Գեմաֆին Գասպարյանի «Չկա` չկա» (Երեւան, «Ակտուալ արվեստ», 2017) գիրքը բացեցի, թե չէ աչքերս սկսեցին մրմռալ ծխախոտի ծխից: Կարծես հայտնված լինեի տիպիկ երևանյան ծխակոլոլ բարերում, գիշերային ակումբներում կամ հանրային տրանսպորտում։ Բոլոր էջերը նկարազարդված են ծռմռված ծխուկների ու ցաքուցրիվ մոխրի լուսանկարներով, թեպետ ջրանշանի պես թափանցիկացված են: Այս տարօրինակ աչք ծակող ջրանշանների առկայությունն ասես ակնարկի, որ ծխախոտներով չսեթևեթող սովորական սպիտակ էջին տպված նույն բանաստեղծությունը կեղծ է։

11

Լինելով ծխելը տասը տարի առաջ կտրականապես թողած նախկին երևանցի՝ ես այդ ծխամած հաստատություններից սովորաբար շուտափույթ գլուխս առնում-փախնում եմ։ Իսկ հանրային տրանսպորտի դեպքում առնել-փախնելու փոխարեն` այդ նույն գլուխը հաճախ տալիս եմ վարորդների հետ (այլ կերպ ասած՝ հետները քյալլա եմ տալիս)։ Եվ այս դառը փորձառությունն ինձ թույլ է տալիս նկատել, որ Գասպարյանի անդրանիկ բանաստեղծական ժողովածուն՝ «Չկա` չկա»-ն, մերօրյա Երևանն ու Հայաստանն իր թե՛ գրավիչ, թե՛ վանիչ կողմերով արտացոլելու յուրօրինակ փորձ է։ Թեև՝ ցավոք, այդուհանդերձ այսօր ի՞նչ Երևան առանց անհամար ամենուրեքյան ծխուկների։ Ժամանակակից Երևանն առանց ծխուկների պատկերացնելը նույնքան անհնար է, որքան նրա խոր աշնանային փողոցները` առանց խոր էտված ծառերի, որոնք կարծես ստեղծվել են նույն այդ ծուռմռտիկ, ճզմված ծխուկների պատկերով ու նմանությամբ:

Այդ ծխուկների զգալի մասն էլ երևի կերտվել է ժողովածուի «փոքր կենտրոն» բաժնի առաջին երկի ոգեշնչման աղբյուրը դարձած անդադար զրույցների ընթացքում․

Վան Գոգ։ Խոսում ենք, Ջեքըքիչ սառույցով,
Պրոցես։ Խոսում ենք, Ջեքըքիչ սառույցով,
Այրիշ։ Խոսում ենք, Ջեքըքիչ սառույցով,
Վուդռոկ։ Խոսում ենք, Ջեքըքիչ սառույցով
(1, 40)

Լեզվակենտրոն է Գասպարյանի պոեզիան, որում զգալի դեր են խաղում բառախաղը, հեգնանքը, ծաղրը, պարոդիան, պաստիշը, աբսուրդիզմը, գրական թըրթեյլիզմը (turntablism) և ռեմիքսը։ Մի միջավայրում, որտեղ մեծ ժողովրդականություն է վայելում խոստովանական կամ բուքովսկիական պոեզիան, «Չկա` չկա»-ն առանձնանում է ավանգարդիստական որակներով, որոնք բնորոշ են նյույորքյան դպրոցին (New York School) կամ լեզվի պոեզիային (Language poetry)։

Միևնույն ժամանակ Գասպարյանի պոեզիայի արմատները սնվում են տեղական գրական նորարարական ավանդույթներից։ Թեև քաղքենի նացիոնալիզմին Գասպարյանը չի հակադրում պրոլետարական ինտերնացիոնալիզմ, իսկ արդյունաբերական անարգել առաջընթացի ձոներգի փոխարեն դրա հետևանքների եղերերգն է հնչեցնում, այնուամենայնիվ ակնհայտ է նրա համակրանքը 1922 թ․ հրապարակված «Երեքի դեկլարացիա»-յի հանդեպ։ Նա չի հապաղում «դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցները» ու «գրքերից դեպի կենդանի խոսքը», ձգտում է «արտահայտել այն, ինչ այժմեական է` շարժում, դասակարգային պայքար», ընտրակաշառք, կոռուպցիա, բնապահպանական աղետ, տեռորիզմ և այլն։ Եվ այս ամենը Գասպարյանը համեմում է հեգնանքով, ծաղրով ու հումորով։

Թեև ժողովածուում քիչ չեն ինքնակենսագրական հղումները, այդուհանդերձ դրանցում եսակենտրոնությանը գերազանցում է լեզվակենտրոնությունը անգամ եսակենտրոնության մասին իր ամենաեսալի արձակ բանաստեղծության մեջ: #10 վերնագրված այս երկում գերեսակենտրոնությունը՝ ամեն երկրորդ-երրորդ բառից հետո կրկնվող «ես»-ը, հեղինակի ծաղրական արձագանքն է (մանկական հակաճառության ոգով) «ես»-ի հաճախակի օգտագործումը ինտելեկտի ցածրության հետ կապող անանուն տեսաբանի պատգամներին․

պատմում էր տեքստերի բովանդակային վերլուծության մի քանի գաղտնիք ու եսի անընդհատ օգտագործումը խոսակցական կամ գրավոր տեքստում կապում ես իմ ասող մարդու մանկահասակ լինելու ինտելեկտի ցածր աստիճանի ես ու ես լսում էի էս ամենը ու ես ասելու իմ մոլուցքը բռնեց ու թեեւ ես եսակենտրոն լինելու որեւէ ես չունեի քան իմ միակ ու անկրկնելի եսը
(1, 30)

Բացառություն է ժողովածուի վերջին տեքստը. գեղարվեստական շեշտադրումներով համեմված ինքնակենսագրական նոթ, որի ներդաշնակությունը ժողովածուի մնացած երկերի հետ, ըստ իս, կաղում է։ Մասնավորապես՝ ինքնասարկազմն ու ինքնահեգնանքը վերջին երկում նկատելիորեն զիջում են մնացած երկերում սեփական անձից անդին նշանառող սարկազմին ու հեգնանքին։

«Չկա՝ չկա»-յում Գասպարյանի սիրած հումքը կլիշեներն են։ «Կլիշեները գրեթե սրբազան են»,- ասում է նյույորքյան դպրոցի ներկայացուցիչ Ջոն Էշբերին, ապա խոստովանում, որ այդուհանդերձ դրանք ծաղրուծանակի է ենթարկում (3)։ Այդպիսի «սրբազան» կլիշեների պահոց է Գասպարյանի «Չկա` չկա»-յի հատկապես առաջին բաժինը, որը կոչվում է «հայաստան»։ Վարպետորեն դիմակազերծվում է, օրինակ, հայաստանյան հասարակությունում գրեթե ցանկացած զանցանք/հանցանք արդարացնելու ակնկալիքով օգտագործվող «ընտանիք պահել» արտահայտությունը «սևագիր 4»-ի վերջում․

ընտանիք է պահում գյուղացին – բանվորը
ընտանիք է պահում հանքարդյունահանողը,
մի խանգարիր:
(1, 8)

Հայկական այս սրբազան կլիշեի կարճատեսությունն ու վտանգավորությունն ակնառու են դառնում, երբ հեղինակն այն տեղավորում է ոչ միայն տվյալ հանքափորի ընտանիքը, այլև տասնյակ հազարավոր այլ ընտանիքներ ու դրանց մի քանի սերունդներ խեղող բնապահպանական աղետի համատեքստում։

Ողբերգությունը միևնույն բանաստեղծության մեջ էլ ավելի ցայտուն է դառնում ավանդական հայկական մշակույթում գերակա դիրք զբաղեցնող հայրենյաց հող ու ջրի պաշտամունքի դիմակազերծմամբ․

ուր ջրերն հանքային եւ ջրերն հանքերի
իրար են խառնվում։
(1, 8)

Չարենցի սիրելի «ջրերը ջինջ»-ը հիշեցնող ռոմանտիկական շարադասության հմայքով պայմանավորված կոնտրաստն էլ ավելի է շեշտում մահացու թունավորման ակտի սարսափը։ Հնարամիտ բառախաղով ակնարկվում է ՀՀ իշխանությունների թույլտվությամբ ու «տուն-ընտանիք պահող» բնակչության գրեթե անմնացորդ անտարբերության հետևանքով սպառնացող բնապահպանական աղետը, եթե գործարկվի հանքային ջրերով ու առողջարաններով հայտնի Ջերմուկը Ամուլսարի հանքարդյունահանման համալիրը։

Նույն այդ կառավարությունը թիրախավորվում է «սևագիր 5»-ում մեկ այլ սրբազան կլիշեի միջոցով՝ «մեր ապագան երեխաներն են»: Նախ ածանցյալ կլիշեներով գովերգվում է զավակապշտությունը.

Մեր ապագան երեխաներն են,
մեր շարունակությունն ու ապավենը,

ենթադրում եմ գրել Հայաստանի մասին,
որպես ապահով տուն մանուկների համար,
որպես հոգատար մայր,
խիստ, բայց արդար ծնող,
գիտելիքի օջախ և արհեստի մատուռ,
ուսումնատենչ, ուսումնապաշտ, ուսումնասեր նաև,
ստեղծագործ և ստեղծող մարդկանց օրրան
(1, 9)

Նրանց կրթելու ու դաստիարակելու սրբազան գործը, սակայն, վստահվում է նույն այդ ապագան 5․000 դրամով կոռումպացված իշխանություններին վաճառող մանկավարժներին։ Վերջիններս հայտնվում են վերջում՝ ապականելով Հայաստանը իբրև գիտելիքի օրրան գովերգող այս բանաստեղծությունը․

մանկավարժը բըլբուլ միտինգի,
մանկավարժը ընտրական հանձնաժողովի անդամ,
մանկավարժը կուսակցական,
փուստ գնաց։
(1, 9)

Այս վերջին տողը` «փուստ գնաց», կարծում եմ, որոշ չափով թուլացնում է զավեշտի էֆեկտը հերթական սրբազան կլիշեն դիպուկ խոցող այս բանաստեղծությունում՝ բացահայտելով բացահայտը։

Երբեմն թիրախավորված կլիշեի ճակատագիրն անորոշ է բառի բազմիմաստության շնորհիվ։ Դառնում է կոնկրետ ընթերցողի որոշելիքը. ծաղրուծանակի է ենթարկվում կրոնական անհեթեթ ծիսակատարությո՞ւնը, թե՞ հակառակը՝ ապացուցվում է դրա արդյունավետությունը․

Էս տարի էլ օրհնեցինք ցանքը,
Էս տարի էլ կարկուտ էկավ,
Չկպավ:
(1, 10)

Խաղարկվում է «կպչել» բառի բազմիմաստությունը։ Ի՞նչը չկպավ։ Բաժակը կիսով չափ լի դիտարկողը, լավատեսը կամ հավատացյալն այս տողերից կարող է եզրակացնել, որ «էկած կարկուտը չկպավ» բերքին (օրհնանքի հրաշքով), ոչ թե՝ բերքը չկպավ, կամ սերմը չկպավ, կամ փող չկպավ։ Ինչպես հեղինակն է հայտնում ավելի ուշ տեքստերից մեկում` «յուրաքանչյուրը միաժամանակ մի քանի կարծիք էլ իրավունք ունի հայտնել» (1, 18)։

2

Ժողովածուի «հայաստան» կոչվող առաջին բաժնի բանաստեղծությունների գերակշիռ մասը բաղկացած է համարակալված սևագրերից, որտեղ հեղինակը փորձում է չարենցյան եռանդով, սահյանական հայրենասեր մելամաղձությամբ, շիրազյան շիրայոտ կլիշեներով ու վեհանձնածականախեղդ դպրոցական շարադրությունների ոճով սեր խոստովանել Հայաստանին, սակայն հրաժարվում է նրանց պես աչք փակել կեղծ բարեպաշտության վրա։ Մի քանի էջ տևած պարոդիկ սևագրերի արդյունքում մեկ տողանի մաքրագիր է ստացվում․ «Հայաստանը իմ թերությունն է» (1, 13)։ Առաջին հայացքից Հայաստանն ու հայ ժողովուրդը գովերգող հայրենասիրական պոեզիան և էթնոազգայնականությունը ծաղրող այս հատու տողը բացում է նաև գավառականության/գավառամտության բարդույթի թեման։

Իր անդրանիկ գրքում Գասպարյանը փորձում է յուրովի ձևակերպել այն տարածքը, որտեղ ապրում, ստեղծագործում է և որը նրան դատապարտել է «գավառական լինելու ու չլինելու անհնարինության գիտակցումից տապակվելուն» (1, 16)։ Սևագրերն ակնհայտորեն այդպիսի ձևակերպման փորձերից են։ «Չկա՝ չկա»-ն Լոս Անջելեսում ներկայացնելիս՝ Գասպարյանը նշեց, որ գիրքը գրելիս իրեն հատկապես հուզել է հետևյալ հարցադրումը․ «Ո՞նց կարող ես գրականություն անել, որը ունի ոչ տեղային նշանակություն, երբ որ դու տեղային ես»։ Բանաստեղծության լիրիկական հերոսի համար պատասխանը կարծես ակնհայտ է՝ չես կարող, և «Հայաստանը իմ թերությունն է» հայտարարությամբ նա կարծես դրա համար արդարացում ու մեղավորներ է փնտրում իրենից դուրս։ Ենթադրաբար բոլոր այլ առումներով կատարյալ անձ լինելու հավաստիացո՞ւմ և անկախ իր կամքից այս գավառական երկրում ծնված լինելու տարաբախտությո՞ւն։ Սեփական երկրի գավառականության բերումով ինքնաբերաբար գավառամիտ չդիտարկվելու այս ճիգը ոչ այլ ինչ է, քան նույն այդ գավառամտության հայտանիշ։

Միանգամայն հետաքրքիր է, թե ինչպես է Ալեն Գինզբերգը կամ իր լիրիկական հերոսն իրեն դրսևորում 1957 թ. համանման իրավիճակում «Ամերիկա» (4) բանաստեղծությունում (որի հատվածները ստորև ներկայացվում են իմ թարգմանությամբ)։ Երկուսում էլ հեղինակները ծաղրում ու քննադատում են սեփական երկիրը՝ յուրովի հիշեցնելով նրա դրժած խոստումները, մատնանշելով պետական քարոզչությամբ, զանվածային ավանդական մշակույթով ու ԶԼՄ-ով կերտված նրա կերպարի ու իրական տխուր պատկերի միջև գոյացած վիհը։ Տարբեր են սակայն երկու հեղինակների վերաբերմունքները սեփական երկրի ու սեփական եսի միջև հարաբերությունների կտրվածքով։ Սեփական երկրի թերությունները թվարկելուց հետո Գասպարյանի լիրիկական հերոսը հրաժարվում է ամբողջությամբ ինքնանույնականանալ իր հայրենիքի հետ՝ օտարելով այն ինքն իրենից, այն դարձնելով Ուրիշը։ Մինչդեռ Գինզբերգի ալտեր էգոն սեփական երկրի հասցեին «Ատոմային ռումբդ էլ ոռդ կոխի» (Go fuck yourself with your atom bomb) նետելուց մի քանի տող անց գրում է․ «Ինձ թվում է՝ ես Ամերիկան եմ» (It occurs to me that I am America)՝ վերջինիս հետ ինքնանույնականանալով անմնացորդ։

Եթե Գասպարյանի ալտեր էգոն իր հայրենիքը որակում է որպես իր միակ թերությունը, ապա Գինզբերգի հերոսը՝ հայրենիքի բազում թերությունները գիտակցելով հանդերձ, այնուամենայնիվ չի ստորադասում այն սեփական անձի որակներին և չի վախենում հետն ամբողջապես ինքնանույնականանալ` առանց թացը չորից ջոկելու։ Եվ դա անում է ոչ այնքան հանուն հայրենասիրության, որքան որպես ծաղրախաղը խորացնելու յուրօրինակ միջոց․ բանաստեղծության հաջորդ տանն արդեն խոսում է Ամերիկայի անունից («Ասիան ոտքի է ելել իմ դեմ» (Asia is rising against me), «Ավելի լավ է հույսս դնեմ ազգային պաշարներիս վրա» (I’d better consider my national resources), «Ես ձայն չեմ հանում բանտերիս մասին, ոչ էլ միլիոնավոր կարիքավորներիս մասին» (I say nothing about my prisons nor the millions of underprivileged) և այլն)։

«Ամերիկա»-ն ու «հայաստան»-ը տարբեր են նաև այն առումով, որ Գասպարյանին մտահոգում է սեփական երկրի գավառականությունը, իսկ Գինզբերգին՝ հակառակը՝ սեփական երկրի կայսերապաշտությունը, համաշխարհային հարթակում խաղի կանոններ թելադրողի դիրքի չարաշահումը։ Արդյո՞ք այս հակադրությունն է պատճառը, որ լիրիկական հերոսները համապատասխան կերպով են սահմանում սեփական ինքնությունը։ Այսինքն՝ ինքնության սահմանման հարցում որոշիչը ոչ թե սեփակական հայրենիքի թերությունների առկայությունն է, այլ «գավառակա՞ն է սեփական երկիրդ, թե՞ ոչ» հարցադրումը։ Հետևաբար ավելի «cool» է ինքնանույնականանալ ոչ գավառական հայրենիքի հե՞տ։

Հետաքրքիր է, որ Գինզբերգն էլ է շոշափում անձնական կատարելության թեման նույն բանաստեղծությունում, սակայն ոչ թե սիլլոգիզմով այլ բաց տեքստով. «Ամերիկա ի վերջո կատարյալը ես եմ ու դու, ոչ թե հաջորդ աշխարհը» (America after all it is you and I who are perfect not the next world)։ Իսկ ավելի ուշ կարդում ենք. «Իմ հոգեվերլուծաբանը կարծում է, որ ես կատարելապես ճիշտ եմ» (My psychoanalyst thinks I’m perfectly right)։ Սարկազմն այս տողերում ակնհայտ է, քանի որ Գինզբերգը դրանցից առաջ և հետո չի զլանում տարբեր եղանակներով շեշտել որ թե՛ ինքը և թե՛ Ամերիկան կատարելությունից հեռու են և որ անձամբ իր դեպքում պտուղը ծառից հեռու չի ընկնում. «Սեփական միտքս տանել չեմ կարողանում» (I can’t stand my own mind), «Չեմ գրի բանաստեղծությունը մինչև խելքս տեղը չգա» (I won’t write my poem till I’m in my right mind)։

Գավառականության թեման արծարծվում է նաև Գասպարյանի գրքի մյուս բաժիններում։ Խնդրի հանդեպ ծաղրական մոտեցումով է առանձնանում «երևանյան» կոչվող բաժնի թիվ 10 երկը.

մի տեսակ չէի ուզի Սուսան լիներ հակառակ դեպքում երբ տեքստս թարգմանեին պետք է հասկանային որ Հայատանը սուսանոտ երկիր է սյուզիոտ կայֆերը չեն պատահում
(1, 30)

Իսկ հաջորդ՝ «սարի-թաղ, թոխմախ, գաջիգործարան, արեշ, բութանիա» (հետագայում՝ «ՍԹԳԱԲ») բաժնում «հենց տեղային մի բան» խոսուն վերնագրով Գասպարյանը ևս մեկ անգամ անդրադառնում է գավառամտությանը ծաղրանքի միջոցով, սակայն արանքում տուժում է մեկ այլ փոքր ազգ.

ծածկի տակ հետևել անձրևին
կարող է եւ ուդմուրտը,
իսկ ես անգլիացուն եմ ուզում նմանվել:
(1, 53)

Գասպարյանի պոեզիան առանձնանում է հատկապես ժամանակակից մեմերի ներգրավմամբ։ Մասնավորապես՝ «ՍԹԳԱԲ» բաժնի թիրախում են հայկական համացանցը պայթեցրած մեմերը կամ ԶԼՄ-ներում աչքի ընկած արտահայտությունները, ինչպիսիք են «եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «մի քաղաքականացրու», «ոստիկանը մերն է» (որը բանաստեղծությունում վերածվում է «ոստիկանի մերն էլ») և այլն։

Այս երկերում Գասպարյանը գրական հումքի հետ վարվում է այնպես, ինչպես դիջեյը` երաժշտական հումքի հետ. Դիջեյ Գեմաֆինը թըրնթեյբլի վրա լեզվով քերում է վինիլային սկավառակներ, որոնց վրա ձայնագրված մեմերը կրկնվում են, քերծվում, քրքրվում, քայքայվում՝ միքսվելով համանունների ու հարանունների հետ։ Այդպիսին է «համա ձայն» բանաստեղծությունը.

մի – մեկ,
մի – միակ,
իմ սրտի,
իմ սրտի քաղաք,
մի՛,
մի՛ քաղաքականացրու,
<…>
մի՛,
մի՛ քաղաքականացրու,
մի՛, մի՛ քաղաքականացրու,
մի, մի,
միմիմի՜,
միմիմիմիմիմիմի՜։
(1, 61)

Երբեմն միքսելու հիմք է հանդիսանում դիջեյական մեկ այլ պայման, երբ մի նյութում առկա մի բաղադրիչ նույնությամբ կրկնվում է մեկ այլում։ Գասպարյանն այդ ժամանակ գործի է դնում քրոսֆեյդերը (crossfader)՝ մի նյութից մյուսն աննկատ թռչկոտելով։ Վառ օրինակ է «խենթ ես դու մի լուսե» բանաստեղծությունը, որտեղ միքսվում են Սերժ Սարգսյանի «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» (5) բլթոցը և Նիկոլ Գալանտերյանի ու Դևի հեղինակած «Դու նորից եկել ես» հայտնի երգի տողերը.

անես,
ի՞նչ անես,
որ ինչ անես,
խանգարում ես, որ ի՞նչ անես,
մեր տոնը խանգարում ես,
եկել ես, մեր տոնը խանգարում ես,
եկել ես, մեր տոնը խանգարում ես,
որ ի՞նչ անեմ,
դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
քեզ սիրե՞մ,
քեզ սիրե՞մ,
քեզ սիրե՞մ,
ի՞նչ անեմ,
դու նորից եկել ես,
մեր տոնը խանգարում ես,
ի՞նչ անեմ,
աչերս դեռ թաց են,
մինչ,
հիմա՛,
հիմա՛,
հիմա՛…
(1, 62)

«ապրելու հույսով» բանաստեղծությունում Դիջեյ Գեմաֆինը ձևափոխել և ռեմիքս է արել 2016 թ. ապրիլյան պատերազմի զոհերից մեկի թաղման արարողության ժամանակ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի արած հետևյալ արտահայտությունը. «Դուք տվեցիք մեզ դաստիարակված, ուժեղ, մարդկային բարձր որակներով օժտված զավակ, մենք ձեզ ենք վերադարձնում հերոս, ազգի՛ հերոս» (6).

դուք մեզ տվեցիք տղաներ,
մենք ձեզ հետ տվեցինք հերոսներ,
դուք մեզ տվեցիք,
մենք ձեզ հետ տվեցինք,
հետ տվեցինք,
մենք ձեզ հետ։
(1, 59)

Մի քանի անգամ կրկնվող «հետ տվեցինք» բառակապցությունից ՀՀ բանակը կամ այն ղեկավարող ՀՀ/Արցախի պաշտպանության նախարարությունները պատկերանում են իբրև մարդակեր էակներ, որոնք մարսողության հետ խնդիրներ ունեն։ Սակայն զարհուրելի է, որ իշխանության գլուխ նույն այս կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Շուշան Պետրոսյանը դեռ երկու տարի առաջ հորդորում էր նույն այդ զինվորներին հանկարծ չմոռանալ, որ «մեռնողը դավաճան է» իր կուսակիցների ծափահարությունների ներքո։

Գասպարյանն այդ զավեշտալի փաստի զարհուրելիությունը ընդգծում է «ապրելու հույսով» բանաստեղծության կողքին ներկայացնելով «լցոնում» կոչվող բանաստեղծությունը։ Այս մեկում ծաղրվում են ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի «Հայրենիք» երգի խոսքերը (7).

հայրենները ու տաղերը
որ հանես տաս մեզ,
ի՞նչ կմնա, արծվաբո՜ւյն երկիր
(1, 58)

Զվարճալի համընկնում է, որ 1922 թ. «Երեքի» դեկլարացիայում «մեր գրական թոքախտի մանրէ» «Հայրենիք»-ի դեմ սկսված պայքարը դեռ շարունակվում է 95 տարի անց, սակայն այս անգամ թիրախը մեկ այլ «Հայրենիք» է՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ։

Այս նույն բանաստեղծությունում է միքսվում 2014 թ. ՀՀ խորհրդարանի ամբիոնից ՀՀ բանակի զինվորներին ուղղված նրա՝ «մեռնողը դավաճան է» կոչը (8)։ Այսպիսով՝ ՀՀ իշխանությունները մարտում զոհված զինվորի մոր երեսին ասում են, որ հերոս է որդին, իսկ մեջքի հետևում՝ դավաճանի խարանը դաջում բուռն ծափահարությունների ներքո։

Միևնույն ժամանակ «լցոնում» վերնագիրը «մեռնողը դավաճան» է արտահայտության այլընտրանքային մեկնաբանություն է հուշում։ Հայաստանում ընտրախախտման այս տարածված եղանակը ենթադրում է քվեարկում մեկից ավել քաղաքացիների՝ ներառյալ մահացածների անունից։ Իսկ զավեշտը ընտրակեղծարարության մեջ ոչ թե իշխանություններին, այլ (վերջինիս դեմ պայքարելու անզորությունից թերևս) մահացածներին մեղադրելու մեջ է, քանի որ իրենց մահով դավաճանում են պետությանն ու ժողովրդին՝ ապահովելով ներկա իշխանությունների անվերջ վերարտադրումը։

«ՍԹԳԱԲ» բաժնում մեմային ռեմիքսների շարքում աչք է զարնում «նուրբ երշիկ» բանաստեղծությունը, որտեղ արդեն ոչ թե մեմերն են միքսվում, այլ չարենցյան հայտնի տողերը «Անքնություն» և «Տրիոլետ ինտիմ» բանաստեղծություններից, որոնք հարանունային եղանակով սահուն միքսվում են «Ելի՛ր Դաշնակ Դրո» երգի հայրենասիրական տողերի հետ.

հիմա ամեն ինչ անիմաստ է,
չշիկնել,
չշիկնել,
չշիկնել,
ել,
ել, ել,
ելիր դաշնակ Դրո,
ձայնիդու՜ժըբեր,
հիմա ամեն ինչ անիմաստ է,
հեյ,
հեյ, հեյ,
հեյ, հեյ, հեյ:
(1, 64)

Գասպարյանը հաճախ է կիրառում Ուիթմենի պոեզիային բնորոշ հանրահայտ թվարկումային պատումը (enumerations, catalogs, lists)։ Եվ այդ հնարը ցայտունս երևան է գալիս «երևանյան» բանաստեղծությունում: Վերջիս, սակայն, ուիթմենյան եռման խոսքին հակադրում է հուզականորեն միանգամայն գոլ, չեզոք լեզու։ Գասպարյանի այս բանաստեղծությունում թվարկվում են հարազատ քաղաքի հետ հեղինակին կապող բազմաթիվ հանապազօրյա քիչ թե շատ աննշան ծեսեր, հիշողություններ և այլն։ Չնայած լեզվի չեզոքությանը՝ անթաքույց է հեղինակի սերն առ հայրենի քաղաքը։ Եվ այդ չեզոքությունը սկսում է ճաքեր տալ վերջին տողերում, որտեղ շոշափվում է Երևանի և, ընդհանրապես, Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արտագաղթը.

Բագրատը, Մոսկովը, Սարոն, Արամը, Լյովը, Հակոբը, Գարոն 
էլ այստեղ չեն,
Դինջն ու Մարգարը սպասում են վիզաների։
(1, 66)

«Երեւանյան»-ի խիստ չեզոք լեզվի քողի տակից լսվում են խուլ ոռնոցի ինտերտեքստային ելևէջներ գինզբերգյան պաստիշի շնորհիվ։ Եթե զուգահեռներ կարելի է տանել Գասպարյանի «հայաստան»-ի ու Գինզբերգի «Ամերիկա»-յի միջև, ապա «երևանյան» բանաստեղծության առնվազն առաջին տունը ամենահայտնի բիթնիկի ամենահայտնի երկի՝ «Ոռնոց»-ի պաստիշ է՝ քերականորեն, շարադասորեն և բառամթերքով։ Գլխավոր ազդանշանն, անշուշտ, «Ոռնոց»-ի «ես տեսա/տեսել եմ» հանրահայտ սկիզբն է, որով սկսվում է նաև «երեւանյան»-ը.

ես տեսել եմ բոլոր փողոցների հետագծերը,
շինությունների առավոտյան ցերեկային և գիշերային
կիսադեմերը, ծուկերը ու հղանցքները,
մարդկանց դեմքերը՝ մռայլ, խոժոռ, կոպիտ,
վառվռուն, մտածկոտ, փայլող,
բայց ոչ երբեք հանգիստ։
(1, 65)

Տեսա իմ սերնդի լավագույն ուղեղներին գժությունից ավիրված, սոված հիստերիկ ու մերկ,
որ լուսաբացին քարշ էին տալիս իրենց սեւական փողոցներով գժված կայֆի հետեւից,
հրաշագլուխ հիփսթերներ որ վառվում էին հինավուրց մի հաղորդակցության համար երկնքի աստղային մեխանիզմի հետ գիշերվա հաստոցի մեջ,
ով աղքատ ու քուրջ դատարկաչք դոզված նստում էր պաղջուր բնակարանի գերբնական մութի մեջ որ քաղաքների գլխին լողալով վայելում էր ջազ
(9)

(I saw the best minds of my generation destroyed by madness, starving
hysterical naked,

dragging themselves through the negro streets at dawn looking for an angry
fix,

angelheaded hipsters burning for the ancient heavenly connection to the starry dynamo in           the machinery of night,

who poverty and tatters and hollow-eyed and high sat up smoking in the supernatural darkness of cold-water flats floating across the tops of cities contemplating jazz (10))

Երկուսի տեսածն էլ մարդն է. Գինզբերգի մոտ սինեկդոխի միջոցով է վկայակոչվում (ուղեղներ), Գասպարյանի մոտ` քաղաքի անտրոպոմորֆացմամբ (շինությունների կիսադեմերը):

«Չկա՝ չկա» փոքրածավալ ժողովածուն լի է հետաքրքիր երկերով, որոնք արժանի են մեծածավալ քննարկումների և վերլուծությունների։ Չնայած զավեշտի, ծաղրի ու հումորի ամենուրեքությանը, նրա գրեթե բոլոր երկերում առկա է այժմեական սոցիալական, քաղաքական իրադարձությունների նկատմամբ խոր մտահոգվածությունն ու ակտիվ ընդգրկվածությունը։ Ակնկալելի է, որ Գասպարյանի գրական հավատամքը համահունչ է Նեկրասովի հերոսներից մեկի այս հայտնի ձևակերպմանը. «Բանաստեղծ կարող ես և չլինել, բայց քաղաքացի լինել պարտավոր ես»։ Ինչպես հայտնի դեկլարացիան հրապարակած «Երեքը»՝ Գասպարյանը ևս զգում է «երակների մեջ բազմահազար ամբոխների հույզը» և կարողանում դրանից պոեզիա թորել։

3


Ծանոթագրություններ

  1. Գասպարյան, Գեմաֆին, Չկա` չկա, Երեւան, Ակտուալ արվեստ, 2017
  2. «Դեկլարացիա երեքի» տեքստը Դավիթ Գասպարյանի հոդվածում` http://andin.am/2016/04/22/դեկլարացիա-երեքի/ (մատչումը` 01.12.2017)
  3. «Something Wonderful May Happen: New York School Poets and Beyond» վավերագրական ֆիլմի 3:47-ից https://www.youtube.com/watch?v=IwfVKZ6jhSg (մատչումը` 01.12.2017)
  4. America by Allen Ginsberg https://www.poetryfoundation.org/poems/49305/america-56d22b41f119f (մատչումը` 01.12.2017)
  5. Սերժ Սարգսյանի պատասխանն է իր ծայրահեղ աղքատությունից բողոքող կնոջը 2013 թ. Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եռաբլուր պանթեոն այցելության ժամանակ: «Կինը “բարկացրել է” Սերժ Սարգսյանին» տեսանյութը` https://www.youtube.com/watch?v=39VVDoqAtgo (մատչումը` 01.12.2017)
  6. Մորը սփոփում են հուղարկավորության ժամանակ. «Դուք տվեցիք մեզ ուժեղ զավակ, մենք ձեզ ենք վերադարձնում հերոս», «Առավոտ» օրաթերթ http://www.aravot.am/2016/04/13/679442/ (մատչումը` 01.12.2017)
  7. Շուշան Պետրոսյանի «Հայրենիք» երգը` https://www.youtube.com/watch?v=2AU1Xey3xFQ (մատչումը` 01.12.2017)
  8. Շուշան Պետրոսյանի «Տղերք, ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ» վերնագրված ելույթի տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=Kwd-PRhtpXU (մատչումը` 01.12.2017): Այդպես էին ժամանակին միմյանց զգոնության կոչ անում ֆիդայիներն ու ազատամարտիկները:
  9. Ալեն Գինսբերգ, «Ոռնոց», թարգմ.` Աննա Դավթյանի http://inknagir.org/?p=6135 (մատչումը` 01.12.2017)
  10. Howl by Allen Ginsberg at https://www.poetryfoundation.org/poems/49303/howl (մատչումը` 01.12.2017)
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.