«Այդ պատմութեան ընդհանուր գծերը փորձած եմ այստեղ կազմել: Ոչ անոր համար որ չիք գրական ուսումնասիրութիւն առանց գրականութեան պատմութեան- որ ինքնին արդէն խնդրական գաղափար մըն է, գրականութեան պատմութի՛ւնը- այլ անոր որ հետազօտող միտքը արխիւի վիճակէն կամ անյայտէն դուրս պարտի բերել դէպքերու, դիրքորոշումներու, ըմբռնումներու, մտատեսութիւններու կամ հերքումներու հետքերը, ընդլայնելու, խորացնելու համար գրական յիշողութիւնը: Ասիկա կը նշանակէ անշուշտ, որ այդ բոլորը եղած են առանց իսկապէ՛ս եղած ըլլալու, այսինքն՝ չեն անցած, իսկապէս անցեա՛լ չեն եղած, վասնզի երբեք տեղ չեն ունեցած: Հետքեր դնել, որոշել, կապեր հաստատել, նախադասութիւններ ու ընթածիր կազմել, գուցէ, խօսեցնել լռուածը, արձանագրել խցկուածը- ինչը, ինչպէսը, երբը-, որպէսզի գոյութիւն ունենայ: Ուրեմն՝ զիս հետաքրքրողը եղելութիւններու շարքը չէ, դրուագները, այլ խաղածիրը, տրամաբանութիւնը՝ որ ապագայապաշտութեան ընկալումը հայ գրականութեան ընկալումը հայ գրականութեան մեջ կը վերածէ հերքումի մեքենայի, այսինքն՝ չընկալման կամ «չընկալող ընկալման»: Ակնյայտ է մէկ բան, ապագայապաշտութիւնը միջազգային վերջին շարժումն է, որ մեր գրականութեան մէջ խմբակներ կը ստեղծէ, չեմ ըսեր «հոսանք», «դպրոց»: Ասոնք՝ ըլլալու համար, պէտք ունին ժամանակի: Իսկ մեր գրականութեան պակասողը… այն հիմնական ազդակն է որ կը կոչուի հասունացում»:

Գրիգոր Պըլտեան, «Հայկական ֆուտուրիզմ»

***************************************************************

«Իմ Երևան, հայոց մայրաքաղաքներից ամենաերիտասարդը, ամենագեղեցիկը, ամենատխուրը:

Օտար բարբարոսների հրոսակները քո միջով չանցան, չպղծեցին քո եկեղեցիները:

Քեզ դավաճանեցին քո մտերիմները:

Նրանք լքեցին քեզ ու թողեցին շների ոհմակներին»:

Չակերտներում Շուշան\իկ Ավագյանի\Կուրղինյանի «Գիրք-անվերնագիր» վեպից մեջբերումներ են: Հեղինակ\ներ\ը իր\ենց գրության մեջ հրաժարվել է\են չակերտներից, որովհետև «հերոսներն այս վեպում նույնացած են»: Վեպը, որ կարդում եմ հիմա (26.01.2015, 05:53 pm), վերածվել է վիրտուալ մի տարածքի (ավելի դիպուկ բառով՝ տեղի), որը հանդիպման համար դարձել է միակ հնարավորը: Բայց ինձ համար այս վեպտեղն իր վիրտուալության մեջ առավել իրական է, քան այն իրականությունը, որն անհնար է դարձրել երկու հերոսների հանդիպումը: Համոզված եմ, որ  վեպի ընթերցումից հետո դեռ երկար ժամանակ երկու տարբեր Շուշան\իկ\ներն ինձ նույնական են հիշվելու:

***************************************************************

Շուշան\իկ Ավագյան\Կուրղինյան\ի անունը Ժամանակակից արվեստի ինստիտուտում եմ լսել՝ թարգմանական դասի ժամանակ:

Ամազոնում Շուշան\իկ\ի՝ Վիկտոր Շկլովսու անգլերեն թարգմանությունը գտա (Շկլովսկու «Արվեստը որպես հնարք» տեքստը ամենասիրելիներիցս է): Մի տեսագրություն էլ գտա, որտեղ Շուշան\իկ\ը կարծեմ թարգմանությունից էր խոսում: Պատկերը վատն էր ու աղավաղված, բայց կինը\կանայք սիրուն էր\էին:

Շուշան\իկ\ին հանդիպելու, հետը խոսելու, հազարումի հարցեր տալու, մի քիչ քայլելու ցանկություն ունեցա: Ցանկության էն տեսակներից, որ երբ հանկարծակի մի կարևոր բան ես գտնում ու նույն պահին որոշում, որ ամբողջ ժամանակ հենց էդ էր պակասում երջանիկ լինելու համար: Բայց ինչպե՞ս են հանդիպումները հնարավոր դառնում:

***************************************************************

Հաջորդ օրը Կայարանից Բաղրամյան ոտքով քայլեցի: Նարէի տուն: Ինձ համոզեցի, որ մարզավիճակս պահելու համար եմ քաղաքի կեսը ոտքով չափում: Իրականում՝ թաքուն հույս ունեի, որ կհանդիպեի նրան\ց, կամ գոնե մեկին, ով ճանաչում էր նրան\ց, կամ գոնե անծանոթ հայացքներ, որոնք իր մեջ պահում է Շուշան\իկ\ը: Անցա հրապարակը ու քայլեցի Արամի փողոցով: Փողոցի կիսավեր տների կողքով սովորականից դանդաղ անցա: Անհնար է էս տարածքները չափչփած չլինի: Գրախանութ մտա: Չկար:

***************************************************************

Նարէի հետ սովորականի պես մի քանի ժամ զրուցեցինք: Խոսում էինք հակա-հերոսներից.

«Արդյո՞ք հակահերոս է նա, ով լքում է ամուսնուն ու զավակներին, բարեկեցիկ կյանքն ու հարմարավետ տունը՝ զրկվածների ու հասարակությամբ բռնաբարված մարդկանց կողքին լինելու համար:

Թե՞ հակահերոս է նա, ով չունի գերեզման ու ճակատին հավետ պիտի կրի «ազգի դավաճան» փշե պսակը:

Կամ հակահերոս է նա, ով համարձակվում է քննադատել գրողների միությանն ու գրաքննադատներին, որ արհամարհում ու աղավաղում են մեր պատմությունը»:

***************************************************************

Հետո Մերին մեզ միացավ: Նախորդ գիշեր հայտնաբերածս անծանոթի\ների մասին պատմեցի: Չճանաչեցին: Մոտավոր անուններ առանձնացրինք, ովքեր հավանաբար տեղեկություններ կունենային: Պետք էր մանրամասն հարցաքննել բոլորին: Ես արդեն մտքումս բոլոր մանրամասնություններով պատկերացնում էի, թե ոնց եմ իր\ենց լուսանկարը բազմացնում ու խնամքով փակցնում քաղաքի բոլոր կանգառներում՝ «Փնտրում եմ» վերնագրով:

Պատմեցի, որ ինչ-որ վեպ ունի տպագրած՝ «…անվերնագիր» կամ նման մի բան: Գուգլում շապիկն ու գրքի նախաբանը գտանք: Չսիրեցի շապիկը: Չափազանց ֆիգուրատիվ էր անվերնագիր լինելու համար: Մերին (հանկարծ ինչ-որ բան հիշողի պես) արագ վեր թռավ տեղից, սենյակ գնաց ու մի գիրք բերեց՝ կարմիր շապիկով: Սա՞ է փնտրածդ գիրքը: Գիրքը ձեռքս առա: Ինքն էր:

***************************************************************

Մերին պատմեց, որ երբ բանտարկյալների խնդիրներով զբաղվող մի ընկերության էր աշխատակցում, գրքերի հավաքագրում-նվիրատվություն էին կազմակերպել՝ բանտարկյալներին ուղարկելու համար: Գիրքը հետաքրքրել էր ու թռցրել էր: Մեկ կամ երկու տարի առաջ:

***************************************************************

«Մեկը հեղափոխական էր, մյուսը՝ հակահեղափոխական:

Բայց միասին «կջանայինք դարման մը գտնել մեզ հուզող հարցերուն»:

Շուշան\իկ\  Ավագյան\Կուրղինյան

Մեկը ֆեմինիստ էր, մյուսս՝ չէ:

Մեկը թարգմանիչ էր, մյուսս՝ չէ:

Մեկն ինստիտուցիոնալ կրթություն ուներ, մյուսս՝ չէ:

«Բայց միասին «կջանայինք դարման մը գտնել մեզ հուզող հարցերուն»:

«Գրքի ընթերցանությունը սկսվեց բացա-հայտ(նաբեր)ելով սովորական դարձած բառակապակցություններն ու ուսումնա-ՍԻՐԵԼով նրանց արմատները.

Որտեղի՞ց են սերվում և ինչու՞ են փոխել իրենց սկզբնական իմաստավորումները»:

***************************************************************

Ասում են՝  Շուշան\իկ\ը Հայաստանում չի բնակվում:

***************************************************************

Այս նույն ընթացքում արդեն երրորդ ամիսն է, ինչ աշխատում եմ մի պատմվածքի-գրառման-փորձարարական գրության վրա, որ հիշողության խանգարումների հետ է աշխատում: Շուշանն  իր վեպ-տեղում արձանագրում է հերոսների կամ հակա-հերոսների բառեր, ովքեր հիշողության աղավաղման վկաներն են, դրա զոհերը ու կամ հետևանքները: Բայց նրանք բոլորը կամ նրանք՝ այդ մեկը, ինձ երջանիկ թվացին: Հերոսը կամ հակա-հերոսը, ում մասին վկայում եմ իմ աշխատանքում, նրանց հետնախորքում ինձ անհույս խղճուկ թվաց: Ինքն էլ է մեկը, ով հայտնվել է ջնջված հիշողության հետ դեմ առ դեմ, բայց:

Բայց հիշողության խախտումների հետ մի բան անել կարողանալը հնարավորի սահմաններից դուրս է: Խնդիրները նույնն են: Թերևս: Գրառմանս հերոսը կամ հակա-հերոսը նույնպես հայտնվել է  անօդ տարածքում ու չի գտել օճառե մի պղպջակ, որից բռնվելով կկարողանար հաղթահարել հիշողության խախտումները: Շուշանը կարողացել է ստեղծել մի վիրտուալ վեպ-տեղ, որտեղ հիշողության վերականգնման պատրանք է ստեղծել ու կտրված կապերի վերականգնումը դարձրել է հնարավոր: Երջանկության հնարավորություն՝ սպիտակ էջերի վրա: Իմ հերոս-հակա-հերոսի համար իր զբաղեցրած էջերը էլ ավելի են խորացրել հիշողության խախտումները, որոնք փոխակերպվել են կրիպտոմնեզիայի տեղային դրսևորումների: Շուշանին գտնելս, երբ գործս արդեն ավարտել եմ ու մշակման փուլի մեջ է, հույսի պես մի բան թվաց: Հնարավոր է՝ ելք կա: Հնարավո՞ր է: Եթե Հայաստանում լիներ, հենց հիմա, առանց գիշերազգեստս փոխելու, առանց մազերս կարգի բերելու կգնայի մոտը: Ու հաջորդ գործս սկզբնակետ ունեցողի գրառում կլիներ, ում հիշողությունը սկսել է վերականգնվե՞լ:

***************************************************************

Ասում են՝ Շուշանը Հայաստանում չի բնակվում:

***************************************************************

«այսպես՝ հիշողությունը պարբերաբար բռնի բեռնաթափման էր ենթարկում: այնքան էր կատարելագործել այդ տեխնիկան, որ երեկ հետը պատահած ցանկացած բան հաջորդ օրն արդեն իսպառ մոռանալու իշխանություն ուներ: այն ջնջված տարածքը, որ առաջացնում էր հիշողության մեջ, բառերի համար խնամքով բացված տարածությունն էր: պետք էր ամեն բան մոռանալ, որպեսզի դրանք բառերով պատմելու հնարավորություն ստեղծվեր: ամեն ինչ մի նպատակ ուներ՝ հնարավորինս լավ մոռանալ՝ իրականության այլ հիշողություն կառուցելու համար: իրականությունը նորից ճկվում էր»:

ա. ա., «բառեր»

***************************************************************

Շուշան\իկ\ը Կուրղինյանի մասին է գրում: Քիչ բան գիտեմ նրա մասին, չնայած Գյումրիում Կուրղինյանի գրաֆիտիի կողքին լուսանկար ունեմ: 2014-ի ամռանը «Բեռլին» արտ հոթելում էինք: Նարէի հետ մտանք մոտակա կրպակը՝ ջուր գնելու: Մեկ էլ վաճառողը. «Նկարիչներ ե՞ք, Երևանից ե՞ք էկել, Բեռլինից դուրս էկաք, չէ՞»: Առանց պատասխանների սպասելու, ինքը. «Մի քանի օր առաջ քաղաքից մարդիկ են էկել, (մի կնոջ անուն է տալիս, որ չեմ հիշում) տան պատերին գրություններ են արել, հիմա էլ ինքը չի կարողանում ոչ էդ տանն ապրել, ոչ էլ տունը վաճառել: Հելել-գնացել բարեկամի տանն է ապրում: Ով էդ գրությունները տեսնում, վախենում է: Ո՞վ կհամաձայնվի գրերով պատված տան մեջ ապրել: Գիրը խաղալիք բան չէ: Շատ եմ խնդրում, իմացեք՝ ովքե՞ր են արել, խնդրեք թող գան ջնջեն դրանք»: Հասկացանք, որ խոսքը Կուրղինյանի տան մասին էր: Օրեր առաջ տան պատերին Կուրղինյանի աշխատանքներից մեջբերումներով գրաֆիտիներ էին արվել: Մենք. «Չեք կարծու՞մ, որ ջնջված գրերով տանն ապրելն էլ ավելի սարսափելի կլինի: Ջնջված գիրն անհամեմատ ավելի սարսափելի բան ա»:

***************************************************************

Կուրղինյանի մասին քիչ բան գիտեմ: Սովորական բան է: Ես էլ, ոնց որ անկախության տարիներին ծնված ընկերներս, մի սերնդից եմ, որ ասես հանկարծ հայտնված լինենք դատարկ տարածության մեջ՝ դատարկության միջից: Ոչինչ չգիտենք ինքներս մեր մասին, էլ ու՞ր մնաց: «Հեռավոր անցյալ» կոչվածի մասին ասքերով մեծանում ենք մինչև պատահարը, որից շեղվում ենք ճանապարհից ու դուրս ենք ընկնում հիմնական ժամանակի հոսքից: Առավել բախտավորներս ճանապարհներին մեզ պես կորածների ենք հանդիպում ու կորածներով խմբեր ենք կազմում: Մեկ-մեկ էլ կորածների մեջ մարդիկ են գտնվում, ովքեր ուրիշ բառերով են պատմություններ պատմում: Նման մարդկանց հանդիպելը երջանկության ամենամեծ չափաբաժինն է: Ուրեմն՝ ստիպված սկսում ես քիչ-քիչ մոռանալ «իմացածդ», մինչև հիշողությունդ ամբողջապես չի բեռնաթափվում: Հետո զրոյից սկսում ես նորից փնտրել: Կապերդ նրանց հետ, ովքեր մոռացվել են: Եթե չմոռացվեին, դու ոչնչից ծնված չէիր դառնա:

Սկսում ես փնտրտուքդ՝ ուրիշի հիշողությունների մեջ: Դու պիտի իմանաս էն, ինչ մոռացել են ուրիշները: Քո հիշողությունն ուրիշների մոռացածի մեջ է:

Դրանից հետո էլ չգիտեմ, թե ինչ է լինում, որովհետև հիմա ես հենց նման մի տեղում եմ կանգառել:

***************************************************************

«Սակայն ինչպե՞ս գրել իրական դեպքերի մասին, որոնք իրականության մեջ վեր են ածվել հեքիաթների»:

***************************************************************

Ինչու՞ եմ Շուշան\իկ\ի վեպը «վեպտեղ» անվանում: Հիշողությունը կորցրած մեքենա-գրողը հենց ինքն է նախաձեռնում իր հիշողության վերագտնումը, կառուցումը ու երևակումը: Հիշողությունը, որի առկայությունն իրեն կփրկեր ոչ մի տեղից լինելու զգացումից: Զգացում, որը մինչ այս վեպտեղը կարդալս ոչ մի րոպե ինձ չի լքել: «Գիրք անվերնագրի» գրիչը ինքն իր ձեռքով է կառուցում մի բան, ինչը կարող էր իրեն ծնած լինել: Ուրեմն «Գիրք անվերնագիր»-ը տեղ է ոչ միայն մեքենա-գրողի, վեպի հերոս-հակա-հերոսների համար, այլ առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր միշտ՝ հիմա, հետո պատմության դուրսպրծուկներն են լինելու:

Վեպում կարդացի, որ երիտասարդ գրողից չորս տարիներ են պահանջվել Շուշանիկ Կուրղինյանի ժառանգությունը վերականգնելու, այն թարգմանելու ու հրատարակելու համար: Շուշան\իկ\ի վեպը ինձ ծանոթ ժամանակակից գրականության միակ օրինակն էր, որտեղ հեղինակը հիշողության խնդիր է դնում: Այս դեպքում «խնդիր է դնում» ասելը շատ քիչ կլիներ, որովհետև մեքենա-գրողը չի բավարարվում հարցադրում անողի ապահով դիրքով կամ չի սահմանափակվում հարցադրում անելու ժեստով: Շուշան\իկ\ի վեպը ժեստային չէ: Մեքենա-գրողը տեքստի մակարդակում է վերակենդանացնում պատմության ծիրից դուրս մնացած «ըմբոստին»:

Իհարկե, հեշտ չէ «Գիրք-անվերնագրից» խոսելը (այստեղ տեղին կլիներ նույնիսկ «վտանգավոր» բառի կիրառումը)՝ առանց ինքդ քո գործունեությունը հարցականի տակ դնելու:  Չեմ ուզում կոպիտ պնդումներ անել, որ այսօր էլ «այլ»-երը շարունակում են դուրս մնալ «պաշտոնական պատմության ընթացքից», կամ էլ որ քիչ բան է փոխվել Պըլտեանի գրքում մատնանշած ժամանակների՝ մեզ բնորոշ մտածողության մեջ, կամ որ: Կամ որ:  Բայց հիմա երևի հենց նույն մտավախության պատճառով է, որ նամակս գրում եմ:

01.15

Խմբագրության կողմից. Ինքնագրի 2-րդ համարում(2007թ) հրապարկվել է Շուշան Ավագյանի «Գիրք անվերանգիր» վեպի վերաբերյալ Մարկ Նշանեանի գրությունը՝ «Գրականութեան արանքին»:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.