Մինչանկախության շրջանի արևելահայ գրականության մեջ կան երկու վեպեր, որոնք իրենց դերով ու նշանակությամբ  կանգնած են մյուսների համեմատ այլ հարթության վրա որպես ավանդույթի հաղթահարման փորձեր՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»:

Աբովյանի պարագայում դա ավելի տեսանելի է, քանի որ գործ ունենք մի ժանրի հետ, որը մինչ նա հայ գրականության մեջ չկար: Չարենցի վեպի պարագան ավելի բարդ է, այն միշտ տարակուսանքի առաջ է կանգնեցնում ուսումնասիրողներին, երբ հարցը վերաբերում է ժանրին: Բոլորը միաձայն ընդունում եմ մի բան միայն, որ սա նման չէ մինչ այդ գրված մյուս վեպերին: Մինչ վեպերին անդրադառնալը մի քանի բառով նախ անդրադառնանք ժանրի պատմությանը:

***

Մինչև օրս էլ գրականագիտության մեջ կան բանավեճեր կապված վեպի ժանրի  ծագման թե՛ տեղի, թե՛ ժամանակի հետ: Իր անունը` ռոման, վեպն ստացել է ռոմանական լեզուներից, քանի որ առաջին վիպական ստեղծագործությունները, որ միջնադարյան ասպետական վեպերն էին, գրվում էին այդ լեզուներով՝ ի հակադրություն դասական լատիներենի: Սակայն, որպես գրական-մշակութային բացառիկ նշանակություն ունեցող երևույթ, վեպը ոչ պակաս հաջողությամբ ուրույն դրսևորումներ ունեցավ նաև մյուս՝ ոչ ռոմանական լեզուներով գրող ազգերի մոտ: Վեպի պատմության և տեսության հարցերը զբաղեցրել են շատ գիտնականների, գրականության տեսաբանների, փիլիսոփաների (Հեգել, Շելլինգ, Բելինսկի, Լուկաչ, Բախտին, Բարթ, Ի-Գասեթ, Մորետտի և ուրիշներ): Կարելի է ասել, որ վեպի ժանրին վերաբերող որևէ հարցի շուրջ միասնական կարծիք չկա, անգամ ժանրի ծագման տեղի, ժամանակի, ժանրի բնորոշման մասին: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ այն ժանրը, որին պատկանող ստեղծագործությունները մենք վեպ ենք անվանում, տեղային առումով՝ արևմուտքի (Եվրոպա), ժամանակային առումով՝ նոր ժամանակների (17-րդ դարի) ծնունդ է:

Վեպը նոր ժամանակների համար ունի այն նույն դերը, ինչ էպոսը «բացարձակ ոգու» (Հեգելի ձևակերպմամբ) դարաշրջանում: Վեպի ծնունդով ազդարարվում է էպոսի մահը, կամ հակառակը, էպոսի մահը հանգեցնում է վեպի ծնունդին:

Այնուամենայնիվ, մի բան անվիճելի է. վեպը վերջին հարյուրամյակների ամենամասսայական և ընթերցվող ժանրն է: Վեպը անսահման հնարավորությունների ժանր է, Բախտինի ձևակերպմամբ. «վեպը ընթացքի մեջ գտնվող ժանր է»[1], ընթացքի մեջ են գտնվում վեպի կերպարները, լեզուն, վիպագիրը, ընթերցողը: Վեպը քանիցս ցույց է տվել իր կենսունակությունն ու հնարավորությունների ճկունությունը. ամեն անգամ, երբ այս ժանրի մասին մահախոսականներ են լսվում, այն հանկարծ կարողանում է գտնել թարմացման նոր ուղի:

Վեպի ժանրի պատմությունը, ըստ էության, հենց ավանդույթի հաղթահարումն է, այդ հաղթահարումը ավանդույթ դարձնելը, ապա վերստին այդ ավանդույթը հաղթահարելը: Ժանրի առաջին լիարժեք ներկայացուցիչ ընդունված է համարել Սերվանտեսի «Դոն Կիխոտը» (1605-1615): Սրանով Եվրոպայում փակվեց ծանոթ էպիկական աշխարհը և բացվեց մի բոլորովին նոր՝ վիպական աշխարհ:

Եվ այդուհանդերձ, մի բան գոնե փաստ է՝ վեպը արևմտյան ֆորմա է: Իհարկե ներմուծվելով տարբեր վայրեր՝  վեպը հագենում է տվյալ երկրի մշակութային, մտածողության, ավանդույթների տարրերով: Ֆրանկո Մորետտին գրում է. «Արդի վեպը միակ ժանրն էր, որ բարձրացավ ոչ թե ավտոնոմ տարածման ճանապարհով, այլ որպես փոխզիջում` արևմտյան ֆորմալ ազդեցության (հիմնականում ֆրանսիական կամ անգլիական) և տեղական նյութի միջև»[2]: Ասել է, թե՝ որտեղ էլ հայտնվում է վեպը դառնում է տվյալ երկրի և արևմուտքի ակտիվ փոխներգործության ծնունդ՝ ֆորմալ առումով միշտ մնալով եվրոպական: Այս դեպքում «արևմուտքը» կարող է ամենևին էլ արևմուտքում չլինել, օրինակ, Լատինական Ամերիկայի համար, որ ժամանակի ընթացքում դարձավ խոշորագույն վիպագիրների հայրենիք, «արևմուտք» կոչվածը աշխահագրորեն արևելքում է: Վեպը Եվրոպայում ծագելուց հետո «ալիքի նման» տարածվել է աշխարհի բոլոր կողմերում և այդ բոլոր կողմերը՝ վեպի ժանրի տեսանկյունից, նրա համար «օրիենտ» են՝ արևելք:

«Օրիենտալիզմ» եզրույթը, որ հայերեն բառով անվանում են նաև արևելաբանություն, հասկացություն է, որով բացատրվում են արևմուտք-արևելք փոխհարաբերությունները: Բանն այն է, որ, ուզենք թե չուզենք, աշխարհը մեզ ընկալելի է այնպիսին, ինչպիսի այն ընկալելի է արևմուտքին: Էդվարդ Սաիդը նշում է, որ «Արևելաբանությունը Արևելքը տիրելու, այն վերակազմավորելու, և դրա նկատմամբ հեղինակություն հաստատելու արևմտյան ոճ է»[3]: Նույն հեղինակը շարունակում է. «Արևելաբանը` լինի բանաստեղծ, թե գիտնական, Արևելքին խոսել է տալիս, նկարագրում է Արևելքը և պարզաբանում դրա առեղծվածները Արևմուտքի համար», և ապա. «Այն, որ Արևելաբանությունն ընդհանրապես իմաստ ունի, ավելի շուտ կախված է Արևմուտքից»[4]: Արդեն նշեցի, որ այս պարագայում «արևելք» ասելով նկատի ենք ունենում ոչ միայն բուն արևելքը, այլև աշխարհի այն ամբողջ հատվածը, որ դուրս է Կենտրոնական Եվրոպայից: Հասկանալու համար, թե որքան է արմատացած աշխարհին արևմուտքի աչքերով նայելու ձևը, բավական է թերթել, ասենք, համաշխարհային պատմության սովորական դասագիրք:

Վեպի ժանրը ևս դառնում է արևելաբանության նյութ, քանի որ սա մշակութային առումով նույն երևույթի շարունակությունն է: Վահրամ Դանիելյանն իր հոդվածներից մեկում գրում է. «Եթե նույնիսկ հակաարևմտյան կենսաձև ու աշխարհընկալում ես քարոզում և ասենք’ արևմտյան քաղաքական ու արդյունաբերական «հովերից» ուզում ես զերծ պահել քո երկիրը, միևնույն է, չես կարող քո ժողովրդին արգելել վեպեր գրել և կարդալ: Կարող ես, ասենք’ չթարգմանել արևմտյան հայտնի վեպերը, չխրախուսել կամ արգելել դրանց ընթերցումը, բայց չես կարող իր ժամանակը հասկանալ փորձող մարդուն՝ գրողին, արգելել մտածել վեպով»[5]:  Այսինքն՝ վեպը, լինելով արևմուտքի ստեղծած ժանր, իր ծննդյան առաջին իսկ օրվանից դառնում է օրիենտալիզմի նյութ: Այս առումով բացառություն չէ նաև հայ վեպը, ինչը հստակորեն երևում է հայ գրականության մեջ ստեղծված խոշորագույն վեպերի օրինակով՝ սկսած հենց առաջին վեպից՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանիից»:

