Ծանոթ մարդիկ պանդոկում

Ծանոթ մարդը աջից։ Նայի առաջ, նայի առաջ։ Միայն ճամփան եմ տեսնում, միայն ջուրը։ Հալված ձնից։ Ինչքան ա խորը, փորձի։ Ոչ էնքան խորը, ինչքան մտածում էի։ Նայի առաջ, ծանոթ մարդն արդեն հետևում։ Շատ լավ ա… Լրիվ մենակ իմ անունը շատ լավ ա։

Մի հատ էլ քայլեմ էս փողոցով։ Մյուզիքը լավ ա, ունքերս ուղիղ են, ու քիչ քնելը նույնպես լավ ա։

Էլի քայլի։ Էս փողոցով, հետո թեքվի աջ, ու մյուսով, նայի վերև՝ տես բիլբորդը, հետաքրքիր ա, իրական տեսք ունի։ Էլի քայլի, պանդոկը աջից ա։ Էսօր շատ մարդ կա։ Բոլորի հետ խոսալու եմ։

– Ո՞նց ես:

– Լավ:

– Մի ժամից են չէ՞ նվագում:

– Հա:

Գնաց, շուռ եկավ, արագ գնաց։ Շատ կոպի՞տ էի։ Երևի շատ արագ եմ խոսում։ Զգույշ եղի, զգույշ եղի։ Ինչ մտածեց։ Գնամ, նստեմ սեղանների միջև դատարկ աթոռին։ Էլի եկավ… Չգիտեի, որ ստեղ Էր նստած։

– Բա ինչո՞վ ես զբաղվում:

– Օպերայում եմ աշխատում:

– Ինչ ես անում էդտեղ:

– Կանգնած եմ։ Լույսերի վրա:

– Լավ ա…Կօգնեի՞ր, եթե ուզենայի մի բան նկարել օպերայի վերևից:

– Չգիտեմ:

– Կարա՞ս ծանոթացնես ինձ մեկի հետ, ում հետ կարամ խոսամ դրա մասին:

– Հա:

– Գիտե՞ս տենց մարդ:

– Հա:

– Կծանոթացնե՞ս հետը:

– Հա:

Ճամփով գնում, մտնում եմ սիրուն կլոր շենքը, վերև, դեպի վերև՝ լույս տալու, ես եմ լույսը։ Ծանոթացրու լավ Պետրոսյանի հետ։ Ոնց-որ թե ես ուղղակի ուզում եմ ծանոթացնեմ, ես չեմ օգտագործում աշխատանքային դիրքս։ Օգտագործում եմ մենակ, որ լույս տամ։ Լավ… Ծանոթացրու Պետրոսյանի հետ, աղջիկը բարձրանում ա մարմարի վրա, նայում պատուհանից դուրս ու տեսնում մարդկանց՝ շատ, ինչքան որ օպերայի հրապարակն ա, ազատության հրապարակը։ Որովհետև մենք բոլորս ազատ ենք։

Հա պանդոկը։ Բարև։ Ժպտա։ Իրանք ջահել են ու իմ շուրջը անմակարդակ միջավայր են ստեղծում։ Չէ, Էլ ոչ մի հիվանդ բան։ Հիվանդ, ես հիվանդ չեմ։ Ուղղակի սենց մարդ եմ, որ սիրում ա հանգիստ իրա համար նստել լռության մեջ։ Ես ունեմ իմաստուն լռություն, շատ խելացի։ Ծիծաղում ա։ Հա, դու ինձնից խելացի ես։

Անցնում եք ստեղով, ոնց որ ուղղահայաց օձեր լինեք, օձեր, ոնց որ Նոկիայի խաղի օձեր։ Կոճակը ավելի ուժեղ սեղմի, էս օձին սենյակից դուրս հանի։ Մի քիչ էլ, մի քիչ էլ… Ապրես՜։ Կարացա։ Հիմա օձը դիմացի սենյակում ա։ Պիվա ա խմում, խմում ա Էլվիսի հետ։ Էս Էլվիսն ով ա… Բայց ես իմ հանգիստ, լուռ, իմաստուն մարդն եմ ու չեմ անհանգստացնում ինձ, չէ-չէ։

Լավն ա էս մյուզիքը… Երբ կիթառի ձայնը դուրդ գալիս ա, կիթառն ա՞ դուրդ գալիս, թե՞ կիթառ նվագողը։ Ինձ Ջիմին ա դուր գալիս, ու իրա ընկերուհին էն կինոյից։ Սիրուն ա։ Էնքան սիրուն ա էն պատմությունը, երբ ինքը գնում ա Մայլսի մոտ, հետո հանվում ու իրան ասում ա, որ Ջիմին իրան դավաճանում ա Մայլսի ընկերուհու հետ։ Մայլսը հեչ չզարմացած սուրճ ա առաջարկում տկլոր աղջկան։ Շատ հաճելի էր, շնորհակալ եմ, ու նրանք վարում են քաղցր խոսակցություն, որից հետո աղջիկը գնում ա։ Մայլսը էնքան իմաստուն ա, աղջիկը էնքան սիրուն ա, Ջիմին էնքան տաղանդավոր ա, Մայլսի ընկերուհին անծանոթ, բայց բավարարված։

Հիմա պիտի սպասեմ իրան։ Կենսասպասարկում։ Նա կգա, բայց ոչ իմ համար։ Դա նորմալ ա, և դուք երբեք չեք իմանա իմ պատմությունը։

*

Թող սա հետևի ինձ այսօր

ինձ մեկը ասել ա, որ ինչ մտածես առավոտյան արթնանալուց, կհետևի քեզ օրվա ընթացքում։ Ինչի՞ սենց միջին տեսակի մարդ։ Ես պիտի լինեմ ամենալավ տեսակի մարդ։ Թող սա հետևի ինձ այսօր։

Կտրուկ գցում է վրայից վերմակն ու նստում։

Հրաշալի առավոտ է, այո նույնն է, ամեն ինչ նույնն է։ Ես այնպիսի մարդ եմ, ում դուր են գալիս փոփոխություններ։ Այս առավոտվա թեման ես եմ։ Ես, իմ անունը Հայկ Գրիգորյան, հնադար Գրերգորյան, երկարակյաց Գրեգորեանական եկեղեցու ադաթի հետևորդ։ Սուրբ Գրեգորի եղել է։ Թեման լինելով ես, դպրոց։ Վատ դպրոց, բավականին վատ։

– Ի՞նչ կուզես ուտես

– ձու

Ձվածեղ սարքի մամա, ինչ կլինի։ Տղադ ամեն առավոտ գնում ա գործի։ Իմ դպրոցը հեռու չի տնից։ Ու Հայաստանի մայրաքաղաքը Երևանն ա։

Ես գնում եմ դպրոց ամեն օր։

Օր ամեն դպրոց եմ գնում ես։

Դուրս է գալիս սենյակից, տեսնում քրոջը, ով անցնում է կողքով ու մտնում խոհանոցը։

Շատ ա խոսում։ Շատ ես խոսում։ Սուս, լուռ իմաստուն մարդ, սուս։

Գնում է զուգարան, նստում ու լսում, թէ ինչպես են խոսում խոհանոցում ծնողները։

– Մտածում եմ՝ մենակ բռնիչները չպիտի փոխենք։ Դռներն էլ ա պետք փոխել։

– Ինչի՞ դռները։ Մի քանի ամիս առաջ ենք առել։

– Հա, բայց նայի, զուգարանի դուռը թափանցիկ ա։

Ճիշտ ա։ Միշտ պիտի հեռու մնամ դռնից, որ չերևամ։ Մեկ ա սիլուետը երևում ա։ Սիլուետ, Ալուետ, little Ալուետ։ Play the game with me.

*

Նամակ Minesweeper ստեղծողներին

Բարև ձեզ։ Իմ անունը Հայկ է։ Ես 23 տարեկան եմ։ Ես միայնակ եմ և ես սիրում եմ խաղալ Minesweeper։

Առաջին հերթին ես ուզում եմ հայտնել շնորհակալություն հրաշալի Windows Vista-ի ստեղծողներին, որովհետև այս նոր և մանրամասն ձևավորված համակարգում Minesweeper-ը ստացել է երկու տեսակ (ականներ կամ ծաղիկներ) և երկու գույն (կապույտ կամ կանաչ)։ Ես կարծում եմ՝ սա մեծ և հոգատար քայլ էր, որովհետև դա անելով՝ ստեղծողները ցույց տվեցին հատուկ ուշադրություն հակապատերազմական ակտիվիստների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեմ են պատերազմներին և ականներին։

Ես ինքս ընտրում եմ  ծաղիկները և կանաչ գույնը։ Սա բավականին բարձրացրել է խաղի հեղինակությունը ինձ համար, և ես երբեք չեմ անհանգստանում ծաղիկներ ջնջելու համար։ Եթե հանկարծ դա ինձ անհանգստացնի, ես հեշտորեն կարող եմ նորից ընտրել ականները։

Բացի այս ամենից, ես հիմա կարող եմ ձգել իմ  Minesweeper-ի պատուհանը՝ հասցնելով այն ավելի մեծ չափսի, շատ ավելի մեծ։

Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալություն,  Minesweeper։

*

Հիլը երբեք չի մեռնում

– Ալո՞

– Ալո

– Հիշում ե՞ս ինձ։ Պանդոկից։

Վայ-վայ։ Շուտ չի՞։ Շուտ ա։

Տարօրինակ տեսք ունի հիմա, մարմարի վրա։ Մոտիկ տեսք ունի։ Մոտիկ։ Հեռու։ Ժողովուրդն էլ տարօրինակ տեսք ունի։ Երամի մտածելակերպ։ Հաջողություն ձեզ, չստուգված նյութեր, բարձրախոս դեբիլներ։

– Եղավ, հերիք ա։

– Վերջացրի՞ր:

– Հա… սենց մի հատ բան ունեմ հետս, կուզե՞ս մի քիչ։

Սենց մի հատ բան ուներ հետը։

Հիմա առավոտվա ութն ա ։ Այս աստիճաններով ես կվերջացնեմ բարձրանալ ժամը տասին։ Երեկ վերջացրեցի երեկոյան յոթին, իսկ մի տարի առաջ դա կտևեր երկու ժամ։  Ես կառուցվու՞մ եմ, թէ՞ քանդվում։

Իմ անունը Հիլ Է։ Ես ապրում եմ այս աստիճանների վրա։ Ես միջատ չեմ, ես իսկական մարդ եմ։

Ինչպես ասեցի, հիմա առավոտվա ութն ա։ Եվ ես առաջին աստիճանի մոտ եմ։ Ահավոր նյարդայնացնող է հայտնվել առաջին աստիճանի մոտ ամեն առավոտ։ Այս աստիճանի մասնիկները, նրա գունավոր քարիկները արդեն աննշան են։ Ես նայում եմ նրանց, ինչպես նորեկը կնայեր։

Այո… շատ անհաջող եղավ… Նա, ում ես հանդիպեցի, խոսեց ինձ հետ չորս անգամ, և նայեց իմ վրա մի քանի անգամ։

– Դե, ես եկա,- նա ասաց,- համեցիր իմ իրականություն, աստիճանամարդ, դու տգետ։

– Բարև, իմ հրաշալի։ Չնայած քո դատարկությանն ու պարզությանը՝ դու ինձ շատ ես դուր գալիս։ Ես կարող եմ պատմել քեզ ամեն ինչ։

– Պատմի՚ր:

– Առաջին հերթին ես ուզում եմ ասել քեզ, որ տալիս եմ քեզ ինձ ամբողջությամբ։ Ես տրվում եմ քո պարզությանը։

Ես  տրվեցի։ Բայց պետք է ասեմ ձեզ՝ նա փոփոխական է։

– Դե, ես եկա,- նա ասաց,- նայիր ինձ՝ զվարթ ու բալկանյան։ Տես՝ ինչպես եմ ես ընդունում բոլոր կրքոտ ոգիներին։

– Հիմա ես տեսնում եմ։ Ես երբեք քեզ չեմ թողնի։ Նայիր իմ արտահայտությանը, երբ քո կողքին եմ, բոլոր շորերին, որ կարող եմ հագնել, բոլոր ուղղություններին, ուր կարող եմ թռչել։ Այո, Հիլը երբեք չի մեռնում։

Նա ավելի լավն էր։ Նա ճշմարիտ էր։

Ես ապրում եմ իմ աստիճանների վրա և արթնանում եմ առաջինի դիմաց ամեն առավոտ։ Վատ չի։ Հիլը երբեք չի մեռնում։ Հիլը երբեք չի մեռնում։ Հիլը երբեք չի մեռնում։ Հիլը երբեք չի մեռնում։ Հիլը երբեք չի մեռնում։ Հիլը երբեք։

Բաց պահիր աչքերդ։ Աչքերդ բաց պահիր։ Ես իմ լուռ հերոսն եմ։ Աչքերս կիսափակ են, փորս ներս ա ընկած։

Ես վերջինն եմ։

*

Վերջինի համար, ընկերներից

Գլխիս մեջը շատ գանձեր, էնքան որ ֆռում ա։ Ես ինձ չեմ զգում իսկական մարդ։ Կուզենայի լինել իսկական մարդ։

Դեպրեսիայի պահերը ոնց որ սովորական ցավ լինեն, ուղղակի ուզում ես, որ չլինեն։ Եթե չես ուզում, ուրեմն իսկականից վատ չես։ Հերիք ա փնտրես ոգեշնչում, ընկեր։

Որտեղի՞ց են գալիս էս բոլոր մարդիկ։ Հատուկ ու արտակարգ իրավիճակ մեր երկրում, էնքան տարօրինակ մարդ կա։ Գալիս են վրե՜ս։ Հեռու գնացեք, հեռու։

Թուլության պահերը բացահայտում են եղբայրության, ցավի, համախոհության, ու, հետևաբար, մտահոգության գաղտնիքները։ Մտահոգվեք մեզ համար՝ ձեր եղբայրների, ինչպես կմտահոգվեիք ձեզ համար։

Էլ երբեք չտեսնել քո վարդագույն շապիկը ինձ այդքան մոտիկ։ Եվ խնդրում եմ, որ ձեռք չտաս քթիդ տենց, ես սկսում եմ մտածել, որ կեղտոտ ես։ Ու ամբողջ քո ցեղն էլ։ Տհաճ կին։ Լավ ա, որ շատ մարդ կա էս ակումբում։ Ավելի լավ ա, քան տունը։ Վրես են գալի՜ս։

Կանգնում եմ այս անգույն ակումբի գունավոր բաղնիքում ու երգում եմ ազատության երգը։ Ես Բոբ Մառլին եմ, հանած շատ ու շատ բաներ։

Նոր տեսակի երիտասարդություն ա գալիս։ Երբեք նման չեն հին տեսակի երիտասարդությանը, հին ու կնճռոտ, հին օրենքներ, հին բարոյականութուն, կնճռոտ ճշմարտություն, կնճռոտ եսիմինչ…

Տեսա՞ր իրանց։ Սև են հագնում սուր քթերով, մեր մոտով քայլում են, ոնց որ մենք կարևոր մարդիկ չենք։ Ես կասեի՝ էդ դեբիլներին լրիվ տարել ա։ Չէ, օրինակ մենք, մենք սիրող երիտասարդությունն ենք։ Մենք սիրում ենք ամեն ինչ։ Մենք սիրում ենք AC/DC,սիրում ենք Կուրասավա, սիրում ենք տարօրինակ նացիներին, մենք սիրում ենք քեզ, ինչպես Հիթլերը սիրում էր Գերմանիային, ընկեր։

Նույնիսկ ի՞նձ, կոշիկներով, որ շատ սև են, շորերով, որ շատ կեղտոտ են։ Ո՞վ եմ ես ձեզ համար։ Ոչ մի ախպեր։ Ոչ, իմ ախպեր։ Դու եղի Գերմանիան։

Որովհետև միշտ չի, որ նստած մտածում ես նվնվաս, թէ չէ, մտածում ես՝ մտածես՝ մենակ ես, թէ չէ։ Միշտ չի, որ նայում ես շուրջդ, որ գտնես մեկին, ով մտածում ա քո պես։ Նաև միշտ չի, որ դու լցնում ես արաղ ծեր մարդու, ով հում հավի միս ա ուտում ու սոկ ա խմում՝ իրա հայաթի խնձոր ու տանձից սարքած…էտ սաղ լավ ա…

Մի անգամ նորից ես կհանդիպեմ իմ սիրուն, ու ինքն ինձ չի վերաբերվի ինչպես ես ուզում եմ։ Ու նորից իրանք բոլորը կլինեն։

Ես սպասում եմ, որ բոլորդ ինձ չեք հասկանա ու կհասկանաք։ Ես դուք եմ, որովհետև ես ուզում եմ, որ դուք իմ պես մտածեք։ Ես այնքան եմ դուք, որ մոռանում եմ իմ մասին մտածել։ Ես մոռանում եմ լինել, մոռանում եմ մտածել, մոռանում եմ ապրել, մոռանում եմ արթնանալ։

Ես կուզենայի վերջացնել այս կյանքը, բայց կուզենայի դա միայն մեկ-մեկ։ Ոչինչ առանձնապես որոշյալ չի, բացի նրանից, որ գիտեմ՝ հանգիստ կլինեմ, եթե մենակ լինեմ։ Նաև եթե փոփոխություններ լինեն իմ կյանքում։

*

Ամառը գալիս է Հայկի համար

Ամառը գալիս է Հայկի հետևից։ Ամառային Հայկ։ Պիտի տաս ընկերոջդ, դա բերում է հաջողություն։ Չէ, չէ։ Ինձ պետք չի ոչ մի ակադեմիկ գիտելիք։ Դատարկության մեջ ես կգտնեմ ինձ։ Իսկ դա պահանջում է մեծ կենտրոնացում։ Ես խորհրդակցում եմ մորս հետ՝ մարդկանց հետ շփվելու ձևերի մասին։ Ինքը ինձ ոչ մի ձև չի ասում, ոչինչ չի սովորացնում։

Իմ ճամփին դեպի պանդոկ՝ ես հիմա զգում եմ երջանկություն և կասկած դեպի այդ երջանկությունը։ Չկա իրական ազատություն, եթե դու խելքին մոտ մարդ ես։ Բայց էտ էլ սաղ հեչ։ Ես շարունակում եմ սովորական ապրուստս՝ ապահովելով ինձ ամենօրյա անհրաժեշտություններով, ինչպիսին են ուտելիքը, շորերը ու մտքերը։

Հենց հիմա, որտեղ երջանկությունը խառնված է կասկածի հետ, վերջնականն է։ Ես Հայկն եմ ու ես սա անում եմ, որ հասնեմ այնտեղ, որտեղ կենդանիներն են։ Հիթ։

Ես արթնանում եմ այս առավոտ ու ստեղծում եմ կռիվ։ Կռիվը իմ կասկածի մասին է։ Դժբախտաբար, ամեն ինչի ամեն շարժումը առաջացնում է ինձ մոտ կասկած։ Այս երեսը, որ եղունգ է կրծում, բավականին տհաճ տեսք ունի։ Պիտի ինչ-որ կոնկրետ փիլիսոփայություն լինի։ Որպեսզի ստեղծեմ հիմա իմ սեփական կռիվը, ես նստում եմ քաղաքական ակտիվիստների դիմաց ու մտածում եմ, որ նրանք գիտեն պրոբլեմները։ Գումարեք իմ կասկածին, խնդրում եմ։ Ես բավարարված չեմ։ Գումարեք ձեր սարսռեցուցիչ ապուշությունից։

Գումարելին արթնանում է այս առավոտ ու տեսնում Կոկա-Կոլայի կարմիր թղթի կտորը։ Ոչինչ, կարմիրը կբուժի քո գերուրախ բնավորությունը։ Այո, ամեն ինչը կարող է լինել գույներում։ Կարող է՝ նրանք են կառավարողը։ Կարող է՝ կարմիրն է թագավորը։

Կարմիրը արթնանում է այս առավոտ ու մտածում, որ կյանքը հետաքրքիր չէ։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.