը,- պէտք է գնալ: և արագացրեց քայլերը: Օծանելիքի բոյրն իբրև աննշան մասնիկներ տարածուեց նրա ետևից: Ցնդող այդ մասնիկները փորձեցի որսալ իմ քթով: Իմ քիթը, որտեղ կեթամինն ու կոկաինը արդէն մի խոռոչ էին փորել, հիմա որսում էր աշխարհում ամենաքնքուշ և ամենից թունդ թմրեցուցիչը: Չէի ասի, թէ նա հրեշտակային բոյր ունէր, քանի որ անտեղեակ եմ, չգիտեմ, թէ ինչ հոտ ունեն հրեշտակները: Բայց այդ բուրմունքը բնաւ հեռու չէր զուտ ոգեղէն լինելուց: Նէթը հրաշալի էր բուրում: Ես աւելին չեմ կարող ասել: Այլապէս կը սկսեմ լաց լինել:

Ընկերուհի ունենալու մասին ուրիշների պէս պատմելու այն բացառիկ առիթներից ունէի, որ նոյնիսկ համաձայն էի նմանուել նրանց: Նէթը կենդանի ապացոյց էր, որ ես ժամանակի ընթացքում հասունացել եմ, և ինչ-որ բաներ փոխուել են դէպի լաւը: Դեռ երէկ ես միայնակ էի, իսկ այսօր՝ արդէն ոչ: Նա քայլում էր ինձ հետ, նա կողքիս էր: Նէթը ձախ ձեռքով գրկեց մէջքս և իմ աջ ձեռքն էլ քաշեց դէպի իր գօտկատեղը. մենք միահիւսուել էինք ինչպէս ածխածինը՝ ածխածնին: Զգում էի նրա ուժը: Զգում էի նրա նուրբ մկանների իւրաքանչիւր թեթև շարժումը: Սեղմիրանը, որ գրկել էր նրան, ամուր պատնէշ էր փխրուն մարմնի և իմ միջև: և այնտեղ, որտեղ պիրկ սեղմիրանի եզրը հասնում էր տաբատի գօտուն, մի նեղ շերտ կար: Ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր նշմարելու նրա կատուային պիրկ որովայնը: Նա հիւլէական կատարեալ քանդակ էր: Ես պատկերացնում էի, թէ ինչպիսին է նրա մարմինը տարփական զգեստի տակ. ծայր չունեցող նրա երկար ոտքերը պէտք է մետաքսի պէս հարթ լինէին: Նրա կուրծքը, նրա մատները, նրա բերանը, նրա աչքերը, նրա հոտը, նրա շրթունքները, նրա ձայնը, նրա հետոյքը, նրա վարսանդը… Մարմնի վրայ մազի նշոյլ անգամ չկար: Բացառութեամբ գլխի պղնձակարմիր մազերի: Նա պիտի որ նոյնքան հարթ ու մաքուր լինէր, որքան լոյս աշխարհ գալու պահին: Արդեօք Ջութակահարը օգտագործե՞լ է այս արարածին: Պղծե՞լ է այս մարմինը: Հնարաւո՞ր է, որ մէկ ուրիշը… Ես գժւում էի. սարսափում, որ այլևս նրան չեմ տեսնի. որ նա կը մնայ մէկ ուրիշին: Դեռևս Նէթին համտես չարած՝ ես արդէն նրա մոլին էի դարձել:

Ի դէպ, ահաւասիկ, թէ ինչ է իսկական կինը:

– Ես ձեզ նորէն կը տեսնե՞մ: Ուզում եմ ասել՝ յետոյ,- այս հարցը անպայման տալու էի՝ գիտակցութիւնս մաքրելու համար:

– Աշխարհը փոքր է,- ասաց նա՝ շրջուելով դեպի ինձ և վրաս նետելով տառապեցնող մտքերիս սաւանը: – Ի՞նչ իմանաս:

– Ճիշտ է, որ փոքր է, բայց շատ են վիթխարի տարածութիւնները:

– Ի՞նչ կարիք կայ նորէն տեսնուել: Մէկ անգամն էլ բաւական է: Մնացեալը թող մնայ յիշողութիւններին:

– Բաւական չէ… Իմ յիշողութիւնները ինձ հաճախ են դաւաճանում: Ես դժուարութեամբ էի զրուցում: Քանի որ նա ոչ ոքի չէր պատկանում:

Ես նոր միայն կռահեցի, թէ ինչ զգացողութիւն էր ունեցել Պոտոն, երբ հանդիպել էր իր մէկ ուրիշ ԵՍ-ին, որ իր կանացի տարբերակն էր: Միայն թէ բոլորը չէ, որ տիրապետում են հանդուրժողականութեան նոյն մակարդակին այն ամէնի նկատմամբ, ինչը շրջապատում է մեզ: Եթէ Պոտոն կարողանար ընտրել մի խխունջ և կամենար ամէն գնով ունենալ նրան, ապա պատճառն այն կլինէր, որ հեռաւոր պատկերացումն իսկ չունի, թէ ի՛նչ կարող է իրեն նուիրել աշխարհը: Նա լուսային տարիներով հեռու էր գեղագիտութիւնն ըմբռնելուց: Ես հասկացել էի, որ նրա և իմ աշխարհները նոյնը չէին, տարբեր էին: Թէև մենք երկուսով էլ ապրում էինք նոյն հարթութեան վրայ, այնուհանդերձ, մեր գոյութեան իմաստը համեմատութեան որևէ եզր չունէր: և սա միայն զուգահեռ աշխարհների շատ պարզեցուած բացատրութիւնն էր:

Դուրս ելանք միջանք՝ հիւրերին մօտենալու համար: Իսկ ես միայն մտածում էի նրան նորէն հանդիպելու մասին: և նոյնիսկ այն դէպքում, երբ նա քայլում էր ինձ այնպէս գրկած, որ խախտւում էր մեր ծանրութեան կենտրոնը, ես այդ մասին էի միայն մտածում: Գրողը տանի՛, ես պէտք է նորէն հանդիպեմ նրան: Անպայմա՛ն: Գրողը տանի:

Նէթը թեքուեց ականջիս և իր բիւրեղեայ ձայնով ինչ-որ բան բացատրեց: Նրա թարմ շնչառութիւնը շոյեց լսողական համակարգս, ձևափոխեց լսողութիւնս: Ձայնը շոշափում էր ականջախոռոչս, յետոյ մխրճւում էր լսողական ուղի, շարունակւում մինչև թմբկաթաղանթս և այստեղ ամբողջ ուժով սեղմուելով՝ փշրւում էր: Մուրճիկը անսահման երջանիկ էր զնդանիկին զարնուելով, և երջանկութիւնը բազմապատկւում էր ասպանդակին դիպչելիս: Հարուածների այս ամբողջ տարափը վեր ելնելով՝ հասաւ ուղեղիս և խախտեց գլխիս անկիւնային հատուածի ըմբռնողականութիւնը: Սկզբում զգացի, որ թմրում եմ, յետոյ գիտակցութիւնս պայծառացաւ, այնուհետև նորէն թմբիրը պատեց ինձ… և այսպէս շարունակ:

Նէթը թմրանիւթ էր. և ես պատրաստ էի սպանութեան՝ միայն թէ ունենայի իմ բաժինը:

Յանուն թմրանիւթի ամէն տեսակի արարքի պատրաստ ենք: Բայց շատ աւելի անելուն ենք  ընդունակ ունենալու համար: և հէնց այստեղ է, որ ամէն բան դառնում է վտանգաւոր:

և այսպէս, ականջիս էր նա հակուել կարմիր շուրթերով, կանաչ աչքերով… Ես ուժ էի գործադրում, որպէսզի չթեքեմ գլուխս և չտրուեմ համբուրելու գայթակղութեան. իմ թուքը չխառնեմ նրա թուքին: Ասացէ՜ք խնդրեմ… Տղամարդը պէտք է կարողանայ տիրապետել իրեն: Նուազագոյն իսկ վրիպումը բաւական է, որ ամէն բան յօդս ցնդի: Նէթը ինձ վախեցնում էր, և ես բնաւ չէի համարձակուի խենթանալու փորձ անել և մօտենալ կարճ ճամբայով: Նա նման չէր աղջկան, որին երէկ հանդիպել էի. ոչ էլ նման էր բոլոր այն աղջիկներին, որոնց հանդիպել էի անցեալում: Ինձ հետ համեմատած՝ նրա առաւելութիւնները բոլոր առումներով շատ աւելին էին: Աւելին էին ընդհանրապէս բոլոր տղամարդկանց համեմատութեամբ:

– … և հէնց այս տանը լինելու է այն, ինչը լինելու է,- աւարտեց նա իր խօսքը: և քիչ առաջ անհոգ ճախրող, իսկ հիմա հանգիստ առած իր աջ ձեռքի մատների երկար եղունգներով, որ սկզբում վարդագոյն էին, բայց յետոյ փոքր-ինչ թեքուած քառակուսուց սկսած մօտ հինգ միլիմետրի չափով՝ ճեփ-ճերմակ, նա սեղմեց ծնոտս ու լպստեց: Լեզուն տաք էր. ժամանակն այլևս կանգ էր առել. այլևս ոչինչ կարևոր չէր: Այն junkie-ն, որ ես էի, վերջապէս, ստացաւ իր թմրաբաժինը:

– Որոշել եմ երեկոն ձեզ հետ լինել,- ասաց նա ինձ,- լինել ձեզ ընկերակցողը:

– Ինչո՞ւ էք այդ հաճոյքը ինձ պատճառում… Ինչո՞ւ ընտրեցիք ինձ:

– Դուք այստեղ նորեկ էք: Ուզում էի ծանօթանալ ձեզ հետ: Ո՞վ գիտէ՝ երբևէ նորէն կը հանդիպե՞նք, թէ ոչ:

– Մինչև հիմա ձեզ չէի հանդիպել: Ուրեմն, ինչո՞ւ պէտք է նորէն հանդիպենք:

– Այլևս այստեղ գալու մտադիր չէ՞ք:

Ամէն ինչ պարզ էր: «Բնականոն» աշխարհի մէջ, Պոտոյի և նրա նմանների աշխարհի մէջ, նոյնիսկ պարոն G-ի աշխարհի մէջ նմանօրինակ արարածներ չէին կարող գոյութիւն ունենալ: Նէթին հանդիպելու միակ ճամբան նորէն այստեղ գալն էր: և «ո՞վ գիտէ» արդեօք կը հանդիպե՞մ…

Բոլորս արդէն կենտրոնին գտնուող տան գոց դռների առաջ էինք. որտեղ ակնկալում էի տեսնել մասնատուած մարմնի մնացորդներ, արեան հետքեր և շնչել մահուան նեխած հոտը: Բայց երբ դռան փեղկերը յանկարծ բացուեցին, ամէն բան բնական էր այնպէս, ասես երբէք ոչինչ չէր եղել:

– Առա՜ջ,- ասաց Նէթը,- մինչև նրանց ներկայանալը մենք դեռ մի քիչ ժամանակ ունենք: Ճիշտ այնքան, որքան հարկաւոր է ախորժակ բանալու համար: Ծիածանի բոլոր գոյները կան: – և մենք բոլորս ներս մտանք: Կանայք ու տղամարդիկ արտաքնապէս իրար նման են, բայց այստեղ, այս պահին և քիմիական առումով, իրարից տարբերւում են: Ամէնից աւելի հէնց այդ էր ինձ աշխարհում դուր գալիս, որ ամենքը գիտեն թմրել: Ամէն ոք ուրիշներից տարբերւում էր այնքանով, որքանով կառուցում էր քիմիական իր միացութիւնները սեփական ուղեղի խորքերում: Մենք իրարից տարբեր էինք, քանի որ ամէնքս էլ թմրանիւթի ազդեցութեան տակ էինք:

– Կարծում եմ՝ շատ զգոյշ կը սկսեմ,- շարունակեց Նէթը:- Երևի թէ XTC6-ով: Դուք ի՞նչ կարծիքի էք:

– Փայլուն գաղափար է: Յետոյ էլ մի քիչ PCP7-ն ձեզ իսկական հաճոյք կը պատճառի:

– Համաձայն եմ… Գիշերը երկար է տևելու:

Նա սովորութիւն ունէր բառերը ձգել: Այսպէս՝ ե՜-ե՜-ե՜-ե՜-ե՜ր-կաաաաա՜ր:

Թէև ամուր սեղմուած էինք իրար, բայց նա կամ իրենից փոքր-ինչ հրելով և կամ աւելի սեղմելով՝ առաջնորդում էր ինձ: Սրահ մտնելով նա ամուր ինձ սեղմուեց և կրծքով խենթացնելու չափ մարմինս ճնշելով՝ տարաւ դէպի ձախ: Սեղանի վրայ էքսթազիի հաբեր կային: Երբ նա ինձնից պոկուեց, երբ այլևս չզգացի ինձ ամուր սեղմուած նրա մարմինը, համոզուեցի, որ վերջնականապէս կը դառնամ խելակորոյս մէկը: Նա շրջուեց ու դէմքով դարձաւ դէպի ինձ, և զուարթ ժպիտը թախիծով պատեց բոլոր զգայարաններս: Նրա նշաձև ու կանաչ աչքերի հայեացքը մխրճուել էր իմ մէջ, պրպտում էր իմ էութիւնը և գուշակում ցանկութիւններս: Նա թեքուեց սեղանին, երկու հաբ վերցրեց՝ «Բացէ՛ք ձեր բերանը»: Ես բերանս լայն բացեցի այն յոյսով, որ իմ ատամնաշարն էլ նոյնքան լաւն է, որքան և նրանը: Իր բիւրեղեայ ձայնով նա նորէն ծիծաղեց:

– Չէ՜, չեղաւ… Հանէք ձեր լեզուն:

Նոյն իր ձևով՝ չէ,  չեղա՜ա՜ա՜ա՜ա՜ա՜ա՜ւ, հանէք ձեր լե՜ե՜ե՜ե՜զուն: Ես հանեցի իմ լեզուն, և նա էլ իրենը հանեց: Սոսկ մէկ վայրկեան, նոյնիսկ շատ աւելի պակաս… բայց ինձ թուաց, թէ ինքնատիրապետման վերջին նշոյլն էլ կը կորցնեմ ու կը համբուրեմ նրան, կը խածնեմ նրա լեզուն, կը համբուրեմ կարմիր լինդերը, ծարաւած՝ կը խմեմ նրա թուքը: Ուրեմն, նա մի հաբը դրեց իր լեզուին և միւսը՝ իմ: Զգացի, թէ նրա եղունգները ինչպէս են կսմթում լեզուս, ու մտքովս անցաւ, որ իսկապէս թոյլ կը տամ ինձ ապտակել. որ կուզենայի ինձ ապտակէր: Լեզուիս դրուած հաբը piercing8-ի սովորական ու գրգռիչ իր զգացողութեամբ մղում էր գրկել նրա մարմինը, սեղմել ինձ, շոյել նրան, լիզել դէմքը, համտեսել մաշկը… Բայց զսպում էի ինձ: Պէտք է, պէտք է զսպէի ինձ… Այլապէս ամեն բան յօդս կը ցնդէր:

– Հիմա կլլէք:

Նրա «կլլէք»-ը պարունակում է բառիս բոլոր իմաստները: Այն հրամանն էր, որ սովորաբար տղամարդն է տալիս կնոջը: Բայց ես հանդուրժեցի և Նէթին ենթարկուելով՝ իսկոյն կուլ տուեցի հաբը: Ես տեսայ, թէ ինչպէս պրկուեցին նրա պարանոցի մկանները ճիշտ այն պահին, երբ լեզուն խցանեց շնչափողը, որպէսզի բացուած լինի կերակրափողը՝ ազատօրէն ընդունելու համար երջանկութեան հաբերը: Եթէ որկրամոլութիւնը եօթը հիմնական արատներից մէկն է, ապա բնախօսական արարչագործութիւնը արուեստի զօրութիւնն է: Մենք Բէհեղզեբուղ9 մոնթերը չենք, այլ նոր տեսակի արձանագործութեան առաջապահներ: Մեր Արուեստը ձևակերտւում է ոչ քարի, ոչ մարմարիոնի մէջ և ոչ էլ կաւով: Մեր Արուեստը ձևակերտւում է ուղղակի հոգու մէջ: Ուստի սխալուելու իրաւունք չունենք: Այլապէս կառուցուածքը հիմնովին կը փլուի: Անհրաժեշտ է արուեստագէտի ազնւութիւնն ունենալ՝ սեփական հոգիդ անվերջ ու անդադար և առանց հիմքերը խորտակելու հունցելու և նորէն հունցելու համար: Այս գործին խելակորոյս նուիրեալների մեծ մասը, սակայն, ազնւութեան նշոյլ իսկ չունենալով, սեփական հոգին փշրանքների տրոհելով՝ վերապրելու համար մնաց բնազդային ռեֆլեքսների աշխարհի մէջ: Որպէսզի սոսկ շնչի, ուտի, միզի և քաքի: Կեանք եմ ասել, հա՜…

Մենք անմիջապէս տրուեցինք մեր հոգիների արձանակերտութեան գործին: Երեկոն նոր էր սկսւում:

– Օ՜հ, որքա՜ն գեղեցիկ էք ձեր խոշորացած բիբերով,- Նէթն էր ասողը:

Նրա բիբերը նոյնպէս խոշորացած էին ու գեղեցիկ: և Նէթին տալիս էին բացառիկ հմայք:

և միակ բացասական յանգամանքն այն էր, որ այդ հմայքը առայժմ հասանելի չէր ինձ:

– Դուք՝ նոյնպէս… Ձեր քիմիական կատարելութիւնը երկրպագութեան ցանկութիւն է ծնում իմ մէջ: Դուք գիտէ՞ք, թէ ինչ է լինելու յետոյ:

– Յետո՞յ… Սպասելու ենք Ջութակահարին: Հաստատ նա հիմա զբաղուած է իր հոգին դարբնելով: Հապա նայէ՛ք… Մի՞թէ այս տիկինը հրաշք չէ:

– Իհարկէ, հրաշք է… Բայց դուք աւելին էք, Նէթ: Մօտիկից դուք նոյնքան լաւն էք, որքան և հեռուից… Շատ լաւը… Կատարեալ էք ձեր համաչափութեամբ: Խոստացէ՛ք, որ նորէն հանդիպելու ենք:

– Թմրադեղից դառնում էք շատ վայելուչ,- ծիծաղելով ասաց նա և մենապարուհու պէս պտտուեց ինքն իր շուրջը: – Մի քիչ էլ եթէ համբերէք, կը սկսուի մեսքալինի10  ազդեցութիւնը, և դուք ինձ ամուսնանալու առաջարկ կ՛անէք:

Այս կնոջից գոյութիւն ունէր միայն մէկ օրինակ:

Ջութակահարը յայտնուեց ինչպէս միշտ: Յամենայն դէպս, այդպէս մտածեցի, քանի որ նրան երկրորդ անգամ էի տեսնում բեմ ելնելիս: Դռները բացուելուն և մեքենաները վառուելուն պէս՝ բոլորս նետուեցինք դուրս: և այդ դուրսը մէկ ուրիշ դրսի ներսն էր… և այսպէս շարունակ: Բայց մինչև որտե՞ղ:

Նէթը ինչպէս միշտ աշխոյժ էր: Բայց քանի որ նրան նոր էի հանդիպել, թերևս շուտ էր եզրակացութիւններ անելու համար: Նա առաջ էր հրում ինձ և ինչ-որ իմաստով օգնում, որպէսզի յաղթահարեմ վախս:

Այս անգամ գիտէի, որ միաժամանակ լինելու եմ թէ՛ հանդիսական, և թէ դերակատար:

– Հաւատացէ՛ք, փառաւոր բան է լինելու:

Նէթն էր: և ի վերջոյ ուրիշ ո՞վ կարող էր լինել: Կրակ էր բոցկլտում նրա զմրուխտէ աչքերի մէջ: Կրակը ջերմացնում էր մաշկը՝ նրան հաղորդելով ոսկեզօծ գեղեցիկ երանգ: Գեղեցիկ, հաճելի, վայրի, հարթ, դեղին աւազագոյն: Ես նրան ամուր սեղմեցի կրծքիս. շատ էի ուզում, որ նա այնքան մօտ լինի, որպէսզի մեր հիւլեները միանան իրար: և իմ էլեկտրոնները հաճոյքով կը փոխանակէի նրա հետ:

Բոլորս կանգնած էինք գեղեցիկ մեքենաների դիմաց. իսկապէս բոլորն էլ ընտիր էին ու թանկարժէք: Ջութակահարը առաջինն ինքը կրակի տուեց, անտարակոյս, այսպէս թէ այնպէս պարահանդեսն սկսելու համար: Մի քանի զոյգ արդէն մօտեցել էին բաւականին հեշտասիրական շքեղ մեքենայի մօտ և վրան վառելիք էին շաղ տալիս. հաւանաբար՝ բենզին: Նրանց գործելակերպը բաւականին իւրահատուկ էր: Թրջում էին մեքենայի տարբեր մասերը միայն, մինչդեռ մնացեալը մնում էր չոր: Կրակի էին տալիս կամ բեռնախցիկը, կամ բեռնախցիկի մէջ. կրակի էին տալիս շարժիչը և կամ կրակ տալու գործն սկսում էին ուղևորների սրահից: Կրակն ստիպում էր դողդողալ դիմացի ապակուն, որ ի վերջոյ փշուր-փշուր լինելով` պոկւում էր շրջանակից, և ապակու իւրաքանչիւր բեկոր արտացոլում էր արուեստագէտի կրակախաղի դրուագներից մէկը:

Ջութակահարի յայտնութեանը հետևեց տնով մէկ տարածուող աղմուկն ու պայծառ լուսաւորութիւնը: Ես գիտէի, թէ յետոյ ինչ է լինելու: Քանի որ լինելիքը անխուսափելի էր: Ի դէպ, պէտք է որ բոլորը գիտենային: Բայց ամէն ոք զբաղուած էր ապակիների վրայ, անիւներին, բեռնախցիկի մէջ կամ ներսի բազմոցներին իր գերադասած ձևով վառելիք շաղ տալով: Նէթի ներկայութիւնը պէտք է որ քաջալերէր ինձ: Ի տարբերութիւն որևէ այլ կնոջ, որից շարունակ վախենում են, թէ գանգատներ են լսելու. օրինակ թէ` շատ շոգ է, կամ` շատ ցուրտ է, կամ` շատ կանուխ է, կամ` ուշ է, կամ՝ գնիր այսինչ բանը… Պահեր են լինում, որ ես կարկամում եմ: Ասենք, երբ յայտնագործեցի Նէթին, կամ երբ Ջութակահարը ցցուեց ճիշտ իմ դիմաց: Թմրանիւթի մեծ քանակութեան շնորհիւ նրա բաճկոնի վրայ հիւսուած ջութակների պատկերները կարող էին պարել, շարժուել, նուագել… և լսողութիւնը լարելու պարագային կարելի էր նոյնիսկ լսել այդ գրողի տարած ջութակին խիստ բնորոշ ճզվզոցը:

– Բարև, Նէթ… Այս երեկոյ տեսքդ հրաշալի է: Ինչպէս միշտ: Այս նոր յայտնուած Որսորդն ինչպէ՞ս է:

– Լաւ է: Քիմիական առումով ընդունակ է և հրաշալի քանդակող:

Խօսելիս նա աւելի ամուր էր ինձ սեղմւում: Ի՜նչ հրաշալի է, ինչքա՜ն քնքուշ, որքա՜ն գեղեցիկ զոյգ ենք…

Յետոյ ջութակահարը ինձ դարձաւ.

– Ասացէ՛ք, խնդրեմ… ի՞նչ է նշանակում «մարմնի ձևակերտը բացեց իր դռները»:

– Ենթադրում եմ, որ նշանակում է, թէ նրա բջջային կերտուածքի կատարելութիւնը այնպիսին է, որ մարդուն կարող է ընդունել խմբաւորումների մէջ,- ասում եմ վարանելով և բնազդաբար՝ թմրանիւթի թելադրանքով:

– Այո՛, բայց ես նկատի ունէի բառացի իմաստը: Նէթ,- շարունակեց նա,- մինչև պատասխանին սպասելը վատ չի լինի, եթէ պատրաստուի նրա գործիքը:

– Հասկանալի է,- պատասխանեց աղջիկը:

և ես կոնքիս վրայ իսկոյն զգացի, թէ ինչպէս է նուազում նրա ճնշումը, երբ ձեռքը քաշեց ու հեռացաւ՝ ինչ-որ գործիք որոնելու համար: Երբ հեռանում էր, նայեցի նրա ետևից. Նէթի երկար, պղնձակարմիր մազերը մանուշակագոյն երանգ էին ստացել վառուող տաչկաների11  լոյսերից: Ձիու պոչի պէս կապուած նրա մազերը պար էին գալիս քամու հետ՝ բացայայտելով ոսկեզօծուած պարանոցը: Ես նայում էի Նէթին, ապա նայում էի Պոտոյի խխունջին ու մտածում, թէ բնութիւնը ճիշտ որ արդար չէ բոլորի նկատմամբ. թէ բնութիւնը իրականում բնաւ էլ դեմոկրատ չէ: Ես կանգնած էի այդ ջահելի առջև, որ մինչև հիմա ինձ դեռ ոչինչ չէր սովորեցրել: Կանգնած էի այստեղ. և այստեղ նոյնիսկ թթուածինն էր տարբեր: Բայց փոքրիկ ձայնը, որ խօսում էր ինձ հետ ուղեղիս քիմիականօրէն ձևափոխուած պահերին, ասաց, որ շուտով ամէն բան կը կորչի գրողի ծոցը. և կը մնայ միայն Պոտոյի աուրան, որի համար եկել հասել էի այստեղ. և այդ աուրան կը պատկանի ինձ:

– Բաւական ժամանակ էր, որ չէի կարողանում հիւրերիս և ինձ կարգին ու խելքը գլխին զբաղեցնել: Ինչ-որ բան միշտ պակասում էր: Պակասում էր մեր իսկ վայրենութեան ըմբռնումը: Մենք աւարտել էինք մեր հոգիների ձևակերտումը գրեթէ բոլոր հնարաւոր ու աներևակայելի հնարաւորութիւններով: և յետոյ՝ ոչինչ… Ամբողջ օրը քունւում էինք. տղամարդիկ՝ կանանց հետ. կանայք՝ կանանց հետ. տղամարդիկ՝ տղամարդկանց հետ. երկու տղամարդ՝ մէկ կնոջ հետ… ինչևէ. բոլոր հնարաւոր տարբերակներով: Բայց դեռ որքան կարող էինք քունուել: Դեռ ինչքան ժամանակ կարող էինք թմրադեղ ընդունել:

Միօրինակութիւնն ինքն էր մեր հաւաքները դարձնում սովորական ու անիմաստ: Բայց մարդկային երևակայութիւնը շատ բաների է ընդունակ: Մենք բոլորս հակուել էինք իր ձևի մէջ միակ, վաղանցիկ, խառնիճաղանջ արուեստի կողմը: Մենք վառում էինք ամէն բան մինչև մեր խնայողութիւնները վառելուն հասնելը: Այդ էր միակ միջոցը՝ մեր ծարաւն ու կատաղութիւնը խաղաղեցնելու համար: Վա-ռե՛լ: Վառելու արուեստը շատ բարդ է: Այնպէս, ինչպէս շատ բարդ է աղջկան վառելը, նոյնքան և բարդ է տաչկաներ վառելը: Բոցերի մէջ պար եկող առարկաներ… Բայց դա էլ մեզ չէր բաւարարում: Մեր ամենամեծ դժբախտութիւնը մի բանով բաւարարուելու անկարողութիւնն էր: Ուզում էինք աւելին և աւելի ու աւելի շատ: և որքան ուզում, նոյնքան էլ կորցնում էինք: Բայց ահա մի օր էլ, երբ ողորմելի մի բարում բոլորս նստած ինքներս մէզ էինք նայում, թէ ինչպէս ենք ամփեթամինով12  լեցուն մեր գլուխները թաղում, մեզ մօտեցան մի խումբ մամայի բալաներ: Աներևակայելի բան էր մօտենալն ու հէնց մեր սեղանի առաջ մեզ անհանգստացնելը: Նրանք որոնում էին իրենց հիմար երաժշտութիւնը նուագելու մի տեղ: Առիթներն հաճախ իրենք իրենց են ներկայանում: Շարունակութիւնը քաջ յայտնի է: Օրուայ ընթացքին սա արդէն երրորդ դէպքն էր: Նրանց մէջ ոմանք նոյնպէս աուրայի հաւաքածոներով էին զբաղուած: Բաւական ժամանակ է, որ իրենց գիշերները նրանք այստեղ են անցկացնում: Սքանչելի պատմութիւն է, չէ՞:

Չգիտէի, թէ ինչ պատասխանեմ: Ճիշտն ասած, այս ամէնը ինձ այնքան էլ չէր հետաքրքրում: և աւելի ու աւելի էի մխրճւում աներևակայելի կեղտի մէջ:

– Այո՛, շատ հետաքրքիր է,- ճարահատեալ պատասխանեցի, քանի որ պիտի գոնէ մի բան ասած լինէի:

– Միայն մարմնական ձևակերտը13  չէ, որ դռներ է բացում: Նոյն բանն ընդունակ են անել նաև անունները: Հէնց այս է, որի կարիքն ունենք յաջողութեան հաւակնելու համար: Ես յաջողութեան եմ հասել իմ ջութակով: Ուրիշներն էլ այլ կերպ են հասնում յաջողութեան: Բայց հազուադէպ: Սակայն այս երկու ձևակերտերը, որ կարելի է հասկանալ նաև իբրև դզող-քանդող, դռները կը բանան:

Յետոյ սպասեցինք Նէթին: Նրա ներկայութիւնը շնորհաբերութիւն էր: Յամենայն դէպս՝ ինձ համար: Չեմ կարող ասել, թէ Ջութակահարը իր կեանքի ընթացքին քանի անգամ կարող էր հանդիպած լինել նրա նման մի արարչագործութեան: Ինձ համար նա առաջինն էր, ինչպէս արդէն ասել եմ քիչ առաջ: Մենք մի փոքրիկ պտոյտ կատարեցինք և առիթից օգտուելով՝ Ջութակահարը ինձ ներկայացրեց մի քանի` մէկը միւսից գեղեցիկ աստուածային էակների: Բայց, այնուհանդերձ, ես գերադասում էի Նէթին, քանի որ նրա պղնձակարմիր մազերը շոյում էին աչքերս: Տնից լսւում էին ոռնոցներ ու ճիչեր, և լոյսի շողերը գալիս փռւում էին լաւ խնամուած մարգագետնին:

– Այն, ինչ տեղի է ունենում ներսը՝ այնքան էլ գեղեցիկ չէ,- զգուշացրեց Ջութակահարը: – Ականջ դիր… լսո՞ւմ ես, թէ ինչ այլանդակ երաժշտութիւն է: Մամայի բալաները բոլորովին չգիտէն, թէ ինչ բան է իսկական երաժշտութիւնը: Իրենց կեանքում երբէք չեն տեսել իսկական երաժշտութիւն: և ոչինչ անել չգիտեն: Անկիրթ են ու դեբիլ: և դրանց տեսքին նայիր: Դրանց հե՛րն եմ անիծել… Լսում են, քանի որ չգիտեն, թէ լսածներն ինչ է: Այս անտաղանդները օգտւում են իրենց ունկնդիրների տգիտութիւնից, որպէսզի կարողանան ոտքի կանգնել և մի քիչ էլ ճանաչուել: Նոյնիսկ թմրանիւթեր ընդունելու նրանց ձևն է վտանգաւոր: Իրար են խառնում ամէն բան, ինչ շարժւում է և այն, ինչը կարելի է ուտել: Դրանց ուղեղը փոքրանում ու դառնում է քաղցկեղածին բջիջների կոյտ: Աղքատի երաժշտութիւն է, բայց ո՛չ թէ փող չունեցող աղքատի:

– Բայց բոլորս չենք կարող հարուստ լինել:

– Նրանք իրենց մէջ եղածն են դուրս հանում… Իրենց հոգու պատկերը: և նայիր, թէ որքան կեղտոտ է նրանց հոգին: Երաժշտութիւնը ներքին զգացմունքների ու յուզումների դրսևորումն է: Երբ հոգին փտած է, ապա բնաւ դժուար չէ կռահել, թէ ինչու է այդ հոգուց դուրս ելնող երաժշտութիւնից քաքի հոտ գալիս: Նրանք կարծում են, թէ երաժշտութիւնը խաղ է… և ոչ թէ աշխատում են, այլ զուարճանում են այդ խաղով: Հէնց այդ պատճառով էլ ամէն բան, ինչ որ անում են՝ քաք է: Նրանք հաւատում են, թէ ստեղծում են նոր երաժշտութիւն: Պոռնիկներ են: Պատրաստ են առէջքս ծծել, միայն թէ նուագելու հնարաւորութիւն տամ իրենց: Նրանց ուզածը սեքսն է, թմրանիւթը ու մէկ էլ ձայներ բաց թողնելը: և ուրիշ ոչինչ: Սեքս, թմրանիւթ, բառաչիւն… Նախնական բնազդներ… Որպիսիք առաւել հին ժողովուրդները վաղուց արել ու անցել են: Նրանք չեն ուզում առաջանալ. չեն ուզում ստեղծել աւելին: Ուզում են մնալ նախնադարեան իրենց այս վիճակի մէջ, ինչը կատարելապէս համապատասխան է իրենց փտած հոգուն: Հապա նայի՛ր… Տես ի՜նչ երջանիկ են, որ այստեղ են, բեմի վրայ և վերջապէս զգում են, թէ գոյութիւն ունեն: Սրանց լսողներն էլ հոգի ունեն, իհարկէ… բայց նոյնքան նողկալի: Այլապէս չէին լսի: Նայի՛ր, այդ ցնորուած ֆանատներին: Չես գտնի ոչ մի իւրայատուկ միտք, չկայ ոչ մի անհատականութիւն, չկայ ոչ մի անուն: Նրանք դարձել են անանուն… Ժամից աւելի է՝ նոյն հանկերգն են աղաղակում առանց հոգնելու և ձանձրանալու… Ֆանատիկոսներ են մինչև արեան վերջին կաթիլը… Մինչև վերջին սուպերքուղը14: Ուղղակի մինչև հոգու խորքը: Բայց ամէնից աւելի նրանք սիրում են ծամել իրենց կուռքերից ծնուած փոշին… Ի՞նչ կարծիքի ես այս ամէնով մի լաւ հաւաքածոյ ունենալու մասին:

– Գարշելի է,- ասացի ես:

– Նրանց կեանքը այսպէս է սարքուած… Ոմանք այդ միակ միջոցն ունեն իրենց սիրուած զգալու համար: Նրանք զուրկ են մտերիմի ինքնաբուխ և անթաքոյց սիրուց: Հետևաբար իրենց սիրուած զգալու համար կարօտ են անծանօթների սիրոյն: Իսկական պոռնիկներ, որ պատրաստ են քունուելու ամէն պատահածի հետ:

Նա դառնում էր արդէն չափից դուրս ջղագրգիռ: Պատրաստ էր մարմինն ու հոգին տալու՝ միայն թէ կարողանար հիմնայատակ խորտակել պոռնիկների այս որջը, որի կաւատը հէնց ինքն էր:

– Ի դէպ, Նէթն ինչպէ՞ս է: Ես այն դաժան կարծիքին եմ, որ այնքան էլ քո ճաշակով չէ: Չլինի՞ թէ կանանց նկատմամբ անտարբեր ես:

– Չէ՛… Սխալ տպաւորութիւն ունես: Ես… Չէ՛…  Ես նրան շատ եմ հաւանում… Ես… ո՜ւֆ… ձեռք քաշիր ինձնից…

– Ես մի բան չեմ հասկանում:

– Մի բա՞ն:

– Այո՛, հէնց մի բան…

Հաճախ դժուարանում ես հստակ մի բան ասել: Բայց խօսելն անհրաժեշտ է. խօսելը մի պայման է, որ բնաւ չէնք կարող խախտել: Ջութակահարի տեսածը սոսկ ինչ-որ մէկի պատկերն էր, որին փաթաթուել էին շատ ընդունակ մի աղջկայ համաչափ բազուկները. մէկը, որ չէր ենթարկւում սատանայի գայթակղութեան. կամ, աւելի ճիշտ, չէր ենթարկւում նեարդային այն ուղերձներին, որպիսիք ուղարկում էր սեփական ամորձիքը՝ արեգակին ուղղուած և բետոնի պէս կարծրացած խողովակին: Ուստի որոշեցի միացնել լապտերը և նրա վրայ լոյսի որոշակի քանակութիւն ուղարկել, որպէսզի պայծառանայ նրա ուղեղի այն հատուածը, որ ոչ մի թմրանիւթ լուսաւորել չէր կարող:

– Ճիշտը որ ասեմ, այդ աղջկայ հետ այնքան էլ անվրդով չեմ կարողանում խօսել:

– Ինչո՞ւ: Չլինի՞ վախենում ես:

– Չէ… Խնդիրն ուրիշ է… Հը՜մ… Բանն այն է, որ… որ ուզում եմ քունել նրան:

Այսքանն ասելը շատ դժուար էր, գրեթէ անհնարին, այնուհանդերձ, յաջողուեց ասել:

Թերևս ինչ-որ բանի օգնութեամբ… ի վերջոյ, հաստատ որ ուղեղիս քիմիական կերպարանաւորման շնորհիւ: Այն չնչին քաջութիւնը, որ անհրաժեշտ էր այսքանն ասելու համար, ստացել էի էքստազիից15: և ես շնորհակալ եմ դրա համար:

– Ուզում եմ ասել… այնքան գեղեցիկ է, որ չգիտեմ, թէ ինչ ասեմ, բայց շատ լաւ գիտեմ, թէ ինչ պէտք է անեմ:

– Այո՛, լաւ եմ հասկանում քեզ,- ասաց նա: – Հաւանաբար շատ ճիշտ վերաբերմունք է: Եթէ մինչև այստեղ գալը սիրտ ունեցել ես, ապա հիմա քո սիրտը անյուսօրէն փշրուել է: Բայց դա լաւ է: Անելու համար այն, ինչ ուզում ես անել՝ բնաւ սիրտ ունենալու կարիք չկայ: Ի՜նչ հրաշալի գիշեր է: Տե՛ս, թէ ինչպէս են վառվում մեքենաները… որպիսի երջանկութեամբ և ուրախութեամբ…

Մենք նայեցինք այն (նրա՞) վառուող տաչկաներին: Անիւները հալւում էին պանիրի կամ կարագի նման… ինչպէս կ՛ուզէք նմանեցրէք:

Ներկը պարաֆինի պէս հոսում էր մարգագետնի վրայ՝ շպարից մաքրելով մեքենան: Այդ ամէնը նման էր չափից դուրս շպարուած և լացող աղջկա, որի դէմքի վրայ հոսող արցունքների հետքերն են մնում՝ մաքրելով ներկի հաստ շերտը: Չգիտեմ, թէ որքան ժամանակ այսպէս ինքնամփոփ, գետնին նստած, նայում էի տուն կոչուող խոշոր այդ տուփին, որտեղից դիւային աղմուկ էր վիժում. յետոյ այդ տաչկաներին, որոնք բոցերի մէջ ճարճատում էին. և ապա տղամարդկանց հետ գրկախառնուած աղջիկներին՝ երկարաճիտ կոշիկներ ունէին, նաև հետոյքներ, ծծեր, օծանելիքով ցողուած պարանոցներ, դէպի յետ ձգուած մազերի ձիու պոչեր. որոնք թեթևօրէն շոյում էին նրանց ուսերը: Չգիտեմ, թէ որքան ժամանակ կը լինէր, որ Ջութակահարը ցւրուել էր: Լինելով չափազանց բարեխիղճ, նա գիտէր, որ պէտք է գոհացնի իր հիւրերին: Նրանց, որոնց հետ եկած աղջիկներին դեռ երէկ գլխատում էր, կտրատում և խոշտանգում էր, մինչ ես մի հրաշքի հետ բնութեան օրէնքներով արգելուած գործողութիւն էի կատարում ոչ թէ սերնդագործութեան նպատակով, այլ սեփական ուժի զգացողութեան հաճելի պահեր ապրելու համար: Լաւագոյն առիթն էր, որպէսզի ինքս ինձ ապացուցեմ, թէ ես ՆԱ եմ՝ ով եմ և ունեմ ԱՅՆ, ինչ ունեմ:

Իմ ետև անսպասելի յայտնուելով՝ նա փութաջանօրէն ինձ իր գիրկն առաւ երկու ձեռքերով. ձեռքեր, որ քառակուսի եղունգներով երկար մատներ ունէին, և ես պատկերացրեցի, թէ այդ մատները ինչպէս են ամուր, շատ ամուր սեղմում ուժի իմ խորհրդանիշը. ինչպէս են խաղում նրա հետ՝ ետ ու առաջ շարժելով մաշկը, և նոյնիսկ վերցնում բերանով՝ անսահման մի հաճոյք վայելելով, երբ իմ այդ ուժը անակնկալօրէն իրեն դրսևորում է ազատագրող հոգեվարքի երկար ու ձիգ ոռնոցի մէջ…

– Hello, դու ինձ չե՞ս կարօտել:

Նա ինձ ժպտաց՝ ցուցադրելով իր ճերմակ, մարգարտաշար ատամները, որոնք, անշուշտ, կմախքի փոքրիկ մասնիկներն էին: Այդ ատամներին հպուելը նշանակում էր մխրճուել նրա խորխորատների մէջ, որոնք նրան դարձնում են այն, ինչ հէնց ինքն էր: Այս իսկական բորդելը լեզուս կապ էր գցել, և արգելակուել էին խօսելու բոլոր հնարաւորութիւններս: Իմ բանականութիւնը սեղմուել, կուչ էր եկել՝ այլևս հրաժարուելով շփուել արտաքին աշխարհի հետ, ձգտելով միանալ նրա ոգեղենութեան:

– Ես… զրուցում էի… Ջութակահարի հետ… Խօսում էինք մեր կայֆից… Ուրիշ բաներից էլ էինք զրուցում…

– Սա՝ քեզ համար: – և նա իր երկարաճիտ կօշիկով արքայաբար մի փոքրիկ տուփ հրեց իմ կողմը:

Իմ հայեացքը, մինչև վերոյիշեալ տուփին հառելս, անցաւ նրա ամբողջ Էութեամբ: Նրա պղնձակարմիր ետ սանրած մազերից երկու փունջ իջնում էին սքանչելի ճակատից, որպէսզի մինչև ծնոտն հասնելը դառնային երկու խոշոր փակագիծ ու դէմքը մեկուսացնէին այս խառնակ աշխարհի ենթակայութիւնից: Մազերից մինչև գրգիռներ հաղորդելու նպատակով տաբատի մէջ միտումնաւոր ամփոփուած ոտքերը, երկարաճիտ և բարձրակրունկ սև կօշիկները, որոնք պարփակում էին նրա սեղմիրանի զտիչի միջով անցնող պիրկ մկանները կոկուած16   էին, ծծերը՝ ցցուած, ձիգ թիկունքի փոսիկը, փիրսինգի համար ծակած պորտը, պիրկ որովայնը…

– Սա ի՞նչ բան է…

Ինձ չյաջողուեց հայեացքս շեղել: Պահը շատ հարմար էր. և ես չէի կարող ինձ թոյլ տալ ձևանալու, թէ նայում եմ տուփին այն դէպքում, երբ աչքերս տեսնում էին միայն ու միայն նրա ոտքերը: Չնաշխարհիկ ոտքերը… Շատ կ՛ուզէի ուրիշ տեղ նայել. հէնց օրինակ նրա ծծերին: Բայց նա իսկոյն կը մտածեր, թէ ընդունակ եմ աչքերով էլ սէր անել: Բայց ես չէի ուզենայ, որ նա նման կռահում ունենար: Յետոյ մտածեցի, թէ գուցէ հէնց այդ էլ ուզում է: Շատ է ուզում, որ ես իրեն մերկացնեմ իմ աչքերով, լիզեմ մաշկը իմ երկու ակնախնձորներով. որ մխրճուեմ նրա մէջ ու իմ աչքերի երկար նեարդերով հասնեմ անյատակ խորխորատներին. որ ժայթքեմ ու ողողեմ նրան ակնախնձորներիս ամբողջ պարունակութեամբ: Բայց կասկածներս շատ աւելի էին, որպէսզի այդ ամէնը անելու համարձակութիւն ունենայի: Մի անգամ արուած հիմարութիւնն իսկ միանգամայն բաւական էր, որպէսզի մէկընդմիշտ կորցնեմ սիրտս այսպէս փշրողին:

– Սա դզող-քանդող  է: Մի քիչ աւելի ուշ հարկաւոր կը լինի:

– Որքա՞ն ուշ:

– Աւելի ուշ:

Ես նստած էի. և նա կանգնած էր իմ դիմաց: Վարից վեր նայելիս նրա հասակը դառնում էր աւելի քան երկար՝ նրան նոյնքան աւելի էլ ցանկալի դարձնելով: Յետոյ նա պպզեց, և մէր դէմքերը իրար հանդիպեցին: Տիտանական ջանքեր էին անհրաժեշտ իմ էրեկցիան թաքցնելու համար, երբ մօտիկից տեսայ սև մատիտով ներկած նրա կանաչ աչքերի խորութիւնը, բերանը և փայլող շրթունքները… Յատկապէս որ նրա պպզած վիճակն էլ ինքնին սադրող էր. ազդրերը իրարից բաւականին հեռու էին, իսկ ձեռքերը կախուած էին ազդրերի միջև՝ արգելք հանդիսանալով անսահման ցանկասիրութիւն առաջացնող նրա ճեղքը տեսնելու համար: Ես թախիծով մտածեցի, թէ քանի-քանի հոգի՝ տղամարդիկ կամ կանայք, հնարաւորութիւն են ունեցել բոլորովին մերկ տեսնելու այս կնոջը: Ո՞վ է կարողացել ունենալ նրան: Կեանքիս մէջ առաջին անգամ աշխարհի նկատմամբ խանդ ծնուեց իմ մէջ: Իմ մէջ ցկեանս ինչ-որ բանի տիրանալու հստակ մի փափագ ծնուեց:

– Որտե՞ղ էիք մինչև հիմա:

– Գնացել էի դզող-քանդողի յետևից:

– Դրանից առա՞ջ:

– Ձեզ հետ:

– Իսկ դրանից էլ առա՞ջ:

– Ձեր դռան տակին:

Պատկերը գարշելի էր: Գարշելի էր, քանի որ դռան տակին ինձ սպասող մի պոռնիկի պատկերացրի. մի պոռնիկի, որ համբերութեամբ սպասում էր դուռը բանալուս և ներս առնելուս, որպէսզի անի այն, ինչի համար եկել է. որպէսզի յետոյ վճարեմ նրան. որպէսզի հեռանայ՝ թղթադրամները ափի մէջ ամուր բռնած. որպէսզի ուտելու հնարաւորութիւն ունենայ: Շատ ծանր մասնագիտութիւն է: Իսկ եթէ նա էլ այն աղջիկներից է, ովքեր այդ նոյն ծանր մասնագիտութեա՞մբ են ապրում: Իսկ եթէ տռզած խոզերն արդէն բանեցրե՞լ են նրան… Արդեօք հնարաւո՞ր էր, որ պիղծ ու լպիրշ ինչ-որ տականքներ բանեցրել են այսքան քնքոյշ ու մաքուր աղջկայ: Ուզեցի լաց լինել:

– Իսկ աւելի ու աւելի առա՞ջ: Մինչև իմ դռան տակին յայտնուե՞լդ, մինչև ինձ հանդիպե՞լդ, մինչև միասին դզող-քանդողի որոնելու գնա՞լը… Որտե՞ղ էիք:

– Յամենայն դէպս ո՛չ ձեզ հետ… Ահաւասիկ, Ջութակահարը…

Խոստովանում եմ, որ պարտութիւնս անսահման էր: Իմ այս պարտութիւնը ո՛չ անուն ունէր, ո՛չ որևէ աստիճան և ո՛չ էլ գրանցման թիւ:

Ջութակահարը, այդ հրաշալի բոզի տղան, իր ողորմելի յայտնութեամբ եկաւ մեր հրաշք զրոյցը ընդհատելու և պատմելու համար ամէն ինչ ու ամէն բան, բայց աւելի շատ ամէն բան, քան ամէն ինչ:

– Տեսնում եմ, որ Նէթն արդէն վերադարձել է,- նա, այդ սրիկան, իսկապէս որ լաւ էր տեսնում: – Ուրեմն կարող ենք սկսել: Հիմա կը տեսնենք, թէ ինչ է լինելու: Վերցրու սրանք… սրանք և սրանք նոյնպէս…,- նա ինձ պարզեց մի սուսեր և լաւ նստեցրած խլացուցիչով մի սև, սառն ու ծանր հրազէն՝ իր երկու փամփշտակալներով: Բոլոր յանցագործ խմբերի պարագլուխների մոլագարութիւնը հակառակորդ խմբին հակահարուած տալու պատրաստակամութիւնն է: Ես վախեցայ և ինքս ինձ քաջալերելու համար փորձեցի երևոյթին հումորով վերաբերել: Բայց ոչինչ էլ չկարողացայ:

– Ատրճանակ… Գեղեցիկ իր է, շատ գեղեցիկ: Իսկապէս արժանի է վստահութեան: Այստեղ ապահովիչն է… Սա փակաղակը քաշելու համար է… Ահա փամփշտակալը, որտեղ ինը միլիմետրանոց տասնհինգ գնդակներից առաջինն է փողի մէջ մղում,- այս ամէնը բացատրելով՝ նա ինձ սովորեցնում էր, թէ ինչպէս պէտք է գործածել զէնքը: – Սուսերի համար փամփուշտների կարիք չունես,- այս խօսքի վրա Նէթը ժպտաց: Երկուսով նրանք ծաղրում էին ինձ: – Մեր սիրելի բարեկամուհի Նէթի ձեռք բերած արկղի մէջ դզող-քանդող կայ: Նէ՛թ, ցոյց տուր որ տեսնի:

Նէթը կռացաւ, և նրա մազերը քամու տակ ծածանուեցին: Նա ինձ մի գորշ ու արտաքնապէս փափուկ կաւ յիշեցնող զանգուած տուեց: Այդ դզող-քանդողի գոյնը գրեթէ նրա մաշկի գոյնն ունէր: Նէթը ժպտաց՝ ցուցադրելով իր այտերի փոսիկներն ու ճերմակ ատամնաշարը: Բջիջների կոյտերը, որոնք իրար միանալով իրենց ազատութիւն էին տուել դառնալու գեղարուեստական սադրող ձևակերտութիւն:

Հետևանքը եղաւ իմ կեանքի այն իրադարձութիւններից մէկը, որն ամէն ոք առնուազն պէտք է ապրած լինի. այլապէս մեր գոյութիւնը պատրանք է: Ես արդէն ծնուել էի, ես արդէն քունել էի, բայց աւելին՝ ոչինչ: Ես գոյութիւն չունէի: Ջութակահարի հետ և, վերջապէս, գոյութիւն կունենայի:

«Դզող-քանդողը նրա դիմաց դռները բացեց» արտայայտութիւնը Ջութակահարի համար բոլորովին այլ իմաստ ունէր: Նրա ձեռնարկած խաղի մէջ ես հիմա աւելի յստակ էի այդ տեսնում: Եթէ կարելի է այսպէս արտայայտուել, ապա մուտքը լինելու է բաւականին աղմկոտ:

Իսկապէս որ ինձ չէի զգում մարդասպանի հոգի ունեցող մէկը: Ամբողջ կեանքիս ընթացքին հաստատ որ մէկնումէկին սպանելու մտադրութիւն չեմ ունեցել: և սա այն եզակի բաներից մէկն էր, որ երբևէ չէի ծրագրել, զի չէի ունեցել նման անհրաժեշտութիւն: Ես տառապում էի Նէթի առաջ իմ արժանապատւութիւնը կորցնելու մտքից: Սակայն հարկաւոր էր ինչ-որ բան անել, եթէ նոյնիսկ վստահ էի, թէ դա բացարձակապէս հնարաւոր չէ: Այս պարագան իրերի դրութեան տրամաբանական շարունակութիւնն էր: Անշուշտ, նկատի ունեմ մաթեմատիկական տրամաբանութիւնը:

– Բայց, իսկապէս, շատ դաժան բան է… Այս մարդիկ…,- յոյս ունէի ներգործել Նէթի դիւրզգայնութեան վրայ: Իմ կենսափորձի շնորհիւ գիտական ճշգրտութեամբ արդէն գիտէի, թէ ինչպէս է գործում կանացի ուղեղը. և դա փաստուած էր թէ՛ քիմիական, թէ՛ վիճակագրական առումով: Կնոջ ուղեղը իր նկատմամբ կատարուած չարիքը ներում է և նոյնիսկ կարեկցելու է հակուած, երբ չարագործին պատժում են: Ուզում էի այս յանգամանքը օգտագործելով՝ Նէթի ուղեղին ստիպել կարեկցելու այն ոռի ծակերին, որ հիացած դիտում էին, թէ ինչպէս են չորս ստահակ գերագոյն գոհունակութեամբ միզում՝ առանց նոյնիսկ հասկանալու, թէ ինչ ապիկարութիւն են անում: Բայց ես մոռացել էի, որ Նէթը բնաւ նման չէր միւսներին. որ նա ոչ մի վիճակագրութեան ենթակայ չէր: և յանկարծ այդ վիժուածք Ջութակահարն ասաց.

– Հէ՛յ, եկել ես սովորելո՞ւ, թէ ոչ…

– Իհարկէ, բայց…

– Ուրեմն, քեզ ի՞նչ եղաւ… Չլինի՞ դժգոհ ես… Ես նրանց հնարաւորութիւն եմ տալիս, որպէսզի, վերջապէս, գոնէ իրենք իրենց հետաքրքիր դառնան: Ինչ-որ բանի պիտանի լինեն… Ես պատրաստւում եմ նրանց արտակարգ փորձութեան ենթարկել: Մի՞թէ լաւ մարդ չեմ:

– Հանգիստ մնա. նրա համար առաջին անգամն է,- Նէթի խօսքերը ինձ գամեցին կանգնած տեղս: Ապուշի մէկը. ինչպէ՞ս կարողացայ ինձ ծիծաղելի վիճակի մէջ նետել և այն էլ Նէթի առաջ: Ակներև է, որ նրա ուղեղը բնաւ չի գործում վիճակագրական և գիտական բնականոն սկզբունքներով: Չգիտեմ, թէ ինչպիսի կանանց հետ են կատարել այդ փորձարկումները, բայց ամենայն հաւանականութեամբ փորձարկուող կանայք բնաւ էլ նորմալ չեն եղել: Այսպիսով, մէկ անգամ ևս կորցրի իմ հաւատը գիտութեան նկատմամբ, որ իր տեսութիւնները ապացուցելու համար կամաւոր խևերին է օգտագործում:

– Ես ատում եմ այդ խև մարդկանց,- ասում եմ ես: – և ընդհանրապէս թքած ունեմ դրանց վրայ:

– Ա՛յ տղայ… Երբէք չի կարելի մարդկանց ատել, նրանց հարկաւոր է խղճալ:

Ջութակահարը մտքերի փոխանակութեանը վերջնական շեշտ դնելու ընդունակութիւն ունէր:

Ուզում էի հակաճառել նրան՝ մէջբերելով այն տեսութիւնը, որի համաձայն այդպէս վարւում են կանայք: Բայց միտքս փոխեցի: Ջութակահարը ստեղծագործելիս կամ աշակերտին խրատելիս իսկապէս որ կորցնում էր հումորի զգացումը: Նա բնաւ իրար չէր խառնում գործն ու հաճոյքը: Անշուշտ, նա մեծութիւն էր: Բայց ամէնից դժուարը նրան հասկանալն էր:

Շատ պարզ էր օգտագործելը: Պայթուցիկը դիւրին կիրառութիւն ունէր: RDX17  քառակուսին բաժանեցի փոքրիկ, գրեթէ հաւասար մասերի: Աւելորդ բծախնդրութիւն պէտք չէր… Պայթուցիկը տեղադրեցի մուտքի դռան երկու փեղկերի ծխնիների վրայ. ուրախութեան աւելի ու աւելի սաստկացող ձայները աւետում էին զեխութեան սկիզբը, ինչն աւարտուելու էր արեան բաղնիսով: Սեղմեցի դետոնատորին միացուած Էլեկտրոդները. դետոնատորը միացուած էր հեռադասիչին և սա էլ իր հերթին միացած էր ձեռքիս: Այս գործը նոյնքան դիւրին էր, ինչպէս ալեփոխիչով հեռատեսիլի մուռտառ ալիքները փոփոխելը:

Ես չգիտէի, թէ իրենց տեղերում հանգիստ մոխրացող մեքենաները ինչ նիւթից էին պատրաստուած: Բայց նրանք վառւում էին արդէն երկար ժամանակ, իսկ բոցերի ուժգնութիւնն էլ չէր նուազում: Հիմա բոլորը զինուած էին: Դարձել էին իսկական հարուածային ուժ: Սքանչելի էր. զէնքերը համապատասխանում էին ջութակազարդ հագուստներին և նոյնիսկ կանանց գայթակղիչ զգեստներին: Նրանք՝ տղամարդ-կին, տղամարդ-կին՝ բոլորն էլ դռան մօտ զգաստ կանգնած սպասում էին, թէ երբ եմ փոխելու ալիքը՝ հրազէնի շնիկը սեղմելով: Բայց ես չէի ուզում այդ անել: Ճիշտ է, չէի սիրում գիշերային բարեր հաճախող մարդկանց, բայց բնաւ չէի ուզում նրանց մահուան մեղքի տակ ընկնել: Ջութակահարը քովս կանգնած համբերութեամբ սպասում էր, թէ երբ կը թնդայ պայթիւնը: Նա մի աղջկայ հետ էր, որ բնաւ չէր տարբերւում միւս հիւրերից: Ես առաջին անգամ էի նրան տեսնում մի կնոջ ուղեկցութեամբ, որին դեռ չէր ներկայացրել ինձ: Նէթը իմ աջ կողմն էր ու այնպէս էր հենուել կոնքիս, որ նմանուել էինք մեր բեմելին սպասող բալետային զոյգի:

Եթէ գործի դնէի դզող-քանդողը, ապա միայն ու միայն Նէթի առաջ արժանապատուութիւնս չկորցնելու համար: Այլապէս ես ապրելու էի կեանքիս մէջ ամէնից նուաստացնող պահը:

Յանուն Նէթի ես ընդունակ էի գործել աշխարհի մէջ ամենասոսկալի արարքները: Յանուն սիրոյ, անշուշտ, կարող ենք շատ բան անել, բայց ընդունակ ենք անել աւելին՝ այդ սիրոյն արժանանալու համար: Հէնց այստեղ էլ ամէն բան դառնում է խիստ վտանգաւոր: Նէթին հաճոյանալու համար ամէն բան կ՛անէի:

Ու ես սեղմեցի խոշոր կոճակը: Պայթիւնը սոսկալի էր: RDX-ը բռնկեց: Սկսուեց հրդեհը: և պատկերը անշարժացաւ: Կրակը պապանձուեց: Քարացան նոյնիսկ ծառերի տերևները: Ամէն բան շրջուեց տակնիվեր: Չգիտեմ, թէ ինչ միստիք երևոյթի շնորհիւ կարողացայ լքել մարմինս և տնով մէկ կայծակնային արագութեամբ սլանալով՝ դռնից դուրս սուրացի: Ես տեսնում էի արկղի ներսը կատարուող անցուդարձի քլիշէն: Մարդիկ ճչում էին լայն բացուած բերաններով, և նրանց լեզուները դուրս էին կախուել: Աղջիկները ի ցոյց էին դրել դէպի բեմը ուղղուած պտուկներով իրենց ծծերը: Ոմանք ցոփ ու հեշտասէր շարժմունքով սեղմւում էին այն ամէնին, ինչը շարժւում էր: Այս ամէնը անուղեղ թրթուրների խլրտացող ու թանձր շիլա էր, աչքեր, որոնց մէջ արիւն էր սրսկուած. և արիւնը, որ սրսկուած էր թմրանիւթով, նորէն վերադառնում էր դէպի ուղեղ: Խխունջները իրենց մարգագետինը թողած՝ եկել էին զուգաւորուելու մի այնպիսի տեղ, որ նախատեսուած չէր այդ նպատակի համար:

և այսպէս պտտուելով ջրափոսի վրայ և չիմանալով, թէ ինչպէս վերադառնամ մարմնիս մէջ, ես ուշադիր դիտում էի: Ինձ յաջողւում էր տեսնել մեքենաները, Ջութակահարի բարեկամներին, և բոլորն էլ սառել մնացել էին իրենց կամքին հակառակ ու սպասողական վիճակում: Յետոյ հայեացքս դառնում է դէպի բեմը: Իմ այս դիրքից բեմին նայելիս՝ այն մի շատ տարօրինակ, իւրայատուկ իմաստ էր ստանում: Բեմը դարձել էր երջանկութեան նպատակ, որ յայտնուել էր մի խումբ փոքրիկ-փոքրիկ մարդկանց միջև. և այդ նպատակին հասնելու համար նրանք հրմշտում էին իրար, հարուածներ էին տեղում իրար վրայ ու նաև տրորւում էին ոտքերի տակ: և այդ ամէնը՝ ընտրուելու բարեբաստիկ մի հնարաւորութիւն ունենալու համար, որպէսզի կարողանան բեմ բարձրանալ, այսպէս ասած՝ ինչ-որ ձևով «մտնել» բեմի մէջ: Այսպէս ոտնատակ ընկած՝ նրանք տրորւում էին այն յոյսով, թէ դառնալու են բեմի հետ միաձուլուելու եզակի ընտրեալ: Այնուհետև բացուելու էր մի նոր աշխարհ: Մի աշխարհ, յանուն որի արժէր վտանգի ենթարկել միակ կեանքը, տիրանալու համար ինչ-որ վաղանցուկ երևոյթի, բայց նաև ի վերջոյ հասկանալու, որ այն սպասուածից աւելի իմաստազուրկ էր: Նրանցից մէկը, անկասկած հէնց նա, ով փորձում էր երգել խխունջների նկատմամբ ունեցած իր անաղարտ սիրոյ մասին, խխունջների՛, որոնք պաշտում էին նրա երաժշտութիւնը, յաջորդ պահին բեմից նետուեց թռիչքի՝ տարածելով հրեշտակային իր թևերը: Նրա մտադրութիւնը հաւանաբար ազնիւ նպատակ ունէր: Թերևս կամենում էր խառնուել իր մոլեռանդ երկրպագուների զանգուածին՝ նրանց հետ մերձենալով՝ միաձուլուելու համար: Նրա համար միևնոյնն էր՝ տղամարդո՞ւ հետ կը լինի թէ՞ կնոջ, պարզապէս ցանկանում էր կպչել այդ ամբոխին: Օդի մէջ սառած, իր ողորմելի մեղեդիների մէջ քարացած, ձեռքերը խաչի ելածի պէս տարածած՝ նա պատրաստ էր նետուելու այն ամբոխի գիրկը, որն էլ իր հերթին նրան էր պարզել ձեռքերի անտառը և անհամբեր սպասում էր իր կուռքին, իր Աստծուն շոյելու առիթին: Բնական տեսարանի ակամայ մի երևոյթ էր դա. մի ուրուանկար, որ յիշեցնում էր արգանդի մէջ ամուր պարփակուած մարդու ազատագրութեան վերջին ու գեղեցիկ պահը: Այսպիսով, բոլոր սպասումներին հակառակ, անխուսափելիօրէն ամենայնը փշրւում է՝ մեկ ուրիշ աշխարհ տանող յղիութեան մեքենայի թելադրող կողերին զարնուելով: Այսպէս դատելու դէպքում ամէն բան կա՛մ մասնակիօրէն կը ձևաւորուի և կա՛մ իրար չմիանալու ու չմիաձուլուելու պարագային պարզապէս կը վերանայ: Ուրեմն, բոլորս դէպի դուրս… գլխակորոյս վազենք միայն մէկ նպատակի հասնելու համար… շուտափոյթ մեր երջանկութիւնը որոնելու և գտնելու համար, որպէսզի յետոյ, ուժասպառ և մի անկիւն քաշուած, տեղներս դոփելով անխռով մեռնենք և անտեսանելի մնանք միւսներին, որ ողջ մնացողներն են: Այս բոլորը նախապատրաստուած էր ինչպէս մեգաձուլակաղապար, հաշուարկուած էր գերադրական աստիճանով, գիգապատիկ մտածուած, և թերապատիկ18  ցանկալի:

Ամբոխը, որին նրանք գրաւել էին իրենց կո՞ղմը: Հիմնականում դրանք այն մարդիկ էին, ովքեր մնացել էին միամտութեան մէջ: Բոլոր նրանք, ովքեր չէին էլ կամենում բարեշրջում ունենալ: Այս հանգած մարդկանց շնորհիւ էր, որ նրա նմանները կարող էին բարձրանալ բեմ և դեռ կարծել, թէ գոյութիւն ունեն: Ուրեմն, բնական էր նրանց նկատմամբ արտայայտուող սիրոյ մեծ զգացումը: Միայն այսպիսի յանգամանքներում է, որ անյուսօրէն միամիտ մարդկանց կարելի է համակրել: Քանի որ նրանք կարողանում են կարողութիւնից զուրկ որևէ մէկին վեր հանել: Բեմի վրայ եղածները բացարձակապէս զուրկ էին անհատականութիւնից, նրանք ընդունակ էին համակերպուել այս կամ այն մաթեմատիկական թելադրանքով միայն: Նրանք այն թիրախներն էին, որ Ջութակահարի նմաններին հնարաւորութիւն էին տալիս իրենց օգտագործել՝ ինչպէս ուզենան: Նրանց արտադրած ձայներիզները կարծէս նախատեսուած էին արբունքի փուլը յաղթահարողների համար: Ճիշտ է, որ նրանք լումայի արժէք չունեն, ինչպէս ասաց Ջութակահարը՝ նրանց ներկայացնելիս: Բայց նրանք այն տեսակի ապրանքից էին, որոնց գինը կարող էր բարձրանալ, եթէ Ջութակահարի նմանները իրականացնէին իրենց մեքենայութիւնները: Աւա՜ղ… Ջութակահարը նրանց համար բոլորովին ուրիշ ծրագրեր ունէր: Այդ ծրագրերը վերաբերում էին նաև միւսներին, որ ներկայ էին և իրենց անկարողութեամբ ընդունակ էին հնարաւորութիւն տալ, որպէսզի նախորդները գրաւեն իրենց տեղը, այսինքն՝ «վաճառաշահութեան առումով անհրաժեշտ են, բայց ըստ էութեան՝ բոլորովին անպիտան»:

Ջութակահարի խօսքերը յիշելով՝ ինքս ինձ հարց եմ տալիս, թէ ինչպէս կարող են մարդկային արարածները հասնել մինչև այս աստիճանի: Ինչպէ՞ս կարող են դառնալ ամբոխային մի զանգուած և իրենց հոգիները ծախել բեմի վրայի մարդկանց այս փոքրիկ խմբին: Մի խմբի մարդկանց, ովքեր նոյնիսկ անկարող են անխաթար տնօրինել ամբոխի՝ իրենց վստահած հոգիները: Ես արդէն կռահեցի, թէ այս խմբակի ինչին է պէտք ունենալ զոմբիների մի զանգուած: Իրենց գոյութիւնն ապահովելու համար: և ուրիշ ոչինչ… Բայց չեմ հասկանում, թէ մարդկային այս զանգուածը ինչո՛ւ է զոմբիանում: Մի՞թէ պարտադրանք է: Բայց գուցէ սրանք նոյնպէս ծախուելու կարիք են զգում, որպէսզի իրենց հերթին կարծեն, թէ գոյութիւն ունեն: Այսինքն, գործ ունենք լինելիութեան փոխադարձ պայմանաւորուածութեան հետ: Եսակենտրոն գոյութեան իւրօրինակ արտայայտութիւն՝ եթէ ես գոյութիւն չունեմ, ապա դու ևս գոյութիւն ունենալու իրաւունք չես կարող ունենալ: Շարունակելով իր պտոյտները՝ իմ ոգին ուղղութիւն վերցրեց դէպի նա, ով այս պաշարուած երջանկութեան կենտրոնում նոյնպէս ճախրում էր…  և նոյն այն պահին, երբ տեղաւորւում եմ նրա մէջ, երբ տեսնում եմ այն ամէնը, ինչ տեսնում է նա, ժամանակը վերսկսում է իր ընթացքը: և ես տեսայ, թէ ինչպէս երկու դուռ տրոհւում են բեկորների: Բեկորները խոշոր են: Այս զարհուրելի երաժշտութեան պատճառով ոչինչ չեմ լսում: Երբ դզող-քանդողի ուժից խորտակուած դռան փեղկերից մէկը լարախաղացի պէս հեծնում է իմ վրայ, մտքովս միայն մի բան է անցում՝ քաքն եմ ընկել: Ոչ մի ափսոսանք չեմ զգում և ոչ էլ գոհունակութիւն: Իմ դիմաց անցնում է կեանքս՝ առանց տրտմութեան, նոյնպէս և առանց բաւարարութեան: Դուռն աւելի ու աւելի է մօտենում, բայց ես ելք չեմ տեսնում: Որևէ վերջին միտք էլ չի ծնւում: Մօտիկ, աւելի մօտիկ և յանկարծ… Ոչի՛նչ: Խաւա՛ր: Գրո՛ղը տանի…

Ես տագնապած վեր ցատկեցի: և տեսայ երկու բաց դուռ, որոնք, աւելի շուտ, պայթեցուած էին, և հիւրերին տեսայ, որոնք իրենց զենքերը դռների կողմն ուղղած՝ անկանոն կրակում էին: Քանի որ, յամենայն դէպս, ոչ մի նշանակութիւն չունէր նշանառութեամբ կրակելը, միևնոյն է, բոլորն էլ մեռնելու էին առանց նոյնիսկ մի վերջին միտք ունենալու: Ասում եմ ինքս ինձ ծածուկ ու թեթև ժպիտով: Բանն այն է, որ կեանքումս առաջին անգամ դզող-քանդողս իմ դիմաց դռներ բացեց:

– Գնա՛նք, բարեկամներ: Մեր հանդէսն սկսուած է,- ասաց Ջութակահարը: և ես իմ ետևից եկողների հրմշտոցներին ենթարկուելով և Նէթի տաք ու վավաշոտ գրկախառնութեան մէջ՝ դէպի առաջ գնացի:

Քաոսը օրինաչափ էր: Լակոտները փախչելիս կտրատւում էին երկու մասի: Ամենայաջողակները նրանք էին, ովքեր տեղնուտեղը գլխին մի գեղեցիկ գնդակ ստանալով՝ մեռնում էին: Միւսները անդամահատուած ու ծանր հոգեվարքի մէջ՝ թափուած էին գետնին: Նրանք ենթագիտակցաբար կառչել էին իրենց աուրային: Շատ լաւ գիտէին, որ մահը մօտ է, բայց դեռ չէին ուզում մեռնել և յուսահատօրէն որոնում էին իրենց գոյութեան վերաբերեալ մի վերջին դրական, կամ գոնէ բացասական միտք: Աւա՜ղ… սակայն ոչ մի միտք չէր ծնւում: Բացի մահուան մասին եղածից… և ինչո՞ւ որևէ միտք չէր ծնւում: Գուցէ նրանք իրենց գոյութեան սկզբից ի վեր հրաժարուե՞լ էին ճանաչել իսկական ճշմարտութիւնը: Նրանք ապրել էին իրենց փրփուրների մէջ և կտրուած են եղել բուն իրականութիւնից: Իրենց վախճանի սահմանին հասնելիս բոլորն էլ մի վերջին միտք ունենում են: Բայց ամէնից դժուարը սահմանին շատ մօտենալով՝ քիչ յետոյ այն անցնելու գաղափարի հետ հաշտուելն է: Բայց սա նրանց բնաւ չէր վերաբերում: Նոյնիսկ իրենց որովայնի մէջ մխրճուած գնդակով էլ չէին ուզում տեսած լինել տխուր իրողութիւնը: Ինչպէս միշտ, իրենց սովորութեան համաձայն, չէին ուզում տեսնել ճշմարտութիւնը: Չէ՜… չէ՜… չի կարող պատահել… Անհնարին բան է… Իրենց կեանքի մէջ բացառւում է… Այդպիսի բան բնաւ չէր պատահել արդէն սովորութիւն դարձած հաւաքոյթների ընթացքին: Ճիշտ է, երաժշտախումբը միշտ էլ վատ է նուագել, մեղեդիները երբէք ներդաշնակ չեն հնչել, բայց դրա հետևանքով ոչ ոք չի մեռել… Նրանց աւանդական անցեալը ջախջախուած էր, և նրանք այլևս չգիտէին, թէ ինչպէս են վարուելու: Նրանք պարզապէս անտեղեակ էին, որ մարմնի մէջ մխրճուած փամփուշտով իրենց միակ ելքը մեռնելն է և ոչ թէ վերապրելու նոր փորձեր անելը՝ երբ ոտքի ես կանգնում և ուզում ես այնպէս շարունակել քայլել, կարծէս ոչինչ էլ չի եղել:

Իրենք իրենց աստուածացրած երեք հոգի, որ բեմի վրայ էին և ողբում էին իրենց մայրիկներին, հիմա թաքնուել էին: Եթէ մի քանի ժամ առաջ նրանք իրենց հպատակների վրա բղաւելով ստիպում էին «[իրենցից յետոյ] կրկնել», ապա հիմա սսկուել էին:

Ինձ համար էլ անակնկալ՝ սկսեցի մտածել Նէթի մասին: Ինքս ինձ հարցում արեցի, թէ նա որտե՞ղ է հիմա և ի՞նչ է անում: Ո՞ւմ հետ է արդեօք: Բիբերը խոշորացե՞լ են: Իսկ շրթունքները ուռե՞լ են… և այսպէս շարունակ: Աջ ձեռքիս մէջ զգացի զէնքի ծանրութիւնը: Բարձրացնում եմ, զննում եմ կառուցուածքը: Ապահովիչը դրուած չէր: Ինքս ինձ ասում եմ, որ առանց նայելու կարող եմ կրակահերթ արձակել: Այս միտքը ինձ հրաշալի թուաց: Ես անշտապ բարձրացնում եմ զէնքը, բայց իմ այդ շարժումը անսպասելի դադարում է: Իսկ եթէ կրակեմ նրա՞ վրայ… և ինքս մէկընդմիշտ խփնուա՞ծ մնամ… Չէ… չէ… չլինելու բան է, այդպիսի կնոջ վրայ կրակելու համար ես չափից դուրս զգայո՞ւն եմ: Նրա պէս կատարեալ արարչագործութիւնը աւերելու համար սիրտս շատ դիւրազգաց է: Ես հրաժարւում եմ այդ մտքից:

Նէթը նոյնպէս զուարճութեան մէջ էր, և նոյնիսկ ինձնից աւելի: Նրա արձակած ամէն մի կրակոցը լուսաւորում էր նուրբ դէմքը: Կարողանում էր գտնել յատկապէս նրան, ով հարկաւոր էր իրեն, և առաջ էր պարզում քանդակի պէս գեղեցիկ իր ձեռքը: Ապարանջանները շողում էին նրա բազուկներին: Բայց ամէնից գեղեցիկը հրազէնը բռնելու նրա ձևն էր: Կարելի էր կարծել, թէ այդ զէնքը ստեղծել են յատկապէս այդ աղջկայ համար: Ձեռքի չքնաղ ափով նա ամուր բռնել էր զէնքը և նազանքով շարժում էր առաջ պարզելիս: Նուրբ և երկար ցուցամատը շոյում էր ձգանը: Իսկ կրակոցը ճայթելու պահին մկանները այնպէս էին պրկւում, որ նոյնիսկ դիմագրաւում էին յետահար ուժը, իսկ փողից ժայթքող ակնթարթային բռնկումը լուսաւորում էր դէմքը: Այնուհետև նա սկսեց խաղացնել իր սուսերը: Երբ նա պարուհու պէս պտոյտ էր գալիս, սրահի լարուած մթնոլորտի մէջ՝ նրա վարսերը ցցւում էին դեպի վեր: Մարմինը կտրատող, ջլահատող, անդամահատող հարուածները սահուն են: և ես էլ այս տօնակատարութեան ճիշտ կենտրոնին եմ: Այսպիսի բան ամբողջ կեանքիս մէջ երբևէ չէի տեսել: Տօնակատարութեան ընթացքին Մահը այսքան բարեկամաբար չէր թփթփացրել մարդկանց թիկունքին. «Ո՞նց ես, ապ ջան»:

«Տեսնում ես, չէ՞, թէ որքան մեծ է աուրաների կոյտը: – Ջութակահարն էր: Նրա զգեստը թմրադեղերով հագեցած արեան կաթիլներով էր աղտոտուել: – Գործն այսպէս պէտք է անել: Աուրա ստանալու համար դու պէտք է արժանիք ունենաս, և անհրաժեշտ է, որ նա, ով պատրաստւում է մեռնել, քեզ այնքան երախտապարտ լինի, որ ինքը նուիրաբերի քեզ: Ուրիշ ընտրութիւն չկայ, ախպերս… Երբ նա արդէն պատրաստ է մեռնել, երբ արդէն յուսահատութեան անդունդի եզրին է… Ամբողջ էութեամբ համակուած է զղջումով: Հէնց այդ պահին էլ հարկաւոր է գրոհել: Նա քո նկատմամբ այնպիսի երախտագիտութեան զգացում ունի, որ իրեն ազատագրելու ես… այնպիսի՜ զգացում, որ աուրան կտակում է քեզ»: և նա հեռացաւ: և ես հաւատացի նրան: Այլ կերպ ի՞նչ կարող էի անել: Այսպէս, թէ այնպէս՝ ես յանցաւոր չէի: Նա կարող էր ինձ հետ վարուել այնպէս, ինչպէս կամենար: Իրականում ընտրութիւն չունէի: Ստիպուած էի հաւատալ նրան: Իմ յոյսն այն էր, որ ինձ չի ծաղրում… Ուրեմն լաւ էր, որ դէպքերը այսպիսի ընթացք էին ստանում: Անհրաժեշտ էր միայն մի հարմար առիթով այդ ընթացքը յօգուտ ինձ ծառայեցնել… Այս էր խնդիրը:  Հիմա ես արդէն շատ լաւ էի հասկանում:

Հէնց նոյն պահին մի աղջիկ յայտնուեց ճիշտ իմ դիմաց: Հաւանաբար, նա փախչում էր կեանքը փրկելու համար: Ի՞նչն էր փրկելու: Ի՞նչն էր ուզում փրկել: Նա ոչինչ չունէր, չունէր որևէ արժանիք այս Երկրի վրայ շարունակուելու համար: Բայց նա համոզուած էր, որ այդ արժանիքն ունի: Թող այդպէս կարծի, ես յարգում եմ նրա համոզումը: և նրա հանդէպ խղճահարութիւն ունեմ: Նա իւրայատուկ հայելին էր այն հասարակութեան, որտեղ ապրել էր, մի հասարակութիւն, որ կիսագրագէտ է, լճացած, որ երկրպագում է գետնաքարշ առօրեան, որ զուրկ է ճաշակից: Անիմաստ է: Գիտութիւնը հէնց այսպիսի կանանց է ընտրում իր փորձարկումների համար: Ուստի զարմանալի չէ, որ կինը տղամարդուց այսքան անկատար է, և հասկանալի է, թէ ինչու կանանց հարցաթերթիկների մէջ բացակայում է «խելացի» կէտը: Եթէ միայն գիտնականները օգտագործէին Նէթի նման կանանց… Աշխարհը շուռ կը գար:

Դիմացս ելած աղջկայ հայեացքի մէջ յուսահատութիւն նշմարեցի: Բայց ես այն մարդը չէի, որ հիմա պէտք է նրան, և այստեղ էի ոչ թէ նրան պատժելու, այլ օգնելու, որպէսզի մեռնի: Աղջկայ հայեացքը Պոտոյին էր վայելում, ճիշտ նրա հայեացքի պէս անարտայայտիչ էր: Մտքովս անցաւ, որ նրանց հայեացքները նոյնիսկ նման են իրար: Նա ինձ է մօտենում: Ինչո՞ւ… Ես էլ եմ զինուած, ինչպէս միւսները: Ինձ մօտենալը հաւանաբար պայմանաւորուած է իմ կրաւորական դիրքով, ես ոչինչ չեմ անում: և նա նոյնանում է ինձ հետ՝ կարծելով, թէ ես էլ իր հետ եմ նոյնանում, թէ կարող եմ հասկանալ իրեն, թէ կարող եմ իրեն օգնել: Ինչ-որ տեղ նա չէր սխալւում:

– Օգնիր ինձ, խնդրում եմ: Սրանք բոլորը խելագարուել են: Ես իմ ընկերուհուն կորցրել եմ:

Այս աղջիկը հիստերիկ է. դողում է ամբողջ մարմնով. փսլինքը հոսում է քթից. նա լալիս է, և ներկուած այտերից արցունքները հոսելիս սև հետքեր են թողնում: Մազերը գզգզուած են. դեռևս կոկաինի ազդեցութեան տակ՝ նա ինչ-որ բաներ է թոթովում ու ակնապիշ ինձ է նայում. վախեցած է, ուժասպառ, յուսահատ:

– Չեմ կարող օգնել… Ցաւում եմ… ինքս էլ եմ այստեղ բանտարկուած…

– Ինձ նմա՞ն… Բայց դու տարբերւում ես միւսներից:

– Չէ՛… Ես բանտարկուած եմ…

Գեղեցիկ աղջիկ է: Առանձնապէս տպաւորիչ չլինելով, սակայն, գեղեցիկ է: Շէկ մազերը շերտ առ շերտ շագանակագոյն են ներկուած և քրտինքից ծեփուել են ճակատին: Շպարը տարածուել է աչքերի տակ և յիշեցնում է սուրճի պաղպաղակ, որ սկսել է հալուել: Արտայայտութիւնից զուրկ աչքերը խոշորացել են: Սև փեշի հետ ներդաշնակուող ճերմակ կարճթև շապիկի վրայ գրուած է. «I՛m open this night !» Բազուկները ծանրացած են գոյնզգոյն ապարանջաններով՝ հաւանաբար քօղարկելու համար ինքնասպանութեան փորձերի հետքերը. և քաթանէ կօշիկների ճիտքերը հասնում են սրունքների կէսին: Առանց գուլպայի էր. մաշկը ողորկ էր այնպէս, ինչպէս լինում է նորածիններինը: «Բայց դու տարբերւում ես միւսներից» նախադասութիւնը, որ նա ինձ ասաց, դուրս լողաց յիշողութեանս խորքից: Այդ դժբախտ արարածը իր շրջապատից զատ ուրիշ ոչ ոքի չէր տեսել: Նա ծնուել, աշխարհ էր եկել և հիմա լքելու էր այդ աշխարհը՝ այնպէս էլ չունենալով ուրիշ մարդկանց տեսնելու հնարաւորութիւն: Հոգու անթաքոյց շիտակութեան փայլուն մի օրինակ էր նա: Նրբակազմ ու մանրիկ մի աղջնակ…

– Դուռն ո՞ւր է: Ուզում եմ դուրս գալ այստեղից:

– Ելք չկայ… Այլապէս ինքս էլ կը գնայի:

– Բայց մենք ինչ-որ տեղից ներս մտել ենք, չէ՞:

– Իհարկէ… Բայց այստեղ ամէն բան փոփոխական է:

– Չի կարող պատահել… Չէ՛… Ես անպայման դուրս եմ գալու այստեղից: Ինչպէ՞ս թէ ելք չկայ:

– Փոքրիկս… Երբ դու արդէն դուրս ես եկել քո մօր փորից, կարո՞ղ ես նորէն վերադառնալ այնտեղ:

Բայց նա պատասխան տալու ժամանակ չունեցաւ: Նէթը յայտնուեց նրա յետև և կտրատեց թշուառ օրիորդի գեղեցիկ ոտնաթաթերը: Աղջիկը տապալուեց: Ես պարզ տեսայ, թէ Նէթը ինչպէս աչքով արեց ինձ: և նրա ժպիտը այնքա՜ն վավաշոտ էր: Յետոյ սուսերի շեղբը տաբատին քսելով՝ մաքրեց ու հեռացաւ՝ ինձ թողնելով այս տարաբախտ աղջկայ հետ: Որպէսզի նրա վերջը  ե՛ս տամ:

Իսկ աղջիկը աղիողորմ լալիս էր: Իր մէջ ներարկուած չափ ու սահման չունեցող թմրադեղերի շնորհիւ անդամահատութիւնը ցաւազրկուած անցաւ: Նրա մտքովն իսկ չէր անցնում, որ եթէ, այնուհանդերձ, յաջողուի այստեղից դուրս պրծնել, ապա մնացեալ կեանքը կաղալով է ապրելու: Ինքս ինձ ասացի, որ նրա ուղեղի մէջ ցաւընկալման ոչ մի ազատ բջիջ այլևս չի մնացել: Բոլոր բջիջներն զբաղուած են գոյնզգոյն մոլեկուլներով, որոնք գրգռում են նեարդային համակարգը: Նա ոտքի ելնելու ապարդիւն փորձեր է անում: և ապա սողեսող կարողանում է հեռանալ ինձնից:

Բայց ես պպզում և նրա ազդրը բռնելով ետ եմ քաշում: Ոչ մի իմաստ չունի թոյլ տալ, որ նա սողալով հասնի ելքին, երբ ամէն բան արդէն վերջացած է: Դաժան բան կը լինէր նրան ելնելու յոյս թողնել, երբ ճակատագիրն էր նրան այստեղ պահողը:

– Լսի՛ր, գեղեցկուհիս, ես քեզ կ՛օգնեմ, OK՞:

– Օգնի՜ր, աղաչում եմ… Օգնի՜ր ինձ… Չեմ կարողանում քայլել: Այս ի՞նչ է կատարւում ինձ հետ:

– Ցաւում եմ, բայց դու այլևս երբէ՛ք չես կարողանալու քայլել:

– Չէ՛… Չէէէէէէէէէէէէ՜…  Ինչո՞ւ… ,- նա բղաւում և արմունկներով հարուածում էր գետնին. նրա ապարանջանները խուլ զնգում էին: – Ինչո՞ւ չեմ կարողանալու քայլել:

– Քո երկար ու գեղեցիկ ոտքերը այլևս չկան… Գնացին…,- ասացի ես՝ նրան շոյելով ու ձեռքս մտցնելով փեշի տակ:

– Ո՞ւր գնացին…

– Չգիտեմ… Բայց դու կ՛ուզենայի՞ր հասնել նրանց ետևից:

– Այո՜… Շնորհակալ կը լինեմ… Սրտանց շնորհակալ կը լինեմ…

Ո՛չ, դու սիրտ չունես, դու ընդհանրապէս ոչինչ չունես. այլապէս այստեղ չէիր լինի… այսպէս գետնին փռուած և անդամահատուած ոտքերով: Եթէ դու սիրտ ունենայիր, ապա հեռու կը լինէիր այս քաքի կոյտից:

Նա փորձում է ոտքի կանգնել. խեղճ այս աղջիկը հաւանաբար ուզում է գրկել ինձ: Բայց չի յաջողւում, և ամէն փորձից յետոյ նորէն գետնին է տապալւում: Ուժերը արագօրէն դաւաճանում են նրան: Նրանք (այդ ուժերը) հիմար չեն և լքում են, քանի դեռ ունեն այդ հնարաւորութիւնը: Իր նուազ ձեռքերին հենուելով՝ նա ճիգ էր անում մարմինը գետնից պոկելու համար: Բայց ապարդիւն: Նա մարտահրաւէր է նետում ծանրութեան ուժին: Իր ողջ կեանքի ընթացքում նա երբէք և ոչնչի մարտահրաւեր չի նետել և հիմա փորձում է յաղթահարել ձգողական ուժը: և չյաղթահարելով ընկնում է՝ կզակը գետնին զարնելով: Երբ վարի ծնոտը նորէն դիպչում է վերի ծնոտին, ատամները սոսկալի կրճտում են: Հաւանաբար լեզուն կծել էր, քանի որ արիւնը սկսեց հոսել. և արիւնը տեսնելով՝ նա աւելի յուսահատ սկսեց լաց լինել: Նրա պայքարը դարձաւ իսկական գոտեմարտ, դարձաւ պարտականութիւն: Նա մի նոր փորձ ևս կատարեց: Ձեռքերին հենուած բարձրացաւ ու ծալեց ոտքերը: և հիմա չորեքթաթ նա իմ դիմաց էր և բերանից հոսում էր արիւնը: Ամէն անգամ շունչ քաշելիս արիւնը բերանից կաթում էր՝ գետնին ծեփուելու համար: Նա իսկական քած էր և պատրաստ էր հէնց շան դիրքով էլ քունուել: Այդ դիրքով նրա վիճակը այնքան կայուն է, որ ես ենթադրում եմ, թէ լաւ է վարժուած: Բայց քիչ անց բերանքսիվայր տապալւում է, քանի որ այլևս ուժ չունի ո՛չ ձեռքերի և ո՛չ էլ ոտքերի մէջ: Միակ բանը, որ նրա ձեռքերը կարող են անել՝ տղամարդու կիլոմետրանոց առէջքը թափ տալն է: Իսկ ոտքերը գիտեն միայն հնարաւորին չափ լայն բացուել: Նա այլևս ընդունակ չէ, այլևս չի կարող փորձ անել: և ես իջեցնում եմ գլուխս, մօտեցնում եմ նրան, որպէսզի կարողանայ համբուրել: Նրա համբոյրը, նրա երախտագիտութեան համբոյրը աղի նուշի համ ունի:

– Դե՛հ, ուրեմն, գեղեցկուհիս, փակիր աչքերդ:

– Նորէն շնորհակալ եմ:

Այսպէս, բերանքսիվայր գետնին պառկած, գլուխը ձեռքին հենած աղջիկը բեմի կողմն է նայում, որտեղ Ջութակահարը բացառիկ պատիժ է նախապատրաստում երեք հոգու համար, որոնք դեռ մնացել են: Ես հրազէնի փողը հպում եմ աղջկայ ծոծրակին, բայց «Վա՜յ… ինչ սառն է» լսելիս՝ ուժերը լքում են ինձ: Ի՞նչ կարիք կար, որ ձայն հանէր: Ինչո՞ւ են աղջիկները ամենալուրջ պահերին բացում իրենց բերանները:

– Բան չկայ… բանալին հպեցի պարանոցիդ: Հանգիստ եղիր, անուշիկս: Հիմա ամէն ինչ կը վերջանայ:

Շունչս պահած, հրազէնով նշան բռնած նրա ծոծրակին, որտեղ քրտնախառն մազերը ծեփուել են պարանոցին, ես դեռ զգում էի նուշի համը: Ոչինչ տեղի չի ունենում: Հրազէնի փողն ուղղում եմ նրա թիկունքին՝ այնտեղ, որտեղ դեռ տրոփում է սիրտը: և երբ նուշի հոտը հասնում է քթիս՝ սեղմում եմ շնիկը: Յետադարձ հարուածը սաստիկ ցաւ է պատճառում ինձ, բայց ինչ որ պէ՛տք էր անել՝ արդէն արուած էր:

Ահաւասիկ, ես գործեցի իմ կեանքի ամենասոսկալի արարմունքը: Ես չհեռացայ, մնացի աղջկայ քով: Ես նայում եմ նրա թիկունքի վրայ հետզհետէ տարածուող, խոշորացող  արեան շերտին: Ես շրջում եմ նրան: Գնդակը սրտի միջով չի անցել: Մէջքին շրջուած՝ նա կարծես խորը քնի մէջ է: Գլուխն առա ափերիս մէջ ու ճակատս նրա ճակատին հպած՝ սկսեցի օրօրել: Արնաշաղախ բերանը սրբեցի շապիկիս թևքով: Հոտ քաշեցի վարսերից, համբուրեցի ճակատը: Աղի քրտինքի և շպարի համ ունէր: Ասացի, որ ամէն բան լաւ կը լինի: և հիմա համբուրում եմ շրթունքները: Լաց եմ լինում: Արցունքներս հոսում ու կաթում են քթիս ծայրից: Աւելի ամուր եմ սեղմում գրկիս մէջ: Սպասում եմ, թէ ուր որ է կ՛արթնանայ: Բայց նաև յանկարծ զգում եմ, թէ նրա արիւնը ինչպէս է հոսում տաբատիս վրայով: Ես անդադար համբուրում եմ նրան, համբուրում եմ ճակատը, հարդարում եմ մազերը: Ես ողբում եմ գրեթէ հիստերիկ վիճակի մէջ ընկած: Ես ոռնում եմ, որովհետև Մահին ամուր գրկած՝ ոչինչ չեմ զգում: Չեմ զգում, թէ ինչպէս է նրա արիւնը հոսում՝ ինձ ողողելով: Ոչին՛չ… ոչի՛նչ չեմ զգում… Ինչ-որ բան եմ ուզում զգալ… Որպէսզի դուրս գամ իմ հունից. որպէսզի մոլեգնեմ. որպէսզի ամէն բան ուղարկեմ գրողի ծոցը: Որպէսզի գլուխս կորցրած՝ կրակեմ այդ ամբոխի վրայ ու բղաւեմ, որ ատում եմ բոլորին, ատում եմ՝ այսքան գեղեցիկ աղջկան աշխարհից վերացնելու պատճառով: Իսկ յետոյ, ի վերջոյ, հրազէնը շրջեմ ինքս ինձ վրայ… Բայց այդ ամէնը տեղի չի ունենում… Ես երկա՜ր, շա՜տ երկար մնացի այդպէս: և լաց էի լինում:

Ծանօթագրութիւններ

1.Այս նիւթը գործածւում է անասնաբուժութեան մէջ իբրև ցաւազրկող: Մարդու վրայ շատ ուժեղ ազդեցութիւն ունի զգայախաբութիւն առաջացնելու համար:

2.K կամ K-hole կետամինի արգոն է:

3.Խև- պլանքաշ:

4.Վառուած, հալուած ուղեղ ունեցողներ:

5.GHB – Գամմա-հիդրօքսիբուտիրատի թթու: 1990-ից յայտնի է իբրև բռնաբարութեան համար գործածուող թմրանիւթ: Դիւրութեամբ լուծւում է ոգելից խմիչքների մէջ և չունի ընդգծուած համ: Մեծ քանակութեամբ օգտագործելիս ստեղծում է հիպնոտիկ վիճակ և յիշողութեան կորուստ:

6.XTC – էքստազի անուան անգլերէն արտայայտելու կերպը:

7.Զգայախաբութեան նիւթ:

8.Piercing (անգլ) – Մարմնի կամ դէմքի վրայ այդ իսկ նպատակով արուած անցքերի մէջ զանազան առարկաներ տեղադրելը՝ փիրսինգ:

9.Սատանան, որ հեղինակ է ամենայն պղծութիւնների և կռապաշտական գարշանքի:

10.Mescal կակտուսից թորուող ալկալոիդ՝ C11H17NO3, որ զգայախաբութեան միջոց է: Անուանում են նաև peyote:

11.Ռուսերէն тачка – ձեռնասայլակ բառից, որ այստեղ գործածւում է իբրև ինքնաշարժ-ի արգո:

12.Թմրանիւթ, որի ընտանիքին պատկանում են այլևայլ տեսակներ նոյնպէս:

13.Գործ ունենք բառախաղի հետ: Ֆրանսերէն La plastique  նշանակում է կազմուածքի գեղեցկութիւն և Le plastique,  որ միևնոյն շղթայով իրար միացուած մակրոմոլեկուլային փափուկ պայթուցիկ նիւթ է և ունի որոշ կպչունութիւն: Հարմար գտանք միասին գործածել հայերէնի արգոյով դզող բառը՝ առաջին իմաստի և քանդող բառը՝ երկրորդ իմաստի համար:

14.Սուպերքուղ (Superstring-անգլ., Supercorde-ֆրանս.) Անցեալ դարի 80-ականներին ստեղծուած տեսութիւն, որի համաձայն նիւթի ամենափոքր մասնիկը սուպերքուղն է: Այս տեսութեամբ համադրւում են անսահման փոքր և անսահման մեծ տարածութիւնները:

15.Ամփեթանի ընտանիքին պատկանող թմրանիւթ:

16.Այստեղ կոկել գործածւում է իբրև ճարտարաբանական բառեզր՝ anti-aliasing (անգլ.), anticrռneage (ֆրանս.): Բառեզրը ստեղծել է 1972 թ. Մասաչուսեթսի ճարտարաբանական հիմնարկութիւնը՝ կորագծերի եզրերը հարթելու գործողութեան համար:

17.RDX կամ ցիկլոտրիմեթիլենետրինիտամին – յայտնի է անևցիկլոնիտ կամ հեքոգեն անունով: Քիմիական այս բաղադրութիւնը զինամթերքների մէջ ամենաուժեղ պայթուցիկներից մէկն է:

18.Մեգա(յուն.) – բառացի՝ խոշոր, շատ մէծ, իբրև ֆիզիկական մեծութիւն՝ 106, գեր (ultra-լատ.) – առաւել, գիգա (յուն.), – վիթխարի, իբրև ֆիզիկական մեծութիւն՝ 109, թերա (յուն.) – հրեշաւոր, իբրև ֆիզիկական մեծութիւն՝ 1012:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *