**

Հայր մեր որ ազատվեցիր ու թոկից կտրված լցվեցիր փողոցներ

ու հրապարակներ

դուրս եկար ու ներս բերեցիր անկախություն

թեթևություն ու անհայտություն ամեն, ցնորք, փամփուշտներ ու մութ սենյակում

սառը պատին դեմ տված դրոշ

հայր մեր որ ազատ բերեցիր ինձ ու անկախացում բերեցիր ու դեմք ու սիրտ ու միս ու արյուն ու խոսք ու լեզու ու ձեռք տվեցիր

ու հերթ կանգնեցիր բոլոր դեսպանատների առաջ

կեղծեցիր ինչ պետք էր ու հուսահատ ու ամուր պատսպարվեցիր

ընդհանուր բաղնիք-զուգարան ունեցող մարդաշատ լագերներում

ապահով վերահսկողության տակ

հայր մեր թողածդ անկախության մեջ ես ինչպես թագավորեմ, գործ գտնեմ, վարձ վճարեմ, երեխա ունենամ, հիվանդանամ, սիրեմ, վարկ տամ, կենդանի չմնամ, ողջ մնամ

հայր մեր ինչպես մնամ

երբ դու ոչ երկնքում ես, ոչ էլ իմ մեջ

ու դու որ երկինք բարձրացար

ինքնաթիռով իջար մի ուրիշ իսկական երկրում ու

մոտ վեց-յոթ թե երկուհազար տարի է լուր չունենք քեզնից

հայր մեր դու որ գնացիր ու մեզ թողեցիր քո թողած անկախության հետ

հիմա հեռվից ձեռքով ես անում որ ինձ ու փոքր եղբորս իսկական երկիր տանես

իսկ մենք թարսի պես շան պես կապվել ենք թողածդ անկախությանը

ընտելացրել դրան ու տարի է լինում մի քանի անգամ

տասնհինգ-քսանհազար հոգով դուրս ենք հանում փողոցներ մաքուր օդի

որ իրեն լավ զգա, քայլի, աչքը մեր երեսը տեսնի, գոռա, սիրտը ուրախ լինի

սիրտը միշտ ուրախ լինի

մենք գիտենք որ սիրտը միշտ պետք է ուրախ լինի

հայր մեր որ շուտով ես հայր կդառնամ

թող մեզ չիմացվածությունը քո

ինչպես որ մենք եղանք քեզ չիմացված

իսկ մնացածը մի բան կանենք, մի ձև կստանանք, մի կերպ տակից դուրս կգանք

**

առավոտ լուսո

առավոտ արձակ, առավոտ ազատ,

առատ, քամուն տված կրծքերով սրտաբաց

առավոտ մեծ ու լայն, շատ, լիակատար

մերկ ու ամբողջովին պայծառ

առավոտ օվկիանոս, թռչուն, խոտ, ջուր-ջուր

վարարած ու շփացած ու մեջս պռնկեպռունկ ծփացող

ներսս ալիքալիքվող արևարյուն

տաք ու մուգ կարմիր, ջլապինդ

առավոտ, որ բացվեցիր առնանդամիս մեջ

լուսարձակելով հարյուր միլիոն

լուսնային տարի այն կողմ

առավոտ լուսո դեռահաս պեպենոտ

անթերի դեմքով ու փափուկ մարմնով

գիրկս նետվեցիր հրաշեկ ինչպես երեխա

վստահ որ կբռնեմ ու կրծքիս մեջ կլցնեմ քեզ

անչար ու առանց ամոթից տեղյակ լինելու

առավոտ բաց ու հարթ մաշկով, տկլոր

որ թրթռում ես երկփեղկ դարպասների արանքում

վարդագույն, ծաղկոտ ու թարմ

կաթնահամ ու ամեն տեղից երևացող

հողից երբեք չպոկված, քոքդ պինդ

առավոտ լուսո

որ պար ես բռնել ամենուրեք ուր աչքս է տածում

երգերիդ մեջ աստվածներ կան մկանոտ, բարձր ձիանման գետեր,

սարեր ու մարդիկ հաղթանդամ

առավոտ լուսո բացված շուշան

մերկ աղջկա կրծքերին ու հեշտոցին

ու ժպիտ ճերմակ

բացվիր ամեն երակիս մեջ որ տարածել եմ քո առաջ վարդի թերթերի նման

ողնաշարս պողպատի պես ձիգ ու ձեռնատարած

եռ եկ արյանս ամեն ատոմի ծալքերում, պայթիր

ու ծառս եղիր վրնջուն ձիու սմբակներովդ ճամփա բացիր

մարմնիս միջից ու դաշտերով, երկնքով, փողոցներով

թև առ բարձրացիր ու մաղիր ուր հասնում է ձայնս

ու բեր հրճվանք ամենազոր ու ամենախոր

առավոտ լուսո

առավոտ արդար ծիծաղ ու խայտանք մերկանդամ

ճերմակատամ, թացլեզու, բացվիր երկու ոտքերի արանքում

բացվիր աչքերի մեջ, երկու սրտերի միջև

ճանապարհին բացվիր լրիվ,

անվախացնելով մատների ծայրերը մեր

փրկելով իմ ոսկորներից որ ընկած են մեր միջև

ու բացվելով արևի հովին

բացվիր ներսդ ինձ տալով

ու տարածվելով վեր

հիմա երբ հողից կտրվել չեմ կարող ու երկնքից իջնել չեմ ուզում

**

իմ որձանդամը ճոճվում է

երկնքի ու երկրի միջև

կախ տված պարանոցից

անթերի ու ոսկեշատ հրեշտակների

թրթռուն

այն արևաթափում է հողից

կտրված թեթևությամբ ու

նազանքով

լցնելով աստղերի սիրտը

անհոգությամբ ու թմբիրով

ծով տալով

կիսամոռացվածի ու

անտարածության մարմնի ծալքերով մեկ

իմ որձանդամը կանգնած է ձիգ

պիրկ ու կաս-կարմիր

աստծո պես

ճառագելով սեր ու զվարթ

ու հաճույք և ուժ երկաթե

ու անմահ ու գեղեցիկ է նա ինչպես երկինքը

աստղաշատ

ջուրը վարարած ու խշխշան

ու ձկնառատ ու ստվար

ու չի կորչում նա ոչ մի տեղ

իմ որձանդամը փարոս է

քարաշեն ու հրավառ գլխով վիշապ

եկեք դեպի նա ու չեք կորչի ծովում

եկեք դեպի նա ու չեք մնա խավարի մեջ

եկեք դեպի նա ու տուն կհասնեք:

**

անկման մեծությունը միշտ

միշտ գերել է քեզ

ես չէի ուզում տեսնել

քեզ ընկած

խեղճուկրակացած

անլեզու ու այդ ամենի մեջ

չհուսահատված

այդ ամենի մեջ

ինչ որ լավ բանի սպասող

ոչ մի լավ բան չկա կորած լինելու մեջ

ոչ մի լավ բան չկա

վերջին շարքում մի կերպ

խցկվելու

ու սկայպով երջանիկ ժպիտի տակ

հետևիդ գունդուկծիկ անհայտությունը

ծածկելու մեջ

իրոք չկա ոչինչ

անկումը գեղեցիկ է երբ

գրքերի մեջ է, ֆիլմերի

կամ էլ երբ վերջանում է մահով

երբ բաց է թողնված այն ամոթն ու

օտարականությունը ու սեփական

ոչնչության զգացողությունը, որ հենց

անկումն է, ու որի տեղը

գրվում է ուրիշ բառ կամ գլխի ավարտ

ֆիլմերում երկու կադրով են այս մասին ասում,

որը ադի-բուդու խրթոցի տակ կորում-գնում է

անկումը ավելի դանդաղ է, պակաս սպանիչ ցուրտ

ու անըմբռնելի օտար

իսկ երբ բանը հասնում է մահին

տեսնում ես ոչ մի արտառոց ու շշմեցնող բան էլ չկա

ու պատուհանից երևացող դուրսը

այդպես էլ ներս չի մտնում

վարձով վերցրած սենյակդ

անկման գեղեցկությունը միշտ մի տեսակ

աստվածային և ուրիշ է թվում

իսկ ներսում խեղճուկրակությունից

կիսաքուն աչքերից ու

զեղչով առած հագուստից բացի

բան էլ դեռ չկա:

**

Հանեցինք մեր ոտքերն ու շոր-մորը,

ինչ կար չկար հանեցինք

սիգարետը մատներներիս մեջ ու գժի պես

բրդեցինք Մասիս սարը քո

պատշգամբից ցած ու շրխկոցից հռհռացինք առանց մի գրամ ալկոհոլ ներսներս լցնելու

մի ծիծաղելի ձնագունդ` դու

մի ձնագունդ` ես

ու

հիացանք բերանբաց պատուհանիցդ վար թափվող տեսարանով

լեզուներս մինչև ասֆալտը ձգելով

խոսեցինք, էլի ծխեցինք, չեմ հիշում կերանք թե չէ

իսկ ես տեղս չէի գտնում ականջներիդ մեջ,

ծոծրակիդ վրա ու բացվածքումդ

սենյակդ ինչպես պետքն էր խավար էր

երկու կուրծքդ խավար էր

ու ես մեջտեղը հետուառաջ անող մի օձ

ամեն ինչ ճիշտ էր գնում դեպի

վերմակիդ սառնաթարմության մեջերը

մենք մի կերպ էինք տեղավորվում սենյակումդ

ամենտեղումս կայիր, ներսս կախված գլխապտույտ չղջիկ

ներսուդուրս էիր անում միջովս,

խլվլում չսպասված

կրծքագդալիս մոտից մի բան պոկելով

վեր դեպի անկողնուդ գլուխը

ձգելով

մենք ծխեցինք ինչ կար չկար

որովհետև դու էիր վառում բոլորը

ու փչում ծուխը ներսը իմ ներսի,

սիրտը իմ սրտի,

ես քո ներսն էի, ինչպես նախամարդը արևոտ,

տիեզերք թռչող աստղագնաց

պաշտպանված ճերմակ խողովակով

ու քո աչքափակ ձայների վրա վառվող

ձյութի պես փափուկ փորիդ վրա ցող-ցող տարածվող ու

հոգնեցուցիչ

անկողինդ գիշեր շարունակ

մնաց մեր տակ

լույսը ամբողջ գիշեր հեռու մնաց մեզնից

ու ոչ էլ հետո իմացանք թե ուր չքացավ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *