Հերիք է աչքերդ փակես ու 

մտքում մեկ անգամ բառերով կրկնես, որ

հայրդ չի մահացել, կլինի այնպես, որ

մահացողը հայրդ չէր:

Սկսում եմ հերթական փորձագրությունս[1]: Գրառումը հնարավորություն է ստանում միայն մի պատահարից հետո: Բառերի ժամանակը միշտ մի բանից հետոն է: Գրառելու համար պետք է իրերն ու երևույթները բառերի մեջ իրականացնելու անդիմադրելի կարողություն ունենալ. Աշխարհը բառերով իրականացնելու, քեզ բառերի մեջ իրականացնելու կարողություն:

 1

Մի բան ավարտել կարողանալը մտասևեռում էր դարձել: Միշտ, երբ (մոռացել է բառը) իրականանալու շեմին էր հասել, ինքը թիկունք էր դարձրել: Քայլում էր սենյակի մի անկյունից մյուսը, մեկից մյուսը, մեկից մյուսը, մեկից մյուսն ու հաշվում ամիսները, որ մնացել էին ավարտելու համար:

Ավարտե՞լ:

Վերջացնե՞լ:

Դադա՞ր:

Մտքում հազար անգամ բոլոր մանրամասնություններով վերստեղծում էր օրերի հերթափոխի պատկերը, որոնք արդեն երկու տարի է՝ անընդմեջ հաջորդում էին իրար: Նույն օրն անընդհատ կրկնվում էր: Եթե մի քանի ամիս էլ ոչինչ չպատահեր, ուսումը կավարտեր:

Ավարտե՞լ:

Ամբողջացնե՞լ:

Ուրեմն ինքը զրկվելու էր կյանքի այս շրջափուլը բառե պատմության վերածելու հնարավորությունից:

Զրկվե՞լ:

Իզու՞ր:

Զու՞ր:

Երկու տարվա ընդմիջումից հետո նորից զգում էր անդիմադրելի կարողության սարսափեցնող ուժը, որ գլուխ էր բարձրացրել ու իրականացում էր պահանջում:

Երեկոյան երկու շիշ գարեջրից հետո ընկերոջը պատմեց կիսատ թողնելու մտադրության մասին: Հաջորդ օրն արդեն ափսոսում էր միտքը բառերով պատմած լինելու համար: Հիմա վստահ էր, որ էլի ոչինչ չի (մոռացել է բառը): Քայլում էր սենյակի մի անկյունից մյուսն ու փորձում բառ առ բառ վերհիշել երեկվա խոսակցությունը: հույս ուներ, որ մտքինը գոնե սխալ բառերով[2] էր պատմել:

2

Կիսատ թողնելու անտիրապետելի ցանկությունը նորից գլուխ էր բարձրացրել: Նրա մեկնելուց անմիջապես հետո: Միասին ապրած արագ ամռան ամբողջ ընթացքում ինքը ոչ մի բառ չէր գրառել:  Ձմռանն էին ծանոթացել:  Սկզբում ամեն ինչ սովորական էր: Պատմությունը սկսվել էր աննշան բանի մասին կարճ զրույցից: Տարբեր բաներից խոսելիս երկուսն էլ «իսկական» բառն էին արտասանել, ու ինչ-որ կարևոր բան էր փոխվել: Սկսվող կապի մասին տան ճանապարհին «իսկական» բնորոշված բառերով էր մտածում: Բառերն առաջին անգամ զիջում էին իրենց տեղն իրականությանը, որին «իսկական» բնորոշիչն էր տրվել: Ոչ մի կերպ չէր կարողանում կատարվածը բառերով մտածել, որովհետև այն արդեն սահմանվել էր որպես իսկական: Իրականությունը դադարել էր բառային հյուսվածք լինելուց: Այն իսկական էր:

Արագ ամռան ամբողջ  ընթացքում որևէ բան կիսատ թողնելու ցանկություն իսկ չէր առաջացել: Իրականությունը բառերով փոխարինելու  ցանկությունը գլխիվայր էր շրջվել: Բառերը, որ այդ արագ ամռան ընթացքում հոսող օրերից ու վայրկյաններից էլ շատ էին, միմիայն մեկ նպատակի համար էին հնչեցվում. ի-րա-կա-նա-ցում: Պատմություններն ամենահետաքրքիր տեղերում կիսատ թողնելու ու դրանք բառերով փոխարինելու գժական մղումն իր տեղը զիջել էր բառերով գրված բոլոր պատմություններն իրականացնելու կրծող ցանկությանը: Ցանկություն: Առավոտյան մի պահ աչքին ընկած գովազդային վահանակի պատկերը նույնությամբ իրականացվում էր նույն օրը երեկոյան: Որևէ նոր միտք՝ թեկուզ ամենավերացականը, կարդացած ամեն տեքստ՝ փիլիսոփայականից մինչև լրագրային, ականջի ծայրով լսած երաժշտական մի ֆրազ, էկրանացված վեպից մի պատկեր կամ բանաստեղծության մեկ վանկ, որ կարող էր զբաղեցնել միտքը, մի քանի ժամ անց իրականացված պատմությունների էին վերածում: Բառերը, ձայները, զգացողությունները, մտքերը, պատկերները, տառերը, գծերը, ամեն ինչ քայքայվում էր իրականացված լինելու հաճույքի ծանրությունից: Հատկապես բառերը: Բառերը: Լույսի արագությամբ ամեն բան խժռող ուժի ազդեցությամբ բառերն իրականության մեջ համարժեքներ էին ձեռք բերել: Հնչած ամեն բառ անմիջապես առարկայի կամ գործողության էր վերածվում: Թվում էր, թե այդ ռիթմը, որ ամեն ինչ լցրել էր ալիքի անկանոն հոսունությամբ ու ժամանակը վերածել էր ընթացքի, անընդհատ էր: Ռիթմը: Ինքը ժամանակի իր ընթացքից արտաքսել էր բառերը՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ իրականությունը չի ընկրկելու բառերի դեմ: Հիմա, երբ դրսում դանդաղ ձմեռ է, և երկուսին բաժանող տարածությունն անիրական չափերի, բառերը նորից հավակնում են փոխարինել աշխարհին:

3

Փոքր էր, երբ բացահայտել էր իրականությունը բառերի մեջ վերստեղծելու և բառերով աշխարհին տիրանալու մոգական ուժը: Դպրոցի[3] ճանապարհին, աչքերը պինդ փակելով, մտքում բառերով կրկնել էր. «հայրը չի մահացել, հայրը չի մահացել, հայրը չի մահացել» և մահացողն այլևս երբեք իր հայրը չէր եղել: Նոր բացահայտած մոգական հմտությունը, երեխաներին բնորոշ ինքնավստահությամբ, սկսել էր ամեն տեղ փորձարկել: Կարճ ժամանակ անց  բոլոր ընկերները համոզված էին, որ ինքն ապրում է աղախիններով լի հնաոճ առանձնատանը՝ կատարյալ երջանիկ ընտանիքում: Ինքը նույնպես վստահ էր: Ավելի քան: Ինքը կարողանում էր միայն մի պահ փակել աչքերն ու բառերով կրկնել մտքով անցած ցանկացած բան, և իրականությունը փոխակերպվում էր այն բառերին, որ մտքում արտասանել էր: Ժամանակի ընթացքում մոգական կարողության ամենատարբեր հնարքներ յուրացրեց: Հետո սկսեց ապրել մի տեղում, որտեղ ամեն ինչ բառերով էր ծածկված: Նույնիսկ ճարտարապետական հսկա կառույցների շաղախն ու երկաթբետոնն էին բառե: Հասցրել էր յուրացրնել նաև ուրիշների իրականությունը բառերով վերստեղծելու հմտությունը: Սա իսկական հայտնագործություն էր, մոգական կարողություն, որը բոլոր մանկական խաղերից ավելի գրավիչ էր: Իր ծանոթներին անագե փոքրիկ զինվորների պես սկսել էր հերթով փոխադրել այդ բառե ճոճվող տարածության մեջ: Ուսուցիչներին սովորական բնակարաններից տեղափոխել էր հսկայական լուսավոր առանձնատներ, ազատել էր բոլոր հոգսերից այնպես, որ կարողանային առանց որևէ կարիքի մասին մտածելու գրել իրենց կարևոր աշխատությունները: Չէր բավարարվել այդքանով: Այնքան էր հմտացել, որ մի օր նույնիսկ ընթերցել էր այդ աշխատություններից մեկը, հետո՝ մյուսը, ուրիշը, հաջորդը: Մի երկուսն էլ թողել էր, որ հետո կարդա: Ընկերներին տիեզերական կարևորության ազգանուններ էր տվել ու հետևողականորեն հսկել էր նրանց ամեն քայլը: Պետք է համապատասխանեին նորանշանակ կոչումներին: Եթե ոչ, նորից փակում էր աչքերը, մտքում բառերով կրկնում, որ իր ընկերներն այդ ազգանունավորներն էին, ու լինում էր այնպես, որ այդ ազգանունավորներն իր ընկերներն էին: Իրականությունը նորից ճկվում էր:

4

Ոչինչ չիմացավ նրա  ապրած օրերի մասին: Համառորեն ոչինչ իմանալու համար մի բան էր պետք անել. Խզել կապերը նրանց հետ, ովքեր բառերով պատմություններ անել գիտեին նրա մասին: Հատկապես նրանց հետ: Հեռավորությունն իր բառերի հնարավորությունն էր: Ժամանակի այդ փուլն այնքան էր ծանրաբեռնել բառե շերտերով, որ հետո՝ երկու տասնամյակ անց, երբ նախապատմությունը վերհիշելու փորձ էր արել, պարզել էր, որ բառերն այնքան հաստ շերտ են դրել իրականության վրա, որ դրանք շրջանցելն արդեն ուրիշի կյանք կդառնար: Էլ երբեք նման փորձ չէր արել: Ջնջված հիշողությունը վերջնականապես փոխարինվել էր բառե հիշողությամբ: Ցանկացած մեկին, ով կարող էր այլ հիշողություն[4]  վկայել, մոռացել էր: Միշտ, երբ հանդիպել էր մոռացվածներից մեկին, զարմացել էր, որ անծանոթը ճանաչել էր իրեն:

5

Ամեն տեղ բառերի հաստատուն ներկայությունն իր համար լինելու անհրաժեշտություն էր: Բոլոր այն տեղերում, ուր բառերը չէին գերիշխում, ինքը վստահ չէր, որ գոյություն ուներ: Սկզբում՝ երբեմն, իսկ ավելի ուշ՝ արդեն միշտ ստիպված էր լինում ընկրկել՝ բառային գոյությանը հնարավորություն տալու համար: Ամեն բան կիսատ  թողնելը երևի միակ կանոնն էր, որ կարողացել էր ձևավորել: Պաշտպանելու համար: Բառերը: Հիմա, երբ դրսում դանդաղ ձմեռ էր, բառերի գերիշխանությանը տրվելու անդիմադրելի ցանկությունը նորից գլուխ էր բարձրացել: Այս  անգամ ուսումն էր կիսատ մնալու: Հարմար բառեր էր փնտրում կիսատ թողնելը պատմության վերածելու համար: Կիսատ թողնելը երևի միակ հնարավորությունն է բառերին տեղ տալու համար: Ցանկացած հարաբերություն, գործողություն, պատմություն, որ կարող  էր ամբողջականանալ ու ավարատվել լռության մեջ, վտանգ էր բառերի համար: Այդպես, երբ հեռանում էր տնից ու պետք է վերջին կրակոցն արձակեր, ձեռքը դողացել էր: Եթե կրակոցը հնչեր, ինչպես սովորաբար հնչում են աշխարհի բոլոր կրակոցները՝ «bang-bang», ինքը կզրկվեր պատմության ավարտը բառերով իրականացնելու հնարավորությունից: Ուրեմն հետո հազարավոր անգամներ փակել էր աչքերն ու կրակոցի ձայնի հազարավոր մեղեդային վարիացիաներ էր մտածել: Այդպես, երբ սիրային հարաբերության մեջ էր լինում  (դրանք միշտ մնում էին առկախված), հետո իր տղաները կամ աղջիկները անհեթեթ, շփոթված կանգնում էին այդ պատմության մեկ այլ՝ բառե տեսիլի առջև՝ սեփական պատմություններին անծանոթ ու անմասն: Վարպետորեն համադրված բառե իր տեսիլը բացարձակ իշխանություն էր ձեռք բերում իրականության վրա, ու այն նորից ճկվում էր:

 6

Ինքն արդեն սովորել էր, որ երբ իրականությունը ձիերի երամակի պես ծառս է լինում բառային հյուսվածքների առաջ, հեռավորություն է պետք, որպեսզի բառերն իրենց ուժը վերականգնեն: Ու փակվում էր՝ բառային նոր ձևեր ու համադրություններ մշակելու: Երևի թե կղզում: Չէ: Իր չորսպատանի խորանարդի մեջ: Հա, էլի, նույնն է՝ թե կղզում:

***

Համալսարանի[5] առաջին տարում պատմության դասընթացը գերազանց ավարտելուց հետո որոշել էր աշխատել ոչ թե հիշողության զարգացման ուղղությամբ, այլ հակառակը: Հիշողության մեջ թշնամիներ են ապրում: Մտասևեռում ուներ, որ պատմական իրադարձությունները, թվերն ու մարդկանց անունները զբաղեցնելու էին իր հիշողության ամբողջ ծավալը, որ խնամքով պահում էր բառերի համար: Պետք էր ամեն ինչ ժամանակավոր հիշել: Սովորել, հետո իսպառ մոռանալ սովորածը: Նույն կերպ էր կարդում սիրած հեղինակների գրքերը: Կարդացածն անմիջապես մոռանալ էր պետք՝ հետո դրանք ուրիշ բառերով նորից գրել կարողանալու համար[6]: Այդպես՝ հիշողությունը պարբերաբար բռնի բեռնաթափման էր ենթարկում: Այնքան էր կատարելագործել այդ տեխնիկան, որ երեկ հետը պատահած ցանկացած բան հաջորդ օրն արդեն իսպառ մոռանալու իշխանություն ուներ: Այն ջնջված տարածքը, որ առաջացնում էր հիշողության մեջ, բառերի համար խնամքով բացված տարածությունն էր: Պետք էր ամեն բան մոռանալ, որպեսզի դրանք բառերով պատմելու հնարավորություն ստեղծվեր: Ուրեմն ստիպված էր մոռանալ սովորել՝ իրականության այլ հիշողություն կառուցելու համար:

 7

 Տեքստի 7-րդ հատվածը չի հիշում

 8

(չի հիշում բառը)  հասել էր մի տեղ, ուր խաղը հավակնում էր վերածվել իրականության: Զգում էր, որ բառային հյուսվածքների համադրողն արդեն ինքը չէր. Հիմա դրանք էին ստիպում հարմարվել իրենց համադրություններին: Համադրությունների հիմքում որևէ սկզբունք չկարողացավ գտնել: Դրանք կամայական էին: Մի ժամանակ մոգական թվացող հմտությունը հիմա շարժիչի պես գործի էր դրվել ու անդադար աշխատում էր: Նախկինում իրականության վրա ներազդելու համար ինքը ստիպված էր լինում օրերով փակվել՝ բառային եզակի համադրություն գտնելու համար: Հիմա բառերը մեկ վայրկյանում կամայականորեն շարվում էին կողք կողքի՝ առանց որևէ համադրության անհրաժեշտության:

 9

Ամեն ինչ մոռանալու մոլուցքը

Խըռթ

Բառի կարոտը

Խըռթ

Բացատները խզվածքները դատարկ տեղերը

Խըռթ

Զրոյական ու թեթև ցեխոտ փրփրակալած թեթև անկշիռ զրոյական ու թեթև

 10

Բառերով աշխարհն իրականացնելու կարողությունը եզրագծին էր հասել ձմռանը: Պատմությունները կիսատ թողնելու մոլուցքը՝ դրանք բառերում ավարտելու համար, ընկրկել էր: Փոխարենը սկսել էր բավարավել հորինված իրադարձությունների մասին պատմություններ անելով: Բառերը հաստատել էին իրենց լիակատար գերիշխանությունը: (չի հիշում բառը)  որևէ բան ձեռնարկելու կարիք չկար: Ցանկացած պատմություն պատմելն իսկ բավարար էր: Նույնն էր արել, երբ երկու շիշ գարեջրից հետո պատմել էր ընկերոջը, որ մտադիր է ուսումը կիսատ թողնել: Հերիք էր, որ մտադրությունը բառերով էր պատմել: (չի հիշում բառը)  պատմելու վայրկյանին հենց ուսումը կիսատ էր մնացել: Առանց աչքերը փակելու՝ բարձրաձայն ասել էր. «Ուսումս կիսատ թողնելու մտադրություն ունեմ»: Եվ ուսումն ընդհատվել էր: Երկուշաբթի օրը հագել էր նրա նվիրած կոշիկներն ու գնացել էր դասի՝ համոզված, որ ուսումը կիսատ է մնացել:

***

Բառերը ձիերի պես ծառս էին եղել ու հրաժարվում էին շարունակել իրականությունը, հրաժարվում էին խմբագրել իրական պատմությունները. Դրանք իրականություններն իրենցով փոխարինելու կարողություն ունեին: Աշխարհը ոչ թե շարունակություն էր գտնում բառարաններում, այլ աշխարհը սկսվում ու ավարտվում էր միմիայն բառարաններում:

Հ.գ. Տեքստը կազմվել է 1821 բացատներից և 1844 կամայական բառերի կամայական համադրությամբ՝ ներառյալ հետգրությունը:

[1] Փորձագրություն – փորձարարական գրություն (experimental literature):

[2] Բառ – ֆանտազմ. Արդի Հայերենի Բացատրական Բառարան, Էդուարդ Աղայան, «Հայաստան» հրատ., Երևան, 1976թ.:

[3] Դպրոցում իր անունը Հելեն Սմիթ էր: Հիշողությունը մոռացել է, թե այդ ժամանակ քանի տարեկան էր կամ որ թվին է դպրոց գնացել: Բայց եթե իր անունն այդ ժամանակ Հելեն Սմիթ էր, ուրեմն պետք է ծնված լիներ 1861-ին: Ուրեմն ինքը 1870-ականներին էր դպրոցական:

[4] Հիշողություններ – նյութեր, որոնք կրում են օրգանիզմի համար գենետիկորեն օտար ինֆորմացիա և օրգանիզմ ներթափանցելիս առաջացնում են սպեցիֆիկ իմուն պատասխան՝ հակամարմինների և T-լիմֆոցիտների միջոցով: «Հիշողություն» անվանվում են այն բոլոր նյութերը, որոնք օրգանիզմ ներթափանցելու դեպքում օրգանիզմի իմուն համակարգի կողմից ճանաչվում են որպես օտար և ինդուկցում են իմուն պատասխանի ձևավորում:

[5] Համալսարանում իր անունը Հելեն Կելլեր էր: Հիշողությունը մոռացել է, թե այդ ժամանակ քանի տարեկան էր կամ որ թվին է ուսանող եղել: Բայց եթե իր անունն այդ ժամանակ Հելեն Կելլեր էր, ուրեմն պետք է ծնված լիներ 1880-ին: Ուրեմն ինքը 1900-ականներին էր ուսանող:

[6] Մեկը գրում է. «Երբեմն հեղինակը գրելիս է լինում կանխավ հղացած հաստատուն ծրագրով՝ փորձելով լուծել իր հարցադրումը կամ զարգացնել պատմության գիծը, երբ հանկարծ հեռանում է ուղեգծից: Հավանաբար՝ նրա մեջ թարմ միտք է առաջացել, կամ այլ պատկեր, կամ էլ մի ամբողջ նոր ենթասյուժե: Եթե հարցնես, թե ինչով է պայմանավորված այդ շեղումը, նա չի կարողանա պատասխանել: Հնարավոր է, որ նա չի էլ նկատել այդ փոփոխությունը, չնայած որ հիմա արդեն արտադրում է ամբողջովին թարմ և, ըստ երևույթին, նախկինում իրեն անծանոթ մի նյութ: Սակայն երբեմն կարելի է համոզիչ կերպով ցույց տալ,  որ այն, ինչ նա գրել է, ակնհայտորեն նման է մեկ այլ հեղինակի ստեղծագործությանը. ստեղծագործություն, որը նա կարծում է, թե երբեք չի էլ տեսել»:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *