Գարուն

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի կոկորդիլոս,

դու ծաղկեցիր մարտյան մի գիշեր,

երբ մենք սլանում էինք խելահեղ արագ

և լիլին էլ, կարծեմ, դեռ ամաչում էր խոստովանել,

որ սիրում է տղային՝ իրենից այդքան փոքրատարիք

և քո կինը՝ փոքրիկ հուշում այն մասին, որ դողերդ ամառվա են,

իսկ ճամփան, ախ ճամփան…

դու սլանում էիր ձմեռների միջով,

իմ ներսում թիթեռները բացում-փակում էին շրխկալով

ահռելի, թափանցիկ, իրենց մեծ թևերը,

և ես ինքս էլ, հիշում եմ, դարձել էի ահռելի մեծ ու թափանցիկ

շրխկոցով կրծոսկրիս տակ աշխատող

մեքենա,

որ սլանում է հորդահոս գինիների միջով, նարինեի ծիծաղի,

լիլիի սքանչելի անվան ու կնոջդ կասկածի,

որ հոսելով մեր միջև՝ հստակվում էր իր համար պարզորոշ.

վայրկյան առ վայրկյան ես սիրում էի քեզ այնքան խելահեղ,

և ոչինչ չէի հասկանում,

և կինդ, կինդ, կինդ, խեղճ աննա,

դու առաջին վայրկյանից հասկացար,

երբ արագորեն անցնում էիր փողոցը ու շտապում էիր պարտեզ՝

տղայիկիդ տուն տանելու,

երբ շնորհավորում էի քո ծնունդը,

երբ սիրում էի քեզ այն կանաչ ամառանոցում՝ կծելով փոքրիկ կուրծքդ

և ցայլքիդ մազերը շոյելով,

դու ամեն ինչ գիտեիր,

երբ ոչինչ էլ չկար, երբ ոչինչ չէր նախատեսվում,

և իմ սերը կարող էր մնալ իբրև երևակայություն՝ թարմ ձյուն բոբիկ ոտքերիս տակ,

վարդերի շքեղ փունջ, վիսկի, որ խմում եմ կում-կում ու քայլում

այս վարձով տան մեռելներով լեցուն սենյակում,

օ՜, կին, քո երևակայությունը ստեղծեց ամեն ինչ,

ես՝ բառե զինվորիկ, նստեցի քո երևակայության հրասայլի մեջ ու ոտնատակ տվեցի ամեն ինչ:

Եվ օրերը, որ սկսվում են հիմա, այլևս չեն ավարտվում, կրկնվում են,

Քրիստոսը մեռնում է ծերանոցում,

Քրիստոսը ծննդատանն է ահա, և Մարիամին ընդառաջ շտապող բուժքույրը

Հովսեփի աչքի առաջ ձեռքերից բաց է թողնում մանկիկին՝ փակելով հաշիվները եկող հայտնության,

Քրիստոսը խաղում է բակում, գոռգոռում է, վազում ու ցատկում,

ես կանչում եմ նրան տուն, ես սարսափելի հղի եմ և այլևս չեմ դիմանում ցավերին,

– տուն արի, տղաս, – կանչում եմ պատուհանից, –

ես որոշել եմ հենց հիմա քեզ ծնել. մեր ընտանիքը պատրաստ է հեղափոխության:

կադր 1

հնչում է Բախից ինչ-որ մի սյուիտ, հավանաբար այն մեկը՝ թավջութակի համար,

ես այնքան սոված եմ և այնքան հղի և այսչափ կլորափոր,

զարթնել եմ, իսկ սիրտս ցավում է մի տեսակ ու խփում է, խփում տագնապած,

ոչինչ, նորմալ է, մտածում եմ, գիշեր է, ես այսքան սոված եմ և այսքան հղի,

բայց սիրտս անփամփուշտ հրացանի պես դատարկվում է քունքիս մեջ անընդհատ

,

կամացուկ մտնում եմ սենյակ

սենյակում դու դավաճանում ես ինձ

ամենամոտ ընկերուհուս հարազատ քրոջ հետ և շոյում ես կուրծքը նրա,

և դեմքդ կանոնավոր է, պայծառ, դու պրծել ես նորից ու նորից,

և արյունը՝ լերդացած, նեղլիկ օձ, վանդակում է գլուխս ցիրուցան,

բայց ինչ գեղեցիկ ես դու և ինչ անիծյալ և որքան հրեշավոր, այնքան էլ սիրելի

կրկնակի սիրելի, եռակի սիրելի, քառակի ու հնգապատիկ,

ամեն անգամ սիրելի,

դու սիրելի էիր, սիրելիս, երբ ես ծնում էի աղջկադ,

և սիրելի էիր, երբ մեր առաջնեկի ուրախությունից գլուխդ կորցրած

ճանապարհեցիր եղբորս տուն և սիրեցիր անկողնու իմ հատվածում մեր հարևանուհուն մինչև լուսաբաց,

այ էդքան երջանիկ էիր դու, այ էդքան անգլուխ զամբիկ

կադր 2

ինչ-որ մի պրելյուդ թող հնչի, երբ բառերը վերջանում են ու դառնում անիմաստ կրկնություն,

շուրթերը սկսում են սուլել

և արդյո՞ք հեղափոխություն է պատրաստվում:

ընդամենը կյանք՝ վարագույրի պես արագ աջուձախվող,

և ու՞ր են երջանիկները՝ խարույկի մեջ իրար վրա դրված երկու փայտ,

որ մամուռ են բուրում ու անտառ վայրի և որ կարևոր է՝ իսկական են,

երջանիկ:

Քո կյանքը՝ պատից կախ նկար, ուր հայրդ քաղցկեղ ունի,

նա կմեռնի, եղբայրդ կծախի տունը:

Կհասցնե՞մ տեսնել տունը, ուր ապրում էի կարիճների հետ,

և կարիք ունեի կարմիր նկարի և քանի որ նկար չունեի,

մի կարմիր տոպրակ էի ամրացրել:

բերնեբերան կարմիրով լցված հիշողություն՝ ինչպես թոքախտով հիվանդի բերան,

որ արյուն է թքում ու կյանք:

Ես թքում եմ քեզ դուրս:

Ես ապրում եմ:

Արդյո՞ք ես երջանիկ եմ, վայրի, և արդյոք կարելի է նկարել ինձ

ու կախել տան պատից՝ չխանգարելով անդորրը բնակիչների:

Օրինակ՝ ինձ հանգիստ չի տալիս կավիճով նկարված այն ծաղիկը

պատշգամբի պատին: քերում եմ բիբերս, որ մոռանամ:

ինչ-որ մի պրելյուդ թող հնչի, դու դեռ այստեղ ես, զգում եմ:

լսո՞ւմ ես սուլոցը բառերի: իսկ սվվո՞ցը փամփուշտների մարտ ամսին Արփիի պատշգամբում…

և արդյոք մե՞ծ է տարբերությունը, թե ինչով ես վերջակետ դնում,

մեկը՝ դնչի տակից,

մյուսը՝ նախադասության վերջում:

կադր 3

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի…

և կարևո՞ր է արդյոք քո անունը՝ միակ հստակ բանը, որ ունես

սառած մատներով քանդում եմ ձյունը՝ հիշողությունս գտնելու պես

սլանում ենք, ամեն ինչ այնքան նոր է, հետաքրքիր,

և ձյունը համառորեն չի հալվում, գնալով շատանում է՝

միզելու ցանկությանը զուգահեռ՝ ապահովելով ֆոնը տխրության,

ձյուների մեջ միզում ենք, հետո մի երկու քայլ անում, պառկում ենք ու քրքջում հիացած:

Ես մեծ եմ,

ես թափանցիկ եմ ու թիթեռ,

ես շատ եմ, անհաշվելի, բոլորով միասին խցկված փոքրիկ փորում,

բացում ենք-փակում թևերը, ինչ հրաշալի է լինել սիրահարված,

ինչ հրաշալի է, որ ծննդյանս օրը կամուրջից ուղղակի չնետվեցի ցած,

այլ նստեցի այգում ու սպասեցի մինչև նարինեն եկավ,

հիմա ոչինչ չեմ հիշում, թե ինչ խոսեցինք, բայց լավ էր, որ եկավ:

կադր 4

աստված իմ, ես հղի եմ, հղի եմ, հղի եմ

հեղափոխությամբ,

գնանք, սիրելիս, վարդը պոկենք թփից,

ցնցվող ուսերից պոկենք գլուխը

կավիճով կամ նավթով ջնջենք քաջությունը,

հումորը,

սրտերը սառած,

որովհետև այն, ինչ մնալու է, միայն

մենությունն է,

ցուրտը,

լռությունը:

սիրելի, սիրելի սիրելիս,

որքան հարազատ ենք իրար, որքան որբ ու անօգ,

և ինչ հերոսական է սիրտը,

և ինչքան սեր կա այնտեղ՝ օվկիանոսի մեջ փտող անմարդաբնակ կղզիներ,

ախ սիրտը քո՝ անմարդաբնակ կզղի, մարմնիդ ահեղ գեղեցկությամբ ծփող օվկիանում,

և ում է պետք քո ինչքը, երբ դու ինքդ քեզ չունես,

երբ այդքան կիսատ ես ու այդքան կին,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի, սիրելի, սիրելի,

սիրելի գիտես, թե ով:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.