Եթե գրականությունն ու արվեստը տարբեր բնագավառներ են, ապա Կարեն Ղարսլյանի «Ատերազմա» գիրքը գրականությո՞ւն է, թե՞ արվեստ, վե՞պ է, թե՞ արվեստի գործ, ընթերցանության համա՞ր է, թե՞ դիտելու կամ ընթերցելու ոչ թե որպես գիր, այլ պատկերներ, որոնք ստեղծվել են գրերով` տառերով ու բառերով ու չեն դադարում գրություն լինել:

Հեղինակն իր ստեղծագործության ժանրը անվանել է տպագրային ֆիլմ:

«Սուրամի ամրոցի պատը խրամատներն են, իսկ պատի մեջ ողջ-ողջ թաղված պատանին զոհված զինվորներն են»: 

Երկու խոսքով՝ «Ատերազման» ապրիլյան պատերազմի ներշնչմամբ պատերազմի վերապրումն է Սուրամի ամրոցի լեգենդի միջոցով: Իսկ լեգենդը հայտնի է Սերգեյ Փարաջանովի համանուն ֆիլմով:

«Ատերազման» հրատարակել է Ինքնագիր գրական ակումբը:

Շնորհանդեսը կլինի հոկտեմբերի 23-ին ժամը 7-ին Միրզոյան գրադարանում ՝ Մհեր Մկրտչյան 10:

ինքնագիրը ներկայացնում է «Ատերազմայի» առաջաբանը և 9 կադր գրքից:

Առաջաբան

«ვენში კარგად ცნობილია ციხე-სიმაგრის კედელში ცოცხლად ჩაკირული ჭაბუკის ლეგენდა. ამ ლეგენდამ შთააგონა დანიელ ჭონქაძე, ნიკო ლორთქიფანიძე, დანიელ ჭონქაძე… ჩვენც მათ კვალს გავყევით (Մեզանում քաջ հայտնի է պատանուն ամրոցի պատի մեջ ողջ-ողջ որմնապատելու մասին սարսափելի ավանդությունը: Այն ոգեշնչել է Դանիել Չոնքաձեին, Նիկո Լորտքիփանիձեին, Դավիթ Սուլիաշվիլիին… Մենք հետևել ենք նրանց օրինակին)»,- պնդում են բեմադրիչ Սերգեյ Փարաջանովն ու սցենարիստ Վաժա Գիգաշվիլին «Սուրամի ամրոցի լեգենդը» (1985) ֆիլմի սկզբում, բայց անում հակառակը` ֆիլմի վերջում:

Ըստ Չոնքաձեի՝ թշնամու վերահաս հարձակումից պաշտպանվելու նպատակով նախաձեռնվում է Սուրամի ամրոցի վերանորոգումը,իսկ ըստ Սուլիաշվիլիի ու Լորտքիփանիձեի՝ նորի կառուցումը։ Չնայած թափված ջանքերին՝ ամրոցի պատերից մեկն անընդհատ փլուզվում էր։ Գուշակը (ըստ Չոնքաձեի) կամ աստվածը սևազգեստ ծերունու միջոցով (ըստ Սուլիաշվիլիի) հայտարարում են, որ լուծումը ամրոցի պատի մեջ մինուճար որդու որմնապատման մեջ է։ Իսկ Լորտքիփանիձեն հավելում է, որ պատը կանգուն կմնա, միայն եթե պատանին ինքնազոհաբերման գնա կամովին ու մերկ։

Ըստ Սուլիաշվիլիի և Լորտքիփանիձեի՝ հայտարարված չափորոշիչներին համապատասխանող մի պատանի ինքն իրեն ամրոցի պատի մեջ որմնապատելու պատրաստակամություն է հայտնում: Բայց հենց այդ սխրագին հոժարակամության շնորհիվ էլ նրան, ի վերջո, ազատում են ինքնազոհաբերության քայլից: «Եթե մի երկրում կա մի մարդ, ով ի զորու է ինքն իրեն որմնապատել ամրոցի պատի մեջ, այդ երկիրն ու այդ ժողովուրդն անհաղթ են»,- գրում է Լորտքիփանիձեն։

Մինչդեռ ավանդության գրավոր սկզբնաղբյուրում՝ Դանիել Չոնքաձեի «Սուրամի ամրոցը» երկում իշխանությունները հարկադրաբար են որմնապատում պատանուն, ով պատի շինարարներից մեկն էր։ «Մահացու սփրթնած պատանին` ձեռքերը կապված, կանգնած էր պատի երկու շարքերի միջև», գրում է Չոնքաձեն: Հետևելով միակ որդու բռնի զոհաբերմանը, բայց պարետի ու նրա ենթակաների խիստ վերահսկողության պատճառով այն կանխել չկարողացանալով` մայրը խելագարվում է:

Փարաջանովն ու Գիգաշվիլին մեկտեղում են այս հեղինակների իրարամերժ վարկածները։ Նրանց ֆիլմում պատանին ինքն իրեն հոժարակամ ողջ-ողջ որմնապատում է, ժպիտը՝ դեմքին:

Ի վերջո որմնապատվե՞ց պատանին, թե՞ ոչ:

Ասում են, թե այն հատվածում, որում որմնապատված է տարաբախտ պատանին, ամրոցի պատը միշտ մնում է թաց. արցունքների պես ջրի կաթիլներ են ժամանակ առ ժամանակ հոսում-թափվում հողին: Ասում են նաև, թե մինչև հիմա լուսնյակ գիշերները Սուրամի ամրոցի մոտ կարելի է տեսնել արձակ մազերով սևազգեստ մի կնոջ, ով թափառում է պատերի տակ ու լացով կանչում պատանուն:

Եթե որմնապատվեց, ապա հոժարակա՞մ, թե՞ հարկադրաբար:

Ասում են, թե ամրոցի պատի մշտապես թաց հատվածում ժամանակ առ ժամանակ նվաղ ձայն է լսվում:

Ասում են նաև, թե տեղ ու դադար չունեցող ոգիների պես այդ ձայնային ուրվականը մինչ օրս թափառում է աշխարհի մարտնչող երկրներն իրարից բաժանող դիրքերի, փշալարերի, խրամատների, պատերի մեջ և հար կրկնում միայն մեկ բառ: Միայն թե բաժանարար պատնեշների ներսից ո՛չ մի, ո՛չ մյուս կողմում այդ միակ բառը դեռ լսած չկան։ Բանն այն է, որ ձայնն այն կրկնում է բացառապես հնչյունների անդադար վերադասավորումներով։ Սակայն այդ ամենատարբեր համակցումներից և ոչ մեկը երբևէ չի համընկնում մայր բառի հնչյունների ճանաչելի դասավորությանը:

 

*

Ո՛չ տաք, ո՛չ հով դուրս չեկավ բերանից, Լեզուն կարճացավ, Լեզուն կոկորդը փախավ, Սիրտը չոքերն ընկավ, Լեզուն փորն ընկավ, Ձայնը փորից դուրս չեկավ, Ականջ ծակեց, Աներես, Սեփական դեմքը փրկել փորձեց, Կրակն ընկավ, Երեսի կաշին պատռվեց, Աչքերը թռան ճակատին, Մռութը կախ, Դունչը երկինք ցցեց, Քիթը երկինքը հասավ, Ատամը քարին առավ, Բերանից թռցրեց, Անատամ, Դառավ ոտքի կոխան, Բերանի ծակը կորցրեց, Փորը մեջքին կպավ, Մեջք չունի, Անողնաշար, Մինչև սրտի խորքը վիրավորվեց, Գլուխը պատին տվեց, Փորը գետնին քսեց, Կրծքից քար ընկավ, Դունչը քարին դիպավ, Քիթը քարին առավ, Լեզվի տակ չմնաց, Գլխից մազ պակասեց, Գլուխը ափերի մեջ առավ, Գլուխը տարավ, Սիրտը ծակեց, Ոտքերի տակ գետինն այրվեց, Սրտում կրակ վառեց, Թոքերը բերանից դուրս ելան, Բերանի չափը կորցրեց, Ճոռթած բերան, Բերան ունի, լեզու չունի, Աչքերը բնից դուրս եկան, Աչքը ուրիշի ձեռքը մնաց, Ձեռքերին ազատություն տվեց, Կաշվից դուրս եկան, Քթից մուխ ելավ, Աջ ձեռքը չգիտեր ձախն ինչ էր անում, Քիթը երկինքը հասավ, Ոտ ու ձեռ ընկան, Ոտնահան եղավ, Ոտքն այլևս այս տուն չի մտնի, Ձեռքը չոր գետինը մնաց, Միս ու արյուն դարձավ, Քիթը չի կարող սրբել, Բերանը մինչև ականջները բաց, Մինչև ականջների ծայրերը կարմրած, Մի տիկ արյուն դարձավ, Թաց տեղ պառկեց, Մինչև ոսկորները թրջվեց, Լեզվի տակ ոսկոր չկար, Ոսկորը բկին կանգնեց, Լեզվի տակ քար կար, Լեզուն բերանում չորացավ, Գլխից թռավ, Ուրիշի կաշվի մեջ մտավ, Մի ականջից մտավ, մյուսից դուրս եկավ, Ոսկոր ու արյուն դարձավ, Ականջը արնոտեց, Թշերից արյուն էր կաթում, Սրտին կրակ կպավ, Բերանից կրակ թափեց, Ոտնատակ ընկավ, Քիթը երեսից կտրեցին, Երեսը ոտը կոխած տեղը դրեց, Ոտքերի տակ թավալվեց, Դեմքը կորցրեց, Դիմազուրկ, Սիրտը ծխաց, Սիրտը դանակ խփեցին, արյուն չեկավ,Կրծքի տակ սիրտ չկա, Սիրտը բերանը եկավ, Սիրտը բերանով դուրս եկավ, Սիրտը մեկին կպավ, Ոտքերը գետնից կտրվեցին, Սիրտը կտոր-կտոր եղավ, Սիրտը բաց, Բաց բերան, Ականջը ծակ, Ոտի տակ ընկան, Աչքը ծակ, Բերանը ծակ, Փորը ծակ, Ոտերը փորից հանեցին, Ոտը կախ, Փորով արյուն էր գնում, Աչքերից արյուն էր կաթում, Որդ էր ընկել արյան մեջ, Չոր ծառին արյուն քսեցին, Կրակից դուրս եկավ, բոցի մեջ ընկավ, Ինքը կրակ, հագածը կրակ, Ո՞ր մի կրակին դիմանա, Ինքը սև, հագածը չկա, Լեղին պատռվեց, Աչքերից կրակ թափեց, Աղիքները փորում կտոր-կտոր եղան, Քաքի համը հանեցին, Անամոթ դարձավ, Միսը եղունգից պոկեցին, Արյունը գլուխը խուժեց, Գլխից էլ ազատվեց, գլխացավից էլ, Ականջը տարավ, Լեզու թափեց, Երկու ձեռքը կրակի մեջ, Երկու կրակի արանքն ընկավ, Կես միսը հալվեց, Լեզուն կատիկն ընկավ, Աչքերը թռան գագաթին, Ինքն իր գլխի տերը չէր, Գլուխը կորցրել էր, Ծակ գլուխ, Դատարկ գլուխ, Անուղեղ, Սրտի նուրբ թելերին կպավ, Սրտից արյուն կաթեց, Սիրտը կրունկը հասավ, Կրունկները ցույց տվեց, Սիրտը ոտքերի առաջ փռեց, Սիրտը ամեն մարդու առաջ բաց արեց, Դանակը ոսկորին հասավ, Աչք ծակեց, Քամի մտավ գլուխը, Գլխի որդերը շարժվեցին, Գլխից դուրս չեկան, Փորում օձեր կան, Ականջը օձ մտավ, Փորը կատու մտավ, Գրպանում մկներ էին խաղում, Գործի մեջ թաղվեց, Գլխին ձյուն մաղվեց, Մեջքին մամուռ բուսնեց

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.