***

Ու թեև թվում է՝ վեպի արևմտյան ֆորմա լինելու հարցը գոնե պիտի անվիճելի լիներ, բայց արի ու տես, որ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ժանրի մասին բանավեճերը սկսվեցին դեռևս 19-րդ դարում՝ տպագրվելուց անմիջապես հետո, և տասնամյակներ շարունակ դարձան քննարկման առարկա: Դեռևս վեպի լույսընծայման առաջին տարիներին բանավեճ առաջացավ Միքայել Նալբանդյանի և Ստեփանոս Ոսկանյանի միջև՝ արևմտյա՞ն (եվրոպական) թե՞ արևելյան էր վեպը[6]: Հարցը շարունակեց հուզել գրականագետներին նաև հետագայում: Արշակ Չոպանյանը, օրինակ, հակված էր մտածել, որ եթե արևմտահայության մեջ եվրոպական մշակույթը տարածվեց Մխիթարյան միաբանության միջոցով, ապա ռուսահայության (արևելահայության) մեջ եվրոպական մշակույթի տարածողի այդ դերն ունեցավ Աբովյանը, և ժողովրդի հետ մատչելի՝ «ժողովրդին ձայնով» խոսելը միջոց էր ազգի լուսավորության: Ընդունելով հադերձ, որ Աբովյանի «Վերք…»-ը արևմուտքում ձևավորված անհատի մտահղացում է, ով սկիզբ է դնելու ազգի լուսավորությանն ու նոր գրականությանը, այնուամենայնիվ ժանրն անվանելիս Չոպանյանը տալիս է «ժողովրդական դյուցազներգություն» անվանումը. «…հինգ տարվան եվրոպական կյանքե ու համալսարանական ուսումնասիրություններե հետո Աբովյանի իր վեպին մեջ կմնա գեղջուկ մը, որուն արձակը ուրիշ բան մը չէ, բայց եթե կուտակումն ու խտացումը հայ հողին բոլոր աշուղի երգերուն…»[7]:

Պիոն Հակոբյանը, հիմնվելով Աբովյանի մի գրության վրա, որտեղ հեղինակն իր մտորումներն է հայտնել վեպի ձևի մասին («Սակայն ի՞նչ ձևով պիտի ես այն վերարտադրեի: Որպես եվրոպական ճաշակի ու ոճի վե՞պ. դա  հո վերին աստիճանի անմտություն կլիներ»), եզրակացնում է, որ Աբովյանը չէր կարող հետևած լինել եվրոպական վեպի մոդելին. «Աբովյանն ասում է, որ ինքը գիտակցորեն չի դիմել եվրոպական վեպին»[8]:

Գուցե ուսումնասիրողներին տարակուսանքի մեջ է գցել Աբովյանի ընտրած աշուղի կերպա՞րը կամ լեզո՞ւն, որով գրում է վեպը: Չէ՞ որ արևելյան լեզվով գրելուց բացի Աբովյանը նաև հարազատ է մնում արևելյան ոճին, նրա վեպը երբեմն ընդարձակ արևելյան բանաստեղծություն է հիշեցնում: Բայց Աբովյանի այս գրությունը այլ տեսանկյունից է մտորելու տեղիք տալիս: Ակնհայտ է, որ հեղինակը երկար ժամանակ իր ասելիքը տեղ հասցնելու առումով ձևի, ասել է թե՝ ժանրի որոնումների մեջ է եղել: Հայտնի է նաև, որ մինչև «Վերք Հայաստանի» վեպը Աբովյանը գրել էր չափածո մի պոեմ, որը պահպանվել է «Աղասու խաղը» անունով: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Աբովյանն անվերջ որոնում էր այն ձևը, որը լավագույնս կարտահայտեր իր որոշած բովանդակությունն ու նյութը: «Աղասուն ես անպայման ցանկանում էի մշակել իբրև ժողովրդական վեպ, որպեսզի դրանով օտարներին ծանոթացնեի ժամանակակից հայ ազգության հետ»[9],մեկ այլ առիթով գրում է Աբովյանը(ընդգծումն իմն է-Թ. Ղ.), և հեղինակի այս բնորոշումը՝ ժողովրդական վեպ, հետագայում հաճախ կիրառում են նաև ուսումնասիրողները:

Աբովյանն, այնուամենայնիվ, իր վեպում հետևողականորեն կիրառում է «եվրոպական» վեպին բնորոշ ֆորմաներ (ճամփորդությունը, նամակագրությունը, սիրային պատմությունը և այլն), ինչը շատ հաճախ դառնում է հակասություննրի և խճողվածության պատճառ[10]: Սակայն պարզվում է, որ Աբովյանի այս գրության մեջ «ժողովրդական վեպ» բնութագրումից բացի կա ևս մեկ հետաքրքիր պահ՝ այն, որ հեղինակը վեպը գրում էր ոչ թե կամ ոչ միայն տեղացիներին արևմտյան ֆորմայի հետ, այլև «օտարներին» տեղացիների կյանքին ծանոթացնելու նպատակով: Այս պարագայում «օտարները» արևմուտքն էր, կամ ինչպես ինքը՝ հեղինակը կասեր, «լուսավորված ազգերը», իսկ արևմուտքի հետ տրամաբանորեն կլիներ խոսելը հենց արևմտյան ժանրով: Ուրեմն՝ եթե Աբովանն ինքն իր առաջ խնդիր է դնում «եվրոպական ճաշակի ու ոճի» վեպ չգրելու, սա ամենևին էլ ժանրին չէր վերաբերում, և այստեղ է, որ հեղինակը պիտի գնար փոխզիջումների՝ արևելքի և արևմուտքի միջև:

Եթե թերթենք Աբովյանի նամակները, օրագրային գրառումներն ու նշումները, կտեսնենք, որ այն լեզուն, որով գրում է Աբովյանը ամենևին էլ իր ամենօրյա կիրառելի լեզուն չէ: Փորձենք կարդալ Աբովյանի տեքստերը՝ ուշադրության առանցքում ունենալով լեզուն: Մինչդորպատյան շրջանում և Դորպատյան շրջանի սկզբում Աբովյանի լեզուն գրաբարն է. օրինակ, 1848 թվականի Աբովյանի «ճամփորդական նոթերում» կարդում ենք. «Վերջապէս Լօռի նովաւ է արժանայիշատակ՝ զի 1825 թուին բոլոր բնակիչք Փամբակի թափուեցավ աստ, թողեալ զբոլոր կայս իւրեանց երկն և բնակեցան անց: Չի՛ք այլ քարափ, այր, ձոր, ուր ո՛չ լինէին ողորմելի ընտանիք»[11]: Դորպատում և հետդորպատյան շրջանում Աբովյանը գրաբարից անցնում է այնպիսի հարթ ու մշակված աշխարհաբարի, որ նույնիսկ այսօրվա ընթերցողին այն թվում է իր  ժամանակակից. «Ո՛չ երեսներին ամոթ կա, ո՛չ էլ սրտներում պատվի զգացում: Շների նման չափչփում են դռնեդուռ, հենց որ մի տեղ հոտ առան, իսկույն կվազեն, դուռը որ փակես, լուսամուտից ներս կթռչեն…»[12]: Սակայն վեպը գրելիս նա դիմում է բավականին անմշակ, անհարթ, ոչ կոկիկ, կենցաղային լեզվին՝ բարբառին: Խոսակցական լեզվով գրելը արդեն վեպի ժանրին բնորոշ մեկ այլ հատկանիշ է: Սա հեղինակն անում է, ըստ երևույթին, ընթերցողի հետ նույն հարթության վրա գտնվելու մղումով՝ ցույց չտալու իր առավելությունը նրա նկատմամբ: Սակայն իրականում թե՛ լեզվի այսպիսի կիրառումը, թե՛ ընթերցողին «իմ ազիզ ազգ», «իմ աչքի լույս հայ», «մեր տղա՛» կամ «էրեխե՛ք» ասելը ամենևին չեն ծածկում այն հանգամանքը, որ գրողը թե՛ ընթերցողի, թե՛ տեքստի նկատմամբ բավականին բարձր դիրքերից է խոսում՝ ավելի շուտ սովորեցնողի, քան պատմողի: Թերևս սա նկատի ունենալով է Չոպանյանն ընդգծում. «այդ գեղջուկը (Աբովյանը-Թ. Ղ.) գրագետ և մեծ գրագետ է»[13]: Սա մի երևույթ է, որ դարձյալ կապվում է վեպի ժանրին: Աբովյանը Աբովյան չէր դառնա, եթե չգնար Դորպատ (արևմուտք) և այնտեղի կրթությամբ ու այնտեղից չգրեր իր հարազատ Քանաքեռի մասին իր հարազատ Քանաքեռի բարբառով: Այսինքն՝ դարձյալ բախվում ենք այն խնդրին, որ արևելքն «իրավունք» է ունենում ինքն իր մասին խոսելու, երբ արևմտականանում է՝ ունի արևմտյան կրթություն, խոսում է արևմտյան ժանրով, իբրև հեղինակություն ունի արևմուտքը:

Որքան էլ Աբովյանի քաղաքական կողմնորոշումը, գոնե վեպում, ռուսական էր, մշակութային առումով նա նախապատվությունը տալիս է Եվրոպային՝ Գերմանիային, Ֆրանսիային, Անգլիային. «Ֆրանցուզ, նեմեց, ինգլիզ որ քո լեզուն սիրում, գովում են, քանի՞ պատիկ դու էլ պետք է սիրես ու գովես»[14]:

Նույն երևույթը նկատում ենք Չարենցի դեպքում պարզապես, եթե  Աբովյանի համար արևմուտքը մերձբալթյան Եվրոպան էր՝ Դորպատը, ապա Չարենցի համար այն Ռուսաստանն էր՝ Մոսկվան: Թե՛ Խաչատուր Աբովյանի, թե՛ Եղիշե Չարենցի դերը հայ գրականության մեջ կարևորվում է այնքանով, որքանով նրանք կարողացան հայկական մշակույթը (այս դեպքում՝ գրականությունը) համաշխարհային ընթացքի ուղղությամբ տանել՝ հաղթահարելով իրենցից առաջ կուտակված և համարյա արդեն կարծրացած ավանդույթը:

***

Դժվար է ասել՝ հեղափոխությունը բերեց Չարենցին, թե՞ Չարենցն ինքը բերեց հեղափոխությունը: Ստույգ է միայն այն, որ Չարենցին ընդունված է անվանել «հեղափոխության երգիչ» և այս բնութագրումը լիովին տեղին է: Այն, ինչ արեց  Չարենցը  գրականության մեջ, այլ բառով չես անվանի՝ հեղափոխությունից բացի: Խոսքն այն մասին չէ, ինչ ընդունված է հասկանալ Չարենցին «հեղափոխության երգիչ» անվանելիս՝ նկատի ունենալով նրա՝ հեղափոխության թեմայով գրված ստեղծագործությունները, այլ այն, թե ինչ արեց Չարենցը գրականության մեջ՝ միշտ մնալով հեղափոխական, միշտ վերընթերցելով արդեն գոյություն ունեցող ձևերը, երբեք չմնալով ինչ-որ ձևի կամ գրական ինչ-որ տարածության մեջ: Խոսքս նաև այն ժամանակաշրջանի մասին է,  երբ գրվում էր «Երկիր Նաիրին»: Չարենցի՝ 1921-23 թթ., ինչպես որ չարենցյան գրականությունն ընդհանրապես, ավանդույթի հաղթահարման պատմություն է: Այն, ինչ որ է «Ռոմանս անսերը» քնարերգության, առավել ևս՝ սիրային քնարական պոեմի համեմատությամբ, նույնն է «Երկիր Նաիրին» դասական վեպի կողքին: Եվ քանի որ այս վեպը մեր իմացած վիպական «բանաձևով» չի «լուծվում», այն մինչ օրս տարակույսներ է առաջացնում՝ ողբերգակա՞ն վեպ է, թե՞ երգիծական, քնարակա՞ն, թե՞՝ էպիկական:

1920-ականներն մի շրջան էր, երբ վեպը կտրուկ նահանջ էր ապրում. իր ծննդյան օրից ի վեր ժանրը այնքան մահախոսականներ չէր լսել, ինչքան այս շրջանում: Խոսե Օրտեգա-ի-Գասեթը «Մտքեր վեպի մասին» էսսեում գրում է. «ժանրը արվեստում նույնն է, ինչ տեսակը կենսաբանության մեջդա հնարավորությունների սահմանափակ խաղացանկ է»,  ու թեև վեպ կոչվող ժանրի «հանքերը վիթխարի են», այնուամենայնիվ դրանք էլ «վերջ ունեն». «Վեպն իր տրամադրության տակ հնարավոր թեմաների լիովին որոշակի քանակ ունի»[15] (ընդգծումը Թ. Ղ.):

Հայ գրականության մեջ ևս, ինչպես ամբողջ աշխարհում, 20-ականներն վեպի ճգնաժամի փուլ էր: Բավական է փաստել, որ ամբողջ 20-ականներին գրվեց միայն մեկ վեպ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին». ժանրի մահախոսականների ներքո՝ իր պատմողի կերպարի պես, Չարենցը գնում է թաղելու Երկիրը Նաիրին, բայց ապրեցնելու ժանրը: Սա Չարենցի միակ վեպն է, դրանից հետո և առաջ, ինչպես գիտենք, Չարենցի տարերքը մնաց պոեզիան: Հետևաբար Չարենցի արածը՝ վեպ գրելը ժանրի թաղման շրջանում կրկին հոսանքին հակառակ գնալ էր:

Չարենցի այս վեպի շուրջ հավաքվեց հետագայի հայ գրականությունը գրեթե ամբողջապես, սկսվեց ծննդավայրերի (արդեն գոյություն չունեցող կամ քայքայվող) մասին ստեղծվող վեպերի շարք՝ տարբեր հեղինակների կողմից (Բակունց, Մահարի, Թոթովենց, Մկրտիչ Արմեն): Ավերակներից վերստեղծվող հայրենիքի մասին Չարենցի վեպին հաջորդեց այն, որ այդ սկզբունքով կառուցվեց հետագայի ողջ հայ նորագույն գրականությունը՝ ընդհուպ մինչև Մաթևոսյան:

Չգիտեմ՝ երբևէ Աբովյանին անվանե՞լ են արդյոք «հեղափոխության երգիչ», բայց ըստ էության, Աբովյանն իր ժամանակի մեջ անում էր նույնը, ինչ Չարենցը՝ իր ժամանակի մեջ, և մշակութային առումով երկուսին էլ այլ կերպ չի կարելի անվանել, քան հեղափոխականներ: Ընդ որում, ժանրի պատմության և զարգացման համար Աբովյանի «Վերք Հայաստանին» ունեցավ ճիշտ նույն դերը, ինչ հետագայում պիտի ունենար Չարենցի վեպը, այսինքն՝ իր շուրջ հավաքեց նոր գրականությունը[16]: Ի վերջո, ամենևին պատահական բան կամ  պայմանականություն չէ, որ այս հեղինակներից մեկի գրականությամբ սկսում ենք նոր, մյուսինով՝ նորագույն գրականության ուսումնասիրությունը, քանի որ սրանք երկուսն էլ գրականության ինչ-որ ցիկլի սկիզբ են, որ իրենց շուրջն են հավաքում կամ իրենցից բխեցնում են իրենցից հետո եկող հեղինակներին:

Վեպի՝ որպես ժանրի ամենակարևոր առանձնահատկությունը մշտապես նոր լինելն է, ահա թե  ինչու հատկապես այս ժանրով ստեղծագործելիս անհրաժեշտ է միշտ լինել հեղափոխական՝ դասական լինելու համար: Այն, ինչ Աբովյանը գրում է իր վեպի առաջաբանում,  եթե կուզեք, գրական  հեղափոխականի մանիֆեստ է, նա ուղղակի հայտարարում է, որ պետք է ազատվել ավանդույթից: Եթե ավելի կոպիտ ասելու լինեմ, Աբովյանի վեպի առաջաբանը համանման է Չարենցի  և ընկերների «Երեքի» դեկլարացիային: Աբովյանն այլևս չի ուզում գրել գրաբար, չի ուզում գրել դյուցազունների ու թագավորների, առավել ևս՝ սրբերի մասին, և չի ուզում գրել այն բովանդակությամբ, որի բացակայող տարրերն էին սերը, հայրենասիրությունը, ընտանիքը և այլն: Թերևս կարելի է այսպես ձևակերպել՝ Աբովյանը ցանկանում էր «արդիականության շոգենավից դուրս նետել» հին  լեզուն, հին հերոսներին ու հին բովանդակությունը: Սա նույնն էր ինչ ցանկանում էր Չարենցը և մասնավորապես այն տարիներին, երբ գրվում էր «Երկիր Նաիրին» («Երեքի» դեկլարացիան, Standart-ի կուրսը և այլն):

Արդեն նշեցի, որ եթե Խաչատուր Աբովյանի վեպի նշանակությունը կարևորվում է նախ և առաջ իբրև ժանրի սկիզբ, ապա Եղիշե Չարենցի վեպի պարագայում մենք գործ ունենք ժանրի նոր փուլի, թարմացման հնարավորություններն ու ճկունությունները ի ցույց դնող աշխատանքի հետ: Թե ժանրային ինչ նոր ու հետաքրքիր խաղարկումների ու հնարքների է դիմում Չարենցը «Երկիր Նաիրի» վեպում, առանձին անդրադարձի կարիք ունի, ինչին, հուսամ, դեռ առիթ կլինի վերադառնալու:

***

Ավանդույթը հաղթահարելու «ավանդույթը» շարունակվեց նաև հետանկախության շրջանում: Դա տրամաբանական ընթացք պիտի լիներ, քանի որ, ինչպես տեսանք, նախորդ դեպքերում էլ այդ փորձերն ընթանում էին փոփոխվող հասարակարգին զուգահեռ: Սակայն ասել, թե դա դժվարությամբ է տրվում անկախության շրջանի հայ հեղինակին, կնշանակի ոչինչ չասել: Նույն այն խնդիրները, բանավեճերը, քննարկումները, որ կային 20-րդ դարասկզբին, նորից սկսեցին արդեն 20-րդ դարավերջին: Մի կողմից՝ խորհրդային գրականությանը հակադրվող գրականության պահանջն էր, մյուս կողմից՝ այդ հակադրվող գրականության սուր քննադատությունը: Մոտավորապես այն, ինչ կատարվում էր 1920-ականների առաջին կեսին (մի կողմից՝ քննադատները ակնկալում էին հետհեղափոխական գրականություն, մյուս կողմից՝ ցանկացած բան, որ հակադրվում էր մինչհեղափոխականին, առավել ևս՝ կտրուկ ձևով, արժանանում էր խիստ քննադատության): Անկախության շրջանում գրված այդպիսի վեպերը առանձին և երկարատև քննարկման նյութ են, այստեղ կփորձեմ հակիրճ ձևով անդրադառնալ դրանցից մի քանիսին:

Անկախության Հենց առաջին տարիներին գրական կարևոր իրադարձություն էր Գուրգեն Խանջյանի գրականությունը: Նախ «Հիվանդանոց» (1994 թ.), ապա «Նստիր Ա գնացքը» (2002 թ.) վեպերը, որ այդքան սուր բանավեճերի ու խիստ քննարկումների առիթ տվեցին, ըստ էության  փորձ էին հաղթահարելու արդեն համարյա կարծրացող ավանդույթի: Խանջյանի՝ քննադատության թիրախ դառնալը պայմանավորված էր առաջին հերթին նրանով, որ հայ գրականության ընթերցողը սովոր չէր ոչ այդ թեմային, ոչ այդ լեզվին, սակայն այս գրականությունը ճանապարհ բացեց հետո ավելի համարձակ փորձարկումների համար:

Վերջին տարիների ամենահետաքրքիր երևույթներից է Շուշան Ավագյանի «Գիրք-անվերնագիրը» (2006 թ.): Այս տեքստն առաջին հերթին աչքի է ընկնում ֆեմինիստական ուղղվածությամբ: Բացի զուտ գեղարվեստական գործ լինելուց վեպը նաև հնարավորություն է վերագնահատելու վերա-ճանաչելու 20-րդ դարի երկու ամենանշանավոր կին հեղինակներին՝ Զապել Եսայանին և Շուշանիկ Կուրղինյանին: Սակայն տեքստի արժանիքները միայն դրանով սահմանափակելը կնշանակեր դրա հետևում չտեսնել Ավագյանի նորարարական հնարքները, որ հեղինակը փորձարկում է վեպն ստեղծելիս: Գիրքը, ըստ հեղինակի, գրում են միանգամից չորս հեղինակներ, չորս տարբեր սերնդի կանայք են: Վեպն աչքի է ընկնում կառուցվածքային մի շարք փորձարարական ձևերով, ինչպես, օրինակ, չակերների տեղ-տեղ բացակայությունը, գրքի անվերնագրությունը, որ, ըստ էության, կայուն, ավանդական ձևին դեմ գնալ է[17]: Լինելով ֆեմինիստական՝ վեպի՝ նույնիսկ այս ֆորմալ նորարարությունները կարելի է վերագրել գրականության պատրիարխիալ ձևերին դեմ գնացող կին հեղինակի ըմբոստությանը:

Վերջին տարիների հայ գրականության մեջ մեկ այլ առանձնահատուկ երևույթ է Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» (2008 թ.) վեպը: Վայաչյանի վեպը լրացնում է հայ գրականության մեջ կնոջ մասին կնոջ կողմից պատմվելու մեծ բացը: Մյուս կողմից Վայաչյանի վեպը բացառիկ է լեզվական ավանդույթի թարմացման տեսանկյունից: Վայաչյանի վեպի ամենակարևոր հատկություններից մեկն էլ հենց այն է  ինչ Աբովյանի մոտ՝ նա գրում է այն լեզվով, որով խոսում ենք գրեթե բոլորս: Խոսքս միայն հասարակաբանությունների, օտարաբանությունների, ժարգոնային բառերի, գռեհկաբանությունների առատ կիրառման մասին չէ, այլ առավելապես  քերականական կառույցների, որոնք վեպը դարձնում են կենդանի ու շնչող: Ընդ որում, Վայաչյանի համար գրական լեզվին հավատարիմ չմնալը սկզբունքային հարց չէ, այսպես, օրինակ, վեպում կիրառվող հիմնական օժանդակ բայը ա-ն է, բայց երբեմն իբրև օժանդակ բայ հեղինակը կարող է կիրառել է-ն, մի դեպքում հեղինակը կարող է գրել սենց, մյուս դեպքում՝ էսպես, մի երրորդ դեպքում՝ այսպես: Այս բազբազանությունը ավելի կենդանի է դարձնում խոսքը և ընթերցողին ավելի է մոտեցնում վեպին, քանի որ ընթերցողը գիտի, որ իր ամենօրյա խոսքում էլ ինքը հենց այդպես է խոսում:

Վեպի ավանդական կառույցները հաղթահարելու մեկ այլ աչքի ընկնող փորձ էլ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» (2012 թ.) վեպն է: Այն կարևոր է հատկապես թեմատիկ առումով: Աբովյանի պես, նա սկսում է գրել մի թեմայից՝ հայկական բանակի ներքին կյանքը, որի մասին գրելու, համենայն դեպս, այսպե՛ս գրելու ավանդույթ չկար[18]: Պաչյանի վեպը, սակայն,  առավելապես հետաքրքիր է վիպական կառույցների, վիպական ժամանակի հոսքի, կերպարաստեղծման պաչյանական, ոչ ավանդական մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում ժանրը թարմանում է ոչ միայն թեմատիկ, այլև ֆորմալ առումով:

Դժվար է գուշակել, թե որը կլինի ժանրը թարմացնելու հերթական հնարքը, սակայն վեպը քանիցս ապացուցել է, որ իբրև ժանր դեռ կենսունակ է և ունի բազմաթիվ հնարավորություններ, մնում է միայն, որ հեղինակները կարողանան փնտրել ու գտնել այդ նոր հնարավորությունները:

[1] Бахтин М. Эпос и роман (О методологии исследования романа), http://www.gumer.info/bibliotek_Buks/Literat/bahtin/epos_roman.php :

[2] Մորետտի Ֆրանկո, Վարկածներ համաշխարհային գրականության մասին. Մորետտի, http://www.prm.am/?p=2566 :

[3] Սաիդ Էդվարդ, Օրիենտալիզմ, Ներածություն, http://www.arteria.am/hy/1409762208

[4] Սաիդ Էդվարդ, Օրիենտալիզմ. Ներածություն (II), http://www.arteria.am/hy/1411130441,

[5] Դանիելյան Վահրամ, Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն’ Վեպ, http://www.prm.am/?p=2595 :

[6] Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Դանիելյան Վահրամ, Ինչու և ինչպես վերընթերցել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, http://inknagir.org/?p=4770 :

[7] Չոպանյան Արշակ, Երկեր Երևան, 1988, էջ 392:

[8] Հակոբյան Պիոն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Երևան, 1955, էջ 200:

[9] Նույն տեղում, էջ 201:

[10] Այս մասին առավել հանգամանալից տե՛ս Դանիելյան Վ., Ինչու և ինչպես վերընթերցել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, http://inknagir.org/?p=4770,

[11] Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Երևան, 1955, էջ 38:

[12] Նույն տեղում, էջ 52:

[13] Չոպանյան Ա., Երկեր, Երևան, 1988, էջ 392:

[14] Աբովյան Խաչատուր, Երկեր, Երևան, 1984, էջ 82

[15] Խոսե Օրտեգա-Ի-Գասեթ, Մշակույթի փիլիսոոփայություն, Երևան, 1999, էջ 83:

[16] Րաֆֆին, ով իր առաջին՝ «Սալբի» վեպը գրել էր գրաբարով, Աբովյանի «Վերք Հայաստանին» ընթերցելուց հետո փոխում է վեպի լեզուն, Պերճ Պռոշյանը խոստովանում է, որ իր գրականության ձևի և բովանդակության վրա ամենաշատը ազդած հեղինակը Աբովյանն է՝ իր վեպով, և այլն:

[17] Վեպի առանձնահատկությունների մասին բավականին հանգամանալից նշված է հենց գրքի նախաբանում: Տես, Ավագյան Շուշան, «Գիրք-անվերնագիր», Երևան, 2006, էջ 3-7:

[18] Պաչյանի վեպից առաջ է գրվել այս նույն թեմայով Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» (2011 թ.), սակայն քանի որ երկու գործերն էլ գրվել են մոտավորապես նույն տարիներին, դա հիմք է տալիս  նշելու, որ այս թեմայով գրվելու ավանդույթ չկար:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *