«Լուսահոգի հայրս` Ժորժ Ադամյանը, գրող էր ու լրագրող, եւ հեռացել էր այնպիսի հայկական գետտոյից, ինչպիսին Բեյրութն էր: Հեռացել էր, որովհետեւ ընտանիքը պահելու համար աշխատանք էր պետք, նաեւ լեզվական հարցեր ուներ: Արեւմտահայերենը նրա առաջին լեզուն էր, իսկ անգլերենն այդպես էլ կարգին չսովորեց, որ վարժ գրել կարողանար (չնայած խոսում էր նաեւ ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն, քրդերեն ու արեւելահայերեն) – եւ, ինչ խոսք, կլացեր, ինձ թվում է, եթե գործս Հայաստանում հրապարակված տեսներ: Բայց, արի ու տես, որ գործս նրան լացել կստիպեր միայն այն պարզ պատճառով, որ կվրդովեր նրան…»:

*

Սուրբ

Փեթի Սմիթին

*

Սուրբ է գետինը, որ քայլում ես վրայով:

Սուրբ են Երկիրն ու երկինքը, սուրբ է ջուրը, որ խմում ես, սուրբ է օդը, որ շնչում ես

Սուրբ են բանաստեղծը, երգիչը ու պատկերներ արարողը

Սուրբ են Փեթին, Ռոբերտը, Սիլվիան ու Ալենը

Սուրբ է գիշերը, սուրբ է ցերեկը, սուրբ է զեփյուռը

Սուրբ են իմ վախն ու իմ թափը

Սուրբ է ծաղրը հոգեհան

Որ քայլում է դանդաղ կոնքերի շորորով ու բերանի մեղկ ծամածռությամբ

Սուրբ է մորս համբույրը այտիս, սուրբ են աչքերը նրա, մաշկը նրա, ծիծաղը նրա սուրբ է

Սուրբ է չերոկիների, իրոքեզների, չաքթաների ու սիուների հողը

Սուրբ են կորսված տասներկու վիլայեթները մեր` Սուրբ Վանը, Սուրբ Էրզրումը, Սուրբ Դիարբեքիրը, Սուրբ Մուշը, Սուրբ Ադանան

Սուրբ է քաղաքը Նյու Յորք, Փարիզը, Կոստանդնուպոլիսը

Սուրբ են Լոնդոնն ու Բեյրութը, Սուրբ Սոհոն, Սուրբ Թրայբեքան ու Քոբլ Հիլը

Սուրբ Մեքքան, Սուրբ Գանգեսը, Սուրբ Էջմիածինն ու Երուսաղեմը

Սուրբ է Վաշինգտոն Հայթսը, որ մեր ազատության ճամփաներն է հսկում

Սուրբ են միլիոնավոր գեյ կլիրները, որ բերան ու ծակ են ճեղքում ամեն օր

Սուրբ է խրածս առաջին տղան, ձեռնածս առաջին կուրծքը, ծծածս հեշտոցը առաջին

Սուրբ է նիհար շեկ տղան, որ առաջին անգամ շեքս մխրճվեց ու ներսս քանդեց շորե տիկնիկի պես սուրբ

Սուրբ են կոնքերը, որ դոփում էին վրաս, սուրբ ձվան պարկը` օդում ծափծափող, սուրբ է բերանը, որ հանգեցնում էր Քրիստոսի զոհաբերության

Սուրբ են մազերը, որ բացում-թաքցնում էին եղնաչյա չարը, գեղեցիկն աստվածատես

Սուրբ է տաք սերմը, որ ցայտում էր ծակին` ջուր ու օդ ժայթքող

Սուրբ է իմ խոռոչն ու սուրբ է քոնը

Սուրբ են աչքերդ, որ իմ աչքերում համտես են անում արտացոլանքդ

Սուրբ Ռումին, Սուրբ Շեքսպիրը, Սուրբ Պրուստը, Սուրբ Ուայլդն ու Սուրբ Ինտրան

Սուրբ ռուբայաթները, Սուրբ Աստվածաշունչը, Սուրբ Ղուրանը, Սուրբ Թորան, Սուրբ Կամասուտրան

Սուրբ կրկնակի խրոցին, սուրբ մերաքունը, սուրբ ձիաչափ կոթը ու սուրբ ծծերը, որ կաթ են ժայթքում սուրբ խեռ սուրբ խեռ սուրբ խեռ

Սուրբ է ասեղը, որ խրվում է թեւի մեջ, սուրբ է ծուխը, որ լողում է օդում, սուրբ են դեղերը, որ ճամփորդում են երակիդ միջով սուրբ ծխելիք սուրբ ծխած

Սուրբ դրախտ ու սուրբ դժոխք

Սուրբ է Աստված, որ չկա: Սուրբ է ծակդ, ու սուրբ է հոգիդ:

Սուրբ է Աստված, որ չկա: Սուրբ է ծակդ, ու սուրբ է հոգիդ:

Սուրբ է մայրական համբույրը, սուրբ է երանությունն հեշտանքի

Սուրբ

*

Լյուքին

(Ում հետ շատ հաճախ անտեղի թարսվել եմ)

Ինձ խնդրեցիր քեզ համար էրոտիկա գրել,

Բայց ես մերժեցի:

Ինձ խնդրեցիր հասնել բերանիդ խորքն ու համբուրել օրհնված

Լեզուդ,

Բայց ես մերժեցի:

Մի ծաղիկի պես,

Ում թերթերը

Բացվում են

Մեկ

առ

Մեկ

Անասելի կարոտ էր սիրտս բացվելու

Քեզ համար:

Բայց վախը, սերերն անցած ու կորուստներից դեռ մխացող

Միտքը (մայր, հայր, սիրեցյալ)

Պինդ փակված էր պահում

Թերթը թերթի վրա,

Մինչեւ ծաղիկը թառամեց

… ու մեռա՞վ:

Դու վարդն էիր ծաղիկներից,

Ու քեզ ավելին էր վայել:

Սակայն սիրտս էլի կարոտ է քեզ`

Պատրաստ նորից բացվելու

Սրբագործված մի օր, մի տեղ`

Հույսի մարելուն անտարբեր:

*

Հրաժարվում եմ հայերեն խոսել

(նվիրվում է Շավարշ Նարդունուն)

Հրաժարվում եմ հայերեն խոսել կատվի հետ,

Որ հածում է

Երազներիս մեջ`

Ցնորված լուսնոտի նման:

*

Հրաժարվում եմ հայերեն խոսել կատվի հետ

Ես, ով երբեք չի մոռանա իր մայրենի լեզուն,

Քանզի երբեք էլ այն չի իմացել:

*

Հրաժարվում եմ հայերեն խոսել կատվի հետ,

Որ հածում է

Երազներիս մեջ`

Ցնորված լուսնոտի նման:

*

Ու ոչ հույն հոգեբույժը,

Ոչ էլ դահիճը թուրք

Ինձ հայերեն խոսել կստիպեն:

*

Դրա տեղակ կզարթնեմ

Ամառվա մի արեւոտ առավոտ

Ու կբռնեմ ձեռքդ, մեծ մայրիկ,

Ինչպես սիրում էի անել:

*

Հրաժարվում եմ հայերեն խոսել կատվի հետ,

Որ հածում է

Երազներիս մեջ`

Ցնորված լուսնոտի նման:

*

Ձեռքդ կբռնեմ, մեծ մայրիկ,

Ու մենք միասին կերգենք`

Հատելով մեր նախնյաց հովիտները:

*

Դու ինձ անունս կհարցնես,

Ու ես կպատասխանեմ հայերեն:

*

Երեք իմաստուն. սպանություն 187-րդ փողոցի վրա[1]

(Սուրբծննդյան ինչպիսի՜ նվեր 1933-ի դեկտեմբերին…)

Ա՜խ, սպանել են եպիսկոպոսին:

Սուրբ էր, մարդն էր Աստծո,

Մեր հոտի առաջնորդն էր,-

Առաջին այս խոսողը ռամկավարն էր:

*

Ո՜ւխ, սպանել են եպիսկոպոսին:

Արժանի էր: Տականքը մատնել էր Կոմիտասին

Թուրքական գաղտնի բանակին, Զմյուռնիան բոցերի մեջ թողել,-

Երկրորդ այս խոսողը դաշնակն էր:

*

Է՜խ, սպանել են եպիսկոպոսին:

Բա ո՞վ է կնոջս հետ քնելու իմ փոխարեն,

Երբ անկողնում հոգնած լինեմ,-

Երրորդ այս խոսողը կուսակցություն չուներ:

*

Լավ է` զոհասեղանը լվանաք

Սուրբ Խաչ եկեղեցու` Վաշինգտոն Հայթսում.

Ինչքան գործած մեղքեր, այնքան հեղված արյուն:

*

Haredim[2]

Ուղղահավատներին հարցնում եմ` գիտե՞ք արդյոք

Որտեղ կարելի է գտնել տեղի Սթարբաքսը

Եւ.

Բերաններ, որ չեն (Ընդունելու ինձ, սեղմում են շրթունքները, լռում են)

Գլխարկներ, որ չեն

(Բացելու գլուխը երկնքի առաջ, մնում են անշարժ)

Փեշեր, որ չեն

(Համբուրելու գետինը, քսվում են իրար)

Ձեռքեր, որ չեն

(Դիպչելու հարամին, նահանջում են)

Ուրբաթ ժամը 5-ն է

Շուտով մարելու են լույսերն ու

Քաշվեն իրենց մոմավառ սենյակները

Կրոնը, որ լույս էր ուզում բերել

Մի ժամանակ,

Խավար է տարածում փոխարենը:

*

Անտառում

Ն.Ս.-ին

I

Ու մտնում եմ անտառ

Շատ ավելի արագ շատ ավելի դանդաղ

Երբ կանաչը փոխվում է կարմիրի

Քայլում եմ երկայնքով գետի

Ծառերը դառնում են փերիներ

Ծածանելով բարձրանիստ բներ

Հորդաներ իրար դեմ պայքարող

Սիրահարներ իրար փայփայող

Իմ աշխարհի պատմությունն անընդմեջ

Պատմվում է` ինչպես պատահեց

Առավոտ վաղ ու մութ գիշերով

Նահատակի պես մտնում եմ լույսի մեջ:

II

Անտառ եմ ոտք դնում

Ու այնքան եմ տրտում

Որ չգիտեմ ինչպես իմ ժողովրդին փրկել

Ինչպես աղոթք ասել

Կիլիկիայից ու Լիբանանյան լեռներից եկած

Փախստականներ ամեն տեղ:

Րիվրսայդ Դրայվի վրա նրանց մասին եմ մտածում

Մինչ ուղղափառ միանձնուհին փեշն է ճղում:

III

Ու մտնում եմ անտառ

Լցված հույսով լցված թմրաբույսով

Արագ չեմ գնալու դանդաղ չեմ գնալու

Գնալու եմ այնպես ինչպես սիրտս է տանելու:

Մեկն եմ ով շատ բան չգիտե

Մատանիքս եմ խթում արծաթե –

Վենսենն ինչքա՞ն – 3000 մղոնի չափ հեռու կլնի՞

Բայց դե էլի

Սարաֆյանի մասին եմ մտածում

Գիշեր ու զօր:

*

Ես անտառ եմ մտնում

Ու այս պահին սքանչորեն տեղում է ձյուն:


[1] 1933-ի դեկտեմբերի 24-ին դաշնակցական երիտասարդների մի խումբ Նյու Յորքի Սուրբ Խաչ եկեղեցում սպանում է արքեպիսկոպոս Ղեւոնդ Դուրյանին, ով նույն տարվա հուլիսի 1-ին Չիկագոյում Հայկական օրվա տոնակատարության ժամանակ հրաժարվել էր բեմ բարձրանալ` մինչեւ բեմից չհեռացվեր հայկական եռագույնը: Պատճառը վախն էր Սովետական իշխանություններից ու Էջմիածնի վարած քաղաքականությանը ենթարկվելու ցանկությունը: (Ծ.թ.):

[2] Օրթոդոքս հրեաներ, որ հակադրվում են սիոնիզմին, մերժում են ժամանակակից աշխարհիկ մշակույթը, դեմ են Իսրայել պետությանը ու հրաժարվում են ծառայել այդ պետության բանակում: Տղամարդիկ հագնում են սեւ կոստյումներ, կրում են սեւ լայնեզր գլխարկներ ու երկար խոպոպներ, կանայք` գլխաշորեր ու երկար շրջազգեստներ: (Ծ.թ.):

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *