Թիք-թաք, թիք-թաք, Մարիոն Լորենցի բիբերը շարժվում են աջ ու ձախ՝ ժամանակը կորցրած սլաքների նման:

Վախեցնող տեսարան է: Աչքեր՝ անդադար շարժման մեջ:

Երևի նկատում է հիմար հայացքս:

-Նիստագմ է մոտս,- բացատրում է,- շունչդ երկար մի պահիր, ուշագնաց կլինես:

Թոքերս լցնում եմ ինձ բաժին հասած գրասենյակային օդով ու սկսում գուգլել:

Nystagmus մի տող բժշկական բլաբլա ու հետո՝ due to the involuntary movement of the eye, it is often called “dancing eyes”.

Մարիոն Լորենցի պարող աչքերը պտտվում են գլխումս: Գուգլն ասում է, որ նրանք երբևէ դադար չեն առնելու, քանի Մարիոնն ապրում է: Ստամոքսս կծկվում է: Գերմանացիներին լսես՝ զգացմունքները փորի մեջ են: Հիմա հասկանում եմ՝ ինչ նկատի ունեն:

-Դու հավատու՞մ ես ալտերնատիվ իրականությանը,- հարցնում է Գեորգը:

-Դրա գոյությունն իմ հավատալու՞ց է կախված:

Գեորգի թշերը ձգվում են վեր, աչքերը՝ ստորակետ դառնում: Ծիծաղում է տղան: Ինչի՞ վրա: Չհարցնեք:

-Դու դեռ պատասխանիր, հետո կիմանաս:

-Չէ, չեմ հավատում:

-Շատ իզուր,- լրջանալով շարունակում է կոլեգաս:

-Էդ ինչո՞ւ:

-Որովհետև դու հիմա հենց էնտեղ ես:

Ու նորից պայթում է ծիծաղից: Քեֆը տեղն է. գիշերն էլի իր սիրած շշի հետ է անցկացրել՝ բարակ իրանով ու լայն կոնքերով:

Ես մտածում եմ նրա ասածի մասին: Ինչ-որ տրամաբանություն կա դրա մեջ:

Դեռ երեկ ամեն ինչ ուրիշ էր: Գերմանիա չէր: Թեև երեկը յոթ տարի առաջ էր: Թե՞ արդեն ութ: Հա, Գեորգ, ես հիմա իմ ալտերնատիվ իրականության մեջ եմ: Ու դու էլ օրվա մեջ վեց ժամ կողքիս ես: Լավ ես դասավորվել, ծերացող տղա:

-Մամի, պաղպաղակը հա՞յ է,- հարցնում է պստոս:

Նայում եմ վրան, չգիտեմ ինչ պատասխանել: Զվարճանում եմ ասածից:

Իսկ նա շարունակում է.

-Ես հա՞յ եմ:

-Ըմմմ…

-Իսկ պապա՞ն:

-Չէ՛,- ասում եմ:

Էս մեկի պատասխանը հաստատ գիտեմ:

Մտածում եմ՝ Գեորգը որտեղից պիտի իմանար իմ լսած հարցերն ու տված պատասխանները:

Իսկ գիտի՞ արդյոք, որ ես ութսունականների երեխա եմ՝ Մարիո խաղացած, Մարիոյով մեծացած: Ինձ որ ասում են՝  Մարիոն Լորենց, ես իտալացի տղամարդ եմ պատկերացնում՝ տիպիկ իտալական կոլորիտով:

Բայց դու մի ասա` Մարիոնը կնոջ անուն է: Համենայն դեպս, էստեղ՝ Գերմանիա կոչվող իմ ալյընտրանքային կյանքում: Գրողը տանի էդ սխալ անունը հորինողին: Սարսափ ժանրի գրողը, էն էլ սկսնակ:

Իմ շեֆ Լորենցը քայլում է մի քիչ կաղալով, հագին լայն սև շորեր են, վրայից էլ  կապյուշոնով բաճկոն: Դեմքին նայես՝ տարիքն առած Մոնա Լիզա: Աչքերն էլ՝ աջ-ձախ, աջ-ձախ: Հիպնոսի զրթիկ: Գուգլն ասում է՝ հավերժական:

-Կյանքդ լա՞վ է:

-Հա,- արագ պատասխանում եմ:

-Ինձ նապաստակը ոչինչ չի՞ բերել:

Զգում եմ, որ շունչս նորից կուլ գնաց:

Գալիս, սկսում է աշխատասեղանս զննել, երևի նապաստակի բերածն է փնտրում:

Կռանում նայում է սեղանի տակ: Ոտքերս հետ եմ տանում, որ դիմացը լավ տեսնի:

Ջոկոնդա ժպիտը կամաց քաղցրանում է:

-Վախեցրի՞,- հարցնում է:

Ու հանգիստ դուրս է գալիս սենյակից՝ առանց պատասխանիս սպասելու:

Շունչ եմ քաշում, թքած ամեն ինչի վրա. սա իմ իրական կյանքը չէ:

-Գիտես, – ասում է Գեորգը՝ ուղղելով բիգուդի դրած, մաշված մազերը,- էսօր քիշ ենք սարքելու, բերե՞մ քեզ:

Քիշը ո՞րն է, այ տղա: Տկտկացնում եմ ինտերնետում:

Quiche is a savory, open-faced pastry crust with a filling of savory custard with cheese, meat, seafood, or vegetables. 

