Մտքովս չէր անցել, որ իմ մեջ ապրում ա պոետը: Չէ, լուրջ: էնքան անսպասելի բացահայտվեց էդ տաղանդս, որ հիմա անընդհատ հետադարձ հայացքով փորձում եմ ֆիքսել կոնկրետ պահը ու չեմ դադարում զարմանալ՝ ո՞նց կարող էր պատահել, որ մինչ այդ ոչ մի անգամ դրա մասին մտածած չլինեի, էդ անգամվա պես բանաստեղծելու անզուսպ ցանկություն ունեցած չլինեի: Թվում ա, թե առանձնապես պատճառ էլ չկար. ոչ ասենք շոկ էի ապրել, ոչ դեպրեսիայի մեջ էի, ոչ էլ նույնիսկ ավտովթարի ժամանակ հարվածի ուժից տեղիցս թռել, դիմապակին գլխով կոտրել ու լղոզվել էի ասֆալտին, որ կյանքի-մահվան սահմանին հանկարծ ցնցվեր իմ արդեն վաղուց կոշտուկապատ, կիրզե ներաշխարհն ու ստեղծագործ հյութերս դուրս հորդեին: Սովորականի պես համակարգչիս դեմը վեր ընկած` ինտերնետով միտինգ էի նայում, մեկ էլ անկախ ինձանից արտասանեցի. իմ կլիրը ջղաձիգ, հենեմ ձեր տան պատին դիք… ու գնաաց, էլ չկարողացա ինձ զսպեմ…

Ես հանում եմ պատյանից
Իմ կլիրը ջղաձիգ
Ուղղահայաց, ուղղաձիգ
Հուսահատ  նետաձիգ
Ու շարժում եմ այն դանդաղ
Ջղագրգիռ, բայց դանդաղ
Ջղագրգիռ ու դանդաղ
Ու շարժում եմ
Ու շարժում եմ
Ջղագրգիռ, ջղաձիգ
Իմ կլիրը շատ դանդաղ
Թափ եմ տալիս աջուձախ
Թափ եմ տալիս հուսահատ
Թափ եմ տալիս ես անվախ
Հանդուգն ու դանդաղ
Ու դնում եմ այն պատյան,
Իմ կլիրը ջղաձիգ,
Անձու, անձայն
Նետաձիգ

Նետաձի՞գն ինչ կապ ունի: Եսիմ ի՞նչ կապ ունի, հանգը բռնում ա, հերիք ա: Ես պոե՞տ եմ, թե՞ գիտնական, որ բացատրեմ, թե որ բառն ինչի եմ գրել: Տենց եկավ, տենց գրեցի: Բացատրողը կբացատրի, կասի` ծերից ծեր ֆալիկ սիմվոլներ են, ծայրահեղ մասկուլինացված տեքստ ա, հետո կասի՝ բա վերջում ինչի՞ հանկարծ նետաձիգը անձու դարձավ, ուրեմն չբեր ա, ուրեմն քաղաքականապես ամուլ ա, ուրեմն էլ տղամարդ չի, ուրեմն…  չգիտեմ էլ ինչ: Բայց էդ սաղ հեչ, էն ինչ եղավ հետո, դա ավելի անսպասելի էր, քան էն, որ ես պոետ եմ: Ուրեմն երկնելուց անմիջապես հետո, պահի ոգևորությամբ ներշնչված` բռնեցի ու էս բանաստեղծությունս ուղարկեցի հնարավոր բոլոր կայքերին, յանի ով տպեց` տպեց: Կոնկրետ շեդևռ եմ գրել, հո չէի՞ թողնի կորչի: Մի քանի օր ինձնից գոհ ման էի գալիս, օրը վեց անգամ պարտաճանաչ կերպով ստուգում էի էլեկտրոնային փոստս` սպասելով, որ ուր որ ա, նամակախեղդ կլինեմ, և իրար հերթ չտալով ինձ կհայտնեն, որ՝ ձեր հրաշալի բանաստեղծությունը տպագրել ենք մեր կայքում: Ես խոր շունչ կքաշեմ, շոյված ինքնասիրությամբ իմ կեղծ հաշվից կմտնեմ կայք ու կսկսեմ հետևել կատաղությունից ոռները պատռող ընթերցողներին, բայց ուրբաթն, ինչպես ասում են, ավելի շուտ եկավ:

Պարզ եղանակ էր… Լավ, էդ գեղարվեստական մանրամասները մի կողմ, մուտքից դուրս եմ գալիս, որ շենքի դիմացի խանութից սիգարետ առնեմ, ու հենց մուտքի մոտ երկու հոգի թեփ կերած, տախտակ մեծացած պահարան, մտնում են թևերս: Մեկը բռնում է նաև գոտուցս, մեջքիս կողմից, ու էդպես ոտքերս գետնից կտրած, երկու քայլ են անում դեպի հենց մեր դիմաց բաց դռնով պատրաստ կայանած մեքենան ու ինձ ամբողջ մարմնով, պարկի պես նետում են սրահ: Դռները փակվում են, ու մեքենան շարժվում ա: Ինձ առևանգելու ողջ գործողությունը տևում ա մի քանի վայրկյան: Բերանիցս միայն հասցրեց դուրս գալ՝ հոոպ, էս ի՞նչ… Ծնոտիցս անդուր խրթոց լսեցի ու էլ բան չեմ հիշում: Մի օր հետո ինձ գտել էին Թոխմախի գերեզմանատան պահակները` կիսամեռ, դեմքս ուռած, ձվերս ջարդած: Հիմա լավ եմ, ոչինչ, երկու օր առաջ տուն վերադարձա, դեմքիս ուռածն անցել ա, բայց կապտուկները դեռ չեն վերացել: Տրամադրությունս էլ ոչինչ: Հատկապես բացում ա, երբ բաղնիքում երգելիս լսում եմ ծվծվան ձայնս: Երևի Դեմիս Ռուսոսի ռեպերտուարից մի քանի երգ սովորեմ: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ներել ինձ իմ հիմնական սխալը: Չնայած բանաստեղծության տակ անունիս փոխարեն ստորագրել էի կեղծանունով, բայց նամակները կայքերին ուղարկել էի իմ իրական անունը կրող էլեկտրոնային փոստից: Մի կողմից էլ մտածում եմ` եթե նույնիսկ կեղծ էլեկտրոնային փոստից ուղարկեի, էլի ցանկության դեպքում կիմանային: Պիտի պրոքսի փոխեի կամ գոնե տնից չուղարկեի: Հա, բայց ո՞վ կմտածեր: Իսկ ինչի՞ պիտի չմտածեիր, այ էշ: Հայաստանում նույնիսկ պոռնիկներն են խիստ պահպանողական, հարցնում ես` ինչքա՞ն, պատասխանում են՝ 50 մանեթ, առանց մինետ, էլ ուր մնաց` քաղաքական գործիչները: Սպասի, բայց հետաքրքիր ա, ո՞ր կայքի տերերն էին հատկապես նեղվել էդ իմ բանաստեղծությունից, քաղաքական ո՞ր ուժին պատկանող:  Տենց էլ մութ մնաց` ովքե՞ր էին էդ հաստագլուխները: Իշխանական կլինեին, թե չէ, հո չի՞ կարող ընդդիմադիր ուժը գործել էն նույն մեթոդներով, ինչն ամեն օր դատապարտում ա հրապարակներում: Խույ, թե գլուխ կհանես մի խոսքով: Արա դե ասա, ո՞վ էր լեզվիցդ քաշում, կամ ո՞վ էր ստիպում ուղարկես սաղ Էրևանին: Քո համար մի անկյուն քաշվի ու բանաստեղծիր, որքան սիրտդ ուզում ա, բայց ոչ ոք թող չիմանա: Կարևորը ոչ ոք չլսի ու չիմանա. անձու, անձայն… անձու, անձայն… Մարգարեական տողեր, հետո էլ ասում են` պոետ չես… Անձու, անձայն… Վերջին վարիանտ, բարակ ձայնով…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *