…գրականություննը սկսվում է այն պահին,

երբ այն դառնում է հարց: [1]

մ. բ.

մակուկաչուն տարածությունից և ժամանակից դուրս փորձագրություն[2] է, որը տեսանելի չէ աչքով և ոչ էլ պատմելի՝ խոսքով: այն չունի սկիզբ և չի կարող երբևէ ավարտուն լինել, որովհետև անընդհատ վերսկսվելու և նորից ավարտվելու ներհատկություն ունի. սա վերժամանակյա և անտեղ կամ թափառող տեքստային հյուսվածք է, որի ներքին ժամանակը միշտ համընկնում է ընթերցման ժամանակին: այս թափառականը տձև է. նրա տձևությունը փոփոխական է՝ կախված տեղից, իսկ տեղը միշտ տարբեր է: «ես երևակայական շարժիչ եմ»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին:

մակուկաչուն երևակայական է. այն մարմին է ստանում միայն ընթերցվելիս և ցրիվ է գալիս դրա ավարտից հետո: ամեն նոր տեղում հայտնվելիս մակուկաչուի  մարմինը նոր կերպ է առնում՝ կապված այդ տեղի այլ տեքստային արտադրության հետ իր հարաբերություններից: այս շարժիչ-փորձագրության կամ պատմվածքի յուրահատկությունն այն է, որ ցանկացած ընթերցող կարող է տեղադրել այն մտքին եկած ամեն տեղում, և մակուկաչուն կփոխակերպվի ու այդ տարածությանը բնորոշ ձև կընդունի, կսողա մյուս տեքստերի արանքում և դրանց մեջ, հետքեր կթողնի անծանոթ մարմիններում և երերուն կդարձնի դրանք: մակուկաչուն կրծող որդ է հիշեցնում: ամեն նոր հյուսվածքի հանդիպելիս այս որդը կրծոտում է այն ու բառերի ներսում անցքեր[3] է առաջացնում՝ ինքը նոր երանգ ու այլ ձև առնելով: այս փորձագրությունը կամ պատմվածքը, ընկնելով ցանկացած ընթերցողի ձեռքը (օրինակ ապագայում՝ հարյուրավոր կամ հազարավոր տարիներ հետո) և հրապարակվելով ցանկացած տեղում, վերակառուցվելու է ըստ նոր տեղի՝ իր մեջ առնելով այդ ուրիշ ժամանակում ստեղծված բոլոր այն տեքստերի հատկանիշները, որոնց շարքում իրեն հրապարակել են: «ես անմահ ու միշտ երիտասարդ եմ»,- մտածում է մակուկաչուն  ինքն իր մասին:

ինչու՞ է մակուկաչուն  երևակայական: որովհետև այն գործարկվում է միայն այն ժամանակ, երբ հրապարակվում է որևէ տարածքում, որտեղ կան այլ տեքստեր: մակուկաչուն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ տեղ է գտնում ամենաբազմազան ձևի ու ոճի[4] տեքստային արտադրանքների շարքում: տեղից դուրս այն իր սեփական հետքի մարմնավորումն է: սրանով է պասիվ վիճակից ակտիվ վիճակի անցնելու համար տեղ ունենալը կարևոր մակուկաչուի համար: «երբ շրջապատված չեմ այլ տեքստերով, ես վստահ չեմ, որ գոյություն ունեմ»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին:

որևէ տեղում՝ բանաստեղծությունների, պատմվածքների, էսսեների կամ անժանր բառային հյուսվածքների շարքում հայտնվելիս մակուկաչուն սկսում է հարցեր տալ այդ գրություններին: այս կրծող որդն ամեն նոր տեղում փոխակերպվում և վերածվում է այն բանին, ինչ է այդ տեղը: այն ներքին հատկություն ունի ձեռք բերելու նույնքան երևակայական մարմիններ, որքան տեղերում կհայտնվի: ամեն նոր տարածքում մակուկաչուն փոխակերպվում է այլ պատմվածքի, քանի որ ինքնաձևավորվում է իր շուրջը գտնվող այլ տեքստերի միջոցով:

բոլոր այն գրությունները, որոնց շարքում հայտնվում է մակուկաչուն, դառնում են մակուկաչուի օբյեկտները: մակուկաչուն հարցեր է տալիս այդ բազմաժանր[5] տեքստային արտադրություններին և պատասխաններից կառուցում իր երևակայական մարմինը՝ ամրագրելով այդ ժամանակը: «իմ մի երեսակով ես պատմվածք եմ՝ կառուցված այն տեքստային արտադրանքներից, որոնց շարքում տեղադրվում եմ»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին: մակուկաչուի մարմինն այն տեքստերի հավաքական պատկերն է, որոնց շարքում այն հայտնվում է:

ինչու՞ է մակուկաչուն վարակիչ: մակուկաչուին ամբողջական պատկերացնելու համար կարևոր է իմանալ, որ այս յուրահատուկ կրծող որդը տեղակայվում է որևէ հարթակում՝ առանց պատկերացում ունենալու այնտեղ տեղ գտած այլ տեքստերի մասին: ստացվում է, որ այն հարցեր է ուղղում իրեն անծանոթ տեքստերի, այսինքն՝ հարցերը կոնկրետ հասցեատեր չունեն՝ պատահական են: «իմ զբաղմունքը պատահական հարցեր տալն է»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին: անկախ այն բանից՝ կգտնվի՞ արդյոք գոնե մի ընթերցող, որը կփնտրի մակուկաչուի հարցերի պատասխանները, թե ոչ, միևնույն է՝ եթե դրանք արդեն ուղղված են, ապա ներսից իսկույն կպչում են այդ տեքտերին՝ դրանց դարձնելով վարակակիր: մակուկաչուն համոզված է, որ անծանոթ տեքստերին ուղղելով այնպիսի պատահական հարցեր, որոնց մասին այդ արտադրանքները չեն մտածել, ինքը դրանց կրծվելու վտանգի տակ է դնում:

«ես իմ երևակայական մարմինը կառուցում եմ այն հարցերի պատասխաններից, որ աջուձախ տալիս եմ: որքան տարբեր տեղերում ես հայտնվեմ, որքան տարբեր պատասխաններ տրվեն, այնքան շատ մարմիններ կառնեմ»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին:

այս նորահայտ կրծողը համոզված է, որ արդի ժամանակների բոլոր հրատարակչությունները, գրական հանդեսները, տպագրվող բոլոր անթոլոգիաները, բոլոր խմբագրությունները շահագրգռված պիտի լինեն այս վիրուս-տեքստի մեկ օրինակ իրենց մեջ ներառելու համար:

ինչու՞: մակուկաչուն պատահական հարցեր տալով շարքի բոլոր տեքստերին՝ երևան է հանում այն ընդհանուր պատկերը, որի շրջանակում դրանք գոյություն ունեն: «իմ մյուս երեսակով ես ինքնահռչակ լակմուսի թուղթ եմ»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին: մյուս կողմից՝ այս կրծող որդը, իրենից աջուձախ գտնվող տեքստերին անտեղի հարցեր տալով, ստիպում է դրանց երերալ, վարակիչ կապ է հրահրում միմյանց հետ կապ չունեցող արտադրությունների միջև, դրդում է այդ գրվածքներին վերջապես սկսել մտածել իրենք իրենց մասին՝ ինչպես ինքը՝ մակուկաչուն է անում: առաջանում է իրարանցում:

«ես բոլոր հնարավոր տեքստային հյուսվածքներից միակ իսկական ժամանակակիցն[6] եմ, որովհետև միշտ արտացոլում եմ այն ժամանակը, երբ հրապարակվում եմ: միևնույն ժամանակ ես դուրս եմ որևէ կոնկրետ ժամանակից և բոլոր ժամանակների մեջ եմ: ես  ժամանակակից լինելու ինքնահռչակ խորհրդանիշն եմ»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին:

մակուկաչուն ինքն իրեն այլ է համարում, որովհետև ոչ թե հորինվել է հեղինակի կողմից կամ համոզել է հեղինակին գրել իր մասին, այլ հեղինակը ծրագրել է իրեն: «ես երևակայական եմ. ես ոչ թե գրվել եմ, այլ ծրագրվել՝ որպես կրծող գիր-վարակ»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին:

մակուկաչուն  այնպես է ծրագրված, որ նրան շրջանցելու որևէ հնարավորություն չկա: այն ակտիվանում է անմիջապես այն պահին, երբ  x  խմբագիրը «մակուկաչու» վերնագրով էլեկտրոնային նամակ է ստանում: սա նշանակում է, որ տվյալ տեղին տրվում է երևակայական շարժիչ ունենալու հնարավորություն: «ցանկացած x տեղի համար մակուկաչու ունենալը ժամանակակից լինելու և անշարժ վիճակի դեմ դիրքորոշում հայտնելու արարք է»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին: սակայն մակուկաչուն այնպես է ծրագրված, որ անգամ մերժվելու դեպքում այն չի վնասազերծվում: «մակուկաչուից հրաժարվելը նույնպես դիրքորոշում է, և դրանից նույնպես առաջանում են հարցեր»,- մտածում է մակուկաչուն ինքն իր մասին: հարցե՞ր: նշանակում է շարժիչը գործի է դրված:

այս ամբողջ նախաբանը նվիրված էր մակուկաչուի ներկայացմանը, և ես փորձեցի հնարավորինս մանրամասն պատմել ձեզ մակուկաչուի յուրահատկությունների մասին այն ամենը, ինչ հայտնի է ինձ, որովհետև մակուկաչուն մտածում է, որ ինքը բոլորովին նոր և անծանոթ երևույթ է այս իրականության մեջ: հաջորդ՝ վերջին հատվածում, ես գրի կառնեմ մակուկաչուի հարցերն այն հերթականությամբ, ինչ ինքը կտա:

իր տասը հարցերից առաջին հինգը մակուկաչուն ուղղում է իրեն նախորդող հինգ տեքստերին, վերջին հինգը՝ հաջորդող հինգին: եթե մակուկաչուն առաջին տեքստն է, բոլոր տասը հարցերն ուղղվում են հաջորդող տեքստերին, եթե վերջինն է՝ նախորդող տասին:

– ինչու՞ է այս տեքստային արտադրանքում վերջակետը դրված նախադասությունների արանքում և ոչ՝ տառերի, կամ հակառակը,- հարցնում է մակուկաչուն առաջին տեքստին:

– ինչպե՞ս ընթերցեմ բառերի միջև գրված բացատներն այս ստեղծագործության մեջ,- հարցնում է մակուկաչուն երկրորդ տեքստին:

– ի՞նչ են նշանակում «ա» և «վ» հնչյուններն այս տեքստում,- հարցնում է մակուկաչուն երրորդ տեքստին:

– ի՞նչ գործ ունի քերականությունն այս գրավոր արտադրանքում,- հարցնում է մակուկաչուն չորրորդ տեքստին:

– ի՞նչ ավանդույթի հետ է առնչվում այս տեքստը,- հարցնում է մակուկաչուն հինգերորդ տեքստին:

– արդյո՞ք այս տեքստը լեզվի բանտից ազատագրվելու արարք է, ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ինչու՞: նրա տեղը լեզվի բանտի ներսու՞մ է, թե՞ ուրիշ տեղ,- հարցնում է մակուկաչուն վեցերորդ տեքստին:

– որո՞նք են այս տեքստում այն բառերը, որոնք հանդես են գալիս որպես բառ և ոչ որպես անվանվող երևույթի վերապատկերում,- հարցնում է մակուկաչուն յոթերորդ տեքստին:

– ո՞րն է այս տեքստի մակերեսը,- հարցնում է մակուկաչուն ութերորդ տեքստին:

– ի՞նչ նոր հնարավորություն է ստեղծում այս տեքստը, ստեղծու՞մ է, թե՞ ոչ, ինչու՞,- հարցնում է մակուկաչուն իններորդ տեքստին:

– ոչ թե ի՞նչ է, այլ ի՞նչ է անում այս տեքստը, – հարցնում է մակուկաչուն տասներորդ տեքստին:


[1] «admettons que la littérature commence au moment où la littérature devient une question. cette question ne se confond pas avec les doutes ou les scrupules de l’écrivain. s’il arrive à celui-ci de s’interroger en écrivant, cela le regarde ; qu’il soit absorbé par ce qu’il écrit et indifférent à la possibilité de l’écrire, que même il ne songe à rien, c’est son droit et c’est son bonheur. mais ceci reste : une fois la page écrite, est présente dans cette page la question qui, peut-être à son insu, n’a cessé d’interroger l’écrivain tandis qu’il écrivait ; et maintenant, au sein de l’œuvre, attendant l’approche d’un lecteur – de n’importe quel lecteur, profond ou vain – repose silencieusement la même interrogation, adressée au langage, derrière l’homme qui écrit et lit, par le langage devenu littérature.»

[2] փորձագրություն- փորձարարական գր \ական\ ություն

[3] անցնելու տեղ. ճանապարհ, դուռ, ծակ:

[4] մակուկաչուն համոզված է, որ նման բառ գոյություն չունի:

[5] ֆրանսերեն  genre բառից, որ նշանակում է ճահիճ, քարացած ձև, կարծրատիպ, անշարժություն:

[6] ժամանակակիցը ոչ թե այսօրեականն է, այլ  դուրս լինելը այն ժամանակից, երբ ապրում ես, դուրս լինելը  հիմնական հայտարարված ժամանակային միտումներից: ժամանակակիցը ոչ թե առկա  հնարավորությունների օգտագործումն է, այլ նոր հնարավորություններ ստեղծելու կարողությունը: ժամանակակիցը կենսունակության, շարժման, լարման ու հարցի հոմանիշն է:

Show Comments Hide Comments

One thought on մակուկաչու

  1. […] պոեմին: Հաղորդման անունը վերցված է Անի Ասատրյանի Մակուկաչու պատմվածքից։ հաղորդմանը մասնակցում են բանաստեղծ […]

Leave a Reply

Your email address will not be published.