Երբ քրոջս դուրս գրեցին գժանոցից, նա եկավ ինձ հետ ապրելու իմ կիսաթեք ու ավիրվող երկսենյականոց տանը, որը գնել էի այն չնչին գումարով, որ ժառանգել էի, երբ մահացան մեր ծնողներս: Նա ժամանեց մի օր կեսօրին, տաքսիով, առանց նախօրոք զգուշացնելու: Պետք է որ նա բնազդաբար զգացած լիներ, որ ես իրեն կընդունեի: Չգիտեմ՝ ինչպես և ինչու էին նրան դուրս գրել: Միգուցե պատճառը գժանոցի գերծանրաբեռնվածությունն էր, ու նրան ստիպել էին խզբզել իր անունը փաստաթղթերի վրա ու հետո շպրտել էին դուրս: Կամ գուցե նա պարզապես փախել էր, երբ ուշադիր չէին եղել (ո՞նց է հնարավոր նման վայրում ուշադիր լինել), ամեն դեպքում, նա երբեք դրա մասին չէր խոսում, ես էլ չէի հարցնում: Այնքան երջանիկ էի, որ նորից միասին ենք լինելու, որ ի վիճակի չէի թույլ տալ իրականությանը ներխուժել այդ կախարդանքի մեջ: Այն օրվանից, երբ նրան տարան, երբ նա հեկեկալով ու ծիծաղելով փորձում էր ձգվել-հասնել ինձ՝ ձեռքերը պարզած, որոնց վրայից կարմիր ձեռնոցների նման դեռևս հոսում էր մեր ծնողների արյունը, ես ինձ անդամահատ էի զգում, ասես նրան գոռալով դուրս էին քաշել իմ սեփական աղիքներից:

Տունս գտնվում էր մայրուղու կողքին, մի խումբ ուղղանկյունների մեջ, որոնք ուղիղ շարքով տեղավորված էին Լոս Անջելեսի օդանավակայանի թռիչքային ուղու մոտ: Ուղղանկյունների վերին հատվածում գտնվում էին բնակելի տները, որոնք տեղադրված էին ավտոտնակներից վերև: Ավտոտնակներում արձագանքում էր բարձրացող ու վայրէջք կատարող ինքնաթիռների անդադար ու անողոք ոռնոցը, որը խուլ բլթբլթոց էր հիշեցնում հին ու փխրուն պատերի ներսում, ու անցնելով փայտե հատակին, դառնում էր ցածր հաճախականությամբ ձայնային ալիք:

Մինչ քրոջս՝ ինձ մոտ տեղափոխվելը, ես ժամերով մերկ կանգնում էի սենյակի կենտրոնում՝ նրա մասին երազելով ու զգալով, թե ինչպես է տունը ճոճվում ու տատանվում, ու այդ զգացողությունը բարձրանում էր բոբիկ ոտնաթաթերիցս ու անցնում ոսկորներիս, ասես մարմինս փուչ զանգ լիներ, որը լարված էր ու ցնցվում էր կատարյալ հարմոնիայի մեջ այն հաճախականություններից, որոնք ինձ էին հասնում դրսի աշխարհից: Արյունս մռռում էր հաճույքից: Քույրս երգում էր իմ ներսում, կանչում էր ինձ հեռվում գտնվող իր խցից՝ ներելով ինձ իմ գաղտնիքներն ու մաքրելով գիտակցությունս: Բայց օդն իմ տանը, ինչպես նաև իմ մարմնի ներսում, նեխած էր, ասես ես իմ մարմնի ծակոտիներից կեղև էի տալիս, ու կծկվում էի դրա ներսում՝ փտելով ու քայքայվելով, ու խղճալով ինքս ինձ այն բանի համար, որ չէի կարող քրոջս կողքին լինել:

Ես էլ ընդհանրապես դուրս չէի գալիս տանից, միայն ալկոհոլ ու միս գնելու համար: Հարբում էի, կորցնում կապն ինքս իմ հետ, հում միս էի ուտում՝ ձևացնելով, թե այն քույրս է, տնկում էի նրա մարմինը ստամոքսումս, որ նա աճեր իմ ներսում ու ապրեր իմ մեջ քաղցկեղի նման: Երբ նրան տարան գժանոց, իմ սեփական կյանքն անմիջապես սկսեց դուրս գալ մարմնիցս: Երբ դուրս եկա դատարանից ու կանգնեցի Լոս Անջելեսի թունավոր արևի տակ, զգացի, թե լույսն ինչպես է անցնում աչքերիցս դեպի գանգիս ներս՝ առանց ֆիլտրացվելու, ուղեղիս կենտրոնում առաջացնելով աճող ուռուցք: Ուռուցքը նման էր վարդի, որի թերթիկներն ածելու պես սուր էին: Ամեն մի նոր մտքի հետ մի թերթիկ սկսում էր ոլորվելով անջատվել ծաղկից ու ոլորաններ բացել ուղեղիս ծալքերում՝ գիտակցությանս լայն հատվածներ դանդաղ հեռացնելով:

Ես նրան երեք տարի չէի տեսել, երբ եկավ: Ամռան կեսն էր: Դեղին մրի շարունակական փսխուք էր թափվում տների վրա վերևի մայրուղուց՝ վառելով մաշկս ու աչքերս, ու գունավորելով շրջապատը ոսկեգույն խալերով, որոնք շնաձկան կաշվի պես շողշողում էին արևի տակ: Շոգը փարվում էր սմոգի հետ: Այն ամեն շնչի հետ ծանր ու ցավոտ իջնում էր կրծքավանդակովս՝ հեղեղելով մարմինս թունավոր նյութերով: Ես մի քիչ հարբած էի, նստել էի տանը՝ լուսերն անջատած ու վարագույրները փակ, քրտնում էի: Նայում էի հեռուստացույցի դատարկ էկրանին, որում արտացոլվում էր ծխախոտն ու պատկերացնում էի, որ սավառնող կարմիր ածուխի կետը ես եմ, ու ապրում եմ ապակուց այն կողմ, խողովակների ու էլեկտրոնիկայի տաղտկալի աշխարհում:

Մայրուղուց լսվեց տաքսու ազդանշանի ձայնը: Դուրս նայեցի պատուհանից, և տեսա նրան ուղիղ նստած մեքենայի հետևի նստատեղին, շփոթված շուրջը նայելիս, անվստահ, թե ինչ էր կատարվելու հետո, միգուցե նաև անվստահ, թե արդյոք ճիշտ հասցեով է եկել: Նա կծկվեց նստատեղին, ասես այն կենդանի մարմին էր, ու ինքը փորձում էր ազատվել դրա ճանկերից: Թվում էր, թե մոռացել է, որ կարող է պարզապես բացել դուռն ու դուրս գալ: Նրա մազերը յուղոտ էին, գլխին էին կպել ու այնպես էին փայլում, որ թվում էր, թե նա հենց նոր է դուրս եկել լոգարանից: Նա պոկեց մազափունջը, որը կպել էր ճակատին՝ քաշելով այն սուր եղունգներով մատներով, ասես իր մազերը երկար սև որդեր լինեին, որոնց չէր ուզում դիպչել: Բայց ինձ համար նա գեղեցիկ էր: Վիզը ձգված բարձր ու նրբագեղ, կարապի նման, ճիշտ ինչպես մեր մոր վիզը, մինչ քույրս այն կկտրեր: Այն ավարտվում էր դեմքով, որն ասես փափուկ օվալ քանդակ լիներ՝ փայլուն պատվանդանի վրա: Դա մի բարձրագույն, ընտրյալ էակի դեմք էր, այնքան սև աչքերով, որոնք այնքան լի էին դաժանությամբ ու անգութ խելքով, որ երբ հիմա նայում էի նրան, հասկանում էի, որ միշտ էլ իրեն ինձ մոտ եմ զգացել,  ինչպես մի կտրտված, միաչափ ֆիգուր, ու երկրորդ ստվերն էր պլոկվում նրա ուրվագծից, որը նա թողնում էր աշխարհի վրա:

Վարորդը նորից հնչեցրեց ազդանշանն ու ձանձրացած նայեց պատուհանից երևացող իրարից անջատված վարագույրների ճեղքին: Բայց ես կանգնել էի հիպնոսացած, նայում էի, թե ինչպես էր դողում քրոջս ներքևի շուրթը, ճիշտ այնպես, ինչպես տպավորվել էր հիշողությանս մեջ, երբ մենք մերկ պառկում էինք նրա անկողնու զով սավաններին, իր սենյակում փակված, երբ մեր ծնողները քնած էին, ու շոյում էինք մեկս մյուսի էլեկտրականացած մաշկը սիրամարգի փետուրներով, որոնք գտել էինք տան հետնաբակից այն կողմ գտնվող դաշտերից: Այն ժամանակ նրա շուրթը դառնում էր դողդողացող կենդանի, ու նա ինձ սովորեցնում էր, թե ոնց կծեմ այն, խաղամ հետն ու տանջեմ, ասես ես գիշատիչ լինեի, իսկ նրա շուրթն՝ իմ զոհը:

Ես, երջանկությունից թմրած, վազեցի աստիճաններով ցած: Մեր համատեղ կյանքի հիշողությունները սառեցին, ապա ձվի նման կոտրվեցին կոկորդումս, քրոջս անօգնական վիճակը տարածվեց ներսումս ու ինձ ուժ տվեց: Գրպաններս քչփորեցի՝ վարորդին վճարելու համար: Քույրս դուրս եկավ մեքենայից՝ ըմբոստ բարձրացնելով հայացքը դեպի արևը, ասես ասեր՝ հապա փորձիր ինձ տապալել շոգի ու սմոգի ալիքով: Նա կանգնած դողում էր՝ հագին գժանոցի խալաթն ու հողաթափերը: Նրա ոտերից մեկը մանրակրկիտ սափրած էր, ու փայլում էր կրեմից՝ գունատ վարդագույն մարմարի նման արտացոլելով արևի լույսը: Իսկ մյուս ոտը նման էր ինչ-որ հանածոյի, որը քայքայվել էր՝ կեղտի մեջ թաղված մնալուց: Այն դուրս էր ցցվել լույսի դիմաց, խալաթի տակից, կապիկի թաթի պես, որը սողոսկել էր մութ անձավից դուրս: Այն պատված էր կոշտ մազածածկույթով, որն ավարտվում էր նրա կրունկի նուրբ ոսկորների մոտ, ասես դրանց տակով վազող արյունը չափազանց քիչ լիներ՝ այնտեղ ևս բուսականություն աճեցնելու համար: Մազածածկույթի տակի մաշկը նման էր սողունի նեխած որջի, որը ճերմակ թեփուկների բծեր էր սփռել, որոնք կառչել էին մազերից ու շողշողում էին արևի տակ շաղ տված մարգարտահատիկների պես:

Նա առաջ թեքվեց ու համբուրեց այտս: Շուրթերը սառն էին ու թաց: Ես թուլություն զգացի: Ինչ-որ նեխած հոտ զգացի նրա խալաթի տակից, որը նման էր իմ ներքին նեխման հոտին: Երբ նա շուրթերը հեռացրեց, նրա թքի արծաթե մի թել միացրեց մեզ՝ մեր մաշկն իրար միացնող նուրբ կիսաթափանցիկ նյարդի նման: Այն շարժվում էր տապից, որը բարձրանում էր ճերմակ մայրուղուց: Զգացի, թե ինչպես է նրա սերը բաբախում հեղուկ լարի միջով դեպի գիտակցությունս՝ ինձ գաղտնիքներ պատմելով ու ներարկելով ինձ իր միայնությունը:

Նրա խալաթը մի քիչ բացվել էր դողալուց: Մի կուրծքը բացվել էր՝ արևի տակ երևալով ուռուցիկ ու խոցելի: Տաքսու վարորդն այն նկատեց, բայց ձևացրեց, թե չի տեսել, ու ես էլ մի պահ էդպես վարվեցի՝ զգալով նրա ճկուն պտուկն ատամներիս արանքում, ծծելով ու ներս քաշելով քաղցր, բուժիչ կաթը: Վերջապես վճարեցի կեղտոտ այլանդակին ու ասացի, որ կորչի իմ տրածքից: Ծածկեցի քրոջս խալաթի բաց մասն ու օգնեցի, որ աստիճանները բարձրանա:

Մենք կանգնել էին դռան դիմաց, հենվել էինք փայտե փտած բազրիքին ու նայում էինք մայրուղուն: Մշուշը նմանվել էր շագանակագույն արյան հաստ շղարշի: Ես նրան գրկել էի: Երկինքը ծածկոցի նման ճնշում էր մեզ, ու չէր շփռվում տարածության մեջ, այլ ձայների ու գոլորշու միջից կախված էր մնում մեզ վրա: Օդը քաղցր սիրոպի նման կպչում էր մեր դեմքին: Օդանավերի որովայններն այնքան մոտ էին թռչում մեր գլխից, որ թվում էր, թե հսկայական նավերի ներքնամասն ենք տեսնում ջրի տակից: Երբ նրանք թռչում էին մեր գլխավերևում՝ ցնցելով ու դողացնելով տունը, մենք տեսնում էինք ուղևորներին, որոնք զարմացած ցած էին նայում, ասես մենք փոքրացած մանեկեններ լինեինք՝ լայնարձակ ատրակցիոնների այգում:

Ես ձեռքս պարզեցի դեպի մայրուղին: Նա հայացքով հետևեց ձեռքիս: Մայրուղին մեզ հետ նույն բարձրության վրա էր գտնվում, այնքան մոտ, որ ես գրեթե կարող էի դիպչել բազրիքին: Բայց վարորդներն իրենց մեքենաներում, ամուր փակված զով տարածքում, պատուհաններից այն կողմ, ճամփորդում էին իրենց պարկուճներում՝ մեկ այլ աշխարհի միջով, ամբողջությամբ կտրված իրականությունից, ասես մեզ նրանցից ակվարիումի ապակե պատեր բաժանեին:

Նա գլուխը հենել էր ուսիս ու նայում էր: Նրա արցունքները թրջում էին վերնաշապիկս ու ածխաթթվի նման վառում մաշկս: Ես համբուրեցի նրա խոնավ ճակատն ու նկատեցի, թե ինչպես է հայացքը հետ ու առաջ գնում անցնող մեքենաների հետ: Նա փորձում էր յուրաքանչյուր վարորդի հայացքը բռնել, երբ նրանք անցնում էին մեր կողքով: Կենտրոնացված ատելության շիթեր էին թռչում նրա աչքերից, երբ փորձում էր կապ հաստատել նրանց անպաշտպան գիտակցության հետ: Եթե մեկնումեկը տեսներ նրա հայացքը, քույրս անմիջապես կեռացներ նրանց աչքերի հետևում գտնվող մոխրագույն սպունգը: Բայց ոչ ոք մեզ չէր նայում: Մայրուղուց այն կողմ աշխարհն անտեսանելի էր:

Տան ներսում մութ էր: Երբ մեր աչքերը սովորեցին լույսի բացակայությանը, սենյակի դետալները սկսեցին հայտնվել մթության միջից դանդաղորեն առաջ գալով՝ մառախուղի միջից մոտեցող հուշերի նման: Նա կանգնել էր սենյակի կենտրոնում ու շրջանաձև պտտվում էր՝ մատները պարզած դեպի վեր, օդ որսալով, վհուկի նման, ով հմայում էր թաքնված մի աշխարհ, իմ էությունն իր մեջ կլանելով՝ մատների ծայրերին բացված բերաններով: Աստիճանաբար, նրա բացակայությունից առաջացած իմ թուլությունը բացահայտվեց երկուսիս համար էլ: Մարմինների փուչ պատիճները, որոնք ես սփռել էի, կախվել էին առաստաղի հեծաններից, ծորում էին հատակին ամբողջ տնով մեկ՝ հալչելով տապի ու մթության մեջ ու լցնելով օդն իրենց նեխումով, ինչպես շուշանները, որոնք թոշնում են թարախածոր պարտեզում:

Քույրս խալաթը գցեց գետնին: Նրա մարմինը դուրս եկավ դրա միջից բազմագույն, ասես գիշերային ծաղիկ, որը ձգվում է դեպի լուսինը: Նա մերկ պարում էր ուտելիքի մնացորդների, աղբի ու գարեջրի շշերի արանքում, ասես անցնելիս լիներ փրփրալի կարմիր ծովի ալիքներով: Նրա մարմնի ներսի բույրը դուրս եկավ մաշկից ու տարածվեց սենյակի փակ օդում՝ աստիճանաբար շատանալով ու իմ թախծի հոտը փոխարինելով իր ներքին բուժիչ բույրով՝ մի բույր, որն այնքան մոտ էր իմ սեփական մարմնի հոտին, որ ես արբեցա դրանով, ինչպես միջատներն են արբենում իրենց թագուհու բույրից: Նրա դեմքը լույս էր ճառագում, ինչպես մի կախարդական ակնագունդ, որն իր շրջապատից վերցնում է լույսն ու ջերմությունը: Իմ մարմնի էներգիան նույնպես հոսում էր դեպի նրա աչքերը: Նա թևերը պարզեց ու պարուրեց ինձ մի համբույրով, որը և՛ դատարկեց ինձ, և՛ լցրեց մի այնպիսի ջերմությամբ, որ ինձ թվաց, թե նա իր կյանքն է լցնում իմ մեջ: Նրա լեզուն նման էր թավշե մտրակի, որը թափառում էր բերանումս, հետո իջնում ներքև՝ կոկորդովս, որտեղ բույն էր դնում, որ ապրեր:

Նա արձակեց շալվարս, շշնջալով այն նույն երգն ականջիս, որը երգում էր, երբ մենք դեռ երեխա էինք, ասես այն մի գաղտնի ողջույնի կանչ լիներ, վաղուց մոռացված: Իմ մերկ էրեկցիան այրվում էր նրա փորի սառը, յուղոտ մաշկի վրա: Ես ավելի գրգռվեցի նրա ուժից: Նա սկսեց ինձ ձեռք տալ ու շոյել: Երբ տաք, ճերմակ հեղուկը դուրս ցայտեց, նա հավաքեց այն երկու ձեռքով ու սկսեց ուղղել որովայնից դեպի կրծքերը, վիզն ու դեմքը՝ ինքն իրեն փակելով մաշկի երկրորդ կեղևի մեջ, անարև անտառում կախված բոժոժի պես:

Մենք մեր տան դռները ներսից մեխեցինք: Նա ապրում է այն մսով ու արյունով, որ աճում է ամենուր, մեր շուրջը: Արևի շողերը մեզի նման ներս են ընկնում փակ վարագույրների միջով: Նա քարշ է գալիս ու սողում է իմ փորոտիքում՝ վնասելով ինձ: Ես կամազուրկ օբյեկտ եմ, բայց կենդանանում եմ նրա հպումից: Ամեն անգամ, երբ նա պրծնում է, ինձանից ավելի քիչ բան է մնում մարմնումս: Շուտով ես կդատարկվեմ, կմնա կախված մաշկի մեռած խեցին, ինչպես մնացածներինը: Երթևեկության ու գլխավերևում անցնող ինքնաթիռների ձայները խփվում են պատերին ու լցնում տան ներսը հաճույքով: Գիշերելով աշխարհի ծոցում՝ մենք պրծնում ենք, երբ նա ճչում է: Ես շարժվում եմ նրա ներսում, ու ինձ լավ է: Ես աշխույժ եմ ու լցված եմ սիրով, կազմալուծվում եմ՝ շնչի նման, որը տարածվում է սառը օդում՝ սավառնելով: Քույրս ներքաշում է ինձ իր մարմնի մեջ՝ ինձ մարսելով:

Թարգմանեց Լիլիթ Հակոբյանը

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *