Մայրս ու հայրս մի ընդհանուր բան ունեին` ազգանունը: Երկուսն էլ  Ավագյան էին: Մյուս հարցերում նրանք ծայրահեղ իրարամերժ էին. երբ  նրանց ընկերներից Հասմիկը թողեց ամուսնուն, երեխաներին ու գնաց Վահանի հետ, հայրս ասաց՝ Հասմիկը ընկավ Վահանի հետ: Մայրս ասաց՝ Հասմիկը ապրեց Վահանի հետ:

-Մեր կուրսի միակ աղջիկը, որի հետ մտքովս չէր անցնում ամուսնանալ, մայրդ էր,- զայրացած ասում էր հայրս:

-Մեր կուրսի միակ տղան, որի հետ մտքովս չէր անցնում ամուսնանալ, հայրդ էր,- ժպտում էր մայրս:

Տարվա մեջ գոնե մեկ անգամ հայրս ու մայրս անպատճառ բաժանվում էին: Մայրս հաճախ էր արտասահման ճամփորդությունների գնում ու այնտեղից բերած սրբիչներով, սավաններով, գիշերանոցներով ինձ համար օժիտ էր հավաքում մի մեծ , կարմիր ճամպրուկի մեջ: Դա մեր տան ամենաթանկարժեք իրն էր: Ու երբ այդ ճամպրուկը հայտնվում էր մեր միջանցքում, հասկանում էի՝ վերջ, եղբայրս ու ես, մորս ձեռքից բռնած, պիտի գնանք Նալբանդյան 29, մորս ծնողների տուն: Հետո, կարճ ժամանակ անց, վերադառնում էինք: Երբ արդեն ուսանող էի, նրանց բաժանությունն այնքան սովորական էր, որ մորս հետ անգամ չէի էլ գնում: Մնում էի հորս մոտ, որովհետև մայրս, միևնույն է, կարճ ժամանակ անց վերադառնալու էր: Մինչև հաջորդ բաժանվելը:

Ցոլակ պապս, Արփիկ տատս և մայրս

Մայրս Երևանի ամենահարգված ընտանիքներից մեկի աղջիկ էր՝ Իոննա խորհրդավոր անունով: Ծնվել էր Գերմանիայում, որովհետև պապս՝ Ցոլակը, զինվորական էր, մինչև Բեռլին հասել էր ու այնտեղ մի քանի տարի աշխատելու հրաման ստացել:

Տատս՝ մորս մայրը, Գյումրիի մանկատանը մեծացած աղջիկ էր (ծնողներին՝ գորգի վաճառական հորն ու ասեղնագործությամբ զբաղվող  մորը, կորցրել էր գաղթի ճանապարհին): Պատմում էր, որ Թիֆլիսից մեծահարուստ ամուսիններ էին եկել մանկատուն՝ աղջիկ որդեգրելու: Մանկատան  աղջիկներն էլ՝ մեկը մյուսից սիրուն: Որի՞ն ընտրեն: Մի համրիչ (թզբեհ) են գցել գետնին, դաստիարակն էլ աղջիկներին պատվիրել է՝ հերթով կգաք, կբարևեք տիկնոջն ու պարոնին ու կանցնեք: Բոլորը բարևել-անցել էին, միայն տատս՝ Արփիկն էր ընկած համրիչը վերցրել գետնից, դրել սեղանին ու նոր միայն բարևել: Տատիս էլ ընտրել էին: Բայց նրա հետ որբ չորս քույրերն էին, ու նա հրաժարվել էր որդեգրվել…

Արփիկ տատս և մայրս

Արփիկ տատս և մայրս

Տատս շատ գեղեցիկ էր, բարձրահասակ, ինքնավստահ, չափազանց տիրական:  Անգամ այն բանից հետո, երբ Գերմանիայում, մեքենայի վթարից հետո, տեղի զինվորական հոսպիտալում կտրում են տատիս երկար, գեղեցիկ ոտքերից մեկը:  Մայրս արդեն դպրոց էր գնում, երբ Հայաստանում պապիկիս արդարադատության   փոխնախարար են նշանակում, ու նա ընտանիքով վերադառնում է: 1949-1950 թիվն էր:

տատիկ

Մայրս միակ երեխան էր: Խաղաղ, բարեկիրթ միջավայրում մեծացած, ծնողների աչքի լույսը: Չտեսնված գեղեցիկ մազեր ուներ, որոնք, տատիս խիստ հսկողությամբ, երկու օրը մեկ լվացվում էին ու երկարում: Միայն դպրոցն ավարտելու հաջորդ օրը մայրս կատարեց իր կյանքի առաջին ինքնուրույն քայլը. առանց մորն ասելու՝ գնաց  վարսավիրանոց ու կտրել տվեց անիծյալ հյուսը: Դա տատիս ուղղված առաջին հարվածն էր: Երկրորդը ճակատագրական եղավ բոլորիս համար: Նալբանդյան փողոցից պետհամալսարան երկու քայլ էր, ու տատս մորս է վստահում միայնակ համալսարան գնալը՝ գործերը պատմության բաժին հանձնելու: Համալսարանի ճանապարհին մայրս տեսնում է մտերիմ ընկերուհուն: Նա էլ թե՝ գնում եմ գործերս մանկավարժականի պատմա-լեզվագրական ֆակուլտետ հանձնեմ: Մայրս էլ նրա հետ՝ ուղիղ մանկավարժական, ու գործերը հանձնում է այնտեղ:

Հայրս

Ինչպես ֆիլմերում են ասում՝ նույն այդ ժամանակ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում հայրս՝  Վիգենը, առավոտյան 5-ին արթնանում է, հագնում եղբոր՝ Գուրգենի 46 համարի կոշիկները, որոնք ոտքին 5 համար մեծ էին: Բայց տանն ուրիշ կոշիկ չկար: «Կոշիկի մեջ մի քիչ քուրջ լցրեցի, որ ոտքիցս չընկնի»,- տարիներ անց արդեն  պատմեց հայրս, երբ ինձ արժանի համարեց իր կյանքի կարևորագույն  նյուանսները վստահել: Ուրեմն հագնում է կոշիկները: Փայտյա փոքրիկ ճամպրուկի մեջ՝ ավելուկ, բաբոյիս սարքած չուչխելիից մի քանի շար , մի երկու ձեռք էլ  սպիտակեղեն, նստում Այրում-Երևան գնացքը ու գալիս Երևան՝ ընդունվելու համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

Արուսյակ բաբոս և Գևորգ պապս

Արուսյակ բաբոս և Գևորգ պապս

Հայրս ընտանիքի 5 զավակներից փոքրն էր: Սով, կարիք տեսած տղա էր՝ չափազանց ներկայանալի: Ու ինքն այդ մասին գիտեր իրենց դասարանի աղջիկների հայացքներից: Քաղաքում ոչ մեկին չէր ճանաչում, ասենք՝ երբևէ չէր էլ եղել: Գիտեր միայն, որ Տիչինայի փողոցում ապրում է հոր ծանոթը: Գյուղի տղայի համար դա արդեն լուրջ հիմնավորում էր՝ նրանց տանը անժամկետ իջևանելու համար (մինչև կյանքի վերջ այնքան սիրով էր հիշում իրեն քնքշություն ու հոգատարություն տված այդ մարդկանց): Ուրեմն գալիս է քաղաք, գնում համալսարան.  պարզվում է՝ իրավաբանական ֆակուլտետում գործերը հանձնելու վերջին օրն անցել է: Դե հիմա կասեք՝ գեղեցիկ ոճի համար է գրում, բայց…  Հանդիպում է ընկերոջը, նա էլ  թե՝ գնում եմ գործերս մանկավարժականի պատմա-լեզվագրական ֆակուլտետ հանձնեմ:
Հայրս ու մայրս էլ հայտնվում են նույն կուրսում: Դա այն կուրսն էր, որտեղ սովորում էին նաև Ռազմիկ Դավոյանը, Արմեն Մարտիրոսյանը…

«Ամուսնությունը խելքի բան չի, բախտի բան ա»,- զայրացած ասում էր հայրս:

ՙ«Ամուսնությունը խելքի բան չէ, բախտի բան է»,-ժպտում էր մայրս:

Հայրս՝ լեզվաբան Վիգեն Ավագյանը, ընկերոջ՝ գրականագետ Սերգեյ Աթաբեկյանի հետ

Ու ստացվում է այնպես, որ մայրս՝ երկրպագուների սիրային նամակներն ու բանաստեղծությունները քամահրող, համաշխարհային գրականության ու դասական երաժշտության ողջ ընտրանին բերանացի իմացող, գեղեցկուհի մայրս բոլորի միջից ընտրում է հորս՝  թիկնեղ, գյուղացի տղայի խոցելիությունը հանդգնությամբ քողարկող, ՙառանց կոնսերվանտների՚,  կարճացած տաբատով ու մաշված կոշիկներով հորս:

Ու երբ Արփիկ տատս նկատում է, որ իր փակած պահածոները չափազանց արագ են սպառվում, հասկանում է՝ աղջիկը ցերեկները դասից միայնակ տուն չի գալիս:
Տատիս պահածոները զարմացրել էին հորս, մինչ այդ իրեն թվացել էր, թե մուրաբան լինում է միայն հոնի ու կես լիտրանոց բանկաներում:

Արուսյակ բաբոս՝ եղբորս գրկած

Ու քանի որ երիտասարդները տանը միայն մուրաբա ու խավիար ուտելով չէ, որ զբաղվում էին, տատիկս հարցը շատ կտրուկ  դրեց՝ պիտի ամուսնանաք… Նշանակվեց ամուսնության օրը: Ամուսնություն ասածը փոքրիկ, ընտանեկան ընթրիք էր՝ կողմերի ամենաերևելի ներկայացուցիչների կազմով:

Բայց մայրս չէր կարող հորս համար իդեալ լինել, քանի որ նրա  համար աշխարհում կնոջ մեկ իդեալ կար՝ իր մայրը՝ Արուսյակը: Փոքրամարմին, սևազգեստ Արյուսակ բաբոս տառաճանաչ չէր: Ամառներն անց էի կացնում գյուղում՝ բաբոյիս մոտ, ու երբ գիշերը նա հանում էր շորերը, որ անկողին մտնի, վերմակի տակից հետաքրքրությամբ հետևում էի. հանում էր մի շորը, հետո՝ էլի մեկը, դու մի ասի՝ տակին էլի մի փեշ կա, էդ փեշի տակ՝ մեկն էլ: Հետո երկա՜ր մի փոխնորդ էր, որին «փոխան» են ասում: Հետո գլխից հանում էր երկու, թե երեք գլխաշորը՝ «աղլուխը», քանդում նոսրացած, բարակած սպիտակ հյուսը, սանրում մազերն ու մտնում անկողին: Հինգ երեխա էր մեծացրել իր ծոցում, ու մինչև կյանքի վերջ էլ անկողնում կուչ էր գալիս այնպես, որ տեղ մնա բոլոր հինգ զավակների համար:

Պապս՝ Գևորգը, չորսամյա կրթություն ուներ, բայց  պատմում էր, որ Հովհաննես Թումանյանն իրենց գյուղով անցնելիս, իրենց բակում մի քանի րոպե կանգնել է ու իրենից ջուր խնդրել: Գյուղում ոչ ոք դա պատահականությանը չէր վերագրում, ու մինչև կյանքի 90-րդ տարին պապս գյուղի իմաստունների շարքին էր դասվում:

Երբ Երևանի մեր տանը պապս հեռուստատեսությամբ բալետ էր տեսնում, քթի տակ ծիծաղում էր պարուհիների անամոթության վրա, իսկ բաբոս գլուխը թեքում էր, որ այդ անվայել տեսարանը՝ տղամարդկանց նեղ տրիկոների տակից երևացող խորդուբորդությունները աչքով չընկնեն:

Ու հիմա հայրս իր հորն ու մորը պետք է Երևան բերի՝ իր ամուսնությանը ներկա գտնվելու: Հարսանիքը Նալբանդյան 29 հասցեի մեր տանն էր: Մորս կողմից հյուրերի կազմը մեծ չէր՝ Երվանդ Քոչարը՝ կնոջ՝ Մանիկի հետ, Մորուս Հասրաթյանը՝ տիկնոջ հետ, Ռուբեն Զարյանը՝ իր չքնաղ տիկնոջ հետ, Հրաչյա Հովհաննիսյանը՝ կնոջ՝ Աստղիկի հետ: Հորս կողմից բաբոս էր ու պապս: Բաբոս այդ օրվա համար նախատեսել էր իր անթիվ շորերի վրայից կապել նաև իր սև, տոնական  գոգնոցը, որի գրպանում միշտ թաշկինակ էր պահում՝ արցունքներն ու քիթը մաքրելու համար: Պապս էլ սափրվել էր ու օրվա կարևորությունն ընդգծելու համար՝ ձեռքն առել իր ձեռքով շինած փայտե ձեռնափայտը:

Հայրս, ճիշտ է, ծնողներին մի քանի անգամ տարել էր օպերա՝  «Անուշ»-ը  լսելու, տարել էր թատրոն, անգամ Երիտասարդական պալատի՝ Կուկուռուզնիկի պտտվող ռեստորան էր տարել, որտեղ այնքան վախեցել ու իրենց որդով հպարտացել էին ծնողները, բայց, միևնույն է, համարում էր, որ մորս կողմի հյուրերին տատս գիտակցաբար ընտրել էր՝ իրենց տարբերությունն ընդգծելու նպատակով: Որ նրանք՝  այդ Քոչարն ու Զարյանը, իրենց փառքով, հեղինակությամբ եկել են ճնշելու իրեն՝  լեզվաբանության բնագավառում հայտ ներկայացրած մեկին, որը բավական է կարդա նրանց ձեռագրերը՝ տասնյակ տառասխալներ կգտնի: Գումարած՝ բութի ու ստորակետի սխալ տեղադրություն: Այդ նրա՛նք պիտի հասկանան, որ ինքը լեզվաբանության ոլորտում մեծ ապագա ունի, որ ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը  հատկապես իրե՜ն է ընտրել՝ որպես իր դիսերտանտ:

Հյուրերը վաղուց հավաքվել էին: Մայրս վարդագույն շորով նստած էր սեղանի շուրջ: Կողքի աթոռը դատարկ էր. հայրս հարևան սենյակում ցուցադրաբար գիրք էր կարդում:

Որպեսզի իր գիտնական տղայի ու իրենց մասին հյուրերը սխալ պատկերացում չկազմեն, պապս պատմեց Թումանյանին ջուր տալու պատմությունը: Բաբոս, որ երբեք չէր խոսում, լուռ նստած էր, բայց գիտեր՝ իր Վիգենը մի բան այն չի անելու: Հիմա մի վատ բան կլինի:

Երվանդ Քոչարը կոկորդը թեթև մաքրում է ու  հետաքրքրվում՝ բա ու՞ր է փեսան: Երբ մի ժամ հետո, երկու ժամ հետո հայրս չի գալիս, բոլորը հասկանում են՝ այլևս չի գա:
Հյուրերն էլ բարեկիրթ մարդիկ էին, զրուցում են դեսից-դենից: Տատս գնում է, թե՝ Վիգեն, ամոթ է, արի՛: Բայց Վիգենը՝ գիրքը ձեռքին, չի էլ արձագանքում: Հյուրերը  ձևացնելով, թե չեն նկատել փոքրիկ անհարմարությունը, ընթրիքից հետո հեռանում են:

Տատս, որ ամբողջ ժամանակ գեներացնում էր զայրույթը, նետվում է հարևան սենյակ՝ փեսայի փետուրները քամուն տալու, տեսնում է՝ գիրքը բաց դրված է, հայրս չկա: Նա Երևան-Այրում գնացքում էր՝ Երևանից, պատվարժան հյուրերից, խայտառակությունից անվտանգ հեռավորության վրա:

Այս պատմությունը ես անգիր գիտեմ: Ինձ թվում է, ես ինքս էլ ներկա եմ եղել: Ես անգամ վստահ եմ, որ ներկա եմ եղել: Որովհետև այն պատմվում էր ինձ ամեն անգամ, երբ կարմիր ճամպրուկը հայտնվում էր մեր տան միջանցքում: Իսկ դա տեղի էր ունենում տարին առնվազն մեկ անգամ:

Հ.Գ. 55 տարեկանում հայրս քաղցկեղով հիվանդացավ: Նրան սիրով ու համբերատարությամբ խնամում էր մայրս: «Ամուսնությունը խելքի բան չի, բախտի բան ա»,- մահից առաջ ժպտալով ասում էր հայրս…

0006

Մայրս կուրսեցիների հետ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.