Լաց

 

ամենակարևորը քեզ ճիշտ հրաժեշտ տալն էր

հետո դուռը կփակես

թփթփացնելով կիջնես փոքր տղեկի պես

կսլանաս

կսահես

կսուրաս

կգնաս

կմնա

հատակին

հաստակաշի օձերի պես թափառող մի քանի գոտի

գալարվող մի երկու տուփ անձեռոցիկ

բզկտված-լխկած մարմին մինչև վերջ տրված

հուժկու աժդահա տորք անգեղ լացին

որ վերջացնելուց հետո աստվածային քացիներով կսրբագործի գոյդ

կդառնաս փխրուն ինչպես շոկոլադով տորթը

և մաքուր թթու դրված խոզի տոտիկների պես

կմնա

վռազ արված քո ֆոտոն

հեռախոսիս մեջ

դու քնած

կծկված վերմակի տակ չծնված երեխայի պես

սրբիչդ պատուհանից կախ գիշերվա լոգանքից հետո

սրբիչդ աշխարհի ամենամեծ թաշկինակի պես

պատուհանից քեզ հաջող անող

անհավանական կապույտ

այնքան որ թվում է հարազատ եղբայր ես գնացող բանակ

և մենակ եմ որովհետև չեկա քեզ ճանապարհելու

և մենակ ես որովհետև ճանապարհը գիտես

առաջ դեպի ռիո դե ժանեյրո

առաջ դեպի մալվինո սալվադոր

ահա ինքնաթիռները երկար-բարակ հաջողներից հետո

քեզ երկաթե սկուտեղով մեր երկնքից ձեր երկնքին շռայլող

ահա ավտոբուսները որոնց չեմ սիրում

երթուղայինը որտեղ հարյուր դրամով կգնես ատելությունս

ավտոմեքենան որ քշել չգիտեմ բայց ունեմ վարորդական իրավունք

և ահա ձիերը որ երազում եմ քշել լեռներով անտառներով ու դաշտերով

սրբիչդ որ կախարդական գորգի պես

վարժեցված կգնար քո հնարավոր հետքերով

եթե պատուհանի մեխին մնացած չլիներ ու այսքան նրբածփիկ չքանդվեր

ահա հարազատներդ

մայրդ

սրբիչ-թելի կծիկը ձեռքներին լաբիրինթոսի դռանը կանգնած

քիչ-քիչ վերածվող սասունցու արմատներով հույն արիադնաների

ես

չկամ

որովհետև արդեն մեծ տղա ես

և գիտես կտրատել շոկոլադով տորթը

և գիտես վերադառնալ անձնագրիդ ետևից

և գիտես երբ չասել բառեր սիրտ թափելու պես

և գիտես երբ բանալին լուռ սեղմել վզիս

և ոտքիդ չափսը թողնել մարմնիս

անհավանական կապույտ հետքերով

դու կենաց ասել էլ կիմանաս

որովհետև արդեն մեծ տղա ես

շատ մեծ տղա

հանրակացարան

 

 սիրտս գետնանցումի թունել է

ով հասցրեց պատին մի բան գրեց

ով հասցրեց թքեց ու միզեց

ով հասցրեց մի երկու գրամ քաշեց կամ ծակվեց

ներարկիչը շպրտեց ու գնաց

ով հասցրեց սեքս արեց

օրորվելով ռեզինները տրորեց ու գնաց

սիրտս ավգյան ախոռ է հերակլեսը չկա

սիրտս անմաքրել տուն է անմամա ու անպապա

սիրտս մեր բակն է

առավոտից իրիկուն մանկական ճղճղոցով լիքը

ու ոչ մեկը մեր բակեցի չի

ուղղակի մեր այգին ա սիրուն

սիրտս ամերիկայի պես է

շնից շատ ազգություն

ամեն իրիկուն հայրենիքի մասին քիչիկ մը դարդոտվող

սիրտ իմ իսպանական պոեզիայի գիրք

կարդում եմ վախենում մեջը նշում անել

կարդում եմ ու մտածում ամոթն էլ լավ բան է հանձնեմ գրադարան

սիրտս տիգրան մեծի հայաստանի չափ էր

հիմա մեր անկախ հանրապետությունն է դարձել

ամեն օր հացադուլ

ամեն օր գործադուլ

ամեն օր կռիվ նախագահ-վարչապետի կամ մամա-պապայի հետ

բանտախցեր ու լաց-կոծ

ամեն օր մարտի 1 մարտի 2 մարտի 3 ու էդպես մինչև մարտի 7

էդ օրը իմ ծնունդն ա

էդ օրը ինձ սիրում են

էդ օրը ինձ քծնում են ու հաճելի է

էդ օրը ես միանգամյա օգտագործման արքայուհի եմ

ով ժամը 12ից հետո դառնալու ա մոխրոտիկ

դառնալու ա ժամը 10ից հետո բաղրամյանի վրա կանգնող աղջիկ

բաղրամյանի վրա հգմ

օրեցօր հգմ դարձող սիրտս

ով հասցնում իրեն աբգար ափինյան է զգում

ճղակոտոր սիրտս բզկտված պուճուրիկ

ասի բռունցքիս չափ ես

մատներս ջարդեցին

ասի կոլայի շիշ ա

մաքրեք խցանված կոյուղին ձեր կոկորդի

ասի սոված կլինեք խաշ-խորոված սարքեմ կերեք

ասի հոգնած կլինեք բզիկ-բզիկ անեմ պառկեք վրան քնեք

ասի ճամփեն երկար էր

նստեք սիրտս քամեմ ձեր ոտքերը լվամ

ասի ինչ եք ուզում

ասացին գնա

սիրտդ մեզ թող դու գնա

հանրակացարանի պետք ունենք

սիրտդ

թող

դու

գնա

մետալ ռոք

  

դու ցնցվում ես

որովհետև աշխույժ ձվաբջիջ ես

որովհետև բարդ ծննդաբերություն է

ինչ-որ բան են գոռում դեռ չես հասկանում

դու գոռում ես քեզ չեն հասկանում

գոռում եք

ցնցվում եք

ծնվեցիր

ցնցվում ես

որովհետև չես խմել դեղերդ

որովհետև դեղեր ես խմել

որովհետև խմել ես

որովհետև ջահել ես

ցնցվում ես

աչքերիդ մեջ ճաքեր կան շատ մեծ

ամեն ինչ տեսնում ես

ականջներդ… պայթել են

որովհետև ամեն ինչ լսում էին

մարմինդ ծակոտկեն է ու ցանց

դու մաղ ես

քո միջով անցնում են բոլորը

ու դու ցնցվում ես

լայն ու նեղ ճակատների վրայով վազելով

կրունկներդ խրելով բիբերի մեջ

արնահոտ մատներդ լպստելով գալարվելով հաճույքից

օրորվելով պտտվելով

ջարդելով ասֆալտը

երկրագունդը տիեզերքը աֆրիկան

ցնցցցցցցցցվում ես

լեզուդ հանում ես դուրս

շան պես կամ օձի

հոտոտում

դաստիարակված ուղեղներից բարձրացող նեխահոտը

ցնցվելու փոխարեն դու ապուշ ես կտրում

անդաստիարակ ուղեղդ ապուշ է կտրում

մարմինդ ապուշ է կտրում

նեխահոտը ֆանտաստիկ է ու կրքահարույց ծեր տղամարդու պես

մարմինդ ցնցվում է

ծերունական դողն է

ծերությունը գոլ է խփել հիասքանչ

ու կնճիռները վազում են մարմնիդ ամենատարբեր անկյուններով

կնճիռները գոռում են ու ոչ ասում երիտասարդացմանը

թուլացած մաշկդ ասում է ոչ լիպոսակցիային

ատամներդ ընդունում են կարիեսը որովհետև այլ ընտրություն այլևս չկա

դու ցնցվում ես

որովհետև մաղ ես դարձել

քեզ գնդակահարել են ամենատարբեր վարձերով

աշխատանքի բացակայությամբ

անբավարարության էներգիան քո գլխին քեզ համար քարոզ կարդալով

քեզ սիրելով

քեզ ուզելով

օրենքները մեջդ ճխտելով

ետևիցդ խոսելով

դեմիցդ հետև մտնելով

դու ցնցվում ես

ծանր ու թարմ փսխեցիր

պետությունդ փոքր է ու հին

ախր շատ ծանր ու թարմ փսխեցիր սահմաններից անցար

ցնցվում ես

մեռար տանում են դասական ձևերով մի բան անելու

ցնցվում ես

դագաղը փոքրիկ մաղ է

կծկվում ես

ուզում ես գլուխդ խաղաղվի

բայց չէ էլի ցնցվում ես

չնայած մարմնիդ մի մասը հումուս է դարձել

մի մասը որդերին կեր

մի մասը աշխույժ քայքայվում է ծառայելով հանրօգուտ փտմանը

և ամուր կծկվելու համար ոչինչ չի մնացել

ոչինչ չի մնացել ցնցվելու համար

բայց նորից ցնցվում են բջիջներդ

հասկացնելու համար որ մենակ ես

այնքան մենակ որ շանս էլ չկա հղիանալու կամ հղիացնելու

այնքան անփող անգիրք

այնքան անծխախոտ և անխմիչք

որ սկսում ես հայհոյանքներ վերհիշել դեսից-դենից

և չես ալարում ստեղծել բանաստեղծական գեղեցիկ պատկերներ

փտախտով տառապող աստծու

դարպասներից դուրս հայտնված երկրագնդակի

և անպայման սիրո մասին

վաղվա սիրո որ 17:45 ինձ կսպասի կինոմոսկվայի մոտ

այսօրվա սիրո որ գործի է ու զբաղված

երեկվա սիրո որ անդունդից էն կողմ եկող քամու մեջ ինձ էր զգում կեսգիշերին

նախորդ օրվա սերը էլ չկա

և ես ազատ եմ նախորդ օրվա չափ ու կարող եմ

արնահոսել նաև քո վերքերից

եթե ազատ ես մինչև վաղը 17:40

եթե ցնցվել գիտես

եթե անգամ ցնցվել չգիտես բայց գիտես բջջ. Համարս

Show Comments Hide Comments

One thought on Բանաստեղծություններ

  1. Anna Tamrazyan says:

    Ներեցեք, բայց կատարյալ գռեհկաբանություն է…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *