*

Կլլելով սերը քեզանից անջատված ու իմ ներսը հմուտ լողորդի պես գրավող, ու տրվելով խաբկանքին, որ ծառերի վրա ապրող մարդկանց ոսկորները կամաց-կամաց վերածվում են փթթող ճյուղերի, ու սեփական մանկությունը գլորելով մաքուր առվակի մեջ՝ լացել կոկորդում արմատացած կսկիծից, ու ընկրկել խաղաղությունը քամու վրա հավաքված փոշու հատիկների

ինչ-որ տեղ վիժել, բռնաբարել ու միայնակ են թողել այս անիծյալ մարմինը ու չգտնելով համերաշխություն վհատված կանգնում եմ պատուհանի դիմաց՝ սպասելով ամռանը, երբ աչքերիս մեջ լցված ջուր կչորանա, ու այնտեղ սավառնող ձկները վերջապես ազատ կլինեն տեսնելու աղետից հետո ծաղկած քարերը

անդունդներ, որոնք փակ են նոր փախուստների համար ու ճանապարհներ, որտեղ հանգրվանած դողը թույլ կտա, որ ներսիս թեքություններից հոսեն այն բոլոր վախերը, որոնք լափում են հիշողությունը փոքրիկ աղջկա մասին, ով սիրում էր դեղին մատիտով տանիքներ նկարել

ինչու այդքան արագ մաքրեցիր ինձ. հիմա կարողանում եմ չթաքցնել այս նյարդային խզումը ու անկումը նորից լինելու այնքան ակնառու է, որքան բացարձակ լռության մեջ լսլելի է ձեռքերիս դողը

ես սարափելի հոգնած եմ ներելու համար ու բոլոր վիրավորած երեխաները լացում են իմ աչքերով. փախչել ինչ-որ տեղ, ուր փոքրիկ առվակ կլինի, իսկ ես մի ամբողջ կյանք թղթե նավակներ կպատրաստեմ ու կհայհոյեմ քեզ, ու կսիրեմ քեզ ավելի շատ

ում է պետք այս ունայնությունն ու թախիծը. ջուրը կթափվի մազերիդ վրայից ու կհամբուրեմ տաք ասֆալտը, որտեղ չհալված ձյուն է մնացել, երբ ես զոհողության համար կանգնած ժայռաբեկոր չեմ ու այս ձմռանը փայտի պես շերտ առ շերտ կվառվեմ

փակվում եմ սենյակում ու ծամում ձանձրույթը մինչև Հիմալայներ ձգվող` հակառակ քաղաքին, որ կառուցվում է ներսումս ու անիծյալ զգոնությանը՝ սառը բետոնին նստած տերևի,

ու սուզելով անկման մեջ բացահայտում եմ մեջս սերտաճող սերը, որը տանելի է դարձել, ինչպես արնոտված մատներս, որոնք սարսափելի ներհուն են սեփական թուլության հետ ու այնքան կիսատ, որ քնելիս ուզում եմ հանել ու դնել պահարանի մեջ,

ես չեմ ամաչում. այս դողը, այս մարմինը, հիացումը, դողը, լացը՝ առավոտյան, դելֆինների վազքը մարմնիս վրայով ու ջրի ընդգրկուն մենակությունը ինձ անխուսափելիորեն խոցելի ու թույլ են դարձնում, և ես ամբողջապես պատրաստ եմ ոտաբոբիկ հաղթահարել բոլոր չհանգած հրաբուխները

և դրսում ընկած մահամերձ շների շնչառության ռիթմը, ու աղմուկը ներս քերծող, քեզ հենց այնպես կորցնելու ձախողումը հնարավորություն են տալիս ներփակվել այս պատերի մեջ՝ մտածելով կշիռ չունեցող տերևի ու մահվան մասին

դու այստեղ ես բոլոր սուզված նավերի հետագծով քայլելու, խելագարվելու ու ապակե թեյնիկի գույնը որոշելու համար, իսկ իմ հիացումը երախայական խանդավառանք է. քեզ նայում եմ առաջին անգամ արևածագ տեսնելու պես,

իսկ տիեզերքում մեռած ճագարներ կան, ջրափոսում հանգրվանած վտառներ ու սարսափելի դանդաղ աճող ներում, որ կուլ տրված հանգստացնողների պես թեթև է ու չլուծվող, մինչ ես ոչ մի, ոչ մի կերպ չեմ հարմարվում լինելուն

ընդհատ՝ ինչպես լուսինը, փոքր՝ ինչպես մարմինը փոշու ու կարճ՝ բաժանման երկխոսության պես, ես պատրաստ եմ կուլ տալ այս անքնությունն ու կսկիծը, որը միաձույլ է քեզ ու խոր շնորհակալություն ասելով այս ընթացքի համար՝ քայլել առաջին հանդիպած ճանապարհով, ինչ-որ տեղ, ուղղակի քայլել

հանուն նոր տարածության:

*

և ուր է կինը՝ ձյութի պես սև աչքերով, ով քեզ նման երեխա ունեցավ ու տեղավորեց աղբյուրի մեջ, որպեսզի անընդհատ լինես ու երբեք չծերանաս, ինչպես երկնքում աճապարող թռչունները, որոնք այնքան են երազում հևել շնչառությանդ հետ

թույլ տուր նրան շատանալ քո մեջ, ինչպես ամենանուրբ ջուրը՝ մայրդ, ով ստորջրյա քաղաքներ հնարեց քեզ համար, որ հանկարծ չխեղդվես այս քամու հոտից ու հող լցրեց վրադ, որ կարծրանաս ու ամուր լինես, այն նավերի նման, որոնք վառվում են բաց օվկիանոսում

ազատ լինեի անձրևաջրի պես, որն արբանքի մեջ խեղդում է ծաղիկի նուրբ թերթերը ու հենվելով անսահմանության ուսին՝ լցվում հողին փռված ծառի արմատներին, որպեսզի միտքդ լորտուի պես չվազվզի խոտերի մեջ,

և նեցուկ լինեի անդորրին, որն խելագար չղջիկի պես այս կեսօրին նստել է ուսիդ, ու ուզում է, որ ձերբազատվեմ այս դողից, հաբերից, թաքուն պահվող սիգարետից, ուսապարկից՝ սարսափներով լցված ու ընդառաջ գնալով վերափոխմանը՝ վերածվես ձյան, որի վրա մրջյուններ են քայլում

ես բաց եմ կլլել իմաստություն՝ սահմանագծած խատուտիկի սերմերով և հագնել քո սիրելի սպիտակ պիջակը ու զգալ ոնց է էս տիեզերքը ինձ ներգրավում իր ձգողականությանը՝ մեջս սրսկելով խաղաղության փոքր սերմեր

ամեն բան հոյակապ է. շարունակում եմ ծոցագրպանումս մետրոյի ժետոն պահել, ու ինձ խցկելով երթուղայինների մեջ, նոր խորանարդներ մտել՝ փնտրելով ճշմարտությունը՝ ծառին աճած սնկի մեջ թաքնված

ես տեսնում եմ մթնոլորտում կուտակված կսկիծը ու անսահաման բարությունը՝ նոր բողբոջող ծառի, ու ձյան վրա քայլող միջատների ոտնահետքերը, ու սերը անպատեհ պահի իմ մեջ ներծծվող, մինչ երեխայի շփոթվածությամբ պատմում եմ այն քարերի մասին, որոնք անհոգ պարում են երկնային սֆերաում

և կիսում եմ շարունակ մեծացող անհարմարությունը՝ լինել ինչ-որ մեկի տղամարդը, աշխատակիցը, հարևանը, դրամապանակում ամրացված լուսանկարի փոքրիկ աղջկա հայրը: Ու առավելապես դժվար է հետևել շարժմանդ ուրիշ ուղեծրով, երբ աններելիորեն սիրում եմ քեզ:

ու բոլորովին էլ հեշտ չէ ապրել էս անհիմն ազատության հետ, ու փորձել չնկատել փոթորկից հետո մայթեզրերին հավաքված աղբը, ու պատերի ներսում ամբարված միջատների մարմիները, մինչ փնտրում եմ լաբիրինթը, որտեղ լուսատուներ կցանեմ ու ծովային թռչունների պես խաղաղ կսուզվեմ կապույտի մեջ

այս ընթացքը, խզումը, մարմինը, վախը, անկումը՝ իմն է. չեմ փախչում, ես ապրելու հնար եմ փնտրում էս ահագնացող ծուլությունից դուրս ու զգույշ մնալ հավերժական թվացող տխրությունից, որը ծամում է մեզ ու թքում

առավելությունը՝ երկու օրը մեկ ջրել ձյան վրա դրված կանաչ ծաղիկը ու բարեհաճ լինել տառապանքին, որն ուղղահայաց է պարանին փռված ճնճղուկներիս թավշյա մարմիններին ու նրբորեն հենված նրանց պարանոցների կորությանը

սիրիր արթնությունը՝ մարմինդ գլխիվայր շուռ տվող, ու անթևությունդ՝ ճանապարհի մեջտեղում պառկելու ու ճայերի թռիչքին ներգրավելու համար:

*

Ապրելով այս անսովոր տառապանքը՝ ամենի մեջ ծնվելու, շատանալու, լիքը լինելու՝ ինչպես ջրափոսը տապ օրերին ու հոգնած՝ տիեզերքում միայնակ լողացող երկնաքարի նման,

և փորձելով սիրել այս ցնցումն ու դողը, որոնք ավելանում են մեջս, ինչպես պատուհանագոգին փոշու մեջ ճմռթված ծաղիկները, ինձ ներքաշում են էս աներևույթ կսկիծի ու գեղեցկության մեջ

եթե կարողանայի չհերքել թուլությունը, վախը՝ բարձր քարերից, կիսատությունն ու անօգտակարությունը թևերիս ու անխոհեմորեն դիրքավորված կարոտը, որն ուտում է էս ահռելի ջանքը՝ լինելու հանգիստ ու խաղաղ ջրի վրա սայթաքող քարերի նման

ամենից շատ վախենում եմ վնասել քեզ. աննկատ ու լուռ եմ՝ պատը թացացնող թեյի բաժակի նման

չեմ շտապում, իմ մեջ բոլոր զգացողությունները դեղնել են. ծառերը դեպի ներս աճող, ջուրը արևի ճառագայթների մեջ սուզվող ու հողի ներսում ապրող միջատների անսահման երջանկությունը,

և երբ բառերը ասես մաշկիս վրա չորացած մլակներ լինեն, ու ցավի մասին հիշողությունը ծուլանում է ինձ վերցնել իր վրա, ու թախիծը՝ մեռած լռություն է օվկիանոսում քայքայվող օդանավի, իսկ սերը տուն տանող ճանապարհ՝ դեպի ժայռը, որի ճեղքերում թռչուններ են ապրում

ես տրվում եմ այս թռիչքին, ինչպես մեռածն է ընդունում իմ անընդհատ կապտող մարմինը, ու հնազանդորեն տրվում հողին, որտեղից անընդհատ ծնվելու եմ, այն անձրևաջրի հետ, որն թացացնում է ծառի արմատները

շարունակ բեռնաթափվում եմ, իմ գիտակցության մեջ կարմիր կոշիկներով երեխաները սահում են ու քարերի վերածվում, և մարմինը խոնավ է ու անուշահոտ, իսկ նրանց հայրերը անընդհատ վազում են ու ընկնում, ընկնում են ու վազում

ծովերի վրա քնած թռչուններին տեսիլքը, հրեշավոր կարոտը՝ անդունդներով մեծացող դատարկության, և գետնացումում միզող տղամարդու կնճռոտված հայացքը

հանդարտ հպվում եմ խալուն, վրայիս բորբոսահոտը լցվում է սենյակով մեկ, կինը անցնում է վրայովս, հետո դու, ապա փոքրիկ աղջիկը համբուրում է ականջիս բլթակը

ուզում եմ ճանաչել էս մանր անկումը՝ ոչինչ չփոխող, որևէ տեղ չտանող, ես շատ ամուր եմ կանգնած էս հատակին, իմ միտքը ամբողջապես կենտրոնացած է. մի ուրիշ դեպքում կհետևեի թե ինչպես է մի ամբողջ կյանք դիմացի շենքում ապրող կինը պարանին կախում իր ամուսնու շալվարները,

և կիրքը՝ ներսիդ բոլոր խխունջներին թռչել սովորեցնելու, ու սնելու խոստացված մառախուղը, և կառուցելու նավը, որտեղ ներդաշնակորեն կհրկիզես մարմինդ՝ քամի կամ հող վերածվելու անկնկալիքով,

լցվել ալկոհոլի մեջ, փորել էս հողագունդը, մի տուփ սիգարետ վերցնել ու հանգչել մի քանի հազարմյակ, մինչ ձեռքերդ հանդարտորեն կքայքայվեն ու տղամարդը ամեն օր կսանրի մազերդ,

հանուն այն վերադարձի, որի համար հայհոյեցիր մորդ, ով ցավի փոքր բշտիկներ էր թողել վրադ, որ հանկարծ ներքև չնայես, որ մահը չկարծրանա ու լուծվի մեջդ, ինչպես անընդհատ հոսող անօգտակորությունը՝ թևերիցդ ու ինձանից կախ,

հուսամ՝ ներսումդ բավարար անձրև կա մինչև հաջորդ երաշտ դիամանալու համար:

*

և երբ միտքս հանգիստ է, ինչպես լեռան վրա հենված քարերի հայացքը, ու ցավը տնքում է շուրջս թափված բոլոր մարդկանց ու իրերի մեջ, իսկ ես խաղաղ եմ երակներիս ներսում թափվող արյան նման, ու այն ամբողջ կծկումը, որ շրջանցեցի՝ կողքիս է. նրանց ծերացող մարմինների մեջ,

տղամարդը անընդհատ սահում է իմ գոյության վրայով, հետո լացում, հետո ասեղներ ամրացնում մատներիս ու նրա մեջ կուտակված սերը հանկարծակի թափվում է՝ ասես պատերազմ, որի ողնաշարին մայրիկը մեծ, շատ մեծ բարձ է կարել. հանկարծ չլիզենք էս խոտի սրունքները:

կարող էիր զգայուն լինել՝ փողոցում տախտակին թպրտացող ձկան նման, փոշոտ, ինչպես կոշիկներդ ու լիզել տառապանքը՝ ստինքներից կախ, շենքի մոտակա անկյունը չձգող, ու սիրել փոքրիկ տնակներում տեղավորված կանանց անշուք մարմինները

և ինձանից դուրս ոչինչ չի սերտաճում, չի թպրտում, չի լղոզվում, չի տնքում, կինը իմ ներսում գոռում է երկունքի ցավերից, մինչ մեռած ձկները անսահաման երանությանբ սահում են ջրի մակերեսին

վազքը՝ ոտքերս թմրող ու զոհաբերումը՝ խոտի վրա հավաքված մրջյունների և բակում արածող կենդանիների լեշերը,

ես մտահայում եմ կրոնախև երեխային, ով մերկ ոտքերին խազեր էր քաշում, հավատացնելով, որ երկրակեղևի ծալքերից մեկում ջրաքամ է լինում իր հայրը, իսկ ինքը երկրպագության համար էր՝ թրծված կախվածութունների մեջ, հյուծված՝ մեղքերից ու սիրուց:

շատանում էիր ու թափվում, վրայիցդ ծառի փթած արմատների հոտ էր գալիս, մինչ սևեռում էի տեսնել ակունքը Բանի՝ թարմությունը մի քանի վայրկյան առաջ վերածնված կնոջ մարմնի

քանզի էս չլքվող անսահմանություն է՝ բողբոջը տգիտության ու սայթաքումը այն սիրո, որ լույսի բյուրեղներ աճեցրեց վրադ ու դու ավելի եղար, քան մնացորդները այն ամբողջի

տառապանք, որ նախատեսված է այս մարմնի համար, ազատագրում, որ անձև ու անկազմ է, ինչպես մոլորակի մենությունը արարումից առաջ, և վրադ բորբոսի նման աճող կանայք, որոնք աընդհատ կմեռնեն, անընդհատ կմեռնեն, ինչպես հայրդ:

և ինչ անսահման քնքշությամբ են մեռնում նոր բողբոջած ծաղիկները, ու ինչ նուրբ հեգնանքով է կիսատությունը ծորում քեզանից, մինչ ապրելու կերպ ես փնտրում այս հիվանդ էակների հետ, որ արդեն մի քանի կյանք կարված են մաշկիցս,

ասաց՝ տուն վերադարձիր ու ընդունիր անշարժությունը ամենի՝ դեպի ներս, դեպի ներս, որ կողոսկրերիդ բուսնած մամուռը հանկարծ չձյութոտվի, չլղոզվես կնոջը, չտնքաս լյարդի ցավից, որ լինես անհաղորդությունը բոլոր հնամաշ իրերի

քանզի ընդգրկում եմ բոլոր էակների տառապանքը, ցավը ներքին կիսատության, հոգնությունը տարածության, սերը էլի ու էլի մաքրվելու, սերը էլի ու էլի մեռնելու՝ ընթացքի կայունության համար

աստված իմ, այս գիտակից ցավը՝ բացարձակից դուրս, կայուն թմրությունը գոյության, անընդհատի մեջ շատանալու, ընդունելու համար ողջ լարումն ու տառապանքը էության, որ մերն է:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.