Սեյվըրի, սեյվըրի: Էս անգլերենն էլ չլիներ՝ կխեղդվեի գերմաներենի մեջ. ո՞վ էր ինձ փրկողը:

-Հա,-գլխով եմ անում,- բեր:

Դատարկ ափսեն հետ եմ տանում ու պինգվինի ծակ վզակոթի մեջ մի եվրոյանոց գցում:

Վրաս է նայում նեղացկոտ հարսի հայացքով: Արդեն գիտեմ՝ ինչ պիտի ասի:

-Իմ կուրսերին մարդ չես ուղարկում:

Ու ձեռքը քսում է ծաղկավոր գոգնոցին, մյուսն էլ դնում կոնքին: Մանիկյուրը տեղն է: Մեկը լիներ՝ իմ մատներով էդպես զբաղվեր:

-Հիմա ոչ ոք չունեմ, ով կուզեր խոհարար դառնալ,- փորձում եմ արդարանալ:

Ձեռքը թափ է տալիս ու կոտրատվելով անցնում կողքովս: Չգիտեմ՝ Գեորգն ինչ է եղել մի երեսուն տարի առաջ՝ ջահել օրերին, բայց  հիմա հաստատ փետրավորների շարքից է:

-Գեորգ,- ձայն եմ տալիս հետևից,- դու լրիվ թռչուն ես:

-Հը՞ն:

Սրանց լեզվով «ծիտը» ո՞նց է թարգմանվում:

Իսկ Արկադին գրկել է ինձ ու հեկեկում է:

– Յա պարազիտ, յա պարազիտ,- կրկնում է մղկտալով:

Հիմա որ ասեմ՝ հա, հո սուտ ասած չեմ լինի, բայց չեմ կարող գործի բերումով: Լեզուս կապված է:

Արկադին էս երկրում իմ հույսին է մնացել: Ես պիտի նրան ոտքի կանգնեցնեմ. Արկադիի դարդն իմ աշխատավարձն է: Լայֆ քոչինգ, ինտեգրացիա, ֆլան-ֆստան:

Գուցե ասեմ նրան Գեորգից լսած ճշմարտությունն էս մեր կյանքի մասին: Թե չի ստացվում, թող չստացվի, մեծ բան չէ: Ձեռքս դնեմ ուսին ու մխիթարեմ. «Քեզ բաժին հասած կյանքը Սանկտ Պետերբուգում է, Արկադի, քեզ է սպասում, գնա, տե՛ր կանգնիր»:

Կամ էլ գուցե հենց Գեորգի մոտ ուղարկեմ. մի տարիքի են, իրար հետ լեզու կգտնեն, քիշ կսարքեն, կուրախանան: Մեկ էլ տեսար՝ խոհարար դառնա, բախտը բացվի: Համ էլ Արկադիի իմիջով լուրջ զբաղվող է պետք: Մթով թե տեսնես, կասես՝ Մեշոկ պապին է: Չնայած ցերեկով էլ ուրիշ բան մտքովդ չի անցնի:

-Մամի,- ասում է ճուտս,- Կախարդ պառավը ինչու է՞ կապույտ:

-Ո՞վ ասեց, թե կապույտ է:

-Կախարդ պառավը:

Այ Արկադին էլ է էդ շարքից:

Մտնում եմ Լորենցի սենյակ՝ սեղանին թղթեր դնելու: Նստած լուռ ինձ է հետևում: Պիտի արդեն շրջվեմ, տեսնում եմ, որ բարձրացնում է շալվարի ծայրը: Ոտք չկա, այսինքն՝ կա, բայց սարքովի է, հնարավոր է նաև՝ լարովի, ինչ էլ որ է, իսկական չէ:

Լորենցը կամաց քորում է իր սուտ ոտքը:

Մտածում եմ՝ էս տիկինը հետս խաղ է խաղում: Բա ես էլ իր հետ մի բանով խաղամ: Բայց ինչո՞վ. վրաս մի ծուռ տեղ չկա, որ ցույց տամ, ահաբեկեմ:

-Նապաստակը բերեց էսօր,- ասում եմ:

Շալվարն իջեցնում է: Ձայն չկա:

-Բայց պարզվեց՝ ծակ էր, հետ ուղարկեցի: Վաղը ժամը տասնմեկին էլի կգա, նորը կբերի: Համենայն դեպս, էդպես խոստացավ:

-Որ նորից ծակ եղավ, ի՞նչ ենք անելու,- հարցնում է շեֆս:

-Գլխո՛վն ենք տալու,- զայրացած պատասխանում եմ ես:

-Հա, էդ լավ ասեցիր,- համաձայնում է:

-Մի բան հարցնե՞մ:

-Խնդրեմ,- ասում է տիկինը:

-Սա իմ ալտերնատիվ իրականությու՞նն է:

-Ինքն է, որ կա:

-Ես էդպես էլ գիտեի:

Երջանիկ եմ:

Լորենցը տեղից վեր է կենում, կաղալով մոտենում է ինձ:

-Գեորգն է ասե՞լ:

Գլխով եմ անում:

-Իսկ շարունակությունը չի՞ ասել:

Հարցական նշան:

-Բայց գաղտնիք է, մարդու չասես:

Ինձ թվում է, թե հայացքը կանգնեց: Ոչ աջ, ոչ ձախ:

-Էն մյուսը՝ իրականը, էլի էստեղ է: Իմ կողքին:

Ուղիղ աչքերի մեջ եմ նայում. շարժում չկա:

-Շունչ քաշիր,-ասում է,- ուշագնաց կլինես:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *