Դվինը ծախեցին

Վարձով տունը,

որտեղ արդեն 2 տարուց մի քիչ պակաս ապրում եմ,

բալկոն չունի․

յոթերորդ  հարկից միակ բանը,

որ կախվում է,

ոտքերս են,

երբ հորիզոնական նստում եմ աթոռին

ու սկսում ճոճվել։

Հիանալի տեսարան՝

Մասիսը,

Հրազդանի ձորի կանաչ բլուրը,

Ծիծեռնակաբերդը,

կամուֆլյաժային համալիրը

ու հորիզոնական տափակ շենքը,

որն ընկնում է «հորինված» բարդիների տեղը։

Քաղաքին կապող անկյունը ձախն է՝

սովետական վիսոտկայի կեսը,

Սբ․ Հովհաննեսը,

մի քիչ հեռվում՝ Լուսավորչի կատարը,

ու ամենաուժեղ պրիզման՝ ԴՎԻՆ հյուրանոցի կմախքը,

որի անլուսամուտ, անշունչ  կառուցվածքը

թույլ է տալիս քաղաքի մնացած հատվածին նայել ընենց,

ոնց որ կնայեիր Դվինի պատուհանից․․․

Ես այս ամենի համար վճարում եմ 200$-ից ավելի

ու սուրճ եմ խմում անընդհատ։

Գրելուս ընթացքում Դվինի հետ նստած ենք անպատուհան,

սվսվացող քամիների արանքում՝

առանց ավելորդ չուլ ու փալասի․․․

Դվինն այս տարի ծախեցին։

Մինչեւ ծախելը
1

Հիմա նուրբ եմ մի քիչ,

կարող եմ ներկվել  որպես կին,

կարող եմ նստել ոտքերիդ,

ու պատրաստես ինձ քնի։

Օրվա մեջ երկու-երեք րոպե

կտրվում են կոպերս ինձնից․

ես մե՛կ մեռնում եմ ինձ հետ,

մե՛կ մեկնում եմ ոտքս ոտքիս։

քաղաքում ոչ ոք չգիտի այնքան,

որքան հարկավոր է,

եւ ծանրանած, չիմացած

քաղաքիս  ջինսե ցերեկը

անհյութ պառավի պես թառել է քթիս․․․

Տներ կան, որտեղ դանդաղել ես իմ մեջ,

կան տներ, որտեղ շտապեցիր մի քիչ։

Դադար, դադար, դադար։

Մտածում եմ՝ երկու տողանոց սենտիմենտը

էս քաղաքում մի ամբողջ հավերժություն է,

ու եթե գրում ես դրա մասին,

երկու տողը բավական է․

տներ կան, որտեղ դանդաղել ես իմ մեջ,

տներ կան, որտեղ շտապեցիր մի քիչ։

Եվ նորից աստիճաններին կտկտացնում եմ

բարակ, հանգիստ, թեթեւ,

վերադառնում եմ

լրագիրների, մեդիախառը օրերի տիղմից,

ինքնաթիռները պայթում են միայն հարեւան սենյակում,

դիմացս՝ Դվինն է՝

առանց պատուհան հյուրանոցը միակ,

որ վաղը գուցե վաճառվի։

230214

2

Շառլը Ազնավուր, Վիոլետի 93-ի մի գործ ու Անին Հովհաննիսյան․

այն, ինչով փոխվեց տրամադրությունս պատերազմից առաջ․

որ գուցեեւ չլինի,

բայց ես արդեն տեսնում եմ քեզ մեռնելու հրաշալի պահին,

որովհետեւ դեռ չսկսած ասում ես՝ գնալու եմ։

Եւ լռության մեջ թնդում է Շառլը,

ու Անին պատկերացնում է արձակած մի կրակոց,

ես քեզ եմ տեսնում պառկած մի ուրիշ կրակոցից՝

ցինիկ քո ժպիտով,

որ ինձ համար տարիներով եկած պարտությունների փոխարեն

հանկարծ լուսացնում էր գիշերը։

Ես քեզ տեսել եմ ուրիշ մի կնոջ հետ,

մի ուրիշ սեռասարսափ եմ տեսել աչքերիդ,

ու ոչինչ չի փշրել իգությունս,

որքան ուրիշ այս կրակոցը։

Սեւ, կոշտ մազերիդ մեջ նստած է Աղդամի կամ մի ուրիշ փոշի,

չգիտեմ՝ որտեղ ես,

բայց ես սլանում եմ

ուժեղ՝ ամեն բան արձակած․․․

Եւ արձակածս ինձնից առաջ

վազում, խառնվում է մազերիդ։

Հիմա քաղաքում լիալուսին է․

Դվին հյուրանոցի դատարկ հարկերում պտտվում է սերս,

եւ թշվառությունս, եւ հիասքանչ մի կիսատ մարմին,

որի ամեն անկյունը անհագ կերել եմ։

Եվ ամենը դադարելու է վաղը,

եւ այս քաղաքն էլ, որ շենքերի կտուրին

ուղղաթիռներ է հարմարեցնում փախուստի համար,

եւ ձեռքից գնացած մայրս,

եւ հիանալի պահը ապրումի,

երբ սարսափի մեջ թեթեւ մի շորով,

իջնելու եմ ․․․

090814

3

Երեկ ինձ անդաստիարակի պես պահեցի,

հետո ներս ընկա,

կոլա խմեցի, պատուհանից կախված՝ քեռուս պես մի հատ ծխեցի

ու կարդացի, որ Դվին հյուրանոցը ծախել են։

Սիրտս տրաքեց,

գիշերվա կեսին ընկավ հազար տեղ,

ու ինձ թվաց՝ կողքի սենյակում

մեկը մռթմռթաց,

պատի տակ նստած մեկը ջեքը գլուխը քաշեց,

սեղանին հացը չորացավ,

կատուներ բեղմնավորվեցին,

Մոցարտը հանկարծ կաֆե դարձավ,

ճանճերը ցրտից ներս ընկան,

մազերս թափվեցին,

(կտի յուղը չօգնեց),

նկարիչ ընկերս Կալիֆորնիայում

ծնգաց խանութից գողություն անելիս,

ծխախոտս վառեց կողքի շենքը,

հարեւանս տկլոր դուրս թռավ,

բոլորը ծիծաղեցին․

ես էլ։

04112014

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *