«Իռենի ճեղքը» (Le Con d’Irène), որ «Անվերջության պաշտպանություն» (Défense de l’infini) վեպի ընդամենը մի գլուխն է, առաջին անգամ տպագրվել է 1928 թ., անստորագիր` Անդրե Մասոնի էրոտիկ նկարազարդումներով:

Իսկ «Անվերջության պաշտպանության», որի վրա Արագոնն աշխատել է 19231927 թթ., մեծ մասը նա այրել է Մադրիդում: Վեպի որոշ հատվածներ պահպանվել են, որոնցից մի քանիսը Արագոնն ինքն է հրատարակել, մնացյալը լույս է տեսել իր մահից հետո` 1986ին:

«Իռենի ճեղքը» վիպակի ներշնչանքը միլիարդատեր Նանսի Քյունարի հետ ունեցած սիրային խռովահույզ կապն է, որի խզումը Արագոնին ստիպել է ինքնասպանության փորձ անել: Դեպքից մի քանի ամիս անց ռուս գրող և Մայակովսկու ազգական Էլզա Տրիոլեի հետ հանդիպումը, որը դառնում է նրա խորհրդատուն, սիրուհին, ապա` կինը, արմատապես փոխում է Արագոնի կյանքը:

Գրքույկը մեծ աղմուկ է հանում` ընդհուպ մինչև դատավարություն: Ոստիկանությունն այն արգելում է, և Արագոնը ստիպված է լինում դատարանում հրաժարվել հեղինակ լինելուց:

 1968 թ. Ռեժին Դըֆորժը փորձում է «Իռենի ճեղքը» վերահրատարակել առանց հեղինակի անվան, վերնագիրը դարձնելով «Իռեն», սակայն գիրքը առգրավվում է՝ պատճառաբանությամբ, որ արգելվում են անանուն հրատարակությունները: 1969ին հրատարակվում է հորինված Ալբեր դը Ռուտիզի կեղծանունով՝ «Իռեն» վերնագրով:

Հրապարակավ Արագոնը երբեք չի ասել, որ վիպակի հեղինակն է, միայն մասնավոր զրույցներում է խոստովանել:

Արդյոք այս պատմվածքը էրոտիկ գրականությո՞ւն է` հաճախ են հարցադրում գրաքննադատները: Այնքան էլ չէ, և Արագոնն ինքն է պատասխանում այդ հարցին. «Գրելը մտածելու իմ միակ մեթոդն է: Դրա համար է, որ շատ եմ նախանձում էրոտիկ հեղինակներին, որոնց մոտ հենց էրոտիզմն է արտահայտությունը: Հրաշալի լեզվամտածողություն, որ բացարձակ իմը չէ»:

Վեպի իրական սյուժեն ֆրանսիական երկաթյա մայրիշխանության և, ընդհանրապես` կանացի պոտենցիայի հաղթարշավի գիտակցության նկարագրությունն է: Երեք սերունդ` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով կաթվածահար տղամարդը ականատես է իր ընտանիքի կանանց աստիճանական փչացմանը. աստվածավախ կնոջից մինչև կնասեր դուստրը` Վիկտուարը և հեշտամոլ թոռնուհին` Իռենը: Կանայք տիրանում, օգտագործում, շահագործում են շրջապատում գտնվող բոլոր տղամարդկանց: Դիպուկ և մարգարեական եզրակացություն` «կանանց հաղթարշավը և նրանց հպարտ առողջությունը»: Պատահական չէ, որ Արագոնն ավելի ուշ անընդհատ պնդում էր, թե «կինը տղամարդու ապագան է»:

Ապա հանկարծ տոնը փոխվում է, ձկներն են հայտնվում, որոնց թաքուն բեղմնավորման և տարփանքի նուրբ նկարագրությամբ Արագոնն ընթերցողին տանում է դեպի սրբազան ընդերքի հայտնությունը` աշխարհի սկզբնապատճառը, հուսահատ նավաբեկյալների փարոսն ու տղամարդուն տղամարդ դարձնող հանգրվանը` Իռենի հեշտոցը: Արագոնի բառապաշարն էլ թվում է կրոնական էքստազի մեջ թաթախված` եկեղեցի, սուրբ խաչակամար, խորան, մասնատուփ, հաղորդության բերան, որ միևնույն ժամանակ անհատակ վիհ է, մութ ու միստիկ խորխորատ: Այստեղ է, որ «երջանկություն» բառը, մեծատառերով շեշտված, ստանում է իր ամբողջական և հարացուցային իմաստը:

Սեռական հրաբորբ տեսարաններին զուգահեռ մեկընդմեջ բացվում է բոլորովին այլ մի միջավայր, ուր հուսահատ մելամաղձության ոչ պակաս սուր զգացողությունը խառնվում է բանաստեղծական վերամբարձ տրամադրությանը. Արագոնն այստեղ սգում է սիրո կորուստը, միակ իրական եղելությունը կյանքում, և մնացյալ ամեն ինչ աշխարհում առկախվում է սյուրռեալիստական պատկերների և հիպերբոլիկ կրկնությունների ցանցերում: Մնում է բառերի արոտավայրը, Արագոնինը` բարձր լեռների հավերժական ձյուների մեջ, որտեղ գրողը գտնում է իր ապրելու իմաստը:

Արագոնի այս վիպակը հայերեն թարգմանելն իսկական մարտահրավեր է, որովհետև բացի հեղինակի բազմաշերտ ու փոփոխական լեզվի գալարումներն ըմբռնելու` սուբյեկտիվ դժվարությունից, խնդիր է նաև, որ հայ արդի գրական լեզվում էրոտիկսեքսուալ բառապաշարը սուղ է. կան բառեր, արտահայտություններ, որոնց համարժեքը հայերենում բացակայում է, և հարկավոր է ինչոր կերպ դրանք ստեղծել և ձևակերպել, իսկ գոյություն ունեցող համարժեքների դեպքում` անընդհատ զգոնություն է պահանջվում` ճիշտ խուսանավելու գռեհիկհայհոյական և ստերիլ գրական խութերի միջև, որոնք ադեկվատ չեն ոչ հեղինակի, ոչ վիպակի ստեղծման ժամանակի «բաց» ֆրանսերենի շնչին: Բացի այդ, ֆրանսերենում սեռական օրգանները կամ գործողությունները երբեմն տասնյակի հասնող եզրույթներ ունեն, որոնց համար հայերենում ընդամենը մեկ կամ երկու բառ կա, և շատ դժվար է այդ ամբողջ հարստությունը փոխանցել: Սակայն ամենամեծ տատանումը եղավ վերնագրի ընտրության պարագային: Con`կնոջ իգանդամի համար գործածվող կիսագռեհիկ, կիսառամկական և առավելապես գավառական բառը, որը «հեշտոցի» և «պուցի» խառնարանային հանգրվաններում է ոչ մի կերպ չէր համաձայնում հայանալ: Պարզվեց, որ այդ խնդիրն ունեցել են նաև այլ թարգմանություններ, օրինակ` ռուսերենը, որն ունի երկու թարգմանություն` շատ գրական (Лоно Ирены), և շատ գռեհիկ (Пизда Ирены) տարբերակները, կամ իտալերենը (Il sesso d’Irène, ed. Meraviglia, coll. Libri di una sera, 1993), որտեղ այն պարզապես թարգմանված է այդ լեզվում չափազանց գործածական և համընդհանուր նշանակության «սեքս» բառով: Վերջապես, երկար քննարկումներից հետո որոշեցինք մի բառ, որը որպես «հեշտոցի» հոմանիշ օգտագործում է հեղինակը` «ճեղք», իսկ գրքի շապիկին` լեզվական այդ թնջուկին պատկերային լուծում տալ:

Նազենի Ղարիբյան

1

Մի՛ արթնացրեք ինձ, գրողը տանի, սրիկանե՛ր, մի՛ արթնացրեք, զգո՛ւյշ ես կծում եմ կատաղած եմ: Ի՛նչ սարսափ էլի՛ ցերեկ էլի՛ շնարբուք անորոշ վիճակ դառնություն: Ուզում եմ սկել մութ ծովի մեջ հերի՛ք էս կայծակները էս ի՞նչ անվերջանալի ամպրոպներ են ուզում են գլխիս որոտալի կյանք բերել ականջներիս տեղը  թիթեղյա խողովակներ են դրել կրծքիս ամեն շնչի հետ գազի հանք է պայթում իմ հանքափորները փախչում են տագնապի հորատանցքեր տրաքտրաք ով մյուսներից ավելի արագ: Բայց սա ցերեկ չի սա դինամիտ է: Կոպերս սրախողխող են անում մատները կոկորդս են խրում մարմինս շփում են զարթոնքի խճերով: Մի՛ պոկեք երազների հողում թաղված եղունգներս մարմինս փարված է ստվերին գիշերը բերանումս է արյունս չի ուզում հոսել: Ես քնած եմ գրողը տանի ես քնած եմ:

Վայրենինե՛ր հես ա գոռալու եմ գոռում եմ վայրենինե՛ր աղոթաթոռներով հետևից շինած խոզերի տղեք կեղտոտ թումբանների վիժվածքներ քաքի գնդեր պոռնիկի չուլկու փախած հատեր տնական լորձոտ դոդոշներ թարախոտ որդեր թողե՛ք ինձ մասուրի փտուկներ[1]  թևատակի մազեր քոսը կերած մոմեր առնետի ճարպաքրտինքներ տականքներ տականքներ սև արտաթորանքներ թողե՛ք ինձ ասում եմ ես ձեզ կսպանեմ կոչնչացնեմ ձվաջարդ կանեմ քթներդ կծամեմ ես ձեզ ես ձեզ կկոխրտեմ:

Մա՛հ մա՛հ սրանք ինձ պիտի արթնացնեն սրանք ինձ արթնացնում են: Եկեք այստե՛ղ ջրվեժներ վարարումներ պտտահողմեր եղնգաքար հայելիների հատակներ բիբերի անցքեր սուգ կեղտ լուսանկար տարականներ հանցագործություն էբենոս պատատուկ աֆրիկյան մարդադեմ ոչխարներ տիրացուներ եկեք այստե՛ղ կաղամարի թանաք ճենճ թարախաբշտիկներ փչացած ատամներ հյուսիսի քամիներ ժանտախտ եկեք այստե՛ղ աղբ ու մելամաղձ թանձր դոնդող խելագարություն վախ եկե՛ք ինձ մոտ սուլող խավարներից ածխամած քաղաքների քառատրոփ հրդեհներից և մգլած տորֆաճահիճներից և աղյուսե քաղաքներում երկաթգծերի նեխահոտ բուրումներից ամենայն ինչ որ նման է լուսնազուրկ գիշերների փոշուն ինչ որ աչքերի առաջ պատռվում է բծերի խալերի խարամների մահվան տեսիլների հուսահատության ոռնոցների խորխած խեժաներկ մատուտակի խաչափառներ կատաղություն կախարդական մրուր մուսկատ փոկ կոլոիդային ոսկի անհատակ ջրհոր, արի՛ այստեղ մութ:

Քաքոտ ոռեր փսխուքներ գյոթեր գյոթեր կեղտոտ խոզեր հնդկակաղնիներ մեզի թթվաջուր կղկղանքներ արյունոտ խորխեր դաշտան յախք թրթուրի քրտինք դոնդող խլինք փսլինք դո՛ւք դո՛ւք զզվելի թարախ ու հոտած սպերմ ժահր ուռուցքներ ճղված միզապարկեր նեխած պցեր ցեռ սխտորի գղտոց:

Եթե դուք կյանքում գոնե մի անգամ սիրել եք, ինձ մի՛ արթնացրեք, եթե սիրե՛լ եք:

2

Իմ գործերի վատ դրության պատճառով հայտնվելով գրեթե լրիվ սնանկացած վիճակում, ահավոր մի պատմության հիշողությունը, որ կուզենայի մոռացության մատնել ավելի շատ, քան թշվառությունը, ինձ ստիպեցին ընդունել ծնողներիս հրավերը, որոնք ապրում էին գավառում: Ս…ում, ուր ժամանեցի ուրվականներիս հետ, իրականում չգտա սպասածս մտացրումը: Ես ստեղծված չեմ ընտանեկան կյանքի համար: Այն կրճատեցի նվազագույնի: Ինձ տեսնում էին միայն ճաշի ժամերին: Մնացած ժամանակը սպառում էի զբոսանքների, իսկ ավելի շատ` երկար երազանքների վրա, իմ սենյակում փակված, լուսամուտից հեռու, որի միջով երևում էր միայն դատարկ փողոցի մի չարագուշակ հատված` եզերված Ֆրանսիայի արևելյան կողմերի ամբողջ մռայլությունը ճակատներին կրող գորշ տներով: Քաղաքը շուտ էր քնում, շուտ էր արթնանում` հենց միայն ինձ արթնացնելու համար իր լուսամուտների փեղկերի թրխկոցներով, քանի որ մինչև խաչմերուկը հասնելը փողոցներում այլևս ոչ մի կենդանի շունչ չէիր տեսնի, բացի հրաձգային կորպուսի պարոնայք սպաների սպասյակներից, որոնք ձիերին էին ման տալիս` լաքեյներին բնորոշ կակուղ տեսքով: Երեքչորս սրճարան բացվում էին միայն տասնմեկին մոտ, իսկ մինչ այդ ոտքերիդ արանքով կեղտաջուր էին շփում` իբր հատակն ենք լվանում, որից հետո թռչող ավազը լնդերիդ էիր ստանում արագ նետված կներեքներողությունների հետ: Գջլոտ վայրեր, որոնց ջարդոտած աթոռները էլի մի կերպ յոլա կտանեին, եթե չլինեին սեղանների անտանելի ճենճը և հայելիների իսկապես վիշտ պատճառող սուգը, որոնք ճանճերի օգնությամբ վերածվել էին կեղտոտ մագիլների, ինչպես լինում են տղաների եղունգները: Երանության այս վայրերից ամենատանելին գտնվում էր մի խորդուբորդ հրապարակում, զինվորական թաղամասից ոչ հեռու. այս օբյեկտն ուներ կարմիր թավշապատ նստարաններ և նախշափորվածքներ` հայելիների շրջանակներին: Բայց նաև այստեղ շատ արագ խլանում էիր բիլիարդի աղմուկից, որովհետև տբախտաբար սրահը չարաբաստիկ արձագանք ուներ, որը ծափահարում էր գնդիկների շարունակական բախումները: Այս եդեմում երկու այցից հետո սկսեցի ճանաչել մշտական հաճախորդների դեմքերը, հինգվեց հոգի` երեք սպա, և նրանց ընկերուհիները, որոնք բանի տեղ չէին անցնում: Ս…ի բնակիչների գոյության վերաբերյալ սարսափելի ճշմարտությունն ինձ համար արագորեն բացահայտվեց բարձրագոչ ճայթյուններով: Նոր հարկային տեսուչի գալուստը երեք օր շարունակ խոսակցության թեմա էր: Ես իմացա, որ պրոֆեսոր Այսինչի կինը այնքան էլ պատվելի մեկը չէր: Ժամագործի կնոջ մասին բամբասանքներ էին շրջում, բայց ստույգ հավաստիացումներ չկային: Մինչդեռ փոստն ընդունող կնոջ համար ասում էին, թե մեկին տեսել էին նրա լուսամուտի միջով անցնելիս, և նույնիսկ անունն էր հայտնի, դա գաղտնիք չէր: Ես դադարեցի սրճարան գնալուց:

Մի որոշ ժամանակ դեռևս գյուղական բնությունը, անտառն ինձ զբաղեցրին: Հետո դրանից էլ ուժեղ զզվանք ապրեցի և փակվեցի սենյակումս: Ժամանակի չափազանց դանդաղ ընթացքը, ճաշի ժամերի սահմռկելի ճշտապահությունը, տան գրադարանում եղածչեղածի ընթերցանությունը և հատկապես ահագնացող մի հիշողություն արագ ցանկություն արթնացրին մեջս` փախչել այս դժբախտ երկրից: Բայց ի՞նչ միջոցով: Ամեն ինչ վերադառնում էր ինձ ամբողջովին համակած պատկերին, որից ցանկանում էի ձերբազատվել վերջնականորեն: Ես միայն կարող էի այդ կնոջը կշտամբել ինձ չսիրելու համար, այդպես չէ՞: Նույնիսկ եթե ինքը դրան հավատում էր: Նույնիսկ եթե ասում էր: Մի խոսքով, անցանք: Նա այնքան արտասովոր նման էր մարգարիտի: Ֆիզիկապես: Շողշողացող մարգարիտի: Այդ շողշողանքի տեսիլքը թոթափելու համար փորձեցի մտածել այլ կանանց մասին: Սկսեցի դուրս գալ, նայել աջուձախ: Ա՛հ, վազն անցիր: Ֆրանսիական գավառը: Ֆրանսուհիների տգեղությունը: Նրանց ապուշ մարմինները, նույնքան ապուշ մազերը: Ցածրակարգ թթված գինի: Լավ, հերիք է:

Իսկական դև էր կտրել էս գրողի տարած ցիցը: Սկզբում ոնց որ թե ոչ մի բան չկա: Վեջդ չի: Հետո` ժամանակն անցնում է: Սկսում ես ծանրություն զգալ: Վեր կենալիս, նստելիս: Սրտխառնոց էի զգում: Չէ, սրտխառնոց չէ, բայց, օրինակ` ճաշից հետո զգում ես… մարսողական դժկամություն ես զգում, թափ տալու ցավալի պահանջ ես զգում: Չնայած ես շատ հանգիստ խառնվածք ունեմ: Կանոնավոր: Չափավոր: Ինչքան հնարավոր է` հեռու սեռական սխրանքներից: Երբ սեքս եմ անում, միշտ չէ, որ ցանկություն եմ ունենում կրկնելու: Հաճախ մոտս վատ է կանգնում: Բայց մյուս կողմից` ինչքա՜ն վատ եմ տանում երկարատև պահքը: Երևի արյան շրջանառության խնդիր է: Արդյունքում ես հետևողականորեն քանդվում էի: Անհնար էր մտածել որևէ այլ բանի մասին: Իսկապես, համեմատած, թե Ս…ում ինչ կար ձեռքի տակ կանացի բդերի թեմայով, ավելի լավ կլիներ մարդ ձեռնաշարժությամբ զբաղվեր: Սպաների սիրուհիներ, որ տաղտուկից մեռնում էին, երբ իրենց ձվակրիչները զորավարժության մեջ էին: Հարկ կլիներ այդ կանանց խմիչք հյուրասիրել, հետները զրույց անել: Կայազորի մասին ավելի շատ տեղեկություններ կհավաքեի: Այդուհանդերձ, հոգնել էի կեղծ սիրակապերից, դատարկ առաքինություններից, արհեստական չեմուչումներից: Ոչ, համբերություն չկա: Ավելի լավ կլիներ` ձեռնաշարժությամբ զբաղվեի: Հեշտ է ասելը: Միգուցե դուք դրանով բավարարվում եք: Բայց ես… Ուրեմն, մի քիչ ինձ թափահարում էի, հետո, քանի որ այդ անտեր սենյակում օդ չկար, կախվում էի լուսամուտից` զննում փողոցը: Ա՛հ, սեռական ներշնչանքը չէր հառնում սալաքարերից` մեր հերոսական Լոթարինգիայի յուրահատուկ խոհանոցի խեղճուկրակ բուրմունքի հետ: Ինչքան էլ ինձ նայում էի հայելում` դիմացից, պրոֆիլից, երեք քառորդ դիրքով, ինչքան էլ շոշափում էի ամորձիներս, սեղմում էի առնիս լացելու աստիճան: Ես այսպիսին եմ, ինչ արած, պետք է հաշտվել դրա հետ: Մնում էի այդ խցանված կույրաղիով, ահավոր ծաղրալի վիճակում: Ինքս ինձնից ամաչում էի: Նաև որոշ կատաղություն էր իջնում վրաս: Շալվարիս մեջ սպերմոտում էի թաց թաշկինակներս: Պարբերաբար, ճաշի ժամերին, հայտնվում էի անհնարին դիրքում, և մի ամբողջ մարմնամարզություն էր պետք, որպեսզի կարողանայի իջնել սեղանի մոտ` առանց վիրավորելու ընտանեկան տարրական ամոթխածությունը:

Մի օր երազ տեսա, որ մի քիչ թուլացրեց տևական այդ գերտռփանքս. մինչև գոտկատեղը խստաշունչ ոգով հագնված վեց կին շրջապատել էին ինձ, մինչ ես զբաղված էի կիսակառույց տան տախտակամածները միացնող պարանները օղակին հանգուցելով, որից նաև մի ձի էր կապված: Սրանք շրջան էին կազմել շուրջս` կքած դիրքով, մեկը մյուսին գրկած` ձախ ձեռքով կողքինի պնթիկը շոշափելով, իսկ աջից լեզվով քչփորելով դիմացինի հետանցքը, որը ճկվում էր նրան շոյելու համար: Երազումս այս տեսարանը շատ բնական էր թվում, և այդպես պտտվում էր: և աղջիկներն ինձ հպվում էին իրենց ուռուցիկ հեշտոցներով: Ես, քաթանե թեթև վարտիք հագած` զգում էի ինձ առասպելական չափերի հասած: Այդտեղ գտնվող մի ծեր կին, որը բազմաթիվ կրոնական մեդալիոններով զարդարված տերողորմեայի թազբեհ էր կրում, առնիս բերանն առավ, ու ես զարթնեցի մեծ խռովքի մեջ: Ինչոր բանի պատճառով, որ բերանումդ տտիպ համ է առաջացնում: և հետո` այդ անհարմար վիճակը սավանների մեջ, կպչող մազիկները, վեր կենալլվացվելու որոշման երկար տատանումը:

Սակայն թուլացումը քսանչորս ժամ էլ չտևեց: Բացի այդ, ափսոսանքի, զզվանքի ու էլ ինչ մտքովդ կանցնի սարսափելի զգացողությունը: Երեք օր հետո` ուրիշ երազ: Աղբիս մեջ պառկած` վճռեցի գնալ պոռնկատուն:

Այդ պատվելի հաստատության մասին ընտանիքում պատմած անեկդոտներից իմացել էի, թե որ փողոցում է գտնվում: Հեշտությամբ էլ գտա` քաղաքի ամենաաղքատ թաղամասում, բանվորական թաղամասում, որի բարոյականությանը քաղաքային իշխանությունները չէին հետևում, քանի որ այն բնակեցված չէր քաղքենիորեն: Դատարկ տներով թաղամաս էր, քանի որ տղամարդիկ և կանայք օրվա ընթացքում աշխատում էին գործարաններում: Չափազանց ոլորուն փողոցի վրա նկատեցի տունը, որ փողոցին նայող ընդամենը երկու ճաղապատ լուսամուտ ուներ և մի հաստ, մեխապատ դուռ` երկար գորշ պատի ծայրին:

Ասես իսկական բանտ, եթե սեփական դրսի լամպը չունենար: Ցերեկվա ճաշից անմիջապես հետո էր: Կնածուն, մի պառվաբոզ, ներողություն խնդրեց, որ ձեռքի տակ միայն երեք աղջիկ կա. մյուս երկուսն արդեն զբաղված էին, երկուսն էլ` դեռ քնած: Լափի տհաճ հոտ էր գալիս աղջիկների մաշկից: Կանաչ սոխով համեմված օգոստոսյան տխուր ամիս: Տաղտկալի: Երեքից ամենաչաղը շարֆով ծամածռություններ էր անում, նա լխկլխկացող քաքի տեսք ուներ: Տամսկած շեկ մազեր: և ուտելուց հետո չլվացված կարճ, փոքրիկ ձեռքեր: Երևի միշտ խժռելով էր ճաշում: Երկրորդի համար կարելի է ասել` երազկոտ մեկն էր, որովհետև հսկայական ծնոտ ուներ, որ կիսաբաց էր մնում: Նրա փոքրիկ մաշիկները հավանաբար սեղմում էին սպասուհիական ահռելի ոտքերը: Պետք է որ կոշտուկներ ունենար: Նախընտրեցի երրորդին: Այս մեկը շագանակահեր կլիներ, եթե պերեկիս արած չլիներ, որը վատ ներկված լինելու պատճառով մազարմատների մոտ մատնում էր գաղտնիքը: Առնետի հետ շնացած կատվի փոքրիկ գլուխը` երկարավուն ու վատ խնամված մարմնի վրա, որը ֆոսֆատին ֆալիերի[2]  համ կունենար, շարժեց իմ զգայությունը: Իսկ ընդհանրապես, արդեն երկու ժամ էր` գերանի նման տնկված էի: Ինձ ասաց «իմ թմբլիկ փիսո»` չնայած իմ կմախքային տեսքին, ու անմիջապես բավական սիրալիր թքոտեց բերանիս մեջ: Մյուս կանայք վերադարձան իրենց զբաղմունքին. մեկը հելունով գործում էր, մյուսը կարդում էր Անրի Բորդոյի «Գինըմերի կյանքը»[3] : Մենք բարձրացանք: Իմ ընկերուհին էլ հենց նստած ձանձրանում էր. ինքը կարդալ չէր սիրում, հելունով գործել չգիտեր: Իսկը ժամանակին էի հայտնվել: Նա միաժամանակ ուզում էր ցուցադրել ոսկենարնջագույն չինական սկահակը` քաթանե մեծ հիրիկներով, որոնք ճմռթվել էին` ի ցույց հանելով երկաթալարերը, և իր ստինքները, որ արդեն բավական մոտ էին իրար և որ մի ձեռքով ավելի էր մոտեցնում` գրեթե իրար հպելով, որովհետև կարծում էր, թե այդ անբռնազբոս քաղքենիությունն իրեն գեղեցկացնում է: Իր բնական գույնը պահպանած աղվամազը շատ սիրուն ստվերում էր ցայլքը: Ամոթաշուրթերը մի քիչ կախ էին: Երկար իրանի համեմատ ուսերը բավական կլոր էին, իսկ պարանոցը հազիվ էր նշմարվում կրեմի ավելցուկից գոյացած հաստ ծալքերի միջից: Անկողնում նա հանկարծ նմանվեց մակարոնի կույտի: Ձանձրանում էր, ուզում էր տրվել ֆանտազիաների: Ինձ գռեհիկ կրքով հետույքն էր ցույց տալիս: Շուռ էր գալիս: Չորեքթաթ գալարվում էր` ասելով. քեզ գրգռում եմ, վավաշոտ խոզի մեկը, և այլն: Բայց դրա կարիքը չկար: Ինձ վրա այլևս ոչինչ չէր ազդում, նույնիսկ թնդանոթի հարվածից էլ չէր իջնի: Ասաց, որ ուզում է սկսենք, և երբ հանվում էի` մաշիկները դեռ ոտքերին բռնեց հատակին ընկնող շալվարս: Անկողնուց, ուր կրկին նետվել էր, մոտեցրեց, ասես իրենից ամբողջովին անջատ մի գազան` բերանը, որում նշմարեցի կապույտ ատամ. էժան պլոմբի հետևանք: Աշխուժորեն բռնեց առնիս, ու լեզուն դեռ չդիպած` սպերմը ժայթքեց աչքերի մեջ: Հազիվ զգացի, թե ինչ կատարվեց: Մի խոսքով, երազից ոչնչով առավել չէր:

Բայց նա նեղացել էր: Պիտի նորից ցած իջներ, ձանձրույթից հորանջեր: Դեմքը լվաց բիդեում նախապատրաստված ջրով: Կից սենյակից աղմուկ էր լսվում: «Ոնց որ թե լավ են զգում այնտեղ», ասացի` ինչոր բան ասած լինելու համար: Ընկերուհիս բոցկլտաց ինչպես հրավառությունը, որ ասես մեկեն հասկացել է, թե ինչ է գրում երկնքում: Ստինքները նորից սեղմեց, – թողնեիր` իրար կկարեր, – ու ինձ նշան արեց, որ հետևեմ իրեն: Գնացինք դռան մոտ, դռան անցքից նայեց ու բացատրեց. «Տռփամոլուհին[4]  է, էդպես ենք իրեն ասում: Էնքան է սիրում այդ գործով զբաղվել, որ դարձել է մոլություն: Միանգամից երեք հոգու հետ է լինում, ահա՛ նայիր»: Իսկապես, անկողնու վրա հազիվ էր երևում մեջքի վրա պառկած չռված ցցակիրը, որին հեծնել էր կախված ստինքներով, ճարպածալ կոնքերով, նախկին օֆտալմիկի հաստ վզով, խոշոր աչքերով ու թրի հարվածով բացած փոքր բերանով գիրաքամակ աղջիկը: Նա ամբողջ ուժով այսուայնկողմ էր նետվում մոլորվածի պես: Նրա դիմաց մյուս երկու հաճախորդները, անճակատ ու անհայացք երկու զինվորական, ապուշ տեսքով աթոռներին նստած, խելոք իրենց թափ էին տալիս` հերթին սպասելով: «Հա, գիտես, նրա խելքը գնում է սեքսի համար, հատհատ քիչ են վճարում, բայց քանի որ երեքով են բարձրանում` միասին շատ է անում: Բոլորը սրանից օգուտ ունեն, բացի մեզանից: Ինքը Մադամի թևի տակ է: Նաև կանանց է ընդունում, հասկանո՞ւմ ես: Որ ասեմ` երբեք դադար չի առնում: Նույնիսկ զզվելի է: Երբ ոչ ոք չկա` ինքն իրեն է մաժմժում: Սա կին չի, այլ ջրվեժ: Իր նստած աթոռները ճանաչում ես թողած հետքերից: Նույնիսկ սեղանի մոտ, ջանիկս: Ես նրա կողքին էի նստում, ստիպված տեղս փոխեցի, սիրտս խառնում էր»: Սենյակում նստած զինվորականներից մեկն անհամբերության նշաններ էր ցույց տալիս: Նրա խոզական դեմքին երևում էին քրտնանձրևի մանր կաթիլներ, որոնք, արտացոլման երևույթի համաձայն, հստակ տեսանելի նմանատիպ ցան էին վերարտադրում տռփամոլուհու թմբլիկ քամակին, որի բաց կապույտ չուլկու ձգանները մի պահ աչքովս անցան: Տղամարդը վեր կացավ ու սապոգներից ծանրացած քայլերով մոտեցավ անկողնուն, ուր իր ընկերը գռմռում էր` պոռնիկին այդքան դուր գալու հանգամանքից ապշած` մոռանալով շարժվել: Իսկ պոռնիկը, ի դեպ, երկուսի տեղն էլ խլվլում էր: Նկատեցի նաև, որ բուխարիկի վրա միևնույն չինական սկահակը հիրիկների փոխարեն լուսնածաղիկներ էր պարունակում, և ըստ իս աննախադեպ անոմալիա` պատին «Նանսեի սրահներ»[5]  օրացույցը գրեթե թույլ էր տալիս ճանաչել ամսվա չորրորդ օրը:

Անհամբեր հաճախորդը բռնել էր կնոջը, որը գալարվում էր` «Դե վերջ տուր, խուտուտ ես տալիս», և քամակով ավելի ուժեղ հարվածներ էր տեղում: Սա գայթակղեց խանգարողին, և ես կարողացա տեսնել, թե ինչպես անհավատալի ճշտությամբ և մի արագությամբ, որ հրաշքի կամ էլ հավանաբար Ս… քաղաքի զորամասերի հրաձգային տեխնիկայի գերազանց ուսուցման հետևանք էր, վերջինս ցատկեց բմբուլե վերմակին, բաց չթողնելով ոչ իր առնին, ոչ էլ կնոջը, ոչ էլ վերջինիս դուրս հանելով իր զուգակցի վրայից, որին խորը հագած էր, և միևնույն շարժումով վերոհիշյալ առնին քածի քամակը խրեց այնպիսի երանությամբ, որ այն միանգամից մտավ հետանցքը, մինչդեռ առնատերը, մի փոքր հետ սահելով, հայտնվեց անկողնու եզրին նստած, ոտքերը առաջին տղամարդու երկայնքով տարածած` սապոգներով նրա թևատակերը համարյա շոյելով: Սա հայհոյեց, և եռյակը տատանվեց, մինչ աղջիկը, երկնային արքայության մեջ, ցատկում էր երկու ցցերի վրա` անդադար հոսեցնելով իր մշտական տագնապահարույց շիճուկը: Երրորդ սրիկան դեռ շարունակում էր ժաժ տալ` ձեռքի լայն ու անբռնազբոս շարժումով: Տռփամոլուհին նրան ձայն տվեց.

«Փըստ, ջանի´կս, թռի´ անկողնու վրա: Չէ´, դիմացս: Ա՛յ էդպես: Կանգնած մնա, մի քիչ ծնկներդ ծալի: Շատ ես բոյով»: և ամենայն պարտականությամբ սկսեց նրան ծծել: Այդպիսով կոմպոզիցիան կատարյալ էր: Ես դադարեցի նայել:

«Հը՞, հարցրեց աղջիկն ինձ խտտելով, էս փոքրմոքր խաղերը հավեսդ չե՞ն բերում»: Բոլորովին, իսկապես: Ես բարձրացրի շալվարս: Ի՜նչ անիծյալ տխրություն կա էրոտիզմի բոլոր արտահայտություններում: Մտքովս անցավ փողոցում իրար վրա կուտակվող շների անճոռնի տեսարանը, որոնք փորձում են մեկը մյուսից առաջ խցկվելով շինել ով ում կարող է: Կողքի սենյակի շները սապոգներ ունեին` ահա բոլորը: և հետո, այս ամենը միշտ հանգում է միևնույն ճարտարապետական շաբլոնին: Հենց որ իրենց մարմիններով բուրգը կառուցում են` հասնում են իրենց երևակայության սահմանին: Բոլորը պարպվում են, ով ինչպես պատահի, և ի վերջո բազմակի խամաճիկը պայթում է, տափակում քրտինքի, մազմզուկների ու սպերմի մեջ: Ողբալի փուչիկ: Երբ հիշում եմ, որ մի ժամանակ այս բաները մոդայիկ էին բարձրաշխարհիկ հասարակության մեջ: Բայց այն ժամանակ գոնե արվեստով էին դա անում: Մեծ համարում ուներ մայր տաճար կառուցելը: Պատմում են նույնիսկ, որ մի երեկո որոշ անձնավորություններ, որոնց անունները բոլորի շուրթերին են, իրենց քաղաքային վիլլայում Շարտրի մայր տաճարի վերակազմությունն են արել` չմոռանալով և ոչ մի խաչակամար: Բայց ստիպված են եղել անընդհատ փոխել արկ-բուտանները[6] , որոնք չէին սպասում, որ մինչև վերջին քարը դրվի` նոր սերմնաթափվեն:

Իմ ընկերակցուհին սրահ իջնելու ցանկություն չուներ: Սիրում էր սենյակները, այդ երեխան, գտնում էր, որ այդպես ավելի բարեկիրթ[7]  է: Բայց նրան արգելված էր մնալ սենյակներում մինչև հաջորդ հաճախորդը, պատճառաբանությամբ, որ լավ վարկ ունեցող պոռնկատներում այդպես չեն անում: «Ըստ էության` ես քեզ հասկանում եմ, ես էլ չեմ սիրում սաղ էս ձևաթափությունները, բայց որ էն մյուս սենյակը տեսնե՜ս»: Բայց անմիջապես իրեն հավաքեց. «Չէ´, չէ´, չեմ կարող ցույց տալ: Այդքան քաղաքավարի մարդ (ինձ երկու անգամ ընտրել է), և հետո` նրա դիրքը»: Ես դադարեցի հագնվել. վերջին նախադասությունն ինձ հետաքրքրեց: Ինձ երդվել տվեց, թե ես տեղացի չեմ, այլ ընդամենը ժամանակավոր անցորդ Ս…ում և որ այստեղ ոչ մեկին դեմքով չեմ ճանաչում, այնուհետև տարավ դեպի ձախակողմյան հաջորդ դուռը, ուր կարպետի` հետաքրքրասիրության մղումով և ըստ երևույթին ավանդույթի համաձայն հմտորեն բացված պատռվածքի հետևում փոքրիկ դիտանցքը թույլ էր տալիս տեսնել, թե ինչ է կատարվում, մինչդեռ հաճախորդը, չափազանց վստահելով Գոբելենների[8]  վարպետությանը, գլխի չէր ընկնում: Սկզբում նկատեցի կնոջը, որն ինձ անվիճելիորեն թվաց այս անտակտ բոզանոցի ամենագեղեցիկ նմուշը: Կապտավուն թխահեր էր` փոքրիկ ստինքներով, որոնց ծայրերը սիգարի չափ երկար էին: Շատ լայն ազդրեր ուներ և բացարձակ կլոր հետույք: Սև գուլպաները հիանալի սազում էին նրա նուրբ և շարժուն ոտքերին: Խաղալով փոքրիկ կարմիր մաշիկների հետ, որ անընդմեջ հանումհագնում էր, աղջիկը միաժամանակ նայում էր հանվող հաճախորդին: Վերջինս` ճաղատացող, փոքրամարմին, ջլակազմ մեկը, շրջվեց` ցույց տալով հովհարաձև, թավ, շեկ մորուքը: Գրողը տանի, քաղաքապետն էր, որին մի անգամ տեսել էի մերոնց տանը: «Շատ կարգին մարդ է, բացատրում էր մեղսակցուհիս, չի կարող ամեն անգամ գնալ Փարիզ, հասկանում ես: Դե նա էլ գալիս է էստեղ, բայց խիստ գաղտնի պայմաններում: Էստեղ սիրուհի չի կարող պահել: Բացի էն, որ թանկ կնստի, այլևս ոչ ոք չի քվեարկի իր օգտին: Մամա ջա՜ն, իր կարգավիճակում»: Առայժմ քաղաքապետը, միայն վերնաշապիկով, անկողնու վրա ծալած տակաշոր էր փռում: Ես զարմացա: «Աչքովդ կտեսնես: Փոքրիկ դեֆեկտ ունի: Հենց որ հասնում է հեշտանքի` հո՛պ, քաքում է, օ՛հ, շատ չէ, չնչին: Իրենից անկախ  է լինում: Պուճուրիկ կլոնձիկ, փափուկ ու ջրիկ: Ոնց որ երեխա: Կտեսնե՛ս»: Բա չէ մի, ո՛չ, չե՛մ տեսնի, ուղղվեցի ու հետ քաշվեցի դիտակետից: Այդ պահին ընկերակցուհիս հազար ու մի փաղաքշանք արեց, որոնց իմաստը հասկացա. փողը սահեց մաշիկ, իսկ ես` փողոց:

Այս փոքրիկ շրջագայությունը ոչինչ չտվեց. հանգիստ քնեցի միայն մի գիշեր: Մյուս օրն էլի սկսվեց: Դրան գումարած, որ պոռնկատուն վերադառնալու մտքից գարշում էի: և հետո, ոչ մի ցանկություն չունեի բանալու անցքից կամ գաղտնի բացված դիտանցքից ի ցույց դրվելու հարևաններին: Երազները վերսկսվեցին: Բայց ես բոլորովին չէի կակղում: Ընտանեկան մի քանի տեսարան լրացրին վատ տրամադրությունս: Չնչին պատմություն անհետացած պատառաքաղի պատճառով, որում ես պաշտպանեցի սպասուհուն: Ավա՜ղ, սպասուհին ծեր էր ու տգեղ, ու վրայից վատ հոտ էր գալիս:

3

Ինչ մտածում եմ, բնականաբար, արտահայտվում է: Յուրաքանչյուրի խոսքը յուրաքանչյուրի հետ փոփոխվում է: Օրինակ ես` առանց գրելու երբեք չեմ մտածում, այսինքն` գրելը մտածելու իմ մեթոդն է: Մնացյալ ժամանակ, երբ չեմ գրում, միայն մտքի արտացոլանքներ եմ ունենում, մի տեսակ ինքս իմ ծամածռություն, որպես դրա իրողության մասին հիշողություն: Այլք սկսում են զանազան կերպ վարվել: Դրա համար է, որ շատ եմ նախանձում էրոտիկ հեղինակներին, որոնց մոտ հենց էրոտիզմն է արտահայտությունը: Հրաշալի լեզվամտածողություն, որ բացարձակ իմը չէ: Անկախ այն բանից, թե ինչ եմ մտածում էրոտիկ փորձառության սահմանափակության մասին` անկասելիորեն, անխուսափելիորեն կրկնվող պարզունակ սյուժե, որը հիանալի կարելի է հանգեցնել ցանկացած այլ գործողության, ես մեծագույն հարգանք եմ տածում նրանց հանդեպ, ում համար այդ սահմանափակությունը հենց ազատություն է թվում: Նրանք ֆիզիկական աշխարհի իրական տերերն են, ասես կատարյալ կատարածուները բարձրագույն արարումների մետաֆիզիկայի, ուր ինձ` հանդիսատեսիս համար ամփոփվում է ամբողջ բարոյականությունը: Ով չի երազել շնանալու միջոցին մեռնելու գաղափարի մասին` թող ընդհատի ինձ: Այն ամենը, ինչ տարփանքի հնարավոր հոլովույթներում իմ հանգի դժբախտ անհատների համար անդառնալիորեն խեղճ ու սնանկ է, մյուսների համար, գիտեմ, ունի այլաբանական արտասովոր արժեք, որը ես վերագրում եմ միայն բառերին: Ուզում եմ ասել, որ բառերն ինձ փորձության են ենթարկում: Ես երևի փակ եմ այդ հզոր և յուրահատուկ բանաստեղծության համար: Ես այն միայն ենթադրում եմ: Այստեղից էլ գալիս է իմ զգացողությունների ահավոր վերջանալիությունը, ավելին` իմ կյանքի վերջանալիությունը: Էրոտիզմ. այս բառն ինձ հաճախ է տարել դառը մտորումների դաշտ: Ինձ գոռոզի տեղ են դնում: Անցա՛նք: Այն ժամանակ, որի մասին խոսում եմ, սենյակիս մենության մեջ, խեղճուկրակ ծաղկազարդ թղթի առջև մատնվում էի երկար մտաթափառումների էրոտիզմի և իմ աչքին դրանց կարևորության շուրջ: Էրոտիկ միտքը վատագույն հայելին է: Այն, ինչ բացահայտում ես այդտեղ, փշաքաղեցնում է: Առաջին պատահած մոլագարը, որքան կուզեի լինել առաջին պատահած մոլագարը: Այս ցանկությունը խոսուն արտահայտում էր ցանկացած ճշմարտության իմ խոր ընկալումը: Ես չեմ սիրում երկար խորհել որևէ էակի սեռական արկածախնդրության մասին, սակայն հարկ է, որ գիտակցեմ, թե իմն ինչպես է բնորոշվում: Լրագրեր ընթերցելուց ժամանակ առ ժամանակ իմանում ենք բավական կցկտուր պատմություններ` սիրո հողի վրա սովորական հանցագործություններից մինչև ապշեցնող ոճիրներ, հիանալի շեղումներ, որոնք ինձ նետում են զղջման ու խոհերի խորխորատները: և սկսում եմ ինքս ինձ չափել, ինքս ինձ նվաստացած եմ զգում: Ես կախարդ չեմ, և այս փաստն արձանագրում եմ տխրությամբ: Հաճույքի կախարդանքը երևի ամենաարտասովորն է, նրանով, թե որքան նյութեղեն է, հրաշալիորեն նյութեղեն: Իսկ իր անխուսափելի հետևանքը` հոգեցունց, թափվող սպերմը` հար և նման գագաթների հավերժական ձյուներին:

Ինձ դուր կգար… Այս բառերն ինձ մեխում են: Եթե ինձ դուր չգար էլ` արդյունքը միևնույնն էր լինելու: Այս ամենին խառնել մեկին, որ այդ պահին թվում էր` ոչնչով խառնելի չէր, մեկին, որ, այսօր արդեն գիտեմ՝ ինձ համար ավելին եղավ, քան ուզում էի հավատալ: Ձեզ եմ դիմում, իմ ընկերուհի, իմ թանկագի´ն ընկերուհի, ձեզ, որի անունն այստեղ չի կարող լինել, և որը նման նկատառումների համատեքստում այնքան տեղին կզարմանար, որ համարձակվում եմ միայն ակնարկել ձեր գոյությունը, մեր տարօրինակ հարաբերությունները, որոնք սակայն այլուր և հավանաբար առհավետ մեզ կապել են, կապել են ինչոր բան ինձանից ու ինչոր բան ձեզանից: Ես ամեն ինչ կանեմ, որ այս տողերը ձեր աչքին ընկնեն: Ես ինքս չեմ բերի ձեզ կարդալու, ինչքան էլ դա ինձ համար իրականանալի լինի: Մեկ ուրիշը, առանց գիտակցելու, ձեզ ցույց կտա, և դուք կընթերցեք: Կընթերցեք մենակ: և սկզբում երևի կմտածեք, թե ուրիշին եմ դիմում: Բայց ինչ ուրիշ, իսկապես: Չե՞ք ճանաչում ոճը, որ կորցրել եմ այն պահից, երբ այլևս ձեզ հետ չեմ խոսում, այլևս ձեզ հետ չեմ խոսում իսկապես: Իրոք, ձեր խառնվածքին բնորոշ է, որ ձեզ անմիջապես չճանաչեք: Սակայն երբ ձեզ հիշեցնեմ գինը, որ վճարում էիք մի բացառիկ ինքնանվիրման համար, որ այլ կանայք համարում են չնչին բարեհաճություն, երբ հիշեցնեմ ձեզ խոստովանանքս, թե այդ բարեհաճությունը որքա՜ն թանկ էր ինձ համար, ավելի թանկ, քան մնացյալ ամենը, ինչ սպասում էի, սպասում էի ձեզանից ծայրահեղ ուժգնությամբ, երբ ձեզ հիշեցնեմ հասարակական վայրը, ուր դա, որ ոչինչ է աշխարհի համար, տեղի ունեցավ, և խառնաշփոթությունը, հարևանները, տաղտկալի նվագախումբը, սյուների ոսկին, չդիպած բաժակները մեր դիմաց, իմ երկարատև հույսը, արդ ինչպե՞ս կհամարձակվեք, ձեր անունն այստեղ գրեթե խույս է տալիս մտքիցս, ձեր անունը` ինչպես քամին, երբ ընկնում է ոտքերիդ տակ, ինչպե՞ս կհամարձակվեք չճանաչել ձեզ: Դուք էիք, ում վրա ֆիզիկական ունայնությունների մեջ միայն և միայն սևեռված էր միտքս: Ձեր թարմ ու սառը ձեռքերը դնում էիք ճակատիս: Միայնակ, ես զգում էի ձեր ներկայությունը: Դուք վերադառնում էիք: Տարօրինակ խոհ` ինձ թվում էր, որ դրա համար դուք մեռած եք, և փոստի ստացման ժամերին ահ ու սարսափը չէր թողնում, որ իջնեմ ձեր գունատվող պատկերի մոտ: Բառերն ինչպես են մեզ մատնում, ձեր պատկերն ասելով` չէի ուզում ձեզ հավատացնել, թե տեսնում էի ձեզ: Ոչ: Ո՜ւր էր թե տեսնեի: Երբեմն հուսահատորեն փորձում էի տեսնել ձեզ` աչքերս փակելով ու հետո լայն բացելով սենյակի մութ կողմում: Բայց դուք հայտնվում էիք հանկարծակի: Ձեր քայլվածքը: Ձեր զգեստը: Թվում է, թե դուք այցելության համար ընտրում էիք հատկապես այն պահը, երբ նեղ սեղանիս հակված գրում էի, և դիմացս միայն պատն էր: Սենյակը` իր բոլոր անկյուններով ու գորգի կապտավուն տարածքով արդ ամբողջությամբ ձեզ էր պատկանում: Ես գիտեի, որ թիկունքիս հետևում գնումգալիս էիք, մնջիկ: Երբեմն մոտենում էիք ինձ: Սիրտս սկսում էր բաբախել: Գիտեի, որ եթե շրջվեմ` ձեզ կանհետացնեմ: Չէի շրջվում: Գրում էի: Կամացկամաց ավելի համարձակ էիք դառնում: Զգում էի ձեր շունչը: Սակայն չէի շրջվում:

Տարօրինա՛կ ժամադրություններ  անխոս: Նույնիսկ կարիք չի եղել պայմանավորվելու: Եթե անգամ ուզենայի էլ խարդախություն անել` չէի կարողանա: Բայց եթե ինձ հայտնեին, որ պետք է թողնեմ այս անիծյալ ջհանդամ գավառը… միանգամայն ճշգրիտ լինելու համար կասեմ, որ կմեկնեի, կլքեի ձեզ: Բայց ոչ ոք, և ոչ էլ դուք, հատկապես դո՛ւք, չեք կարող չափել, թե ինչ աստիճանի հուսահատություն դա կենթադրեր: Աղոտ լուսավորությամբ ձգվող երեկոները ձեզ կրկին հետ էին բերում, բայց փոփոխված: Դուք այլևս ցերեկվա այն ընկերակցուհին չէիք, այն սահող անձը, որ խառնշտված իրերն անձայն դասավորում էր իրենց տեղերում: Դուք ավելի տխուր էիք, ավելի զուսպ ու սառը: Երբեք ինձ չմոտեցաք մթության մեջ: Չեմ էլ մտածել ձեզ խնդրել այդ մասին:

Մի երեկո, սակայն, ես սովորականից ավելի հոգնած էի, և դուք չէիք գալիս: Որքա՛ն եմ ջղայնանում այսպես կոպտորեն ասել մի բան, որի վերաբերյալ անտեղի են բոլոր այն արտահայտությունները, որոնք բնորոշում են մարդկանց անցուդարձը: Գալ: Խոսքն իրոք գալու մասին է: Ես գիտեի, որ իրականում դուք չէիք գալիս, որ դուք երբեք էլ չեք եկել: Բայցևայնպես, երբեմն կայիք, երբեմն էլ չկայիք: Գա՞լ: Այդպես կարող ես նույնիսկ կորցնել ամենասովորական իրավիճակների իմաստը: Ձեր բացակա անձը հանկարծ եզակի խավարումներ էր ունենում` ասես ինքն իրեն մարեր: Դուք էլի անհետանում էիք` դեռևս չհայտնված: և դա ձեր աչքերի անսահման ազդեցության պատճառով էր, որոնք միայն իմ հիշողությունը չէին լցնում, այլև սենյակը, իրական սենյակը` աթոռներով, մահճակալով, պատերով, առաստաղով, իմ ճամպրուկով: Ձեր չափից դուրս աչքերը: Ես հիմա այլևս չգիտեմ, թե ինչ գույն ունեն ձեր աչքերը` չնայած երբեմն պատահում է, որ ձեզ հանդիպեմ: Այո, ես այն աստիճան եմ մոռացել ձեր աչքերը, որ դրանք տեսնելն ինձ այդ աստիճան անզգա է թողնում: Անզգա… ա՛հ ոչ, բառերը նույնքան չեն արտահայտում սերը, որքան սիրո մահը: Ձեր աչքերն այն երեկո դալուկ կապույտ էին, և դրանց լոկ մենմի արտացոլանքից կապույտ երանգ էր ստանում սենյակը, որտեղ ես չէի գրում:

* * *

Գրում էի, ուրեմն: Ժամանակը պետք է որ այրվելիս լիներ ինչոր դժոխային քարից: Իմ ճանաչած միակ քարը միտքն է, և արդեն ասացի, որ գրելը մտածելու իմ միակ մեթոդն է: Գրում էի: Ես միշտ նախանձել եմ էրոտիկ գրողներին, այդ ազատ մարդկանց: Նրանք չեն գրում: Ինձ նվաճած մտասևեռումը` ես միայն ժամանակից էի սպասում դրա իսկական փարատումը: Աղքատություն, և մի ահավոր ափսոսանք: Միայն ամռան վերջին կարող էի մի քիչ դրամի հույս ունենալ: Հարկավոր էր դիմանալ մինչև այդ ժամանակ, ֆիզիկապես, հոգեպես: Գրում էի: Հետևում էի, թե ինչ էր կատարվում այնտեղ` ինչպես ճամփորդն է առանց մեծ խանդավառության նայում վագոնի լուսամուտից անվերջանալի ձգվող բնապատկերին, ուր ամեն ինչ կանգնած է, փոփոխվում է և ի վերջո դառնում է նույնը, հանգում է ծալովի բացիկի` բացված վիճակում: Նա չի հավակնում, թե ընտրել է այդ երկրամասը հազարի միջից` դրա անձուկ կողմերը բացահայտելու համար: Ես չունեի այդ հավակնությունը, և սակայն աչքերս չէի կտրում թղթից, որի վրա հանգուցալուծվում էին երևակայական արժեքների տոկոսադրույքները: Մի մեծ խռովք ինձ նետում էր մի տարածք, որն աստիճանաբար հստակվում էր: Դանդաղորեն ցրվող մշուշների միջից մի դեմք փորձում էր ընդդիմանալ իմ մտասևեռումներին, անիրական մի դեմք, և ոչ էլ կարեցածին չափ գեղեցիկ, բայց մի դեմք, որ նախկին հար և նման վարմունքից քաղում էր որոշակի դյութիչ ուժ: Նրա շուրջը կազմակերպվում էին այլ աշխարհի տարրերը: Տարօրինակ փայտամած: Մտովի տեղափոխվում էի այն ժամանակները, երբ առաջին անգամ ինձ համար կառուցեցի այդ բեմական դեկորը` լցնելով տարբեր ուրվականներով, որոնց մեծ մասն այդպես էլ միս ու արյուն չստացավ: Ինձ այդտեղ նույնկերպ էի զգում, ինչ հիմա: Արդեն իսկ մեկուսացումը, տխրությունը, մի տեղ հաստատվելու անընդունակությունը, մի ճակատագիր ընդունելու անկարողությունը` այդքան տեղերի ու ճակատագրերի միջից, որոնցից իրականում ոչ մեկն էլ չէի ցանկանա: Արդեն իսկ զգում էի աներես մարմնիս պատճառած յուրատեսակ ճնշվածությունը, որ դուրս էր մղել ինձ համար ավելի վերամբարձ թվացող բոլոր այլ մտահոգությունները: Արդեն իսկ որոշ խարդավանքներով փորձելով փոխակերպել այս հիմար ու հոգնեցուցիչ զառանցանքը` այն վերածելով որոշ փորձարարական արկածների հիմնաշերտի, արդեն ի՜նչ տականքություն, զգացմունքների ի՜նչ սնանկություն, ի՜նչ գրողի տարած անտեր կյանք: Երկու տարի, երեք տարի առաջ էր` կարևոր չէ: Մի խոսքով, կարծում էի` ամեն ինչ լքել եմ նախորդ շաբաթներին: Գյուղական բնությունը: Գյուղական բնությունը` չնայած այդ տարվա վաղահաս արևին, ինձ վատ էր օգնում: Դիտել, թե ինչպես է ջուրը պտտվում այս սառը գետում, ուր գնում էի լողալու: Ժամերով արդեն բավական բարձրացած խոտերի մեջ մեջքի վրա պառկել` երեկոյին սպասելիս, առաջին ճանճերը, վերջապես երեկոն` մանուշակի իր ուժեղ հոտով: Մարդու գլուխը չի կարող պարապ մնալ: Անդեմ հովտյակներն ի վեր մագլցող ճանապարհի երկայնքով, որտեղով միշտ անցնում էի, պանդոկանման տեղեր կային, ուր կալվադոս էին մատուցում: Բոլոր տեղերում չէր, որ մատուցողուհին շաղակրատ էր: Մարդ հոգնում է գունատիպ օրացույցներից:

Վանդակավոր թղթե սփռոցիկի վրա, որ շատ խնայողաբար էին տալիս, ես տարվեցի նոր ծանոթությունների խաղով: Նախադասություններս ինձ ներքաշում էին: Դրանք բավական ընդարձակ էին, որպեսզի կարողանային իրենց ծալքերում տեղավորել մի քանի անուններ, որոնք ոչինչ չէին արթնացնում, որոնք հետո վերադարձան` պակաս համեստությամբ, և արթնացան: Այդպես, Ժանտիյ-Դանիել[9]  անունով մի սայլվորի մոտ ծանոթացա Իռենի հետ: Նա հայտնվեց կյանքիս մի շրջանի կոնքում, հանկարծ: Քամու վրա հիմնված մի տեսակ տեսարան կառուցվեց, որ կարող էր շարունակություն ունենալ: Այն տապալվեց այդ կնոջ առջև: Ես երկար մտածում էի այդ կնոջ մասին:

Ս…ում, վերընթերցելով, ահա, ստորև շարունակվող հատվածը, ինձ բռնում էի դարձյալ նրա մասին մտածելու վրա, և այդպես անցա մի ուրվականի իշխանությունից մյուսին: Բայց այս մյուսը, մոռացության տարիների միջով անցնելով` յուրահատուկ մարմին էր ստացել: Այդ մարմինն անկասկած հեռու էր այն ամենից, ինչ կարող էր ուղեկցել այն աչքերը, որոնց անհամամասն հայացքից ես խուսափում էի երեկոներին, հեռու էր այն ամենից, ինչ կարող էր նմանվել այն պատահական մարմիններին, որ կարող էի գտնել քաղաքով անցնելիս: Այն ամենևին իդեալական չէր: Ինչպե՞ս թե չեմ փոխվել:

4

Խոհանոցի ժողովուրդն իրար հետ հայացքներ փոխանակեցին: Ուժեղ քամին, որ փչում էր գոգավոր ու մութ ծովից, որ փչում էր մերկ խեղդվածներով լի ծովից, ուժեղ քամին բարձրացավ, փքացրեց պերկալե վարագույրը` կայմահարթակին առագաստի մերքի հանկարծակի աղմուկով: Վատ արտաքինով մարդիկ էին տեսնվել ճանապարհի վրա. ջղային փոշու դեմքեր: Գերբնական մի գիշեր մեկեն բռնում է երկիրը մակընթացությունների խորքում գտնվող ժայռերի կոկորդից, ուր հածում է, ինչպես գիտենք, բռնկուն հուրը, որը, հավատա՛ ազնիվ խոսքիս, ջրահեղձների կորուսյալ հոգին է կամ, առավել ստույգ լինելու և հայտնելու համար բոլոր նրանց ընդհանուր կարծիքը, ովքեր կարծում են, թե ընդմիշտ թոթափել են նախապաշարումների թիկնոցավոր վերարկուն` տորֆաճահիճների մեթան գազի անբացատրելի և պայթուցիկ պարպումը, և այստեղ անհանգստանալու բան չկա, նույնիսկ գիշերը, նույնիսկ գերբնական գիշերը, որը ժամը չորսի մոտերքը հանկարծակի ընկնում է խոնավ ծերպերով կապույտ անտառաշերտերից, մինչդեռ ինչոր տեղ դեգերում է մի մարդ, հրաշալի մեկը` եթե հավատանք կայարան վերադարձող կառավարի խոսքին, անձրևի առաջին խոշոր կաթիլների տակ և միջատների կանխազգա խուճապից սարսռող խոտերի անկարգության մեջ: Վարագո՛ւյր, դու հառաչում ես ինչպես ստինք: Ասես, ասես սերն է մոտենում: Երբ վերահաս ամպրոպն արդեն գլորում է ըմբիշի իր հզոր ուսերը ամպերի մթին եզրագծին, երբ ամպրոպը ծանրանում է ճնշված երկրամասի վրա, որտեղ տկարությունը ճմլկոտում է մեկուսացած տներում, որոնք սպասուհիները ջանադրաբար մաքրում են` սաբոները հանած, և ավելի ծայրին փաթաթած լաթը, որ հրում են նրանց բոբկացած ոտքերը, երբ ծորացող քրտինքը հոսում է մի ամբողջ ժողովրդի թևատակերից, և երբ անբան կանայք թողնում են հոժարությամբ սկսած գործը` սուլելով, իրենց ձև տալով ու չգիտես ինչու շապիկներն իրենց թաց մարմինների վրա բացելով` եղաններով ու բրիչներով զինված ագարակի տղերքի անցուդարձին հետևելու համար, և որպեսզի հետևեն իրենց աչքերով, բիլիարդի գնդակների նման ծանր ու դժգույն աչքերով, այդ ջահել տղամարդկանց անտաշ մարմիններին, որ թվում է` ուզում են ազատվել հագուստներից` էլեկտրական գարնան առատ գոլորշացման մեջ, արդ, պերկալե վարագույրը, որ ամբողջ ուժով, մթնոլորտի ամբողջ հզորությամբ փքվում էր` ցած է ընկնում շրմփոցով, հատու ճտտոցով: Ասում են` մոտալուտ ամպրոպի ժամանակ պետք է փակել դռներն ու լուսամուտները: Պետք է ամեն գնով խուսափել միջանցիկ հոսանքներից. դրանք կայծակ են բերում, դրանք բերում են մահացու պարպումը նզովյալ կացարաններում մեղքի հոգով բռնված աղջիկների վրա, որոնք անցնում են` ոչինչ չհասկանալով կապարե այդ լույսից, ոչ էլ շանթահար հայացքներից, որոնցով դու, Իռեն, այրում ես բատրակներին ու անթրաշ սայլորդներին, որոնք համակված են քաղաքի հիշողություններով, ուր կանայք, միանգամից շապիկներով, ժպտում են շերտավարագույրների հետևում, ֆոնոգրաֆի ռնգային հնչյունների ներքո: Հարկավոր է, Իռե´ն, խուսափել այրվող շուրթերը ապակուն հպելուց այն պահին, երբ բակով անցնում են տնային այդ մարմնաձևերը, որոնք վաղուց հյուրընկալել են քո կրքոտ տենչանքները: Համբույրի պատրանք ստեղծելն անկասկած ավելի լավ է, քան միջանցիկ հոսանքները քո բաց շուրթերի մեջ ներքաշեն ամպրոպի հրավառ լեզուն: Իռենը, դիպչելով իր մազերին, պատկերացնում է իր վրա գահավիժող կայծակը: Ականջի ծայրով լսում է, թե ինչպես են սրահի խորքում ծիծաղելով խոսում օտարականից, որը դեգերում է դեպի հյուսիս` երկնքի սպառնալիքի տակ, մարդակեր տիղմի միջով: Խոնավ հատակից օճառի և խեժի հոտ է բուրում: Անասուններին գոմ են քշում. ճանապարհներն ամենուր խցանվում են նախիրների մորթածածկ շարաններից: Ախոռի զամբիկները ողջ կրքով մերժված փաղաքշանք են կանչում: Անհանգստացած շները ոհմակով պտտվում են դռան քիվերի տակ: Կաթվածահար պապը նշան է անում, թե ցանկանում է ինչոր բան ասել: Նրան հրում են: Ուզում է խոսել, ուզում է խոսել, սարսափելի ուզում է խոսել: Բայց ավելի շատ այծերի մասին են հոգում, քան նրա: Նա մեր զահլեն տարել է: Արդեն տասը տարի է` չի կարող խոսել: Բայց ուզում է խոսել: Շլինքը ծորում է: Նայում է Իռենին, վերջինս կարմրում է: Ագարակատիրոջ տղան` Գաստոնը, որը զինվորական ծառայության մեջ է Ֆրանսիայի արևելյան կորպուսում, ներս է մտնում երգելով: Բոլոր հայացքները շեղվում են դեպի բաց պահարանը, որտեղ քնած է սպիտակեղենը: Ժայռերի դեղին հողն արդեն պետք է որ կպչի ճանապարհորդի քայլերին: Պապը մատով ցույց է տալիս Իռենին: Էս պառավ խելառին էլի ի՛նչ պատահեց: Երևի մտքով հիմար բաներ են անցնում: Սրահում գտնվող բոլոր բատրակ տղաներն անցնում են դեպի խոհանոցները: Պիեռը, Ժոզեֆը, Պրյուդանը… իրար հետ հանաք են անում, արմունկներով բոթում, միմյանց փորներին խփում` թաց մազերի բուրման մեջ: Գաստոնը ճմկթում է Պրյուդանի ձվերը: Մի քիչ կռիվ են անում: Սահում են հնոտած սև սապոնի կտորի վրա. հայհոյանքներ են տեղում: Բա ի՞նչ կասեիք, եթե ճահճուտների մեջ լինեիք: Քրիստոսի մերը, հաստատ, կամ` զույգ ձվերիս Կույսը: Գաստո՛ն, մի´ ծիծաղեք, օ՜, մի´ ծիծաղեք այս աստվածանարգության վրա: Արդեն սիֆիլիսը, ու դեռևս տասնհինգ օր նա այդ մասին չի իմանա, ընդարձակվում է նրա արյան մեջ, պատրաստ` տարօրինակ կարմիր ծաղիկներ նկարել մաշկին և մահագույն մողեսներ` նյարդային հանգույցներում: Մարդու մեղքն էլ է գալիս: Հիվանդությունը, որ նրան մի օր դարձնելու է պապի պես բազկաթոռին խեղդված, ձե՛նդ, զավզա՛կ, ամենասովորական ձևով, Նանսիում, չնայած հետևակ զինվոր է, կաբարեի վերին հարկում գտնվող կեղտոտկապույտ զզվելի սենյակում, մինչդեռ գազի փոքրիկ վառարանի վրա կամաց բլթբլթում են պերմանգանատի կարմիր հաբերը, որից նա սպասում էր, աբսո՛ւրդ, արդյունավետ բուժում: Իր մոր աղաչագին հայացքը, որն ափսեների կույտը ձեռքին անցնում է սենյակով, ուժգին կերպով գրգռում է արձակուրդ եկած զինվորին: Թքում է հատակին ու գոռում: Աստծո՜ կլիրը: Որոտի ճայթյունը խլացնում է Արարչի անունը և պիղծ անասունի հռհռոցը: Անձրևը շառաչյունով հարվածեց պատուհանների ապակիներին: Պապի աչքերի մեջ Իռենը նկատեց հաջորդ կայծակն ու փակեց ականջները: Ինչի՞ց է վախենում: Հայհոյանքի՞ց, թե՞ երկնային պատժի ճայթյունից: Հենվում է սնդուկին, որի փորաքանդակները նրան մեղմիկ ծեփում են:

5

«Ես կորցրել եմ տարիների հաշիվը: Առաջին ժամանակները հետևում էի սև օրացույցից թերթիկները պոկող ձեռքին, որքան թույլ էին տալիս իմ տեսողական շառավղի սահմանները: Երկուշաբթի, երեքշաբթի` ես այլևս լավ չէի ըմբռնում այդ մարդկային տարբերակումները: Օրերն այնպե՜ս նման էին իրար իմ մարմնում: Որերորդ օրն ավելի հստակ երգ էր երգում իմ թուլացած աչքերին: Այդ աճող թիվը պատի վրա երբեք չէր համապատասխանում այն արժեքին, որ կուզենայի դրան վերագրել: Ամեն ամիս անմտաբար հույս ունեի, թե անվերադարձ կանցնենք սահմանը, որից այն կողմ մարդը սկսում է հաշվել իր բութ մատից: Հետո ի՞նչ պատահեց: Արդյոք բազկաթո՞ռս թեթևակի տեղաշարժեցին, թե՞ տեսադաշտս էլի փոքրացավ: Այլևս չտեսա օրացույցը և խառնեցի օրերն ու ամիսները: Միայն եղանակներն էին թույլ տալիս ինձ վերագտնել, մի խոսքով` կորցրեցի տարիների հաշիվը»:

«Քսանհինգ տարեկան էի, երբ նստեցի մեկընդմիշտ: Աղջկաս երեխան արդեն ինձ ցանկություն ներշնչելու տարիքին է: Նշանակում է` արդեն վաթսունն անց եմ, և այս կրակը չի մարում, չի կարողանում մարել իմ անշարժության սրտում: Սկզբում, երբ դեռևս հեռավոր հույս ունեի բուժվելու, չնայած թուլամիտներ ու կաթվածահարներ շատ էի տեսել, գերմարդկային ճիգեր էի գործադրում հայացքով հասկացնելու համար կնոջս, երբ ինձ հպվում էր, որ ես դեռևս և հենց այդ պահին տղամարդ էի: Նա, ձեռքն ուսիս դնելով` ասում էր. «Անհանգիստ է, ա՜խ, որքան անհանգիստ է»` միայն ինձ համար նկատելի մի առկայծող քաղցր հույսով, որ վրա հասած ուժեղ տագնապը մի օր ի վերջո ինձ կտանի: Նա ժամերով մնում էր կողքիս` ինձ հանգստություն, խորհուրդներ շռայլելով, մոտիկ, անչափ մոտիկ, առանց տեսնելու, երբեք էլ չիմացա` արդյոք տեսնում էր, առանց տեսնելու իմ ողբերգական ակնագնդերում ատելությունն ու տռփանքն իրար խառնված, արյունոտ: Լռության ու հանդարտության մեջ աչքերս պարում էին` հուզում արթնացնելու ակնկալիքով: Տեսիլքների մակընթացություն էր բարձրանում աչքերումս, որ կամացկամաց տեղավորվում էր իմ ու աշխարհի միջև: Մարմիններ, մարմիններ, շրջակայքում գտնվողների մարմիններ, իմ գամված ձեռքերը ձեզ պատռում էին ձեր հագուստներից, պատռում էին ձեր հագուստները, որոնք բացահայտում էին ձեր անիծյալ մարմնաձևերը, միաժամանակ պատռում էին, քերթում էին ձեր գայթակղող մաշկը` թողնելով ձեր ճերմակության և իմ ցցի վրա կարմիր հետքեր` չար մահով մահանալու առանց խոստովանահոր, աստվածային և դղրդալի մահով, որ համրորեն տենչում էր իմ տակնուվրա եղած մարմինը` շպրտված հաճույքի ափին, որն անհնար է լքել, որն արգելված է բոլոր նրանց, ում գործածությունից զուրկ ձեռքերը երկու կողմից գամված են անզգա ազդրերին, որոնց միջև ծիծաղելիորեն տնկված է հսկայական, մեղա՜ քեզ, Տե´ր, ծծի, ժաժ տուր կամ շինվի, անդամը` մինչև աստղերը տնկված, պատրաստ` պատերը ծակելու:

Մի գեղեցիկ առավոտ իմ աստվածավախ կինը, մինչ աչքերս մատնում էին վայրի կիրքս, որոշեց, որ պետք է հոգեվարք ապրողների սնարին ընթերցվելիք աղոթքները կարդա: Երբեմն նա ոտքերիս մոտ էր նստեցնում աղջկաս, և տակնուվրա եղած իմ հոգում արյունապղծությունը խառնում էր իր ամպագոռգոռ ձայնը սրբապղծության տվայտանքներին, որ շանթահարում էին ինձ: «Երբեք չմոռանաս հորդ, ի՛մ Վիկտուար, ոչ էլ իմ մեծ համբերատարությունը նրա դժբախտության հանդեպ, մրմնջում էր բարի մայրը, ոչ էլ` թե ինչպես էի նրան խնամում, ինչպես էի նրան սիրում: Հիվանդների մի ոտքն արդեն դրախտում է: Նրանք մասնակցում են հավերժական խաղաղությանը, ուր Աստված երևում է ամպերի մեջ: Մեղքի գիտակցությունը կամացկամաց լքում է նրանց: Նրանք անմիջապես չեն մեռնում, նրանք անմիջապես չեն դառնում հրեշտակներ. բայց երկնային շնորհը նվաճում է նրանց մակընթաց ծովի պես: Վիկտուար, ջանի՛կս, լա´վ նայիր հորդ աչքերի մեջ և կտեսնես, թե ինչպես է դանդաղորեն աճում երկնային կապույտի մակարդակը»: և Վիկտուարը հառում էր ինձ վրա իր աչքերը, միամիտ, բայց անհասկանալիորեն խռովված երեխայի իր այդ աչքերը: Ես այնտեղ կարդում էի ծնվող մի խորհուրդ, նման ստվարախիտ անտառների գաղտնիքներին, երբ սաղարթների ներքո շնչում են առաջին մանուշակները: Հետո, իմ երեխայի անարատ կոպերի եզրերից իմ հայացքը սահում էր սադափե մաշկի վրայով ամբողջությամբ. անցնելիս մի պահ կանգ էի առնում շուրթերին: Փոքրիկ բծիկ կար, որ մատնում էր թաքուն թանաք խմած լինելու մասին: Գոգնոցի կապը ժանեկավոր օձիքի տակից դուրս էր եկել նեղ ծոծրակի վրա: Երկու փոքրիկ ճարպիկ ձեռքեր երբեմն շոշափում էին ծնկներս:

«Ոչ, ես երբե՛ք չկարողացա պարզել, թե արդյոք իմ կինը տեսնո՞ւմ էր: Որոշ պահերին, կարող եմ երդվել, մեր միջով ինչոր սարսուռ էր անցնում, որ հիշողությունից չէր: Հա, հաստատ, բայց անմիջապես հետո` էլ ոչ մի բան: Ի՞նձ էր թվացել: Իմ եռքը նրան էի վերագրում: Նա այստեղ է, որպես մարմնացած արժանապատվություն, գնումգալիս է` լրիվ սև հագած, որովհետև այդպես հարիր է իր կարգավիճակին: Ա՜հ, ինչքան էր ինձ փրփրացնում այդ կանխահաս սգապահությունը: Ես կուզենայի նրան ծաղրածուի շորեր հագցնել, տկլորացնել, քսվացնել, թողնել միայն սև չուլկիներով: Իսկ ինքը, ինքը իր տերողորմյան էր կարդում ու մեկմեկ ճակատս համբուրում: Հրե՛շ: Բայց ինձ մոտ էր բերում բալիկիս, ու ինձ թվում էր, թե նրա դեմքին որսում էի նենգ մեղսակցության արտահայտություն, ու էլ չգիտեի ի´նչ մտածել: Մանավանդ որ մի ուրիշ զգացմունք էր պաշարում ինձ, ու փորձում էի ժպտալ Վիկտուարին: Ըհը՛, գժանոցն էլի սկսվեց. կինս խոսում է իր այդ սառնաշունչ ձայնով, որ լավ եմ ճանաչում: Ինձ նորություններն է հայտնում: Սովորական գթություն, դաժան: Բայց մի անգամ, ցերեկը, մոտեցավ ինձ ջուր խմեցնելու: Օգոստոսն ամբողջությամբ վհատեցրել էր սենյակը: Արդեն շաբաթներ կլիներ, որ օդը չէր շրխկացրել դռները: Բակում հավ էին փետրում: Հանկարծակի տռփանքն ինձ վրա տվեց: Ուժեղ պոռթկումով: Անշարժ մրրիկ մեր մոտեցած դեմքերի միջև: Ես վայրի ուժով զգում էի այդ անմատույց կողակցի հասուն և տրվելու պատրաստ գեղեցկությունը: Թեթևակի խոնավացած մաշկի սքանչելի մակերես, թուխ հոտ, անասելի տաքություն: Նա ինձ չդիպավ, մնաց այդպես անշարժացած: Ճի՞շտ հասկացա: Ինձ թվաց, որ նա հետ է շարժվում աչքերը փակ, որ նա փորձում է ինքնատիրապետել, ի՛նչ լռություն: Ինձ թվաց: Ինձ թվաց: Փախավ` գլուխը շրջելով: Ի վերջո, դա ուղղակի թախծալի էր, ինձ համար, կամ թե` նրա: Նրա համար, հավանաբար:

«Իսկ այդ ընթացքում Վիկտուարը մեծանում էր: Նրա աչքերը խույս էին տալիս իմ աչքերից: Թաքուն` աչքերով ուտում էր տղաներին: Նախ` ինձանից չէր թաքնվում: Իմ կողքին նստած` թերթում էր պատկերազարդ գրքեր և մի ամբողջ քառորդ ժամ մնում էր միևնույն նկարի վրա` բեղիկներով: Մի անգամ նա հենց դիմացս էր, լուսամուտիս շրջանակի մեջ: Կար էր անում, երբ դրսում կատարվող մի տեսարան նրան ընդհատեց: Ասեղն օդում պահած` մնաց այդպես, բերանը կիսաբաց. տեսնում էի նրա կլորիկ թևը: Լույսի տակ կուրծքը թրթռում էր: Զգում էի նրան շոտլանդական իրանակալի տակ. հազիվ ձևավորված, անգիտակից, կույրի նման: Զգում էի այդ մանկական կուրծքը պնդանալիս, պնդանալիս: Վիզը թեքվեց, շուրթերը դողացին: Հետո ջանասիրությամբ շարունակեց աշխատանքը: Վիկտուարը քիթն էլ չբարձրացրեց, երբ բատրակ տղաներից մեկը բակից ներս մտավ, մեծ անմեղ երեսով և սենյակով անցավ` շալվարի կոճակները քանդելով: Երբ թիկունքիս խոհանոցի դուռը փակվեց, Վիկտուարի աչքերը դանդաղորեն կտրվեցին սպիտակեղենից և պտտվեցին դեպի սենյակի խորքը, բայց ճանապարհին բախվեցին իմ աչքերին: Այդ օրվանից էր, որ իմ սեփական աղջիկն ինձ ատեց:

«Այս անզուսպ կիրքը, որ մի թեթև բանից բռնկվում էր, միայն Վիկտուարն ու մայրը չէին դրա պատճառը: Կային նաև սպասուհիները, որոնց ներկայությունն անգամ ինձ շուռ էր տալիս, ոնց որ արորը` հողը: Մենակ նոր եկածներն էին զգուշանում ինձանից: Ժամանակի ընթացքում դառնում էին անտարբեր: Երբ ես դեռևս ջահել էի, ոմանք հուզվում էին` տեսնելով իմ այդ ցցված ուժը: Մի քանիսի հայացքները մոլորվում էին դեպի այդտեղ: Այդ ժամանակ փախչում էին վախվորած կամ ծիծաղում էին: Մի, մենմի անգամ: Նա նկատել էր, թե ինչ էր կատարվում ինձ հետ: Բոյով աղջիկ էր, դանդաղաշարժ, մեծ ձեռքերով, դանդաղաշարժ: Լվացարարուհի էր: Երբ սենյակում մարդ չէր լինում, գալիս դիմացս տնկվում էր առանց խոսք ասելու: Նա` մթագնում էր: Թողնում էր ժամանակ անցնի: Հետո հստակ բացում էր ազդրերը: Այսպես գալիս էր օրը երկուերեք անգամ: Հայացքը պտտեցնում էր սենյակով: Մի ձեռքով ուղղում էր մազերը: Նա ինձ նույնիսկ թևքով չդիպավ վեց ամսվա ընթացքում, որ նրան պահեցին ագարակում: Մի առավոտ, հունձքի ժամանակ էր, բոլորը դաշտում էին: Մտավ սովորականի նման ու եկավ կանգնեց դիմացս: Բայց մի բան անհանգստացնում էր: Գլուխը տարուբերեց` մերժողական իմաստով: Ներքուստ մի հարցի շուրջ կամուկացի մեջ էր: Հանկարծ միանգամից բարձրացրեց փեշը ու ցույց տվեց փմփլիկ պցիկը: Սիրուն փմփլիկ պցիկ, մուգ շիկահեր, ուռուցիկ: Բամբակյա մոխրագույն գուլպաներ ուներ` թելերով կապած: Փեշը ցած ընկավ, աղջիկը դուրս եկավ` իրենիրեն խոսելով. «Տեսնես ուր եմ դրել կաթը»: Երեք օր հետո գնաց ագարակից, նամակ էր ստացել:

«Ամեն գարուն ես հետևում եմ կրքերի վարարմանը ագարակի բնակիչների մոտ: Աղջիկներն ու տղաներն ընդհանրապես չէին նեղվում իմ ներկայությունից: Ես իմանում էի նրանց սիրային կապերը, դավաճանությունները, արատները: Իմ անկյունից տեսնում էի ձևավորվող, հետո բաժանվող զույգեր, երբեմն էլ տարօրինակ եռյակներ, բարդ ընտանիքներ: Ինձ հաշվի չէին առնում համբուրվելիս. «Բիձե՞ն: Բան չի ասի, նա խոսել չի կարող», նույնիսկ կային սիրահարներ, որոնց իմ ներկայությունը զվարճացնում էր: Զվարճացնո՞ւմ: Ինչևէ, տարիներ շարունակ, տարբեր կանանց հետ, ագարակատերը` Գաստոնի հայրը, այնպես էր անում, որ իրենց միասին տեսնեի, հաստատ: Տեղավորվում էր պատուհանի առաջ, ասես հով էր ուզում: Երբեմն էլ նույնիսկ մուշտուկն էր փստացնում: Տվյալ կինը, գետնին չոքած` նրան մանևրում էր` ինձ նայելով: Կամ էլ չէր կարող ինձ տեսնել: Այդ ընթացքում ագարակատերը հսկում էր բակի անցուդարձը: Մեկմեկ էլ մի բան էր բղավում մեկնումեկին: Կինն այդ պահին վախենում էր: և նա ծնկով բոթում էր կնոջը»:

«Ես դրականորեն հաճույք էի ստանում` տեսնելով կանանց ու տղամարդկանց միասին: Ինձ թվում էր, թե նրանց օրինակը իմ հաշմանդամության հախից գալիս էր: Ես ահավոր գրգռվում էի: Պատահեց անգամ, որ այդ տեսարաններն ինձ ավելի հեռուն տարան, քան կմտածեի: Ամեն անգամ հայտնվում էի շատ ծանր շփոթության մեջ: Բայց գնալով ինձ ավելի ու ավելի էր դուր գալիս այդ շփոթությունն իսկ: Գնալով ավելի ու ավելի էի սիրում այն, ինչ ինձ ամաչեցնում էր կաթվածահարությանս առաջին տարիներին: Պատահում էր, որ ծածուկ հետևում էի տղամարդկանց, ուզում էի, որ նրանք տռփանքով լցվեն սպասուհիների նկատմամբ, աղջկաս նկատմամբ: Ես նրանց հանվացնում էի, որ տեսնեի, թե  նրանց վրա ինչպես կազդեին բացված ստինքը, մերկացած ուսը:

«Մի ձմեռ կինս մեռավ` թաղված իր վշտի մեջ: Ինձ տարան դիակի մոտ: Նրա շուրթերը սեղմված էին: Իր հետ տանում էր իր գաղտնիքը: Ինչքան էի ուզում ճչալ իմը, չարչարում էի անհնազանդ դեմքս: Ներկաներն արմունկներով իրար էին բոթում. «Ի՜նչ ցավալի է, խե՜ղճ մարդ, կինն այնքա՜ն բարի էր նրա նկատմամբ»: Կյանքը մի քիչ հեշտացավ: Վիկտուարը չէր փորձում ընդօրինակել մոր շինծու պահվածքը: Նույնիսկ ծիծաղում էր, երբ մշակներն ինձ ձեռ էին առնում: Իսկ ես մտածում էի` փոխարեն ինձնով զբաղվեք, աղջկանովս զբաղվեք դե: Մայիսի կողմերը, երևի ապրիլին, մայիսին, ագարակատերը վերադարձավ պատուհանի մոտ, ու այս անգամ Վիկտուարն էր նրա դիմաց չոքած: Նրան թվում էր, թե ինձ մեծ հարված է հասցնում: Չարախնդում էր: Ուշադիր նայում էի նրան. նախկին վճիտ աչքերը, փոքրիկ մարմինը` այժմ զարգացած: Դեռևս ժանեկավոր գոգնոց էր կապում: Տեսարանը մի քանի անգամ կրկնվեց: Ես մի եզակի հաճույք էի ապրում, որ Վիկտուարը կատաղության տեղ էր դնում: Մի անգամ, վեր կենալով` շատ մոտ անցավ կողքովս ու ինձ ցույց տվեց ճաքճքած շուրթերը:

«Այն ժամանակից, երբ այստեղ ամեն ինչ  նրան էր պատկանում, Վիկտուարը, իմ աղջիկ Վիկտուարն ամուսնացավ: Ունեցավ սիրեկաններ, ունեցավ երեխաներ, բայց չդադարեց ինձ հալածել իր ատելությամբ: Իսկ ինձ այդ ատելությունն այնքան էր դուր գալիս, որ նա չէր էլ կարող կռահել: Սիրում եմ նրան, Վիկտուարին, նրանից բացի աշխարհում ոչ մեկին չեմ սիրել, ազնիվ խոսք: Նա իրեն ի ցույց էր դնում ինձ իր բոլոր սիրեկանների գրկում, կարծում եմ` բոլորի: Նույնիսկ տեսել եմ նրան սպասուհիների հետ: Վիկտուարը դարձել է պինդ, իսկական կին: Միայն մի փոքր թոշնել է: Հասել է քառասունին: Իմ աղջիկն է: Մեր խաչվող հայացքներում երկա՜ր պատմություն կա: Սիրում եմ նրա համառ ատելությունը, որ ամեն օր վերապրում եմ: Սիրում եմ նրա արհամարհանքը, որ զգացվում է ինձ վերաբերող յուրաքանչյուր խոսքում: Նա սանձահարում է տղամարդկանց: Նախկին ագարակատերը մինչև այսօր նրա տրամադրության տակ է: Նա էլ է ամուսնացել: Ոնց որ շուն լինի Վիկտուարի ոտքերի առաջ պառկած: Իսկական կինտիրուհի: Ա՜խ, ինչո՞ւ նրա մայրն էլ այդպիսին չէր:

«Ահա ուրեմն, քառասուն տարի է, ոչ պակաս, ինչ ես գամված եմ կրքերի փոթորիկների մեջ, որոնք ինձ կրծոտում են` առանց սակայն փլելու իմ ու աշխարհի միջև եղած պատնեշը: Մի շատ անտարբեր կարեկցանք է պարուրում հաշմանդամների աթոռը: Ապո՛ւշ դիտորդներ, երբեք ոչինչ էլ չեք հասկանա: Ես տեղս չէի զիջի անգամ աշխարհի ամբողջ ոսկու դիմաց: Տղամարդկանց բոլոր պարզունակ զգուշավորություններից ազատ` ես ամբողջ ժամանակս այստեղ նվիրում եմ տարփանքին: Իմ սահմանափակ զգայությունները ծայրաստիճան սրվել են, և հենց իր անապակության մեջ է, որ վերջապես լիովին ապրում եմ հաճույքը: Ծերությունը քիչ է ավիրել մարմինս: Եթե մազերս սպիտակել էլ են, օրերս չեմ սպառել կնոջ անկողնում, որին յուրաքանչյուր գիշերը հոգեվարքի մեջ է գցում իր կնճռոտ մաշկի տակ: Իմ թվացյալ ստրկության մեջ ինչպիսի՜ իսկական ազատություն: Ժամանակին, երբ դեռ կարողանում էի քայլել, խոսել, ստիպված էի անընդհատ ուրիշներին հաշվի առնել: Չէի համարձակվում մտածել` ամեն ինչ ինձ հանցանք էր թվում: Ինքս ինձ սահմանափակում էի: Վախենում էի ինձ տրվող հարցերից: Մեծ դժբախտությունը մարդուն հարմարավետ իրավիճակի մեջ է դնում: Այսօր այլևս ոչ մի ցավ չկա, որ ինձ դիպչի, ոչ մի իրադարձություն, որ ինձ շվարեցնի: Ես սովորեցի ինքս ինձնով հաճույք ապրել, ուրիշներով հաճույք ապրել: Չեմ էլ մտածում մեռնելու մասին: Չեմ ձանձրանում: Ավելի հեշտ է չձանձրանալը, քան չխոսելը, ու այլևս չեմ էլ ուզում խոսել: Մեկմեկ բոլորի պես ապրելու ուժեղ ցանկությունը համակում է ինձ: Բայց դրանք կարճ տագնապներ են, որ ավելի լավ են զգալ տալիս երջանկությունս: Սրանից ավելի վատ էլ ի՞նչ կարող է ինձ լինել: Հրդեհ ագարակո՞ւմ: Իմ մարմնի գրեթե ոչ մի մաս ֆիզիկական տանջանքի և ցավերի ենթակա չի: Դա կլինի մի այլ գեղեցիկ տեսարան, և քիչ է մնում, որ ցանկանամ այդ հրդեհը` միայն թե տեսնեմ բնազդային շարժումները, որ կանեն բոլոր այս տղամարդիկ, կանայք, Վիկտուարը, նրա աղջիկ Իռենը, ու մեռնեմ այդ արբեցնող բացահայտումների համայնապատկերի մեջ, այդ գզգզված մազերով, կիսամերկ, իրենց կյանքի, զգացմունքների ամենախելացնոր վազքով բռնված այդ ամբոխի մեջ: Եթե միայն իմանայիք, հաշմանդամի վրա ծիծաղող երիտասարդներ, թե ինչ տեսակ խուլ հրճվանք, ինչ թրթիռներ է արթնացնում իմ թմրած մարմնի խորքում ձեր հեգնանքի թեթև աղմուկը: Ա՜հ, ծիծաղե՛ք, էլի՛ ծիծաղեք, քսանամյա սիրուն հիմարներ: Ես ձեր հախից գալիս եմ հենց այն հաճույքով, որը ստանում եմ ձեզ լսելով: Էլի՛, էլի՛, ձեռ առեք ինձ, խնդրում եմ, կարմրատակելու աստիճան, խեղդվելու աստիճան, շունչը հատելու աստիճան: Այստե՛ղ, այստե՛ղ: Ո՜նց է նրանց կաշին ձգվում: Նրանք էլ են ինձ զայրացած կարծում: Ու սկսում են ինձ սրտանց ատել: Կեղտոտ բիձա, մտածում են, քեզ մնար` բոլորիս քթից կբերեիր, բոլորիս գործերը հարամ կանեիր, եթե շլինքներիդ մեջ չհոտեիր: Ինձ հայհոյում են. համարձակվում են` իմանալով, որ Վիկտուարը, մադամ Վիկտուարը բան չի ասի: Ավելի հանդուգներն ինձ բոթում են: Դժբախտաբար, չեն համարձակվում ինձ հետ ավելի վատ վարվել: Ոմանք կան, որ մի պահ թվաց, թե հենահենա ուզում են ինձ ծեծել: Բայց չէ: Առնվազն այսօր չէ: Ժամանակին ես ավելի գեղեցիկ տղամարդ եմ եղել, քան դուք, ու ավելի ուժեղ ու ավելի խելացի: Ես կրթված մարդ եմ եղել, վայրենի անասուննե՛ր: Ինձ սիրել են: Այն ժամանակ դուք ինձ խոնարհաբար բարև կտայիք: Ես ապրել եմ քաղաքներում: Անլուծելի խնդիրներ եմ ունեցել: Շատ բաներ կպատմեի ձեզ, եթե կարողանայի խոսել: Բայց, օրհնվի՛ սիֆիլիսը, չեմ կարող խոսել: Կյանքում չեք էլ կռահի, թե ով է այստեղ նստած քառասուն տարուց ի վեր: Ա՛հ, ինչո՞ւ ինձ չեք ապտակում, էս ի՞նչ թուլության հիմար նախապաշարում է ձեզ հետ պահում: Իմ կյանքն ինձ գլխապտույտ հրճվանք է պատճառում: Շալվարիս մեջ, որ կեղտոտում եմ, զգում եմ մի ահռելի տիրական հրճվանք. խփե՛ք ինձ, ասում եմ, ես հնարավոր է` ավելի լավն եմ, ավելի՛ն եմ, քան Ալեքսանդրը կամ Հուլիոս Կեսա՛րը»:

շարունակությունը հաջորդիվ


[1] Roulure de rhododendron` այստեղ բ­առ­ախաղ է` roulure նշանակում է ծառի պլոկված կեղև, բայցև ժարգոնով` «անառակ, բոզ, քած»: Տվյալ ենթատեքստում արտահայտությունը կարելի է թարգմանել նաև «փշոտ քած» կամ «անտառի բոզ» (ծ­նթ. թարգմ.):

[2] 20-րդ դարասկզ­բին Ֆրանսիա­յո­ւմ­ տ­ար­ածված դեղագործական ա­րտ­ադրանք, որը լրացնում էր ս­նն­դի մեջ­ ֆոսֆատների բացակայությունը: Պատմության մեջ այն մնացել է հ­ատկապես իր բազմազան գով­ազ­դն­եր­ով­ (ծնթ. թարգմ.):

[3] Ժո­րժ­ Մարի Լյուդովիկ Ժյուլ Գինըմեր­ը (Guynemer 1894-1917) Առաջին աշխարհամարտի ամենաճանաչված ֆրանսիացի օդաչուներից էր, որ զոհվել էր մարտում:

[4] Nymphomane` հեշտոցի փոքր ամոթաշուրթերի nymphes անունից:

[5] Galerie Nancéienne, Ֆրանսիայի Նանսի քաղաքի թանկարժեք խանութների սրահը, ինչպես Փարիզում` Galeries Lafayette-ը (ծնթ. թարգմ.):

[6] Arc-boutant` գոթական տաճարներում երկհարկ արտաքին կամարաշար, որի գործառույթը կենտրոնական և կողային նավերի և քարե տանիքի ծանրությունը պահելն է (ծնթ. թարգմ.):

[7] Բնագրում` bourgeois, որն այստեղ դրական իմաստով է օ­գտագործված, մինչդեռ հայերեն բառաց­ի թարգմանությունը, մշակութային հոլովույթի բերումով, բացասական իմաստ է հաղորդում (ծնթ. թարգմ.):­

[8] Փարիզի 13-րդ թաղամասում գտնվող կարպետների արտադրության հայտնի ֆաբրիկան (ծնթ. թարգմ.):

[9] Տեքստում` Gentil-Daniel: gentil-ը մականուն է, որ նշանակում է բարի, ազնիվ, խե­լոք, սուսուփուս, բայց խոսակցականում ունի նաև «ապուշ, տխմարավուն, հիմար» ընկալումը: Այստեղ հավանաբար վերջին նշանակությամբ է գործածված, չփորձեցի թարգմանել (ծնթ. թարգմ.):

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.